Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-112
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2009-23.05.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.12.15/68(367)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
06.11.2000
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
05.12.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.12.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2000 թվականի նոյեմբերի 6-ին

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 1. ՕՐԵՆՔԻ ՆՊԱՏԱԿԸ

 

Օրենքի նպատակն է պաշտպանել և խրախուսել ազատ տնտեսական մրցակցությունը, ապահովել բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր, նպաստել ձեռնարկատիրության զարգացմանը և սպառողների շահերի պաշտպանությանը Հայաստանի Հանրապետությունում:

(1-ին հոդվածը լրաց. 22.02.07 ՀՕ-107-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 2. ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն օրենքը տարածվում է տնտեսվարող սուբյեկտների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև դրանց պաշտոնատար անձանց այն նպատակաուղղված գործողությունների կամ վարքագծի վրա, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը, արգելմանը կամ անբարեխիղճ մրցակցության գործողությանը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, ինչպես նաև վնասել սպառողների շահերը:

2. Սույն օրենքը չի տարածվում մտավոր սեփականության իրավունքներին առնչվող հարաբերությունների վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ իրավունքներն օգտագործվում են մրցակցության կանխման, սահմանափակման կամ արգելման նպատակով:

3. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

(2-րդ հոդվածը խմբ. 22.02.07 ՀՕ-107-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 3. ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրությունը կազմված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, սույն օրենքից և այլ իրավական ակտերից:

 

ՀՈԴՎԱԾ 4. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

տնտեսական մրցակցություն կամ մրցակցություն՝ ապրանքների իրացման կամ ձեռքբերման առավել նպաստավոր պայմանների ապահովմանն ուղղված տնտեսական գործունեություն, որի արդյունքում օբյեկտիվորեն սահմանափակվում են տվյալ ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա մրցակիցներից յուրաքանչյուրի միակողմանի ազդելու հնարավորությունները.

ապրանք՝ քաղաքացիական իրավունքի օբյեկտ, այդ թվում` գույք, աշխատանք, ծառայություն (ներառյալ` ֆինանսական), որը նախատեսված է իրացման համար.

փոխադարձ փոխարինելի ապրանքներ՝ ապրանքներ, որոնք կարող են համեմատվել ըստ իրենց գործածության նշանակության, կիրառման, որակական, տեխնիկական, գնային կամ այլ հատկանիշներով այնպես, որ ձեռքբերողը փոխարինում է կամ պատրաստ է փոխարինելու դրանք մեկը մյուսով.

ապրանքային շուկա` որոշակի տարածքում տվյալ ապրանքի և դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների շրջանառության ոլորտ, որի սահմանները որոշվում են գնորդի կողմից համապատասխան տարածքում ապրանքի ձեռքբերման տնտեսական հնարավորություններով և նպատակահարմարությամբ: Ապրանքային շուկան բնութագրվում է ապրանքատեսակային ու աշխարհագրական սահմաններով, դրա սուբյեկտների կազմով և ծավալով.

ապրանքային շուկայի ապրանքատեսակային սահման` տվյալ ապրանքի և դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների ամբողջություն.

ապրանքային շուկայի աշխարհագրական սահման` որոշակի աշխարհագրական տարածք (այդ թվում` ճանապարհ, երթուղի` օդային, ջրային, ցամաքային և այլն), որի շրջանակներում գնորդի համար տնտեսապես հնարավոր ու նպատակահարմար է ձեռք բերել տվյալ ապրանքը և դրա փոխադարձ փոխարինելի ապրանքները և առկա չէ այդ հնարավորությունն ու նպատակահարմարությունը տվյալ տարածքից դուրս: Ապրանքային շուկայի աշխարհագրական սահմանը կարող է ներառել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը կամ դրա մի մասը կամ Հայաստանի Հանրապետության (կամ դրա մի մասի) և այլ պետության (կամ դրա մի մասի) տարածքը.

ապրանքային շուկայի սուբյեկտներ` տվյալ ապրանքի և դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների իրացնողը (վաճառողը, մատակարարը, օտարողը, մատուցողը, կատարողը) և ձեռքբերողը (գնորդը, ստացողը, ընդունողը, սպառողը).

ապրանքային շուկայի ծավալ` ապրանքային շուկայի աշխարհագրական սահմանում տվյալ ապրանքի և դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների իրացման կամ ձեռքբերման ընդհանուր ծավալը` բնեղեն և (կամ) արժեքային արտահայտությամբ.

իրացում` վաճառք, մատակարարում, օտարում, մատուցում, կատարում.

ձեռքբերում` գնում, ստացում, ընդունում.

տնտեսվարող սուբյեկտ՝ ֆիզիկական անձ (այդ թվում` անհատ ձեռնարկատեր), իրավաբանական անձ, այլ կազմակերպություն, դրա ներկայացուցիչ, ներկայացուցչություն կամ մասնաճյուղ, անձանց խումբ.

անձանց խումբ՝ իրավաբանական և (կամ) ֆիզիկական այնպիսի անձանց խումբ, որոնց նկատմամբ բավարարվում է հետևյալ պայմաններից առնվազն մեկը՝

- անձը կամ մի քանի անձինք պայմանագրի (համաձայնեցված գործողությունների) արդյունքում օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն ուղղակի կամ անուղղակի կերպով տնօրինելու (այդ թվում՝ առուվաճառքի, լիազորագրային կառավարման, համատեղ գործունեության պայմանագրերի, հանձնարարականի կամ այլ գործարքների միջոցով) կազմակերպության կանոնադրական կապիտալի կամ փայաբաժնի կեսից ավելին,

- անձը կամ մի քանի անձինք պայմանագրի հիման վրա կամ այլ ձևով հնարավորություն են ստանում կանխորոշել այլ անձի կամ անձանց կողմից ընդունվող որոշումները (այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու պայմանները) կամ իրականացնել կազմակերպության գործադիր մարմնի իրավասությունները,

- անձն իրավունք ունի նշանակելու կազմակերպության միանձնյա գործադիր մարմին և (կամ) կոլեկտիվ գործադիր մարմնի կազմի կեսից ավելին, և (կամ) նրա առաջարկությամբ ընտրվել է կազմակերպության կառավարման մարմնի կազմի կեսից ավելին,

- ֆիզիկական անձն իրականացնում է կազմակերպության գործադիր մարմնի իրավասությունները,

- նույն կազմակերպության առաջարկությամբ ընտրված նույն ֆիզիկական անձինք, նրանց ամուսինները, ծնողները, երեխաները, եղբայրները, քույրերը և (կամ) այլ անձինք կազմում են երկու կամ ավելի կազմակերպությունների կառավարման մարմինների կազմի կեսից ավելին կամ նույն կազմակերպությունների առաջարկությամբ ընտրված են մեկից ավելի կազմակերպությունների կառավարման մարմինների կազմի կեսից ավելին,

- նույն ֆիզիկական անձինք, նրանց ամուսինները, ծնողները, երեխաները, եղբայրները, քույրերը և (կամ) կազմակերպությունները իրավունք են ստանում տնօրինելու մեկից ավելի կազմակերպությունների կանոնադրական կապիտալի կամ փայաբաժնի կեսից ավելին,

- ֆիզիկական անձը (անձինք) և (կամ) կազմակերպությունը (կազմակերպությունները) ինքնուրույն կամ իրենց ներկայացուցիչների միջոցով տնօրինում են մեկ կազմակերպության կանոնադրական կապիտալի կամ փայաբաժնի կեսից ավելին, և միաժամանակ նույն ֆիզիկական անձինք, նրանց ամուսինները, ծնողները, երեխաները, եղբայրները, քույրերը կամ նույն կազմակերպության կողմից առաջարկված անձինք կազմում են կազմակերպության կառավարման մարմնի կազմի կեսից ավելին,

- ֆիզիկական անձինք ամուսիններ են, ծնողներ, երեխաներ, եղբայրներ կամ քույրեր.

վարչական (իրավական) ակտի կամ այլ փաստաթղթի (այսուհետ սույն պարբերությունում` թղթակցություն) հանձնում` թղթակցությունը հասցեատիրոջ գտնվելու, բնակվելու կամ գործունեության վայրի կամ փոստային հասցեով կամ նրա նշած այլ հասցեով պատվիրված նամակով ուղարկելը կամ առձեռն հանձնելը կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ ուղարկելը կամ պատշաճ այլ ձևով հանձնելը: Սույն պարբերությունում նշված վայրի կամ փոստային հասցեով ուղարկված (հանձնված) թղթակցությունը համարվում է հասցեատիրոջը պատշաճ հանձնված, անկախ այն հանգամանքից, թե ում է այն տրամադրվել: Ոչ ճիշտ հանձնված թղթակցության պատճառով հասցեատիրոջը պատճառված վնասի համար նրա առջև պատասխանատվություն է կրում փոստային կապի ծառայություն մատուցող կազմակերպությունը.

ակտիվի արժեք` ակտիվի հաշվեկշռային արժեք.

