Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 012-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (07.03.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.03.04-2024.03.17 Պաշտոնական հրապարակման օրը 06.03.2024
Ընդունող մարմին
Սեյսմիկ պաշտպանության ծառայություն
Ընդունման ամսաթիվ
16.02.2024
Ստորագրող մարմին
Համայնքի ավագանի
Ստորագրման ամսաթիվ
16.02.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ

 

ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 փետրվարի 2024 թվականի թիվ 012-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41-րդ կետով և «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը․

 

Սիսիան համայնքի ավագանին որոշում է՝

 

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու պայմանները՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Կողմ -11

 

ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՇՈՏ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀՈՎՍԵՓ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՆԻԿ

ԹԱՄՐԱԶՈՎԱ ԲԵԼԼԱ

ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ

ՅԱԶՈՒԼՅԱՆ ՆԱԽՇՈՒՆ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍՈՒՐԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -1

 

ՀԱԿՈԲՅԱՆ ՀԱՅԿ

Համայնքի ղեկավար՝

 

2024 թ. փետրվարի 16

ք. Սիսիան

Ա. Հակոբջանյան

 

 

Հավելված N 1

ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի

ավագանու 2024 թվականի փետրվարի 16-ի

թիվ 012-Ն որոշման

 

ԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգը (այսուհետ՝ կարգ) և ընդունվել է «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան։

2. Արտաքին գովազդն (այսուհետ՝ գովազդ) իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, ապրանքների, գաղափարների կամ նախաձեռնությունների մասին տեղեկատվությունների տարածումն է բնակավայրերում՝ տարբեր տեխնիկական միջոցների օգնությամբ (վահանակների, գրաժապավենների, լուսատախտակների, պլակատների, ազդագրերի, հայտարարությունների և այլնի) անորոշ թվով անձանց շրջանում և կոչված է ձևավորելու կամ պահպանելու հետաքրքրությունը տվյալ ֆիզիկական և իրավաբանական անձի, ապրանքի կամ նախաձեռնությունների նկատմամբ։

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 19-ի N 270 որոշման պահանջներին համապատասխան տեղադրվող ցուցանակների վրա զետեղվող տեղեկատվությունը գովազդ չի համարվում։

4. Սույն կարգը տարածվում է բոլոր այն տարածքների վրա, որտեղ պետք է տեղադրվի գովազդը։

5. Սիսիան համայնքի սեփականություն համարվող հողամասի վրա գովազդի միջոց տեղադրելու համար Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքով սահմանված կարգով, սույն կարգին և պայմաններին համապատասխան, Սիսիան համայնքի ղեկավարին դիմում ներկայացրած գովազդատուին օգտագործման իրավունքով տրամադրվում է հողամաս՝ կնքելով հողօգտագործման համապատասխան պայմանագիր, հետագայում տվյալ կողմի հետ նախապատվության իրավունքով երկարաձգելու պայմանով։

6. Այն դեպքում, երբ գովազդի միջոցը տեղադրվում է համայնքային սեփականություն չհանդիսացող տարածքում (կամ դրանց օգտագործմամբ), ապա գովազդի միջոցի տեղադրելու թույլտվության մասին որոշումը ընդունում է համայնքի ղեկավարը՝ տվյալ տարածքի սեփականատիրոջ կամ տարածքի օգտագործողի համաձայնության առկայության դեպքում։ Ընդ որում, գովազդատուի և տարածքի սեփականատիրոջ միջև հարաբերությունները կարգավորվում են նրանց միջև կնքված քաղաքացիաիրավական պայմանագրով։

7. Գովազդի միջոց տեղադրելու թույլտվության մասին որոշման նախագծին կցվում է գովազդատուի ու տարածքի սեփականատիրոջ միջև կնքված պայմանագրի պատճենը։

8. Գովազդի տեղադրումը թույլատրվում է, եթե այն համապատասխանում է «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, իսկ դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի դեպքում՝ նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի N 1422-Ն որոշման պահանջներին։

 

II. ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

9. Սիսիան համայնքի տարածքում գովազդ տեղադրելու թույլտվությունը «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն կարգի համաձայն տրվում է Սիսիան համայնքի ղեկավարի որոշմամբ։

10. Համայնքի ղեկավարի որոշմանը կցվում են թույլտվությունը և գովազդի էսքիզը՝ համաձայն սույն կարգին կցված Ձև 1-ի և Ձև 2-ի։

11. Գովազդային միջոց տեղադրելու համար գովազդատուն դիմում-հայտ է ներկայացնում Սիսիան համայնքի ղեկավարին` նշելով իր անունը, ազգանունը, հաշվառման վայրը, գովազդի տեղադրման վայրը և ժամկետը, ինչպես նաև հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքները։

12. Հայտին կցվում է համապատասխան պատկերով և գրառումներով գովազդի միջոցի էսքիզը, որտեղ նշվում են գովազդի արտաքին չափերը, գովազդի տեղադրման ձևը (վահանակ, լուսատախտակ, գրաժապավեն, պլակատներ և այլն) և տեխնիկական լուծումները, իսկ դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի դեպքում՝ նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համաձայնությունը։

13. Սիսիան համայնքի ղեկավարը գովազդի միջոց տեղադրելու համար գովազդատուից դիմում-հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո պարզում է գովազդային միջոցի համապատասխանությունը կարգի և պայմանների պահանջներին (եթե այն թերի է, վերադարձվում է` թերությունը վերացնելու և նորից 15-օրյա ժամկետում ներկայացնելու համար), և 15 օրվա ընթացքում համայնքի ղեկավարի որոշմամբ տրվում է գովազդ տեղադրելու թույլտվություն, որում նշվում են՝ գովազդատուի անվանումը, գովազդի չափերը, տեղադրման ձևը, գովազդային նյութերի անվանումը, թույլտվության գործողության ժամկետը և կցվում է գովազդի էսքիզը։

14. Թույլտվության որոշման նախագծերը նախապատրաստում է Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժինը կամ համապատասխան համայնքային պաշտոնատար անձը՝ նախագծին կցելով համապատասխան եզրակացությունը։

15. Սույն կարգի 4-րդ կետի համապատասխան՝ հատկացված տարածքի նույն հասցեում գովազդ տեղադրելու համար մեկից ավելի գովազդատուների հայտերի առկայության դեպքում Սիսիան համայնքի ղեկավարը «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հայտարարում և անց է կացնում մրցույթ, որի արդյունքներով մրցույթի հաղթողին տրվում է գովազդի տեղադրման թույլտվություն։

16. Գովազդի միջոց տեղադրելու վերաբերյալ գովազդատուի դիմում-հայտը 15-օրյա ժամկետում կարող է մերժվել այն դեպքում եթե՝

1) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի և պայմանների պահանջներին.

2) խախտվում են «Գովազդի մասին», «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները.

3) գովազդի միջոցի տեղադրմամբ խոչընդոտվում է ճանապարհային երթևեկությունը կամ քաղաքացիների անցուդարձը, խախտվում են այլ անձանց օրենքով պաշտպանված իրավունքներն ու շահերը։

17. Գովազդային միջոց տեղադրելու հայտը մերժելու դեպքում՝ պետք է հստակ նշվեն մերժման պատճառներն ու հիմքերը։

18. Գովազդային նյութերը գովազդային միջոցների վրա տեղադրելու ժամանակ, ինչպես նաև արդեն տեղադրված գովազդվող տեղեկատվության փոփոխման դեպքում, գովազդատուն մինչև գովազդային նյութերի տեղադրումը կամ արդեն տեղադրված գովազդվող տեղեկատվության փոփոխումը, այդ մասին գրավոր տեղեկացնում է Սիսիան համայնքի ղեկավարին՝ կից ներկայացնելով համապատասխան պատկերով և գրառումներով գովազդի էսքիզը, որտեղ նշվում են նաև գովազդի արտաքին չափերը։ Գովազդի էսքիզը համաձայնեցվում է Սիսիան համայնքի ղեկավարի հետ։

19. Գովազդը պետք է համապատասխանի «Գովազդի մասին», «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, սույն կարգի, պայմանների և այլ իրավական ակտերի պահանջներին։

20. Գովազդի տեղադրման միջոցի մոնտաժային աշխատանքները կատարվում են հայտատուի պատվերով՝ մասնագիտացված կազմակերպությունների կողմից մշակված և Սիսիան համայնքի ղեկավարի հետ համաձայնեցված նախագծով։

21. Գովազդի միջոց տեղադրելու համար գովազդակիրն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում գովազդի տեղադրման միջոցի մոնտաժման ապահովության և դրա անվթար շահագործման համար։

22. Գովազդատուն իրավասու չէ գովազդի տեղադրման համար իրեն տրված թույլտվությունը փոխանցել կամ օտարել այլ անձի։

23. Գովազդ տեղադրելու թույլտվության ժամկետը լրանալու, պայմանագրով նախատեսված հիմքերով այն վաղաժամկետ դադարելու, լուծելու դեպքում գովազդատուն պարտավոր է ողջամիտ ժամկետում իր միջոցներով ապամոնտաժել գովազդը և դրա տեղաբաշխման միջոցները, իսկ զբաղեցրած տարածքը բերել նախկին վիճակին։

24. Սույն կարգով նախատեսված պարտավորությունները գովազդատուի կողմից չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Սիսիան համայնքի ղեկավարի որոշման համաձայն՝ գովազդի (գովազդային միջոցի) ապամոնտաժումն իրականացվում է համայնքի կողմից՝ օրենքով սահմանված կարգով գովազդատուից ստանալով համապատասխան փոխհատուցում։

 

III. ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻ ՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

25. Սիսիան համայնքի ավագանին համայնքի տարածքում յուրաքանչյուր ամսվա համար գովազդ տեղադրելու թույլտվության մեկ քառակուսի մետրի տեղական տուրքի դրույքաչափերը սահմանում է «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան։

26. Այն դեպքում, երբ թույլտվության և պայմանագրի գործողության ընթացքում գովազդվող տեղեկատվությունը փոփոխվում է, որի համար օրենքով նախատեսված է տեղական տուրքի այլ դրույքաչափ, գովազդատուն վճարումը կատարում է «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ Սիսիան համայնքի ավագանու կողմից հաստատված համապատասխան դրույքաչափերով։

27. Սույն կարգով նախատեսված հողօգտագործման վճարի չափը սահմանվում է Սիսիան համայնքի ավագանու կողմից։

28. Սույն կարգով համապատասխան վճարված գումարներն ուղղվում են Սիսիան համայնքի բյուջե։

29. Սիսիան համայնքի տարածքում գովազդ տեղադրելու գործընթացի նկատմամբ հսկողությունն օրենքով սահմանված կարգով իրականացնում է Սիսիան համայնքի ղեկավարը, իսկ գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողությունը՝ ՀՀ Սյունիքի մարզպետը։

30. Գովազդային օրենսդրության պահանջների խախտումը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն։

 

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ՝

Կ. ԻՎԱՆՅԱՆ

 

 

Հավելված N 2

ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի

ավագանու 2024 թվականի փետրվարի 16-ի

թիվ 012-Ն որոշման

 

ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու պայմանները (այսուհետ՝ պայմաններ) մշակվել են «Գովազդի մասին» ՀՀ օրենքի, «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգին» (այսուհետ՝ կարգ) համապատասխան։

2. Սիսիան համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդի (այսուհետ՝ գովազդ) միջոցների տեղադրումը թույլատրվում է սույն կարգի և պայմանների պահանջներին համապատասխան։

 

II. ԳՈՎԱԶԴԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

3. Գովազդի միջոց են համարվում Սիսիան համայնքի տարածքում տեղադրվող գովազդային տեղեկատու կրողները՝ անկախ շենքերի, շինությունների և հողամասերի սեփականության ձևից։ Դրանց թվում են վահանակային կայանքները (վահանակները), տանիքային կայանքները, մեծանկարները (պաննո), էկրանները, բարձակները, ցուցատախտակները, շենքերի մուտքերի և պատուհանների հովհարները (մարկիզ), գրաժապավենները (տրանսպարանտ) և այլն։

 

III. ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

4. Գովազդ տեղադրելուն ներկայացվող պահանջները՝

1) գովազդի միջոցները չպետք է՝

ա. խոչընդոտեն ճանապարհային երթևեկության ապահովմանն ու անվտանգությանը, փողոցների ու մայթերի անցմանը, խանգարեն փողոցների ու մայթերի մեքենայացված մաքրմանը,

բ. սահմանափակեն տեսանելիությունը ավտոճանապարհների վրա,

գ. առաջացնեն երթևեկության մասնակիցների կուրացում լույսով, այդ թվում նաև անդրադարձող,

դ. արգելք հանդիսանան հետիոտնի շարժմանը,

ե. լինեն ճանապարհների վտանգավոր հատվածներում և տեղադրվեն լուսամփոփների ու ճանապարհային կանգնակների վրա.

2) ցանկացած տիպի գովազդի միջոցների տեղադրումը պետք է հիմնավորել համապատասխան նախագծային և տեսողական ընկալման դիտակետից.

3) գովազդ տեղադրել չի թույլատրվում՝

ա. բնակելի շենքերի մոտ, եթե դրանք հանդիսանում են աղմուկի, տատանման, հզոր ճառագայթման և էլեկտրամագնիսական դաշտի աղբյուր,

բ. թանգարաններում, պատմական և ճարտարապետական հուշարձանների վրա, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների շենքերի վրա,

գ. «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վրա և դրանց տարածքներում (պետական հաշվառման վերցրած պատմական, գիտական, գեղարվեստական կամ մշակութային այլ արժեք ունեցող կառույցների, դրանց համակառույցների և համալիրների, իրենց գրված կամ պատմականորեն իրենց հետ կապված տարածքների վրա, ինչպես նաև պատմամշակութային արգելանոցներում),

դ. ճանապարհային ցանցում, երբ այն անհամապատասխան է ճանապարհատրանսպորտային տվյալ իրավիճակի հետ և նմանություն ունի (արտաքին տեսքով, պատկերով և ձայնային էֆեկտով) ճանապարհային նշանների, ճանապարհային երթևեկության կազմակերպման և այլ տեխնիկական միջոցների հետ.

4) Սիսիան համայնքի հրապարակներում, ինչպես նաև դրանց համար մուտքեր և ելքեր հանդիսացող տարածքների առանձին տեղերում կարող է տեղադրվել գովազդ, եթե այն չի խոչընդոտում ճանապարհային երթևեկության ապահովմանն ու անվտանգությանը և հրապարակների կառուցապատման տեսողական ընկալմանը։

 

IV. ԳՈՎԱԶԴԻ ԱՌԱՆՁԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

5. Վահանակային կայանքները (վահանակները) տեղեկատվության համար մակերես նախատեսող կոնստրուկցիաներ են և բաղկացած են հիմքից, հիմնակմախքից (կարկաս) և տեղեկատու դաշտից.

1) Տեղեկատու դաշտի չափի տեսակներն են՝

ա. մեծ չափերի - 3մx4մ, 3մx6մ և այլ չափերի,

բ. միջին չափերի - 1.8մx1.2մ, 2մx3մ,

գ. փոքր չափերի - 0.6մx0.9մ և ավելի փոքր չափերի.

2) վահանակներին ներկայացվող պահանջներն են՝

ա. երկկողմանի կատարում,

բ. միակողմանի կատարում, որի դեպքում գովազդի հակառակ կողմը պարտադիր դեկորատիվ ձևավորում է.

3) Սիսիան համայնքի կենտրոնական հատվածի սահմաններում թույլ է տրվում 0.6մx0.9մ, 1.8մx1.2մ, ինչպես նաև 3մx4մ մակերեսով տեղեկատու դաշտով վահանակների տեղադրումը.

4) Սիսիան համայնքի կենտրոնական հատվածում տեղադրվող տեղեկատու դաշտով գովազդային վահանակի կրող հիմնասյան դիրքը պետք է լինի միայն ուղղահայաց.

5) Սիսիան համայնքում 3մx6մ և այլ չափերի տեղեկատու դաշտով գովազդային վահանակների տեղադրումը թույլատրվում է համապատասխան նախագծային հիմնավորման առկայության դեպքում.

6) Սիսիան համայնքի կենտրոնական հատվածից դուրս կարող են լինել 1.8մx1.2մ, 3մx4մ, 3մx6մ տեղեկատու դաշտով և այլ չափերի վահանակներ.

7) մայրուղիներում և պողոտաներում մեկ ուղղությամբ երկու հարևան վահանակների միջև հեռավորությունը պետք է կազմի առնվազն՝

ա. 15քմ – 18քմ և այլ չափերի 150մ-200մ,

բ. 10քմ – 15 քմ՝ 100մ – 150մ,

գ. 6քմ – 10քմ՝ 50մ – 75մ,

դ. 4քմ – 6քմ՝ 30մ – 50մ,

ե. 2քմ – 4քմ՝ 15մ – 25մ,

զ. մինչև 2քմ՝ 10մ – 15մ.

8) նեղ փողոցներում և նրբանցքներում մեկ ուղղությամբ երկու հարևան վահանակների միջև եղած հեռավորությունը պետք է կազմի առնվազն՝

ա. 10քմ – 12քմ՝ 50մ – 75մ,

բ. 6քմ – 10քմ՝ 30մ – 50մ,

գ. 4քմ – 6քմ՝ 20մ – 30մ,

դ. 2քմ – 4քմ՝ 10մ – 20մ,

ե. մինչև 2քմ՝ 10մ.

9) մասնագիտական փորձաքննություն անցած և համաձայնեցված նախագծերի առկայության դեպքում կարող են օգտագործվել կոնստրուկցիաներ, որոնց տեղադրումը համապատասխանում է մայրուղիների, փողոցների և քաղաքային գոտիների արտաքին ձևավորմանը ներկայացվող պահանջներին.

6. Շենքերի, շինությունների, ինչպես նաև Սիսիան համայնքի բարեկարգման տարրերի վրա տեղադրվող գովազդի և տեղեկատվության մնայուն միջոցների տեսակներն են`

1) տանիքային կայանքները ծավալային կամ մակերեսային կոնստրուկցիաներ են, որոնք տեղադրվում են ամբողջովին կամ մասամբ՝ շենքի ճակատային մասում կամ տանիքին.

ա. տանիքային կայանքները բաղկացած են կոնստրուկցիայի կրող մասի ամրակցման տարրերից և տեղեկատու կայանքից,

բ. տանիքային կայանքները պետք է ունենան հակահրդեհային և հոսանքի վթարային անջատման համակարգ,

գ. ամրակցման տարրերը, ինչպես նաև կոնստրուկցիայի կրող մասի հակառակ կողմը պետք է ծածկվեն դեկորատիվ պանելով,

դ. տանիքային կայանքի տեղադրման հայտերն ընդունվում են պատվիրատուի կողմից մասնագիտական փորձաքննություն անցած կոնստրուկցիաների և համայնքի ղեկավարի հետ համաձայնեցված նախագծի առկայության դեպքում։

2) պատի մեծանկարներ (պաննո) են կոչվում գովազդի այն միջոցները, որոնք տեղադրվում են շինությունների պատերին հետևյալ ձևերով՝

ա. պատկեր (տեղեկատվական դաշտ), որն անմիջապես շերտածածկում է պատը, պատկերի կոնստրուկցիան հավաքվում է ամրակցման տարրերից, հիմնակմախքից և տեղեկատու դաշտից,

բ. պատի մեծանկարները կատարվում են անհատական նախագծի հիման վրա,

գ. պատի մեծանկարները պարտադիր պետք է ունենան համապատասխան փորձաքննություն անցած կոնստրուկցիաների նախագիծ,

դ. պատի մեծանկարների տեղեկատու դաշտի մակերեսը որոշվում է կոնստրուկցիայի կամ անմիջական չափերով.

3) բարձակ (կոնսոլային կոնստրուկցիա) են կոչվում երկկողմանի հարթակային վահանակները, որոնք ամրակցվում են կայմասյուներին կամ շենքերի վրա։ Համապատասխան հիմնավորման դեպքում թույլատրվում է բարձակները տեղադրել համայնքային լուսավորման և կոնտակտային ցանցերի կրող կոնստրուկցիաների վրա՝

ա. բարձակները պետք է լինեն երկկողմանի տեսքով և ունենան ներքին լուսավորում,

բ. հիմքերի վրա (ուղղահայաց) տեղադրվող բարձակների տիպային չափերն են՝ 1.8մx1.2մ (մայրուղիների, պողոտաների, հրապարակների համար), 0.6մx0.9մ, 1.0մx0.7մ (նեղ փողոցների և նրբանցքների համար) և ավելի փոքր։

Շահագործման անվտանգության նպատակով բարձակները տեղադրվում են հողի մակերևույթից ոչ պակաս, քան 3 մետր բարձրության վրա։

գ. հիմքերի վրա տեղադրված բարձակները տեղադրվում են երթևեկելի մասից դուրս՝ մայթի կողմը։ Արգելվում է մեկից ավել բարձակների տեղադրումը մեկ հիմքի վրա,

դ. բարձակի տեղեկատու դաշտի մակերեսը հաշվարկվում է երկու կողմերի ընդհանուր մակերեսով.

7. Կրկնաձիգ գրաժապավենը (տրանսպարանտ) գովազդի տեղեկատվության միջոց է։ Այն բաղկացած է հիմքից, ամրացման սարքավորումից և տեղեկատու պատկերից՝

1) գրաժապավենների հեռավորությունն իրարից պետք է լինի 50մ-ից ոչ պակաս,

2) գրաժապավենների բարձրությունը պետք է լինի երթևեկության գծի համեմատ 5մ-ից ոչ պակաս,

3) տեղեկատու դաշտի մակերեսը որոշվում է երկու կողմերի մակերեսով։

8. Էկրանավորող սարքավորումները գովազդի և տեղեկատվության միջոց են՝

1) դրանց կոնստրուկցիան ներառում է էկրանավորող (վերարտադրող) սարքավորման մակերես (էկրան) կամ տեղեկատու պատկեր.

2) Հարթ պատկերների համար նախատեսված տեղեկատու դաշտի մակերեսը որոշվում է էկրանավորող պատկերի մակերեսով։

9. Գովազդի վահանակների միջև եղած հեռավորությունն ըստ տրանսպորտային միջոցների թույլատրվող արագության պետք է կազմի՝

1) 60 կմ/ժ թույլատրվող արագությամբ փողոցների համար մեկ ուղղությամբ երկու վահանակների միջև հեռավորությունը՝

ա. 18քմ – 150մ,

բ. 15քմ – 100մ,

գ. 6քմ – 50մ,

դ. 2քմ – 25մ

2) 60 կմ/ժամ թույլատրվող արագությունից պակաս փողոցների համար մեկ ուղղությամբ երկու հարևան վահանակների միջև հեռավորությունը՝

ա. 18քմ – 80-100մ,

բ. 6քմ – 45-50մ,

գ. 2քմ – 20-30մ

10. Գովազդային վահանակների ներքևի եզրը պետք է տեղադրված լինի փողոցի մակերեսից 6մ-ից ոչ պակաս բարձրության վրա։

11. Հենասյան հիմքերը հողի ծածկույթում պետք է տեղադրվեն քաղաքաշինական նորմերին և շինարարական տեխնոլոգիաներին համապատասխան՝ մեկ ամսվա ընթացքում վերականգնելով սիզամարգի ծածկույթը։

12. Չափորոշիչներում չնշված և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 19-ի N 270 որոշմամբ հաստատված ցանկում չընդգրկված 2.0 քառակուսի մետրից ավելի մակերեսով ֆիրմային նշանների և գովազդվող տարբեր ապրանքանշանների տեղադրումը թույլատրվում է Սիսիան համայնքի ղեկավարի որոշմամբ։

 

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ՝

Կ. ԻՎԱՆՅԱՆ

 

Ձև 1

 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ

 

Տրված` «.......»...................................20......թ.

 

Թույլատրված գործունեության անվանումը`

_____________________________________________

 

Հայտատու իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպաիրավական ձևը և գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը և գտնվելու վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը`

_______________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

___________________________________________________

 

Գովազդի տեղադրման վայրը/վայրերը և չափերը (քմ)`

 

_________________________________________________________________________________

 

Թույլտվության գործողության ժամկետը`

 

«.......».................................20......թ.-ից մինչև «.......».................................20......թ.-ը:

 

ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ______________________ Ա․ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ

 

Ձև 2

 

ԳՈՎԱԶԴԻ ԷՍՔԻԶ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 մարտի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան