ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/2314/05/20 2023 թ. | ||||||
Վարչական գործ թիվ ՎԴ/2314/05/20 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
հ. ԲԵԴևՅԱՆ | |
զեկուցող |
Ք. ՄԿՈՅԱՆ | |
ա. Թովմասյան Լ. Հակոբյան ռ. հակոբյան |
2023 թվականի դեկտեմբերի 22-ին
գրավոր ընթացակարգով քննելով անհատ ձեռնարկատեր Արայիկ Անդրեասյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 03.05.2022 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի անհատ ձեռնարկատեր Արայիկ Անդրեասյանի ընդդեմ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի (այսուհետ՝ Վարչական շրջան)` Վարչական շրջանի ղեկավարի 27.11.2019 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 296 որոշումն ամբողջությամբ անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` անհատ ձեռնարկատեր Արայիկ Անդրեասյանը պահանջել է անվավեր ճանաչել Վարչական շրջանի ղեկավարի 27.11.2019 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 296 որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ա. Հարությունյան) (այսուհետ` Դատարան) 04.05.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.05.2022 թվականի որոշմամբ Վարչական շրջանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 04.05.2021 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ հայցը մերժվել է։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել անհատ ձեռնարկատեր Արայիկ Անդրեասյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածը, իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 169.16-րդ հոդվածի 2-րդ մասը, 219.1-րդ, 245-րդ, 251-րդ, 252-րդ, 254-րդ, 255-րդ, 275-րդ և 279-րդ հոդվածները, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածը, 43-րդ հոդվածի 1-ին մասը, «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասը, 17.1-ին հոդվածի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 10-րդ մասերը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասը, 27-րդ հոդվածը, 99-րդ հոդվածի 3-րդ մասը և 124-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 145-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հայցվորը հայցադիմումով վկայակոչել է վիճարկվող վարչական ակտի անվավերության նաև այլ հիմքեր, ի թիվս այլնի, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը օրենքի պահանջների խախտմամբ կազմված լինելը։ Բացի այդ, Վերաքննիչ դատարանի որոշման ուսումնասիրությունից հետևում է, որ նոր փաստ հաստատված չէ, որի արդյունքում միայն կարող էր կիրառվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված լիազորությունը։
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.05.2022 թվականին կայացրած որոշումը և փոփոխել այն կամ գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության աշխատակից Հայկ Մարգարյանի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 169.16-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու կապակցությամբ 10.10.2019 թվականին կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ 032465 արձանագրությունը, որի համաձայն՝ անհատ ձեռնարկատեր Արայիկ Անդրեասյանի կողմից Ավետիսյան-Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում գործող օբյեկտը 26.09.2019 թվականին ժամը 00:41-ին աշխատեցվել է առանց թույլտվության (հատոր 1-ին, գ.թ. 40-41):
2) Վարչական շրջանի ղեկավարի 27.11.2019 թվականի թիվ 296 որոշման համաձայն` անհատ ձեռնարկատեր Արայիկ Անդրեասյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 169.16-րդ հոդվածի 2-րդ մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության, և նրա նկատմամբ նշանակվել է վարչական տույժ՝ 200.000 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 31):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի խախտում թույլ տալու հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը.
- Արդյո՞ք Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում, անհիմն գնահատելով բողոքարկվող վճռով որպես վիճարկվող վարչական ակտի անվավերության հիմք ընդունված պատճառաբանությունը, կարող է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված՝ վարչական դատարանի դատական ակտն ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելու և փոփոխելու լիազորությունը, եթե հայցվորի կողմից հայցադիմումով ներկայացվել են վիճարկվող վարչական ակտի անվավերության այլ հիմքեր, որոնց, սակայն, դատարանը վճռով չի անդրադարձել։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե ("ex officio")։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով և առարկություններով և իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանը մատնանշում է հայցադիմումներում առկա ձևական սխալները, առաջարկում է ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով, տարբերակել հիմնական և ածանցյալ պահանջները, համալրել ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նաև պահանջում է, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով (այսուհետ՝ Կոնվենցիա) երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրացման հիմնական սկզբունքներից է տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքը, որն անձի` ՀՀ Սահմանադրությամբ և օրենքով նրան տրված հնարավորությունն է սեփական հայեցողությամբ տնօրինելու իր նյութական և դատավարական իրավունքները և դրանց պաշտպանության եղանակները: Տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքն անձանց հնարավորություն է տալիս ինքնուրույն որոշել՝ դիմել, թե չդիմել դատարան իրենց իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար, այսինքն՝ իրականացնել, թե չիրականացնել իրենց դատական պաշտպանության հիմնական իրավունքը: Անձինք իրենց դատական պաշտպանության հիմնական իրավունքն իրացնելիս, ինչպես նաև դատարաններն արդարադատություն իրականացնելիս պետք է առաջնորդվեն վերը նշված սկզբունքով։
Դատական պաշտպանության իրավունքի իրացումը տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքի հիման վրա անձի համար երաշխավորում է նաև հայցի առարկան և հիմքն ինքնուրույն որոշելու իրավական հնարավորություն:
ՀՀ սահմանադրական դատարանը 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ մասնագիտացված արդարադատության, այդ թվում` վարչական արդարադատության ինստիտուտի ներդրումը, ի թիվս այլնի, նպատակ է հետապնդում առաջին հերթին ապահովելու տվյալ ոլորտում դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետությունը և լիարժեքությունը՝ արդարադատության այդ տեսակին բնորոշ առանձնահատկությունների հաշվառմամբ:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("ex officio") պարզելու՝ վարչական դատարանին ուղղված օրենսդրական պահանջը նպատակաուղղված է վարչական արդարադատության առջև դրված առանձնահատուկ խնդիրների լուծմանը և հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ու լուծման միջոցով ֆիզիկական, իրավաբանական անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության միջոցի կենսագործունեության ապահովմանը: Վարչադատական գործընթացում գործի փաստերն ի պաշտոնե պարզելու սկզբունքի իրավական ամրագրումը հետապնդում է դատավարությունում ֆիզիկական ու իրավաբանական անձանց նկատմամբ հանրային-իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ունեցած փաստացի առավելությունները վերացնելու նպատակ: Քննարկվող իրավական սկզբունքը հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ընթացքում վարչական դատարանին օժտում է ակտիվ դերակատարությամբ, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետորեն ապահովելու իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ընդունած իրավական ակտերի, գործողությունների ու անգործությունների դեմ ֆիզիկական և իրավաբանական անձանց հանրային սուբյեկտիվ իրավունքների դատական պաշտպանության իրացումը (տե՛ս, Ալեքսանդր Կարալովն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4315/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("ex officio") պարզելու սկզբունքը դրսևորվում է նաև վերաքննության փուլում:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերի համաձայն` վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր, որում նշվում են նյութական կամ դատավարական իրավունքի նորմի այն խախտումը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները` վկայակոչելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, սահմանադրական դատարանի, վճռաբեկ դատարանի այն որոշումները, որոնք վերաքննիչ բողոք բերած անձը վերաբերելի է համարում` մեջ բերելով դրանց հակասող մասերը և կատարելով համեմատական վերլուծություն, բողոք բերող անձի պահանջը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի սահմաններում` ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության քննելու համար:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում ամրագրված փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("ex officio") սկզբունքը վերաբերում է բացառապես գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելուն, այլ խոսքով, կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրավաբանական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելուն. այս դատավարական սկզբունքը վերաքննիչ դատարանին հնարավորություն չի ընձեռում սեփական նախաձեռնությամբ և ինքնուրույն լրացնել վերաքննիչ բողոքի իրավական հիմքերը: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ թեև վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի uահմաններում` ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըuտ էության քննելու համար, սակայն չի կարող սեփական նախաձեռնությամբ դուրս գալ առաջին ատյանի դատարանում գործի քննության շրջանակներից, մասնավորապես` փոխել հայցի հիմքը և կայացնել դատական ակտ այն իրավական և փաստական հիմքերով, որոնք առաջին ատյանի դատարանում քննության առարկա չեն դարձվել (տե'ս ՀՀ առողջապահության նախարարությունն ընդդեմ «Ռեվերդի» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/3271/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):
Զարգացնելով վերոհիշյալ իրավական դիրքորոշումը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ նշել է, որ գործի վերաքննության փուլում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("ex officio") սկզբունքի բովանդակությունը որոշակիորեն տարբերվում է գործի դատաքննության փուլում այդ սկզբունքի ունեցած բովանդակությունից: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ գործի վերաքննության փուլում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("ex officio") սկզբունքի բովանդակությունը հանգում է հետևյալին. վերաքննիչ դատարանը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերն ըստ էության քննության առարկա դարձնելու համար:
Այսպես, ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ վերաքննիչ դատարանը, մի կողմից` չի կարող սեփական նախաձեռնությամբ դուրս գալ վարչական դատարանում գործի քննության շրջանակներից, այսինքն՝ առանց վերաքննիչ բողոքում համապատասխան հիմքի առկայության կայացնել դատական ակտ այն իրավական և փաստական հիմքերով, որոնք առաջին ատյանի դատարանում քննության առարկա չեն դարձվել: Իսկ մյուս կողմից՝ վերաքննիչ բողոքում վարչական դատարանի կողմից քննության առարկա չդարձված հիմքի առկայության դեպքում վերաքննիչ դատարանը պարտավոր է ըստ էության քննության առարկա դարձնել նաև վերաքննիչ բողոքի այդ հիմքը՝ այս պարագայում չսահմանափակվելով վարչական դատարանում գործի քննության շրջանակներով:
Փաստորեն, վարչական դատավարությունում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("ex officio") սկզբունքի ուժով վերաքննիչ դատարանը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերն ըստ էության քննության առարկա դարձնելու համար՝ անկախ այն հանգամանքից, թե վերաքննիչ բողոքում վկայակոչված այս կամ այն հիմքը վարչական դատարանում քննարկվել է, թե՝ ոչ: Իսկ այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքում վկայակոչված չէ այնպիսի հիմք, որի վերաբերյալ վարչական դատարանում քննություն չի իրականացվել, ապա վերաքննիչ դատարանը չի կարող դուրս գալ վարչական դատարանում գործի քննության շրջանակներից և կայացնել դատական ակտ վերաքննիչ բողոքում չվկայակոչված և վարչական դատարանում քննության առարկա չդարձված հիմքով (տե'ս Ա/Ձ Գևորգ Դավթյանն ընդդեմ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության թիվ ՎԴ/2976/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 134-րդ և 144-րդ հոդվածների համակարգային վերլուծությանը` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ դատարանը պարտավոր է քննության առարկա դարձնել վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերը` ի պաշտոնե իրականացնել բողոքի քննություն, իր դիրքորոշումն ու եզրահանգումներն արտահայտել բողոքում ներկայացված յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ: Հակառակ դեպքում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի վերը նշված դրույթը կկրի հռչակագրային բնույթ, եթե վերաքննիչ դատարանը սահմանափակվի զուտ այդ դրույթին համահունչ վերաքննիչ բողոքի հիմքերը դատական ակտում շարադրելով և չանդրադառնա այդ հիմքերի հիմնավորվածության հարցին: Հետևաբար բողոքում բարձրացված հիմքերը պարտադիր քննության առարկա պետք է դառնան վերադաս դատական ատյանում, և դատարանի կայացրած որոշումը պետք է պարունակի այդ հիմքերի վերաբերյալ եզրահանգումներ: Այդուհանդերձ, հիշատակված դրույթների նման մեկնաբանումը չի նշանակում բողոքի յուրաքանչյուր հիմքում ներառված ցանկացած փաստարկի գնահատում և վերլուծում: Բողոքը քննող դատարանը բողոքի հիմքերում ներառված փաստարկներին պետք է անդրադառնա այն հաշվով, որ նախ դրանք լինեն վերաբերելի բողոքի հիմքերին, և այդ փաստարկներն ունենան ազդեցություն բողոքի հիմքը կամ հիմքերը հիմնավորված համարելու տեսանկյունից (տե՛ս, «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն ընդդեմ ՀՀ քննչական կոմիտեի թիվ ՎԴ/4169/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2019 թվականի որոշումը):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը` ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում և փոփոխում է վարչական դատարանի ակտը` կայացնելով նոր դատական ակտ, եթե վարչական դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից, իսկ բողոքարկված և չբեկանված մասով դատական ակտը թողնում է անփոփոխ։
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը վերահաստատում է նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումն առ այն, որ վերաքննության փուլում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("ex officio") սկզբունքն իրացվում է բողոքի հիմքերի քննության շրջանակում՝ բացառությամբ այն հանգամանքների, որոնցից առկախված է գործի հետագա ընթացքը։ Այսինքն, Վերաքննիչ դատարանը վերաքննության փուլում իրավասու չէ քննության առարկա դարձնել այնպիսի հիմքեր, որոնք ներառված չեն վերաքննիչ բողոքում և/կամ քննության առարկա չեն դարձվել ՀՀ վարչական դատարանում։ Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերաքննիչ դատարանի կողմից բողոքի քննության արդյունքում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված լիազորության կիրառումը կախված է նաև հենց վերաքննիչ դատարանում գործի քննության ծավալից։
Անդրադառնալով այն դեպքերին, երբ վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտով, որպես վիճարկվող վարչական ակտի անվավերության հիմք, ընդունում է հայցվորի կողմից վկայակոչված միայն մեկ հիմք և անդրադարձ չի կատարում հայցադիմումով վկայակոչված այլ հիմքերին, իսկ վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում գալիս է հետևության վճռով ընդունված անվավերության հիմքի բացակայության վերաբերյալ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման դեպքերում վերաքննիչ դատարանի կողմից կիրառման է ենթակա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ վարչական դատարանի դատական ակտն ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու լիազորությունը, ինչը բխում է ՀՀ վճռաբեկ դատարանի կայուն նախադեպային պրակտիկայից և սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումներից։ Մասնավորապես, վերաքննիչ դատարանը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերն ըստ էության քննության առարկա դարձնելու համար՝ անկախ այն հանգամանքից, թե վերաքննիչ բողոքում վկայակոչված այս կամ այն հիմքը վարչական դատարանում քննարկվել է, թե՝ ոչ: Իսկ այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքում վկայակոչված չէ այնպիսի հիմք, որի վերաբերյալ վարչական դատարանում քննություն չի իրականացվել, ապա վերաքննիչ դատարանը չի կարող դուրս գալ վարչական դատարանում գործի քննության շրջանակներից և կայացնել դատական ակտ` վերաքննիչ բողոքում չվկայակոչված և վարչական դատարանում քննության առարկա չդարձված հիմքով։ Այսինքն, վերաքննիչ դատարանն իրավասու չէ քննության առարկա դարձնել հայցադիմումով ներկայացված, սակայն, վարչական դատարանի կողմից հայցը բավարարելու մասին վճռով գնահատման առարկա չդարձված վիճարկվող վարչական ակտի անվավերության հիմքերը։ Հետևաբար, նման դեպքերում հայցադիմումով վկայակոչված վիճարկվող վարչական ակտի անվավերության այլ հիմքերը ենթակա են գնահատման վարչական դատարանի կողմից գործի նոր քննության ընթացքում, որի շրջանակում վարչական դատարանի կողմից ենթակա են ձեռնարկման բոլոր անհրաժեշտ դատավարական գործողությունները՝ հայցադիմումով վկայակոչված մյուս հիմքերն ըստ էության քննելու համար։
Ամփոփելով ողջ վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ հայցադիմումում դատարանի կողմից գնահատման առարկա չդարձած վիճարկվող վարչական ակտի անվավերության այլ հիմքերի առկայության պայմաններում դատարանի վճռով, որպես վիճարկվող վարչական ակտի անվավերության հիմք, ընդունված պատճառաբանությունն անհիմն գնահատելու դեպքերում վերաքննիչ դատարանի կողմից ենթակա է կիրառման ոչ թե ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, այլ նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն վարչական գործը հարուցվել է անհատ ձեռնարկատեր Արայիկ Անդրեասյանի ներկայացրած հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Վարչական շրջանի ղեկավարի 27.11.2019 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 296 որոշումը:
Դատարանը 04.05.2021 թվականի վճռով բավարարել է անհատ ձեռնարկատեր Արայիկ Անդրեասյանի հայցը՝ այն պատճառաբանությամբ, որ «(...) սույն դեպքում վարչական մարմինը, կրելով իր կողմից կայացված որոշման համար հիմք ծառայած փաստական հանգամանքների ապացուցման բեռը, պետք է Դատարանին ներկայացներ ապացույցներ առ այն, որ վիճարկվող վարչական ակտը կայացնելիս պահպանվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգային նորմերը:
Պատասխանողը, 14.07.2020 թվականին Դատարան ներկայացնելով վիճարկվող վարչական ակտի կայացման համար հիմք հանդիսացած վարչական վարույթի ամբողջ փաթեթը, չի ներկայացրել վիճարկվող վարչական ակտի հասցեատիրոջը վարչական վարույթի մասին ծանուցած լինելը հիմնավորող որևէ ապացույց:
Միաժամանակ, Դատարանն արձանագրում է, որ թեև 27.11.2019 թվականի արձանագրության մեջ նշված է, որ Հայցվորը ներկայացել է նիստին, սակայն չի ներկայացվել նման փաստը հավաստող որևէ ապացույց:
Վերոշարադրյալ պատճառաբանությամբ և վերլուծությամբ պայմանավորված՝ Դատարանը գտնում է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքով Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի 27.11.2019 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 296 վարչական ակտը ոչ իրավաչափ է և ենթակա է անվավեր ճանաչման։ Վերոշարադրյալը բավարար գնահատելով վիճարկվող վարչական ակտն անվավեր ճանաչելու համար՝ Դատարանն անդրադարձ չի կատարում Հայցվորի կողմից վկայակոչված մնացյալ փաստարկներին»:
Վերաքննիչ դատարանը 03.05.2022 թվականի որոշմամբ Վարչական շրջանի ղեկավարի վերաքննիչ բողոքը բավարարել է՝ Դատարանի 04.05.2021 թվականի վճիռը բեկանել և փոփոխել է՝ հայցը մերժել է այն պատճառաբանությամբ, որ «(...) հայցվորը տվյալ վարույթի շրջանակներում 27.11.2019թ. ներկայացել և մասնակցել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում վարչական իրավախախտումների գործերն ուսումնասիրող հանձնաժողովի նիստին (գ. թ. 63) և հենց նույն օրն էլ ընդունվել է սույն գործով վիճարկվող որոշումը:
(...)
Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկվող 27.11.2019թ. «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 296 որոշումն ընդունվել է օրենքի վերոհիշյալ պահանջների պահպանմամբ, հետևաբար, այդ որոշումն անվավեր ճանաչելու «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավական հիմքերը բացակայում են:»:
Վճռաբեկ դատարանը, վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի հետևությունների հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը.
Սույն գործի փաստական հանգամանքները վկայում են այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության աշխատակից Հայկ Մարգարյանի կողմից 10.10.2019 թվականին կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ 032465 արձանագրության համաձայն՝ հայտնաբերվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտում, մասնավորապես՝ Ավետիսյան-Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում գործող օբյեկտը 2019 թվականի սեպտեմբերի 26-ին, ժամը 00:41-ին անհատ ձեռնարկատեր Արայիկ Անդրեասյանի կողմից աշխատեցվել է առանց թույլտվության:
Վարչական շրջանի ղեկավարի 27.11.2019 թվականի թիվ 296 որոշման համաձայն՝ անհատ ձեռնարկատեր Արայիկ Անդրեասյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 2-րդ մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ նշանակելով վարչական տույժ 200.000 ՀՀ դրամի չափով:
Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները համադրելով վերը նշված փաստական հանգամանքների հետ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործով Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել այն փաստը, որ հայցվորը հարուցված վարույթի շրջանակներում 27.11.2019 թվականին ներկայացել և մասնակցել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում վարչական իրավախախտումների գործերն ուսումնասիրող հանձնաժողովի նիստին. հենց նույն օրն էլ ընդունվել է սույն գործով վիճարկվող որոշումը: Ավելին, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նկատել, որ հայցվորը ինչպես հայցադիմումով, այնպես էլ վճռաբեկ բողոքով չի վկայակոչել իր՝ վիճարկվող վարչական ակտի կայացմանն ուղղված վարչական վարույթին մասնակից դարձված չլինելը՝ որպես վիճարկվող վարչական ակտի անվավերության ենթադրյալ հիմք։
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, անհիմն գնահատելով Դատարանի պատճառաբանությունը՝ վիճարկվող վարչական ակտի անվավերության հիմքի վերաբերյալ, անտեսել է այն հանգամանքը, որ հայցվորի կողմից հայցադիմումով ներկայացվել են նաև վիճարկվող վարչական ակտի անվավերության այլ հիմքեր, որոնք ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի կիրառման արդյունքում, չեն դարձվել դատական կարգով գնահատման առարկա։
Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("ex officio") պարզելու սկզբունքի բովանդակությունը կազմող դատավարական գործողությունները պատշաճ կատարելու համար սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ, 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցի մնացած հիմքերն ու հիմնավորումները քննության առարկա դարձնելու, գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("ex officio") պարզելու սկզբունքի բովանդակությունը կազմող դատավարական գործողությունները պատշաճ կատարելու և վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունն օրենքով սահմանված կարգով գնահատելու համար գործն անհրաժեշտ է ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, և գործն ուղարկվում է նոր քննության, գտնում է, որ տվյալ պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին պետք է անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 03.05.2022 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Հ. Բեդևյան Զեկուցող ք․ ՄԿՈՅԱՆ ա. Թովմասյան Լ․ ՀԱԿՈԲՅԱՆ Ռ. հակոբյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 փետրվարի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|