ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/5005/05/22 2023 թ. | ||
Վարչական գործ թիվ ՎԴ/5005/05/22 |
|||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
հ. ԲԵԴևՅԱՆ | |
զեկուցող |
Լ. հակոբյան | |
ա. Թովմասյան ռ. հակոբյան ք․ ՄԿՈՅԱՆ |
2023 թվականի դեկտեմբերի 08-ին
գրավոր ընթացակարգով քննելով Տիգրան Աճեմյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 16․01․2023 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Տիգրան Աճեմյանի ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե)՝ Երևան քաղաքի Նուբարաշեն Ե-2 թաղամաս 5 հասցեով (սեփականության վկայական՝ 29032018-01-0079) ապօրինի գրանցված սեփականության իրավունքի դադարեցման պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը․
Դիմելով դատարան` Տիգրան Աճեմյանը պահանջել է պարտավորեցնել Կոմիտեին կատարել Երևան քաղաքի Նուբարաշեն Ե-2 թաղամաս 5 հասցեով (սեփականության վկայական՝ 29032018-01-0079) ապօրինի գրանցված սեփականության իրավունքի դադարեցման պետական գրանցում։ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ․ Սոսյան) (այսուհետ` Դատարան) 23.08.2022 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է։
Դատարանի 27․09․2022 թվականի որոշմամբ կրկին ներկայացված հայցադիմումը վերադարձվել է։
Դատարանի 31.10.2022 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16․01․2023 թվականի որոշմամբ Տիգրան Աճեմյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 31.10.2022 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տիգրան Աճեմյանը (ներկայացուցիչ՝ Կարո Ասատրյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը․
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ, 27-րդ, 73-րդ, 74-րդ, 78-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել 80-րդ հոդվածի դրույթները, ինչը հանգեցրել է ՀՀ Սահմանադրության 60-րդ և 61-րդ հոդվածների և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտման:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը, հաշվի չառնելով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտած դիրքորոշումները, եկել է սխալ եզրահանգման՝ պարտադիր համարելով հայցվորի համար Դատարանի կողմից մատնանշած ոչ ճիշտ հայցատեսակը պատշաճ հայցատեսակով փոխարինելու հանգամանքը, քանի որ այն ընդամենն առաջարկ է հայցվորին, այսինքն՝ հայցվորի իրավունքն է այդ առաջարկն ընդունելը կամ չընդունելը, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը հայցվորին տալիս է գործի քննության ընթացքում հայցապահանջի հստակեցման և (կամ) փոփոխման հնարավորություն:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 16․01․2023 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ հայցադիմումն ընդունել վարույթ:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ և 13-րդ հոդվածների խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով․
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ճիշտ հայցատեսակ մատնանշելու դատարանի պարտականության պատշաճ կատարմանը ներկայացվող պահանջներին՝ դատական ակտի որոշակիության ու կանխատեսելիության համատեքստում։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե («ex officio»): Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանը մատնանշում է հայցադիմումներում առկա ձևական սխալները, առաջարկում է ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով, տարբերակել հիմնական և ածանցյալ պահանջները, համալրել ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նաև պահանջում է, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները։
ՀՀ վարչական դատարանի ճիշտ հայցատեսակ մատնանշելու պարտականությանը՝ որպես Օրենսգրքի 5-րդ հոդվածով սահմանված գործի հանգամանքներն ի պաշտոնե պարզելու սկզբունքի բաղադրիչ, ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է իր մի շարք որոշումներում։
Այսպես, գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու սկզբունքը («ex officio») հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ընթացքում վարչական դատարանին օժտում է ակտիվ դերակատարությամբ, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետորեն ապահովելու իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ընդունած իրավական ակտերի, գործողությունների ու անգործությունների դեմ ֆիզիկական և իրավաբանական անձանց հանրային սուբյեկտիվ իրավունքների դատական պաշտպանության իրացումը: (․․․) դատարանի ակտիվ դերակատարությունն արտահայտվում է, մասնավորապես, որոշակի դատավարական գործողություններ կատարելիս դատավարության մասնակիցներին օժանդակելու՝ վարչական դատարանի պարտականությամբ: Այսպես, գործնականում հնարավոր են դեպքեր, երբ ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ որպես վարչական դատավարության մասնակիցներ, ակնկալելով վարչական դատավարության կարգով վերականգնել իրենց խախտված իրավունքները՝ ճիշտ չեն ընտրում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված համապատասխան հայցատեսակը կամ ճիշտ չեն ձևակերպում իրենց հայցային պահանջները: Նշված դեպքերում վարչական դատարանի՝ դատավարության մասնակիցներին օժանդակելու պարտականությունը ստանում է գործնական մեծ նշանակություն, քանի որ ոչ հստակ հայցային պահանջները ճշտելու, ոչ ճիշտ հայցատեսակները պատշաճ հայցատեսակներով փոխարինելու վերաբերյալ դատավարության մասնակիցներին առաջարկ անելու վարչական դատարանի պարտականության պատշաճ կատարման պայմաններում ապահովվում է ոչ միայն արդյունավետ դատաքննությունը, այլ նաև՝ անձի խախտված իրավունքների արդյունավետ դատական պաշտպանությունը (տե՛ս, նաև Ալեքսանդր Կարալովն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4315/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը բազմիցս շեշտադրել է, որ որոշակի դատավարական գործողություններ կատարելիս դատավարության մասնակիցներին օժանդակելու վարչական դատարանի՝ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե («ex officio») պարզելու սկզբունքի էությունից բխող պարտականությունը վարչական դատավարությունում կարող է իրականացվել թե՛ գործի հարուցման, թե՛ գործը դատաքննության նախապատրաստելու, թե՛ դատաքննության փուլերի ընթացքում: Այլ կերպ ասած, եթե գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("ex officio") պարզելու սկզբունքի բովանդակությունը կազմող այս կամ այն դատավարական գործողությունը գործի քննության սկզբնական (գործի հարուցման կամ հայցադիմումի ընդունելիության) փուլում կատարելու համար առկա են բավարար իրավական և փաստական հիմքեր, ապա վարչական դատարանը պարտավոր է տվյալ դատավարական պարտականությունը կատարել հենց այդ փուլում՝ ելնելով գործի հետագա քննության արդյունավետությունն ապահովելու նկատառումներից: Ըստ այդմ՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վարչական դատարանի կողմից ոչ ճիշտ հայցատեսակը պատշաճ հայցատեսակով փոխարինելու (պատշաճ հայցատեսակը մատնանշելու) վերաբերյալ հայցվորին առաջարկ անելու պարտականությունը կարող է կատարվել նաև գործի հարուցման փուլում: Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ հայցադիմումի ընդունելիության (գործի հարուցման) փուլում նշված դատավարական գործողությունը պետք է կատարվի հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման շրջանակներում (տե՛ս, Վարուժան Ավետիքյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/3804/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2017 թվականի որոշումը)։
ՀՀ վճռաբեկ դատարանը միաժամանակ՝ որպես ճիշտ հայցատեսակ մատնանշելու պարտականության կատարման ելակետային սկզբունք ամրագրել է հետևյալը․ (․․․) յուրաքանչյուր գործով մատնանշման պարտականության կատարումը պետք է կատարվի այն հաշվառմամբ, որ չխախտվի ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրացման հիմնական սկզբունքներից մեկը՝ տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքը, որն անձի` ՀՀ Սահմանադրությամբ և օրենքով նրան տրված հնարավորությունն է սեփական հայեցողությամբ տնօրինելու իր նյութական և դատավարական իրավունքները և դրանց պաշտպանության եղանակները (տե՛ս, Տիգրան Սահակյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/6067/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2019 թվականի որոշումը):
Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը, ելնելով տնօրինչականության սկզբունքի էությունից, արձանագրել է, որ, ստանալով սխալ հայցատեսակով ձևակերպված հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը՝ հայցվորը կարող է կատարել, inter alia, հետևյալ դատավարական գործողությունները.
1) ընդունել ոչ ճիշտ հայցատեսակը պատշաճ հայցատեսակով փոխարինելու (պատշաճ հայցատեսակը մատնանշելու) վերաբերյալ դատարանի առաջարկը և կրկին ներկայացվող հայցադիմումի մեջ պահանջը ձևակերպել դատարանի կողմից մատնանշված պատշաճ հայցատեսակին համահունչ,
2) չընդունել դատարանի առաջարկը և կրկին ներկայացվող հայցադիմումի մեջ պահանջը ձևակերպել նույն կերպ, ինչպես որ այն ձևակերպված է եղել սկզբնապես ներկայացված հայցադիմումի մեջ (տե՛ս, Գագիկ Սիմոնյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/8117/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30․09․2019 թվականի որոշումը)։
ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է նաև հայցադիմումը վերադարձնելու որոշմամբ ՀՀ վարչական դատարանի կողմից կատարված ճիշտ հայցատեսակի մատնանշումը հայցվորի կողմից չընդունելու իրավական հետևանքներին, մասնավորապես, մատանշումը չընդունելու դեպքում հայցադիմումի ընդունումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով մերժելու իրավական հնարավորությանը։ Նշված նորմի համաձայն՝ վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե նույն Օրենսգրքի 79-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում հայցվորը չի վերացրել հայցադիմումի այնպիսի սխալները, որոնց չվերացնելն արգելք է գործի քննության համար։
Այս առնչությամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, մասնավորապես, արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները․ հայցատեսակի ընտրության սուբյեկտիվ իրավունքը բոլոր դեպքերում պատկանում է հայցվորին, և եթե ոչ հստակ կամ ոչ ճիշտ հայցատեսակը հստակեցնելու կամ ճիշտ հայցատեսակով փոխարինելու վերաբերյալ դատարանի մատնանշումից հետո էլ հայցվորը շարունակում է պնդել իր կողմից ներկայացված հայցապահանջը, ապա դատարանը պարտավոր է գործի քննությունն իրականացնել հայցվորի կողմից ներկայացված հայցապահանջի շրջանակներում: Այդ պարագայում դատարանի մատնանշման պարտականությունը համարվում է կատարված (տե՛ս, Ալեքսանդր Կարալովն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4315/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ այն դեպքում, երբ հայցվորը կրկին ներկայացված հայցադիմումով պնդում է սկզբնապես ներկայացված հայցադիմումը, նշված հանգամանքն արգելք չէ գործի քննության համար․ ըստ այդմ՝ հայցադիմումի ընդունումը չի կարող մերժվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով։ (․․․) հայցադիմումի ընդունումը չի կարող մերժվել այն պատճառաբանությամբ, որ ճիշտ հայցատեսակի մատնանշմամբ դատարանի կողմից վերադարձված հայցադիմումը կրկին ներկայացրած հայցվորը պնդել է սկզբնապես ներկայացված պահանջը (տե՛ս, Հայկ Բաբուխանյանն ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/4606/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2023 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում հարկ է համարում նաև անդրադառնալ ճիշտ հայցատեսակի մատնանշում բովանդակող՝ հայցադիմումը վերադարձնելու որոշման որոշակիության և կանխատեսելիության անհրաժեշտ որակներին։
ՀՀ սահմանադրական դատարանը մի շարք որոշումներում (ՍԴՈ-630, ՍԴՈ-1142, ՍԴՈ-1213) անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին և գտել, որ այն անհրաժեշտ է, որպեսզի համապատասխան հարաբերությունների մասնակիցները ողջամիտ սահմաններում ի վիճակի լինեն կանխատեսել իրենց վարքագծի հետևանքները և վստահ լինեն ինչպես իրենց պաշտոնապես ճանաչված կարգավիճակի անփոփոխելիության, այնպես էլ ձեռք բերված իրավունքների և պարտավորությունների հարցում: (...) իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաև, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ:
ՀՀ սահմանադրական դատարանն ընդգծել է, որ իրավական որոշակիության սկզբունքը ենթադրում է նաև դատարանների որոշումների հստակություն և կանխատեսելիություն, ինչը թույլ է տալիս իրավահարաբերությունների մասնակիցներին համապատասխան պատկերացում կազմել իրենց վարքագծի հնարավոր հետևանքների մասին (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 03․05․2016 թվականի թիվ ՍԴՈ-1270 որոշումը)։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ակտի ինչպես հիմնավորումներն ու պատճառաբանությունը, այնպես էլ եզրահանգումները պետք է հասցեատերերի համար լինեն որոշակի և կանխատեսելի՝ վերջիններիս համար ապահովելով պատշաճ վարքագծի հստակ ընտրության հնարավորություն։ Դատական ակտի որոշակիության և կանխատեսելիության որակների միջոցով պետք է բացառվի կողմերի հարաբերություններում անորոշությունը, ինչպես նաև դատական ակտի բովանդակության տարընկալումներն ու տարընթերցումները։ Դատական ակտով կողմերից պահանջվող համապատասխան վարքագիծը պետք է ձևակերպվի հնարավորինս միանշանակ ու հստակ, որպեսզի կողմը հնարավորություն ունենա պատշաճ կերպով կատարել դատական ակտի պահանջը։
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ոչ ճիշտ հայցատեսակը ճիշտ հայցատեսակով փոխարինելու վերաբերյալ մատնանշում կատարելու ՀՀ վարչական դատարանի պարտականության պատշաճ կատարումը, ի թիվս այլնի, պետք է ենթարկվի հետևյալ պահանջներին․
- հայցադիմումի ընդունելիության փուլում ճիշտ հայցատեսակի մատնանշումը պետք է կատարվի այդ պարտականությունը կատարելու համար անհրաժեշտ իրավական և փաստական հիմքերի բավարար համակցության առկայության դեպքում միայն։ Եթե հայցադիմումում ներկայացված փաստերը և հայցադիմումին կից ապացույցները բավարար հիմք չեն ձևավորում ճիշտ հայցատեսակ մատնանշելու համար, ապա ճիշտ հայցատեսակ մատնանշելու պարտականության կատարումը պետք է կատարվի գործը դատաքննության նախապատրաստելու փուլում,
- դատական պրակտիկայում պետք է բացառվի այն իրավիճակը, երբ հայցվորը կրկին ներկայացված հայցադիմումով ընդունում է հայցադիմումը վերադարձնելու որոշմամբ կատարված մատնանշումը, սակայն դատարանը կրկին ներկայացված հայցադիմումով լրացված փաստերի ու ապացույցների հետազոտման արդյունքում կատարում է մեկ այլ հայցատեսակի մատնանշում՝ կրկին վերադարձնելով հայցադիմումը,
- ճիշտ հայցատեսակի մատնանշումն իր բովանդակությամբ պետք է լինի որոշակի, հստակ ու միանշանակ՝ հիմնված հայցադիմումում ներկայացված փաստերի և կից ապացույցների ամբողջական հետազոտման ու գնահատականի վրա, հայցադիմումը վերադարձնելու որոշումից հայցվորի համար պետք է միանշանակորեն պարզ լինի, թե կոնկրետ ինչ հայցատեսակ է մատնանշվել, որպեսզի վերջինս հնարավորություն ունենա հայցադիմումը կրկին ներկայացնելիս իր վարքագիծը համապատասխանեցնել հայցադիմումը վերադարձնելու որոշման պահանջներին։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Դիմելով Դատարան՝ Տիգրան Աճեմյանը պահանջել է պարտավորեցնել Կոմիտեին Երևան քաղաքի Նուբարաշեն Ե-2 թաղամաս 5 հասցեով (սեփականության վկայական՝ 29032018-01-0079) ապօրինի գրանցված սեփականության իրավունքի դադարեցման պետական գրանցում կատարել:
Դատարանը 23․08․2022 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշմամբ հայցադիմումը վերադարձրել է՝ պատճառաբանելով, որ, տվյալ դեպքում հայցվորի դատական պաշտպանությունը կարող է իրականացվել վիճարկման հայցի շրջանակում, քանի որ նրա փաստարկները հանգում են համապատասխան վարչական ակտի օրենքի խախտմամբ ընդունված լինելուն: Ըստ այդմ՝ Դատարանը հայցվորին առաջարկել է կրկին ներկայացվելիք հայցադիմումում ոչ ճիշտ հայցատեսակը՝ պարտավորեցման հայցը, փոխարինել պատշաճ հայցատեսակով՝ վիճարկման հայցով:
Հայցվորը, ընդունելով Դատարանի կողմից կատարված մատնանշումը, կրկին ներկայացված հայցադիմումով խնդրել է անվավեր ճանաչել ք. Երևան, Նուբարաշեն Ե-2 թաղամաս 5 հասցեով Հասմիկ Թոքատլյանի անվամբ կատարված պետական գրանցումը, և որպես հետևանք՝ անվավեր ճանաչել պատասխանողի կողմից կատարված ք. Երևան, Նուբարաշեն Ե-2 թաղամաս 5 հասցեով Կարեն Աբրահամյանի անվամբ կատարված պետական գրանցումը:
Քննարկելով կրկին ներկայացված հայցադիմումի ընդունելիության հարցը՝ Դատարանը 27․09․2022 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշմամբ նշել է, որ, ի թիվս այլնի, «հայցվորի կողմից հայցադիմումին չի կցվել քաղաք Երևան, Նուբարաշեն Ե-2 թաղամաս 5 հասցեով Կարեն Աբրահամյանի անվամբ կատարված պետական գրանցումը (սեփականության վկայական՝ 29032018-01-0079), որպիսի դեպքում հնարավոր չէ պարզել, թե այդ գրանցումը երբ է կատարվել, ինչ իրավահաստատող փաստաթղթի հիման վրա է կատարվել, արդյոք Կարեն Աբրահամյանը վիճելի գույքը ձեռք է բերել Հասմիկ Թոքատլյանից կամ հակառակը, և նշված վարչական ակտի բացակայության պայմաններում հնարավոր չէ որոշել, թե վիճարկվող գրանցումները տվյալ պահին իրավաբանական ուժ ունեն, թե՝ ոչ»: Դատարանը նշված որոշմամբ փաստել է նաև, որ «եթե նշված գրանցումներից որևէ մեկը կորցրել է իր իրավաբանական ուժը, ապա նման գրանցումը կարող է վիճարկվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի շրջանակում, իսկ այն գրանցումը, որը տվյալ պահին գործում է, կարող է վիճարկվել հենց նույն օրենսգրքի 66-րդ հոդվածի շրջանակում»:
Քննարկելով կրկին ներկայացված հայցադիմումի ընդունելիության հարցը Դատարանը հայցադիմումի ընդունումը մերժել է Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով՝ նշելով, որ «հիմնական պահանջով վիճարկման հայցի շրջանակում վիճարկվող իրավունքի պետական գրանցումն իրավաբանական ուժ չունի, ուստի այն չի կարող դառնալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված վիճարկման հայցի առարկա, ինչի վերաբերյալ հայցվորին հստակ մատնանշվել էր, սակայն մատնանշման պահանջները չեն կատարվել»:
Վերաքննիչ դատարանը, մերժելով Տիգրան Աճեմյանի վերաքննիչ բողոքը, նշել է, որ Դատարանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածով ամրագրված կանոնակարգումների հաշվառմամբ շեշտադրել է սույն դեպքի նկատմամբ հնարավոր ճիշտ հայցատեսակները, մինչդեռ, հայցվորը Հասմիկ Թոքատլյանի անվամբ կատարված պետական գրանցման (սեփականության վկայական՝ թիվ 2291611) այլևս իրավաբանական ուժ չունենալու պայմաններում որպես հիմնական պահանջ կրկին ներկայացրել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված վիճարկման հայց, որպիսի պահանջով ամփոփված վեճը ենթակա չէ դատարանում քննության։ Այսինքն, հայցվոր կողմը չի շտկել իր կողմից թույլ տրված սխալը, որպիսի իրողությունը հանգեցրել է հայցադիմումի ընդունումը մերժելու մասին Դատարանի հիմնավոր հետևությանը։ Վերաքննիչ դատարանը նշել է նաև, որ Դատարանը եկել է ճիշտ եզրահանգման՝ մերժելով հայցադիմումի ընդունումը, քանի որ Տիգրան Աճեմյանը Հասմիկ Թոքատլյանի անվամբ կատարված պետական գրանցման (սեփականության վկայական՝ թիվ 2291611) այլևս իրավաբանական ուժ չունենալու պայմաններում կրկին ներկայացված հայցադիմումով որպես հիմնական պահանջ պնդել է հայցադիմումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված վիճարկման հայցի շրջանակներում ներկայացնելու իր դիրքորոշումը, մինչդեռ, եթե գրանցումը կորցրել է իր իրավաբանական ուժը, ապա այն կարող է վիճարկվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի շրջանակում, իսկ այն գրանցումը, որը տվյալ պահին գործում է, կարող է վիճարկվել նույն օրենսգրքի 66-րդ հոդվածի շրջանակում:
Վճռաբեկ դատարանը, վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի նշված դիրքորոշումը, գտնում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ:
Սույն գործի փաստերի ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը 23․08․2022 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշմամբ կատարել է ճիշտ հայցատեսակի մատնանշում, այն է՝ ըստ Դատարանի դիրքորոշման՝ հայցվորի դատական պաշտպանությունը կարող է իրականացվել վիճարկման հայցի միջոցով։ Տիգրան Աճեմյանը, շտկելով Դատարանի 23․08․2022 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշմամբ նշված թերությունը, հայցադիմումի պահանջը ձևակերպել է վիճարկման հայցի շրջանակներում, սակայն Դատարանը 27․09․2022 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշմամբ կրկին վերադարձրել է հայցադիմումը՝ նշելով, որ հնարավոր չէ պարզել, թե երբ է կատարվել վիճարկվող պետական գրանցումը (վարչական ակտը), և եթե տվյալ վարչական ակտն իրավաբանական ուժը կորցրել է, անհրաժեշտ է հայցադիմումը ներկայացնել ճանաչման հայցի շրջանակներում, եթե՝ ոչ, ապա հայցադիմումը ներկայացնել վիճարկման հայցի շրջանակներում։
Տիգրան Աճեմյանը հայցադիմումը կրկին ներկայացրել է վիճարկման հայցի շրջանակներում՝ հայցադիմումին կցելով քաղաք Երևան, Նուբարաշեն Ե-2 թաղամաս 5 հասցեով Կարեն Աբրահամյանի անվամբ կատարված պետական գրանցումը (սեփականության վկայական՝ 29032018-01-0079): Դատարանը, սակայն, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով մերժել է հայցադիմումի ընդունումը՝ այն հիմնավորմամբ, որ Տիգրան Աճեմյանը չի վերացրել հայցադիմումի այնպիսի սխալները, որոնց չվերացնելն արգելք է գործի քննության համար, այն է՝ քաղաք Երևան, Նուբարաշեն Ե-2 թաղամաս 5 հասցեով Կարեն Աբրահամյանի անվամբ կատարված պետական գրանցումը (սեփականության վկայական՝ 29032018-01-0079) պահանջել է անվավեր ճանաչել վիճարկման հայցի շրջանակներում, այնինչ տվյալ վարչական ակտն իրավաբանական ուժը կորցրել է, և անհրաժեշտ է տվյալ պարագայում դատական պաշտպանությունն իրականացնել ճանաչման հայցի շրջանակներում։
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը նախ արձանագրում է, որ Դատարանի կողմից միևնույն հայցադիմումը վերադարձվել է երկու անգամ։ Ընդ որում, հայցվորը, ընդունելով 23.08.2022 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշմամբ կատարված մատնանշումը, ներկայացրել է վիճարկման հայց։ Մինչդեռ, 27․09․2022 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշմամբ Դատարանը կրկին վերադարձրել է հայցադիմումը՝ առաջարկված ճանաչման և վիճարկման հայցատեսակների միջև ընտրությունը թողնելով հայցվորին և պայմանավորելով վիճարկվող իրավունքի պետական գրանցման (վարչական ակտի) իրավաբանական ուժ ունենալու կամ չունենալու հանգամանքով՝ նշված հանգամանքի գնահատականը թողնելով հայցվորին։ Դատարանը վիճարկվող որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով՝ հայցվորի կողմից Դատարանի 27․09․2022 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշմամբ կատարած մատնանշումը չընդունելու պատճառաբանությամբ։ Այլ կերպ՝ Դատարանը գործի քննության համար արգելք է դիտարկել 27․09․2022 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշմամբ կատարված մատնանշմանը համապատասխան ճիշտ հայցատեսակ չներկայացնելը։
Վճռաբեկ դատարանը Դատարանի 31․10․2022 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշման ուսումնասիրության արդյունքում նախ և առաջ արձանագրում է, որ Դատարանի դիրքորոշումն առ այն, որ մատնանշմանը համապատասխան հայցատեսակը չշտկելը արգելք է գործի քննության համար, հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի ՎԴ/4606/05/22 որոշմամբ արտահայտված վերը նշված իրավական դիրքորոշումներին։
Ավելին, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նկատել, որ 27․09․2022 թվականի որոշմամբ Դատարանի կողմից կոնկրետ հայցատեսակ չի էլ առաջարկվել։ Հայցադիմումին կից վիճարկվող պետական գրանցման վերաբերյալ ապացույցի բացակայության պայմաններում Դատարանը, հնարավորություն չունենալով գնահատել այդ գրանցման՝ որպես վարչական ակտի, իրավաբանական ուժ ունենալու (չունենալու) հանգամանքը, կոնկրետ հայցատեսակ չի մատնանշել։ Դատարանն առաջարկել է ճիշտ հայցատեսակի այլընտրանքային տարբերակներ (վիճարկման կամ ճանաչման)՝ պայմանավորված տվյալ վարչական ակտի՝ իրավաբանական ուժը կորցրած լինելու (չլինելու) հանգամանքով։ Ընդ որում՝ վիճարկվող վարչական ակտի իրավաբանական ուժ ունենալու (չունենալու) հանգամանքի գնահատումը և ըստ այդմ՝ առաջարկված հայցատեսակների միջև ընտրությունը Դատարանը թողել է հայցվորին։
Մինչդեռ, դատական ակտին ներկայացվող որոշակիության պահանջին համապատասխան՝ Դատարանը պարտավոր էր կատարել կոնկրետ մեկ ճիշտ հայցատեսակի մատնանշում, ինչը հիմնված կլիներ բավարար ապացույցների, այդ թվում՝ վիճարկվող իրավունքի պետական գրանցման փաստի վերաբերյալ ապացույցի հետազոտման արդյունքում տվյալ գրանցման՝ որպես վարչական ակտի իրավաբանական ուժ ունենալու (չունենալու) հանգամանքի Դատարանի կողմից տրված հիմնավոր գնահատականի վրա։
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ խնդրո առարկա իրավիճակում նույնիսկ բացակայում է հայցվորի կողմից Դատարանի ճիշտ մատնանշումը չընդունելու փաստը, քանզի Դատարանի 27․09․2022 թվականին կատարված մատնանշումը որոշակի չէ, կատարվել է երկու այլընտրանքային հայցատեսակների մատնանշում, որպիսի պայմաններում հայցվորը հնարավորություն չի ունեցել իր հետագա վարքագիծը համապատասխանեցնել հայցադիմումը վերադարձնելու որոշման պահանջներին։ Ընդ որում, հայցվորը կրկին ներկայացրել է երկու այլընտրանքային հայցատեսակներից մեկը, ինչը հնարավոր է՝ արդյունք է հայցվորի կողմից վիճարկվող վարչական ակտի իրավաբանական ուժ ունենալուն (չունենալուն) տրված գնահատականին։ Դատարանը հայցվորին էր թողել նշված հանգամանքի գնահատումը, հետևաբար հայցվորը կարող էր ընտրություն կատարել երկու հայցատեսակների միջև և ընտրել վիճարկման հայցը՝ հիմք ընդունելով իր սուբյեկտիվ գնահատականն առ այն, որ վիճարկվող վարչական ակտն իրավաբանական ուժը չի կորցրել։
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ խնդրո առարկա իրավիճակն արդյունք է նրա, որ Դատարանը 23․08․2022 թվականի և 27․09․2022 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումներով հայցատեսակի մատնանշումները կատարել է՝ հայցադիմումի ընդունելիության փուլում իր տրամադրության տակ չունենալով ճիշտ հայցատեսակը մատնանշելու պարտականության պատշաճ կատարման համար անհրաժեշտ բավարար իրավական և փաստական հիմքեր։ Մասնավորապես, Դատարանը 23․08․2022 թվականի և 27․09․2022 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումներով մատնանշումը կատարել է՝ իր տրամադրության տակ չունենալով վիճարկվող իրավունքի պետական գրանցման փաստի վերաբերյալ որևէ ապացույց։ Մինչդեռ, օբյեկտիվորեն հնարավոր չէ պատշաճ կերպով կատարել ճիշտ հայցատեսակը մատնանշելու պարտականությունը, քանի դեռ հստակ չէ, թե կոնկրետ ինչ վարչական ակտ է (տվյալ դեպքում՝ սեփականության իրավունքի պետական գրանցումը) վիճարկվում, հայցադիմումին կից ներկայացված չէ վիճարկվող ակտը։ Սույն դեպքում, մատնանշման պարտականությունը կարող էր պատշաճ կատարվել միայն այն պայմաններում, երբ հայցվորի կողմից Դատարանի պահանջով ներկայացվեր վիճարկվող իրավունքի պետական գրանցման փաստի վերաբերյալ ապացույցը և դրա հետազոտման արդյունքում Դատարանը գնահատական տար տվյալ վարչական ակտի իրավաբանական ուժ ունենալու (չունենալու) հանգամանքին։ Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը ճիշտ հայցատեսակ մատնանշելու պարտականությունը պատշաճ կերպով կարող էր կատարել առնվազն գործը դատաքննության նախապատրաստելու փուլում՝ պարզելով ու գնահատելով տվյալ պարտականության կատարման համար անհրաժեշտ իրավական և փաստական հիմքերը։
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի 27․09․2022 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշմամբ նշված սխալը Տիգրան Աճեմյանի կողմից չշտկելն արգելք չէր գործի քննության համար, և սույն գործով 31.10.2022 թվականին կայացնելով «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշում՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով, Դատարանը սահմանափակել է Տիգրան Աճեմյանի դատարանի մատչելիության իրավունքը։ Դատարանի նման դիրքորոշումը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի հետևողականորեն ձևավորված նախադեպային պրակտիկային, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 163-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 16․01․2023 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ վարչական դատարանի 31.10.2022 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Հ. Բեդևյան Զեկուցող Լ. հակոբյան ա. Թովմասյան Ռ. հակոբյան ք․ ՄԿՈՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 փետրվարի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|