փայաբաժին՝ իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում մասնակցության իրավունք (բաժնեմաս, բաժնետոմս, այլ արժեթուղթ):

2. Սույն հոդվածով սահմանված հասկացությունները կիրառվում են միայն սույն օրենքի և դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերի իմաստով:

3. Սույն օրենքում նշված մյուս հասկացությունները կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, այլ օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված իմաստով:

(4-րդ հոդվածը լրաց. 25.12.03 ՀՕ-29-Ն, խմբ. 22.02.07 ՀՕ-107-Ն, 26.12.08 ՀՕ-227-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՀԱԿԱՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 5. ՀԱԿԱՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԱՐԳԵԼՈՒՄԸ

 

1. Սույն օրենքի իմաստով հակամրցակցային համաձայնություններ են համարվում տնտեսվարող սուբյեկտների միջև կնքված այն գործարքները, նրանց համաձայնությունները, ուղղակի կամ անուղղակի համաձայնեցված գործողությունները կամ վարքագիծը, տնտեսվարող սուբյեկտների միավորումների կողմից ընդունված որոշումները (այսուհետ՝ համաձայնություններ), որոնք ուղղակի կամ անուղղակի հանգեցնում են կամ կարող են հանգեցնել որևէ ապրանքային շուկայում մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերի:

2. Հակամրցակցային համաձայնությունները վերաբերում են`

ա) իրացման կամ ձեռքբերման խտրական և (կամ) տարբերակված գների սահմանմանը.

բ) ապրանքի գնի չհիմնավորված բարձրացմանը, իջեցմանը կամ պահպանմանը:

Սույն ենթակետի իմաստով գնի չհիմնավորված բարձրացում է համարվում երկու կամ ավելի տնտեսվարող սուբյեկտների կողմից որոշակի ժամանակահատվածում ապրանքի և (կամ) դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների գնի բարձրացումը:

Սույն ենթակետի իմաստով գնի չհիմնավորված իջեցում է համարվում երկու կամ ավելի տնտեսվարող սուբյեկտների կողմից որոշակի ժամանակահատվածում ապրանքի և (կամ) դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների գնի իջեցումը:

Սույն ենթակետի իմաստով գնի չհիմնավորված պահպանում է համարվում երկու կամ ավելի տնտեսվարող սուբյեկտների կողմից որոշակի ժամանակահատվածում ապրանքի և (կամ) դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների գնի պահպանումը (ներառյալ այդ գնի` մինչև հինգ տոկոս փոփոխությունը) այն դեպքում, երբ որոշակի տնտեսական պայմանների (գործոնների) առկայությունը կարող էր հանգեցնել կամ պետք է հանգեցներ ավելի ցածր կամ ավելի բարձր գնի սահմանման.

գ) շուկայի բաժանմանը տարածքային սկզբունքով, ըստ իրացման կամ ձեռքբերման ծավալի, ապրանքի տեսականու, իրացնողների կամ ձեռքբերողների խմբերի կամ այլ եղանակով.

դ) այլ տնտեսվարող սուբյեկտների շուկա մուտք գործելուն խոչընդոտելուն (շուկա մուտք գործելը սահմանափակելուն) կամ շուկայից նրանց դուրս մղելուն, որի հետևանքով այլ տնտեսվարող սուբյեկտը մուտք չի գործել շուկա կամ դուրս է մղվել շուկայից կամ կատարել է լրացուցիչ ծախսեր` շուկայից դուրս չմղվելու համար.

ե) իրացման կամ ձեռքբերման գների զեղչերի կամ արտոնությունների սահմանմանը, փոփոխմանը կամ պահպանմանը, եթե դրանք նպատակաուղղված են այլ տնտեսվարող սուբյեկտի շուկայից դուրս մղմանը.

զ) մրցույթների կամ աճուրդների պայմանների վերաբերյալ պայմանավորվածությանը կամ արդյունքների կեղծմանը (խեղաթյուրմանը).

է) այնպիսի պայմանների առաջարկմանը կամ կիրառմանը, որոնք առաջացնում են կամ կարող են առաջացնել մրցակցային անհավասար պայմաններ.

ը) այլ տնտեսվարող սուբյեկտների առևտրի կամ արտադրության արդիականացման կամ զարգացման կամ ներդրումների սահմանափակմանը.

թ) պայմանագրի կողմին, ներառյալ առևտրի օբյեկտներին, լրացուցիչ պարտավորությունների պարտադրմանը, որոնք իրենց բնույթով կամ իրականացման տեսանկյունից չեն առնչվում պայմանագրի բուն առարկայի հետ.

ժ) ի վնաս սպառողի շահերի ապրանքների ներկրման կամ արտադրության չհիմնավորված կրճատմանը կամ ապրանքները պահելու, փչացնելու, ոչնչացնելու միջոցով ապրանքային շուկայում պակասորդի ստեղծմանը կամ պահպանմանը:

3. Հակամրցակցային համաձայնությունները կնքվում (կայացվում) են`

ա) միևնույն ապրանքային շուկայում գործող (մրցակից հանդիսացող) տնտեսվարող սուբյեկտների միջև (հորիզոնական համաձայնություն).

բ) որոշակի փոխկապակցվածություն ունեցող տարբեր ապրանքային շուկաներում գործող (մրցակից չհանդիսացող` տվյալ ապրանքի և (կամ) դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների իրացնող ու ձեռքբերող) տնտեսվարող սուբյեկտների միջև (ուղղահայաց համաձայնություն):

4. Հակամրցակցային համաձայնությունը համարվում է ապացուցված, եթե`

ա) առկա է այդ մասին վկայող որևէ փաստական տվյալ (այդ թվում` ցանկացած գրավոր փաստաթուղթ կամ գրավոր այլ ապացույց, տեսագրություն կամ ձայնագրություն) կամ օրենքով չարգելված ցանկացած այլ ապացույց.

բ) այդ մասին են վկայում տնտեսվարող սուբյեկտների` սույն հոդվածի 2-րդ մասում նշված գործողությունները կամ վարքագիծը:

5. Հակամրցակցային համաձայնություն կնքելը (կայացնելը) արգելվում է:

6. Հակամրցակցային չեն համարվում տնտեսվարող սուբյեկտների այն համաձայնությունները, որոնք ուղղված են նրանց մրցունակության ապահովմանը կամ բարձրացմանը, եթե այդ համաձայնության մասնակիցների ընդհանուր բաժինը տվյալ ապրանքային շուկայում չի գերազանցում 20 տոկոսը:

7. Մինչև համաձայնություն կնքելը (կայացնելը), եզրակացություն ստանալու համար, տնտեսվարող սուբյեկտները կարող են դիմել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական մարմին (Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, այսուհետ` Հանձնաժողով):

(5-րդ հոդվածը խմբ. 22.02.07 ՀՕ-107-Ն)

(Գլուխը խմբ. 22.02.07 ՀՕ-107-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՄԵՆԱՇՆՈՐՀ ԿԱՄ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔ

 

ՀՈԴՎԱԾ 6. Մենաշնորհ կամ գերիշխող դիրքը

 

1. Սույն օրենքի իմաստով տնտեսվարող սուբյեկտն ապրանքային շուկայում համարվում է մենաշնորհ դիրք ունեցող, եթե որպես իրացնող (ձեռքբերող) չունի մրցակից:

2. Տնտեսվարող սուբյեկտն ապրանքային շուկայում համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե որպես իրացնող (ձեռքբերող) իրացման (ձեռքբերման) ծավալներով գրավում է տվյալ շուկայի առնվազն մեկ երրորդը:

3. Ապրանքային շուկայում իրացման (ձեռքբերման) առավել մեծ ծավալներ ունեցող երկու տնտեսվարող սուբյեկտներից յուրաքանչյուրը տվյալ ապրանքային շուկայում համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե նրանք որպես իրացնող (ձեռքբերող) իրացման (ձեռքբերման) ծավալներով միասին գրավում են տվյալ շուկայի առնվազն մեկ երկրորդը:

4. Ապրանքային շուկայում իրացման (ձեռքբերման) առավել մեծ ծավալներ ունեցող երեք տնտեսվարող սուբյեկտներից յուրաքանչյուրը տվյալ ապրանքային շուկայում համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե նրանք որպես իրացնող (ձեռքբերող) իրացման (ձեռքբերման) ծավալներով միասին գրավում են տվյալ շուկայի առնվազն երկու երրորդը:

5. Տնտեսվարող սուբյեկտի մենաշնորհ կամ գերիշխող դիրքի որոշման, ինչպես նաև գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված գրանցամատյանի (ռեեստրի) վարման կարգը սահմանում է Հանձնաժողովը:

6. Տնտեսվարող սուբյեկտն ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված գրանցամատյանում (ռեեստրում) գրանցվում, ինչպես նաև այդ դիրքը կորցնելու դեպքում` գրանցումից հանվում է Հանձնաժողովի որոշմամբ:

(6-րդ հոդվածը լրաց. 28.06.02 ՀՕ-398-Ն, խմբ. 22.02.07 ՀՕ-107-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 7. Մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը

 

1. Արգելվում է տնտեսվարող սուբյեկտների կողմից մենաշնորհ կամ գերիշխող դիրքի (այսուհետ` գերիշխող դիրք) չարաշահումը:

2. Գերիշխող դիրքի չարաշահում է համարվում՝

ա) իրացման կամ ձեռքբերման չհիմնավորված, խտրական և (կամ) տարբերակված գների սահմանումը կամ կիրառումը կամ օրենսդրությանը հակասող առևտրի այլ պայմանների ուղղակի կամ անուղղակի պարտադրումը.

բ) այլ տնտեսվարող սուբյեկտի առևտրի կամ արտադրության արդիականացման կամ ներդրումների սահմանափակումը.

գ) ի վնաս սպառողի շահերի ապրանքների ներկրման կամ արտադրության չհիմնավորված կրճատումը կամ ապրանքները պահելու, փչացնելու, ոչնչացնելու միջոցով ապրանքային շուկայում պակասորդի ստեղծումը կամ պահպանումը.

դ) այլ տնտեսվարող սուբյեկտների կամ սպառողների նկատմամբ խտրական պայմանների կիրառումը.

ե) պայմանագրի կողմին, ներառյալ առևտրի օբյեկտներին, լրացուցիչ պարտավորությունների պարտադրումը, որոնք իրենց բնույթով կամ իրականացման տեսանկյունից չեն առնչվում պայմանագրի բուն առարկայի հետ.

զ) տնտեսվարող սուբյեկտների վերակազմակերպման կամ տնտեսական կապերի խզման պարտադրումը.

է) այլ տնտեսվարող սուբյեկտի շուկա մուտք գործելուն խոչընդոտելու (շուկա մուտք գործելը սահմանափակելու) կամ շուկայից նրան դուրս մղելու գործողությունը կամ վարքագիծը, որի հետևանքով այլ տնտեսվարող սուբյեկտը մուտք չի գործել շուկա կամ դուրս է մղվել շուկայից կամ կատարել է լրացուցիչ ծախսեր` շուկայից դուրս չմղվելու համար.

ը) այնպիսի պայմանների առաջարկը կամ կիրառումը, որոնք առաջացնում են կամ կարող են առաջացնել մրցակցային անհավասար պայմաններ այն դեպքում, երբ համանման պայմաններ չեն առաջարկվել տվյալ ապրանքային շուկայում գործող մյուս տնտեսվարող սուբյեկտներին.

թ) իրացման կամ ձեռքբերման գների զեղչերի կամ արտոնությունների սահմանումը, փոփոխումը կամ պահպանումը, եթե դրանք նպատակաուղղված են մրցակցության սահմանափակմանը:

(7-րդ հոդվածը լրաց. 25.12.03 ՀՕ-29-Ն, 04.05.05 ՀՕ-91-Ն, խմբ. 22.02.07 ՀՕ-107-Ն)

(Գլուխը խմբ. 22.02.07 ՀՕ-107-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

 ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄ

 

ՀՈԴՎԱԾ 8. Տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացման հասկացությունը

 

Տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացում է համարվում՝

ա) տնտեսվարող սուբյեկտների միացումը կամ միաձուլումը.

բ) տնտեսվարող սուբյեկտի կողմից այլ տնտեսվարող սուբյեկտի ակտիվների կամ փայաբաժնի ձեռքբերումը, եթե դա ինքնին կամ ձեռքբերողին արդեն պատկանող ակտիվների կամ փայաբաժնի հետ միասին կազմում է այդ տնտեսվարող սուբյեկտի ակտիվների կամ փայաբաժնի 20 տոկոսը.

գ) տնտեսվարող սուբյեկտների ցանկացած միավորում, որի շնորհիվ մեկ տնտեսվարող սուբյեկտը կարող է ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդել մեկ ուրիշի որոշումների կայացման կամ մրցունակության վրա:

(8-րդ հոդվածը խմբ. 22.02.07 ՀՕ-107-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 9. ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄԸ

 

1. Տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացումը, մինչև գործողության մեջ դնելը կամ դրան մասնակցելը, ենթակա է հայտարարագրման, եթե`

ա) մասնակիցների ակտիվների համատեղ արժեքը դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն երեք միլիարդ դրամ.

բ) մասնակիցները գործում են միևնույն ապրանքային շուկայում և նրանց ակտիվների համատեղ արժեքը դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն մեկ միլիարդ դրամ.

գ) մասնակիցներից մեկի ակտիվների արժեքը դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն երեք միլիարդ դրամ.

դ) մասնակիցները գործում են միևնույն ապրանքային շուկայում և նրանցից մեկի ակտիվների արժեքը դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն մեկ միլիարդ դրամ:

2. Համակենտրոնացման հայտարարագրում նշվում է համակենտրոնացման ձևը և մասնակիցներից յուրաքանչյուրի մասին հետևյալ տեղեկատվությունը՝

ա) անունը (անվանումը), բնակվելու (գտնվելու) և գործունեության վայրը.

բ) գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունները` հայտարարագրման նախորդ ֆինանսական տարվա վերջի դրությամբ և դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը: Եթե համակենտրոնացման մասնակիցներից որևէ մեկը գործունեությունը սկսել է տվյալ տարում, ապա նրա ֆինանսական հաշվետվությունները և դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը ներկայացվում են հայտարարագրման նախորդ ամսվա վերջի դրությամբ.

գ) նախորդ տարվա ընթացքում իրացրած ապրանքների ծավալներն ըստ տեսականու, ինչպես նաև արտադրական կարողությունների նկարագիրը.

դ) հայտարարագրողի ցանկությամբ` նաև ապրանքային շուկային և շուկայի մասնակիցների գործունեությանը վերաբերող այլ տեղեկություններ:

3. Համակենտրոնացման հայտարարագրման կարգը և հայտարարագրի ձևը սահմանում է Հանձնաժողովը:

(9-րդ հոդվածը փոփ. 23.05.06 ՀՕ-74-Ն, խմբ. 22.02.07 ՀՕ-107-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 10. ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

1. Գերիշխող դիրքի հանգեցնող համակենտրոնացումն արգելվում է, բացառությամբ այն դեպքի, երբ այն նպաստում է սպառողների շահերին և (կամ) տվյալ ապրանքային շուկայի մրցակցային միջավայրի զարգացմանը:

2. Հայտարարագրման ենթակա կամ գերիշխող դիրքի հանգեցնող համակենտրոնացումը թույլատրվում է Հանձնաժողովի որոշման հիման վրա:

3. Արգելվում է հայտարարագրման ենթակա կամ գերիշխող դիրքի հանգեցնող համակենտրոնացումը գործողության մեջ դնելը կամ համակենտրոնացմանը մասնակցելը՝ մինչև Հանձնաժողովի կողմից որոշում կայացնելը:

4. Գործողության մեջ դրված արգելված համակենտրոնացումը ենթակա է լուծարման (լուծման, դադարեցման)՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:

(10-րդ հոդվածը խմբ. 22.02.07 ՀՕ-107-Ն)

(Գլուխը խմբ. 22.02.07 ՀՕ-107-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

Հոդված 11. ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Անբարեխիղճ մրցակցություն է համարվում ձեռնարկատիրական գործունեության ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը հակասում է սույն օրենքին կամ գործարար շրջանառության սովորույթներին, խախտում է մրցակիցների միջև կամ վերջիններիս ու սպառողների միջև բարեխղճության` ազնվության, արդարության, ճշմարտության, անաչառության սկզբունքները:

2. Անբարեխիղճ մրցակցությունն արգելվում է:

3. Յուրաքանչյուր շահագրգիռ անձ, այդ թվում` սպառողը, որն անբարեխիղճ մրցակցության հետևանքով վնաս է կրել, իրավունք ունի անբարեխիղճ մրցակցությունը դադարեցնելու պահանջով դիմելու դատարան: Սույն իրավունքը վերապահվում է նաև շահագրգիռ անձերի տնտեսական շահերը պաշտպանելու իրավասություն ունեցող կազմակերպություններին:

(11-րդ հոդվածը փոփ. 30.09.08 ՀՕ-168-Ն)

 

Հոդված 12. ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ԿԱՄ ՆՐԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՇՓՈԹՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԱՑՆԵԼԸ

 

1. Ձեռնարկատիրական գործունեության ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որն առաջացնում է կամ կարող է առաջացնել շփոթություն այլ տնտեսվարող սուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքների նկատմամբ, համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն:

2. Սույն հոդվածի իմաստով շփոթություն կարող է առաջանալ, մասնավորապես`

ա) գրանցված կամ չգրանցված ապրանքային և սպասարկման նշանների,

բ) ֆիրմային անվանումների,

գ) ապրանքի արտաքին տեսքի, օրինակ` գրանցված կամ չգրանցված արդյունաբերական նմուշի, ապրանքի փաթեթավորման, գույնի կամ այլ ոչ ֆունկցիոնալ բնութագրերի,

դ) քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների, անհատականացման այլ միջոցների, օրինակ` գործարարության խորհրդանիշի, բառեր փոխարինող նշանների կամ տառերի, կարգախոսների,

ե) ապրանքների ներկայացման ձևերի, այդ թվում` գովազդի, ծառայողական հագուստի, ապրանքների մատուցման ոճի,

զ) ապրանքների սպառողական պահանջարկը խթանելու նպատակով օգտագործվող հռչակավոր մարդկանց, ինչպես նաև գրականության կամ արվեստի հանրաճանաչ կերպարների անվան ժողովրդականության կամ համբավի նկատմամբ:

 

Հոդված 13. ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ԿԱՄ ՆՐԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱԲԵԿՈՒՄԸ

 

1. Ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ ցանկացած կեղծ կամ անհիմն հայտարարություն, որը վարկաբեկում է կամ կարող է վարկաբեկել տնտեսվարող սուբյեկտին, նրա գործունեությունը կամ առաջարկած ապրանքները, համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն:

2. Սույն հոդվածի իմաստով վարկաբեկումը կարող է ծագել ապրանքների գովազդմանը կամ տարածմանը նպաստող միջոցառումների իրականացման ընթացքում և, մասնավորապես, տեղի ունենալ ապրանքների`

- արտադրության գործընթացի,

- որոշակի նպատակի համար դրանց պիտանիության,

- որակի, քանակի կամ այլ բնութագրերի,

- առաջարկման կամ մատուցման պայմանների,

- գնի կամ դրա հաշվարկման եղանակի նկատմամբ:

 

Հոդված 14. ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄՈԼՈՐԵՑՈՒՄԸ

 

1. Ձեռնարկատիրական գործունեության ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը մոլորեցնում է կամ կարող է մոլորեցնել հասարակությանը տնտեսվարող սուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքների վերաբերյալ, համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն:

2. Սույն հոդվածի իմաստով մոլորեցումը կարող է ծագել ապրանքների գովազդմանը կամ տարածմանը նպաստող միջոցառումների իրականացման ընթացքում, մասնավորապես, տեղի ունենալ ապրանքի աշխարհագրական ծագման, ինչպես նաև սույն օրենքի 13 հոդվածի 2-րդ մասում թվարկված առանձնահատկությունների նկատմամբ: Մոլորեցում է համարվում նաև ապրանքների որակն անհիմն չափազանցնելը, որակի, քանակի կամ այլ բնութագրերի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն չհիշատակելը, որը կարող է հանգեցնել թյուր տպավորության ստեղծման (ապակողմնորոշման), կեղծիքը գովազդատուի անձի վերաբերյալ:

(14-րդ հոդվածը փոփ. 22.02.07 ՀՕ-107-Ն)

 

Հոդված 15. ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ՀԱՄԲԱՎԻ, ՎԱՐԿԱՐԺԵՔԻ ՎՆԱՍՈՒՄԸ

 

1. Ձեռնարկատիրական գործունեության ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը շփոթություն առաջացնելուց անկախ վնասում է կամ կարող է վնասել տնտեսվարող սուբյեկտի համբավը կամ վարկարժեքը (ոչ նյութական ակտիվը), համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն:

2. Սույն հոդվածի իմաստով տնտեսվարող սուբյեկտի համբավի կամ վարկարժեքի վնասումը կարող է հիմնականում լինել սույն օրենքի 12 հոդվածի 2-րդ մասում թվարկված օբյեկտների հետ կապված համբավի կամ վարկարժեքի թուլացման արդյունք:

Համբավի կամ վարկարժեքի թուլացում է համարվում սույն օրենքի 12 հոդվածի 2-րդ մասում թվարկված տարբերակիչ բնութագրերի կամ գովազդային նշանակությունների (իմաստի) նվազեցումը, մասնավորապես որոշակի ապրանքների համար գրանցված կամ ճանաչում ձեռք բերած ապրանքային նշանին նման կամ նույնական նշան կիրառելով` միանգամայն տարբեր այլ ապրանքների համար:

(15-րդ հոդվածը փոփ. 22.02.07 ՀՕ-107-Ն)

 

Հոդված 16. ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

 

1. Սույն հոդվածի իմաստով չբացահայտված են համարվում տեխնիկական, կազմակերպչական կամ առևտրային տեղեկատվությունները, այդ թվում` արտադրության գաղտնիքները (նոու-հաու), եթե դրանք`

ա) որպես ամբողջություն կամ իր մասերի ճշգրիտ փոխդասավորվածությամբ և համախմբությամբ ընդհանրապես հայտնի կամ դյուրամատչելի չեն տվյալ կարգի տեղեկատվության հետ սովորաբար առնչվող անձանց համար.

բ) երրորդ անձանց անհայտ լինելու ուժով ունեն իրական կամ հնարավոր որոշակի առևտրային արժեք, բայց բացակայում են օրինական հիմքերով դրանց ազատորեն ստանալու հնարավորությունները.

գ) օրինականորեն տնօրինող ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից ձեռնարկվել են տեղեկատվությունն առկա հանգամանքներում գաղտնի պահելու ողջամիտ քայլեր, որոնք կարող են արտահայտված լինել համապատասխան պայմանագրի կնքման և (կամ) դրա պայմանների ապահովման, նախազգուշական այլ միջոցների ձեռնարկման տեսքով` պահպանելով այն նույնականացման տեղեկակիրներում` փաստաթղթերի, համակարգչային ֆայլերի, տեսագրման և ձայնագրման ժապավենների, տվյալ տեղեկատվությունը մարմնավորող իրի տեսքով և այլն:

Չբացահայտված տեղեկատվության առարկա կարող են լինել արտադրության եղանակները, քիմիական բանաձևերը, գծագրերը, փորձնական նմուշները, ապրանքի վաճառքի և բաշխման եղանակները, պայմանագրի ձևերը, գործարար ծրագրերը, պայմանագրային գների մանրամասնությունները, սպառողների մասնագիտական գործունեության ոլորտները (պրոֆիլները), գովազդման ռազմավարությունը, մատակարարների կամ հաճախորդների ցուցակները, համակարգչային ծրագրային ապահովումները, տվյալների հիմնապաշարները (բազաները) և այլն:

Չբացահայտված տեղեկատվություն չեն համարվում վարչական բնույթի դիտարկումների միջոցով հավաքված հաշվետվություններում ընդգրկված նյութերը և տեղեկությունները:

2. Ձեռնարկատիրական գործունեության ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը հանգեցնում է չբացահայտված տեղեկատվության ձեռքբերմանը, օգտագործմանը կամ բացահայտմանը` առանց դրա օրինաչափ տիրապետողի համաձայնության կամ գործարար շրջանառության սովորույթներին հակասող ձևերով, համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն:

3. Սույն օրենքի 11 հոդվածի 3-րդ մասում նշված իրավունքները ծագում են անկախ չբացահայտված տեղեկատվության նկատմամբ որևէ ձևականություն կատարելուց (գրանցելուց, վկայական ստանալուց և այլն) և գործում են այնքան ժամանակ, քանի դեռ պահպանվում են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պայմանները:

4. Սույն հոդվածի իմաստով չբացահայտված տեղեկատվության ձեռքբերման, օգտագործման կամ բացահայտման գործարար շրջանառության սովորույթներին հակասող եղանակներից են`

ա) արդյունաբերական, առևտրային լրտեսությունը կամ դրան հարկադրումը.

բ) չբացահայտված տեղեկատվությանն առնչվող պայմանագրի խախտումը, լուծումը կամ դրան հարկադրումը.

գ) խորհրդապահության խախտումը կամ դրան հարկադրումը.

դ) չբացահայտված տեղեկատվության ձեռքբերումը երրորդ անձի կողմից, որը գիտեր կամ կարող էր իմանալ, որ դա ենթադրում է վերոհիշյալ կետերում նշված գործողությունների կատարում:

5. Չբացահայտված տեղեկատվության օգտագործում է համարվում դրա կիրառումը ձեռնարկատիրական գործունեության ընթացքում, ինչպես նաև դրա կիրառմամբ ստացված կամ մշակված (վերամշակված) ապրանքը տնտեսական շրջանառության մեջ մտցնելը:

6. Չբացահայտված տեղեկատվության բացահայտում է համարվում ինչպես դրա հրապարակումը, այնպես էլ փոխանցումը մեկ այլ անձի, որը, գաղտնի պահելով այն, կարող է նյութական կամ այլ օգուտ ստանալ:

7. Ձեռնարկատիրական գործունեության ցանկացած գործողություն կամ վարքագիծ համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն, եթե այն հանդիսանում է կամ դրան հետևում է`

ա) նոր քիմիական խառնուրդի, բաղադրության կամ միացության օգտագործմամբ դեղագործական կամ գյուղատնտեսական քիմիական ապրանքների հավանություն ստանալու նպատակներով իրավասու մարմին ներկայացված և զգալի ջանքերի արդյունք հանդիսացող փորձարկման կամ այլ չբացահայտված տվյալների անբարեխիղճ առևտրային օգտագործում.

բ) սույն մասի «ա» կետում նշված տվյալների բացահայտում, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է հասարակության շահերի պաշտպանության համար, կամ եթե արդեն ստեղծված են անբարեխիղճ առևտրային օգտագործումից տվյալների պաշտպանության երաշխիքներ:

Սույն մասի իմաստով տվյալների անբարեխիղճ առևտրային օգտագործում է համարվում դրանց վաճառքն այլ անձանց, օգտագործումը նույն կամ նման ապրանքներ արտադրելու համար և այլն:

8. Եթե չբացահայտված տեղեկատվությունն ապօրինի օգտագործող անձն այն ստացել է դա տարածելու (հրապարակելու) իրավունքը չունեցող անձից, որի մասին ինքը չգիտեր և պարտավոր չէր իմանալ (բարեխիղճ ձեռք բերող), ապա չբացահայտված տեղեկատվության օրինական տիրապետողն իրավունք ունի բարեխիղճ ձեռք բերողից պահանջել չբացահայտված տեղեկատվության օգտագործմամբ իրեն պատճառված վնասի հատուցում` սկսած այն պահից, երբ բարեխիղճ ձեռք բերողն իմացել է, որ դրա օգտագործումն ապօրինի է:

9. Հաշվի առնելով չբացահայտված տեղեկատվության օգտագործման հետ կապված բարեխիղճ ձեռք բերողի կատարած ծախսերը` դատարանը կարող է թույլատրել դրա հետագա օգտագործումը մինչև կատարված ծախսերի փոխհատուցումը:

10. Չբացահայտված տեղեկատվության բովանդակություն ունեցող տեղեկություններն ինքնուրույն և օրինաչափ ստացած անձն իրավունք ունի դրանք օգտագործել` անկախ համապատասխան չբացահայտված տեղեկատվության տիրապետողի իրավունքներից և վերջինիս հանդեպ դրա օգտագործման համար պատասխանատվություն չի կրում:

11. Չբացահայտված տեղեկատվությունն օրինականորեն տնօրինող անձը կարող է դրա բովանդակությունը կազմող տեղեկություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն տրամադրել այլ անձի` համապատասխան պայմանագրի հիման վրա:

12. Համապատասխան պայմանագրի հիման վրա չբացահայտված տեղեկատվությունը տնօրինող անձը պարտավոր է պատշաճ միջոցներ ձեռնարկել դրա գաղտնիության պահպանման համար և չբացահայտված տեղեկատվության օրինաչափ տիրապետողի հետ հավասար որպես այդպիսին ունի երրորդ անձանց ապօրինի օգտագործումից այն պաշտպանելու իրավունք: Եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ, ապա չբացահայտված տեղեկատվությունը տնօրինող անձը դրա գաղտնիությունը պահպանելու պարտականությունը կրում է նաև լիցենզային պայմանագիրը դադարեցնելուց հետո, եթե այդ տեղեկությունը շարունակում է պահպանել իր չբացահայտված բնույթը:

(16-րդ հոդվածը խմբ. 28.06.02 ՀՕ-398-Ն, 26.05.04 ՀՕ-86-Ն, փոփ. 22.02.07 ՀՕ-107-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  51

 

Պետական օժանդակությունը եվ իրավական ակտերի ու ստորագրված պայմանագրերի փորձաքննությունը

(Վերնագիրը խմբ. 30.09.08 ՀՕ-168-Ն)


Հոդված 161. Պետական օժանդակությունը, դրա արգելումը

 

1. Սույն օրենքի իմաստով պետական օժանդակություն է համարվում կառավարության, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, պետական կամ պետական մասնակցությամբ կազմակերպության կողմից կոնկրետ տնտեսվարող սուբյեկտի կամ տնտեսվարող սուբյեկտների որոշակի խմբի տրամադրվող ցանկացած օժանդակությունը (ներառյալ` ֆինանսական միջոցներ, այդ թվում` օգնություն, վարկ, փոխառություն, գույք, արտոնություններ կամ այլ պայմաններ):

2. Պետական օժանդակությունը, որն ուղղակի կամ անուղղակի կերպով հանգեցնում կամ կարող է հանգեցնել որևէ ապրանքային շուկայում մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը կամ վնասում կամ կարող է վնասել սպառողների շահերը, արգելվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված օժանդակությունը նախատեսված է օրենքով:

3. Սույն հոդվածը չի տարածվում պետական այն օժանդակությունների վրա, որոնք ուղղված են շրջակա միջավայրի պաշտպանությանը, սոցիալական բնույթի խնդիրների լուծմանը, բնական աղետների կամ այլ բացառիկ դեպքերի հետևանքով առաջացած վնասների փոխհատուցմանը, օրենքով կամ միջազգային պայմանագրով նախատեսված պարտականությունների կատարմանը:

4. Պետական օժանդակության տրամադրումը նախաձեռնող մարմինը (կազմակերպությանը) կամ դրա ստացման համար դիմող տնտեսվարող սուբյեկտը, համապատասխանաբար մինչև պետական օժանդակություն տրամադրելը կամ դրա ստացման համար դիմելը, եզրակացություն ստանալու համար իրավասու են դիմելու Հանձնաժողով:

5. Արգելված պետական օժանդակություն ստացած տնտեսվարող սուբյեկտը պարտավոր է հետ վերադարձնել այն` Հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետում:

(161 հոդվածը լրաց. 22.02.07 ՀՕ-107-Ն)

 

Հոդված 162. Իրավական ակտերի ու ստորագրված պայմանագրերի փորձաքննությունը

 

Հանձնաժողովն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված իրավական ակտերի և ստորագրված պայմանագրերի փորձաքննություն` տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրությանը դրանց համապատասխանության վերաբերյալ: Փորձաքննությունը կատարվում է Հանձնաժողովի կողմից` իր նախաձեռնությամբ կամ յուրաքանչյուր ֆիզիկական ու իրավաբանական անձի կամ իրավական ակտն ընդունող կամ պայմանագիր ստորագրող մարմնի դիմումի համաձայն: Նման մարմինները կարող են փորձաքննություն իրականացնելու խնդրանքով դիմել Հանձնաժողովին մինչև իրավական ակտն ընդունելը կամ պայմանագիրն ստորագրելը` համապատասխան դրական եզրակացություն ստանալու նպատակով:

Հանձնաժողովն իրավական ակտի կամ պայմանագրի վերաբերյալ փորձաքննության արդյունքների մասին եզրակացությունը ներկայացնում է դիմումի ստացման օրվանից հետո` տասն օրվա ընթացքում:

(162 կետը լրաց. 30.09.08 ՀՕ-168-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ

 

Հոդված 17. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ

 

1. Տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության իրականացման նպատակով ստեղծվում է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական մարմին` Հանձնաժողով:

2. Հանձնաժողովն ստեղծվում է սույն օրենքով սահմանված կարգով, գործում է սույն օրենքի, այլ իրավական ակտերի և իր կանոնադրության հիման վրա և ինքնուրույն է իր իրավասության շրջանակներում:

(17-րդ հոդվածը փոփ. 22.02.07 ՀՕ-107-Ն)

 

Հոդված 18. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ և ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

1. Հանձնաժողովի խնդիրներն են`

ա) ձեռնարկատիրության զարգացման և սպառողների շահերի պաշտպանության նպատակով տնտեսական մրցակցության պաշտպանումն ու խրախուսումը.

բ) բարեխիղճ և ազատ մրցակցության համար անհրաժեշտ միջավայրի ապահովումը.

գ) հակամրցակցային գործունեության կանխարգելումը, սահմանափակումը և նախազգուշացումը.

դ) տնտեսական մրցակցության պաշտպանության նկատմամբ վերահսկողությունը:

2. Իր խնդիրներն իրականացնելու համար Հանձնաժողովը կատարում է հետևյալ հիմնական գործառույթները`

- վերահսկողություն է իրականացնում տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության պահպանման նկատմամբ.

- քննարկում է տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության խախտման դեպքերը և ընդունում է որոշումներ.

- վարում է գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված ռեեստրը (գրանցամատյանը).

- դիմում է դատարան` տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության խախտման դեպքերի կապակցությամբ.

- մասնակցում է տնտեսական մրցակցության զարգացումը և այդ բնագավառում պետական քաղաքականությունը կարգավորող իրավական ակտերի մշակմանը և դրանց սահմանված կարգով ներկայացմանը.

- մասնակցում է իր իրավասությանը վերաբերող հարցերի շուրջ միջպետական համաձայնագրերի կնքմանը.

- համագործակցում է օտարերկրյա պետությունների պետական մարմինների և ոչ կառավարական կազմակերպությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ.

- մշակում և իրականացնում է տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության խախտումները կանխող միջոցառումներ.

- ամփոփում է տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության կիրառման փորձը և առաջարկություններ է մշակում դրա կատարելագործման ուղղությամբ.

- ապահովում է իր գործունեության հրապարակայնությունը, հրատարակում է տեղեկագիր.

- կատարում է հրապարակային բացատրական աշխատանք` սույն օրենքի դրույթներով սահմանված պատասխանատվության մասին հասարակությանն իրազեկ դարձնելու նպատակով.

- իրականացնում է իր իրավասությանը վերապահված այլ գործողություններ:

(18-րդ հոդվածը լրաց., փոփ. 22.02.07 ՀՕ-107-Ն)

 

Հոդված 19. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Հանձնաժողովն իրավունք ունի՝

ա) ընդունելու որոշումներ՝

- սույն օրենքի հնարավոր կամ փաստացի խախտումների,

- ապրանքային շուկաների ուսումնասիրության,

- վարչական վարույթ հարուցելու կամ իրականացնելու կապակցությամբ հետազոտություն, ստուգում, ուսումնասիրություն և (կամ) դիտանցում իրականացնելու,

- ապրանքային շուկաների սահմանների, այդ շուկայում տնտեսվարող սուբյեկտների գերիշխող դիրքի առկայության, ինչպես նաև դրանով պայմանավորված միջոցառումների իրականացման,

- գերիշխող դիրքը մեկ տարվա ընթացքում երկու կամ ավելի անգամ չարաշահող տնտեսվարող սուբյեկտների ապախոշորացման (բաժանման, առանձնացման, փայաբաժնի կամ միջոցների օտարման),

- տնտեսվարող սուբյեկտների կողմից սույն օրենքի խախտումների դադարեցման կամ դրանց հետևանքների վերացման, սկզբնական վիճակի վերականգնման, սույն օրենքին հակասող պայմանագրերի փոփոխման կամ լուծման, այլ տնտեսվարող սուբյեկտների հետ պայմանագրերի կնքման,

- պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից ընդունված ակտերի՝ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրությանը հակասելու, կնքվող համաձայնությունների, պետական օժանդակությունների, ինչպես նաև համակենտրոնացումների մասին եզրակացություններ տալու,

- համակենտրոնացումը կամ պետական օժանդակությունը կասեցնելու, լուծարելու (լուծելու, դադարեցնելու), ուժը կորցրած ճանաչելու,

- տնտեսվարող սուբյեկտներին և նրանց պաշտոնատար անձանց, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց սույն օրենքի խախտման համար պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.

բ) իրականացնելու վերահսկողություն` Հանձնաժողովի որոշման կատարման (պահպանման) նկատմամբ.

գ) տնտեսվարող սուբյեկտի կողմից ներկայացված տեղեկատվության արժանահավատության, տնտեսվարող սուբյեկտի փաստացի գործունեության բացահայտման կամ Հանձնաժողովի որոշման կատարման նկատմամբ վերահսկողության նպատակով օրենքով սահմանված կարգով իրականացնելու հետազոտություն, ստուգում, ուսումնասիրություն և (կամ) դիտանցում.

դ) դիմելու դատարան սույն օրենքի խախտումների վերաբերյալ, այդ թվում՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ընդունած ակտերը, տնտեսվարող սուբյեկտների` օրենքի խախտմամբ կնքված պայմանագրերը լրիվ կամ մասնակի անվավեր ճանաչելու, ինչպես նաև այդ պայմանագրերի փոփոխման կամ լուծման պահանջով.

ե) դիմելու Հայաստանի Հանրապետության կառավարությանը` պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց` սույն օրենքին հակասող գործողությունները դադարեցնելու միջնորդությամբ.

զ) նշանակելու տուգանքներ, կիրառելու օրենքով նախատեսված պատասխանատվության այլ միջոցներ.

է) ընդունելու հակամրցակցային համաձայնությունների, գերիշխող դիրքի, համակենտրոնացումների, անբարեխիղճ մրցակցության, պետական օժանդակության, ինչպես նաև ապրանքային շուկայի որոշման հետ կապված համապատասխան կարգեր.

ը) տալու պարզաբանումներ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության կիրառման հետ կապված հարցերի վերաբերյալ.

թ) կատարելու օրենսդրությամբ նախատեսված այլ իրավասություններ:

11. Սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված` ապախոշորացման վերաբերյալ Հանձնաժողովի որոշումը ենթակա է կատարման տնտեսվարող սուբյեկտների կողմից ոչ ուշ, քան 6 ամսվա ընթացքում:

12. Եթե որևէ տնտեսվարող սուբյեկտ սահմանված ժամկետում չի ներկայացնում քննարկման, վարույթի, հետազոտության, ստուգման, ուսումնասիրության և (կամ) դիտանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն կամ այլ կերպ խոչընդոտում է դրանց ընթացքը կամ բացակայում են դրանց համար անհրաժեշտ փաստաթղթերն ու այլ տեղեկատվությունը, ապա Հանձնաժողովն իրավասու է որոշումներ կայացնելու իր տրամադրության տակ առկա փաստաթղթերի և այլ տեղեկատվության հիման վրա: Սույն մասով նախատեսված որոշումների ընդունումը տնտեսվարող սուբյեկտներին չի ազատում փաստաթղթեր և այլ տեղեկատվություն ներկայացնելու պարտականությունից կամ դրանք չներկայացնելու համար պատասխանատվությունից:

2. Սույն օրենքով սահմանված խնդիրներն ու գործառույթներն իրականացնելիս Հանձնաժողովն անկախ է պետական այլ մարմիններից:

(19-րդ հոդվածը խմբ. 28.06.02 ՀՕ-398-Ն փոփ., լրաց. 04.05.05 ՀՕ-91-Ն, խմբ. 22.02.07 ՀՕ-107-Ն)

 

Հոդված 20. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ և ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

1. Հանձնաժողովը կազմված է յոթ անդամից` նախագահ, տեղակալ և հինգ անդամ:

2. Հանձնաժողովի անդամներին նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահը: Հանձնաժողովի անդամները, բացառությամբ առաջին կազմի, նշանակվում են հինգ տարի ժամկետով:

3. Հանձնաժողովի առաջին կազմի անդամների լիազորությունները սահմանվում են`

մեկ անդամը` մեկ տարի,

մեկ անդամը` երկու տարի,

երեք անդամը` երեք տարի,

Հանձնաժողովի նախագահի տեղակալը` չորս տարի,

Հանձնաժողովի նախագահը` հինգ տարի ժամկետով:

4. Հանձնաժողովի անդամները չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, լինել ներկայացուցչական որևէ մարմնի անդամ, զբաղեցնել պետական այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացառությամբ գիտական, ստեղծագործական կամ մանկավարժական գործունեության:

5. Հանձնաժողովի անդամները և ծառայողներն իրավունք չունեն ուղղակիորեն կամ անուղղակիորեն նվերներ կամ նյութական այլ օգուտներ ստանալ ապրանքային շուկայի մասնակիցներից:

6. Հանձնաժողովի անդամ չեն կարող նշանակվել անձինք, որոնք`

ա) չունեն բարձրագույն կրթություն.

բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն.

գ) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել են անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

դ) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել են դիտավորությամբ կատարած հանցագործությունների համար.

ե) օրենքով սահմանված կարգով զրկվել են որոշակի պաշտոն վարելու իրավունքից:

 

Հոդված 21. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

1. Հանձնաժողովի անդամի լիազորությունները կարող է վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հանձնաժողովի անդամի դիմումի հիման վրա, սույն օրենքի 20 հոդվածի 6-րդ մասի «գ», «դ» և «ե» կետերում նշված, ինչպես նաև նրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարման, այլ աշխատանքի անցնելու դեպքերում, կամ եթե նա թերացել է իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս, հիվանդության կամ այլ պատճառով 6 ամսից ավելի չի կատարել իր պաշտոնեական պարտականությունները:

2. Հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում Հայաստանի Հանրապետության Նախագահը տասն օրվա ընթացքում նշանակում է նոր անդամ` հինգ տարի ժամկետով:

3. Հանձնաժողովի անդամի լիազորությունների ժամկետը լրանալուց հետո նա կարող է կրկին նշանակվել որպես Հանձնաժողովի անդամ:

(21-րդ հոդվածը փոփ. 22.02.07 ՀՕ-107-Ն)

 

Հոդված 22. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է աշխատակազմի միջոցով, որի կանոնադրությունը հաստատում է Հանձնաժողովը:

(22-րդ հոդվածը խմբ. 22.02.07 ՀՕ-107-Ն)

 

Հոդված 23. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

1. Հանձնաժողովի նախագահը`

ա) իր իրավասության շրջանակներում ներկայացնում է Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում.

բ) ղեկավարում և համակարգում է Հանձնաժողովի բնականոն գործունեությունը, կատարում է աշխատանքային պարտականությունների բաշխում Հանձնաժողովի անդամների միջև.

գ) խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել կառավարության նիստերին և քննարկվող հարցերի վերաբերյալ հայտնել գրավոր կարծիք, որը ներառվում է նիստի արձանագրության մեջ.

դ) հրավիրում և նախագահում է Հանձնաժողովի նիստերը, հաստատում նիստի օրակարգը.

ե) կազմակերպում է Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների կատարումը.

զ) ստորագրում է Հանձնաժողովի որոշումները և նիստերի արձանագրությունները.

է) հաստատում է Հանձնաժողովի աշխատակազմի հաստիքացուցակը, Հանձնաժողովի անդամների և իր կողմից նշանակվող աշխատակիցների համար հանդես է գալիս որպես գործատուի ներկայացուցիչ, իր իրավասությունների սահմաններում աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում Հանձնաժողովի աշխատակազմի աշխատակիցներին, դատարանում հանդես է գալիս Հանձնաժողովի անունից, տալիս է Հանձնաժողովի անունից հանդես գալու լիազորագրեր, իրականացնում է սույն օրենքով, այլ իրավական ակտերով և Հանձնաժողովի կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

2. Հանձնաժողովի նախագահի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում նրան փոխարինում է Հանձնաժողովի նախագահի տեղակալը, իսկ վերջինիս բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում` Հանձնաժողովի անդամներից տարիքով առավել ավագը:

(23-րդ հոդվածը խմբ., լրաց. 22.02.07 ՀՕ-107-Ն)

 

Հոդված 24. ՇԱՀԵՐԻ ԲԱԽՈՒՄԸ

 

1. Հանձնաժողովի նիստում քննարկվող որևէ հարցի վերաբերյալ անձնական շահագրգռվածություն ունեցող Հանձնաժողովի անդամը պարտավոր է քննարկումից առաջ տեղեկացնել մյուս անդամներին իր շահագրգռվածության փաստի և բնույթի մասին, ինչը պետք է արձանագրվի նիստի արձանագրության մեջ: Այդ տեղեկացումից հետո նշված անդամը`

ա) պարտավոր է հրաժարվել տվյալ հարցի վերաբերյալ նիստին մասնակցելուց.

բ) չպետք է հաշվառվի այդ նիստի իրավազորության ապահովման նպատակով:

2. Անձը, որի հարցը քննվում է, կարող է բացարկ հայտնել Հանձնաժողովի անդամին, եթե վերջինս քննարկվող հարցի վերաբերյալ ունի անձնական շահագրգռվածություն:

 

Հոդված 25. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄԸ

 

Հանձնաժողովի անդամներն իրենց եկամուտների հայտարարագրերը ներկայացնում են օրենքով սահմանված կարգով:

(25-րդ հոդվածը խմբ. 04.05.05 ՀՕ-91-Ն)

 

Հոդված 26. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Հանձնաժողովի կանոնադրությունը սահմանում է Հանձնաժողովի գործունեության կարգը:

2. Հանձնաժողովի կանոնադրությունը հաստատում է Հանձնաժողովը:

(26-րդ հոդվածը խմբ. 22.02.07 ՀՕ-107-Ն)

 

Հոդված 27. ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ և ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Հանձնաժողովը`

1. Յուրաքանչյուր տարի` մինչև հոկտեմբերի 1-ը, Ազգային ժողովում հրապարակում է հաջորդ տարվա իր գործունեության տարեկան ծրագիրը, որն ամփոփ տեղեկություններ է պարունակում`

1) տնտեսական մրցակցության իրավիճակի վերլուծության և առկա հիմնախնդիրների բացահայտման,

2) տնտեսական մրցակցության պաշտպանության միջոցառումների և դրանց իրականացման ժամանակացույցի,

3) տնտեսական մրցակցության կարգավորման մեխանիզմների,

4) սույն օրենքով սահմանված խնդիրների և գործառույթների իրականացման համար Հանձնաժողովի կողմից սահմանված անհրաժեշտ այլ դրույթների մասին:

2. Յուրաքանչյուր տարի` մինչև մայիսի 1-ը, հրապարակում է նախորդ տարվա իր գործունեության հաշվետվությունը, որը ներառում է`

1) համառոտ տեղեկատվություն Հանձնաժողովի գործունեության մասին.

2) ապրանքային շուկաների վերլուծությունը.

3) տնտեսական մրցակցության կարգավորման և վերահսկման ուղղությամբ իրականացված միջոցառումները.

4) իր գործունեության ֆինանսական հաշվետվությունը:

(27-րդ հոդվածը խմբ. 23.10.02 ՀՕ-436-Ն)

 

Հոդված 28. ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ և ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

 

1. Սույն օրենքով նախատեսված գործառույթները կատարելու համար, Հանձնաժողովի պահանջով, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաև նրանց պաշտոնատար անձինք պարտավոր են ներկայացնել փաստաթղթեր և այլ տեղեկատվություն:

2. Վարույթ, հետազոտություն, ստուգում, ուսումնասիրություն (այդ թվում` ապրանքային շուկայի ուսումնասիրության) և (կամ) դիտանցում իրականացնելու կամ տնտեսվարող սուբյեկտներին առնչվող այլ հարցի կապակցությամբ Հանձնաժողովի ընդունած որոշման հիման վրա տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են Հանձնաժողով ներկայացնել որոշմամբ սահմանված փաստաթղթեր և այլ տեղեկատվություն:

3. Գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված գրանցամատյանում (ռեեստրում) գրանցված տնտեսվարող սուբյեկտները Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով պարտավոր են վեցամսյա պարբերականությամբ Հանձնաժողով ներկայացնել տեղեկատվություն` տվյալ ապրանքային շուկայում իրենց կողմից իրացված (ձեռք բերված) ապրանքների ծավալի, ծախքերի կառուցվածքի և գների շարժի (գնային փոփոխությունների դեպքում` համապատասխան հիմնավորումներով) վերաբերյալ` ընթացիկ տարվա հուլիսի 1-ի և հաջորդ տարվա հունվարի 1-ի դրությամբ` համապատասխանաբար մինչև ընթացիկ տարվա օգոստոսի 15-ը և հաջորդ տարվա փետրվարի 15-ը:

(28-րդ հոդվածը խմբ. 25.12.03 ՀՕ-29-Ն, լրաց. 04.05.05 ՀՕ-91-Ն, խմբ. 22.02.07 ՀՕ-107-Ն)

 

Հոդված 29. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՏԱՐԵԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ

 

1. Հանձնաժողովի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Հանձնաժողովի նախագահը «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա սահմանված ժամկետում Հանձնաժողովի ծախսերի նախահաշիվը (բյուջետային հայտը) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն` պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար:

Բյուջետային հայտը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունվելու դեպքում անփոփոխ, իսկ առարկության դեպքում` փոփոխված, ընդգրկվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում, որի հետ միասին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացվում նաև հայտը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում նաև բյուջետային հայտի փոփոխությունների վերաբերյալ իր հիմնավորումը:

2. Հանձնաժողովի ծախսերի նախահաշիվը պետք է ապահովի սույն օրենքով սահմանված խնդիրների և գործառույթների պատշաճ իրականացման հնարավորությունը, այդ թվում` միջազգային կազմակերպություններում ներկայացուցչության ապահովումը, ինչպես նաև Հանձնաժողովի անդամներին աշխատավարձի վճարումը:

(29-րդ հոդվածը խմբ. 22.02.07 ՀՕ-107-Ն)

 

Հոդված 30. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով:

2. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում են անդամներից առնվազն հինգը:

3. Հանձնաժողովը հարցերը քննում է դռնբաց նիստում, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կարող է վնաս հասցնել շահագրգիռ անձանց շահերին:

4. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են: Արձանագրության մեջ նշվում են համառոտ տեղեկություններ նիստի անցկացման վայրի, ժամանակի, մասնակիցների, օրակարգի, ելույթների և քվեարկության արդյունքների վերաբերյալ:

5. Նիստերը գումարվում են որոշակի պարբերականությամբ կամ ըստ անհրաժեշտության՝ Հանձնաժողովի անդամներից որևէ մեկի պահանջով:

6. Քննարկման արդյունքում Հանձնաժողովի կողմից կայացվում է որոշում:

Ընթացակարգային հարցերի քննարկման կամ ըստ էության որոշում չկայացվելու (այդ թվում` դռնփակ նիստ գումարելու, հարցը քննարկումից հանելու, քննարկումը հետաձգելու, օրակարգում լրացուցիչ հարց ընդգրկելու, աշխատակազմին հանձնարարություն տալու և այլն) դեպքում Հանձնաժողովի կողմից քվեարկությամբ կայացվում է բանավոր (արձանագրային) որոշում, ինչի մասին նշվում է արձանագրության մեջ:

Հանձնաժողովի նիստերում որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասար բաշխման դեպքում Հանձնաժողովի նախագահի կամ նրան փոխարինող անձի ձայնը որոշիչ է:

Քվեարկությունից ձեռնպահ մնալը կամ ձայնի փոխանցումը մեկ այլ անդամի չի թույլատրվում:

Նիստերին մասնակցելու շահագրգիռ անձանց իրավունքը երաշխավորվում է: Հանձնաժողովը քննարկումից առնվազն 5 օր առաջ ծանուցում է շահագրգիռ անձանց քննարկման վայրի, օրվա և ժամի մասին` նշելով քննարկման ենթակա հարցի բնույթն ու համառոտ նկարագրությունը: Ծանուցված շահագրգիռ անձանց չներկայանալը չի խոչընդոտում քննարկման անցկացմանը և որոշումների ընդունմանը: Շահագրգիռ անձինք իրավունք ունեն ներկայացնելու ապացույցներ, տալու բացատրություններ և բերելու փաստարկներ, առարկելու նախատեսվող պատասխանատվության միջոցների կիրառման դեմ, ինչպես նաև ներկայացնելու միջնորդություններ:

7. Վարչական ակտի ընդունումից հետո հասցեատիրոջն է հանձնվում դրա պատճենը` 5 օրվա ընթացքում:

8. Հանձնաժողովի կողմից ընդունված վարչական ակտն ուժի մեջ է մտնում դրա պատճենը հասցեատիրոջը հանձնելուն հաջորդող օրվանից, եթե այդ ակտով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ: Վարչական ակտի` մեկից ավելի հասցեատերերի առկայության դեպքում վարչական ակտը նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ ուժի մեջ է մտնում իր մասով` տվյալ վարչական ակտի պատճենը համապատասխան հասցեատիրոջը հանձնելուն հաջորդող օրվանից, եթե այդ ակտով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ:

Հանձնաժողովի կողմից ընդունված մյուս անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում ընդունման պահից, եթե դրանցով այլ ժամկետ սահմանված չէ:

9. Հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով` ուժի մեջ մտնելու պահից 10-օրյա ժամկետում: Հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով` վարչական բողոքի քննարկման արդյունքներին համաձայն չլինելու դեպքում` բողոքի վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում, իսկ վարչական բողոք չբերելու դեպքում` Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում:

10. Հանձնաժողովի կողմից վարչական վարույթի իրականացման առավելագույն ժամկետը 90 օր է:

(30-րդ հոդվածը խմբ., լրաց. 04.05.05 ՀՕ-91-Ն, խմբ. 22.02.07 ՀՕ-107-Ն, լրաց. 30.09.08 ՀՕ-168-Ն)

 

Հոդված 31. Հանձնաժողովի կողմից պատասխանատվության միջոցների կիրառման կարգը

 

Սույն օրենքի խախտման դեպքում, նախնական ծանուցմամբ, Հանձնաժողովն իրավասու է իր որոշմամբ կիրառելու օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ, այդ թվում՝ տալու նախազգուշացում և խախտումները շտկելու և (կամ) հետագայում բացառելու հանձնարարություն և (կամ) նշանակելու օրենքով նախատեսված չափերով տուգանք և (կամ) որոշակի ժամկետով կասեցնելու համակենտրոնացումը և (կամ) ուժը կորցրած ճանաչելու այն:

(31-րդ հոդվածը խմբ. 22.02.07 ՀՕ-107-Ն)

 

Հոդված 32. ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

(32-րդ հոդվածն ուժը կորցրել է 22.02.07 ՀՕ-107-Ն)

 

Հոդված 33. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՌևՏՐԱՅԻՆ, բանկային կամ ծառայողական ԳԱՂՏՆԻՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

 

1. Առևտրային, բանկային կամ ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները, որոնք ստացված են սույն օրենքով տրված լիազորությունների կատարման ժամանակ, Հանձնաժողովի կողմից պահպանվում են օրենքով սահմանված կարգով:

2. Հանձնաժողովի անդամները և աշխատակիցներն իրավունք չունեն հրապարակել կամ այլ կերպ տարածել, ինչպես նաև անձնական շահադիտական նպատակով օգտագործել իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս ստացած գաղտնի տեղեկությունները և ծառայողական տեղեկատվությունը:

3. Առևտրային, բանկային կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակման դեպքում տնտեսվարող սուբյեկտին հասցված վնասը ենթակա է փոխհատուցման հանրապետական բյուջեի միջոցների հաշվին` օրենսդրությամբ սահմանված կարգով:

(Վերնագիրը լրաց. 22.02.07 ՀՕ-107-Ն)

(33-րդ հոդվածը լրաց. 22.02.07 ՀՕ-107-Ն)

 

Հոդված 34. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

Հանձնաժողովն իրավասու է իր կողմից անցկացվող հետազոտությունների հիման վրա որոշում ընդունել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, տնտեսվարող սուբյեկտների և սպառողների դիմումների, տեղեկատվության, զանգվածային լրատվական միջոցների հաղորդումների և իր տրամադրության տակ գտնվող այլ փաստաթղթերի հիման վրա, որոնք վկայում են սույն օրենքի խախտման մասին:

 

Հոդված 35. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Հանձնաժողովի որոշումը տնտեսվարող սուբյեկտների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և նրանց պաշտոնատար անձանց կողմից ենթակա է կատարման` որոշման մեջ նշված ժամկետում:

2. Հանձնաժողովն իր որոշման չկատարման դեպքում իրավասու է հայցով դիմել դատարան:

 3. Հանձնաժողովի որոշման բողոքարկումը չի կասեցնում դրա գործողությունը (կատարումը):

(35-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 22.02.07 ՀՕ-107-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 36. ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Սույն օրենքը խախտելու համար տնտեսվարող սուբյեկտները, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները և նրանց պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն՝ սույն օրենքով և օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Հակամրցակցային համաձայնություն կնքելը (կայացնելը, այդ համաձայնությանը մասնակցելն) առաջացնում է տուգանքի նշանակում` հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսվարող սուբյեկտի` այդ համաձայնությունը կնքելու (կայացնելու, դրան մասնակցելու) նախորդ տարվա հասույթի երկու տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան երեք հարյուր միլիոն դրամ: Նախորդ տարում 12 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում, սույն մասով նախատեսված իրավախախտումն առաջացնում է տուգանքի նշանակում` հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսվարող սուբյեկտի` այդ համաձայնությունը կնքելուն (կայացնելուն, դրան մասնակցելուն) նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հասույթի երկու տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան երեք հարյուր միլիոն դրամ:

3. Գերիշխող դիրքի չարաշահումն առաջացնում է տուգանքի նշանակում` տնտեսվարող սուբյեկտի` իրավախախտման նախորդ տարվա հասույթի երկու տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան երեք հարյուր միլիոն դրամ: Նախորդ տարում 12 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում, սույն մասով նախատեսված իրավախախտումն առաջացնում է տուգանքի նշանակում` տնտեսվարող սուբյեկտի` իրավախախտմանը նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հասույթի երկու տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան երեք հարյուր միլիոն դրամ:

4. Սույն օրենքով նախատեսված դեպքում համակենտրոնացումը չհայտարարագրելը կամ արգելված համակենտրոնացումը գործողության մեջ դնելը (այդ համակենտրոնացմանը մասնակցելը) առաջացնում է տուգանքի նշանակում` համակենտրոնացման մասնակից տնտեսվարող սուբյեկտի` համակենտրոնացմանը մասնակցելու նախորդ տարվա հասույթի չորս տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան հինգ հարյուր միլիոն դրամ: Նախորդ տարում 12 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում սույն մասով նախատեսված իրավախախտումն առաջացնում է տուգանքի նշանակում` համակենտրոնացման մասնակից տնտեսվարող սուբյեկտի` համակենտրոնացմանը մասնակցելուն նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հասույթի չորս տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան հինգ հարյուր միլիոն դրամ:

5. Անբարեխիղճ մրցակցության գործողությունն առաջացնում է տուգանքի նշանակում` հինգ հարյուր հազար դրամի չափով:

Սույն մասով նախատեսված իրավախախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` մեկ միլիոն դրամի չափով:

6. Արգելված պետական օժանդակություն ստանալն առաջացնում է տուգանքի նշանակում` տնտեսվարող սուբյեկտի` իրավախախտման նախորդ տարվա հասույթի երկու տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան երեք հարյուր միլիոն դրամ: Նախորդ տարում 12 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում սույն մասով նախատեսված իրավախախտումն առաջացնում է տուգանքի նշանակում` տնտեսվարող սուբյեկտի` իրավախախտմանը նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հասույթի երկու տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան երեք հարյուր միլիոն դրամ:

7. Հանձնաժողովի որոշմամբ սահմանված փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություն չներկայացնելը կամ ոչ հավաստի կամ կեղծ տեղեկություններ ներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ հինգ հայուր հազար դրամի չափով:

Սույն մասով նախատեսված իրավախախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ երկու միլիոն դրամի չափով:

8. Հանձնաժողովի անդամներին կամ աշխատակիցներին սույն օրենքով, կանոնադրությամբ կամ այլ իրավական ակտերով վերապահված իրավունքների կամ պարտականությունների կատարմանը խոչընդոտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ հինգ հարյուր հազար դրամի չափով:

(36-րդ հոդվածը լրաց., խմբ. 28.06.02 ՀՕ-398-Ն, փոփ. 25.12.03 ՀՕ-29-Ն, խմբ. 04.05.05 ՀՕ-91-Ն, 22.02.07 ՀՕ-107-Ն)

 

Հոդված 37. Հանձնաժողովի որոշումը չկատարելը

 

Տնտեսվարող սուբյեկտների կողմից Հանձնաժողովի որոշումը (բացառությամբ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն ներկայացնելու մասին որոշման) չկատարելը` որոշման մեջ նշված ժամկետում` առաջացնում է տուգանքի նշանակում` մեկ միլիոն դրամի չափով:

(37-րդ հոդվածը խմբ. 04.05.05 ՀՕ-91-Ն, 22.02.07 ՀՕ-107-Ն)

 

Հոդված 38. ՎՆԱՍՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ

 

Եթե սույն օրենքը խախտելու միջոցով տնտեսվարող սուբյեկտի գործողությունների (անգործության) հետևանքով այլ տնտեսվարող սուբյեկտներին կամ անձանց հասցվել են վնասներ, ապա դրանք ենթակա են հատուցման խախտում կատարած տնտեսվարող սուբյեկտի կողմից` օրենսդրությամբ սահմանված կարգով:

Եթե անօրինական որոշումներով, գործողություններով (անգործությամբ) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տնտեսվարող սուբյեկտներին կամ այլ անձանց հասցվել են վնասներ, ապա դրանք ենթակա են փոխհատուցման` օրենսդրությամբ սահմանված կարգով:

(38-րդ հոդվածը խմբ. 04.05.05 ՀՕ-91-Ն, փոփ. 22.02.07 ՀՕ-107-Ն)

 

Հոդված 39. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Հանձնաժողովի պաշտոնատար անձը սույն օրենքի խախտման համար կրում է պատասխանատվություն` օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 40. ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Սույն օրենքի պահանջների խախտման համար պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության վարչական օրենսդրությամբ սահմանված կարգով:

(Վերնագիրը փոփ. 22.02.07 ՀՕ-107-Ն)

(40-րդ հոդվածը փոփ. 22.02.07 ՀՕ-107-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 41. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ

 

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երեսուն օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության Նախագահը նշանակում է Հանձնաժողովի նախագահին, նրա տեղակալին և անդամներին:

 

Հոդված 42. ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան
   

Երևան
5 դեկտեմբերի 2000 թ.
ՀՕ-112