Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 25-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.02.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
19.02.2024
Ստորագրող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.02.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.02.2024

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 փետրվարի 2024 թվականի

ք. Երևան

թիվ 25-Ա

 

«ԱՇՏԱՐԱԿ ԷԼԻՏ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով), ուսումնասիրելով 2024 թվականի հունվարի 25-ին իր նախաձեռնությամբ հարուցված թիվ 2 վարչական վարույթի նյութերը, պարզեց.

Հանձնաժողովը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով (այսուհետ` Օրենք) իրեն վերապահված լիազորություններն իրականացնելիս ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ունեցող «ԱՇՏԱՐԱԿ ԷԼԻՏ» ՍՊ ընկերության (այսուհետ` ցանցային օպերատոր) նկատմամբ 2023 թվականի ապրիլի 04-ին հարուցել է թիվ 11 վարչական վարույթը:

Համաձայն 2023 թվականի ապրիլի 04-ին հարուցված թիվ 11 վարչական վարույթի՝ Հանձնաժողովը, ղեկավարվելով Օրենքի 49-րդ հոդվածի 5-րդ մասով և 60-րդ հոդվածի 8-րդ մասով, 2023 թվականի փետրվարի 2-ին օպերատորի գործունեություն իրականացնող ընկերությունների ղեկավարներին է հասցեագրել Հանձնաժողովի նախագահի 01-79 գրությունը՝ պահանջելով Հանձնաժողով ներկայացնել վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի վերաբերյալ ամբողջական ցանկը՝ պահանջվող տեղեկատվությամբ։ Սակայն ցանցային օպերատորը սահմանված ժամկետում չի ներկայացրել կարգավորող պետական մարմնի կողմից պահանջված անհրաժեշտ փաստաթղթերն ու տեղեկատվությունը՝ խախտելով Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը։

Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կարգավորող պետական մարմինը սույն օրենքով սահմանված սուբյեկտներից, պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից պահանջում և ստանում է անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն:

Նշված արարքով ցանցային օպերատորի կողմից թույլ է տրվել Օրենքի 57-րդ հոդվածի 27-րդ մասի իրավախախտում:

Օրենքի 57-րդ հոդվածի 27-րդ մասը սահմանում է․

«Կարգավորող պետական մարմնի որոշմամբ կամ նախագահի գրությամբ կամ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություն սահմանված ժամկետում չներկայացնելը կամ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկություններ ներկայացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:»։

Հանձնաժողովը 2023 թվականի ապրիլի 4-ին հարուցված թիվ 11 վարչական վարույթի արդյունքում կիրառել է Օրենքի 57-րդ հոդվածի 27-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով՝ 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ:

Հանձնաժողովի 2023 թվականի մայիսի 11-ի թիվ Ե/07/226-23 գրությամբ՝ փոստային առաքմամբ, ցանցային օպերատորին է ուղարկվել «ԱՇՏԱՐԱԿ ԷԼԻՏ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական տույժ կիրառելու մասին» թիվ 41-Ա որոշման պատճենը։

Վերոնշյալ որոշումն ուժի մեջ է մտել ցանցային օպերատորին հանձնելու օրվան հաջորդող օրվանից` 2023 թվականի մայիսի 16-ից, և որոշմամբ սահմանված երկամսյա ժամկետում չի բողոքարկվել ՀՀ վարչական դատարան:

Հանձնաժողովի 2023 թվականի մայիսի 11-ի թիվ 41-Ա որոշումն անբողոքարկելի է դարձել 2023 թվականի հուլիսի 17-ին։

Հանձնաժողովը 2023 թվականի օգոստոսի 29-ի թիվ Ե/01/504-23 գրությամբ դիմել է Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը խնդրանքով՝ բավարարել Հանձնաժողովի դրամական պահանջը։

Հանձնաժողով 2024 թվականի հունվարի 3-ին մուտքագրվել է Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայության որոշումը` համաձայն որի ցանցային օպերատորին պատկանող բռնագանձման ենթակա գույք կամ դրամական միջոցներ չեն հայտնաբերվել:

Նշված որոշմամբ ներկայացված փաստերի պարզման նպատակով Հանձնաժողովը 2024 թվականի հունվարի 08-ի գրությամբ ցանցային օպերատորին առաջարկել է Հանձնաժողով ներկայացնել հետևյալ տեղեկատվությունը․

 Թե «ԱՇՏԱՐԱԿ ԷԼԻՏ» ՍՊ ընկերությունն իր գործունեությունն իրականացնելու նպատակով իր տիրապետման տակ գտնվող անշարժ և շարժական գույքի (տարածքներ, մալուխներ, ցանցեր և այլն) նկատմամբ ինչ իրավունքներ ունի (սեփականություն, վարձակալություն և այլն)։

 Հանձնաժողով ներկայացված «ԱՇՏԱՐԱԿ ԷԼԻՏ» ՍՊ ընկերության կողմից վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի պայմանագրերի առկայության վերաբերյալ տեղեկատվություն։

 «ԱՇՏԱՐԱԿ ԷԼԻՏ» ՍՊ ընկերության բաժանորդների և նրանց կողմից վճարումների վերաբերյալ տեղեկատվություն։

Ցանցային օպերատորը որրէ տեղեկատվություն Հանձնաժողով չի ներկայացրել։

Հանձնաժողովն Օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթներն իրականացնելիս պարզել է, որ ցանցային օպերատորը գործունեություն չի իրականացնում, ինչն Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի դրույթի պահանջի խախտում է։

Հանձնաժողովը, ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետով, 2024 թվականի հունվարի 25-ին ցանցային օպերատորի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ։

Հանձնաժողովը հարուցված վարչական վարույթի մասին 2024 թվականի հունվարի 25-ին ծանուցել է ցանցային օպերատորին և հայտնել, որ այս հարցի վերաբերյալ կարող են ներկայացնել իրենց պարզաբանումները և բացատրությունները:

Հարուցված վարչական վարույթի ընթացքում ցանցային օպերատորի կողմից որևէ պարզաբանում և բացատրություն չի ներկայացվել։

 

Հանձնաժողովի հիմնավորումները (պատճառաբանությունը) և եզրահանգումը.

Այսպիսով, վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովն ամրագրում է հետևյալը.

1․ Համաձայն Հանձնաժողովի 2023 թվականի մայիսի 11-ի «ԱՇՏԱՐԱԿ ԷԼԻՏ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական տույժ կիրառելու մասին» թիվ 41-Ա որոշման՝ ցանցային օպերատորի նկատմամբ կիրառվել է վարչական տույժ՝ կարգավորող պետական մարմնի կողմից պահանջված անհրաժեշտ փաստաթղթերն ու տեղեկատվությունը սահմանված ժամկետում չներկայացնելու Օրենքի խախտման փաստով։

2․ Ցանցային օպերատորը օրենսդրությամբ սահմանված կարգով չի վճարել Հանձնաժողովի 2023 թվականի մայիսի 11-ի թիվ 41-Ա որոշմամբ սահմանված տուգանքը։

3․ Հանձնաժողովը դիմել է Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ դրամական պահանջի բավարարման խնդրանքով։

4․ Հանձնաժողով 2024 թվականի հունվարի 03-ին մուտքագրվել է Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայության որոշումը` համաձայն որի ցանցային օպերատորին պատկանող բռնագանձման ենթակա գույք կամ դրամական միջոցներ չեն հայտնաբերվել:

5․ Հանձնաժողովը 2024 թվականի հունվարի 08-ի թիվ Ե/04/04․1/15-24 գրությամբ ցանցային օպերատորին խնդրել է սեղմ ժամկետում պարզաբանում ներկայացնել իր գույքի կամ դրամական միջոցների վերաբերյալ, սակայն հարուցված վարչական վարույթի ընթացքում ցանցային օպերատորի կողմից որևէ պարզաբանում, բացատրություն և տեղեկատվություն չի ներկայացվել։

Հանձնաժողովն արձանագրում է, որ քննարկվող հարցի շրջանակներում ցանցային օպերատրի կողմից վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի վերաբերյալ ամբողջական ցանկը Հանձնաժողով չներկայացնելը, Հանձնաժողովի 2023 թվականի մայիսի 11-ի թիվ 41-Ա որոշմամբ սահմանված տուգանքը չմուծելը, Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայության կայացրած որոշումը և ցանցային օպերատորի կողմից պահանջված տեղեկատվությունը Հանձնաժողով չներկայացնելը հիմք են տալիս ենթադրել, որ ցանցային օպերատորը չունի գույք և դրամական միջոցներ՝ Հանձնաժողովի կողմից տրված լիցենզիայի պայմաններին համապատասխան գործելու համար, որն էլ լիցենզիայի գործողության կասեցման և խախտումը չվերացնելու դեպքում, նաև լիցենզիայի դադարեցման հիմք են։

Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ կարգավորող պետական մարմինը` Օրենքի խախտման կամ իր որոշումները չկատարելու դեպքում կիրառում է պատասխանատվության միջոցներ։

Օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կարգավորող պետական մարմնի կողմից տեսալսողական մեդիայի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման դեպքեր հայտնաբերվելու, ինչպես նաև պետական այլ մարմինների կողմից իրենց իրավասությունների շրջանակում տեսալսողական մեդիայի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման դեպքեր հայտնաբերվելու և դրանց մասին կարգավորող պետական մարմնին գրավոր տեղեկացվելու դեպքում կարգավորող պետական մարմինը կիրառում է հետևյալ վարչական տույժերը.

1) գրավոր նախազգուշացում.

2) տուգանք.

3) հեղինակազորման կամ լիցենզիայի գործողության կասեցում.

4) հեղինակազորման կամ լիցենզիայի գործողության դադարեցում:

Իսկ Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի և 5-րդ կետի համաձայն՝ Հեռարձակողի հեղինակազորման կամ լիցենզիայի գործողությունը կասեցվում է, եթե լիցենզիա ստացած Հեռարձակողը լիցենզիան ստանալու պահից վեց ամսվա ընթացքում չի հեռարձակել տեսալսողական հաղորդումներ։

Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը սահմանում է․

«Սույն հոդվածի դրույթները տարածվում են նաև ցանցային օպերատորների վրա այնքանով, որքանով կիրառելի են։»

«Լիցենզավորման մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.

Լիցենզիայի գործողության կասեցումը որոշակի ժամկետով կամ որոշակի պայմաններով լիցենզավորված անձին լիցենզավորման ենթակա գործունեությունը կամ այդ գործունեության առանձին գործառույթները կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողություններն իրականացնելու իրավունքից ժամանակավորապես զրկումն է:

Փաստենք նաև, որ ցանցային օպերատորը 2020 թվականի դեկտեմբերի 24-ից (սփռման տարածքը՝ ք.Աշտարակ) հանդիսանում է Հանձնաժողովի կողմից լիցենզավորված իրավաբանական անձ և պարտավոր է պահպանել տեսալսողական մեդիայի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջները, իսկ Օրենքի դրույթները խախտելու դեպքում կրել պատասխանատվություն Օրենքով սահմանված կարգով, ուստի Օրենքի պահանջի չկատարումն ինքնին բերում է պատասխանատվության:

Ցանցային օպերատորը պետք է հաշվի առնի, որ օրենքներով հստակ սահմանվում են իրավական նորմեր, որոնց չպահպանելն առաջացնում են իրավական հետևանքներ, և ցանցային օպերատորը պատասխանատվություն է կրում տեսալսողական մեդիայի ոլորտը կարգավորող օրենսդրության կիրառման ապահովման համար և տվյալ դեպքում ցանցային օպերատորը պարտավոր էր պահպանել Օրենքի պահանջը։

Հանձնաժողովն ամրագրում է, որ առկա է ցանցային օպերատորի լիցենզիայի գործողության կասեցման հիմք, քանի որ լիցենզիա ստացած ցանցային օպերատորը լիցենզիան ստանալու պահից վեց ամսվա ընթացքում չի հեռարձակել տեսալսողական հաղորդումներ։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, 55-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 58-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերով, «Լիցենզավորման մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց.

1. Կիրառել վարչական տույժ՝ կասեցնել «ԱՇՏԱՐԱԿ ԷԼԻՏ» ՍՊ ընկերության լիցենզիայի գործողությունը 30 օր ժամկետով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «ԱՇՏԱՐԱԿ ԷԼԻՏ» ՍՊ ընկերությանը պատշաճ ձևով հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

3. Լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվում սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից:

4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

 

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի նախագահ

Տ. ՀակոբՅԱՆ

 

2024 թ. փետրվարի 19

ք. Երևան