Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.01.22-2024.02.04 Պաշտոնական հրապարակման օրը 25.01.2024
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
15.12.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
15.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի

քաղաքացիական և վարչական պալատի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/1206/02/09

2023 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/1206/02/09

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ անունից

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

 

նախագահող

Գ. Հակոբյան
  զեկուցող

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

    Է. Սեդրակյան

 

2023 թվականի դեկտեմբերի 15-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 08.05.2023 թվականի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ «Արտադրա-Տպագրական» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) բողոքը քաղաքացիական գործով ըստ «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ի («Էվոկաբանկ» ՓԲԸ-ի իրավանախորդն է) (այսուհետ՝ Բանկ) հայցի ընդդեմ Ընկերության ու երրորդ անձ «Կառ‑Պրինց» ԱԿ-ի (այսուհետ՝ Կոոպերատիվ)` վտարելու պահանջի մասին, և ըստ Ընկերության հակընդդեմ հայցի ընդդեմ Բանկի ու երրորդ անձ «Դանհիս» ՍՊԸ-ի` գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է Ընկերությանը վտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 48 հասցեում գտնվող արտադրական շենքից և հողամասից ու այն հանձնել Բանկին:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է վերականգնել մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը` ճանաչել Ընկերության սեփականության իրավունքը Երևանի Իսակովի պողոտայի թիվ 48 հասցեում գտնվող 260,4քմ մակերեսով արտադրական շենքի և ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը 0,1744հա հողամասի նկատմամբ, Բանկից բռնագանձել 565.547.000 ՀՀ դրամ` որպես անհիմն հարստացում ու ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները` սկսած 19.08.2009 թվականից մինչև նշված գումարը վերադարձնելու օրը:

10.04.2012 թվականին փոփոխելով հայցի առարկան և հիմքը` Ընկերությունը պահանջել է Բանկից բռնագանձել 171.816.144 ՀՀ դրամ, ինչպես նաև այդ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսները՝ սկսած 20.08.2009 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը:

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 31.05.2012 թվականի վճռով Բանկի հայցի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է, իսկ Ընկերության հակընդդեմ հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.11.2012 թվականի որոշմամբ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 31.05.2012 թվականի վճիռը՝ հակընդդեմ հայցը բավարարելու մասով, բեկանվել է, և այդ մասով գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 06.02.2013 թվականի որոշմամբ Ընկերության վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

14.08.2017 թվականին փոփոխելով հայցի առարկան և հիմքը` Ընկերությունը պահանջել է Բանկից բռնագանձել 312.266.144 ՀՀ դրամ, ինչպես նաև այդ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսները՝ սկսած 20.08.2009 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 31.05.2018 թվականի վճռով Ընկերության հակընդդեմ հայցը բավարարվել է մասնակիորեն` Բանկից բռնագանձվել է 218.461.780 ՀՀ դրամ` որպես գրավադրված գույքի վրա բռնագանձում տարածելու արդյունքում գրավառուին ի սեփականություն անցած գույքի արժեքից այդ գույքի վրա բռնագանձում տարածելու համար ծախսերը վճարելու անհրաժեշտ գումարներ պահելուց և գրավառուի` գրավով ապահովված պահանջները բավարարվելուց հետո մնացած գումար, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները` սկսած 25.11.2011 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարումը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 17.10.2018 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 31.05.2018 թվականի վճիռը` հակընդդեմ հայցը մասնակիորեն բավարարելու, Բանկից հօգուտ Ընկերության ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները` սկսած 25.11.2011 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարումը բռնագանձելու մասերով, բեկանվել և փոփոխվել է` Ընկերության հակընդդեմ հայցը բավարարվել է` որոշվել է Բանկից հօգուտ Ընկերության բռնագանձել նաև 93.680.764 ՀՀ դրամ` որպես գրավադրված գույքի վրա բռնագանձում տարածելու արդյունքում գրավառուին ի սեփականություն անցած գույքի արժեքից այդ գույքի վրա բռնագանձում տարածելու համար ծախսերը վճարելու անհրաժեշտ գումարներ պահելուց և գրավառուի` գրավով ապահովված պահանջները բավարարվելուց հետո մնացած գումար, ինչպես նաև 312.142.544 ՀՀ դրամին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվարկվող տոկոսները` սկսած 20.08.2009 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարումը:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 08.05.2020 թվականի որոշմամբ Բանկի վճռաբեկ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Վերաքննիչ դատարանի 17.10.2018 թվականի որոշումը բեկանվել և փոփոխվել է՝ Ընկերության հակընդդեմ հայցը բավարարվել է մասնակիորեն` Բանկից հօգուտ Ընկերության բռնագանձվել է 25.709.204 ՀՀ դրամ` որպես գրավադրված գույքի վրա բռնագանձում տարածելու արդյունքում գրավառուին ի սեփականություն անցած գույքի արժեքից այդ գույքի վրա բռնագանձում տարածելու համար ծախսերը վճարելու անհրաժեշտ գումարներ պահելուց և գրավառուի` գրավով ապահովված պահանջները բավարարվելուց հետո մնացած գումար, ինչպես նաև 12.11.2011 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարումը 25.709.204 ՀՀ դրամին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվարկվող տոկոսները մնացած մասով հակընդդեմ հայցը մերժվել է։

