Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1714
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.02.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.02.19-2024.03.03 Պաշտոնական հրապարակման օրը 14.02.2024
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
13.02.2024
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
13.02.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.02.2024

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

13 փետրվարի 2024 թ.

 

2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՍԵՅՍՄԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ (ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ)» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Հ. Թովմասյանի, Ե. Խունդկարյանի, Հ. Հովակիմյանի, Է. Շաթիրյանի, Ս. Սաֆարյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

Կառավարության ներկայացուցիչ՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վ. Տերտերյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2023 թվականի նոյեմբերի 27-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Կառավարությունն իր` 2024 թվականի հունվարի 18-ի N 65-Ա որոշմամբ հավանություն է տվել 2023 թվականի նոյեմբերի 27-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է այդ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան:

Գործի քննության առիթը Կառավարության՝ 2024 թվականի հունվարի 31-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։

Ուսումնասիրելով վերոնշյալ համաձայնագիրը, հետազոտելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը (այսուհետ` Վարկային համաձայնագիր) ստորագրվել է 2023 թվականի նոյեմբերի 27-ին՝ սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման նպատակով:

Ծրագիրն իրականացվելու է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության՝ որպես կատարող մարմնի, ինչպես նաև Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ)՝ որպես իրականացնող մարմնի կողմից:

Վարկային համաձայնագրով սահմանված կարգով և բովանդակությամբ փոփոխություններ են կատարվում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ)՝ 2022 թվականի հունվարի 1-ով թվագրված Ընթացիկ գործառնությունների մասով Վարկային կանոնակարգերում:

 

2. Վարկային համաձայնագիրն ունի 3 Ժամանակացույց՝ Ժամանակացույց 1. «Մարման ժամանակացույց», Ժամանակացույց 2. «Վարկային միջոցների հատկացում և առհանում», Ժամանակացույց 3. «Ծրագրի կատարում»:

ԱԶԲ-ն համաձայնում է ԱԶԲ-ի սովորական կապիտալ միջոցներից Հայաստանի Հանրապետությանը տրամադրել վաթսունվեց միլիոն հարյուր հազար եվրոյի (€66,100,000) չափով վարկ, ընդ որում, նշված գումարը կարող է ժամանակ առ ժամանակ փոխարկվել Արժույթի փոխարկման միջոցով՝ Վարկային համաձայնագրի 2.06 կետի դրույթներին համապատասխան: Վարկի փակման ամսաթիվն է 2027 թվականի սեպտեմբերի 30-ը կամ այնպիսի ամսաթիվ, որը ժամանակ առ ժամանակ կարող է համաձայնեցվել Հայաստանի Հանրապետության և ԱԶԲ-ի միջև:

Վարկն ունի մայր գումարի 7 տարի մարման ժամկետ և վարկի արտոնյալ ժամանակահատված, որը մայր գումարի առաջին մարման ամսաթվին՝ 2039 թվականի հունվարի 15-ին, նախորդող ժամանակահատվածն է:

 

3. Վարկային համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

3.1. սկսած 2039 թվականի հունվարի 15-ից մինչև 2045 թվականի հուլիսի 15-ը՝ կիսամյակային կտրվածքով՝ յուրաքանչյուր տարվա հունվարի 15-ին և հուլիսի 15-ին ԱԶԲ-ին վճարել տոկոսագումար վարկի՝ ժամանակ առ ժամանակ առհանված և դեռևս չվճարված մայր գումարի նկատմամբ՝ յուրաքանչյուր Տոկոսագումարի վճարման ժամանակահատվածի համար՝ Euribor/Եվրոպական միջբանկային առաջարկի տոկոսադրույքի, 0.60%-ի, ինչպես նախատեսվում է Վարկային կանոնակարգերի 3.02 կետով՝ հանած 0.10%, ինչպես նախատեսվում է Վարկային կանոնակարգերի 3.03 կետով, և մարման հավելավճարի (maturity premium) 0.30%-ի չափով, ինչպես նախատեսվում է Վարկային կանոնակարգերի 3.03 կետով (հոդված 2, կետեր 2.02, 2.04 և Ժամանակացույց 1, պարբերություն 1),

3.2. վճարել տարեկան 0.15%-ի չափով պարտավորավճար, որը հաշվեգրվում է վարկի ամբողջական գումարի նկատմամբ (հանած ժամանակ առ ժամանակ առհանվող գումարները)՝ սկսած Վարկային համաձայնագրի ամսաթվին հաջորդող 60-րդ օրվանից հետո (հոդված 2, կետ 2.03),

3.3. սկսած 2039 թվականի հունվարի 15-ից մինչև 2045 թվականի հունվարի 15-ը՝ կիսամյակային կտրվածքով՝ յուրաքանչյուր տարվա հունվարի 15-ին և հուլիսի 15-ին վերադարձնել Վարկային հաշվից առհանված Վարկի մայր գումարը՝ 7.142857 մասնաբաժնով, իսկ 2045 թվականի հուլիսի 15-ին 7.142859 մասնաբաժնով (հոդված 2, կետեր 2.04, 2.05 և Ժամանակացույց 1, պարբերություն 1),

3.4. Վարկային միջոցները տրամադրել Ծրագիրը կատարող մարմնին՝ ԱԶԲ-ի և Հայաստանի Հանրապետության համար փոխհամաձայնեցված պայմաններով, և ապահովել, որ Ծրագիրը կատարող մարմինն այդ միջոցներն օգտագործի Ծրագրի ծախսերի ֆինանսավորման նպատակով՝ Վարկային համաձայնագրում սահմանված դրույթներին համապատասխան (հոդված 3, կետ 3.01),

3.5. Ծրագիրն իրականացնելիս կատարել Վարկային համաձայնագրի Ժամանակացույց 3-ում նախատեսված բոլոր պարտավորությունները կամ ապահովել դրանց կատարումը (հոդված 4, կետ 4.01),

3.6. Ծրագրի հետ կապված վարել առանձին հաշիվներ և գրանցամատյաններ, Ծրագրի համար պատրաստել տարեկան ֆինանսական հաշվետվություններ՝ ԱԶԲ-ի համար ընդունելի ֆինանսական հաշվետվությունների ներկայացման ստանդարտներին համապատասխան, ապահովել այդ ֆինանսական հաշվետվությունների տարեկան աուդիտն անկախ աուդիտորների կողմից, որոնց որակավորումը, փորձը և նրանց ներկայացվող տեխնիկական առաջադրանքն ընդունելի են ԱԶԲ-ի համար՝ համաձայն ԱԶԲ-ի համար ընդունելի աուդիտի ստանդարտների, որպես յուրաքանչյուր այդպիսի աուդիտի մաս ապահովել աուդիտորների կողմից այնպիսի հաշվետվության ներկայացում, որը ներառում է ֆինանսական հաշվետվությունների և Վարկային միջոցների օգտագործման վերաբերյալ աուդիտորների եզրակացությունը (եզրակացությունները), ինչպես նաև կառավարման վերաբերյալ գրության ներկայացում (որտեղ նշվում են աուդիտի ընթացքում բացահայտված՝ Ծրագրի ներքին հսկողության մասով թերությունները, եթե այդպիսիք կան), և յուրաքանչյուր համապատասխան ֆինանսական տարվա ավարտից ոչ ուշ, քան 6 ամիս հետո ԱԶԲ-ին է տրամադրել աուդիտորական ուսումնասիրություն անցած ֆինանսական հաշվետվությունների, աուդիտի հաշվետվության և կառավարման վերաբերյալ գրության պատճենները՝ բոլորն անգլերեն, ինչպես նաև այդ փաստաթղթերին առնչվող և դրանց աուդիտի վերաբերյալ այլ տեղեկատվություն, որն ԱԶԲ-ն ժամանակ առ ժամանակ ողջամտորեն կպահանջի (հոդված 4, կետ 4.02, ենթակետ «ա»),

3.7. ի լրումն Վարկային համաձայնագրի 4-րդ հոդված 4.02 կետի «ա» ենթակետով նախատեսված աուդիտ անցած տարեկան ֆինանսական հաշվետվությունների՝ ապահովել, որ Ծրագիրը կատարող մարմինը՝ տրամադրի ԱԶԲ-ի համար ընդունելի ֆինանսական հաշվետվությունների ներկայացման ստանդարտներին համապատասխան պատրաստված իր տարեկան ֆինանսական հաշվետվությունները, ապահովի իր ֆինանսական հաշվետվությունների տարեկան աուդիտի իրականացումն անկախ աուդիտորների կողմից, որոնց որակավորումը, փորձը և նրանց ներկայացվող տեխնիկական առաջադրանքն ընդունելի են ԱԶԲ-ի համար՝ համաձայն ԱԶԲ-ի համար ընդունելի աուդիտի ստանդարտների, և համապատասխան մարմնի կողմից հաստատվելուց ոչ ուշ, քան 1 ամիս հետո և ոչ ուշ, քան յուրաքանչյուր ֆինանսական տարվա ավարտից 12 ամիս հետո, նայած որն է ավելի վաղ, ԱԶԲ-ին տրամադրի աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվությունների պատճենները անգլերենով և այդ փաստաթղթերին ու դրանց աուդիտին վերաբերող այնպիսի տեղեկատվություն, որը ԱԶԲ-ն ժամանակ առ ժամանակ ողջամտորեն կպահանջի (հոդված 4, կետ 4.02, ենթակետ «գ»),

3.8. ԱԶԲ-ի պահանջով ԱԶԲ-ի համար ապահովել Վարկային համաձայնագրի 4-րդ հոդվածի 4.02 կետի «ա»(iii) ենթակետի համաձայն նշանակված աուդիտորների հետ Ծրագրի ֆինանսական հաշվետվությունների և Հայաստանի Հանրապետության՝ Ծրագրին առնչվող ֆինանսական խնդիրների քննարկումը և թույլ տալ ու պահանջել տվյալ աուդիտորների ցանկացած ներկայացուցչի մասնակցությունը ԱԶԲ-ի կողմից նախաձեռնվող այդպիսի քննարկումներին (հոդված 4, կետ 4.02, ենթակետ «դ»),

3.9. որպես Վարկային կանոնակարգերի 7.01 և 7.04 կետերում նախատեսված տեղեկատվության և հաշվետվությունների մաս, ԱԶԲ-ին տրամադրել կամ ապահովել, որ տրամադրվեն՝ ա) կիսամյակային հաշվետվություններ՝ Ծրագրի իրականացման, այդ թվում՝ ՀԿՑ-ների (ՀԿՑ մատրիցայում սահմանված՝ յուրաքանչյուր հատկացման հետ կապակցված ցուցանիշ) իրագործման, Ծրագրի գործողությունների և Թույլատրելի ծախսերի կատարման վերաբերյալ, և բ) ըստ ԱԶԲ-ի ողջամիտ պահանջի՝ Վարկային համաձայնագրի 4-րդ հոդվածի 4.03 կետի «ա» ենթակետով նկարագրված հաշվետվությունների հետ կապված հավելյալ տեղեկատվություն և այլ տեղեկատվություն՝ Ծրագրի իրականացման վերաբերյալ (հոդված 4, կետ 4.03),

3.10. հնարավորություն տալ ԱԶԲ-ի ներկայացուցիչներին իրականացնել Ծրագրի և ցանկացած համապատասխան գրառման ու փաստաթղթերի ստուգումներ (հոդված 4, կետ 4.04),

3.11. իրականացման համաձայնագրին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության իրավունքներն իրացնել ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության և ԱԶԲ-ի շահերի, ինչպես նաև Վարկի նպատակներին համապատասխան (հոդված 4, կետ 4.05, ենթակետ «ա»),

3.12. Իրականացման համաձայնագրի համաձայն՝ որևէ իրավունք կամ պարտականություն չհանձնարարել, չփոփոխել, չվերացնել, կամ որևէ իրավունքից կամ պարտականությունից չհրաժարվել՝ առանց ԱԶԲ-ին նախապես ծանուցելու (հոդված 4, կետ 4.05, ենթակետ «բ»),

3.13. Մայր գումարի առաջին մարման ամսաթվի դրությամբ Վարկային միջոցներն ամբողջությամբ առհանված չլինելու դեպքում վերադարձնել այդ օրվա դրությամբ առհանված և չվճարված գումարը՝ Վարկային համաձայնագրի 1-ին Ժամանակացույցի 1-ին պարբերությունում նախատեսված կարգով (Ժամանակացույց 1, պարբերություն 2, կետ «ա»),

3.14. այն պարագայում, երբ Մայր գումարի առաջին մարման ամսաթվի դրությամբ Վարկային միջոցներն ամբողջությամբ առհանված չեն, ապա Մայր գումարի առաջին մարման ամսաթվից հետո կատարված ցանկացած առհանման դեպքում այդ գումարները վերադարձնել նման առհանման ամսաթվին հաջորդող՝ Մայր գումարի յուրաքանչյուր մարման ամսաթվին՝ ԱԶԲ-ի կողմից սահմանված գումարի չափով՝ յուրաքանչյուր այդպիսի առհանված գումարը բազմապատկելով կոտորակով, որի համարիչը Վարկային համաձայնագրի 1-ին ժամանակացույցի 1-ին պարբերության աղյուսակում սահմանված՝ Մայր գումարի տվյալ մարման ամսաթվի դրությամբ սկզբնական Վճարման մասնաբաժինն է (Սկզբնական վճարման մասնաբաժին), իսկ հայտարարը՝ այդ ամսաթվին կամ դրանից հետո ընկած ժամանակահատվածի համար Մայր գումարի մարման մնացած բոլոր Սկզբնական վճարման մասնաբաժինների ընդհանուր գումարը (Ժամանակացույց 1, պարբերություն 2, կետ «բ»),

3.15. Մայր գումարի ցանկացած մարման ամսաթվի դրությամբ վճարվելիք Մայր գումարները հաշվարկելու նպատակներով Մայր գումարի մարման որևէ ամսաթվին նախորդող երկու օրացուցային ամիսների ընթացքում կատարված առհանումները դիտարկել որպես առհանված և չվճարված՝ առհանման ամսաթվին հաջորդող Մայր գումարի երկրորդ մարման ամսաթվի դրությամբ, և վճարել առհանման ամսաթվին հաջորդող՝ Մայր գումարի երկրորդ մարման ամսաթվից սկսած՝ Մայր գումարի մարման յուրաքանչյուր ամսաթվին (Ժամանակացույց 1, պարբերություն 3),

3.16. Վարկային հաշվից առհանում կատարելու վերաբերյալ առաջին դիմումը ԱԶԲ-ին ներկայացնելուց առաջ Ծրագիրը կատարող մարմնի անունով Ծրագրի համար պետական գանձապետարանում բացել հաշիվ («Դեպոզիտային հաշիվ»), որին պետք է փոխանցվի Ծրագրի գումարը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում առկա Հայաստանի Հանրապետության միասնական գանձապետական հաշվի միջոցով (որի մանրամասները պատշաճ կարգով տեղեկացնել ԱԶԲ-ին՝ առհանման հայտում), ինչպես նաև տարընթերցումներից խուսափելու նպատակով, Վարկային հաշվից ցանկացած առհանում կատարել Դեպոզիտային հաշվի միջոցով և Դեպոզիտային հաշիվը կառավարել և փակել ԱԶԲ-ի համար ընդունելի համարվող պայմաններին համապատասխան (Ժամանակացույց 2, պարբերություն 2),

3.17. Դեպոզիտային հաշվի հետ կապված վարել առանձին գրանցումներ՝ ԱԶԲ-ի համար ընդունելի հաշվապահական սկզբունքներին համապատասխան, ինչպես նաև ԱԶԲ-ի պահանջով կազմակերպել Դեպոզիտային հաշվի ֆինանսական հաշվետվությունների աուդիտ անկախ աուդիտորների կողմից, որոնց որակավորումը, փորձը և նրանց ներկայացվող տեխնիկական առաջադրանքն ընդունելի են ԱԶԲ-ի համար, համապատասխանում են աուդիտի միջազգային ստանդարտներին կամ ԱԶԲ-ի համար ընդունելի՝ դրանց ազգային համարժեքին և դրանք կազմելուց անմիջապես հետո, սակայն ամեն դեպքում ոչ ուշ, քան այդ մասին ԱԶԲ-ի կողմից պահանջ ներկայացնելուց 6 ամիս հետո, աուդիտորական ստուգում անցած ֆինանսական հաշվետվությունների պատճենները և ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորների եզրակացությունը տրամադրել ԱԶԲ-ին անգլերենով (Ժամանակացույց 2, պարբերություն 3),

3.18. չներկայացնել Վարկային հաշվից առհանման մեկից ավելի դիմում Ֆինանսական տարվա յուրաքանչյուր եռամսյակում, եթե ԱԶԲ-ի հետ այլ համաձայնություն չի ձեռք բերվում (Ժամանակացույց 2, պարբերություն 5),

3.19. Նախքան Վարկային հաշվից ՀԿՑ-ի հետ կապված առհանման դիմում ներկայացնելը ԱԶԲ-ին ներկայացնել բավարար ապացույցներ ՀԿՑ Հավաստման արձանագրությանը համապատասխան, որոնք ցույց են տալիս, որ՝ ա) ամբողջությամբ բավարարվել է տվյալ ՀԿՑ-ն, կամ բ) այն ՀԿՑ-ն, որի մասով թույլատրվում է մասնակի հատկացում (ինչպես նշված է ՀԿՑ մատրիցայում), բավարարվել է մասնակի հատկացման համար պահանջվող չափով՝ ՀԿՑ Հավաստման արձանագրությանը համապատասխան (Ժամանակացույց 2, պարբերություն 6),

3.20. եթե որևէ ՀԿՑ չի բավարարվել նախքան Ծրագրի ավարտի ամսաթիվը, ապա Ծրագրի ավարտի ամսաթվից հետո 6 ամսվա ընթացքում ԱԶԲ-ին վերադարձնել տվյալ ՀԿՑ-ի մասով ֆինանսավորման չվճարված կանխավճարային գումարը կամ դրա մի մասը (Ժամանակացույց 2, պարբերություն 9),

3.21. եթե ընդհանուր Թույլատրելի ծախսերի գումարն ավելի քիչ է, քան Հայաստանի Հանրապետության կողմից առհանված Վարկային գումարը, ապա ԱԶԲ-ին վերադարձնել պակասող գումարի չափով գումար Ծրագրի ավարտի օրվանից 6 ամսվա ընթացքում (Ժամանակացույց 2, պարբերություն 10),

3.22. Ծրագիրը կատարող մարմնի հետ ապահովել, որ Ծրագիրն իրականացվի ԾԻՓ-ում (ծրագրի իրականացման փաստաթուղթ) սահմանված մանրամասն մեխանիզմների համաձայն (Ժամանակացույց 3, պարբերություն 1),

3.23. ապահովել, որ Ծրագրի շրջանակներում Թույլատրելի ծախսերի ընդհանուր գումարը հավասար լինի Հայաստանի Հանրապետության կողմից Ծրագրի համար առհանված Վարկային միջոցներին կամ գերազանցի դրանք (Ժամանակացույց 3, պարբերություն 2),

3.24. ապահովել կամ այնպես անել, որ Ծրագիրը կատարող մարմինն ապահովի, որ ծրագրի իրականացման կամ ֆինանսական միջոցների օգտագործմանն առնչվող շահակիրների բողոքները, այդպիսիք լինելու դեպքում, արդյունավետորեն հասցեագրվեն (Ժամանակացույց 3, պարբերություն 3),

3.25. ապահովել, որ Ծրագիրը կատարող մարմինն իր մասով կատարի Վարկային համաձայնագրում ներառված բոլոր պահանջները և պարտավորությունները' Ծրագրի նպատակները ժամանակին և արդյունավետորեն իրագործելու համար (Ժամանակացույց 3, պարբերություն 4),

3.26. ապահովել, որ Ծրագրի շրջանակում ձեռք բերված ՀԿՑ-ները շարունակեն պահպանվել ԴԱՎԾ-ի (Դպրոցների ամրացման և վերանորոգման ծրագիր) տևողության ընթացքում (Ժամանակացույց 3, պարբերություն 5),

3.27. տեղեկացնել ԱԶԲ-ին օգնություն տրամադրող բազմակողմ և երկկողմ այլ կազմակերպությունների հետ այնպիսի քննարկումների մասին, որոնք կարող են հետևանքներ ունենալ ԴԱՎԾ-ի և Ծրագրի իրականացման համար, և ԱԶԲ-ին ընձեռել ստացվող առաջարկների մասով դիտողություններ ներկայացնելու հնարավորություն, ինչպես նաև պատշաճորեն հաշվի առնել ԱԶԲ-ի տեսակետները' նախքան նման առաջարկը վերջնականացնելը և իրականացնելը (Ժամանակացույց 3, պարբերություն 6),

3.28. Ծրագիրը կատարող մարմնի հետ միասին ապահովել, որ բոլոր քաղաքականությունները, գործընթացները և ընթացակարգերը լինեն գործուն՝ Ծրագրի մասով պատշաճ և ժամանակին բյուջետային հատկացումները հասանելի դարձնելու համար՝ Ծրագրի ռեսուրսային պահանջներին համապատասխան (Ժամանակացույց 3, պարբերություն 7),

3.29. Ծրագիրը կատարող մարմնի հետ միասին ապահովել դպրոցների գործարկման և պահպանության համար տարեկան բյուջեի բաշխման համակարգի սահուն վերափոխումը և ապահովել, որ լինեն բավարար ֆինանսական միջոցներ՝ Ծրագրի շրջանակում ամրացված կամ վերակառուցված դպրոցների գործարկման և պահպանության համար դրանց գործունեության ողջ ժամանակահատվածում՝ համաձայն գործառնական և պահպանության ողջամիտ գործելակերպերի, ներառյալ՝ այդ դպրոցների շարունակական սեյսմիկ դիմակայության հետ կապված գործելակերպերը (Ժամանակացույց 3, պարբերություն 8),

3.30. ապահովել կամ այնպես անել, որ Ծրագիրը կատարող մարմինն ապահովի, որ տեխնիկական պահանջների, գնումների, ֆինանսական կառավարման, բնապահպանական և սոցիալական երաշխիքների, գենդերային ու սոցիալական հավասարության և մոնիթորինգի ու գնահատման հետ կապված Ծրագրի բոլոր գործողություններն իրականացվեն ժամանակին և արդյունավետորեն (Ժամանակացույց 3, պարբերություններ 9, 10, 12, 13, 17 և 18),

3.31. ապահովել, որ Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր պայմանագիր շնորհվի Ծրագրի գնումների համակարգի հիման վրա՝ պատշաճ կերպով պահպանելով մրցակցության, տնտեսվարության և արդյունավետության, թափանցիկության, արդարության և հավասար հնարավորության սկզբունքները (Ժամանակացույց 3, պարբերություն 11),

3.32. ապահովել կամ այնպես անել, որ Ծրագիրը կատարող մարմինն ապահովի, որ Ծրագրի շրջանակում ոչ մի շինարարություն կամ վերականգնում չունենա էական բացասական բնապահպանական ազդեցություններ, որոնք կարող են ԱԶԲ-ի Անվտանգության մեխանիզմների քաղաքականության փաստաթղթի համաձայն դասակարգվել որպես A դասի ազդեցություն ունեցող, ինչպես նաև նախքան Ծրագրի շրջանակում որևէ շինարարություն կամ վերականգնում սկսելը կատարել կամ ապահովել, որ Ծրագիրը կատարող մարմինը կատարի սքրինինգ՝ Ծրագրից ԱԶԲ-ի Անվտանգության մեխանիզմների քաղաքականության փաստաթղթի իմաստով որպես A դասի բնապահպանական ազդեցություն ունեցող աշխատանքների բացառումն ապահովելու նպատակով (Ժամանակացույց 3, պարբերություն 14, կետ «ա»),

3.33. ապահովել կամ այնպես անել, որ Ծրագիրը կատարող մարմինն ապահովի, որ Ծրագրի շրջանակում բոլոր գործողությունների նախապատրաստումը, նախագծումը, շինարարությունը, իրականացումը, գործարկումը և դադարեցումը համապատասխանեն՝ շրջակա միջավայրին, առողջապահությանը և անվտանգությանն առնչվող՝ Հայաստանի Հանրապետության բոլոր կիրառելի օրենքներին, կանոնակարգերին և ուղեցույցներին, Բնապահպանական անվտանգության երաշխիքներին, և բոլոր միջոցառումներին և պահանջներին, ներառյալ՝ մոնիթորինգի պահանջները, որոնք ամրագրված են Ծրագրի Գործողությունների պլանում (Ժամանակացույց 3, պարբերություն 14, կետ «բ»),

3.34. ապահովել կամ այնպես անել, որ Ծրագիրը կատարող մարմինն ապահովի, որ Ծրագիրը չներառի տարաբնակեցման ռիսկեր կամ ազդեցություններ՝ ԱԶԲ-ի Անվտանգության մեխանիզմների քաղաքականության փաստաթղթի իմաստով, իսկ եթե չնախատեսված հանգամանքներով պայմանավորված Ծրագիրը ներառում է այդպիսի ազդեցություններ, ապա ապահովել, որ Ծրագիրը համապատասխանի` ա) տարաբնակեցմանն առնչվող բոլոր կիրառելի օրենքներին և կանոնակարգերին, բ) Հարկադիր տարաբնակեցման երաշխիքներին, և գ) բոլոր միջոցառումներին ու պահանջներին, ներառյալ՝ մոնիթորինգի պահանջները, որոնք ամրագրված են Ծրագրի Գործողությունների պլանում (Ժամանակացույց 3, պարբերություն 15),

3.35. ապահովել կամ այնպես անել, որ Ծրագիրը կատարող մարմինն ապահովի, որ Ծրագիրը չներառի բնիկ ժողովուրդների համար ռիսկեր կամ ազդեցություններ՝ ԱԶԲ-ի Անվտանգության մեխանիզմների քաղաքականության փաստաթղթի իմաստով, իսկ եթե չնախատեսված հանգամանքներով պայմանավորված Ծրագիրը ներառում է այդպիսի ազդեցություններ, ապա ապահովել, որ Ծրագիրը համապատասխանի` ա) բնիկ ժողովուրդներին առնչվող բոլոր կիրառելի օրենքներին և կանոնակարգերին, բ) Բնիկ ժողովուրդների երաշխիքներին, և գ) բոլոր միջոցառումներին ու պահանջներին, ներառյալ՝ մոնիթորինգի պահանջները, որոնք ամրագրված են Ծրագրի Գործողությունների պլանում (Ժամանակացույց 3, պարբերություն 16),

3.36. ապահովել կամ այնպես անել, որ Ծրագիրը կատարող մարմինն ապահովի, որ Ծրագիրը համապատասխանի Հակակոռուպցիոն ուղեցույցներին, և որ ձեռնարկվեն բոլորը համապատասխան և յուրաժամանակյա միջոցառումները Ծրագրին առնչվող խարդախության, կոռուպցիայի կամ այլ արգելված գործողությունների մասով մեղադրանքների կանխարգելման, հայտնաբերման և դրանց արձագանքման նպատակով՝ Հակակոռուպցիոն ուղեցույցներին համապատասխան (Ժամանակացույց 3, պարբերություն 19),

3.37. ապահովել կամ այնպես անել, որ Ծրագիրը կատարող մարմինն ապահովի, որ՝ ա) ԱԶԲ-ն անհապաղ տեղեկացվի Ծրագրին վերաբերող խարդախության, կոռուպցիայի կամ որևէ այլ արգելված գործունեության մասով մեղադրանքների մասին, և բ) ապահովի ԱԶԲ-ի կողմից մեղադրանքներին առնչվող հետաքննության շրջանակներում անվերապահ համագործակցություն և աջակցության տրամադրում, ներառյալ՝ բոլոր համապատասխան գրառումներին հասանելիության ապահովում՝ հետաքննության համարժեք իրականացման նպատակով (Ժամանակացույց 3, պարբերություն 20),

3.38. ուժի մեջ մտնելու օրվանից 90 օրվա ընթացքում թարմացնել կամ ապահովել, որ Ծրագիրը Կատարող գործակալությունը թարմացնի իր հանրային կայքը՝ ա) Ծրագրի ընթացքի մասին տեղեկատվություն տրամադրելու, բ) Ծրագրի՝ տարեկան աուդիտորական ստուգում անցած ֆինանսական հաշվետվությունները հասանելի լինելուն պես դրանք տեղադրելու, և գ) Ծրագրի իրականացման վերաբերյալ այլ համապատասխան տեղեկատվություն տարածելու նպատակով (Ժամանակացույց 3, պարբերություն 21):

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2023 թվականի նոյեմբերի 27-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

ՆԱԽԱԳԱՀող

Ա. ԴիլանՅԱՆ

 

13 փետրվարի 2024 թվականի

ՍԴՈ-1714

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 փետրվարի 2024 թվական:

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ «2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՍԵՅՍՄԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ (ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ)» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-ԻՆ ԿԱՅԱՑՎԱԾ ՍԴՈ-1714 ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Սահմանադրական դատարանը, դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննելով «2023 թվականի նոյեմբերի 27-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, 2024 թվականի փետրվարի 16-ի ՍԴՈ-1714 որոշմամբ որոշել է, որ 2023 թվականի նոյեմբերի 27-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

 

Համաձայն չլինելով Սահմանադրական դատարանի 2024 թվականի փետրվարի 13-ի ՍԴՈ-1714 որոշմանը՝ Սահմանադրական դատարանի դատավոր Ե. Խունդկարյանս շարադրում եմ դրա վերաբերյալ իմ հատուկ կարծիքը։

 

Նախքան հատուկ կարծիքի պատճառաբանություններին անդրադառնալը՝ հարկ եմ համարում նշել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ Սահմանադրական դատարանի կողմից որոշումներ և եզրակացություններն ընդունելիս քվեարկությանը մասնակցելը և Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման կամ եզրակացության ընդունմանը կողմ կամ դեմ քվեարկելը Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունն է։

Հաշվի առնելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերի քննության արդյունքում Սահմանադրական դատարանի կողմից ընդունվող որոշումների (դրանցում արտահայտվող իրավական դիրքորոշումների) նշանակությունը միջազգային պայմանագրերի վավերացման գործընթացի, ինչպես նաև իրավաստեղծ և իրավակիրառ պրակտիկայի համար՝ հանրությանը պետք է հասանելի լինեն այդպիսի գործով ընդունված որոշմանը Սահմանադրական դատարանի դատավորի անհամաձայնության պատճառները, իսկ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված է Սահմանադրական դատարանի դատավորի՝ ընդունված որոշումից տարբերվող դիրքորոշումը պաշտոնապես ներկայացնելու մեկ եղանակ՝ հատուկ կարծիք շարադրելը։ Հետևաբար կարծում եմ, որ նշված գործերի քննության արդյունքում համապատասխան որոշման ընդունմանը դեմ քվեարկելու փաստից ուղղակիորեն բխում է հատուկ կարծիք ներկայացնելու՝ իմ՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունը, ինչով էլ պայմանավորված ներկայացնում եմ իմ հատուկ կարծիքը։

 

Հարկ եմ համարում նշել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի՝ «Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության որոշումը» վերտառությամբ 74-րդ հոդվածի 6-րդ մասում նշված որոշումներից որևէ մեկն ընդունելու համար անհրաժեշտ է օրենքով սահմանված կարգով Սահմանադրական դատարան ներկայացված դիմում։ Հակառակ դեպքում, եթե առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված դիմում կամ այն չի համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին, ապա Սահմանադրական դատարանն իրավասու չէ ըստ էության որոշում ընդունել միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ։

Ինչպես վերը նշվեց, Սահմանադրական դատարանն իր 2024 թվականի փետրվարի 13-ի ՍԴՈ-1714 որոշմամբ 2023 թվականի նոյեմբերի 27-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող։ Հարկ եմ համարում ընդգծել, որ սույն հատուկ կարծիքի շրջանակներում նշված որոշմանը բովանդակային առումով անդրադառնալն անհրաժեշտ չեմ համարում, քանի որ այդ որոշմանն իմ անհամաձայնության հիմքում ընկած է թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմումի բացակայությունը, որպիսի պայմաններում կարծում եմ, որ Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ըստ էության որոշում ընդունել՝ անկախ այդ որոշման բովանդակությունից։

 

Այսպես՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը սահմանում է դիմումին ներկայացվող պահանջները և Սահմանադրական դատարան դիմումի ներկայացման եղանակը։ Միաժամանակ նշված օրենքում ամրագրված իրավանորմերի բովանդակությունից հետևում է, որ Սահմանադրական դատարանում գործերի քննության միակ հնարավոր առիթը դիմումն է, որը պետք է ներկայացվի իրավասու անձի կողմից, համապատասխանի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին և ներկայացված լինի թույլատրելի եղանակով։

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի իրավակարգավորումները (22-րդ հոդվածի 1-ին մաս, 24-րդ հոդվածի 1-ին մաս, 46-րդ հոդվածի 2-րդ մաս, 74-րդ հոդվածի 1-ին մաս, 88-րդ հոդվածի 6-րդ մաս) թույլ են տալիս կատարել հետևյալ դատողությունները.

- մինչև Ազգային ժողովի կողմից միջազգային պայմանագրի վավերացումը դրանում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունը վերապահված է Կառավարությանը.

- այդ հարցով Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումը պետք է լինի իրավասու անձի կողմից ստորագրված.

- այդ հարցով դիմումը կարող է թղթային եղանակով ներկայացվել Սահմանադրական դատարան առանց նախապայմանների.

- այդ հարցով դիմումը կարող է էլեկտրոնային եղանակով ներկայացվել Սահմանադրական դատարան միայն այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանում առկա են համապատասխան տեխնիկական հնարավորություններ։

Վերահաստատելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշումների (օրինակ՝ ՍԴՈ-1581, ՍԴՈ-1620, ՍԴՈ-1622, ՍԴՈ-1674, ՍԴՈ-1676, ՍԴՈ-1706 և այլն) կապակցությամբ իմ կողմից ներկայացված՝ հատուկ կարծիքներում արտահայտված դիրքորոշումները՝ գտնում եմ, որ գործող իրավակարգավորումների պայմաններում Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայությունը և դրանով պայմանավորված՝ էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու, դրանց հիման վրա գործեր քննելու Սահմանադրական դատարանի իրավասությունը պետք է հավաստվեն Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտով։ Այսինքն՝ Սահմանադրական դատարան դիմող հնարավոր սուբյեկտները (դրա իրավունքն ունեցող անձինք) Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտից պետք է իրազեկվեն, որ Սահմանադրական դատարանում առկա են էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, ինչպես նաև տեղեկանան էլեկտրոնային այն հարթակի մասին, որով Սահմանադրական դատարանն ընդունելու է էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, և միայն այդ պայմաններում անձինք կարող են էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնել Սահմանադրական դատարան։

Ասվածի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ առանց համապատասխան իրավական հիմքի հնարավոր չէ միանշանակ եզրահանգում կատարել այն մասին, թե Սահմանադրական դատարանում առկա են արդյոք էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, իսկ նման եզրահանգման հիմքում պետք է ընկած լինի Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտը, որում պետք է նշված լինի էլեկտրոնային այն հարթակը, որի միջոցով դիմումների ներկայացումը Սահմանադրական դատարանը համարելու է ընդունելի, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների այն գործիքակազմը, որի միջոցով Սահմանադրական դատարանում իրականացվելու է էլեկտրոնային փաստաթղթում առկա էլեկտրոնային ստորագրության իսկության ստուգումը։ Դրա միջոցով Սահմանադրական դատարան դիմող անձանց համար հստակ և կանխատեսելի կլինի ոչ միայն այն, թե Սահմանադրական դատարանի կողմից որ հարթակի միջոցով են ընդունվում էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, այլև այն, թե տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների ինչ գործիքակազմով է Սահմանադրական դատարանում պարզվում ստացված դիմումի՝ իրավասու անձի կողմից ստորագրված լինելու հանգամանքը։

 

Քննարկվող դեպքում սույն գործի նյութերում առկա է թղթային տարբերակով դիմում, որի վրա առկա չէ դիմողի ստորագրություն։

Նկատի ունենալով, որ սույն գործի նյութերում առկա դիմումի թղթային օրինակում բացակայում է որևէ ստորագրություն և Սահմանադրական դատարանի կողմից գործի քննության առիթ համարված դիմումի վրա առկա է միայն նշում՝ էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված լինելու մասին, հարկ եմ համարում անդրադառնալ Սահմանադրական դատարան էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմում ներկայացնելու հարցին։

Ելնելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշումների (օրինակ՝ ՍԴՈ-1581, ՍԴՈ-1620, ՍԴՈ-1622, ՍԴՈ-1674, ՍԴՈ-1676, ՍԴՈ-1706 և այլն) կապակցությամբ իմ կողմից ներկայացված՝ հատուկ կարծիքներում վկայակոչված՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի և «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքի վկայակոչված իրավական նորմերի վերլուծությունից՝ կարելի է արձանագրել, որ էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված, էլեկտրոնային փաստաթուղթ համարվող դիմումն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի իրավասու անձի կողմից ձեռագիր ստորագրված դիմումը հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

- հաստատվել է էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը, այսինքն՝ առկա է էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալների և միջոցների կիրառման հնարավորություն և կիրառման դրական արդյունք, որը նույնականացնում է ստորագրող անձին.

- չկան բավարար ապացույցներ այն մասին, որ փաստաթուղթը փոփոխվել կամ կեղծվել է այն պահից, երբ այն հաղորդվել և (կամ) տրվել է պահպանության, բացառությամբ այն դարձունակ փոփոխությունների, որոնք անհրաժեշտ և անխուսափելի են այդ էլեկտրոնային փաստաթղթի հաղորդման և (կամ) պահպանման համար:

Վերոգրյալի հաշվառմամբ կարծում եմ, որ էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի միջոցով դիմումների ներկայացումն ընդունելի համարելու պայմաններում անգամ սույն դեպքում գործի քննության առիթ համարված դիմումին կարող էր տրվել դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն միայն վերը նշված պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլիներ արձանագրել, որ դիմումն իսկապես ստորագրվել է դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) կողմից։ Մինչդեռ Սահմանադրական դատարանում էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը ստուգելու տեխնիկական հնարավորությունների առկայության մասին իրավական ակտի բացակայության պայմաններում, ինչպես նաև սույն գործի նյութերում առկա դիմումի վրա որևէ ստորագրության բացակայության պայմաններում, կարծում եմ, որ ներկայացված դիմումը պետք է համարվեր իրավասու անձի կողմից չստորագրված, ուստի պետք է վրա հասնեին «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, այն է՝ դիմողը պետք է եռօրյա ժամկետում Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից տեղեկացվեր դիմումի՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածին անհամապատասխանության մասին, ինչի արդյունքում դիմողը նաև կկարողանար օգտվել դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու օրենսդրական հնարավորությունից։

Միաժամանակ, եթե Սահմանադրական դատարանը համարել է, որ սույն դեպքում առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ, որն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի անձի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթուղթը, ապա կարծում եմ, որ նման եզրահանգում կատարելու համար սույն գործում առնվազն պետք է առկա լիներ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից կազմված փաստաթուղթ այն մասին, որ տվյալ դեպքում իսկապես առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ, և Սահմանադրական դատարանի աշխատակազմը ստուգել է ստորագրության իսկությունը՝ պարզելով, որ այդ փաստաթուղթը ստորագրվել է դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) կողմից։ Մինչդեռ սույն գործում նման փաստաթղթի բացակայության պայմաններում անհասկանալի է, թե ինչպես է սույն գործի քննության առիթ համարված դիմումին տրվել դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն, այլ կերպ՝ ներկայացված փաստաթուղթն ինչ հիմքով է համարվել իրավասու անձի կողմից ստորագրված։

 

Ամփոփելով վերոգրյալը՝ կարծում եմ, որ սույն գործով առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմում, որպիսի պայմաններում Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ընդունել ըստ էության որոշում։ Միաժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ տվյալ դեպքում նաև առկա չէին ինչպես գործի քննությունը մերժելու, այնպես էլ գործի վարույթը կարճելու հիմքեր։ Կարծում եմ, որ տվյալ դեպքում սահմանադրական դատավարության կողմը չի կարող զրկվել սահմանադրական արդարադատություն ստանալու իրավունքից, քանի որ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից նրան պետք է տրամադրվեր օրենքով սահմանված ժամկետը՝ առկա թերությունները շտկելու և դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու համար։

 

Դատավոր`

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

 

«13» փետրվարի 2024 թ.

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 փետրվարի 2024 թվական: