Գլխավոր տեղեկություն
Համար
N 458
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (03.09.1996-10.07.2000)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.09.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
10.09.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.09.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.07.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 սեպտեմբերի 1993 թվականի N 458

 

քաղ. Երևան

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՌԱՎԵԼ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(համաձայն 03.09.96 N 276 որոշման 5-րդ կետի` որոշումը, բացառությամբ 4-րդ կետի, ուժը կորցրել է)

 

4. Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թվականի ապրիլի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների ու կրթաթոշակների չափերի ինդեքսավորման մասին» հրամանագրի 15-րդ կետի, հաստատել Հայաստանի Հանրապետությունում սոցիալապես առավել անապահով ընտանիքներին ընտանեկան նպաստներ նշանակելու և վճարելու կարգի մասին ժամանակավոր կանոնադրությունը (կցվում է):


 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1993 թվականի
սեպտեմբերի 10-ի N 458 որոշմամբ

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՌԱՎԵԼ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թվականի ապրիլի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների ու կրթաթոշակների չափերի ինդեքսավորման մասին» հրամանագրին համապատասխան, սույն կանոնադրությամբ ընտանեկան նպաստներ են նշանակվում և վճարվում սոցիալապես առավել անապահով քաղաքաբնակ ընտանիքներին:

2. Ընտանեկան նպաստների վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թվականի ապրիլի 18-ի վերոհիշյալ հրամանագրի 7-րդ կետով նախատեսված երեխաներին չփոխհատուցված գումարների հաշվին:

 

II. ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ՆՊԱՍՏԻ ՉԱՓԸ

 

 3. Ընտանեկան նպաստ (այսուհետև` նպաստ) ստանալու իրավունք ունեն այն ընտանիքները, որտեղ ընտանիքի յուրաքանչյուր անդամին ընկնող միջին ամսական ամբողջական եկամուտը չի գերազանցում դիմում տալու պահին նախորդած բնակչության եկամուտների ինդեքսավորման ժամանակաշրջանի համար հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 60 տոկոսը:

4. Նպաստ նշանակվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար դիմում տալու պահին նախորդած բնակչության եկամուտների ինդեքսավորման ժամանակաշրջանի համար հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի ընտանիքի անդամների հաշվարկով դիմում տալու պահին նախորդած բնակչության եկամուտների ինդեքսավորման ժամանակաշրջանի համար հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 60 տոկոսից:

5. Նպաստի իրավունքը որոշելիս ընտանիքի կազմում հաշվի են առնվում համատեղ բնակվող (տվյալ բնակարանում հաշվառված) ընտանիքի բոլոր անդամները, այդ թվում` խորթ երեխաներն ու որդեգրվածները, բացառությամբ ժամկետային ծառայության զինծառայողների, լիովին պետական խնամքի տակ գտնվող անձանց (մանկատներ, երեխայի տներ, հաշմանդամների տներ, գիշերօթիկ տներ և դպրոցներ, զինվորական ուսումնարաններ), և այն երեխաների, որոնց նկատմամբ ծնողները սահմանված կարգով զրկվել են ծնողական իրավունքներից, խնամակալության տակ գտնվող անձանց և օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված միայնակ անձանց, ինչպես նաև երկկողմանի ծնողազուրկ երեխաների:

6. Խնամակալության տակ գտնված և օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված միայնակ անձանց, ինչպես նաև երկկողմանի ծնողազուրկ երեխաներին խնամակալների ընտանիքներում նպաստ նշանակելիս միջին ամսական ամբողջական եկամտի կազմում հաշվի է առնվում միայն նրանց տրվող կենսաթոշակները, նպաստները, այլ եկամուտներն ու վճարումները:

 

III. ԸՆՏԱՆԻՔԻ ՄԻՋԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԵԿԱՄՏԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

 

 7. Ընտանիքի միջին ամբողջական եկամուտը հաշվարկվում է նպաստ նշանակելու մասին դիմում տալու պահին նախորդած բնակչության եկամուտների ինդեքսավորման ժամանակաշրջանի վերջին ամսվա ընտանիքի ստացած եկամուտներով:

Ընտանիքի անդամի միջին ամսական ամբողջական եկամուտը հաշվարկվում է նշված ամսվա եկամուտների ընդհանուր գումարն ընտանիքի անդամների թվի վրա բաժանելով: Ընդ որում, ընտանիքի կազմում հաշվի են առնվում ընտանիքի այն անդամներն ու նրանց եկամուտները, որոնք նպաստ նշանակելու ժամանակաշրջանում համարվել են ընտանիքի անդամներ:

8. Նպաստներ նշանակելիս ընտանիքի ամբողջական եկամտի կազմում հաշվի են առնվում`

ա) աշխատավարձը, այդ թվում` արտաժամյա, տոնական և հանգստի օրերին ու համատեղությամբ կատարված աշխատանքի համար, բոլոր տեսակի հավելումներն ու լրացուցիչ վարձատրությունները, տվյալ ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում աշխատանքի վարձատրության համակարգով սահմանված պարգևները` անկախ դրանց վճարման պարբերականությունից և աղբյուրներից, երկարամյա ծառայության համար վճարվող տոկոսային հավելավճարները և ամենամյա վարձատրությունները, ձեռնարկության կամ կազմակերպության աշխատանքի տարեկան ընդհանուր արդյունքի համար նյութական խրախուսման ֆոնդից կատարվող վարձատրությունները:

Դրամական պարգևներն ու ամենամյա վարձատրություններն ընտանիքի ամբողջական եկամտի մեջ են մտցվում` ըստ դրանց հաշվեգրման ժամանակի.

բ) մշտական բնույթ կրող դրամական մյուս վճարումները (դաշտային բավարարում), աշխատանքի շրջիկ ու շարժական բնույթի համար կատարվող.

գ) մշտական բնույթ կրող դրամական մյուս վճարումները (դաշտային բավարարում), աշխատանքի շրջիկ ու շարժական բնույթի համար կատարվող հավելավճարները և այլն (բացի գործուղման և տեղափոխության ծախսերի դիմաց կատարվող վճարումներից).

դ) ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտը, գրական գեղարվեստական, երաժշտական, դերասանական, թարգմանչական ու այլ գործունեությունից և մատուցված ծառայությունից ստացվող եկամուտները Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության տեղական մարմինների տվյալների հիման վրա.

ե) հեղինակային հոնորարի հիմնադրամից հաստիքային գրական աշխատողներին, նկարիչներին, լուսանկարիչ-թղթակիցներին ու մյուս անձանց վճարվող վարձատրությունների բոլոր տեսակները, ինչպես նաև ստեղծագործությունների հրապարակային կատարման համար վարձատրությունները, փաստաբանների վաստակի բոլոր տեսակները.

զ) առողջարանային վայրերում բնակելի տարածությունը վարձով հանձնելուց, ինչպես նաև այլ վայրերում այն որպես ամառանոց հանձնելուց ստացվող եկամուտները.

է) զինծառայողների դրամական բավարարումը.

ը) հաշմանդամության կամ առողջությանը հասցված վնասի փոխհատուցման կարգով վճարվող գումարները.

թ) առանձին քաղաքացիների մոտ կամ քաղաքացիների կոլեկտիվում աշխատանքով զբաղված անձանց փաստացի վաստակը, ընդ որում, այդ անձանց աշխատավարձի բնամթերային մասն ամբողջական եկամտի մեջ է մտցվում դրամական վարձի 100 տոկոսի չափով.

ժ) պետական, հասարակական, հասարակական-քաղաքական, կրոնական կազմակերպությունների, ասոցիացիաների, համատեղ ձեռնարկությունների, անհատ անձանց կողմից տարադրամով, ռուբլով կամ որևէ այլ դրամով դրամական կամ բնամթերային ձևով ցուցաբերած մարդասիրական օգնության գումարները.

ի) կրթաթոշակները և նպաստի բոլոր տեսակները (գործազրկության, միայնակության, անաշխատունակության, հղիության և ծննդաբերության, երեխային ամենամսյա, երեխային մինչև երկու տարեկան հասակի հասնելու նպաստ և այլն, բացի թաղման նպաստից).

լ) հասարակական աշխատանքներից, ինչպես նաև պատահական և կարճատև բնույթի աշխատանքներից ստացած վաստակը.

խ) սեփականաշնորհումից ստացված եկամուտները.

ծ) բնակարանի, փոխադրամիջոցի վաճառքից ստացած գումարը.

կ) սահմանված կարգով նվիրատվությամբ, ժառանգությամբ ստացած դրամը, իրի արժեքը.

հ) օրենսդրությամբ սահմանված կարգով շահած գումարները կամ իրերի արժեքը.

ձ) բնակարանը, առանձնատունը, ավտոտնակը, ավտոմեքենան, բակը վարձով տալու համար ստացած եկամուտները.

ղ) ալիմենտները, ընդ որում, ստացվող ալիմենտները հաշվի են առնվում եկամտում, իսկ վճարվողներից` հանվում են.

ճ) անձնական օժանդակ տնտեսությունից սահմանված կարգով ու նորմատիվներով ստացվող եկամուտը և այլն.

մ) դիվիդենտները, խնայբանկի տոկոսները, ակցիաների վաճառքից ստացված եկամուտները:

9. Նպաստներ նշանակում է քաղաքացիների մշտական բնակության վայրի շրջանի, քաղաքի, քաղաքի շրջանի սոցիալական ծառայությունը:

10. Նպաստ նշանակելու մասին դիմումները տրվում են սոցիալական ծառայությանը:

Նպաստ նշանակելու համար անհրաժեշտ դիմումի ձևը սահմանվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության կողմից:

11. Նպաստ նշանակելու մասին դիմումի հետ պետք է ներկայացվեն`

ա) տեղեկանք ընտանիքի կազմի մասին, որտեղ պետք է նշված լինի ընտանիքի յուրաքանչյուր անդամի ազգանունը, անունը, հայրանունը և ազգակցական կապը.

բ) ընտանիքի անդամների անձը հաստատող փաստաթղթերը:

12. Այն ընտանիքները, որոնց կազմում կան խորթ երեխաներ, տեղեկանք են ներկայացնում նաև այն մասին, որ այդ երեխաները մյուս ծնողի ընտանիքում չեն հաշվառված և նրանց համար նպաստ չի վճարվում:

Ամուսինների անջատ ապրելու դեպքում նպաստի համար դիմող ամուսինը պետք է տեղեկանք ներկայացնի մյուս ամուսնու եկամտի կամ նրանից երեխաների համար ստացված ալիմենտների չափի մասին:

 

IV. ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ ԵՎ ՎՃԱՐՈՒՄԸ

 

13. Նպաստ նշանակվում է ընտանիքի չափահաս անդամներից մեկին` մյուսների փոխադարձ համաձայնությամբ:

Չափահաս անդամներից մեկի համաձայնությունը չլինելու դեպքում, վեճը լուծում է սոցիալական ծառայությունը` ելնելով ընտանիքի մյուս անդամների շահերից:

14. Նպաստներ նշանակելու մասին դիմումները սոցիալական ծառայությունը քննարկում է ոչ ուշ ,քան բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով դիմումը ստանալուց կամ լրացուցիչ փաստաթղթերը ստանալուց հետո` 10 օրվա ընթացքում:

15. Սոցիալական ծառայությունը նպաստներ նշանակելու մասին որոշում կայացնելուց հետո, 5 օրվա ընթացքում, հայտնում է դիմողին: Նպաստի նշանակումը մերժելու դեպքում նշվում են մերժման պատճառները և որոշումը գանգատարկելու կարգը:

16. Նպաստ նշանակող մարմնի որոշումը կարող է գանգատարկվել պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհրդի գործկոմ կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարություն:

17. Նպաստը նշանակվում և վճարվում է նպաստի համար դիմելու ամսվանից մինչև բնակչության եկամուտների ինդեքսավորման հաջորդ ժամանակաշրջանը:

Նպաստի վճարումը շարունակվում է բնակչության եկամուտների ինդեքսավորման հաջորդ ժամանակաշրջանում սույն կանոնադրության 4-րդ կետով սահմանված չափերով, եթե նպաստառուի ընտանիքի կազմում և ստացած եկամուտներում (ինդեքսավորմամբ պայմանավորված եկամուտների աճից բացի) փոփոխություններ չեն եղել:

18. Նպաստ նշանակելու մասին դիմումը, ներկայացված բոլոր փաստաթղթերը նպաստ նշանակող մարմնի որոշման հետ միասին, դրամական փաստաթղթերին համահավասար պահվում են նպաստառուի գործում:

Մեկ ընտանիքին նշանակվում է ընտանեկան մեկ նպաստ:

19. Նպաստառուի բացակայության դեպքում, ընտանիքի այլ չափահաս անդամին նպաստի վճարման հարցը որոշվում է սոցիալական ծառայության կողմից:

20. Նպաստները վճարվում են սոցիալական ծառայության կողմից սահմանված ժամկետներում:

21. Սոցիալական ծառայության ղեկավարը սահմանված կարգով պատասխանատվություն է կրում նպաստների նշանակման և վճարման կարգի վերաբերյալ գործող օրենսդրության պահպանման համար:

22. Նպաստ նշանակված ընտանիքի բնակության այլ վայր տեղափոխվելու դեպքում նպաստի վճարումը նախկին բնակավայրի սոցիալական ծառայության կողմից դադարեցվում է և նոր բնակության վայրի սոցիալական ծառայության կողմից վերսկսվում նախկին վայրում այն դադարեցվելու ժամանակից:

Նպաստ նշանակված ընտանիքի գործը, նպաստառուի դիմումի համաձայն, ուղարկվում է նոր բնակության վայրի սոցիալական ծառայություն` նշելով այն ամիսը, մինչև որը նպաստը վճարվել է:

23. Սոցիալական ծառայության որոշման հիման վրա նպաստի ավելի վճարված գումարը նպաստառուից հետ է պահվում հաշվարկային (թվաբանական) սխալի դեպքում:

Նպաստի ավելի վճարված գումարը հետ է պահվում նպաստառուից նպաստի հաջորդ վճարումից ոչ ավելի, քան ամեն ամիս 20 տոկոսի չափով:

 

V. ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

24. Նպաստառուի կողմից ակնհայտ սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու, վաստակը կամ այլ եկամուտը, ընտանիքի կազմում տեղի ունեցած փոփոխությունները թաքցնելու դեպքում նպաստի վճարումը դադարեցվում է հայտնաբերման օրվանից, և տվյալ ընտանիքն առնվազն մեկ տարի զրկվում է նպաստ ստանալու իրավունքից:

Նպաստի ավելի վճարված գումարները կարող են հետ պահվել պետական բյուջե` նոտարական մարմնի կատարողական մակագրության կամ դատարանի վճռի հիման վրա:

Նպաստի վճարման դադարեցումը կատարվում է նպաստ նշանակող սոցիալական ծառայության որոշմամբ` համապատասխան հանգամանքների առաջացման հաջորդող ամսից:

25. Եթե բնակչության եկամուտների ինդեքսավորման ժամանակահատվածում ծագում են այնպիսի հանգամանքներ, որոնց հետևանքով պետք է դադարեցվի նպաստի վճարումը, նպաստ ստացողները պարտավոր են այդ մասին հայտնել նշանակող սոցիալական ծառայությանը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
03.07.2000, N 350 10.07.2000, N 458
03.09.1996, N 276 03.09.1996, N 458
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան