ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ՏԴ3/1098/02/16 2023 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ՏԴ3/1098/02/16 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Գ. Հակոբյան | |
զեկուցող |
Ա ․ ՄԿՐՏՉՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ | |
Ս ․ ՄԵՂՐՅԱՆ | ||
Է. Ս եդրակյան |
2023 թվականի դեկտեմբերի 15-ին
գրավոր ընթացակարգով քննելով Ամալյա Մուրադյանի, Ժիրայր և Դավիթ Փամբուկյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.08.2020 թվականի որոշման դեմ՝ ըստ Ամալյա Մուրադյանի, Ժիրայր և Դավիթ Փամբուկյանների հայցի ընդդեմ Հասմիկ Մկրտչյանի ու Թամարա Իսրաելյանի, երրորդ անձինք ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի և ՀՀ կադաստրի պետական կոմիտեի Դիլիջան տարածքային ստորաբաժանման (այսուհետ՝ Կոմիտե)` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու, մասնակիորեն պայմանագիրը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և դրանց հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ամալյա Մուրադյանը, Ժիրայր և Դավիթ Փամբուկյանները պահանջել են ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իրենց սեփականության իրավունքը Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Ռոտոնդո 8 հասցեում գտնվող ըստ 14.04.2015 թվականի հատակագծի 1337,8քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ, մասնակիորեն` 1337,8քմ մակերեսի մասով, անվավեր ճանաչել վերը նշված հասցեում գտնվող հողամասի նկատմամբ Թամարա Իսրաելյանի և Նարինե Դանիելյանի միջև 08.05.2015 թվականին կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրն ու դրա հիման վրա Նարինե Դանիելյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, Հասմիկ Մկրտչյանին 20.04.2017 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը` վերը նշված հասցեում գտնվող հողամասի մասով, ինչպես նաև մասնակիորեն` այդ հողամասի մասով, վերջինիս անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումը:
Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 12.02.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.08.2020 թվականի որոշմամբ Հասմիկ Մկրտչյանի և Թամարա Իսրաելյանի վերաքննիչ բողոքները բավարարվել են՝ Դատարանի 12.02.2020 թվականի վճիռը բեկանվել ու փոփոխվել է` հայցը մերժվել է:
Վճռաբեկ բողոք են ներկայացրել Ամալյա Մուրադյանը, Ժիրայր և Դավիթ Փամբուկյանները (ներկայացուցիչ Ավետիս Քալաշյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Հասմիկ Մկրտչյանը և Թամարա Իսրաելյանը։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով։
Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ և 381-րդ հոդվածները։
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա բոլոր ապացույցները, ինչն էլ ազդել է գործի ելքի վրա:
Վերաքննիչ դատարանի եզրահանգումները չեն բխում գործի նյութերից, քանի որ մինչ 1972 թվականը սեփականության իրավունքով Լիզա Իսրաելյանին պատկանել է միայն Դիլիջան քաղաքի Ռոտոնդո 8 հասցեում գտնվող բնակելի տունը (հիմք՝ 01.02.1956 գույքային թերթ), իսկ 2530քմ մակերեսով հողամասը հանդիսացել է պետական սեփականություն, ուստի չէր կարող սեփականության իրավունքով պատկանել Լիզա Իսրաելյանին և 28.04.1956 թվականին կազմված կտակով կտակվել իր ժառանգներին: Նշված հողամասի նկատմամբ Թամարա Իսրաելյանը սեփականության իրավունք է ձեռք բերել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 21.04.2005 թվականի վճռի հիման վրա, ուստի այն չէր կարող սեփականության իրավունքով փոխանցվել այլ անձի և Սերոբ Խաչատրյանի անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վերաբերյալ ապացույց չէր էլ կարող լինել: Ավելին՝ նշված դատական ակտը բեկանվել է, ուստի Թամարա Իսրաելյանի կողմից վիճելի գույքը նվիրատվության պայմանագրով Նարինե Դանիելյանին օտարելը, դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումը, 20.04.2017 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա այդ գույքի նկատմամբ Հասմիկ Մկրտչյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը ևս անհիմն են:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վիճելի հողամասի՝ Վահան Փամբուկյանի տիրապետմանն անցնելու ժամանակահատվածում ո՛չ Լիզա Իսրաելյանը և ո՛չ իրավահաջորդ Թամարա Իսրաելյանն այդ հողամասի սեփականատեր չեն հանդիսացել։ Հետևաբար` Վերաքննիչ դատարանի այն հետևությունը, որ այդ ժամանակաշրջանում վիճելի հողամասի իրական սեփականատերը հանդիսացել է Թամարա Իսրաելյանը, անհիմն է:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել իրենց կողմից վիճելի գույքը 1970-ական թվականներից բարեխիղճ կերպով փաստացի տիրապետելու և օգտագործելու փաստերը, որոնք հաստատվել են գործում առկա ապացույցներով, մասնավորապես՝ Վահան Փամբուկյանի կողմից փաստացի գնված հողամասն առանձնացված է ցանկապատով ու հողամաս մուտք գործող դռան բանալին գտնվում է իրենց մոտ։ Բացի այդ, հողամասի վրա ներկայումս էլ առկա է Վահան Փամբուկյանի կողմից կառուցված փայտյա տունը և մինչ օրս իրենք առանց որևէ արգելքի տնօրինում են այն։
Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքի պատասխանում նշված փաստարկներին։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 24.08.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 12.02.2020 թվականի վճռին:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ ներկայացված բողոքը չի պարունակում այն վարույթ ընդունելու՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված հիմքերի առկայության մասին հիմնավորումներ։
Գործում առկա ապացույցներով չի հաստատվում ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման համար անհրաժեշտ բոլոր վավերապայմանների միաժամանակյա առկայությունը, այն է՝ բողոք բերած անձանց և իրենց իրավանախորդի կողմից վիճելի անշարժ գույքը 10 տարի բարեխիղճ, անընդմեջ ու բացահայտ, որպես իրենց սեփականը տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու փաստերը։
Գործում բացակայում է նաև որևէ ապացույց, որը կհիմնավորեր, որ վիճելի անշարժ գույքի սեփականատերերն այն բողոք բերած անձանց իրավանախորդին հանձնել են որպես սեփականություն, և վերջինս ունեցել է բավարար հիմքեր ենթադրելու, որ այդ գույքն իրեն հանձնվել է որպես սեփականություն։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Հայկական ԱԱՌ կոմունալ տնտեսության մինիստրության կողմից 01.02.1956 թվականին Դիլիջան քաղաքի Ռոտոնդո թիվ 8 հասցեում գտնվող 2530 քմ հողամասի մասին Լիզա Իսրաելյանի անվամբ տրվել է գույքային թերթ, որում իրավունքի տեսակը նշված է «սեփականատիրական» և առկա է «1915թ․ Կառուցման իրավունքով» գրառում։ 01.02.1956 թվականին կազմված տեխնիկական պասպորտի համաձայն՝ «ք.Դիլիջան, Ռոտոնդո թիվ 10 (8)» հասցեում գտնվող անշարժ գույքը հաշվառված է եղել Լիզա Իսրաելյանի անվամբ (հատոր 2-րդ, գ․թ․ 48, հատոր 3-րդ, գ․թ․ 73)․
2) Լիզա Իսրաելյանը 28․04․1956 թվականին կազմած կտակով արել է կարգադրություն այն մասին, որ «Իմ ամբողջ գույքը, որը իմ մահվան օրը պատկանելիս է եղել ինձ և որտեղ էլ որ այդ գույքը գտնվի ու ինչից էլ որ նա կայանա, ես կտակում եմ իր աղջիկներ Լուսյա Հայկազի Ներսիսյանի և Թամարա Հայկազի Իսրաելյանի վրա հավասարապես» (հատոր 3-րդ, գ․թ․ 70)․
3) 04.01.1977 թվականի ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն՝ 18.02.1972 թվականին մահացած Լիզա Իսրաելյանի կտակում ցույց տրված գույքի նկատմամբ հավասարապես ժառանգ են հանդիսանում նրա դուստրերը՝ Լուսյա Ներսեսյանը և Թամարա Իսրաելյանը: Ժառանգական գույքը, որի համար տրված է այդ վկայագիրը, բաղկացած է հանգուցյալի անվան տնատիրությունից, որը գտնվում է «Դիլիջան, Ռոտոնդո փ․ 8-ի տակ», որը համաձայն Դիլիջանի կոմունալ բաժնի 03.01.1977 թվականի թիվ 1-25 տեղեկանքի՝ անձնական սեփականության իրավունքով պատկանում է Լիզա Իսրաելյանին (հատոր 3-րդ, գ․թ․ 64)․
4) թիվ 2-10/2005թ․ քաղաքացիական գործով Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի 21․04․2005 թվականի վճռով Թամարա Իսրայելյանի հայցը՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Ռոտոնդո թիվ 8 հասցեում գտնվող 2530քմ հողատարածքը սեփականության իրավունքով տիրապետելու փաստը հասատատելու մասին, բավարարվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, քննության առնելով Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի 21.04.2005 թվականի վճռի դեմ գործին մասնակից չդարձված անձինք Ամալյա Մուրադյանի, Դավիթ և Ժիրայր Փամբուկյանների ներկայացրած վերաքննիչ բողոքը, 19.06.2015 թվականի որոշմամբ բավարարել է այն՝ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի 21.04.2005 թվականի վճիռը բեկանել է, և գործն ուղարկել է նոր քննության։
Որոշման «Վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացրած անձի դիրքորոշումը և հիմնավորումները» մասի համաձայն՝ Թամարա Իսրաելյանը հայտնել է, որ երբևէ չի հրաժարվել իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքից, պարբերաբար և պարտաճանաչորեն կատարել է հողի հարկի վճարումներ: Անձին սեփականության իրավունքով պատկանող տարածք այլ անձանց ժամանակ առ ժամանակ մուտք գործելուն չարգելելը որևէ կերպ չի կարող համարվել սեփականության իրավունքից հրաժարում։
Վերաքննիչ դատարանը որոշմամբ արձանագրել է, որ Թամարա Իսրաելյանը վերաքննիչ բողոքի պատասխանում նույնպես չի վիճարկել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Ռոտոնդո 8 հասցեում գտնվող 2530քմ հողամասից 1337,8քմ մակերեսով հողատարածքը բողոք ներկայացրած անձանց (Ամալյա Մուրադյանի, Դավիթ և Ժիրայր Փամբուկյանների) կողմից տիրապետելու փաստը (հատոր 1-ին, գ․թ․ 7-13)․
5) նվիրատու Թամարա Իսրաելյանի և նվիրառու Նարինե Դանիելյանի միջև 08.05.2015 թվականին կնքված նվիրատվության պայմանագրով նվիրատուն անհատույց նվիրառուի սեփականությանն է հանձնել պայմանագրով նշված՝ Դիլիջան քաղաքի Ռոտոնդո փողոցի թիվ 8 հասցեում գտնվող անշարժ գույքը՝ հողամաս՝ 0,253հա (հատոր 1-ին, գ․թ․ 20, 21)․
6) 13․05․2015 թվականին Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Ռոտոնդո 8 հողամասի նկատմամբ գրանցվել է Նարինե Դանիելյանի սեփականության իրավունքը, հիմքը՝ 08.05.2015 թվականի նվիրատվության պայմանագիրը (հատոր 1-ին, գ․թ․ 22)․
7) Նարինե Դանիելյանը մահացել է 09.04.2016 թվականին (հատոր 1-ին, գ․թ․ 76)․
8) 20.04.2017 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն՝ Նարինե Դանիելյանի գույքի նկատմամբ ժառանգ է հանդիսանում մայրը՝ Հասմիկ Մկրտչյանը։ Ժառանգական գույքը, որի համար տրված է այդ վկայագիրը բաղկացած է նաև ժառանգատուին պատկանող Տավուշի մարզ, քաղաք Դիլիջան, Ռոտոնդո 8 հասցեում գտնվող անշարժ գույքից՝ բնակելի կառուցապատման հողամասից՝ 0,253հա մակերեսով (հատոր 2-րդ, գ․թ․ 7)․
9) 16․04․2019 թվականին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Ռոտոնդոյի փողոց 8 հողամասի նկատմամբ գրանցվել է Հասմիկ Մկրտչյանի սեփականության իրավունքը, գրանցման հիմքը՝ 20.04.2017 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և թիվ ՏԴ/0590/02/17 քաղաքացիական գործով Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 01․11․2018 թվականի որոշումը (հատոր 5-րդ, գ․թ․ 41)․
10) Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Ռոտոնդո 8 հասցեում գտնվող հողատարածքի գույքահարկի և հողի հարկի վճարումները 2006 թվականից մինչև 2015 թվականը կատարվել են Թամարա Իսրաելյանի կողմից, 2015 թվականից մինչև 2019 թվականը՝ Նարինե Դանիելյանի կողմից, իսկ 2019 թվականին՝ նաև Հասմիկ Մկրտչյանի կողմից (հատոր 3-րդ, գ.թ. 58, 59, 110-126, հատոր 6-րդ, գ.թ. 6, 7)․
11) թաղային լիազոր Ռիմա Մուրադյանի կողմից 17.07.2015 թվականին ստորագրված տեղեկանքի համաձայն՝ ք․ Դիլիջան, Ռոտոնդո 8 հասցեի հողամասում այգին հիմնել է Լիզա Իսրաելյանը, նրա մահից հետո մինչև այժմ այգին մշտապես և բարեխիղճ մշակում են նրա դուստրը՝ Թամարա Իսրաելյանը, թոռնուհին՝ Նարինե Դանիելյանն ու նրանց ընտանիքի անդամները, վերջին տասը տարում այլ անձինք, այդ թվում՝ Ամալյա Մուրադյանը, Ժիրայր Փամբուկյանը և Դավիթ Փամբուկյանը նշված հասցեի հողամասը չեն մշակել (հատոր 3-րդ, գ․թ․ 79)․
12) Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Ռոտոնդո 13 տան բնակիչ Գառնիկ Գուրգենի Թովմասյանը և Սովետների թիվ 16ա տան բնակիչ Ռ. Թովմասյանը 19․12․2004 թվականին բացատրություն են տվել այն մասին, որ «մինչև 1972 թվականը Ռոտոնդո 8 տանը երկար տարիներ ապրել է Լիզա Իսարեյլյանը (նրան ճանաչել են 1950-ական թվականներից), ով ուներ այգի և բարեխղճորեն մշակում էր։ 1972 թվականին՝ նրա մահից հետո, մինչ օրս նրա այգին բարեխղճորեն մշակում են նրա աղջիկը՝ Թամարա Իսրայելյանը, և նրա ընտանիքի անդամները» (հատոր 3-րդ, գ․թ․ 86, 87)․
13) Ռուբիկ Թովմասյանը, Հրանուշ Թովմասյանը, Գառնիկ Թովմասյանը, Սեյրան Մովսիսյանը և Շուշիկ Հիմոսյանը 07.04.2015 թվականին գրավոր հայտարարություն են տվել այն մասին, որ «Վահան Փամբուկյանը 1970-ական թվականներին Սերոբ Խաչատրյանից փաստացի գնել է Դիլիջանի Ռոտոնդո 8 հասցեում գտնվող հողամասը, որի վրա կառուցել է փայտյա բնակելի շինություն, և այն օգտագործել իր ընտանիքի համար որպես ամառանոց: Վահան Փամբուկյանի կողմից գնված հողամասը ցանկապատված է և այն ամբողջությամբ տիրապետվել և օգտագործվել է իր ընտանիքի կողմից որպես իրենց սեփական գույք: Վահան Փամբուկյանի մահից հետո նշված հողամասը և դրա վրա գտնվող բնակելի շինությունն այդ ողջ ժամանակահատվածում մինչ այսօր էլ շարունակվում է տիրապետվել և օգտագործվել նրա ժառանգների՝ կնոջ՝ Ամալյա Մուրադյանի և որդիներ՝ Դավիթ և Ժիրայր Փամբուկյանների կողմից: Բացի Փամբուկյանների ընտանիքից, որևէ այլ անձ, այդ թվում՝ Թամարա Իսրաելյանը, մինչ օրս նշված հողամասը չի տիրապետել և օգտագործել» (հատոր 1-ին, գ․թ․ 17)․
14) Արմինե Խաչատրյանը 07.04.2015 թվականին գրավոր հայտարարություն է տվել այն մասին, որ «Վահան Փամբուկյանը 1970-ական թվականներին իր հորից՝ Սերոբ Խաչատրյանից, փաստացի գնել է Դիլիջանի Ռոտոնդո 8 հասցեում գտնվող հողամասը» (հատոր 1-ին, գ․թ․ 18)․
15) 17.04.2019 թվականին կայացած դատական նիստի ընթացքում պատասխանող Հասմիկ Մկրտչյանը հայտնել է, որ «հողամասն իրենցն է, Լիզա Իսրաելյանից են ժառանգություն ստացել: Լիզա Իսրաելյանը թույլ է տվել, որ հողամասում Սերոբը բնակվի, իրեն խնամի: Հայցվորները դրա վրա փայտյա տնակ են կառուցել: Հավելել է, որ չի պատկերացնում ինչպես կարող էր Սերոբից հողամասը վաճառել: Հայտնել է նաև, որ ուզել են հանել նրանց իրենց հողամասից, սակայն հայրը մեծահոգի մարդ էր, ասում էր՝ թողեք, մարդիկ գալիս են, խորոված են անում: Բացի դա՝ հայտնել է նաև, որ հայցվորները ոչ մի փաստաթուղթ չունեն, ոչ մի մուծում չեն արել» (հատոր 5-րդ, գ.թ. 33-35)․
16) 06.08.2019 թվականին կայացած դատական նիստի ընթացքում հայցվորների ներկայացուցիչ Ավետիս Քալաշյանը հայտնել է, որ «Վահան Փամբուկյանը 70-ական թվականներին Սերոբից փաստացի գնել է հողամասը, իր համար դարձրել ամառանոց: 1993 թվականին Վահան Փամբուկյանը մահացել է, նրա որդիներն անձնական խնդիրներ են ունեցել և այդ հարցն աչքաթող են արել: Երբ քայլեր են ձեռնարկել օրինականացնելու համար, պարզել են, որ դեռևս 2005 թվականից պատասխանողների իրավահաջորդը վճռի հիման վրա սեփականության իրավունք է ձեռք բերել: Նաև հայտնել է, որ գույքի, հողի հարկի վճարները հայցվորները տեսուչին են տվել և անդորրագրեր չունեն» (հատոր 5-րդ, գ.թ. 92-96)․
17) 15.10.2019 թվականին կայացած դատական նիստի ընթացքում հայցվոր Ամալյա Մուրադյանը հայտնել է, որ «մինչև 2000 թվականը դիմել են համապատասխան մարմին, իրենց հայտնել են, որ այդտեղ հոսող տարածք է, իրենք դա կարող են միայն օգտագործել, ոչ մի շինարարություն չեն կարող անել: Հողամասի սեփականատերն էր Սերոբ Խաչատրյանը, հողամաս է հատկացրել իրենց, սեփականատերը լինելու մասին որևէ փաստաթուղթ ցույց չի տվել, բայց հարևաններն են փաստել այդ մասին: Նաև հայտնել է, որ Թամարայի մայրը այդ հողամասը երկու քույրերի մեջ է բաժանել, Թամարայի քույրը դա Սերոբին է տվել, ումից էլ հայցվորներն են ձեռք բերել: 1977 թվականի հոկտեմբերին գնացել տեսել են հողը, ներքին կարգով պայմանագիր են կնքել, որը հաստատել է քաղսովետի նախագահը, բայց ներկայումս չեն կարողանում գտնել պայմանագիրը, չի պահպանվել արխիվում: Հավելել է, որ հողամասի համար 3000 ռուբլի են վճարել, լույս ու ջուր է մուծել 1979 թվականից մինչև 1987 թվականը, դրանից հետո շոչիկը վերացել է, հարևանների հետ ամեն ամիս հավասարաչափ մուծել է» (հատոր 5-րդ, գ․թ․ 104-109)․
18) 21․01․2020 թվականին կայացած դատական նիստում Սեյրան Մովսիսյանը որպես վկա ցուցմունք է տվել այն մասին, որ «Վահանին ճանաչում է դեռևս 1976 թվականից, 1977 թվականին Վահան Փամբուկյանը գնել է վերոնշյալ հողամասը, որտեղ հետագայում տուն է կառուցել: Հայտնել է, որ Վահանը մինչև 1993 թվականը պարտադիր եղել է Դիլիջանում, իր սարքած տանը, դրանից հետո Ամալյայի եղբոր որդին է բերել-տարել նրանց մինչև 1997-1998-ական թվականները, դրանից հետո էլի էին գալիս, բայց ոչ այդ հաճախականությամբ: 1977 թվականից մինչև 1993 թվականը գնացել, եկել են, հետևել են, իր մեքենայի տանիքին դրած շինանյութը Երևանից բերել տուն է սարքել: Սերոբ Խաչատրյանից է գնել, նա էր այդ հողի սեփականատերը: Սերոբին ճանաչել է 1958 թվականից, երբ ինքը 4 տարեկան երեխա էր, հողամասը գնեցին, տուն սարքեցին, երկու հարկանի էր, առաջին հարկը նկուղային էր: Ինքն օգնել է ինչով կարողացել է: Հայտնել է, որ Վահանենց ազգականներն են եկել հանգստանալու, տիկին Ամալյայի քույրերը, Վահանի տարելիցի ժամանակ գալիս էին, վրան էին խփում: Ցանկապատը կառուցել է Սերոբ Խաչատրյանը, իսկ Վահան Փամբուկյանը վերանորոգել է, սարքել դիմացի դարպասը: Այդ տանը սեղան, աթոռ, սառնարան, ամեն ինչ ուներ բնակվելու համար: Հոսանք էլ է եղել այդտեղ, ջուր էլ, ինքն իր ջրագծից և իր հոսանքից է տվել: Իր հաշվից է ինքը վճարել այդ հոսանքը: Ճանաչում է նաև Իսրաելյաններին, իր հարևաններն են, Լիզան Գագիկի տատն էր: Չի հիշում, որ տիկին Թամարան պահանջ ներկայացներ այդ հողամասի համար: Գագիկը նույնպես որևէ պահանջ չի ներկայացրել» (հատոր 6-րդ, գ․թ․ 9-14)․
19) 07․02․2020 թվականին կայացած դատական նիստում․
- Լաուրա Մկրտչյանը որպես վկա ցուցմունք է տվել այն մասին, որ «1956-1978 թվականը ապրել է Ռոտոնդո թաղամասի համար 7 տանը: Թամարայի և Լիզայի հետ մտերիմ են եղել, շփվել են, Լիզա Իսրաելյանը մենակ էր, նա Սերոբին տարածք էր տվել, նա իր կնոջ հետ ապրում էր: Թամարայի հետ իրենք շփվել են, սակայն երբ Սերոբ Խաչատրյանը այդտեղից գնացել է, ինքն այնտեղ այլ անձանց է տեսել, իսկ 1994 թվականից հետո ինքն այդ անձանց էլ չի տեսել այդտեղ, իրենք գնացել են իրենց բերքը հավաքել են, բայց ուրիշ անձանց չի տեսել 1994 թվականից այնտեղ և չի էլ շփվել: Իմացել է, որ Սերոբից հետո այդտեղ ինչ-որ մարդիկ են եղել, բայց 1994 թվականից հետո ինքը նրանց այդտեղ էլ չի տեսել: Սերոբին տարածք են տվել, որպեսզի իրենց օգնեն, այնտեղ մի փոքրիկ տնակ կար, այդտեղ բնակվում էր Սերոբն իր կնոջ հետ և օգնում էր Լիզա Իսրաելյանին, քանի որ ինքը միայնակ կին էր և մենակ չէր հասցնում: Թամարա Իսրաելյանի հետ են գնացել իրենց հողամասը և բերքը հավաքել են: Գիտեր, որ այդ հողամասը Թամարա Իսրաելյանինն է: Մինչև 1994 թվականը տեսել է այլ անձանց, ինքը չի առնչվել նրանց հետ, իսկ նրանցից հետո այնտեղ մարդ չի տեսել: Իրենք այդտեղ հաճախ էին գնում, հիմնականում գարնանից մինչև աշուն: Թամարա Իսրաելյանը մշակել է իր հողամասը, շատ լավ բերք է եղել, լոբի և կարտոֆիլ էր ցանում: Սերոբ Խաչատրյանին էլ չի տեսել այդտեղ, չի ճանաչել, թե ովքեր են: Թամարա Իսրաելյանի տարածքում է տեսել այդ մարդկանց: Այդ մարդկանց 1970-ականներից մինչև 1994 թվականն է տեսել: Այդ ցանկապատի ներսում գտնվող տունը, որը հիմա չկա, կառուցել է Լիզա Իսրաելյանի ամուսինը՝ Հայկազը: Թամարային ճանաչում է, բարեկամ են, իր եղբոր կինն է, ինքն էլ 1956 թվականից այդ թաղամասում ամուսնացել է և միշտ օգնել է իրենց»․
- Արտուշ Գրիգորյանը որպես վկա ցուցմունք է տվել այն մասին, որ «2006-2007 թվականներին Գագիկի հետ գնացել են նրանց հողամաս և փայտի սյուներ, մետաղական լարեր են տեղադրել, որպեսզի անասուններ չմտնեն և հողամասը չավիրեն: Սերոբ Խաչատրյանին չի ճանաչել, իսկ Թամարա Իսրաելյանին ճանաչել է: Այդ ժամանակ, որ գնացել է, չի հիշում այդտեղ շինություն եղել է, թե ոչ: Այդ տարածքում այլ մարդիկ չեն եղել, ինքը և Գագիկն են եղել, ամռանն են գնացել և ինքը ոչ մեկին չի տեսել, մի անգամ է գնացել: Մուտքը փակ էր, փայտից դարպաս էր, բանալիով բացել է Գագիկը, իրենց գործն արել են, ցանկապատը վերանորոգել, բանալիով փակել և դուրս են եկել: Այդ ժամանակ մարդ չի եղել այդտեղ, միայն իրենք են եղել: Ինքը շատ չի եկել գնացել այդ տարածք, հնարավոր է և ճանաչած չլինի, այդտեղ շատ մարդ էր ապրում և ինքը բոլորին չէր կարող ճանաչել» (հատոր 6-րդ, գ․թ․ 32-37):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական ու կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար։
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում վերահաստատել ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ բարեխղճության պայմանի դրսևորման առանձնահատկությունների կապակցությամբ նախկինում արտահայտած իր դիրքորոշումները։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով՝ անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ տիրազուրկ է համարվում այն գույքը, որը չունի սեփականատեր, կամ որի սեփականատերն անհայտ է կամ հրաժարվել է դրա նկատմամբ սեփականության իրավունքից:
Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ տիրազուրկ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է ձեռք բերվել ձեռքբերման վաղեմության ուժով (հոդված 187)։ (...):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից՝ այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին՝ առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության (...):
Շարադրված նորմերի բովանդակությունից բխում է, որ ձեռքբերման վաղեմության հիմքով անձը կարող է հավակնել անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելուն, եթե որպես իր սեփականը՝ տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետել է այն անշարժ գույքը, որը չունի սեփականատեր, կամ ունի սեփականատեր, բայց նա անհայտ է կամ հրաժարվել է այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքից՝ այդ մասին գրավոր հայտարարելով կամ այդ ուղղությամբ ակնհայտ գործողություններ կատարելով:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ձեռքբերման վաղեմության ինստիտուտի հետ կապված իրավակարգավորումների կիրառման հարցին, արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը։ Մասնավորապես դրանք են՝
1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ։ Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքն անձի փաստացի տիրապետմանն անցնելիս։ Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման։ Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով։ Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն․
2. փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփական, այսինքն՝ գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում։ Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփական նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում․
3. տիրապետումը պետք է լինի տասը տարի և անընդմեջ։ Այսինքն՝ 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի։ Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն․
4. տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն՝ փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե´ս Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններն ընդդեմ Մանվել Սարիբեկյանի և մյուսների թիվ 3-1435/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը)։
ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է նաև ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ պայմաններից բարեխղճության պայմանի գնահատման առանձնահատկություններին, և արձանագրել, որ նման իրավահարաբերություններում առավել կարևորվում է ինչպես անշարժ գույքի փաստացի տիրապետողի վերաբերմունքը տիրապետվող գույքի նկատմամբ, այնպես էլ գրանցված սեփականատիրոջ վարքագիծը և վերաբերմունքն այլ անձի կողմից իր սեփականության տիրապետման նկատմամբ:
Ըստ էության, օրենքով նախատեսված տասը տարվա ժամանակահատվածն այն սահմանափակ ժամանակահատվածն է, որի ընթացքում անշարժ գույքի սեփականատիրոջ գործողությունները կարող են ազդել գույքի փաստացի տիրապետողի կողմից նրա՝ գույքը որպես սեփականը տիրապետելու բարեխղճության վրա, քանի որ այս իրավահարաբերության համար էական է անշարժ գույքի սեփականատիրոջ վերաբերմունքը նման տիրապետման վերաբերյալ, որովհետև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի կիրառման առումով սեփականատիրոջ կողմից գույքի տիրապետման իրավազորության իրականացումն ինքնին բացառում է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչում որևէ սուբյեկտի համար: Նման մեկնաբանությունը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 3-րդ կետի բովանդակությունից:
Անշարժ գույքի գրանցված սեփականության իրավունք ունեցող անձի վարքագիծը և վերաբերմունքն առանց օրենքի ու պայմանագրի հիման վրա գույքը փաստացի տիրապետող անձի տիրապետման նկատմամբ էական է դառնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի բովանդակության առումով գնահատական տալու համար, քանի որ հիշատակված հոդվածը որպես սեփականությունից հրաժարվելու հիմք կարևորում է ոչ միայն գրավոր փաստաթղթի առկայությունը, այլ նաև սեփականատիրոջ գործողությունները (անգործությունը):
Անշարժ գույքի գրանցված սեփականատիրոջ կողմից գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված գործողությունները պետք է իրականացվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված ժամկետի ընթացքում՝ մինչև գույքի փաստացի տիրապետողի կողմից ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման պահանջ ներկայացնելը: Այս առումով պետք է նշել, որ ժառանգման կարգով իրականացված իրավահաջորդության դեպքում գույքի նկատմամբ ժառանգների սեփականության իրավունքի ծագումն ինքնըստինքյան չի վերացնում անշարժ գույքի փաստացի տիրապետողի մոտ առկա տիրապետման բարեխղճությունը: Այս հիմքով սեփականության իրավունքի ծագման համար գույքն այլ անձի անցնելու ձևերը, որոնք էլ պայմանավորում են ձեռք բերողի մոտ բարեխղճության առկայությունը կամ բացակայությունը, տարբեր են: Ինչպես կամահայտնության գրավոր կամ բանավոր ձևերը, այնպես էլ անձի գործողությունները և հավասարապես անգործությունը կարող են վկայել տիրապետման բարեխղճության մասին (տե´ս Սպարտակ, Թեհմինե, Ալինա Հակոբյանները և Քնարիկ Վարդանյանն ընդդեմ Արայիկ, Նորաշխարհիկ, Աննա, Ամալյա ու Միքայել Հակոբյանների թիվ ԱՎԴ/0167/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):
Բարեխղճության ծագումը, ինչպես և մյուս պայմանները կարևորվում են գույքի փաստացի տիրապետման անցնելու պահին: Այդուհանդերձ, առանձին դեպքերում բարեխղճությունը ժամանակագրական առումով կարող է չհամընկնել գույքի փաստացի տիրապետման անցնելու պահի հետ: Այլ կերպ՝ գույքը փաստացի տիրապետման անցնելու պահին այն ձեռք բերողի մոտ կարող է բացակայել բարեխղճությունը և ծագել ավելի ուշ: Նման դեպքերում ինքնին չպետք է բացառել ձեռքբերման վաղեմության առկայությունը: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նման դեպքերում տասը տարվա ժամկետի հաշվարկի հոսքը սկսվում է ոչ թե գույքի փաստացի տիրապետմանն անցնելու պահից, այլ տիրապետման ընթացքում բարեխիղճ դառնալու պահից: Վերջինս էլ ըստ էության նշանակում է, որ գույքն այդ պահից է անցել անձի տիրապետմանը և անցման պահին անձը եղել է բարեխիղճ (տե´ս Օֆիկ Ենոքյանն ընդդեմ Հովակիմ Կարոյանի և Սվետլանա Կիրակոսյանի թիվ ԵՇԴ/0987/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):
Տիրապետման բարեխղճության հարց քննարկելիս Վճռաբեկ դատարանը կարևորել է նախ՝ տիրապետողի համոզմունքը, որ գույքը ձեռք է բերվում օրինական հիմքերով, որը և պետք է հիմնված լինի այնպիսի փաստի վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր գույքը որպես սեփականություն տիրապետելու ենթադրության հանգելու համար, ապա՝ գույքի գրանցված սեփականատիրոջ վարքագիծը և վերաբերմունքը՝ թե՛ իր գույքի և թե՛ այդ գույքն այլ անձի կողմից տիրապետվելու կապակցությամբ: Ընդ որում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի կիրառման տեսանկյունից սեփականատիրոջ կողմից գույքի տիրապետման իրավազորության իրականացումն ինքնին բացառում է ձեռքբերման վաղեմության ուժով տիրապետողի սեփականության իրավունքի ճանաչումը, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածը սեփականությունից հրաժարվելու հիմք համարում է ոչ միայն գրավոր փաստաթղթի առկայությունը, այլև՝ սեփականատիրոջ գործողությունները (անգործությունը):
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Դատարանը 12.02.2020 թվականի վճռով Ամալյա Մուրադյանի, Ժիրայր Փամբուկյանի և Դավիթ Փամբուկյանի հայցը բավարարել է՝ պատճառաբանելով, որ «հաստատված է համարում, որ հայցվորների կողմից քաղաք Դիլիջան, Ռոտոնդո 8 հասցեում գտնվող 1337.8 քմ հողամասը հայցվորների կողմից տիրապետվել է բացահայտ, հարևանները տեսել են նրանց այդ հասցեում, հետևաբար տիրապետումը գաղտնի չի եղել: Պատասխանողները ևս ընդունել են այն հանգամանքը, որ Վահան Փամբուկյանը իր ընտանիքով այցելել է նշված հողամասը: Միաժամանակ Դատարանը գտնում է, որ վկաների ցուցմունքով հիմնավորվում է նաև վիճելի գույքի առնվազն տասը տարվա տիրապետման անընդմեջությունը՝ հաշվի առնելով, որ վկաները ևս հայտնել են, որ առնվազն մինչև 1994 թվականը այնտեղ տեսել են այլ անձանց, ինչն արդեն իսկ բավարար է հայցվորների կողմից 10 տարվա տիրապետման փաստը հաստատված համարելու համար: Ավելին, Դատարանը հաստատված է համարում, որ քաղաք Դիլիջան, Ռոտոնդո 8 հասցեի գրանցված սեփականատերերի կողմից երբևէ պահանջ չի ներկայացվել հողամասի տիրապետումը դադարեցնելու, տարածքն ազատելու վերաբերյալ: (…) Պատասխանող Թամարա Իսրաելյանի ներկայացուցիչ Գայանե Սարգսյանը ինչպես նախնական դատական նիստերին, այնպես էլ դատաքննությանը, առարկելով ներկայացված պահանջի դեմ, Դատարանին հայտնել է, որ հայցվորների կողմից չի ներկայացվել անշարժ գույքը ձեռք բերելու վերաբերյալ որևէ գրավոր ապացույց, որևէ պայմանագիր, առուվաճառքի գործարք, ներքին առուծախի պայմանագիր, մինչդեռ Դատարանն անհրաժեշտ է համարում փաստել, որ նշված փաստաթղթերի առկայության պայմաններում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի հիմքով ձեռքբերման վաղեմության ինստիտուտի կիրառելիության հարց չէր ծագի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ծագման համար հիմքը տիրապետման փաստն է, ոչ թե օրենքով սահմանված կարգով կնքված գործարքի առկայությունը: Ավելին, Դատարանը փաստում է, որ դեռևս ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի թիվ 2-10/2005թ. որոշմամբ արձանագրվել է, որ Թամարա Իսրաելյանի կողմից վերաքննիչ բողոքի պատասխանում չի վիճարկվել Ռոտոնդո 8 հասցեում գտնվող 2530 քմ հողամասից 1337.8 քմ մակերեսով հողատարածքը բողոք ներկայացրած անձանց` սույն գործով հայցվորների կողմից տիրապետելու փաստը: (…) հայցվորների կողմից փաստացի տիրապետվող տարածքը սահմանազատված է եղել, Դիլիջան քաղաքի կադաստրային քարտեզում ունեցել է առանձին ծածկագիր և չի հանդիսացել համայնքային սեփականություն՝ չնայած որ սեփականատիրոջ մասին որևէ տեղեկատվություն առկա չի եղել: (…)»։
Վերաքննիչ դատարանը Հասմիկ Մկրտչյանի և Թամարա Իսրաելյանի վերաքննիչ բողոքները բավարարել է՝ Դատարանի 12.02.2020 թվականի վճիռը բեկանել է և փոփոխել՝ հայցը մերժել է այն պատճառաբանությամբ, որ «Գործում առկա չէ ապացույց, ինչը կհավաստեր, որ Լիզա Իսրաելյանը, իսկ հետագայում վերջինիս իրավահաջորդները վեճի առարկա անշարժ գույքը որպես սեփականություն հանձնել են ոմն Սերոբ Խաչատրյանի: Վեճի առարկա գույքի նկատմամբ Սերոբ Խաչատրյանի իրավունքի գրանցման վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ: Ավելին, գործի քննության ընթացքում վկա Լաուրա Մկրտչյանը, պատասխանող Հասմիկ Մկրտչյանը ցուցմունք են տվել այն մասին, որ Սերոբ Խաչատրյանին հողամասը տրամադրվել է բնակվելու իրավունքով (փաստեր 23-24): Հետևաբար վկաներ Արմինե Խաչատրյանի, Սեյրան Մովսիսիյանի, հայցվոր Ամալյա Մուրադյանի ցուցմունքներն այն մասին, որ Վահան Փամբուկյանը 1977 թվականին Սերոբ Խաչատրյանից փաստացի գնել է վեճի առարկա հողամասը, հիմք չէ վեճի առարկա անշարժ գույքի նկատմամբ Սերոբ Խաչատրյանի կամ Վահան Փամբուկյանի որևէ իրավունքի առկայության վերաբերյալ հետևություն անելու համար (փաստեր 23, 26): Վկայակոչված փաստերի համադրումից հետևում է, որ վեճի առարկա անշարժ գույքը հայցվորների իրավանախորդ Վահան Փամբուկյանի տիրապետմանն անցնելու պահին այն չի պատկանել Սերոբ Խաչատրյանին, այսինքն՝ հիշյալ գույքը Վահան Փամբուկյանին է հանձնվել այն տնօրինելու իրավազորությամբ չօժտված անձի կողմից: Ուստի վեճի առարկա անշաժ գույքը սեփականատիրոջից տարբերվող՝ այլ անձի կողմից հայցվորների (իրավանախորդի) տիրապետմանը հանձնվելու պայմաններում վերջիններս չէին կարող բավարար հիմքեր ունենալ ենթադրելու, որ այդ գույքը տիրապետելու են որպես սեփականը: (…) գործով հիմնավորվում է փաստն այն մասին, որ 1993-1994 թթ.-ից հետո հայցվորները վեճի առարկա անշարժ գույքը չեն տիրապետել և օգտագործել, իսկ 2005 թվականին միայն քայլեր են ձեռնարկել դրա նկատմամբ իրավունքի ճանաչման վերաբերյալ: Մասնավորապես գործի քննության ընթացքում հայցվորների ներկայացուցիչը հայտնել է, որ Վահան Փամբուկյանի մահից հետո որդիները խնդիրներ են ունեցել, վեճի առարկա անշարժ գույքի հարցն աչքաթող են արել, իսկ գործի քննության ընթացքում հարցաքննված վկա Լաուրա Մկրտչյանի ցուցմունքով հաստատվում է, որ 1994 թվականից հետո վեճի առարկա հողամասում այլ անձինք չեն եղել: Արտուշ Գրիգորյանի ցուցմունքով հիմնավորվում է, որ 2006-2007 թթ.-ին մուտքի բանալին եղել է Լիզա Իսրաելյանի թոռան՝ Գագիկի մոտ։ (…):»
Վերը նշված իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը․
Հայցվորներ Ամալյա Մուրադյանի, Ժիրայր և Դավիթ Փամբուկյանների պնդմամբ իրենց իրավանախորդ Վահան Փամբուկյանը 1970-ական թվականներին Սերոբ Խաչատրյանից փաստացի գնել է Դիլիջանի Ռոտոնդո 8 հասցեում գտնվող հողամասը, որի վրա կառուցել է փայտյա բնակելի շինություն, և այն օգտագործել իր ընտանիքի համար՝ որպես ամառանոց, իսկ իրենք վեճի առարկա անշարժ գույքը սկսել են տիրապետել 1977 թվականից: Մինչդեռ 01.02.1956 թվականին Հայկական ԱԱՌ կոմունալ տնտեսության մինիստրության կողմից Լիզա Իսրաելյանի անվամբ տրված գույքային թերթով հաստատվում է, որ վեճի առարկա հասցեում գտնվող հողամասի նկատմամբ դրա տրման օրվանից մինչև 1972 թվականը սեփականատիրական իրավունքները պատկանել են Լիզա Իսրաելյանին (մահացել է 18.02.1972 թվականին): Վերջինս իրեն պատկանող ամբողջ գույքը կտակել է դուստրերին՝ Լուսյա Ներսեսյանին և Թամարա Իսրաելյանին, ում 04.01.1977 թվականին տրվել է ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր: Ըստ վկայագրի՝ ժառանգական գույքը բաղկացած է եղել հանգուցյալի անվան տնատիրությունից և գտնվել է Դիլիջան քաղաքի Ռոտոնդո թիվ 8-ի տակ, որը 03.01.1977 թվականի թիվ 1-25 տեղեկանքի համաձայն՝ անձնական սեփականության իրավունքով պատկանել է Լիզա Իսրաելյանին:
Հայցվոր Ամալյա Մուրադյանը 15.10.2019 թվականի դատական նիստում ընդունել է այն փաստը, որ Թամարա Իսրայելյանի մայրը վիճելի հասցեում գտնվող հողամասը երկու քույրերի մեջ է բաժանել, սակայն վկայակոչել է փաստ առ այն, որ Լուսյա Ներսեսյանը հողամասը ոմն «Սերոբի» է տվել, ումից էլ վիճելի գույքը ձեռք է բերվել:
Վեճի առարկա գույքի նկատմամբ Սերոբ Խաչատրյանի իրավունքի գրանցման վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ: Հասմիկ Մկրտչյանը և վկա Լաուրա Մկրտչյանը հայտնել են, որ Սերոբ Խաչատրյանին հողամասը տրամադրվել է բնակվելու իրավունքով: Ավելին՝ բողոք բերած անձինք չեն ներկայացրել Սերոբ Խաչատրյանից վիճելի գույքը ձեռք բերելու փաստը հաստատող ապացույց, ինչպես իրենք են պնդել՝ պայմանագիրը, ինչպես նաև հողամասի դիմաց գումար, ինչպես նշել է Ամալյա Մուրադյանը՝ 3․000 ռուբլի, վճարված լինելու փաստը հաստատող որևէ ապացույց:
Ինչ վերաբերում է վիճելի հասցեում գտնվող հողամասը Սերոբ Խաչատրյանին պատկանելու, հայցվորների իրավանախորդի կողմից հողամասը նրանից ձեռք բերելու և այն տիրապետելու փաստերի հաստատման նպատակով ներկայացված ապացույցներին՝ բացատրություններին և ցուցմունքներին, ապա դրանք իրարամերժ տեղեկություններ են պարունակում։ Այսպես՝
07.04.2015 թվականին տրված հայտարարությամբ Ռուբիկ Թովմասյանը, Հրանուշ Թովմասյանը, Գառնիկ Թովմասյանը, Սեյրան Մովսիսյանը, Շուշիկ Հիմոսյանը հայտնել են, որ «Վահան Փամբուկյանի մահից հետո նշված հողամասը և դրա վրա գտնվող բնակելի շինությունն այդ ողջ ժամանակահատվածում մինչ այսօր էլ շարունակվում է տիրապետվել և օգտագործվել նրա ժառանգների՝ կնոջ` Ամալյա Մուրադյանի և որդիներ՝ Դավիթ և Ժիրայր Փամբուկյանների կողմից։ Բացի Փամբուկյանների ընտանիքից, որևէ այլ անձ, այդ թվում՝ Թամարա Իսրաելյանը, մինչ օրս նշված հողամասը չի տիրապետել և օգտագործել»:
Մինչդեռ Սովետների 16ա տան բնակիչ Ռ. Թովմասյանը, Ռոտոնդո թիվ 13 տան բնակիչ Գառնիկ Թովմասյանը 19.12.2004 թվականին գրավոր բացատրություններ են տվել այն մասին, որ «մինչև 1972 թվականը Ռոտոնդո թիվ 8 տանը երկար տարիներ ապրել է Լիզա Իսրաելյանը: 1972 թվականին Լիզա Իսրաելյանը մահացել է, որից հետո նրա այգին մշակել են նրա աղջիկը՝ Թամարա Իսրաելյանը, և նրա ընտանիքի անդամները»:
Ավելին՝ թաղային լիազոր Ռիմա Մուրադյանի կողմից 17.07.2015 թվականին տրված տեղեկանքի համաձայն՝ Դիլիջան քաղաքի Ռոտոնդո 8 հասցեի հողամասում այգին հիմնել է Լիզա Իսրաելյանը, նրա մահից հետո մինչև այժմ այգին մշտապես և բարեխիղճ մշակում են դուստրը՝ Թամարա Իսրաելյանը, թոռնուհին՝ Նարինե Դանիելյանը, և նրանց ընտանիքի անդամները: Վերջին տասը տարում այլ անձինք, այդ թվում՝ Ամալյա Մուրադյանը, Ժիրայր և Դավիթ Փամբուկյանները, նշված հասցեի հողամասը չեն մշակել:
Վկա Սեյրան Մովսիսյանը դատարանում ցուցմունք է տվել այն մասին, որ «Վահանին ճանաչում է դեռևս 1976 թվականից, 1977 թվականին Վահան Փամբուկյանը գնել է վերոնշյալ հողամասը, որտեղ հետագայում տուն է կառուցել»: Հայտնել է նաև, որ «Վահանը մինչև 1993 թվականը պարտադիր եղել է Դիլիջանում, իր սարքած տանը, դրանից հետո Ամալյայի եղբոր որդին է բերել-տարել նրանց մինչև 1997-1998-ական թվականները, դրանից հետո էլի էին գալիս, բայց ոչ այդ հաճախականությամբ: 1977 թվականից մինչև 1993 թվականը գնացել-եկել են, հետևել են, իր մեքենայի տանիքին դրած շինանյութը Երևանից բերել տուն է սարքել»:
Մինչդեռ վկա Լաուրա Մկրտչյանը դատարանում ցուցմունք է տվել և հայտնել, որ «1956-1978 թվականն ապրել է Ռոտոնդո թաղամասի համար 7 տանը։ Թամարայի և Լիզայի հետ մտերիմ են եղել, շփվել են, Լիզա Իսրաելյանը մենակ էր, նա Սերոբին տարածք էր տվել, նա իր կնոջ հետ ապրում էր: Թամարայի հետ իրենք շփվել են, սակայն երբ Սերոբ Խաչատրյանն այդտեղից գնացել է, ինքն այնտեղ այլ անձանց է տեսել, իսկ 1994 թվականից հետո ինքն այդ անձանց էլ չի տեսել այդտեղ, իրենք գնացել են իրենց բերքը հավաքել են, բայց ուրիշ անձանց չի տեսել 1994 թվականից այնտեղ և չի էլ շփվել: Այդ մարդկանց մինչև 1994 թվականն է տեսել, 1970 թվականից մինչև 1994 թվականն է տեսել: Իմացել է, որ Սերոբից հետո այդտեղ ինչ-որ մարդիկ են եղել, բայց 1994 թվականից հետո ինքը նրանց այդտեղ էլ չի տեսել: Թամարա Իսրաելյանի հետ են գնացել իրենց հողամասը և բերքը հավաքել են: Գիտեր, որ այդ հողամասը Թամարա Իսրաելյանինն է»:
Վկա Արտուշ Գրիգորյանը դատարանում ցուցմունք է տվել և հայտնել, որ «Սերոբ Խաչատրյանին չի ճանաչել, իսկ Թամարա Իսրաելյանին ճանաչել է: Այդ տարածքում այլ մարդիկ չեն եղել և ինքը ոչ մեկին չի տեսել, մի անգամ է գնացել: Մուտքը փակ էր, փայտից դարպաս էր, բանալիով բացել է Գագիկը, իրենց գործն արել են, ցանկապատը վերանորոգել, բանալիով փակել և դուրս են եկել: Այդ ժամանակ մարդ չի եղել այդտեղ, միայն իրենք են եղել: Ինքը շատ չի եկել, գնացել այդ տարածք, հնարավոր է և ճանաչած չլինի, այդտեղ շատ մարդ էր ապրում և ինքը բոլորին չէր կարող ճանաչել»։
Ի վերջո՝ 06.08.2019 թվականի դատական նիստում բողոք բերած անձանց ներկայացուցիչ Ավետիս Քալաշյանը հայտնել է, որ «Վահան Փամբուկյանի մահից հետո նրա որդիներն անձնական խնդիրներ են ունեցել, վեճի առարկա անշարժ գույքի հարցն աչքաթող են արել, իսկ գործի քննության ընթացքում հարցաքննված վկա Լաուրա Մկրտչյանի ցուցմունքով հաստատվում է, որ 1994 թվականից հետո վեճի առարկա հողամասում այլ անձինք չեն եղել: Արտուշ Գրիգորյանի ցուցմունքով հիմնավորվում է, որ 2006-2007 թվականներին մուտքի բանալին եղել է Լիզա Իսրաելյանի թոռան՝ Գագիկի մոտ»:
Նշված փաստերը հաստատող ապացույցների բացակայությունը և գործով ձեռք բերված ապացույցների միջև առկա բովանդակային հակասությունները Վճռաբեկ դատարանի գնահատմամբ բավարար են արձանագրելու, որ հայցվորները չեն ապացուցել վիճելի գույքը ձեռք բերելու պահին այնպիսի փաստերի առկայությունը, որոնց հիման վրա իրենց և(կամ) իրենց իրավանախորդի մոտ կարող էր ծագել վիճելի գույքն օրինական հիմքերով ձեռք բերելու համոզմունք և այն որպես սեփականություն տիրապետելու ողջամիտ ենթադրություն: Այս հանգամանքը կարևորվում է այն տեսանկյունից, որ չի հաստատվում առանց վեճի առարկա գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության՝ դրա իրական սեփականատիրոջ կողմից դրա տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից մեկուսացած լինելու փաստը:
Ավելին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նաև հստակ չէ, թե վեճի առարկա գույքը որ թվականից մինչև երբ են տիրապետել հայցվորները, արդյոք տիրապետումը եղել է անընդմեջ, թե՝ ոչ:
Վիճելի գույքի իրական սեփականատերերի կողմից դրա տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից մեկուսացված լինելու փաստը՝ հայցվորների կողմից այն ձեռքբերվելու պահին կամ հետագայում, ոչ միայն չի ապացուցվել, այլև հերքվել է գործում առկա մի շարք ապացույցներով: Այսպես՝
Լիզա Իսրաելյանի մահից հետո գույքը ժառանգությամբ անցել է նրա դուստրերին՝ Լուսյա Ներսեսյանին և Թամարա Իսրաելյանին, ում 04.01.1977 թվականին տրվել է ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր:
08.05.2015 թվականին Թամարա Իսրաելյանի, որպես նվիրատուի, և Նարինե Դանիելյանի, որպես նվիրառուի, միջև կնքվել է նվիրատվության պայմանագիր, որով նվիրատուն անհատույց նվիրառուի սեփականությանն է հանձնել Դիլիջան քաղաքի Ռոտոնդո 8 հասցեում գտնվող անշարժ գույքը։ Նշված պայմանագրից բխող՝ Նարինե Դանիելյանի սեփականության իրավունքը 13.05.2015 թվականին պետական գրանցման է ենթարկվել։
04.09.2016 թվականին Նարինե Դանիելյանը մահացել է, և ժառանգական գույքի նկատմամբ ժառանգ է հանդիսացել մայրը՝ Հասմիկ Մկրտչյանը, ում 20.04.2017 թվականին տրվել է ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր: Նշված վկայագրի համաձայն՝ ժառանգական գույքը բաղկացած է եղել ժառանգատուին պատկանող Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Ռոտոնդո 8 հասցեում գտնվող անշարժ գույքից՝ 0,253հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասից։
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Ռոտոնդո թիվ 13 տան բնակիչ Գառնիկ Թովմասյանը և Սովետների 16ա տան բնակիչ Ռ. Թովմասյանը 19.12.2004 թվականին գրավոր բացատրություններ են տվել այն մասին, որ «մինչև 1972 թվականը Ռոտոնդո թիվ 8 տանը երկար տարիներ ապրել է Լիզա Իսրաելյանը: Նա ունեցել է այգի, որը բարեխղճորեն մշակել է: 1972 թվականին նա մահացել է, որից հետո նրա այգին մշակում են նրա աղջիկը՝ Թամարա Իսրաելյանը և նրա ընտանիքի անդամները»։
Թաղային լիազոր Ռիմա Մուրադյանի կողմից ստորագրված 17.07.2015 թվականի տեղեկանքի համաձայն՝ Դիլիջան քաղաքի Ռոտոնդո 8 հասցեի հողամասում այգին հիմնել է Լիզա Իսրաելյանը, նրա մահից հետո մինչև այժմ այգին մշտապես և բարեխիղճ մշակում են նրա դուստրը՝ Թամարա Իսրաելյանը, թոռնուհին՝ Նարինե Դանիելյանը, և նրանց ընտանիքի անդամները: Վերջին տասը տարում այլ անձինք, այդ թվում՝ Ամալյա Մուրադյանը, Ժիրայր Փամբուկյանը և Դավիթ Փամբուկյանը նշված հասցեի հողամասը չեն մշակել։
Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ գործում առկա ապացույցներով հաստատվում են այն փաստերը, որ Դիլիջան քաղաքի Ռոտոնդո 8 հասցեում գտնվող հողատարածքի գույքահարկի և հողի հարկի վճարումները 2006 թվականից մինչև 2015 թվականը կատարվել են Թամարա Իսրաելյանի կողմից, 2015 թվականից մինչև 2019 թվականը՝ Նարինե Դանիելյանի կողմից, 2019 թվականին՝ նաև Հասմիկ Մկրտչյանի կողմից:
«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ գույքահարկը սեփականության իրավունքով նույն օրենքի 3-րդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար սույն օրենքով սահմանված կարգով և չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:
«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գույքահարկ վճարող են համարվում (…) Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք, որոնց Հայաստանի Հանրապետության տարածքում պատկանում է նույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված հարկվող օբյեկտ համարվող գույքը, (…):
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե հարկվող օբյեկտն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է մեկից ավելի հարկ վճարողների, ապա գույքահարկի գծով նույն օրենքով սահմանված պարտավորությունների համար նրանք կրում են պատասխանատվություն` յուրաքանչյուրն իր բաժնի չափով:
Նշված նորմերի բովանդակությունից հետևում է, որ գույքահարկ վճարելու պարտականություն են կրում այն անձինք, ում սեփականության իրավունքով պատկանում է հարկվող օբյեկտը, այսինքն՝ այդ գույքի սեփականատերերը, իսկ ընդհանուր բաժնային սեփականության դեպքում՝ բոլոր սեփականատերերը՝ յուրաքանչյուրն իր բաժնի չափով:
Գույքահարկն անմիջականորեն սեփականատիրոջ կողմից վճարման ենթակա լինելու կանոնի հաստատմանն է ծառայում նաև «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը, որը գույքահարկ վճարելու պարտավորություն առաջանալու և դադարելու հանգամանքը պայմանավորում է հարկվող օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման և դադարման փաստի հետ:
Տվյալ դեպքում վճարելով Դիլիջան քաղաքի Ռոտոնդո 8 հասցեում գտնվող հողի և գույքի հարկը՝ նշված գույքի իրական սեփականատերերը՝ այն օրենքով սահմանված կարգով իրենց տնօրինման անցնելուց հետո, կատարել են իրենց՝ որպես սեփականատերերի վրա օրենքով դրված պարտականությունը՝ ի ցույց դնելով էական նշանակություն ունեցող այն հանգամանքը, որ իրենք նշված գույքը շարունակել են ընդունել որպես իրենց սեփականություն և շարունակական կերպով կատարել են դրա նկատմամբ իրենց՝ որպես սեփականատերերի վրա «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով անմիջականորեն դրված պարտականությունը:
Թամարա Իսրաելյանի, Նարինե Դանիելյանի և Հասմիկ Մկրտչյանի կողմից վիճելի գույքի համար նախատեսված հողի ու գույքի հարկերը պարբերաբար՝ յուրաքանչյուրի կողմից այն որպես սեփականություն ձեռք բերելու ժամանակահատվածում, վճարված լինելը վկայում է սեփականատեր հանդիսանալու կարգավիճակի և դրանից բխող պարտականությունների կատարումը Թամարա Իսրաելյանի, Նարինե Դանիելյանի և Հասմիկ Մկրտչյանի կողմից շարունակական կերպով ու գիտակցաբար պահպանված և կատարված լինելու մասին:
Ավելին՝ թիվ 2-10/2005 թվականի գործի շրջանակներում ներկայացրած վերաքննիչ բողոքի պատասխանում Թամարա Իսրաելյանը թեև չի վիճարկել Դիլիջան քաղաքի Ռոտոնդո 8 հասցեում գտնվող 2530քմ հողամասից 1337,8քմ մակերեսով հողատարածքը Ամալյա Մուրադյանի, Դավիթ և Ժիրայր Փամբուկյանի կողմից տիրապետելու փաստը, այդուհանդերձ հայտնել է, որ երբևէ չի հրաժարվել իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքից, պարբերաբար և պարտաճանաչորեն կատարել է հողի հարկի վճարումները, իսկ իրեն սեփականության իրավունքով պատկանող տարածք այլ անձանց ժամանակ առ ժամանակ մուտք գործելուն չարգելելը որևէ կերպ չի կարող համարվել սեփականության իրավունքից հրաժարում։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այս փաստերը բավարար են հաստատելու, որ Թամարա Իսրաելյանը, տեղյակ լինելով Դիլիջան քաղաքի Ռոտոնդո 8 հասցեում գտնվող 2530քմ հողամասից 1337.8քմ մակերեսով հողատարածքը Ամալյա Մուրադյանի, Դավիթ և Ժիրայր Փամբուկյանի կողմից տիրապետելու մասին, գույքի տիրապետումից, օգտագործումից ու տնօրինումից չի մեկուսացել և Դիլիջան քաղաքի Ռոտոնդո 8 հասցեում գտնվող հողամասը շարունակել է համարել իր սեփականությունը՝ ի հավաստումն դրա վճարելով գույքի ու հողի հարկերը:
Վճռաբեկ դատարանն կարևորում է նաև այն փաստը, որ Դիլիջան քաղաքի Ռոտոնդո 8 հասցեում գտնվող գույքի նկատմամբ նույնպիսի հոգածություն են ցուցաբերել և իրենց, որպես սեփականատերերի, գույքահարկ վճարելու պարտականությունը հետագայում կատարել են նաև Նարինե Դանիելյանն ու Հասմիկ Մկրտչյանը:
Բողոք բերած անձանց ներկայացուցիչ Ավետիս Քալաշյանը 06.08.2019 թվականի դատական նիստում հայտնել է, որ «գույքի, հողի հարկի վճարները հայցվորները տեսուչին են տվել և անդորրագրեր չունեն, ու Ամալյա Մուրադյանը 15.10.2019 թվականին կայացած դատական նիստի ընթացքում հայտնել է, որ լույսի և ջրի համար վճարումներ է կատարել 1979 թվականից մինչև 1987 թվականը, իսկ դրանից հետո շոչիկը վերացել է, հարևանների հետ ամեն ամիս հավասարաչափ մուծել է»: Մինչդեռ նշված փաստերը հաստատող ապացույցներ հայցվորները չեն ներկայացրել:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված ապացույցներով հաստատվում է, որ Ամալյա Մուրադյանի, Դավիթ և Ժիրայր Փամբուկյանի մոտ այն բարեխիղճ տիրապետելու համոզմունք չէր կարող ձևավորվել ոչ այն ձեռք բերելու պահին, ոչ հետագայում:
Վերոշարադրյալի ամփոփմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դիլիջան քաղաքի Ռոտոնդո 8 հասցեում գտնվող անշարժ գույքը տիրապետելու հարցում հայցվորների իրավանախորդ Վահան Փամբուկյանի, հետագայում նաև՝ Ամալյա Մուրադյանի, Դավիթ և Ժիրայր Փամբուկյանների բարեխղճությունը չի ապացուցվել ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախկինում կայացրած որոշումներում կարևորված՝ նրանց սուբյեկտիվ ընկալման տեսանկյունից, իսկ վիճելի գույքի սեփականատերեր Թամարա Իսրաելյանը և Հասմիկ Մկրտչյանը չեն ցուցաբերել այնպիսի վարքագիծ, որը թույլ կտար հաստատել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ իրենց պատկանող գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից մեկուսացված լինելու փաստը: Ավելին՝ գործում առկա ապացույցներով չի հիմնավորվում, որ Ամալյա Մուրադյանի, Ժիրայր և Դավիթ Փամբուկյանների ու նրանց իրավանախորդ Վահան Փամբուկյանի կողմից վիճելի անշարժ գույքի տիրապետումը հիմնված է եղել այնպիսի փաստերի վրա, որոնք կարող էին նրանց բավարար հիմքեր տալ ենթադրելու, որ անշարժ գույքն իրենք տիրապետելու են որպես սեփականություն, իսկ գործում եղած ապացույցներով հերքվում է այն պնդումը, որ վիճելի անշարժ գույքի սեփականատերերը մեկուսացել են դրա տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից՝ առանց դրա նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության, հետևաբար այդ կապակցությամբ Վերաքննիչ դատարանի եզրահանգումն իրավաչափ է։
Հիմք ընդունելով ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունք ձեռք բերելու պայմաններից բարեխղճության կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները և այն հանգամանքները, որ հայցվորների իրավանախորդ Վահան Փամբուկյանի, հետագայում նաև՝ Ամալյա Մուրադյանի, Դավիթ և Ժիրայր Փամբուկյանների կողմից վիճելի անշարժ գույքը բարեխիղճ տիրապետելու փաստի առկայությունը մնացել է վիճելի, որպիսի փաստն իրավաչափորեն արձանագրվել է նաև Վերաքննիչ դատարանի կողմից, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով վերապահված լիազորությունը՝ մերժել Ամալյա Մուրադյանի, Ժիրայր Փամբուկյանի և Դավիթ Փամբուկյանի վճռաբեկ բողոքը՝ Վերաքննիչ դատարանի 24.08.2020 թվականի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են սույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Ամալյա Մուրադյանի, Ժիրայր և Դավիթ Փամբուկյանների կողմից վճռաբեկ բողոքի համար պետական տուրքը վճարված լինելու պարագայում պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված` նկատի ունենալով, որ վերջիններիս բողոքը ենթակա է մերժման:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով դատական այլ ծախսեր չեն առաջացել։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.08.2020 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ սույն որոշման պատճառաբանություններով:
2. Դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Գ. Հակոբյան Զեկուցող Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս․ ՄԵՂՐՅԱՆ
Է. Սեդրակյան
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ՏԴ3/1098/02/16 քաղաքացիական գործով 2023 թվականի դեկտեմբերի 15-ին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ
15․12․2023 թվական
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2023 թվականի դեկտեմբերի 15-ին գրավոր ընթացակարգով քննելով Ամալյա Մուրադյանի, Ժիրայր և Դավիթ Փամբուկյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.08.2020 թվականի որոշման դեմ՝ ըստ Ամալյա Մուրադյանի, Ժիրայր և Դավիթ Փամբուկյանների հայցի ընդդեմ Հասմիկ Մկրտչյանի ու Թամարա Իսրաելյանի, երրորդ անձինք ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի և ՀՀ կադաստրի պետական կոմիտեի Դիլիջան տարածքային ստորաբաժանման (այսուհետ՝ Կոմիտե)` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու, մասնակիորեն պայմանագիրը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և դրանց հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին, նույն պալատի ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.08.2020 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ։
Վճռաբեկ դատարանի դատավոր Էդ. Սեդրակյանս համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Ամալյա Մուրադյանը, Ժիրայր և Դավիթ Փամբուկյանները պահանջել են ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իրենց սեփականության իրավունքը Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Ռոտոնդո 8 հասցեում գտնվող ըստ 14.04.2015 թվականի հատակագծի 1337,8քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ, մասնակիորեն` 1337,8քմ մակերեսի մասով, անվավեր ճանաչել վերը նշված հասցեում գտնվող հողամասի նկատմամբ Թամարա Իսրաելյանի և Նարինե Դանիելյանի միջև 08.05.2015 թվականին կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրն ու դրա հիման վրա Նարինե Դանիելյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, Հասմիկ Մկրտչյանին 20.04.2017 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը` վերը նշված հասցեում գտնվող հողամասի մասով, ինչպես նաև մասնակիորեն` այդ հողամասի մասով, վերջինիս անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումը:
Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 12.02.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.08.2020 թվականի որոշմամբ Հասմիկ Մկրտչյանի և Թամարա Իսրաելյանի վերաքննիչ բողոքները բավարարվել են՝ Դատարանի 12.02.2020 թվականի վճիռը բեկանվել ու փոփոխվել է` հայցը մերժվել է:
Վճռաբեկ բողոք են ներկայացրել Ամալյա Մուրադյանը, Ժիրայր և Դավիթ Փամբուկյանները (ներկայացուցիչ Ավետիս Քալաշյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Հասմիկ Մկրտչյանը և Թամարա Իսրաելյանը։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով։
Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ և 381-րդ հոդվածները։
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը, որոշում կայացնելիս, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա բոլոր ապացույցները, ինչն էլ ազդել է գործի ելքի վրա:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել իրենց կողմից վիճելի գույքը 1970-ական թվականներից բարեխիղճ կերպով փաստացի տիրապետելու և օգտագործելու փաստերը, որոնք հաստատվել են գործում առկա ապացույցներով, մասնավորապես՝ Վահան Փամբուկյանի կողմից փաստացի գնված հողամասն առանձնացված է ցանկապատով ու հողամաս մուտք գործող դռան բանալին գտնվում է իրենց մոտ։ Բացի այդ, հողամասի վրա ներկայումս էլ առկա է Վահան Փամբուկյանի կողմից կառուցված փայտյա տունը և մինչ օրս իրենք առանց որևէ արգելքի տնօրինում են այն։
Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքի պատասխանում նշված փաստարկներին։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 24.08.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 12.02.2020 թվականի վճռին:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ ներկայացված բողոքը չի պարունակում այն վարույթ ընդունելու՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված հիմքերի առկայության մասին հիմնավորումներ։
Գործում առկա ապացույցներով չի հաստատվում ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման համար անհրաժեշտ բոլոր վավերապայմանների միաժամանակյա առկայությունը, այն է՝ բողոք բերած անձանց և իրենց իրավանախորդի կողմից վիճելի անշարժ գույքը 10 տարի բարեխիղճ, անընդմեջ ու բացահայտ, որպես իրենց սեփականը տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու փաստերը։
Գործում բացակայում է նաև որևէ ապացույց, որը կհիմնավորեր, որ վիճելի անշարժ գույքի սեփականատերերն այն բողոք բերած անձանց իրավանախորդին հանձնել են որպես սեփականություն, և վերջինս ունեցել է բավարար հիմքեր ենթադրելու, որ այդ գույքն իրեն հանձնվել է որպես սեփականություն։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Դիլիջան համայնքի ղեկավարի 09.08.2018 թվականի թիվ 774-18 գրության համաձայն՝ ըստ Դիլիջան քաղաքի կադաստրային քարտեզի՝ 11-003-0310-0009 ծածկագրով հողամասի մակերեսը կազմում է 1104.1 քմ, իսկ 11-003-0310-0010 ծածկագրով հողամասի մակերեսը՝ 1337.8 քմ, հողամասերի ընդհանուր մակերեսը, համապատասխանաբար, կազմում է 2441.9 քմ: Դիլիջան քաղաքի կադաստրային քարտեզի 11-003-0310-010 ծածկագրով հողամասը համայնքի հողային ֆոնդի հաշվեկշռում ընդգրկված չէ, սեփականատիրոջ վերաբերյալ տվյալներ համայնքապետարանում առկա չեն (հատոր 2-րդ, գ․թ․ 17).
2) թիվ 2-10/2005թ․ քաղաքացիական գործով Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի 21․04․2005 թվականի վճռով Թամարա Իսրայելյանի հայցը՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Ռոտոնդո թիվ 8 հասցեում գտնվող 2530քմ հողատարածքը սեփականության իրավունքով տիրապետելու փաստը հասատատելու մասին, բավարարվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, քննության առնելով Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի 21.04.2005 թվականի վճռի դեմ գործին մասնակից չդարձված անձինք Ամալյա Մուրադյանի, Դավիթ և Ժիրայր Փամբուկյանների ներկայացրած վերաքննիչ բողոքը, 19.06.2015 թվականի որոշմամբ բավարարել է այն՝ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի 21.04.2005 թվականի վճիռը բեկանել է, և գործն ուղարկել է նոր քննության։
Որոշման «Վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացրած անձի դիրքորոշումը և հիմնավորումները» մասի համաձայն՝ Թամարա Իսրաելյանը հայտնել է, որ երբևէ չի հրաժարվել իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքից, պարբերաբար և պարտաճանաչորեն կատարել է հողի հարկի վճարումներ: Անձին սեփականության իրավունքով պատկանող տարածք այլ անձանց ժամանակ առ ժամանակ մուտք գործելուն չարգելելը որևէ կերպ չի կարող համարվել սեփականության իրավունքից հրաժարում։
Վերաքննիչ դատարանը որոշմամբ արձանագրել է, որ Թամարա Իսրաելյանը վերաքննիչ բողոքի պատասխանում նույնպես չի վիճարկել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Ռոտոնդո 8 հասցեում գտնվող 2530քմ հողամասից 1337,8քմ մակերեսով հողատարածքը բողոք ներկայացրած անձանց (Ամալյա Մուրադյանի, Դավիթ և Ժիրայր Փամբուկյանների) կողմից տիրապետելու փաստը (հատոր 1-ին, գ․թ․ 7-13)․
3) 16․04․2019 թվականին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Ռոտոնդոյի փողոց 8 հողամասի նկատմամբ գրանցվել է Հասմիկ Մկրտչյանի սեփականության իրավունքը, գրանցման հիմքը՝ 20.04.2017 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և թիվ ՏԴ/0590/02/17 քաղաքացիական գործով Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 01․11․2018 թվականի որոշումը (հատոր 5-րդ, գ․թ․ 41)․
4) Ռուբիկ Թովմասյանը, Հրանուշ Թովմասյանը, Գառնիկ Թովմասյանը, Սեյրան Մովսիսյանը և Շուշիկ Հիմոսյանը 07.04.2015 թվականին գրավոր հայտարարություն են տվել այն մասին, որ «Վահան Փամբուկյանը 1970-ական թվականներին Սերոբ Խաչատրյանից փաստացի գնել է Դիլիջանի Ռոտոնդո 8 հասցեում գտնվող հողամասը, որի վրա կառուցել է փայտյա բնակելի շինություն, և այն օգտագործել իր ընտանիքի համար որպես ամառանոց: Վահան Փամբուկյանի կողմից գնված հողամասը ցանկապատված է և այն ամբողջությամբ տիրապետվել և օգտագործվել է իր ընտանիքի կողմից որպես իրենց սեփական գույք: Վահան Փամբուկյանի մահից հետո նշված հողամասը և դրա վրա գտնվող բնակելի շինությունն այդ ողջ ժամանակահատվածում մինչ այսօր էլ շարունակվում է տիրապետվել և օգտագործվել նրա ժառանգների՝ կնոջ՝ Ամալյա Մուրադյանի և որդիներ՝ Դավիթ և Ժիրայր Փամբուկյանների կողմից: Բացի Փամբուկյանների ընտանիքից, որևէ այլ անձ, այդ թվում՝ Թամարա Իսրաելյանը, մինչ օրս նշված հողամասը չի տիրապետել և օգտագործել» (հատոր 1-ին, գ․թ․ 17)․
5) Արմինե Խաչատրյանը 07.04.2015 թվականին գրավոր հայտարարություն է տվել այն մասին, որ «Վահան Փամբուկյանը 1970-ական թվականներին իր հորից՝ Սերոբ Խաչատրյանից, փաստացի գնել է Դիլիջանի Ռոտոնդո 8 հասցեում գտնվող հողամասը» (հատոր 1-ին, գ․թ․ 18)․
6) 06.08.2019 թվականին կայացած դատական նիստի ընթացքում հայցվորների ներկայացուցիչ Ավետիս Քալաշյանը հայտնել է, որ «Վահան Փամբուկյանը 70-ական թվականներին Սերոբից փաստացի գնել է հողամասը, իր համար դարձրել ամառանոց: 1993 թվականին Վահան Փամբուկյանը մահացել է, նրա որդիներն անձնական խնդիրներ են ունեցել և այդ հարցն աչքաթող են արել: Երբ քայլեր են ձեռնարկել օրինականացնելու համար, պարզել են, որ դեռևս 2005 թվականից պատասխանողների իրավահաջորդը վճռի հիման վրա սեփականության իրավունք է ձեռք բերել: Նաև հայտնել է, որ գույքի, հողի հարկի վճարները հայցվորները տեսուչին են տվել և անդորրագրեր չունեն» (հատոր 5-րդ, գ.թ. 92-96)․
7) 15.10.2019 թվականին կայացած դատական նիստի ընթացքում հայցվոր Ամալյա Մուրադյանը հայտնել է, որ «մինչև 2000 թվականը դիմել են համապատասխան մարմին, իրենց հայտնել են, որ այդտեղ հոսող տարածք է, իրենք դա կարող են միայն օգտագործել, ոչ մի շինարարություն չեն կարող անել: Հողամասի սեփականատերն էր Սերոբ Խաչատրյանը, հողամաս է հատկացրել իրենց, սեփականատերը լինելու մասին որևէ փաստաթուղթ ցույց չի տվել, բայց հարևաններն են փաստել այդ մասին: Նաև հայտնել է, որ Թամարայի մայրը այդ հողամասը երկու քույրերի մեջ է բաժանել, Թամարայի քույրը դա Սերոբին է տվել, ումից էլ հայցվորներն են ձեռք բերել: 1977 թվականի հոկտեմբերին գնացել տեսել են հողը, ներքին կարգով պայմանագիր են կնքել, որը հաստատել է քաղսովետի նախագահը, բայց ներկայումս չեն կարողանում գտնել պայմանագիրը, չի պահպանվել արխիվում: Հավելել է, որ հողամասի համար 3000 ռուբլի են վճարել, լույս ու ջուր է մուծել 1979 թվականից մինչև 1987 թվականը, դրանից հետո շոչիկը վերացել է, հարևանների հետ ամեն ամիս հավասարաչափ մուծել է» (հատոր 5-րդ, գ․թ․ 104-109)․
8) 21․01․2020 թվականին կայացած դատական նիստում Սեյրան Մովսիսյանը որպես վկա ցուցմունք է տվել այն մասին, որ «Վահանին ճանաչում է դեռևս 1976 թվականից, 1977 թվականին Վահան Փամբուկյանը գնել է վերոնշյալ հողամասը, որտեղ հետագայում տուն է կառուցել: Հայտնել է, որ Վահանը մինչև 1993 թվականը պարտադիր եղել է Դիլիջանում, իր սարքած տանը, դրանից հետո Ամալյայի եղբոր որդին է բերել-տարել նրանց մինչև 1997-1998-ական թվականները, դրանից հետո էլի էին գալիս, բայց ոչ այդ հաճախականությամբ: 1977 թվականից մինչև 1993 թվականը գնացել, եկել են, հետևել են, իր մեքենայի տանիքին դրած շինանյութը Երևանից բերել տուն է սարքել: Սերոբ Խաչատրյանից է գնել, նա էր այդ հողի սեփականատերը: Սերոբին ճանաչել է 1958 թվականից, երբ ինքը 4 տարեկան երեխա էր, հողամասը գնեցին, տուն սարքեցին, երկու հարկանի էր, առաջին հարկը նկուղային էր: Ինքն օգնել է ինչով կարողացել է: Հայտնել է, որ Վահանենց ազգականներն են եկել հանգստանալու, տիկին Ամալյայի քույրերը, Վահանի տարելիցի ժամանակ գալիս էին, վրան էին խփում: Ցանկապատը կառուցել է Սերոբ Խաչատրյանը, իսկ Վահան Փամբուկյանը վերանորոգել է, սարքել դիմացի դարպասը: Այդ տանը սեղան, աթոռ, սառնարան, ամեն ինչ ուներ բնակվելու համար: Հոսանք էլ է եղել այդտեղ, ջուր էլ, ինքն իր ջրագծից և իր հոսանքից է տվել: Իր հաշվից է ինքը վճարել այդ հոսանքը: Ճանաչում է նաև Իսրաելյաններին, իր հարևաններն են, Լիզան Գագիկի տատն էր: Չի հիշում, որ տիկին Թամարան պահանջ ներկայացներ այդ հողամասի համար: Գագիկը նույնպես որևէ պահանջ չի ներկայացրել» (հատոր 6-րդ, գ․թ․ 9-14)․
4. Հատուկ կարծիքի հիմնավորումները`
Դատարանը 12.02.2020 թվականի վճռով Ամալյա Մուրադյանի, Ժիրայր Փամբուկյանի և Դավիթ Փամբուկյանի հայցը բավարարել է՝ պատճառաբանելով, որ «հաստատված է համարում, որ հայցվորների կողմից քաղաք Դիլիջան, Ռոտոնդո 8 հասցեում գտնվող 1337.8 քմ հողամասը հայցվորների կողմից տիրապետվել է բացահայտ, հարևանները տեսել են նրանց այդ հասցեում, հետևաբար տիրապետումը գաղտնի չի եղել: Պատասխանողները ևս ընդունել են այն հանգամանքը, որ Վահան Փամբուկյանը իր ընտանիքով այցելել է նշված հողամասը: Միաժամանակ Դատարանը գտնում է, որ վկաների ցուցմունքով հիմնավորվում է նաև վիճելի գույքի առնվազն տասը տարվա տիրապետման անընդմեջությունը՝ հաշվի առնելով, որ վկաները ևս հայտնել են, որ առնվազն մինչև 1994 թվականը այնտեղ տեսել են այլ անձանց, ինչն արդեն իսկ բավարար է հայցվորների կողմից 10 տարվա տիրապետման փաստը հաստատված համարելու համար: Ավելին, Դատարանը հաստատված է համարում, որ քաղաք Դիլիջան, Ռոտոնդո 8 հասցեի գրանցված սեփականատերերի կողմից երբևէ պահանջ չի ներկայացվել հողամասի տիրապետումը դադարեցնելու, տարածքն ազատելու վերաբերյալ: (…) Պատասխանող Թամարա Իսրաելյանի ներկայացուցիչ Գայանե Սարգսյանը ինչպես նախնական դատական նիստերին, այնպես էլ դատաքննությանը, առարկելով ներկայացված պահանջի դեմ, Դատարանին հայտնել է, որ հայցվորների կողմից չի ներկայացվել անշարժ գույքը ձեռք բերելու վերաբերյալ որևէ գրավոր ապացույց, որևէ պայմանագիր, առուվաճառքի գործարք, ներքին առուծախի պայմանագիր, մինչդեռ Դատարանն անհրաժեշտ է համարում փաստել, որ նշված փաստաթղթերի առկայության պայմաններում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի հիմքով ձեռքբերման վաղեմության ինստիտուտի կիրառելիության հարց չէր ծագի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ծագման համար հիմքը տիրապետման փաստն է, ոչ թե օրենքով սահմանված կարգով կնքված գործարքի առկայությունը: Ավելին, Դատարանը փաստում է, որ դեռևս ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի թիվ 2-10/2005թ. որոշմամբ արձանագրվել է, որ Թամարա Իսրաելյանի կողմից վերաքննիչ բողոքի պատասխանում չի վիճարկվել Ռոտոնդո 8 հասցեում գտնվող 2530 քմ հողամասից 1337.8 քմ մակերեսով հողատարածքը բողոք ներկայացրած անձանց` սույն գործով հայցվորների կողմից տիրապետելու փաստը: (…) հայցվորների կողմից փաստացի տիրապետվող տարածքը սահմանազատված է եղել, Դիլիջան քաղաքի կադաստրային քարտեզում ունեցել է առանձին ծածկագիր և չի հանդիսացել համայնքային սեփականություն՝ չնայած որ սեփականատիրոջ մասին որևէ տեղեկատվություն առկա չի եղել: (…)»:
Վերաքննիչ դատարանը Հասմիկ Մկրտչյանի և Թամարա Իսրաելյանի վերաքննիչ բողոքները բավարարել է՝ Դատարանի 12.02.2020 թվականի վճիռը բեկանել է և փոփոխել՝ հայցը մերժել է այն պատճառաբանությամբ, որ «Գործում առկա չէ ապացույց, ինչը կհավաստեր, որ Լիզա Իսրաելյանը, իսկ հետագայում վերջինիս իրավահաջորդները վեճի առարկա անշարժ գույքը որպես սեփականություն հանձնել են ոմն Սերոբ Խաչատրյանի: Վեճի առարկա գույքի նկատմամբ Սերոբ Խաչատրյանի իրավունքի գրանցման վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ: Ավելին, գործի քննության ընթացքում վկա Լաուրա Մկրտչյանը, պատասխանող Հասմիկ Մկրտչյանը ցուցմունք են տվել այն մասին, որ Սերոբ Խաչատրյանին հողամասը տրամադրվել է բնակվելու իրավունքով (փաստեր 23-24): Հետևաբար վկաներ Արմինե Խաչատրյանի, Սեյրան Մովսիսիյանի, հայցվոր Ամալյա Մուրադյանի ցուցմունքներն այն մասին, որ Վահան Փամբուկյանը 1977 թվականին Սերոբ Խաչատրյանից փաստացի գնել է վեճի առարկա հողամասը, հիմք չէ վեճի առարկա անշարժ գույքի նկատմամբ Սերոբ Խաչատրյանի կամ Վահան Փամբուկյանի որևէ իրավունքի առկայության վերաբերյալ հետևություն անելու համար (փաստեր 23, 26): Վկայակոչված փաստերի համադրումից հետևում է, որ վեճի առարկա անշարժ գույքը հայցվորների իրավանախորդ Վահան Փամբուկյանի տիրապետմանն անցնելու պահին այն չի պատկանել Սերոբ Խաչատրյանին, այսինքն՝ հիշյալ գույքը Վահան Փամբուկյանին է հանձնվել այն տնօրինելու իրավազորությամբ չօժտված անձի կողմից: Ուստի վեճի առարկա անշաժ գույքը սեփականատիրոջից տարբերվող՝ այլ անձի կողմից հայցվորների (իրավանախորդի) տիրապետմանը հանձնվելու պայմաններում վերջիններս չէին կարող բավարար հիմքեր ունենալ ենթադրելու, որ այդ գույքը տիրապետելու են որպես սեփականը: (…) գործով հիմնավորվում է փաստն այն մասին, որ 1993-1994 թթ.-ից հետո հայցվորները վեճի առարկա անշարժ գույքը չեն տիրապետել և օգտագործել, իսկ 2005 թվականին միայն քայլեր են ձեռնարկել դրա նկատմամբ իրավունքի ճանաչման վերաբերյալ: Մասնավորապես գործի քննության ընթացքում հայցվորների ներկայացուցիչը հայտնել է, որ Վահան Փամբուկյանի մահից հետո որդիները խնդիրներ են ունեցել, վեճի առարկա անշարժ գույքի հարցն աչքաթող են արել, իսկ գործի քննության ընթացքում հարցաքննված վկա Լաուրա Մկրտչյանի ցուցմունքով հաստատվում է, որ 1994 թվականից հետո վեճի առարկա հողամասում այլ անձինք չեն եղել: Արտուշ Գրիգորյանի ցուցմունքով հիմնավորվում է, որ 2006-2007 թթ.-ին մուտքի բանալին եղել է Լիզա Իսրաելյանի թոռան՝ Գագիկի մոտ։ (…):»
ՀՀ Վճռաբեկ դատարանը 15․12․2023 թվականի որոշմամբ Ամալյա Մուրադյանի, Ժիրայր Փամբուկյանի և Դավիթ Փամբուկյանի վճռաբեկ բողոքը մերժել է և նույն որոշման պատճառաբանություններով Վերաքննիչ դատարանի 24.08.2020 թվականի որոշումը թողել է օրինական ուժի մեջ՝ պատճառաբանելով, որ «Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դիլիջան քաղաքի Ռոտոնդո 8 հասցեում գտնվող անշարժ գույքը տիրապետելու հարցում հայցվորների իրավանախորդ Վահան Փամբուկյանի, հետագայում նաև՝ Ամալյա Մուրադյանի, Դավիթ և Ժիրայր Փամբուկյանների բարեխղճությունը չի ապացուցվել ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախկինում կայացրած որոշումներում կարևորված՝ նրանց սուբյեկտիվ ընկալման տեսանկյունից, իսկ վիճելի գույքի սեփականատերեր Թամարա Իսրաելյանը և Հասմիկ Մկրտչյանը չեն ցուցաբերել այնպիսի վարքագիծ, որը թույլ կտար հաստատել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ իրենց պատկանող գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից մեկուսացված լինելու փաստը: Ավելին՝ գործում առկա ապացույցներով չի հիմնավորվում, որ Ամալյա Մուրադյանի, Ժիրայր և Դավիթ Փամբուկյանների ու նրանց իրավանախորդ Վահան Փամբուկյանի կողմից վիճելի անշարժ գույքի տիրապետումը հիմնված է եղել այնպիսի փաստերի վրա, որոնք կարող էին նրանց բավարար հիմքեր տալ ենթադրելու, որ անշարժ գույքն իրենք տիրապետելու են որպես սեփականություն, իսկ գործում եղած ապացույցներով հերքվում է այն պնդումը, որ վիճելի անշարժ գույքի սեփականատերերը մեկուսացել են դրա տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից՝ առանց դրա նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության, հետևաբար այդ կապակցությամբ Վերաքննիչ դատարանի եզրահանգումն իրավաչափ է։
Հիմք ընդունելով ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունք ձեռք բերելու պայմաններից բարեխղճության կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները և այն հանգամանքները, որ հայցվորների իրավանախորդ Վահան Փամբուկյանի, հետագայում նաև՝ Ամալյա Մուրադյանի, Դավիթ և Ժիրայր Փամբուկյանների կողմից վիճելի անշարժ գույքը բարեխիղճ տիրապետելու փաստի առկայությունը մնացել է վիճելի, որպիսի փաստն իրավաչափորեն արձանագրվել է նաև Վերաքննիչ դատարանի կողմից, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով վերապահված լիազորությունը՝ մերժել Ամալյա Մուրադյանի, Ժիրայր Փամբուկյանի և Դավիթ Փամբուկյանի վճռաբեկ բողոքը՝ Վերաքննիչ դատարանի 24.08.2020 թվականի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:»։
Վճռաբեկ դատարանի դատավոր Էդ. Սեդրակյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, շարադրում եմ հատուկ կարծիքս դրա վերաբերյալ:
Սույն հատուկ կարծիքի շրջանակներում հարկ եմ համարում անդրադառնալ արդյո՞ք սույն գործով ձեռքբերման վաղեմություն ուժով հաստատվում է հայցվորներ Ամալյա Մուրադյանի, Դավիթ և Ժիրայր Փամբուկյանների սեփականության իրավունքը Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Ռոտոնդո 8 հասցեում գտնվող ըստ 14.04.2015 թվականի հատակագծի 1337,8քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ` փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանը հետազոտված ապացույցը ճանաչում է անարժանահավատ, եթե դրա հետազոտման, գնահատման կամ այլ ապացույցների հետ համադրման արդյունքով հաստատվում է, որ դրանում պարունակվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը: Ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջև հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետևությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ՝ հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացությունների և դատողությունների վրա (տե՛ս «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ձեռքբերման վաղեմության ինստիտուտի հետ կապված իրավակարգավորումների կիրառման հարցին, արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը։ Մասնավորապես դրանք են՝
1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ։ Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքն անձի փաստացի տիրապետմանն անցնելիս։ Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման։ Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով։ Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն․
2. փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփական, այսինքն՝ գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում։ Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփական նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում․
3. տիրապետումը պետք է լինի տասը տարի և անընդմեջ։ Այսինքն՝ 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի։ Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն․
4. տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն՝ փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե´ս Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններն ընդդեմ Մանվել Սարիբեկյանի և մյուսների թիվ 3-1435/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը)
ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է նաև ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ պայմաններից բարեխղճության պայմանի գնահատման առանձնահատկություններին, և արձանագրել, որ նման իրավահարաբերություններում առավել կարևորվում է ինչպես անշարժ գույքի փաստացի տիրապետողի վերաբերմունքը տիրապետվող գույքի նկատմամբ, այնպես էլ գրանցված սեփականատիրոջ վարքագիծը և վերաբերմունքն այլ անձի կողմից իր սեփականության տիրապետման նկատմամբ:
Ըստ էության, օրենքով նախատեսված տասը տարվա ժամանակահատվածն այն սահմանափակ ժամանակահատվածն է, որի ընթացքում անշարժ գույքի սեփականատիրոջ գործողությունները կարող են ազդել գույքի փաստացի տիրապետողի կողմից նրա՝ գույքը որպես սեփականը տիրապետելու բարեխղճության վրա, քանի որ այս իրավահարաբերության համար էական է անշարժ գույքի սեփականատիրոջ վերաբերմունքը նման տիրապետման վերաբերյալ, որովհետև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի կիրառման առումով սեփականատիրոջ կողմից գույքի տիրապետման իրավազորության իրականացումն ինքնին բացառում է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչում որևէ սուբյեկտի համար: Նման մեկնաբանությունը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 3-րդ կետի բովանդակությունից:
Անշարժ գույքի գրանցված սեփականության իրավունք ունեցող անձի վարքագիծը և վերաբերմունքն առանց օրենքի ու պայմանագրի հիման վրա գույքը փաստացի տիրապետող անձի տիրապետման նկատմամբ էական է դառնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի բովանդակության առումով գնահատական տալու համար, քանի որ հիշատակված հոդվածը որպես սեփականությունից հրաժարվելու հիմք կարևորում է ոչ միայն գրավոր փաստաթղթի առկայությունը, այլ նաև սեփականատիրոջ գործողությունները (անգործությունը):
Անշարժ գույքի գրանցված սեփականատիրոջ կողմից գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված գործողությունները պետք է իրականացվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված ժամկետի ընթացքում՝ մինչև գույքի փաստացի տիրապետողի կողմից ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման պահանջ ներկայացնելը: Այս առումով պետք է նշել, որ ժառանգման կարգով իրականացված իրավահաջորդության դեպքում գույքի նկատմամբ ժառանգների սեփականության իրավունքի ծագումն ինքնըստինքյան չի վերացնում անշարժ գույքի փաստացի տիրապետողի մոտ առկա տիրապետման բարեխղճությունը: Այս հիմքով սեփականության իրավունքի ծագման համար գույքն այլ անձի անցնելու ձևերը, որոնք էլ պայմանավորում են ձեռք բերողի մոտ բարեխղճության առկայությունը կամ բացակայությունը, տարբեր են: Ինչպես կամահայտնության գրավոր կամ բանավոր ձևերը, այնպես էլ անձի գործողությունները և հավասարապես անգործությունը կարող են վկայել տիրապետման բարեխղճության մասին (տե´ս Սպարտակ, Թեհմինե, Ալինա Հակոբյանները և Քնարիկ Վարդանյանն ընդդեմ Արայիկ, Նորաշխարհիկ, Աննա, Ամալյա ու Միքայել Հակոբյանների թիվ ԱՎԴ/0167/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն՝
Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի 09.08.2018 թվականի թիվ 774-18 գրության համաձայն` ըստ Դիլիջան քաղաքի կադաստրային քարտեզի` 11-003-0310-0009 ծածկագրով հողամասի մակերեսը կազմում է 1104.1 քմ, իսկ 11-003-0310-0010 ծածկագրով հողամասի մակերեսը՝ 1337.8 քմ։ Հողամասերի ընդհանուր մակերեսը, համապատասխանաբար, կազմում է 2441.9 քմ։ Դիլիջան քաղաքի կադաստրային քարտեզի 11-003-0310-010 ծածկագրով հողամասը համայնքի հողային ֆոնդի հաշվեկշռում ընդգրկված չէ։ Սեփականատիրոջ /սեփականատերերի/ վերաբերյալ տվյալներ համայնքապետարանում առկա չեն։
Սույն գործով որպես վկա հարցաքննվելիս Լաուրա Մկրտչյանը հայտնել է, որ մինչև 1994 թվականը քաղաք Դիլիջան, Ռոտոնդո 8 հասցեում տեսել է այլ անձանց, սակայն դրանից հետո չի տեսել որևէ մեկին: Գործով մյուս վկաները ևս Դատարանին հայտնել են, որ Սերոբ Խաչատրյանից հետո փաստացի բնակվողներ եղել են, Սերոբ Խաչատրյանը հողը փաստացի վաճառել է Վահանին, ով սարքել է փայտե տնակ և իր ընտանիքով ամառները հաճախակի այցելել է այնտեղ:
Արմինե Խաչատրյանը 07.04.2015 թվականին գրավոր հայտարարություն է տվել այն մասին, որ «Վահան Փամբուկյանը 1970-ական թվականներին իր հորից՝ Սերոբ Խաչատրյանից, փաստացի գնել է Դիլիջանի Ռոտոնդո 8 հասցեում գտնվող հողամասը»։
21․01․2020 թվականին կայացած դատական նիստում Սեյրան Մովսիսյանը որպես վկա ցուցմունք է տվել այն մասին, որ «Վահանին ճանաչում է դեռևս 1976 թվականից, 1977 թվականին Վահան Փամբուկյանը գնել է վերոնշյալ հողամասը, որտեղ հետագայում տուն է կառուցել: Հայտնել է, որ Վահանը մինչև 1993 թվականը պարտադիր եղել է Դիլիջանում, իր սարքած տանը, դրանից հետո Ամալյայի եղբոր որդին է բերել-տարել նրանց մինչև 1997-1998-ական թվականները, դրանից հետո էլի էին գալիս, բայց ոչ այդ հաճախականությամբ: 1977 թվականից մինչև 1993 թվականը գնացել, եկել են, հետևել են, իր մեքենայի տանիքին դրած շինանյութը Երևանից բերել տուն է սարքել: Սերոբ Խաչատրյանից է գնել, նա էր այդ հողի սեփականատերը:
Սույն գործում առկա ապացույցներն իրենց համակցության մեջ բավարար են եզրահանգելու, որ Վահան Փամբուկյանը, իսկ հետագայում Ամալյա Մուրադյանը, Դավիթ և Ժիրայր Փամբուկյանները սկսած 1970-ական թվականներից բացահայտ, անընդմեջ և բարեխիղճ տիրապետում են Տավուշի մարզի Դիլիջանի քաղաք Ռոտոնդո 8 հասցեում գտնվող 1337.8 քմ հողամասը որպես սեփականը։ Վերջիններիս կողմից զբաղեցրած վիճելի հողատարածքն ավելի քան 40 տարի ամբողջությամբ գտնվել է նրանց բարեխիղճ, բացահայտ տիրապետման ներքո և այդ հողատարածքը տիրապետել և տիրապետում են որպես իրենց սեփական գույք։
Հայցվորների կողմից քաղաք Դիլիջան, Ռոտոնդո 8 հասցեում գտնվող 1337.8 քմ հողամասը հայցվորների կողմից ավելի քան 10 տարի տիրապետվել է բացահայտ, քանի որ հարևանները տեսել են նրանց այդ հասցեում, հետևաբար տիրապետումը գաղտնի չի եղել։ Անդրադառնալով Վահան Փամբուկյանի, իսկ հետագայում Ամալյա Մուրադյանի, Դավիթ և Ժիրայր Փամբուկյանների կողմից գույքը բարեխիղճ օգտագործելուն՝ հարկ է նշել, որ վերջիններիս մոտ առկա է եղել այն համոզմունքը, որ Վահան Փամբուկյանը գույքը ձեռք է բերել օրինական հիմքերով, Վահան Փամբուկյանի մոտ առկա է եղել բավարար հիմքեր ենթադրելու, որ այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն։
Նշված հանգամանքները հիմք են ձեռքբերման վաղեմության ուժով այդ հողամասի նկատմամբ Ամալյա Մուրադյանի, Դավիթ Փամբուկյանի, Ժիրայր Փամբուկյանի սեփականության իրավունքը ճանաչելու համար, քանի որ սույն գործով հաստատվում է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ծագման համար ՀՀ վճռաբեկ դատարանի նախկնում արտահայտված դիրքորոշումներով նշված անհրաժեշտ վավերապայմանների միաժամանակյա առկայությունը:
Այսպիսով, սույն քաղաքացիական գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման և վերլուծության արդյունքում գալիս եմ այն եզրահանգմանը, որ ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ վավերապայմանները հայցվորների կողմից պահպանվել են: Հայցվորների տիրապետած հողատարածքն ավելի քան 40 տարի գտնվել է Վահան Փամբուկյանի, իսկ հետագայում Ամալյա Մուրադյանի, Դավիթ և Ժիրայր Փամբուկյանների բարեխիղճ, բացահայտ տիրապետման ներքո և այդ հողատարածքը տիրապետել և տիրապետում են որպես իրենց սեփական գույք։
Վերոգրյալ իրավական և փաստական հիմնավորումների համատեքստում Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական և նյութական իրավունքի խախտումներ, այն է՝ խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետը։
Ամփոփելով՝ գտնում եմ, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել դատավարական իրավունքի խախտում, որը հանգեցրել է գործի սխալ լուծման:
Հետևաբար սույն գործով անհրաժեշտ էր կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` վճռաբեկ բողոքը բավարարելու, վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:
Դատավոր` |
Էդ. Սեդրակյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հունվարի 2024 թվական: