Գլխավոր տեղեկություն
Համար
N 1098-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (08.03.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.08.23/45(500) Հոդ.965
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.07.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.08.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.08.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.09.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 օգոստոսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 հուլիսի 2006 թվականի N 1098-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԻՑ ՍՏԱՑՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 15.10.09 N 1176-Ն, 07.03.24
N 321-Ն)

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28.2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «գ» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 07.03.24 N 321-Ն)

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն համարվող անշարժ գույքի, իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության, այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացվող միջոցների տնօրինման կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 15.10.09 N 1176-Ն, 07.03.24 N 321-Ն)

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ ճշտել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումից հետո մասնավորեցումից ստացված գումարների մեծությունը` ըստ համայնքների, և սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. օգոստոսի 4
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
հուլիսի 27-ի N 1098-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԻՑ ՍՏԱՑՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ
(վերնագիրը փոփ. 15.10.09 N 1176-Ն,
07.03.24 N 321-Ն)

1. Սույն կարգով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն համարվող անշարժ գույքի, այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների, ինչպես նաև իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից ստացվող մուտքերի` 30 տոկոս կազմող ֆինանսական միջոցների տնօրինման գործընթացը:

(1-ին կետը փոփ. 15.10.09 N 1176-Ն, 07.03.24 N 321-Ն)

2. Սույն կարգի 1-ին կետում նշված ֆինանսական միջոցների օգտագործման վերաբերյալ առաջարկությունները Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանն են ներկայացվում կապիտալ ծախսերի ծրագրերի (այսուհետ` ծրագիր) տեսքով, որոնց իրականացմամբ մասամբ կամ ամբողջապես լուծվում են համայնքի բնակչության խմելու և ոռոգման ջրի, համայնքային նշանակության ճանապարհների, մանկապարտեզների, ինչպես նաև այլ ենթակառուցվածքների հիմնախնդիրները:

3. Ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացվող ծրագրերը պետք է բխեն Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած մարզային, տարածաշրջանային զարգացման և այլ ծրագրերից, իսկ նախահաշիվները պետք է կազմվեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող կապիտալ շինարարության համար սահմանված նորմատիվների շրջանակներում: Նույն գումարի սահմաններում քննարկման համար մշակվում են 2 կամ ավելի ծրագրեր` տվյալ համայնքի համար առավել արդյունավետն ընտրելու նպատակով:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ՝ կոմիտե) մասնավորեցումից ստացված գումարների փոխանցման մասին տեղեկատվությունը 10-օրյա ժամկետում տրամադրում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, ինչպես նաև համապատասխան համայնքին:

(4-րդ կետը խմբ. 07.03.24 N 321-Ն)

5. Առաջարկել`

1) Երևանի քաղաքապետին` կոմիտեի կողմից ներկայացված տեղեկատվությունն ստանալուց հետո երկամսյա ժամկետում Երևանի ավագանու նիստի քննարկմանը ներկայացնել ծրագիրը և այն հաստատվելու օրվանից 10-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին.

2) համայնքի ղեկավարին` կոմիտեի կողմից տեղեկատվությունն ստանալուց հետո երկամսյա ժամկետում համայնքի ավագանու նիստի քննարկմանը ներկայացնել ծրագիրը և այն հաստատվելու օրվանից 10-օրյա ժամկետում ներկայացնել համապատասխան մարզպետին:

(5-րդ կետը խմբ. 15.10.09 N 1176-Ն, 07.03.24 N 321-Ն)

6. Մարզպետը 5-օրյա ժամկետում ստուգում է ծրագրի (ծրագրերի) համապատասխանությունը սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերի դրույթներին և ներկայացնում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:

(6-րդ կետը փոփ. 07.03.24 N 321-Ն)

7. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, քննարկելով ներկայացված ծրագրի (ծրագրերի) համապատասխանությունը սույն կարգի պահանջներին, 10-օրյա ժամկետում այն (դրանք) ներկայացնում է շահագրգիռ մարմինների քննարկմանը, այնուհետև՝ ստացված առաջարկությունները ամփոփելուց հետո, սահմանված կարգով, այն (դրանք) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:

(7-րդ կետը լրաց. 15.10.09 N 1176-Ն, խմբ. 07.03.24 N 321-Ն)

8. Ծրագրերի կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը:

(8-րդ կետը փոփ. 15.10.09 N 1176-Ն, 07.03.24 N 321-Ն)

(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 15.10.09 N 1176-Ն, փոփ., խմբ. 07.03.24 N 321-Ն)
 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան