ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 դեկտեմբերի 2023 թվականի N 2344-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 3-րդ կետի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7) պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար բժշկական կազմակերպություններ ուղեգրման կարգը՝ համաձայն N 7 հավելվածի».
2) որոշման N 1 հավելվածի՝
ա. 2-րդ կետը «սահմանափակումով» բառից հետո լրացնել «, ինչպես նաև 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք» բառերով,
բ. 3-րդ կետը «սահմանափակումով» բառից հետո լրացնել «, ինչպես նաև նաև 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք» բառերով,
գ. 4-րդ կետը «սահմանափակումով» բառից հետո լրացնել «, ինչպես նաև 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք» բառերով,
դ. 19-րդ կետը «շրջանակներում)» բառից հետո լրացնել «, ինչպես նաև զինծառայության ընթացքում ստացած վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձինք, որոնց բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամության խումբ չի սահմանվել (հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում՝ վերականգնողական անհատական ծրագրի շրջանակներում և վերականգնողական անհատական ծրագրերի գործողության ժամկետում)» բառերով.
3) որոշման N 4 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի.
4) որոշման N 5 հավելվածի 2-րդ կետի՝
ա. 9-րդ ենթակետը «սահմանափակումով» բառից հետո լրացնել «, ինչպես նաև 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք» բառերով,
բ. 10-րդ ենթակետը «սահմանափակումով» բառից հետո լրացնել «, ինչպես նաև նաև 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք» բառերով.
5) որոշման N 7 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի.
6) որոշման N 8 հավելվածի աղյուսակի 2-րդ կետը «սահմանափակումով» բառից հետո լրացնել «, ինչպես նաև 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք» բառերով.
7) որոշման N 10 հավելվածի՝
ա. 2-րդ կետը «սահմանափակումով» բառից հետո լրացնել «, ինչպես նաև 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք» բառերով,
բ. 3-րդ կետը «սահմանափակումով» բառից հետո լրացնել «, ինչպես նաև 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք» բառերով,
գ. 4-րդ կետը «սահմանափակումով» բառից հետո լրացնել «, ինչպես նաև 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք» բառերով.
8) որոշման N 2 հավելվածի «V1» բաժինը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 3 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝
1) յուրաքանչյուր եռամսյակ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել ամփոփ հաշվետվություն փորձարարական ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ.
2) մինչև 2024 թվականի հունվարի 30-ը մշակել և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համաձայնեցնել օֆերտային պայմանագրի օրինակելի նոր ձև:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2023 թվականի դեկտեմբերի 16-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
(3-րդ կետը լրաց. 08.02.24 N 194-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
29.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2344-Ն որոշման |
«Հավելված N 4 ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԳՐՄԱՆ
1. Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ծառայություններն իրականացվում են՝
1) տվյալ կազմակերպության տարեկան պայմանագրային գումարի շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից տվյալ ենթամիջոցառման համար հաստատված ամսական համամասնության չափով.
2) պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման սկզբունքով (օֆերտա):
1. Պայմանագրային գումարի տվյալ ամսվա համար հաստատված համամասնության սպառման կամ համապատասխան ծառայության թողունակության անբավարարության դեպքում բժշկական կազմակերպությունը բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացնում է հերթագրման եղանակով:
2. Երբ պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման սկզբունքով (օֆերտա) ծրագրերով/միջոցառումներով/ենթամիջոցառումներով փոխհատուցվող կազմակերպությունների կողմից մատուցվող (մատուցվելիք) ծառայությունների ընդհանուր արժեքը գերազանցում է տվյալ ենթամիջոցառման մասով եռամսյակի համար (աճողական) հատկացված գումարը 30%-ով, ապա տվյալ ծրագրերով/միջոցառումներով/ենթամիջոցառումներով ծառայություններ մատուցող կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ծանուցումից հետո ծառայությունները մատուցվում են հերթագրման եղանակով: Սույն կետի մասով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով առանձին միջոցառումների կամ ենթամիջոցառումների մասով չափաքանակների սահմանված լինելու դեպքում որպես հաստատված տարեկան գումար ընդունվում է տվյալ միջոցառման կամ ենթամիջոցառման հաստատված մեծությունը:
3. Հերթագրման ենթակա չեն հետևյալ ծառայություններով և շահառուների իրականացվող բժշկական օգնությունը և սպասարկումը՝
1) անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների բժշկական օգնություն և սպասարկում.
3) հոգեկան և նարկոլոգիական հիվանդների բժշկական օգնություն և սպասարկում.
4) նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց բժշկական օգնություն և սպասարկում, այդ թվում՝ փորձաքննություն.
5) ծննդօգնություն և հղիության ախտաբանություն՝ հիվանդանոցային բժշկական օգնության մասով.
6) արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում՝ բացառությամբ հետևյալ ծառայությունների՝
ա. մասնագիտացված ստոմատոլոգիական,
բ. արտահիվանդանոցային դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշմամբ սահմանված կարգով համապատասխան տարածքային զինվորական կոմիսարի կողմից ուղեգրված զորակոչային տարիքի անձանց, դատաբժշկական, դատահոգեբուժական, դատաթմրաբանական և թմրաբանական փորձաքննության համար իրավասու պետական մարմնի ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտությունների, անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովների ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտությունների,
գ. մտավոր, հոգեկան (վարքագծային), լսողական, ֆիզիկական (շարժողական) և զարգացման այլ խանգարումներով երեխաների գնահատման և վերականգնողական բուժման,
դ. ախտորոշման ճշտման նպատակով լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ նեղ մասնագիտացված կենտրոններում և շարունակական հսկողություն պահանջող և առանձին հիվանդությունների բուժման.
7) չարորակ հիվանդությունների բուժում.
8) հեմոդիալիզի և պերիտոնեալ դիալիզի անցկացման.
9) դատաբժշկական, դատահոգեբուժական, դատաթմրաբանական և թմրաբանական փորձաքննության համար իրավասու պետական մարմնի ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտություններ.
10) ախտաբանաանատոմիական.
11) անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտություններ.
12) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամների բժշկական օգնություն և սպասարկում.
13) Հայաստանի Հանրապետության օլիմպիական և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի ազգային հավաքականների անդամների բժշկական օգնություն և սպասարկում:
4. Պացիենտների հերթագրումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով:
5. Էլեկտրոնային հերթագրումը կատարվում է էլեկտրոնային առողջապահության համակարգով` էլեկտրոնային ուղեգրման միջոցով:
6. Էլեկտրոնային հերթագրումը կատարվում է ըստ դիմելիության ժամկետների, էլեկտրոնային ուղեգրի հիման վրա, որն արտացոլվում է էլեկտրոնային առողջապահության համակարգի համապատասխան հաշվետվողական ձևի մեջ:
7. Պացիենտների հերթագրման դեպքում բժշկական կազմակերպությունը նրանց, անհրաժեշտության դեպքում, ապահովում է անվճար բժշկական (մասնագիտական) և դեղորայքային բուժման վերաբերյալ խորհրդատվությամբ:
8. Պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով էլեկտրոնային ուղեգիրը տալու օրվանից մեկ ամսվա ընթացքում պացիենտը կարող է դիմել է բժշկական կազմակերպություն: Բժշկական կազմակերպությունում հերթի առկայության դեպքում, հերթագրված պացիենտը, մինչև հերթագրմամբ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու ժամկետը, պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով նույն բժշկական օգնությունը և սպասարկումն ստանալու համար կարող է դիմել նաև պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող այլ կազմակերպություններ, ընդ որում՝
1) ուղեգրի ուժի մեջ լինելու (ուղեգիրը տալու օրվանից մեկ ամիս) դեպքում՝ նույն ուղեգրով, որի դեպքում պացիենտը դիմում է այն բժշկական կազմակերպությանը, որտեղ հերթագրված է և որի կողմից ընդունված էլեկտրոնային ուղեգիրը չեղարկվում է, և պացիենտը դիմում է այն բժշկական կազմակերպություն, որտեղ նախատեսում է ստանալ պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում.
2) ուղեգիրը տալու պահից մեկ ամիսը լրացած լինելու դեպքում՝ նոր ուղեգրով: Ընդ որում, նոր ուղեգրի տրամադրման նախապայման է նախորդ ուղեգրի չեղարկումը:
9. Պացիենտների հերթագրումը կատարվում է ըստ դիմելիության ժամկետների, էլեկտրոնային ուղեգրի հիման վրա, որի վերաբերյալ հիվանդներին տրվում է հերթագրման թերթիկ (ձև N 1) կամ էլեկտրոնային եղանակով ծանուցում՝ էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով:
10. Բժշկական կազմակերպությունները հաստատում են պացիենտների հերթագրման ներքին կարգ՝ ներառյալ հերթագրման մասնագիտական հանձնաժողովի կազմը և գործունեության կանոնակարգը:
11. Հերթագրված պացիենտներին կարող է արտահերթ բժշկական օգնություն տրամադրվել համապատասխան բժշկական ցուցումների առկայության դեպքում, որի մասին որոշումն ընդունվում է հերթագրման մասնագիտական հանձնաժողովի կողմից:
12. Հերթագրված պացիենտների հերթագրման ժամկետները պացիենտների համաձայնությամբ կարող են կրճատվել կազմակերպությունների պայմանագրային կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի տվյալ ծրագրի/միջոցառման/ենթամիջոցառման գումարների ավելացման, ինչպես նաև հերթագրված պացիենտների բժշկական օգնություն և սպասարկում չստանալու դեպքերում:
13. Հերթագրված պացիենտներն իրենց բժշկական օգնության ժամկետների փոփոխության մասին տեղեկացվում են գրավոր, հեռախոսով կամ կապի այլ միջոցներով:
14. Բժշկական կազմակերպությունը բնակչությանն ապահովում է հիվանդների հերթագրման կարգի, հերթագրման հանձնաժողովի գործունեության կարգի և կազմի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությամբ:
15. Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման իրավունք ունեցող` հերթագրված կամ հերթագրման ենթակա պացիենտներին հերթագրման կարգից դուրս` արտահերթ բժշկական օգնությունն իրականացվում է վճարովի հիմունքներով, տվյալ բժշկական կազմակերպությունում սահմանված կարգով և գներով, պացիենտի կամ նրա հարազատի տեղեկացված գրավոր համաձայնությամբ:»:
Ձև N 1
Հ Ե Ր Թ Ա Գ Ր Մ Ա Ն Թ Ե Ր Թ Ի Կ N ___
Ամիս, ամսաթիվ, տարեթիվ __________________
Ազգանուն, անուն ___________________________
Բնակության վայր ____________________________
Նախատեսվող ընդունման ամսաթիվ __________________________________________
Պացիենտ կամ նրա ներկայացուցիչ ___________________________________________
(ստորագրությունը)
Բժշկական կազմակերպության պատասխանատու ______________________________»:
(ստորագրությունը)
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
29.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2344-Ն որոշման |
«Հավելված N 7 ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՂԵԳՐԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով քաղաքացիներին բժշկական կազմակերպություններ ուղեգրելու հետ կապված հարաբերությունները:
2. Առանց ուղեգրի կամ այլ հիմքերով պետության կողմից երաշխավորված բժշկական օգնություն և սպասարկում ստանալու դեպքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով:
3. Պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար ուղեգրումներն իրականացվում են էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով:
4. Էլեկտրոնային ուղեգիրը (այսուհետ՝ ուղեգիր) պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար հիմք հանդիսացող էլեկտրոնային առողջապահության համակարգում գործող բժշկական փաստաթուղթ է, որը լրացվում է ուղեգրող բժշկի կողմից` կցելով պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու հիմքերը:
5. Ուղեգիրն ուժի մեջ է այն տալուց մեկ ամիս, ընդ որում՝ ուղեգրի ուժի մեջ լինելու ժամանակահատվածում բժշկական կազմակերպության կողմից պացիենտին հերթագրելու դեպքում այն վավեր է մինչև պացիենտին բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու օրը:
6. Ուղեգիրն էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով ընդունվում է այն բժշկական կազմակերպության կողմից, ուր դիմել է պացիենտը՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթը: Ուղեգիրն ընդունելուց հետո բժշկական կազմակերպությունը ցուցաբերում է բժշկական օգնություն և սպասարկում կամ սույն որոշման N 4 հավելվածով սահմանված կարգով հերթագրում է:
7. Սույն որոշմամբ սահմանված կարգով ուղեգիր տրամադրում են`
1) առողջության առաջնային պահպանման ծառայություններ իրականացնող բժշկական կազմակերպությունները.
2) դատաբժշկական, դատահոգեբուժական, դատաթմրաբանական և թմրաբանական փորձաքննություն իրականացնող կազմակերպությունները.
3) սույն որոշման N 2 հավելվածի 9-րդ կետով սահմանված ուղեգրող հանձնաժողովները.
4) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը.
5) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ռազմաբժշկական կամ բժշկական վարչությունները, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինվորական կոմիսարիատների բժշկական հանձնաժողովները, զինվորական հոսպիտալները և կենտրոնական պոլիկլինիկան: Ընդ որում, զինծառայողների ուղեգրումներն իրականացվում են բացառապես Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության, զինվորական հոսպիտալների և կենտրոնական պոլիկլինիկայի միջոցով.
6) անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովները, ինչպես նաև բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինը՝ լրացուցիչ բժշկական հետազոտության մասով.
7) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:
8. Ուղեգրում ներառվում են առնվազն հետևյալ տեղեկությունները՝
1) ուղեգրի համարը.
2) ուղեգրող բժշկական կազմակերպության կամ մարմնի անվանումը.
3) ուղեգրվող անձի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անձնագրի կամ նույնականացման քարտի կամ ծննդյան վկայականի համարը.
4) պացիենտի նախնական ախտորոշումը.
5) ուղեգրման նպատակը, այն է՝
ա. ախտորոշման ճշտում նեղ մասնագիտացված կենտրոններում արտահիվանդանոցային պայմաններում,
բ. ֆիզիկական, մտավոր, լսողական և զարգացման հապաղումներ ունեցող երեխաների բժշկական օգնություն և սպասարկում արտահիվանդանոցային պայմաններում,
գ. ախտորոշման ճշտում հիվանդանոցային պայմաններում,
դ. բուժում հիվանդանոցային պայմաններում,
ե. հատուկ և դժվարամատչելի հետազոտություն/հետազոտություններ,
զ. առողջարանային բուժում,
է. վերականգնողական բուժում հիվանդանոցային պայմաններում,
ը. փորձաքննություն (ֆունկցիոնալության գնահատման, ինչպես նաև բժշկասոցիալական փորձաքննության իրականացման նպատակով, դատաբժշկական, դատահոգեբուժական, դատաթմրաբանական և թմրաբանական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտության ենթարկվողներ, ռազմաբժշկական, նախազորակոչային, զորակոչային),
թ. այլ.
6) ուղեգրող անձի անունը, ազգանունը.
7) ուղեգիրը տրամադրելու օրը, ամիսը, տարեթիվը.
8) ենթամիջոցառումը (ծածկույթը) և ծառայությունը (յոթանիշ կոդ):»
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
29.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2344-Ն որոշման |
«V.1
36.1. Պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման սկզբունքը կիրառվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարարական ծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին բժշկական օգնության ծառայություններ», «Մանկաբարձական բժշկական օգնության ծառայություններ», «Հեմոդիալիզի և պերիտոնեալ դիալիզի անցկացման ծառայություններ», «Սրտի անհետաձգելի վիրահատություններ» ծրագրերի, ինչպես նաև «Առողջության առաջնային պահպանման» ծրագրի ըստ մարդաշնչի փոխհատուցվող միջոցառումների/ենթամիջոցառումների վրա, իսկ գումարները նախատեսվում են բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նպաստներ» հոդվածով:
36.2. Սկսած 2024 թվականի հունվարի 1-ից փորձարարական եղանակով 6 ամիս ժամկետով պայմանագրային գումարի չսահմանափակման սկզբունքը կիրառվում է նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի «Առողջության առաջնային պահպանման ծառայություններ» միջոցառման ըստ փաստացի կատարողականի փոխհատուցվող ենթամիջոցառումներ, «Կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգ», «Սոցիալապես անապահով և առանձին խմբերում ընդգրկվածների բժշկական օգնության ծառայություններ», «Երեխաների հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ», «Մտավոր, հոգեկան (վարքագծային), լսողական, ֆիզիկական (շարժողական) և այլ զարգացման խանգարումներով երեխաների գնահատման և վերականգնողական բուժման ծառայություններ», «Անպտուղ զույգերի համար վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության ծառայություններ», «Բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկենտոնուրիայի, լսողության և տեսողության (անհասների ռետինոպաթիա) խանգարումների, կոնքազդրային հոդի խախտման վաղ հայտնաբերման նպատակով նորածնային սքրինինգների անցկացում», «Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ», «Դատաբժշկական փորձաքննություններ», «Ախտաբանաանատոմիական հետազոտություններ», «Ստոմատոլոգիական բժշկական օգնության ծառայություններ», «Թրաֆիքինգի զոհերին բժշկական օգնության ծառայություններ», «Շտապ բժշկական օգնության ծառայություններ», «Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ», «Փոխպատվաստման ծառայություններ», «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և բուժօգնության ծառայություններ», «Աղիքային և այլ ինֆեկցիոն հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» միջոցառումների համար:
36.3. Սույն հավելվածի 36.1-ին և 36.2-րդ կետերով նախատեսված ծրագրերում/միջոցառումներում/ենթամիջոցառումներում ընդգրկված շահառուներին ծառայություններ կարող են մատուցել այն կազմակերպությունները, որոնք բավարարում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հրապարակված հրապարակային օֆերտայի պայմանագրով սահմանված որակավորման պայմաններին: Ծառայություններ մատուցելու ցանկություն հայտնած կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 453-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հրապարակված հրապարակային օֆերտայի հիման վրա կնքված պայմանագրով: Ընդ որում, ծառայություններ մատուցելու ցանկություն հայտնած կազմակերպության դիմումը պետք է պարունակի հայտարարություն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հրապարակված հրապարակային օֆերտայի պայմաններն ամբողջությամբ և անվերապահորեն ընդունելու և ծառայությունները սույն հավելվածի 36.6-36.8-րդ կետերով սահմանված պայմաններին համապատասխան մատուցելու մասին: Սույն կետում նշված պայմանագիրը համարվում է կնքված կազմակերպությանը սույն հավելվածի 36.5-րդ կետով նախատեսված ցանկում (այսուհետ՝ ցանկ) ներառելու օրվանից: Կազմակերպության դիմումը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն մուտքագրվելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում չմերժվելու դեպքում կազմակերպությունը համարվում է ներառված ցանկում:
Կազմակերպությունը ցանկում ներառվում է անժամկետ և ցանկացած ժամանակ կարող է ներկայացնել դրանից դուրս գալու դիմում: Կազմակերպությունը համարվում է ցանկից դուրս եկած դիմումը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն մուտքագրվելուն հաջորդող 10-րդ աշխատանքային օրվանից:
36.4. 2023 թվականին 2024 թվականի համար սահմանված կարգով պետական պատվերի տեղադրման հայտ ներկայացրած և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հայտը բավարարած կազմակերպությունները համարվում են ներառված ցանկում: Սկսած 2024 թվականից կազմակերպությունների հետ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հրապարակված հրապարակային օֆերտայի հիման վրա կնքվող պայմանագրային գործընթացն իրականացվում է ընդհանուր հիմունքներով:
36.5. Սույն հավելվածի 36.1-ին և 36.2-րդ կետերով նախատեսված ծրագրերի/միջոցառումների/ենթամիջոցառումների շրջանակներում շահառուներին ծառայություններ մատուցող կազմակերպությունների ցանկը, հրապարակային օֆերտայի պայմանները, ինչպես նաև մատուցվելիք ծառայությունների շրջանակը հրապարակվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:
36.6. Սույն հավելվածի 36.1-ին և 36.2-րդ կետերով նախատեսված ծրագրերի/միջոցառումների/ենթամիջոցառումների շրջանակներում մատուցված ծառայությունների դիմաց ֆինանսավորումն իրականացվում է բժշկական օգնության և սպասարկման փաստացի կատարված ծավալների դիմաց, տվյալ տեսակի համար սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգով հաստատված նորմատիվներով և գներով, սակայն ոչ ավելի, քան Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնով տվյալ ծրագրի համար հաստատված տարեկան գումարը:
36.7. Յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո մինչև հաջորդող ամսվա 2-րդ աշխատանքային օրվա ավարտը, իսկ դեկտեմբեր ամսվա համար՝ դեկտեմբերի 15-ին հաջորդող 2-րդ աշխատանքային օրվա ավարտը կազմակերպություններն էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով ներկայացնում են ընթացիկ ամսվա ընթացքում սույն հավելվածի 36.1-ին և 36.2-րդ կետերով թվարկված ծրագրերի/ միջոցառումների/ ենթամիջոցառումների կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ, իսկ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը սահմանված կարգով ապահովում է ֆինանսավորման համար անհրաժեշտ փաստաթղթերի մուտքագրումն էլեկտրոնային համակարգ` մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 15-ը, իսկ դեկտեմբեր ամսվա առաջին կեսի համար` մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 25-ը՝ կազմակերպության կողմից հաշվետվությունների ներկայացման ժամկետների պահպանման պայմանով:
36.8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հրապարակվող հրապարակային օֆերտան ի թիվս այլնի պարունակում է պայման առ այն, որ պետական բյուջեով նախատեսված միջոցներն սպառված լինելու դեպքում, տվյալ տարվա դեկտեմբերի 15-ի դրությամբ կազմակերպության կողմից մատուցված և չվճարված պարտավորությունները համարվում են դադարած:
36.9. Սույն հավելվածի 36.4–36.8-րդ կետերի դրույթներն ամրագրվում են հրապարակային օֆերտային պայմաններում:»:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
29.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2023 թվական: