Գլխավոր տեղեկություն
Համար
N 293-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.03.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.02.19-2024.03.03 Պաշտոնական հրապարակման օրը 29.02.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.02.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.02.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 փետրվարի 2024 թվականի N 293-Ն

 

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻՆ ԻՐ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻՑ ԱՅԼ ՎԱՅՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԴՐԵԼԻՍ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ, ԻՍԿ ԴՐԱ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28.1-ին հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել հարկադիր կատարողին իր մշտական բնակության վայրից այլ վայր ծառայության փոխադրելիս բնակելի տարածությամբ ապահովելու, իսկ դրա անհնարինության դեպքում դրամական փոխհատուցում տրամադրելու կարգը և փոխհատուցման չափը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

29.02.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

փետրվարի 29-ի N 293-Ն որոշման

 

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻՆ ԻՐ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻՑ ԱՅԼ ՎԱՅՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԴՐԵԼԻՍ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ, ԻՍԿ ԴՐԱ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28.1-ին հոդվածով սահմանված հարկադիր կատարողին իր մշտական բնակության վայրից այլ ծառայության վայր ծառայության փոխադրելու դեպքում բնակելի տարածությամբ ապահովելու, իսկ դրա անհնարինության դեպքում՝ բնակելի տարածության վարձակալման հետ կապված ծախսերի փոխհատուցման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգը տարածվում է հարկադիր կատարման ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող անձանց և նրանց ընտանիքի անդամների նկատմամբ (այսուհետ՝ շահառու)։

3. Հարկադիր կատարողին իր մշտական բնակության վայրից այլ ծառայության վայր ծառայության փոխադրելիս բնակարանային ֆոնդի առկայության և շահառուի ծառայության վայրի վարչական տարածքի (համայնքի) ու շահառուի մշտական (փաստացի) բնակության հաշվառման և (կամ) սեփականության իրավունքով բնակելի տարածության գտնվելու վայրի վարչական տարածքի (համայնքի) միջև հեռավորությունն առնվազն 60 կիլոմետր կազմելու դեպքում շահառուին տրամադրվում է ծառայողական բնակարան այն վայրում, որտեղ վերջինս փոխադրվել է։ Անհրաժեշտության ծագման պահին բնակարանային ֆոնդում շահառուների թվին համապատասխան ծառայողական բնակարանների քանակի անբավարարության դեպքում շահառուներին ծառայողական բնակարան տրամադրվում է վիճակահանության արդյունքներով։ Վիճակահանությունը կազմակերպվում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի կառավարման գործառույթն իրականացնող ստորաբաժանման կողմից հետևյալ կերպ. թեկնածուների թվին հավասար թվով իրարից չտարբերվող թերթիկներից մեկի վրա նշվում են «Ընտրվել է» բառերը, բոլոր թերթիկները ծալվում այնպես, որ միմյանցից չտարբերվեն և տեղավորվում վիճակահանության արկղի մեջ: Թեկնածուներն իրենց ազգանունների այբբենական հերթականությամբ վիճակահանության արկղից հանում են մեկական թերթիկ, ընտրված է համարվում այն թեկնածուն, որին վիճակահանությամբ բաժին է ընկել «Ընտրվել է» բառերը պարունակող թերթիկը:

4. Բնակարանի հատկացումն իրականացվում է Ծառայության գլխավոր քարտուղարի և շահառուի միջև անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքման միջոցով՝ պայմանագրի նոտարական կարգով հաստատման և գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացնելով Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցների հաշվին։

5. Հատկացված ծառայողական բնակարանի նկատմամբ հարկադիր կատարողի անհատույց օգտագործման իրավունքը դադարում է սույն կարգի 16-րդ կետով սահմանված հիմքերով։

6. Սույն կարգով սահմանված շահառուների ընտանիքի անդամներ են համարվում՝

1) ամուսինը (կինը) և 18 տարին չլրացած երեխաները.

2) համատեղ բնակվող` անգործունակ ճանաչված կամ մինչև 26 տարեկան ուսանող զավակները, ինչպես նաև համատեղ բնակվող` 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող զավակները, եթե հաշմանդամություն ունեցող են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը:

7. Սույն կարգի համաձայն ամսական դրամական փոխհատուցում ստանալու իրավունք ունի այն շահառուն, ում ծառայության վայրում չեն ապահովել ծառայողական բնակելի տարածությամբ, և ծառայության վայրի վարչական տարածքի (համայնքի) ու շահառուի մշտական (փաստացի) բնակության հաշվառման կամ սեփականության իրավունքով բնակելի տարածության գտնվելու վայրի վարչական տարածքի (համայնքի) միջև հեռավորությունը կազմում է առնվազն 60 կիլոմետր: Շահառուի ծառայության և մշտական բնակության հաշվառման կամ սեփականության իրավունքով բնակելի տարածության վայրը բազմաբնակավայր համայնքում գտնվելու դեպքում սույն կետում նշված հեռավորությունը հաշվարկվում է` հիմք ընդունելով շահառուի ծառայության և մշտական բնակության հաշվառման կամ սեփականության իրավունքով բնակելի տարածության բնակավայրի միջև եղած հեռավորությունը: Սույն կետի կիրառման նպատակով հիմք է ընդունվում իրավասու պետական մարմնի կողմից հրապարակված կամ համապատասխան պետական մարմնի գրավոր հարցմանն ի պատասխան տրամադրված` Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների (համայնքների), իսկ բազմաբնակավայր համայնքի դեպքում` բնակավայրերի միջև հեռավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը:

8. Ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում շահառուներին բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցումը վճարվում է փաստացի վարձավճարի գումարի չափով, բայց ոչ ավելի, քան ամսական՝

 

Բնակավայրը

Ընտանիքի անդամների թիվը

մինչև 4 անդամ

4 և ավելի անդամ

Երևան քաղաքում

45,000 (դրամ)

68,000 (դրամ)

Այլ քաղաքներում

24,000 (դրամ)

36,000 (դրամ)

Այլ բնակավայրերում

15,000 (դրամ)

22,000 (դրամ)

 

9. Սույն կարգի համաձայն՝ ամսական դրամական փոխհատուցում ստանալու իրավունքից չի օգտվում ծառայության վայրում ծառայողական բնակելի տարածությամբ չապահովված այն շահառուն`

1) ով ծառայության վայրի վարչական տարածքից (համայնքից), իսկ բազմաբնակավայր համայնքի դեպքում` տվյալ բնակավայրից մինչև 60 կիլոմետր հեռավորությամբ ունի մշտական (փաստացի) բնակության հաշվառում (բացառությամբ վարձակալված բնակելի տարածքում հաշվառման) կամ միանձնյա կամ բաժնային կամ համատեղ սեփականության իրավունքով բնակելի տարածություն.

2) ով սույն կետի 1-ին ենթակետի շրջանակներում ծառայության ընթացքում փոխել է մշտական (փաստացի) բնակության հաշվառման վայրը կամ օտարել է միանձնյա կամ բաժնային կամ համատեղ սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի տարածությունը.

3) ում ընտանիքի անդամը շահառուի ծառայության վայրի վարչական տարածքից (համայնքից), իսկ բազմաբնակավայր համայնքի դեպքում` տվյալ բնակավայրից մինչև 60 կիլոմետր հեռավորությամբ ունի միանձնյա սեփականության իրավունքով բնակելի տարածություն:

10. Ամսական դրամական փոխհատուցում ստանալու նպատակով շահառուն ներկայացնում է զեկուցագիր` ուղղված գլխավոր հարկադիր կատարողին, որին կցվում են հետևյալ փաստաթղթերը`

1) շահառուի և օրենքով սահմանված նրա ընտանիքի անդամների վավեր անձնագրերի պատճենները` հաշվառման էջով, ամուսնության վկայականի և անչափահաս անձանց ծննդյան վկայականների պատճենները, իսկ անձնագրի փոխարեն նույնականացման քարտ ներկայացվելու դեպքում` բնակչության պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանման կողմից տրված տեղեկանք անձի հաշվառման մասին.

2) սույն կարգի 6-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված ընտանիքի անդամներ ունենալու դեպքում՝ համապատասխանաբար ուսումնառությունը կամ անգործունակությունը կամ հաշմանդամությունը հաստատող փաստաթղթի պատճենը.

3) Կադաստրի կոմիտեի ցանկացած սպասարկման գրասենյակի կողմից տրված տեղեկանք` Հայաստանի Հանրապետության տարածքում շահառուի և օրենքով սահմանված նրա ընտանիքի անդամների կողմից սեփականության իրավունքով բնակելի տարածություն ունենալու կամ չունենալու՝ ներառյալ սույն կարգի 9-րդ կետի 2-րդ ենթակետում նշված օտարման հանգամանքի առկայության կամ բացակայության մասին: Սույն ենթակետով նախատեսված տեղեկանքը հիմք է ընդունվում ոչ ավելի, քան 15 աշխատանքային օր վաղեմության ժամկետ ունենալու դեպքում.

4) օրենքով սահմանված կարգով կնքված վարձակալության պայմանագրի և իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը։

11. Շահառուին ամսական դրամական փոխհատուցումը հաշվարկվում է շահառուի դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն մուտքագրվելու օրվան հաջորդող ամսվա 1-ից սկսած և վճարվում է անկանխիկ եղանակով՝ գլխավոր հարկադիր կատարողի անհատական իրավական ակտի հիման վրա:

12. Շահառուին վճարվող ամսական դրամական փոխհատուցման չափը կարող է փոփոխվել շահառուի դիմումի հիման վրա` շահառուի ընտանիքի անդամների թիվն ավելանալու կամ նվազելու կամ սույն կարգի 6-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված համապատասխան հանգամանքը վերանալու, ինչպես նաև անշարժ գույքի վարձակալության մասին պայմանագրով վարձավճարի՝ փոխհատուցման առավելագույն չափի սահմաններում կատարված փոփոխման դեպքում: Շահառուն պարտավոր է անձնակազմի կառավարման գործառույթն իրականացնող ստորաբաժանում ներկայացնել տեղեկատվություն ընտանիքի անդամների թվի և անշարժ գույքի վարձակալության մասին պայմանագրով վարձավճարի՝ փոխհատուցման առավելագույն չափի սահմաններում կատարված փոփոխության վերաբերյալ: Փոխհատուցման չափի նվազեցման հանգեցնող փոփոխության օրվանից մինչև դրա վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի դառնալու օրը շահառուին վճարված ամսական դրամական փոխհատուցման գումարները ենթակա են վերադարձման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

13. Ամսական դրամական փոխհատուցում ստացող շահառուին Ծառայության կառուցվածքային ստորաբաժանման վարչական տարածքից մեկ այլ վարչական տարածքում գտնվող ստորաբաժանում փոխադրելու դեպքում ամսական դրամական փոխհատուցման վճարումը շարունակվում է գլխավոր հարկադիր կատարողի անհատական իրավական ակտով՝ փոխադրվող անձի զեկուցագրի հիման վրա, եթե բավարարում են սույն կարգով սահմանված պայմանները։

14. Շահառուին իր մշտական բնակության վայրից այլ աշխատանքի վայր տեղափոխման դեպքում նախկին վայրում ծառայողական բնակելի տարածքն ազատվում է նոր նշանակումից հետո 15 օրվա ընթացքում, իսկ վարձակալված բնակելի տարածքի համար դրամական փոխհատուցումը կարող է շարունակվել առավելագույնը 15 օր` մինչև նրա ընտանիքի անդամների տեղափոխվելը նոր բնակավայր:

15. Ամսական դրամական փոխհատուցում ստացող շահառուն պարտավոր է յուրաքանչյուր տարվա մինչև մարտի 1-ն անձնակազմի կառավարման գործառույթն իրականացնող ստորաբաժանում ներկայացնել սույն կարգի 10-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված տեղեկանքը: Սույն կետում նշված ժամկետում տեղեկանք չներկայացվելու կամ ներկայացված տեղեկանքի համաձայն սույն կարգի 9-րդ կետի 1-ին կամ 3-րդ ենթակետերում սահմանված պայմանների առկայության դեպքերում ամսական դրամական փոխհատուցման վճարումը դադարեցվում է, ինչպես նաև սույն կարգի 9-րդ կետի 1-ին կամ 3-րդ ենթակետերով նախատեսված հանգամանքների առկայության դեպքում այդ հանգամանքների ծագման օրվանից մինչև սույն կարգի 10-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված տեղեկանքը ներկայացնելու օրը շահառուին վճարված ամսական դրամական փոխհատուցման գումարները ենթակա են վերադարձման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի պահանջներին համապատասխան: Սույն կետի համաձայն ամսական դրամական փոխհատուցման վճարումը դադարեցնելու և վերադարձման ենթակա ընդհանուր գումարի չափի վերաբերյալ գրավոր ծանուցվում է շահառուին, ինչպես նաև առաջարկվում է մեկամսյա ժամկետում` միանվագ, կամ շահառուի ցանկությամբ` 12 ամիսը չգերազանցող ժամանակացույցով, մասերով վերադարձնել վճարված ամսական դրամական փոխհատուցման ընդհանուր գումարը, որից շահառուի հրաժարվելու դեպքում՝ այդ գումարի վերադարձն իրականացվում է դատական կարգով:

16. Ամսական դրամական փոխհատուցում ստանալու իրավունքը դադարեցվում է`

1) եթե շահառուն ծառայության վայրի վարչական տարածքից (համայնքից), իսկ բազմաբնակավայր համայնքի դեպքում` տվյալ բնակավայրից մինչև 60 կիլոմետր հեռավորությամբ ձեռք է բերել միանձնյա կամ բաժնային կամ համատեղ սեփականության իրավունքով բնակելի տարածություն կամ շահառուի ընտանիքի անդամը՝ միանձնյա սեփականության իրավունքով.

2) եթե շահառուին տրամադրվել է ծառայողական բնակարան.

3) Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից (hարկադիր կատարման ծառայությունում զբաղեցրած պաշտոնից) ազատվելու դեպքում։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

29.02.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 փետրվարի 2024 թվական: