Գլխավոր տեղեկություն
Համար
N 160-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.02.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.01.22-2024.02.04 Պաշտոնական հրապարակման օրը 01.02.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.02.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.02.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 փետրվարի 2024 թվականի N 160-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 543-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» N 543-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝

1) որոշմամբ հաստատված հավելվածի 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«20. Քրեակատարողական հիմնարկ ընդունված կամ տեղափոխված կալանավորված անձի կամ դատապարտյալի հետ իրականացվում է ինքնասպանության և ինքնավնասման, ինչպես նաև հոգեկան առողջության ռիսկերի գնահատում:».

2) որոշմամբ հաստատված հավելվածի 33-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«33. Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը կալանավորված անձին Կարանտինային բաժանմունք ընդունելու վերաբերյալ անհապաղ իրազեկում է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային ստորաբաժանման պետին:

Կարանտինային բաժանմունքում գտնվելու ընթացքում կալանավորված անձինք տեղաբաշխվում են ըստ խցերի: Կալանավորված անձանց ըստ խցերի տեղաբաշխման վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կողմից քրեակատարողական հիմնարկի պետին ներկայացվում է առաջարկություն, քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից նշված առաջարկության վերաբերյալ ներկայացվում է կարծիք, իսկ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային ստորաբաժանման կողմից ուղարկվում է համատեղելիության և հնարավոր թշնամական հարաբերությունների վերաբերյալ գրավոր տեղեկատվություն: Կարանտինային բաժանմունքում աշխատանքները սահմանված կարգով և ժամկետում ավարտվելուց հետո կալանավորված անձանց ըստ խցերի տեղաբաշխումը կատարվում է քրեակատարողական հիմնարկի պետի կողմից՝ հաշվի առնելով Կարանտինային բաժանմունքում գտնվելու ընթացքում կալանավորված անձի վերաբերյալ ձեռք բերված տեղեկատվությունը:

Կալանավորված անձինք ըստ խցերի տեղաբաշխվում և անջատ են պահվում «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքին համապատասխան՝ հաշվի առնելով նաև անձանց համատեղելիությունը, առողջական վիճակը և անվտանգության ապահովումը:

Ըստ խցերի տեղաբաշխելիս՝ կալանավորված անձին տրամադրվում է անհատական քնելու տեղը:».

3) որոշմամբ հաստատված հավելվածի 34-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«34. Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դատապարտյալին Կարանտինային բաժանմունք ընդունելու մասին անհապաղ իրազեկում է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային ստորաբաժանման պետին:

Կարանտինային բաժանմունքում գտնվելու ընթացքում դատապարտյալները տեղաբաշխվում են ըստ խցերի կամ կացարանների՝ ելնելով անվտանգային գոտու տեսակից: Դատապարտյալներին ըստ խցերի կամ կացարանների տեղաբաշխման վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կողմից քրեակատարողական հիմնարկի պետին ներկայացվում է առաջարկություն, քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից նշված առաջարկության վերաբերյալ ներկայացվում է կարծիք, իսկ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային ստորաբաժանման կողմից ուղարկվում է համատեղելիության և հնարավոր թշնամական հարաբերությունների վերաբերյալ գրավոր տեղեկատվություն:

Դատապարտյալներն ըստ խցերի կամ կացարանների տեղաբաշխվում և անջատ են պահվում Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքին համապատասխան՝ հաշվի առնելով նաև անձանց համատեղելիությունը, առողջական վիճակը և անվտանգության ապահովումը: Կարանտինային բաժանմունքում աշխատանքները սահմանված կարգով և ժամկետում ավարտվելուց հետո դատապարտյալի՝ ըստ խցերի կամ կացարանների տեղաբաշխումը կատարվում է քրեակատարողական հիմնարկի պետի կողմից՝ հաշվի առնելով Կարանտինային բաժանմունքում գտնվելու ընթացքում դատապարտյալների վերաբերյալ ձեռք բերված տեղեկատվությունը: Ըստ խցերի կամ կացարանների տեղաբաշխելիս՝ դատապարտյալին տրամադրվում է անհատական քնելու տեղ:».

4) որոշմամբ հաստատված հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 194.1-ին կետով.

«194.1. Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը կալանավորված անձանց կամ դատապարտյալներին մեկնումներ տրամադրելու վերաբերյալ իրազեկում է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային ստորաբաժանմանը:».

5) որոշմամբ հաստատված հավելվածի 220-րդ կետում՝

ա. հանել «օպերատիվ կամ» բառերը,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դատապարտյալին առանձին պահելու վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի պետի պատճառաբանված որոշման մասին իրազեկում է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային ստորաբաժանմանը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

01.02.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 փետրվարի 2024 թվական: