ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 օգոստոսի 2007 թվականի N 1045-Ն
ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐՈՒՄ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏ ՉԿԱՊՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «է4» կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 29.02.24 N 294-Ն)
1. Սահմանել պետական անտառային հողերում անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման հետ չկապված աշխատանքների իրականացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐՈՒՄ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏ ՉԿԱՊՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է պետական անտառային հողերում անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման հետ չկապված շինարարական ու պայթեցման աշխատանքների, օգտակար հանածոների արդյունահանման, մալուխների, խողովակաշարերի և այլ հաղորդակցուղիների անցկացման, հորատման և այլ աշխատանքների (այսուհետ` աշխատանքներ) իրականացման կարգը:
2. Պետական անտառային հողերում աշխատանքներ իրականացնելու նպատակով իրավաբանական և ֆիզիկական անձինք (այսուհետ` դիմումատու) դիմում են ներկայացնում լիազորված պետական մարմին:
3. Դիմումատուն դիմումին կից պետք է ներկայացնի աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ, լիազորված պետական մարմնի հետ նախապես համաձայնեցված առաջադրանքի հիման վրա մշակված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում ու կարգով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման պետական փորձաքննական դրական եզրակացություն ստացած նախագծի պատճենը (այսուհետ` փաստաթղթերի փաթեթ):
(3-րդ կետը լրաց., փոփ. 29.02.24 N 294-Ն)
4. Լիազորված պետական մարմինը դիմումը և դիմումին կից ներկայացված փաստաթղթերի փաթեթն ստանալուց հետո, անտառաշինական նախագծերի (անտառակառավարման պլանների) հիման վրա, տասն աշխատանքային օրվա ընթացքում` անտառային տնտեսություն վարող կազմակերպության հետ համատեղ քննարկում և դիմումատուին գրավոր տեղեկացնում է`
1) աշխատանքների իրականացման համաձայնություն տրամադրելու,
2) աշխատանքների իրականացումը մերժելու մասին:
5. Դիմումը և փաստաթղթերի փաթեթը երեք աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվում են դիմումատուին, եթե`
1) փաստաթղթերի փաթեթն ամբողջական չէ.
2) առկա են աշխատանքների իրականացման վայրին վերաբերող անհամապատասխանություններ:
6. Դիմումատուն նշված թերությունները եռօրյա ժամկետում վերացնելուց հետո կարող է կրկին դիմել լիազորված պետական մարմին` ներկայացնելով նոր դիմում և համալրված փաստաթղթերի փաթեթը:
7. Աշխատանքների իրականացումը մերժվում է, եթե`
1) դիմումում նշված աշխատանքների իրականացումը հակասում է անտառաշինական նախագծերով (անտառակառավարման պլաններով) նախատեսված միջոցառումներին կամ անտառաշինական նախագծերի (անտառակառավարման պլանների) բացակայության կամ ժամկետանց լինելու դեպքում անհամատեղելի է անտառների արտադրողականության բարձրացմանը, անտառավերականգնմանը, անտառապատմանը և խնամքին ուղղված նպատակային ծրագրերի, անտառների բնապահպանական, սոցիալական և տնտեսական ներուժի պահպանության, զարգացման և հավասարակշռման ուղղությամբ ծրագրերի, անտառային պաշարների արդյունավետ օգտագործման ծրագրերի, անտառային ոլորտում գործարար և ներդրումային միջավայրի բարելավման, զարգացման, սոցիալ-տնտեսական, այդ թվում՝ պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում, ներդրումային ծրագրերի իրականացման հետ,
2) դիմումատուն սույն կարգի 6-րդ կետով սահմանված ժամկետներում փաստաթղթերի փաթեթը չի ներկայացնում:
(7-րդ կետը խմբ. 29.02.24 N 294-Ն)
8. Աշխատանքների իրականացման համաձայնության առկայության դեպքում լիազորված պետական մարմնի և դիմումատուի միջև երեք աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է անտառային հողերի օգտագործման մասին պայմանագիր` նախատեսելով այդ աշխատանքների իրականացման հետևանքով անտառային տնտեսությանը հասցված վնասի հատուցման վերաբերյալ դրույթներ:
8.1. Սույն կարգի 8-րդ կետով նախատեսված պայմանագիրը կնքելուց հետո դիմումատուն երեք ամսվա ընթացքում լիազորված պետական մարմնի համաձայնեցմանն է ներկայացնում անտառային տնտեսությանը հասցվող վնասի հատուցման վերաբերյալ ծրագիր (այսուհետ` ծրագիր), որը ներառում է օգտագործման տրամադրվող անտառային տարածքի առնվազն կրկնապատիկի չափով անտառապատման աշխատանքների իրականացման նախագիծը և անտառապատման ժամանակացույցը:
(8.1-ին կետը լրաց. 14.11.13 N 1347-Ն)
8.2. Ծրագիրն իրականացվում է դիմումատուի ֆինանսական միջոցների հաշվին: Ծրագրի իրականացման ավարտ է համարվում անտառապատման ընթացքում հիմնադրված անտառտնկարկները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անտառի շարք փոխադրելու օրը: Ծրագրով նախատեսված աշխատանքները պատշաճ չիրականացնելը, ինչպես նաև պայմանագրի պահանջներն ու պայմանները չպահպանելը հիմք են հանդիսանում անտառօգտագործողից պահանջելու դադարեցնել աշխատանքները, հատուցել և վերականգնել անտառօգտագործման հետևանքով անտառներին և անտառային հողերին պատճառված վնասը: Սույն կետի դրույթները պարտադիր ներառվում են պայմանագրում:
(8.2-րդ կետը լրաց. 14.11.13 N 1347-Ն)
9. Աշխատանքների ավարտից հետո անտառային հողերի ռեկուլտիվացիան իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 14-ի N 1643-Ն որոշման դրույթներին համապատասխան:
(9-րդ կետը խմբ. 09.04.20 N 534-Ն)
10. Սույն կարգի 8-րդ կետի համաձայն անտառային հողերի օգտագործման մասին կնքվող պայմանագրի ժամկետը սահմանվում է կողմերի համաձայնությամբ, բայց ոչ ավելի, քան Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 50-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը:
(10-րդ կետը լրաց. 14.11.13 N 1347-Ն)
(հավելվածը լրաց. 14.11.13 N 1347-Ն, խմբ. 09.04.20 N 534-Ն, լրաց., փոփ., խմբ. 29.02.24 N 294-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |