Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունվարի 2024 թվականի N 104-Լ
«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-752-22.12.2023-ԳԿ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
25.01.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-752-22.12.2023-ԳԿ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) նախատեսվում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 9-րդ հոդվածի 3-րդ մասում և 57-րդ հոդվածի 12-րդ մասում «ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը,» բառերից հետո լրացնել «քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները,» բառերով:
Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացնում է հետևյալ դիտարկումները:
1. Նախագծում կիրառվող «քրեական ենթամշակույթի քարոզ» եզրույթը հստակեցման կամ վերաձևակերպման կարիք ունի, քանի որ կարող է իրավակիրառ պրակտիկայում տարաբնույթ հայեցողական մեկնաբանությունների տեղիք տալ:
Մասնավորապես, պարզ չէ, թե ինչ չափորոշիչներ են հիմք ընդունվելու ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները «որպես քրեական ենթամշակույթ քարոզող» դիտարկելիս, արդյո՞ք քրեական ենթամշակույթին հարող անձի վերաբերյալ ֆիլմը կամ տեսալսողական հաղորդումը, որտեղ տվյալ անձը հանդես է գալիս որպես բացասական կերպար կամ ֆիլմի և հաղորդման շրջանակներում նման անձին ինչ-որ ձևով անդրադառնալը համարվելու է քրեական ենթամշակույթի քարոզ:
Հարկ է նկատի ունենալ նաև, որ կինոարտադրական արդյունքը (ֆիլմը, ֆիլմաշարը, սերիալը) ինքնին հանդիսանում է քարոզչության ազդեցիկ մեխանիզմ, և առկա ձևակերպմամբ ցանկացած տեսարան և արտադրանք կարելի է որակել որպես «քարոզ»: Առավել մտահոգիչ է «քրեական» դրամա և «մարտաֆիլմ» ժանրերի արտադրանքի և գեղարվեստական արժեք ներկայացնող կամ հեղինակային ֆիլմերի տարածման տեսանկյունից:
Առաջարկում ենք նախագծի ընդունման հիմնավորումը ևս լրամշակել և ներկայացնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին համապատասխան, որոնց համաձայն՝ փորձաքննության ներկայացվող նորմատիվ իրավական ակտին կցվող հիմնավորման մեջ շարադրվում են կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը, առկա իրավիճակը (եթե կիրառելի է), կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը, ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը:
Այս առումով հարկ է նշել նաև, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, 2014 թվականի դեկտեմբերի 2-ի ՍԴՈ–1176 որոշմամբ անդրադառնալով օրենքների հիմնավորվածությանը, արձանագրել է. «(…) օրենսդրությունն ստատիկ երևույթ չէ, այն կարող է և պետք է ենթարկվի դինամիկ փոփոխության՝ մշտապես կատարելագործվելով տնտեսական զարգացմանը, տեղի ունեցող միջազգային ինտեգրման գործընթացներին, հասարակական հարաբերությունների վերափոխմանն ու մի շարք այլ գործոններին համահունչ։ (…) Միևնույն ժամանակ, սահմանադրական դատարանը կարևորում է օրենսդրական փոփոխությունների գործընթացի կայունությունն ու ներդաշնակությունը, օրենքների փոփոխման հիմնավորվածությունն ու օբյեկտիվ անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն է ընձեռում իրավունքի սուբյեկտին իր վարքագիծը համապատասխանեցնելու փոփոխվող օրենսդրական նորմերին` թույլ չտալով իրավակիրառ մարմինների կողմից ցուցաբերված սուբյեկտիվիզմի դրսևորում և հայեցողության ընդլայնում»:
2. Միաժամանակ հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված օրենսդրական տեխնիկայի կանոնները՝ առաջարկում ենք նախագծի՝
1) վերնագիրը գրել մեծատառերով.
2) 1-ին և 2-րդ հոդվածները միավորել և շարադրել որպես մեկ հոդված:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|