Սույն գործով նոր հանգամանքի հիմքով դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյան և Կարեն Տոնոյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր հանգամանք:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Սահմանադրական դատարանի 09.03.2021 թվականի թիվ ՍԴՈ-1583 որոշումը ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2020 թվականի որոշման վերանայման հիմք է, քանի որ Ընկերության կողմից 16.10.2020 թվականին ներկայացված դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանը 09.03.2021 թվականին կայացրել է որոշում, որով արձանագրել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասին (մինչև 23.06.2011 թվականի ՀՕ-233-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ)՝ Սահմանադրությամբ ամրագրված՝ անձի սեփականության իրավունքի երաշխիքներին տրված ոչ համահունչ մեկնաբանության փաստը, որը հանգեցրել է Ընկերության սեփականության իրավունքի խախտմանը:

Սահմանադրական դատարանի որոշումից բխում է, որ գրավի առարկան ի սեփականություն ընդունելը համարվում է գրավի առարկայի բռնագանձման և իրացման ավարտ, ու գրավատուի և գրավառուի միջև փոխհաշվարկները պետք է կատարվեն այդ պահի դրությամբ: Հետևաբար, Ընկերության և Բանկի միջև փոխհաշվարկները պետք է կատարվեն 20.08.2009 թվականի դրությամբ, որի համար պետք է հիմք ընդունվի 19.08.2009 թվականին Բանկի կողմից Ընկերության՝ գույքն ի սեփականություն ընդունելու պահին դրա լիկվիդացիոն արժեքը, որի պարագայում հակընդդեմ հայցը պետք է բավարարվեր 312.142.544 ՀՀ դրամի չափով, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների հաշվարկը պետք է սկսվեր 20.08.2009 թվականից: Այսինքն՝ պահման է ենթակա միայն գրավադրված գույքը Բանկի անունով գրանցելու նպատակով կատարված ծախսը, որը կազմում է 123600 ՀՀ դրամ։

Բացի այդ, Սահմանադրական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներից բխում է, որ սույն գործով հաշվարկը պետք է կատարել 19.08.2009 թվականի դրությամբ, չկա պարզելու ենթակա որևէ հանգամանք ու բացակայում է գործի նոր քննության անհրաժեշտությունը, ինչից էլ բխում է, որ վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման։ Միևնույն ժամանակ գործում առկա են գույքի գնահատման վերաբերյալ այլ փաստաթղթեր, որոնց համաձայն՝ գույքը գնահատվել է 583600000 ՀՀ դրամ, 697300000 ՀՀ դրամ, 710000000 ՀՀ դրամ և 1180000000 ՀՀ դրամ, ինչից բխում է, որ բացակայում է գործի նոր քննության անհրաժեշտությունը` կապված գույքի արժեքը որոշելու հետ։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 08.05.2020 թվականի որոշումն ու փոփոխել այն՝ վճռաբեկ բողոքը մերժել։

 

3. Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Բանկի՝ որպես գրավառու-վարկատուի, Ընկերության՝ որպես գրավատուի Կոոպերատիվի՝ որպես վարկառուի միջև 05.04.2007 թվականին ու 14.03.2008 թվականին կնքվել են, համապատասխանաբար, անշարժ գույքի հաջորդող գրավի թիվ 10 և թիվ 05 պայմանագրերը, որոնց 2.2 կետերի համաձայն, ի ապահովումն թիվ TV2215 ու թիվ TV3481 վարկային պայմանագրերի, Ընկերությունը Բանկում գրավադրել է Երևանի Իսակովի պողոտայի թիվ 48 հասցեում գտնվող արտադրական շենքը և հողամասը: Ընդ որում, թիվ 10 պայմանագրով անշարժ գույքի գնահատված արժեքը կազմել է 173.959.000 ՀՀ դրամ, իսկ թիվ 05 պայմանագրով` 310.000.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 95-100).

2) 06.05.2009 թվականի ծանուցագրով Բանկը Կոոպերատիվին և Ընկերությանը հայտնել է, որ թիվ TV2215 ու թիվ TV3481 վարկային պայմանագրերով սահմանված պարտավորությունները խախտվում են և ժամանակին չեն կատարվում: Միաժամանակ հայտնել է, որ վարկային պարտավորությունները չկատարելու (կամ ոչ պատշաճ կատարելու) դեպքում Բանկը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի ու անշարժ գույքի գրավի պայմանագրերի համաձայն՝ կիրացնի գրավադրված գույքը։ Նույն գրությամբ Բանկը նախազգուշացրել է, որ հաջորդ գրությունը կլինի բռնագանձման և գրավադրված գույքի իրացման մասին (հատոր 4-րդ, գ.թ. 111).

3) 20.05.2009 թվականի բռնագանձման ծանուցագրով Բանկը Կոոպերատիվին և Ընկերությանը հայտնել է, որ գրավադրված Երևանի Իսակովի պողոտայի թիվ 48 հասցեի արտադրական շենքն ու հողամասը բռնագանձվում են, և դրանք կիրացվեն ՀՀ օրենսդրության ու գրավի պայմանագրի հիման վրա: Որպես բռնագանձման հիմք նշվել է թիվ TV2215 և թիվ TV3481 վարկային պայմանագրերով սահմանված պարտավորությունները ժամանակին չկատարելը, իսկ որպես իրացման կարգ նշվել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի ու 05.04.2007 թվականի և 14.03.2008 թվականի անշարժ գույքի հաջորդող գրավի պայմանագրերի համաձայն՝ Բանկը կիրացնի գրավադրված գույքը առուվաճառքի միջոցով, ինչպես նաև Բանկն իրավունք ունի պայմանագրի հիման վրա անշարժ գույքը գրանցել որպես սեփականություն իր անունով։ Միաժամանակ հայտնվել է, որ բռնագանձման ծանուցագրերն ստանալուց հետո երկու ամսվա ընթացքում պետք է մարվեն վարկային պարտավորությունները: Նշված ծանուցագրի համաձայն` Բանկի հանդեպ վարկային պարտավորությունը կազմել է 138.183.856 ՀՀ դրամ (հատոր 4-րդ, գ.թ. 117).

4) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանման կողմից տրված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման թիվ 2753194 վկայականի համաձայն՝ 19.08.2009 թվականին Երևանի Իսակովի պողոտայի թիվ 48 հասցեում գտնվող 0,1744հա մակերեսով հողամասի և 3704,7քմ մակերեսով արտադրատպագրական շենքի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի ու 14.03.2008 թվականին կնքված հաջորդող գրավի պայմանագրի հիման վրա գրանցվել է Բանկի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 101-107).

5) ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 29.06.2017 թվականի թիվ 43271707 փորձագիտական եզրակացության համաձայն` Երևանի Իսակովի պողոտայի թիվ 48 (48/5) հասցեում գտնվող անշարժ գույքի լիկվիդացիոն արժեքը` փորձաքննությանն առաջադրված 19.08.2009 թվականի դրությամբ կարող է կազմել 450.450.000 ՀՀ դրամ,
11.11.2011 թվականի դրությամբ՝ 403.350.000 ՀՀ դրամ, իսկ նույն
հասցեում գտնվող անշարժ գույքի լիկվիդացիոն արժեքը` հողամասի արժեքի ներառմամբ, փորձաքննությանն առաջադրված 19.08.2009 թվականի դրությամբ` ներկայիս ապրանքային վիճակով, կարող է կազմել 381.825.000 ՀՀ դրամ,
իսկ 11.11.2011 թվականի դրությամբ` 335.925.000 ՀՀ դրամ
(հատոր 12-րդ, գ.թ. 72-75)

6) Դատարանը, 31.05.2018 թվականին վճիռ կայացնելով Ընկերության հակընդդեմ հայցը մասնակիորեն բավարարելու` Բանկից նաև 218.461.780 ՀՀ դրամ բռնագանձելու մասին, դատական ակտի հիմքում դրել է ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 29.06.2017 թվականին տրված թիվ 43271707 փորձագիտական եզրակացությունը, որի համաձայն՝ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 48 հասցեում գտնվող անշարժ գույքի լիկվիդացիոն արժեքը 11.11.2011 թվականի դրությամբ կարող էր կազմել 403.350.000 ՀՀ դրամ (հատոր 13-րդ, գ.թ. 120-144)

7) Վերաքննիչ դատարանը, 17.10.2018 թվականին որոշում կայացնելով Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարելու` Դատարանի 31.05.2018 թվականի վճիռը մասնակիորեն բեկանելու և փոփոխելու` Բանկից հօգուտ Ընկերության նաև 93.680.764 ՀՀ դրամ բռնագանձելու մասին, դատական ակտի հիմքում դրել է ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 29.06.2017 թվականին տրված թիվ 43271707 փորձագիտական եզրակացությունը, որի համաձայն` Երևանի Իսակովի պողոտայի թիվ 48 հասցեում գտնվող անշարժ գույքի լիկվիդացիոն արժեքը 19.08.2009 թվականի դրությամբ կարող էր կազմել 450.450.000 ՀՀ դրամ (հատոր 14-րդ, գ.թ. 110-135)

8) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 08.05.2020 թվականի որոշմամբ Բանկի վճռաբեկ բողոքը մասնակիորեն բավարարվել է՝ Վերաքննիչ դատարանի 17.10.2018 թվականի որոշումը բեկանվել և փոփոխվել է՝ Ընկերության հակընդդեմ հայցը մասնակիորեն բավարարվել է նաև այն պատճառաբանությամբ, որ՝

- «որ տվյալ դեպքում Ընկերության հետ փոխհաշվարկի կատարման համար պետք է հիմք ընդունվեն ոչ թե գույքը Բանկի կողմից ի սեփականություն ընդունելու, այլ՝ այն Բանկի կողմից վաճառվելու դրությամբ առկա տվյալները, քանի որ հենց այդ ժամանակ է Բանկը ստացել քննարկվող գույքը վաճառելու վերջնական, իրական հնարավորություն և մեկ օրվա ընթացքում վաճառել այն»,

- «տվյալ դեպքում Բանկի և Ընկերության միջև փոխհաշվարկը կատարելիս պետք է հիմք ընդունել 11.11.2011 թվականին քննարկվող գույքը Բանկի կողմից վաճառվելու դրությամբ առկա տվյալները, ինչը նշանակում է, որ Բանկի կողմից ենթակա են պահման նաև դրա հետագա իրացման (11.11.2011 թվականին) հետ կապված ծախսերը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից»,

- «17.02.2017 թվականի թիվ 08811707 փորձագիտական եզրակացությունը, հետևաբար նաև 29.06.2017 թվականի թիվ 43271707 փորձագիտական եզրակացությունը կազմելիս փորձագետները հիմք են ընդունել գույքի նախկին՝ Դատարանի կողմից առաջադրված ժամանակահատվածներում ունեցած ապրանքային վիճակի վերաբերյալ Ընկերության տնօրենի մեկնաբանությունները, ինչպես նաև վերջինիս կողմից տրամադրված տեսանյութը և լուսանկարները՝ կատարված տարբեր ժամանակահատվածներում։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված հանգամանքն արդեն իսկ բավարար է քննարկվող եզրակացությունների արժանահավատությունը կասկածի տակ դնելու համար՝ հաշվի առնելով, որ հետազոտվող գույքի՝ առաջադրված ժամանակահատվածներում ունեցած ապրանքային վիճակը պարզելիս հիմք են ընդունվել նաև գործի ելքով շահագրգռված Ընկերության տնօրենի մեկնաբանությունները։ Ինչ վերաբերում է Ընկերության կողմից ներկայացված լուսանկարներին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք, ինչպես նշված է 17.02.2017 թվականի թիվ 08811707 փորձագիտական եզրակացության մեջ, կատարվել են տարբեր ժամանակահատվածներում։ Դա նշանակում է, որ դրանց հիման վրա հնարավոր չէ հետազոտվող գույքի՝ առաջադրված ժամանակահատվածներում ունեցած ապրանքային վիճակի վերաբերյալ կատարել միանշանակ եզրահանգում։ Միաժամանակ, 17.02.2017 թվականի թիվ 08811707 փորձագիտական եզրակացության մեջ անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատումն իրականացվել է ծախսային մեթոդով, որի կիրառմամբ անհնար է որոշել գույքի շուկայական արժեքը և հետևաբար նաև լիկվիդացիոն արժեքը (քանի որ լիկվիդացիոն արժեքը հաշվարկվել է հիմք ընդունելով շուկայականը և հանելով 25 տոկոսը)»,

- «17.02.2017 թվականի թիվ 08811707 փորձագիտական եզրակացությունը, հետևաբար նաև 29.06.2017 թվականի թիվ 43271707 փորձագիտական եզրակացությունն արժանահավատ ապացույցներ չեն, ուստի դրանցից վերջինը չի կարող հիմք ընդունվել Բանկի և Ընկերության միջև փոխհաշվարկ կատարելիս, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից» (հատոր 15-րդ, գ.թ. 106-134)

9) Սահմանադրական դատարանը, Ընկերության դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասի՝ (մինչև 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-233-ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ) իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ՝ սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով 09.03.2021 թվականի թիվ ՍԴՈ-1538 որոշմամբ արձանագրելով նաև, որ «վիճարկվող դրույթի [ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մաս] վերոհիշյալ մեկնաբանության պայմաններում ոչ միայն փոխակերպվում են, մասնավորապես, ԵԿԴ/0384/02/13 քաղաքացիական գործով կայացված որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշմամբ հետապնդվող նպատակները (սեփականության իրավունքի պաշտպանություն, գրավառուի և գրավատուի շահերի ողջամիտ հավասարակշռում և այլն), այլ նաև անհամաչափորեն սահմանափակվում է անձի, տվյալ դեպքում՝ գրավատուի սեփականության իրավունքի ձեռքբերման նկատմամբ օրինական ակնկալիքների իրավունքը, այն առումով, որ գույքն իրացված լինելու պայմաններում անորոշ ժամանակահատվածով հետաձգվում է դրան հաջորդող՝ գրավադրված գույքի հետ կապված փոխհաշվարկների, հետևաբար՝ դրա արդյունքներով վերադարձման ենթակա գումարը նախկին գրավատուի սեփականությանն հանձնելու ժամկետը», և փաստելով, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասի՝ (մինչև 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-233-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ) իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը համահունչ չէ Սահմանադրությամբ ամրագրված՝ անձի սեփականության իրավունքի երաշխիքներին, քանի որ նման պայմաններում գրավատուն իր համար անկանխատեսելի և անորոշ ժամկետով զրկվում է գրավառուի սեփականությանն անցած գույքի՝ հիմնական պարտավորության համապատասխան չափը գերազանցող և իր սեփականությունը հանդիսացող գումարը (դրա նկատմամբ գրավատուն օժտված է լեգիտիմ ակնկալիքի իրավունքով) իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու հնարավորությունից», որոշել է, որ «Քաղաքացիական օրենսգրքի 251‑րդ հոդվածի 1-ին մասը (մինչև 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-233-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ) համապատասխանում է Սահմանադրությանն այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի՝ գրավի առարկան ի սեփականություն ընդունելը համարվում է գրավի առարկայի բռնագանձման և իրացման ավարտ, և այդ պահի դրությամբ պետք է կատարվեն գրավատուի ու գրավառուի միջև փոխհաշվարկները», և ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով, քանի որ Քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասը (մինչև 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-233-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ) դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշման առաջին կետում տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ» (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1‑ին մասի 2-րդ կետով՝ նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` պայմանավորված նոր հանգամանքի առկայությամբ, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով կարող են վերանայվել առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման, վճարման կարգադրությունները, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վերադարձնելու, այն առանց քննության թողնելու, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին և վճռաբեկ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայում է Վճռաբեկ դատարանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք և նրանց իրավահաջորդները, եթե վիճելի կամ դատական ակտով հաստատված իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում, բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 420-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք կարող է բերվել երեք ամսվա ընթացքում, որի հաշվարկը սկսվում է՝ նույն օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում՝ Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու օրվանից:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` նույն հոդվածում նշված գործերով՝ նորմատիվ իրավական ակտի՝ դիմողի նկատմամբ կիրառված դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը, այդ դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն նրա նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով:

Վերը նշված իրավական նորմերի վերլուծությունից բխում է, որ նոր հանգամանքով կարող են վերանայվել նաև Վճռաբեկ դատարանի որոշումները: Ընդ որում, Վճռաբեկ դատարանի դատական ակտերը նոր հանգամանքներով վերանայում է Վճռաբեկ դատարանը՝ ինչպես գործին մասնակցող անձանց, այնպես էլ՝ նրանց իրավահաջորդների բողոքի հիման վրա, եթե վիճելի կամ դատական ակտով հաստատված իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն։

Օրենսդիրը որպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված նոր հանգամանքի հիմքով դատական ակտը վերանայելու համար անհրաժեշտ պայման է նախատեսել Սահմանադրական դատարանի կողմից տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելը, կամ այդ դրույթը թեկուզև Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելն այն դեպքում, երբ բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը՝ որոշման եզրափակիչ մասում Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:

Միևնույն ժամանակ վերը նշված հիմքով դատական ակտը վերանայելու համար օրենսդիրը նախատեսել է եռամսյա ժամկետ՝ դրա հաշվարկի սկիզբը համարելով Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հրապարակելու օրը։

Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (մասնավորապես` 11.05.2007 թվականի թիվ ՍԴՈ-701, 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114) անդրադարձել է նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի իրավակարգավորումներին առնչվող հիմնախնդիրներին` առաջադրելով այն հայեցակարգային դիրքորոշումը, որ Սահմանադրական դատարան դիմելու` անձի իրավունքի արդյունավետ իրացումը պահանջում է Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատական ակտերի վերանայման այնպիսի լիարժեք օրենսդրական կարգավորում, որը հնարավորություն կտա անձին վերականգնելու Սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրությանը հակասող ճանաչված նորմատիվ ակտի կիրառման արդյունքում խախտված իր սահմանադրական իրավունքը: Սահմանադրական դատարանը գտել է նաև, որ նոր հանգամանքների հիման վրա դատական ակտի վերանայման հետ կապված իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորման նպատակը պետք է լինի ինչպես արդարադատության մատչելիությունը, այնպես էլ անձանց սահմանադրական իրավունքների դատական պաշտպանության արդյունավետության ապահովումը, որոնց օրենսդրորեն հստակեցումը կմեծացնի վստահությունն արդարադատության նկատմամբ, մարդկանց հնարավորություն կտա առավել երաշխավորված և արդյունավետ իրացնել դատական պաշտպանության իրենց սահմանադրական իրավունքը:

Սահմանադրական դատարանը, 31.05.2013 թվականի թիվ ՍԴՈ-1099 և 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114 որոշումներում անդրադառնալով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ տվյալ ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ դրա միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքների վերականգնումը: Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է տվյալ անձի համար այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն՝ խնդրո առարկա դեպքում խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու պարագայում: Բացի այդ, Սահմանադրական դատարանը նշել է նաև, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է ipso facto հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի և կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը:

Հիմք ընդունելով վերը նշվածը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի ցանկացած վերանայում դրանց կայունության և անփոփոխելիության, կամ որ նույնն է՝ իրավական որոշակիության (res judicata) սկզբունքի խախտում է: Մինչդեռ օրենքով սահմանված բացառիկ դեպքերում, երբ առկա են res judicata սկզբունքի հանդեպ գերակա հանգամանքներ, այդ սկզբունքից շեղվելը և օրինական ուժի մեջ մտած ակտերը վերանայելն արդարացված է՝ պայմանով, որ այդ վերանայումը հետապնդի դատական էական սխալներն ուղղելու, արդարադատության չարաշահումները վերացնելու նպատակ։

 

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 08.05.2020 թվականի որոշմամբ Բանկի վճռաբեկ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Վերաքննիչ դատարանի 17.10.2018 թվականի որոշումը բեկանվել և փոփոխվել է՝ Ընկերության հակընդդեմ հայցը բավարարվել է մասնակիորեն` Բանկից հօգուտ Ընկերության բռնագանձվել է 25.709.204 ՀՀ դրամ` որպես գրավադրված գույքի վրա բռնագանձում տարածելու արդյունքում գրավառուին ի սեփականություն անցած գույքի արժեքից այդ գույքի վրա բռնագանձում տարածելու համար ծախսերը վճարելու անհրաժեշտ գումարներ պահելուց և գրավառուի` գրավով ապահովված պահանջները բավարարվելուց հետո մնացած գումար, ինչպես նաև 12.11.2011 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարումը 25.709.204 ՀՀ դրամին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվարկվող տոկոսները մնացած մասով հակընդդեմ հայցը մերժվել է։

Նշված որոշումը կայացնելիս ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը պատճառաբանել է, որ՝

1) «որ տվյալ դեպքում Ընկերության հետ փոխհաշվարկի կատարման համար պետք է հիմք ընդունվեն ոչ թե գույքը Բանկի կողմից ի սեփականություն ընդունելու, այլ՝ այն Բանկի կողմից վաճառվելու դրությամբ առկա տվյալները, քանի որ հենց այդ ժամանակ է Բանկը ստացել քննարկվող գույքը վաճառելու վերջնական, իրական հնարավորություն և մեկ օրվա ընթացքում վաճառել այն»,

2) «տվյալ դեպքում Բանկի և Ընկերության միջև փոխհաշվարկը կատարելիս պետք է հիմք ընդունել 11.11.2011 թվականին քննարկվող գույքը Բանկի կողմից վաճառվելու դրությամբ առկա տվյալները, ինչը նշանակում է, որ Բանկի կողմից ենթակա են պահման նաև դրա հետագա իրացման (11.11.2011 թվականին) հետ կապված ծախսերը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից»,

3) «17.02.2017 թվականի թիվ 08811707 փորձագիտական եզրակացությունը, հետևաբար նաև 29.06.2017 թվականի թիվ 43271707 փորձագիտական եզրակացությունը կազմելիս փորձագետները հիմք են ընդունել գույքի նախկին՝ Դատարանի կողմից առաջադրված ժամանակահատվածներում ունեցած ապրանքային վիճակի վերաբերյալ Ընկերության տնօրենի մեկնաբանությունները, ինչպես նաև վերջինիս կողմից տրամադրված տեսանյութը և լուսանկարները՝ կատարված տարբեր ժամանակահատվածներում։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված հանգամանքն արդեն իսկ բավարար է քննարկվող եզրակացությունների արժանահավատությունը կասկածի տակ դնելու համար՝ հաշվի առնելով, որ հետազոտվող գույքի՝ առաջադրված ժամանակահատվածներում ունեցած ապրանքային վիճակը պարզելիս հիմք են ընդունվել նաև գործի ելքով շահագրգռված Ընկերության տնօրենի մեկնաբանությունները։ Ինչ վերաբերում է Ընկերության կողմից ներկայացված լուսանկարներին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք, ինչպես նշված է 17.02.2017 թվականի թիվ 08811707 փորձագիտական եզրակացության մեջ, կատարվել են տարբեր ժամանակահատվածներում։ Դա նշանակում է, որ դրանց հիման վրա հնարավոր չէ հետազոտվող գույքի՝ առաջադրված ժամանակահատվածներում ունեցած ապրանքային վիճակի վերաբերյալ կատարել միանշանակ եզրահանգում։ Միաժամանակ, 17.02.2017 թվականի թիվ 08811707 փորձագիտական եզրակացության մեջ անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատումն իրականացվել է ծախսային մեթոդով, որի կիրառմամբ անհնար է որոշել գույքի շուկայական արժեքը և հետևաբար նաև լիկվիդացիոն արժեքը (քանի որ լիկվիդացիոն արժեքը հաշվարկվել է հիմք ընդունելով շուկայականը և հանելով 25 տոկոսը)»,

4) «17.02.2017 թվականի թիվ 08811707 փորձագիտական եզրակացությունը, հետևաբար նաև 29.06.2017 թվականի թիվ 43271707 փորձագիտական եզրակացությունն արժանահավատ ապացույցներ չեն, ուստի դրանցից վերջինը չի կարող հիմք ընդունվել Բանկի և Ընկերության միջև փոխհաշվարկ կատարելիս, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից»։

Սահմանադրական դատարանը, Ընկերության դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասի՝ (մինչև 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-233-ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ) իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ՝ սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով 09.03.2021 թվականի թիվ ՍԴՈ-1538 որոշմամբ արձանագրելով նաև, որ «վիճարկվող դրույթի [ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մաս] վերոհիշյալ մեկնաբանության պայմաններում ոչ միայն փոխակերպվում են, մասնավորապես, ԵԿԴ/0384/02/13 քաղաքացիական գործով կայացված որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշմամբ հետապնդվող նպատակները (սեփականության իրավունքի պաշտպանություն, գրավառուի և գրավատուի շահերի ողջամիտ հավասարակշռում և այլն), այլ նաև անհամաչափորեն սահմանափակվում է անձի, տվյալ դեպքում՝ գրավատուի սեփականության իրավունքի ձեռքբերման նկատմամբ օրինական ակնկալիքների իրավունքը, այն առումով, որ գույքն իրացված լինելու պայմաններում անորոշ ժամանակահատվածով հետաձգվում է դրան հաջորդող՝ գրավադրված գույքի հետ կապված փոխհաշվարկների, հետևաբար՝ դրա արդյունքներով վերադարձման ենթակա գումարը նախկին գրավատուի սեփականությանն հանձնելու ժամկետը», և փաստելով, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասի՝ (մինչև 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-233-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ) իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը համահունչ չէ Սահմանադրությամբ ամրագրված՝ անձի սեփականության իրավունքի երաշխիքներին, քանի որ նման պայմաններում գրավատուն իր համար անկանխատեսելի և անորոշ ժամկետով զրկվում է գրավառուի սեփականությանն անցած գույքի՝ հիմնական պարտավորության համապատասխան չափը գերազանցող և իր սեփականությունը հանդիսացող գումարը (դրա նկատմամբ գրավատուն օժտված է լեգիտիմ ակնկալիքի իրավունքով) իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու հնարավորությունից» որոշել է, որ «Քաղաքացիական օրենսգրքի 251‑րդ հոդվածի 1-ին մասը (մինչև 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-233-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ) համապատասխանում է Սահմանադրությանն այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի՝ գրավի առարկան ի սեփականություն ընդունելը համարվում է գրավի առարկայի բռնագանձման և իրացման ավարտ, և այդ պահի դրությամբ պետք է կատարվեն գրավատուի ու գրավառուի միջև փոխհաշվարկները», և ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով, քանի որ Քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասը (մինչև 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-233-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ) դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշման առաջին կետում տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ»։

Այսինքն՝ Սահմանադրական դատարանն իր կողմից 09.03.2021 թվականին կայացված թիվ ՍԴՈ-1583 որոշմամբ թեկուզև Սահմանադրությանը հակասող և անվավեր չի ճանաչել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասը (մինչև 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-233-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ), սակայն իր կողմից կայացված որոշման մեջ բացահայտելով այդ նորմի սահմանադրաիրավական բովանդակությունը՝ որոշման եզրափակիչ մասում արձանագրել է, որ այն կիրառվել է իր կողմից կայացված որոշման առաջին կետում տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ։

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սահմանադրական դատարանի 09.03.2021 թվականի թիվ ՍԴՈ-1583 որոշումը նոր հանգամանք է ու ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 08.05.2020 թվականի որոշումը վերանայելու հիմք: Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 08.05.2020 թվականի որոշման մեջ նշված պատճառաբանությունները համադրելով Սահմանադրական դատարանի 09.03.2021 թվականի թիվ ՍԴՈ-1583 որոշմամբ արտահայտած դիրքորոշումների հետ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 08.05.2020 թվականի որոշումը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման բացառապես այն մասով, որը վերաբերում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասը (մինչև 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-233-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ) դիմողի նկատմամբ նույն որոշման առաջին կետում տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ կիրառված լինելու պատճառաբանություններին, այսինքն՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 08.05.2020 թվականի որոշման մեջ արձանագրված՝ վերը վկայակոչված թիվ 1 և թիվ 2 պատճառաբանություններին:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը բողոքի հիմքի առկայությունը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1‑ին մասի 1-ին կետի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 08.05.2020 թվականի որոշումն այդ մասով նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար։

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 08.05.2020 թվականի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու պարագայում ենթակա է կիրառման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավակարգավորումից բխող՝ դատական ակտը վերանայելու արդյունքում գործը համապատասխան դատարան՝ նոր քննության ուղարկելու լիազորությունը՝ հետևյալ պատճառաբանությամբ։

Ինչպես արդեն իսկ նշվեց, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 08.05.2020 թվականի որոշմամբ Բանկի վճռաբեկ բողոքը մասնակիորեն բավարարվել է՝ Վերաքննիչ դատարանի 17.10.2018 թվականի որոշումը բեկանվել է և փոփոխվել՝ Ընկերության հակընդդեմ հայցը մասնակիորեն բավարարվել է, իսկ մնացած մասով հակընդդեմ հայցը մերժվել է վերը նշված թվով 4 պատճառաբանություններով։ Հիմք ընդունելով այդ պատճառաբանությունների բովանդակությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ չնայած Սահմանադրական դատարանի 09.03.2021 թվականի թիվ ՍԴՈ-1583 որոշմամբ արտահայտված դիրքորոշումներով, ըստ էության, ի չիք են դարձել վերը նշված թիվ 1 և թիվ 2 պատճառաբանությունները՝ պայմանավորված դրանց հիմքում դրված իրավական վերլուծությունների բովանդակությամբ, այդուհանդերձ թիվ 3 և թիվ 4 պատճառաբանությունների վերաբերյալ Սահմանադրական դատարանի նշված որոշումը որևէ անդրադարձ չի պարունակում, դրանց վերաբերյալ որևէ վերլուծություն (դիրքորոշում) առկա չէ և դրանք որևէ ձևով չեն հերքվել։ Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թիվ 3 և թիվ 4 պատճառաբանությունների առկայությամբ պայմանավորված՝ անհնարին է ինչպես ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 08.05.2020 թվականի որոշումը վերանայելու արդյունքում այն փոփոխելը, այնպես էլ Վերաքննիչ դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելը, քանի որ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով նաև ստորադաս դատարանների դատական ակտերի հիմքում դրված՝ ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 29.06.2017 թվականին տրված թիվ 43271707 փորձագիտական եզրակացությանը, այն կասկածի տակ է դրել՝ դա պայմանավորելով հետազոտվող գույքի՝ առաջադրված ժամանակահատվածներում ունեցած ապրանքային վիճակը պարզելիս նաև գործի ելքով շահագրգռված Ընկերության տնօրենի մեկնաբանությունները հիմք ընդունելու փաստով, իսկ Ընկերության կողմից ներկայացված լուսանկարներով հնարավոր չի համարել հետազոտվող գույքի՝ առաջադրված ժամանակահատվածներում ունեցած ապրանքային վիճակի վերաբերյալ միանշանակ եզրահանգում կատարելը, անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատումը ծախսային մեթոդի կիրառմամբ համարել է անհնարին գույքի շուկայական և հետևաբար նաև լիկվիդացիոն արժեքը որոշելու համար՝ արդյունքում նաև ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 29.06.2017 թվականին տրված թիվ 43271707 փորձագիտական եզրակացությունը համարելով անարժանահավատ ապացույց։

Այսինքն, թեև Վերաքննիչ դատարանը Բանկի և Ընկերության միջև փոխհաշվարկների կատարման պահ որոշել է Բանկի կողմից գույքը 19.08.2009 թվականին ի սեփականություն ընդունելու ժամանակը, որպիսի դիրքորոշումը բխում է Սահմանադրական դատարանի 09.03.2021 թվականի թիվ ՍԴՈ-1583 որոշումից, սակայն հաշվարկները կատարելիս դատական ակտի հիմքում դրել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 08.05.2020 թվականի որոշմամբ որպես անարժանահավատ ու կասկած հարուցող գնահատված փորձագետի եզրակացությունը, նաև որպիսի փաստը հիմք ընդունելով՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը նույն որոշմամբ արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել 09.02.2018 թվականին ընդունված ու 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի խախտում, որը դրսևորվել է գործում առկա ապացույցները Վերաքննիչ դատարանի կողմից լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանիորեն չհետազոտելու եղանակով։

Վերը նշված պատճառաբանությունները հիմք ընդունելով՝ Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությամբ պայմանավորված՝ վճռաբեկ բողոքը մերժելու մասին Ընկերության պահանջը, և գտնում է, որ տվյալ դեպքում ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 08.05.2020 թվականի որոշումը նոր հանգամանքով վերանայելու պայմաններում Վերաքննիչ դատարանի 17.10.2018 թվականի որոշումը պետք է բեկանել ու գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան նոր քննության՝ Սահմանադրական դատարանի 09.03.2021 թվականի թիվ ՍԴՈ-1583 որոշմամբ և սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում սույն գործով գրավատուի ու գրավառուի միջև փոխհաշվարկները կատարելու նպատակով 19.08.2009 թվականի դրությամբ գրավի առարկայի համապատասխան արժեքը որոշելու համար։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են սույն գլխի կանոններին համապատասխան:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ դատական ակտի վերանայման բողոքը ենթակա է բավարարման մասնակիորեն, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ, 419-րդ և 427-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Նոր հանգամանքով դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքը բավարարել մասնակիորեն։ Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 08.05.2020 թվականի որոշումը։

2. Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.10.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ նոր քննության։

3. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում։

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող

Գ. Հակոբյան

զեկուցող

 

Ս. Մեղրյան
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հունվարի 2024 թվական: