ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/5428/05/22 2024 թ. | ||
Վարչական գործ թիվ ՎԴ/5428/05/22 |
|||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
հ. ԲԵԴևՅԱՆ | |
զեկուցող |
Լ. հակոբյան | |
ա. Թովմասյան ռ. հակոբյան ք․ ՄԿՈՅԱՆ |
2024 թվականի հունվարի 16-ին
գրավոր ընթացակարգով քննելով երրորդ անձ Մելանիա Հակոբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 16․01․2023 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Արմինե Պետրոսյանի և Սամվել Մուսինյանի ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի, երրորդ անձ՝ Մելանիա Հակոբյան՝ թիվ ԵԴ/6173/02/19 քաղաքացիական գործով վճռի հիման վրա Մելանիա Հակոբյանի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Արմինե Պետրոսյանը և Սամվել Մուսինյանը պահանջել են անվավեր ճանաչել թիվ ԵԴ/6173/02/19 քաղաքացիական գործով վճռի հիման վրա Մելանիա Հակոբյանի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումը։ Միաժամանակ ներկայացրել են բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ․ Սոսյան) (այսուհետ` Դատարան) 01.11.2022 թվականի որոշմամբ Արմինե Պետրոսյանի և Սամվել Մուսինյանի բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժվել են:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16․01․2023 թվականի որոշմամբ Արմինե Պետրոսյանի և Սամվել Մուսինյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 01.11.2022 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել երրորդ անձ Մելանիա Հակոբյանը (ներկայացուցիչ՝ Մարիամ Մանուկյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 25-րդ, 27-րդ հոդվածները, 54-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 66-րդ հոդվածը, 72-րդ հոդվածի 1-ին մասը, 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, 146-րդ հոդվածի 4-րդ մասը:
Բողոքաբերը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ սույն գործով հայցվորների կողմից թիվ ԵԴ/6173/02/19 քաղաքացիական գործով որպես գործին մասնակից չդարձած երրորդ անձինք վերաքննիչ բողոք բերելը որևէ կերպ չէր կարող խոչընդոտել սահմանված ժամկետում վիճարկման հայցով ՀՀ վարչական դատարան դիմելուն: Այդ մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ Արմինե Պետրոսյանը և Սամվել Մուսինյանը դիմել են ՀՀ վարչական դատարան մինչև թիվ ԵԴ/6173/02/19 քաղաքացիական գործով իրենց ներկայացրած վերաքննիչ բողոքի վարույթ ընդունվելը:
Ավելին՝ նշված գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ հաստատվել է, որ նույն գործով կայացված վճռով բողոք բերող անձանց որևէ իրավունք չի խախտվել, ուստի գործադրված միջոցները չեն կարող հանդիսանալ բաց թողնված ժամկետի վերականգման հիմք:
Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 16․01.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ Դատարանի 01.11.2022 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնել անփոփոխ կամ օրինական ուժ տալ Դատարանի 01.11.2022 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշմանը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով։
Սույն դեպքում Վճռաբեկ դատարանի խնդիրն է մարդու իրավունքների ու ազատությունների հիմնարար խախտումները վերացնելու իր սահմանադրական գործառույթի շրջանակներում անդրադառնալ հայցադիմում ներկայացնելու ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու առանձնահատկություններին։
Դատարանի մատչելիության, մասնավորապես, ՀՀ վարչական դատարանի մատչելիության իրավունքի իրավաչափ սահմանափակումներն օրենսդիրը սահմանել է՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում հայցադիմում ներկայացնելու համար որոշակի իրավական պահանջներ ու պայմաններ ամրագրելու միջոցով, որոնք վերաբերում են ինչպես հայցադիմումի ներկայացման կարգին ու ժամկետներին, այնպես էլ ձևին և բովանդակությանը: Միաժամանակ սահմանված են այդ պահանջներն ու պայմանները չպահպանելու իրավական հետևանքները, այն է՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 79-րդ հոդվածի 1-ին մասը և 80-րդ հոդվածի 1-ին մասն սպառիչ կերպով սահմանում են համապատասխանաբար հայցադիմումը վերադարձնելու և հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքերը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով ՀՀ վարչական դատարան հայց ներկայացնելու, դատական պաշտպանություն հայցելու համար համապատասխան ժամկետների սահմանումը նպատակ է հետապնդում ապահովել իրավական որոշակիությունն ու անվտանգությունը: Մյուս կողմից, օրենսդիրը, այս նպատակի իրացման հետ հավասարակշռելով դատական պաշտպանության իրավունքի իրացման շահը, հնարավորություն է տվել շահագրգիռ անձանց բաց թողնված ժամկետը հարգելի համարելու ինստիտուտի կիրառման միջոցով ապահովել դատական պաշտպանության, դատարանի մատչելիության իրավունքի իրացումը: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածը նախատեսում է բաց թողնված դատավարական ժամկետները, այդ թվում՝ դատարան հայց ներկայացնելու համար սահմանված ժամկետները վերականգնելու հնարավորություն այն դեպքում, երբ ժամկետը բաց է թողնված հարգելի պատճառով (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մաս):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի, և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե´ս, Ashingdane v. The United Kingdom, թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):
Ժամկետային սահմանափակումները, որոնք սահմանվում են պետության կողմից, հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից, որի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել այնպիսի դեպքեր, որոնք տեղի են ունեցել հեռավոր անցյալում այն ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական` բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե՛ս, Stubbings and others v. The United Kingdom գործով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճիռը, կետեր 51, 55):
Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, 28-րդ կետ):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկով արձանագրել է, որ անձինք իրենց դատական պաշտպանության իրավունքից կարող են օգտվել օրենքով սահմանված ժամկետներում, և որպեսզի վարչական դատարանն իրավասու լինի գործադրելու օրենքով սահմանված իր լիազորությունները կոնկրետ իրավական վեճն ըստ էության լուծելու համար, անհրաժեշտ է երկու պայմանների միաժամանակյա առկայություն, առաջին` համապատասխան հայցի առկայություն, երկրորդ` հայցի ներկայացում վարչական դատարան` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում: Դատավարական ժամկետները բաց թողնելու դեպքում երկրորդ պայմանն ապահովված կարող է համարվել միայն կոնկրետ վարչական գործում բաց թողնված դատավարական ժամկետների վերականգնման բավարարված միջնորդության առկայության դեպքում, իսկ մնացած դեպքերում անձը չի կարող օգտվել դատական պաշտպանության իրավունքից, իսկ ՀՀ վարչական դատարանն իրավասու չէ գործադրելու օրենքով վարչական դատարանի համար նախատեսված լիազորությունները (տե՛ս, Քնարիկ Սարգսյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/2242/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 09.09.2015 թվականի որոշումը):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածը սահմանում է ՀՀ վարչական դատարան դիմելու ժամկետները՝ ըստ հայցատեսակների։ Վիճարկման հայցի համար նույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետը սահմանում է երկամսյա ժամկետ, որը հաշվարկվում է վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից։
Վարչական ակտի ուժի մեջ մտնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք)։ Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին` նույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ: Օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարույթի մասնակիցներին վարչական ակտի ընդունման մասին իրազեկում է նույն հոդվածով նախատեսված հանձնման կամ հրապարակման եղանակով: Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի նորմը, որպես ընդհանուր կանոն, վարչական ակտի ուժի մեջ մտնելը պայմանավորելով տվյալ ակտի մասին վարույթի մասնակիցներին իրազեկելու հանգամանքով, միաժամանակ թույլատրում է օրենքով կամ տվյալ վարչական ակտով սահմանել վերջինիս ուժի մեջ մտնելու այլ կարգ։
Հաշվի առնելով, որ օրենսդիրը վիճարկման հայց ներկայացնելու համար սահմանված երկամյսա ժամկետի հաշվարկի համար ելակետ է դիտարկում վիճարկվող վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահը, իսկ Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ընդհանուր կանոնին համապատասխան վարչական ակտի ուժի մեջ մտնելը պայմանավորված է վարույթի մասնակիցներին տվյալ վարչական ակտի մասին իրազեկելու հանգամանքով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ընդհանուր կանոնի համաձայն՝ օրենսդիրը վարչական ակտը վիճարկելու երկամսյա ժամկետի մեկնարկը ևս պայմանավորում է վիճարկվող վարչական ակտի մասին վարույթի մասնակիցների կողմից իրազեկվելու հանգամանքով։ Սակայն, այն դեպքում, երբ օրենքով կամ տվյալ վարչական ակտով սահմանվում է վերջինիս ուժի մեջ մտնելու այլ կարգ, քան սահմանված է Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված ընդհանուր կանոնով, Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված երկամսյա ժամկետի հոսքն սկսվում է օրենքով կամ տվյալ վարչական ակտով սահմանված կարգով վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից։
Գույքի նկատմամբ իրավունքների (․․․) պետական գրանցման, (․․.) գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման վարույթի առանձնահատկությունները սահմանվում են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով։ Նշված օրենքի 6-րդ հոդվածն ամրագրել է իրավունքի պետական գրանցման իմացության և գրանցված իրավունքների հավաստիության կանխավարկածը։ Համաձայն նշված հոդվածի 1-ին մասի՝ գույքի նկատմամբ գրանցված իրավունքները և սահմանափակումներն ունեն իրավաբանական ուժ, իսկ բոլոր սուբյեկտները համարվում են տեղեկացված դրանց գրանցման մասին անկախ այն հանգամանքից, թե իրականում տեղյակ են այդ մասին, թե՝ ոչ:
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի նշված նորմի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ գործը քննության է առնվել ՀՀ սահմանադրական դատարանի կողմից։ Գնահատելով նշված նորմի սահմանադրականությունը՝ իրավական որոշակիությանը համապատասխանության և սեփականության իրավունքի պաշտպանությունն ապահովելու տեսանկյունից՝ ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ նշված նորմը բավարարում է իրավական օրենքին ներկայացվող պահանջները և չի խախտում սեփականության իրավունքը։ ՀՀ սահմանադրական դատարանը, մասնավորապես, նշել է․ «Ինչ վերաբերում է օրենքի վիճարկվող դրույթների` սեփականության իրավունքը խախտելու հիմքով ՀՀ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ դիմողի փաստարկներին, ապա սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիքի վերաբերյալ դիմողի հիշատակած ՍԴՈ-741 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներն օրենքի վիճարկվող դրույթի սահմանադրականության հետ առնչություն չունեն, քանի որ գործող օրենսդրության ուսումնասիրությունը վկայում է, որ բոլոր այն անձինք, ում իրավունքների և պարտականությունների վերաբերյալ ընդունվել է դատական ակտ նրանց բացակայության պայմաններում, իրավունք ունեն դիմելու դատարան, իսկ դատարան դիմելու համար սահմանված ժամկետները բաց թողնելու պարագայում նրանք կարող են ներկայացնել համապատասխան միջնորդություն` խնդրելով հարգելի ճանաչել բաց թողնված ժամկետը» (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1120 գործով 11․10․2013 թվականի որոշումը)։ ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով սահմանված իրավակարգավորումն ինքնին չի առաջացնում հակասահմանադրական իրավիճակներ. այն կոչված է իր ամբողջության մեջ պաշտպանելու սեփականատիրոջ իրավունքները` առանց շոշափելու երրորդ անձանց իրավունքները և օրինական շահերը։
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գույքի նկատմամբ իրավունքները և սահմանափակումները համարվում են գրանցված գրանցման մատյանում սահմանված գրառումները կատարելու և պետական գրանցման իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից հաստատվելու պահից: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ իրավունքի պետական գրանցումից հետո գրանցված իրավունքի սուբյեկտներին տրամադրվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական, որը հաստատում է գրանցման ներկայացված իրավունքի պետական գրանցման իրականացման փաստը:
Վերոհիշյալ նորմերի բովանդակությունից բխում է, որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքը սահմանել է իրավունքի պետական գրանցման ուժի մեջ մտնելու հատուկ կարգ, համաձայն որի՝ իրավունքի պետական գրանցումը՝ որպես վարչական ակտ, ուժի մեջ է մտնում գրանցման մատյանում սահմանված գրառումները կատարելու և պետական գրանցման իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից հաստատվելու պահից, որպիսի փաստը հաստատվում է իրավունքի պետական գրանցման վկայականով։
Ըստ այդմ՝ ՀՀ վճռաբեկ դատարանը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, Օրենքի 59-րդ ու 60-րդ հոդվածների, ինչպես նաև «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի վերը նշված նորմերի համադրված վերլուծության արդյունքում գտել է, որ իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով վիճարկման հայց ներկայացնելու՝ Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված երկամսյա ժամկետի հաշվարկման համար ելակետ է հանդիսանում իրավունքի պետական գրանցման, այն է՝ գրանցման մատյանում սահմանված գրառումները կատարելու և պետական գրանցման իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից հաստատվելու պահը, որպիսի փաստը հաստատվում է իրավունքի պետական գրանցման վկայականով։
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ իրավունքի պետական գրանցման իրավաչափությունը վիճարկող հայց ներկայացնելիս Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված երկամսյա ժամկետը խախտված է համարվում, եթե իրավունքի պետական գրանցման օրվա և ՀՀ վարչական դատարան դիմելու օրվա միջև ընկած ժամանակահատվածը գերազանցում է երկու ամիսը։ Իսկ եթե հայցվորը վիճարկվող իրավունքի պետական գրանցման մասին փաստացիորեն իրազեկվել է նշված ժամանակահատվածի ավարտից հետո, ապա այդ հանգամանքը հայցվորը կարող է վկայակոչել որպես երկամսյա ժամկետը բաց թողնելու հարգելի պատճառ և դատարանի կողմից գնահատվել բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդության շրջանակներում։
ՀՀ վճռաբեկ դատարանն ընգծել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի իրավակարգավորման բովանդակությունից հետևում է, որ օրենսդիրը վիճարկման հայց ներկայացնելու ժամկետի հոսքը պայմանավորել է վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահով, հետևաբար իրավունքի պետական գրանցման փաստի մասին երրորդ անձանց իրազեկվելու փաստը չի կարող ելակետ հանդիսանալ վիճարկման հայց ներկայացնելու սահմանված դատավարական ժամկետի հաշվարկման համար, այլ նշված փաստն ընդամենը կարող է դրվել վիճարկման հայց ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդության հիմքում (տե՛ս, Հակոբ Հակոբյանն ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի, Արթուր Սարգսյանի, Միթրա Էմամվիրդի Ղաֆֆարի Շահրիվարդիի թիվ ՎԴ/0360/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.03.2023 թվականի որոշումը):
Անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորմանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ նշված իրավանորմի բովանդակությունից հետևում է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքեր օրենսդիրը կոնկրետ չի նշել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքը թողնելով դատարանների գնահատմանը: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` օբյեկտիվ և սուբյեկտիվ:
Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը` տարերային աղետները, ինչպես նաև արտակարգ իրավիճակը և նմանատիպ այլ` անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները: Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված և գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը: Օրինակ` երբ ֆիզիկական անձը զրկված է դատական պրոցեսին մասնակցելու կամ ներկայացուցչի միջոցով մասնակցությունն ապահովելու հնարավորությունից երկարատև հիվանդության պատճառով: Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ բոլոր դեպքերում էլ, բացի ֆորսմաժորային իրավիճակներից, բաց թողնված ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ անձը պարտավոր է ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու, դատական պրոցեսին մասնակցելու, պահանջը և այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով նշված ժամկետը չի բավականացրել համապատասխան դատավարական գործողությունները կատարելու համար» (տե՛ս, Հրաչյա Գրիգորյանն ընդդեմ Ռուբեն, Բաբկեն, Աշոտ Հովհաննիսյանների, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/1963/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.12.2014 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր դեպքերում էլ, բացի ֆորսմաժորային իրավիճակներից, բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ անձը պարտավոր է ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու, դատավարությանը մասնակցելու և այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմանված դատավարական ժամկետները (տե՛ս, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Գայանե Մելքոնյանի թիվ ՎԴ/0059/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.07.2014 թվականի որոշումը):
Վերահաստատելով նշված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվորի կողմից դատարան դիմելու համար ձեռնարկված միջոցները պետք է անհրաժեշտ լինեն դատարան հայց ներկայացնելու համար․ այլ կերպ՝ եթե հայցվորը ձեռնարկել է այնպիսի միջոցներ, որոնք չձեռնարկելու պայմաններում ևս կարող էր իրացնել դատարան դիմելու իր իրավունքը, ապա այդ միջոցները չեն կարող համարվել անհրաժեշտ, հետևաբար նաև՝ գնահատվել որպես դատարան դիմելու ժամկետը բաց թողնելու հարգելի պատճառ։ Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անհրաժեշտ կարող են համարվել այն միջոցները, որոնք չձեռնարկելը խոչընդոտ է հանդիսանում ՀՀ վարչական դատարան հայց ներկայացնելու համար։ Ուստի, եթե հայցվորը որպես դատարան դիմելու համար սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառ վկայակոչում է իր կողմից ձեռնարկված այս կամ այն միջոցը, ապա պետք է հիմնավորի նաև, որ առանց այդ միջոցը ձեռնարկելու հնարավոր չէր իրացնել ՀՀ վարչական դատարան հայց ներկայացնելու իրավունքը։ Համապատասխանաբար, ՀՀ վարչական դատարանը կարող է հայցվորի կողմից վկայակոչված պատճառը հարգելի համարել, եթե հավաստիանում է, որ առանց տվյալ միջոցը ձեռնարկելու՝ հայցվորի համար անհնարին էր դառնում ՀՀ վարչական դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացումը։
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Արմինե Պետրոսյանը և Սամվել Մուսինյանը 31.08.2022 թվականին փոստային առաքման եղանակով հայցադիմում են ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի՝ պահանջելով անվավեր ճանաչել թիվ ԵԴ/6173/02/19 քաղաքացիական գործով վճռի հիման վրա Մելանիա Հակոբյանի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումը (հատոր 1, գ․թ․ 2-40)։ Հայցադիմումը 02․09․2022 թվականին մակագրվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր Գևորգ Սոսյանին (հատոր 1, գ․թ․ 1)։
Դատարանը 12․09․2022 թվականի որոշմամբ վերադարձրել է ներկայացված հայցադիմումն այն պատճառաբանությամբ, որ հայցադիմումին չի կցվել վիճարկման հայցի առարկա հանդիսացող իրավունքի պետական գրանցումը (վկայականը) կամ դրա անհնարինության վերաբերյալ որևէ ապացույց, ինչպես նաև այդ մասով չի ներկայացվել որևէ հիմնավորում, չի նշվել վիճարկման առարկա՝ թիվ ԵԴ/6173/02/19 քաղաքացիական գործով վճռի հիման վրա Մելանիա Հակոբյանի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցման ամսաթիվը և համարը։
Դատարանը 10․10․2022 թվականի որոշմամբ վերադարձրել է կրկին ներկայացված հայցադիմումը՝ արձանագրելով, որ հայցվորները բաց են թողել վիճարկման հայց ներկայացնելու համար սահմանված երկամսյա դատավարական ժամկետը, քանի որ վերջիններս վիճարկում են 18.08.2020 թվականին կատարված պետական գրանցումը, սակայն նրանք սկզբնական հայցադիմումը ներկայացրել են միայն 02.09.2022 թվականին, այսինքն՝ երկամսյա ժամկետի խախտմամբ, իսկ այդ ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն հայցադիմումին կից չեն ներկայացրել:
Այնուհետև հայցվորները կրկին ներկայացրած հայցադիմումին կցել են նաև բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն՝ փաստարկելով, որ տեղեկացված չեն եղել իրենց իրավունքների խախտման մասին, այն է՝ 05.05.2022 թվականի գույքի առանձին որակական, քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ տեղեկանքից է պարզվել, որ կադաստրային գործի տվյալներով քաղաք Երևան, Դավթաշեն 7-րդ փողոց 47 բնակելի տուն հասցեի անշարժ գույքի նկատմամբ Մելանիա Հակոբյանի սեփականության իրավունքի պետական գրանցման համար հիմք է հանդիսացել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 17.07.2020 թվականի թիվ ԵԴ/6173/02/19 վճիռը (հաշտության համաձայնությունը), որի մասին տեղեկանալով՝ անմիջապես միջոցներ են ձեռնարկել՝ ներկայացնելով վերաքննիչ բողոք թիվ ԵԴ/6173/02/19 քաղաքացիական գործով որպես գործին մասնակից չդարձված երրորդ անձինք (հատոր 2, գ․թ․ 4-8)։
Դատարանը «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» 01.11.2022 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով մերժել է այն հիմնավորմամբ, որ հայցվորները ՀՀ կադաստրի կոմիտեի 05.05.2022 թվականի թիվ ԱՏ-05052022-01-0972 տեղեկանքով իրենց ենթադրյալ իրավունքների խախտման մասին իրազեկվելուց հետո զրկված չեն եղել վիճարկման հայց ներկայացնելու իրավունքից, սակայն դա սահմանված ժամկետում չեն արել:
Միաժամանակ Դատարանը թիվ ԵԴ/6173/02/19 քաղաքացիական գործով սույն գործով հայցվորների կողմից՝ որպես գործին մասնակից չդարձված երրորդ անձինք վերաքննիչ բողոք բերելը չի համարել դատարան դիմելու ժամկետը բաց թողնելու հարգելի պատճառ, քանի որ նշված հանգամանքը որևէ կերպ չէր կարող խոչընդոտել սահմանված ժամկետում վիճարկման հայցով ՀՀ վարչական դատարան դիմելուն։ Արդյունքում դատարանը եզրահանգել է, որ «հայցվորների կողմից որևէ կերպ չի հիմնավորվել նաև նշված քաղաքացիական գործով վերաքննիչ բողոք ներկայացնելու և սույն հայցը ներկայացնելու միջև պատճառահետևանքային այնպիսի անմիջական կապի առկայությունը, որի դեպքում սահմանված ժամկետում հայցի չներկայացումը կհամարվեր բավարար չափով և իրավական արդարացված»:
Վերաքննիչ դատարանը 16.01.2023 թվականի որոշմամբ վերացրել է Դատարանի 01.11.2022 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը հետևյալ պատճառաբանությամբ․ «(…) մերժելով դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին համահայցվորների միջնորդությունն այն պայմաններում, երբ վիճարկվող վարչական ակտի մասին փաստացի իրազեկվելուց հետո նախ՝ սահմանված ժամկետում համահայցվորները թիվ ԵԴ/6173/02/19 քաղաքացիական գործով վճռի դեմ վերաքննիչ բողոք տանելով ձեռնարկել են իրենց իրավունքների ենթադրյալ խախտումը վերականգնելու ուղղությամբ դատական պաշտպանություն, հետագայում՝ շարունակելով իրենց ենթադրյալ խախտված իրավունքների դատական պաշտպանությունը՝ ՀՀ վարչական դատարան ներկայացնելով վիճարկման հայց, Դատարանը թույլ է տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ բողոքում նշված փաստական հանգամանքները՝ դրանք հերքող ապացույցների բացակայության պայմաններում, դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունք ընձեռելու հիմք են»։
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն վարչական գործի փաստերին և Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Սույն գործով վիճարկվող իրավունքի պետական գրանցումը կատարվել է 18․08․2020 թվականին։ Ըստ այդմ՝ իրավունքի պետական գրանցումը՝ որպես վարչական ակտ, ուժի մեջ է մտել 18․08․2020 թվականին, որպիսի պայմաններում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան՝ հայցվորներից պահանջվում էր վիճարկման հայցը Դատարան ներկայացնել մինչև 19․10․2020 թվականը։ Մինչդեռ, հայցադիմումը փոստային առաքման միջոցով Դատարան է ներկայացվել 31․08․2022 թվականին՝ վիճարկման հայց ներկայացնելու համար սահմանված երկամսյա ժամկետի խախտմամբ։ Ըստ այդմ՝ հայցվորների կողմից ներկայացվել է այդ դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդություն:
Վճռաբեկ դատարանը նախ արձանագրում է, որ հայցվորների կողմից վկայակոչված հանգամանքը՝ վիճարկվող վարչական ակտի վերաբերյալ ՀՀ կադաստրի կոմիտեի 05.05.2022 թվականի թիվ ԱՏ-05052022-01-0972 տեղեկանքից իրազեկվելու մասին, հարգելի պատճառ է միայն 19․10․2020 թվականից մինչև 05․05․2022 թվականն ընկած ժամանակահատվածում ՀՀ վարչական դատարան դիմելու ժամկետը բաց թողնելու համար: Իսկ 05․05․2022 թվականից մինչև հայց ներկայացնելու օրը՝ 31․08․2022 թվականը, որպես դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառ հայցվորները վկայակոչել են թիվ ԵԴ/6173/02/19 քաղաքացիական գործով վճռի դեմ՝ որպես գործին մասնակից չդարձված երրորդ անձինք, վերաքննիչ բողոք ներկայացնելու հանգամանքը, որը Վերաքննիչ դատարանը համարել է հարգելի։
Վճռաբեկ դատարանը գործի փաստական հանգամանքների ուսումնասիրության արդյունքում արձանագրում է փաստերի հետևյալ ժամանակագրական հաջորդականությունը․
- 05․05․2022 թվականին hայցվորներն իրազեկվել են վիճարկվող իրավունքի պետական գրանցման մասին,
- 21․07․2022 թվականին սույն գործով հայցվորները ներկայացրել են թիվ ԵԴ/6173/02/19 քաղաքացիական գործով վճռի դեմ վերաքննիչ բողոք՝ որպես գործին մասնակից չդարձված երրորդ անձինք (տե՛ս, www: datalex.am կայք էջը),
- 31․08․2022 թվականին հայցվորները դիմել են ՀՀ վարչական դատարան,
- 30․09․2022 թվականին թիվ ԵԴ/6173/02/19 քաղաքացիական գործով վճռի դեմ սույն գործով հայցվորների վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից ընդունվել է վարույթ,
- 23․12․2022 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել է հայցվորների վերաքննիչ բողոքը։
Վերը նշված փաստերի համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախ՝ թիվ ԵԴ/6173/02/19 քաղաքացիական գործով վճռի բողոքարկման իրավունքից հայցվորներն օգտվել են վիճարկվող իրավունքի պետական գրանցման մասին 05․05․2022 թվականին իրազեկվելուց ավելի քան երկու ամիս անց։ Հայցվորները ՀՀ վարչական դատարան հայց են ներկայացրել թիվ ԵԴ/6173/02/19 քաղաքացիական գործով վճռի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելուց հետո ավելի քան մեկ ամիս անց։ Հայցվորները ՀՀ վարչական դատարան հայց ներկայացրել են այն պայմաններում, երբ թիվ ԵԴ/6173/02/19 քաղաքացիական գործով վճռի դեմ նրանց ներկայացրած բողոքը դեռևս վարույթ ընդունված չէր։
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ թիվ ԵԴ/6173/02/19 քաղաքացիական գործով վճռի դեմ՝ որպես գործին մասնակից չդարձված երրորդ անձինք, վերաքննիչ բողոք ներկայացնելը սույն գործով ՀՀ վարչական դատարան դիմելուն ուղղված անհրաժեշտ միջոց չէր, քանզի հայցվորները կարող էին անարգել իրացնել վարչադատավարական կարգով դատական պաշտպանության իրենց իրավունքը՝ անկախ թիվ ԵԴ/6173/02/19 քաղաքացիական գործով վճիռը բողոքարկելու հանգամանքից, ինչպես նաև բողոքի քննության արդյունքից։ Թիվ ԵԴ/6173/02/19 քաղաքացիական գործով վճռի բողոքարկումը և ՀՀ վարչական դատարանում այդ վճռի հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցման վիճարկումը դատական պաշտպանության ինքնուրույն, միմյանց հետ չկապակցված միջոցներ են, որոնցից շահագրգիռ անձը կարող է օգտվել միաժամանակ․ դատական պաշտպանության այս երկու միջոցից մեկից օգտվելու հնարավորությունը որևէ կերպ պայմանավորված չէ մյուս միջոցից օգտվելու հանգամանքով։ Հատկանշական է, որ հայցվորները սույն վարչական գործով հայցը ներկայացրել են, երբ դեռևս ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից սույն գործով հայցվորների վերաքննիչ բողոքը վարույթ ընդունված չէր, որպիսի հանգամանքը ևս փաստում է, որ հայցվորների կողմից թիվ ԵԴ/6173/02/19 քաղաքացիական գործով վճռի բողոքարկումը որևէ կերպ չի կարող գնահատվել որպես Դատարան հայց ներկայացնելուն ուղղված միջոց։
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվորների կողմից թիվ ԵԴ/6173/02/19 քաղաքացիական գործով վճռի բողոքարկումը չի կարող դիտարկվել որպես 05․05․2022 թվականից մինչև 31․08․2022 թվականին հայց ներկայացնելու օրն ընկած ժամանակահատվածում Դատարան դիմելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու հարգելի պատճառ։ Հետևաբար վիճարկման հայց ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ հայցվորների միջնորդությունն անհիմն է և ենթակա չէր բավարարման Վերաքննիչ դատարանի կողմից։
Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Դատարանը 01.11.2022 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ եկել է իրավաչափ եզրահանգման հայցադիմումի ընդունումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով մերժելու վերաբերյալ։ Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը հայցվորների վերաքննիչ բողոքը բավարարել և Դատարանի 01.11.2022 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացրել է առանց բավարար հիմքերի՝ խախտելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասը։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 16․01․2023 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Հ. Բեդևյան Զեկուցող Լ. հակոբյան ա. Թովմասյան Ռ. հակոբյան ք․ ՄԿՈՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 փետրվարի 2024 թվական: