Գլխավոր տեղեկություն
Համար
N 57-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.01.2024-21.06.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 11.01.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.01.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.01.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հունվարի 2024 թվականի N 57-Լ

 

2023 ԹՎԱԿԱՆԻՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը, 146-րդ հոդվածի 4-րդ մասը և «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման ծրագիրը՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություն։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

12.01.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

հունվարի 11-ի N 57-Լ որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

2023 ԹՎԱԿԱՆԻՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն ծրագրի նպատակն է աջակցել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց՝ ձեռք բերելու գործատուի կողմից ներկայացված պահանջներին համապատասխան մասնագիտական հմտություններ, կարողություններ և աշխատանքային փորձ՝ գործատուի մոտ առկա թափուր աշխատատեղը համալրելու համար։

2. Սույն ծրագրում կարող են ընդգրկվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված այն անձինք, որոնք Հայաստանի Հանրապետությունում զբաղված չեն «Զբաղվածության մասին» օրենքի 5-րդ հոդվածով սահմանված գործունեության որևէ տեսակով և «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգում» առկա տեղեկատվության հիման վրա վերջին մեկ ամսվա ընթացքում չեն հանդիսացել հարկ վճարող աշխատող։

3. Սույն ծրագրին մասնակցելու ցանկության դեպքում թափուր աշխատատեղ ունեցող գործատուն (բացառությամբ հանրային ծառայություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմինների) առցանց եղանակով կամ առձեռն դիմում է ներկայացնում Միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ ծառայություն) տարածքային կենտրոն (այսուհետ՝ տարածքային կենտրոն)։

4. Գործատուն դիմումին կից ներկայացնում է թափուր աշխատատեղի մասով հայտ՝ նշելով այն համալրելու նպատակով անհրաժեշտ մասնագիտական հմտությունների և կարողությունների պահանջները։

5. Տարածքային կենտրոնը, գործատուի հայտով ներկայացված թափուր աշխատատեղը համալրելու համար, գործատուի դիմումն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ինքնաշխատ եղանակով կազմում է ծրագրում ընդգրկման ենթակա անձանց ցուցակը (այսուհետ՝ ցուցակ)` հիմք ընդունելով տարածքային կենտրոնում հաշվառված անձանց տվյալները և սույն ծրագրի 2-րդ և 4-րդ կետերում նշված պահանջները։

6. Տարածքային կենտրոնը, ցուցակը կազմելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում, գործատուի էլեկտրոնային փոստի հասցեին է ուղարկում հաղորդագրություն` նշելով ցուցակում ընդգրկված անձանց մասին տեղեկատվությունը (անունը, ազգանունը, մասնագիտությունը, որակավորումը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն) և այդ մասին հեռախոսով կամ էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկացնում ցուցակում ընդգրկված անձանց։

7. Գործատուն երկու աշխատանքային օրվա ընթացքում ցուցակում ընդգրկված անձանցից ընտրում է իր պահանջներին առավելապես բավարարող անձին (այսուհետ՝ շահառու) և առաջարկում տարածքային կենտրոնին՝

1) շահառուի համար կազմակերպել կարճաժամկետ ուսուցման դասընթաց (շարունակական մասնագիտական զարգացում. այսուհետ՝ ուսուցում)՝

ա. իր մոտ կամ

բ. իր կողմից առաջարկվող ուսումնական հաստատությունում և/կամ

2) շահառուի համար իր մոտ կազմակերպել աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթաց։

8. Սույն ծրագրի 7-րդ կետով նախատեսված ուսուցման դասընթացները կազմակերպվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման և իրականացման կարգը, ինչպես նաև ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման և ճանաչման կարգը սահմանելու մասին» N 1062-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան։

9. Ծրագիրը ֆինանսավորվում է`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին.

2) օրենքով չարգելված այլ աղբյուրներից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 2. 2023 ԹՎԱԿԱՆԻՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ

 

10. Գործատուի կողմից շահառուի ուսուցումը կազմակերպելու համար տարածքային կենտրոնի, գործատուի և շահառուի միջև կնքվում է ուսուցման կազմակերպման մասին եռակողմ պայմանագիր (այսուհետ` պայմանագիր 1), որի օրինակելի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը (այսուհետ՝ նախարար)։

11. Պայմանագիր 1-ի հիման վրա շահառուն ընդգրկվում է մինչև վեց ամիս տևողությամբ իրականացվող ուսուցման համապատասխան դասընթացում և տարածքային կենտրոն է ներկայացնում ուսումնական հաստատության կամ գործատուի հետ կնքված ուսուցման իրականացման պայմանագրի պատճենը։

12. Ուսուցման ամբողջ ժամանակահատվածում, սույն ծրագրի 11-րդ կետով նախատեսված ուսուցման իրականացման պայմանագրի հիման վրա, շահառուին ամսական կտրվածքով վճարվում է՝

1) ուսման վարձի փոխհատուցում՝ յուրաքանչյուր ամսվա համար առավելագույնը 50000 դրամի չափով՝ տվյալ ուսումնական ամսվա ընթացքում շահառուի՝ ուսուցմանը մասնակցած օրերին համապատասխան.

2) կրթաթոշակ` 50000 դրամի չափով, ընդ որում՝ կրթաթոշակը վճարվում է տվյալ ուսումնական ամսվա ընթացքում շահառուի՝ ուսուցմանը մասնակցած օրերին համապատասխան:

13. Շահառուն բանկային հաշիվ չունենալու դեպքում ուսուցման դասընթացում ընդգրկվելուց հետո եռօրյա ժամկետում առևտրային բանկում բացում է բանկային հաշիվ և տարածքային կենտրոն է ներկայացնում հայտարարություն իր բանկային հաշվի տվյալների մասին:

14. Շահառուն մինչև ուսուցման դասընթացի յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա երրորդ աշխատանքային օրն առձեռն կամ էլեկտրոնային եղանակով տարածքային կենտրոն է ներկայացնում ուսումնական հաստատության կողմից տրամադրված տեղեկանք՝ նախորդ ամսվա ընթացքում ուսուցմանը մասնակցած օրերին համապատասխան ուսման վարձի չափի վերաբերյալ։

15. Տարածքային կենտրոնը սույն ծրագրի 14-րդ կետով նախատեսված տեղեկանքը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում շահառուին վճարում է ուսման վարձի փոխհատուցումն ու կրթաթոշակը՝ նրա բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով, որից հետո շահառուն երեք աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոն է ներկայացնում ուսման վարձի վճարումը հավաստող փաստաթուղթը։

16. Ուսուցման դասընթացն ավարտելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում շահառուն ստացած վկայականի պատճենն առձեռն կամ էլեկտրոնային եղանակով ներկայացնում է`

1) գործատուին և տարածքային կենտրոն՝ ուսումնական հաստատությունում ուսուցում անցնելու դեպքում.

2) տարածքային կենտրոն` գործատուի մոտ ուսուցման իրականացման դեպքում:

17. Սույն ծրագրի 16-րդ կետում նշված վկայականն ստանալուց հետո գործատուն երկու աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով շահառուի հետ կնքում է նորմալ աշխատաժամանակի ռեժիմով (մեկ դրույքով) աշխատանքային պայմանագիր՝ առնվազն երեք ամիս ժամկետով։

18. Շահառուի հետ աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո գործատուն երկու աշխատանքային օրվա ընթացքում աշխատանքային պայմանագրի պատճենը կամ էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակն առցանց կամ առձեռն ներկայացնում է տարածքային կենտրոն:

19. Աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո երեք ամիս ժամկետով, ամսական կտրվածքով, գործատուին տրվում է գումար առավելագույնը 50 000 դրամի չափով՝ շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում սոցիալական վճարը փոխհատուցելու համար։

20. Աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո գործատուն մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա հինգերորդ աշխատանքային օրը տարածքային կենտրոն է ներկայացնում տեղեկատվություն՝ նախորդ ամսվա ընթացքում աշխատողների աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի, դրոշմանիշային վճարի և օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարի չափի վերաբերյալ։

21. Աջակցությունը տրամադրվում է գործատուին՝ սույն ծրագրի 20-րդ կետով նախատեսված տեղեկատվությունն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում՝ նրա բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով։

22. Սույն ծրագրի 17-րդ կետով նախատեսված ժամկետում շահառուի հետ աշխատանքային պայմանագիր չկնքելու, կամ կնքված աշխատանքային պայմանագիրը մինչև պայմանագրի գործողության ժամկետի երեք ամիսը լրանալը լուծելու դեպքում գործատուն ծառայությանն է վճարում հատուցում՝ իր առաջարկությամբ կազմակերպված ուսուցման ընթացքում շահառուին որպես ուսման վարձի փոխհատուցում և կրթաթոշակ վճարված գումարի չափով՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 5-8-րդ, 10-13-րդ կետերով, 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 8-10-րդ կետերով նախատեսված հիմքերով լուծելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ գործատուն մեկամսյա ժամկետում նոր աշխատանքային պայմանագիր է կնքում նույն շահառուի հետ՝ առնվազն սույն ծրագրի 17-րդ կետում նշված պայմանագրով սահմանված ժամկետի չիրացված մասով։

 

ԳԼՈՒԽ 3. 2023 ԹՎԱԿԱՆԻՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԻՋՈՑՈՎ

 

23. Գործատուի կողմից շահառուի աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացն իր մոտ կազմակերպելու դեպքում` տարածքային կենտրոնի, գործատուի և շահառուի միջև կնքվում է աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացի կազմակերպման մասին եռակողմ պայմանագիր (այսուհետ` պայմանագիր 2), որի օրինակելի ձևը հաստատում է նախարարը։

24. Պայմանագիր 2-ը կնքելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում գործատուն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով շահառուի հետ կնքում է նորմալ աշխատաժամանակի ռեժիմով (մեկ դրույքով) աշխատանքային պայմանագիր՝ առնվազն վեց ամիս ժամկետով։

25. Շահառուի հետ աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո գործատուն երկու աշխատանքային օրվա ընթացքում աշխատանքային պայմանագրի պատճենը կամ էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակը ներկայացնում է տարածքային կենտրոն:

26. Շահառուի հետ աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո գործատուն երեք ամիս ժամկետով իր մոտ կազմակերպում է շահառուի աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթաց, որի ընթացքում գործատուին տրամադրվում է փոխհատուցում շահառուի աշխատավարձի վճարման համար` 165000 դրամի չափով, ամսական կտրվածքով՝ ներառյալ շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարը։

27. Գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացի կազմակերպումից հետո երեք ամիս ժամկետով, ամսական կտրվածքով, գործատուին տրվում է գումար առավելագույնը 50000 դրամի չափով՝ շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարը փոխհատուցելու համար։

28. Աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո գործատուն մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա հինգերորդ աշխատանքային օրը տարածքային կենտրոն է ներկայացնում տեղեկատվություն՝ նախորդ ամսվա ընթացքում աշխատողների աշխատած օրերի և նրանց աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի, դրոշմանիշային վճարի և օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարի չափի վերաբերյալ։

29. Սույն ծրագրի 26-րդ կետով նախատեսված աջակցությունը տրամադրվում է ամսվա լրիվ աշխատած օրերի համար, ընդ որում՝ ոչ լրիվ աշխատած ամսվա համար փոխհատուցման գումարի չափը հաշվարկվում է` փոխհատուցման ամսական գումարը բաժանելով տվյալ ամսվա աշխատանքային օրերի թվի վրա և բազմապատկելով լրիվ աշխատած օրերի թվով: Աջակցությունը տրամադրվում է գործատուին՝ նրա բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով։

30. Շահառուի ժամանակավոր անաշխատունակության և նպատակային արձակուրդում գտնվելու ժամանակահատվածների համար գործատուին փոխհատուցում չի տրամադրվում։

31. Սույն ծրագրի 24-րդ կետով նախատեսված աշխատանքային պայմանագիրը վեց ամսից շուտ լուծելու դեպքում գործատուն վերադարձնում է աշխատանքային փորձառության ընթացքում իրեն տրամադրված գումարից շահառուին որպես աշխատավարձ վճարված գումարը՝ բացառությամբ հետևյալ դեպքերի՝

1) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 5-8-րդ, 11-12-րդ, 13-րդ կետերով, 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 5-10-րդ կետերով նախատեսված հիմքերով լուծելու դեպքում.

2) երբ գործատուն մեկամսյա ժամկետում նոր աշխատանքային պայմանագիր է կնքում նույն շահառուի հետ՝ առնվազն սույն ծրագրի 24-րդ կետով նախատեսված աշխատանքային պայմանագրով սահմանված ժամկետի չիրացված մասով։

 

ԳԼՈՒԽ 4. 2023 ԹՎԱԿԱՆԻՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ

 

32. Այն դեպքում, երբ գործատուն առաջարկում է տարածքային կենտրոնին ուսուցման և իր մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացի կազմակերպում, տարածքային կենտրոնի, գործատուի և շահառուի միջև կնքվում է ուսուցման և աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացի կազմակերպման մասին եռակողմ պայմանագիր (այսուհետ` պայմանագիր 3), որի օրինակելի ձևը հաստատում է նախարարը։

33. Պայմանագիր 3-ի հիման վրա շահառուն ընդգրկվում է մինչև վեց ամիս տևողությամբ իրականացվող ուսուցման համապատասխան դասընթացում՝ ստանալով սույն ծրագրի 12-րդ կետով նախատեսված աջակցությունը՝ 11-րդ և 13-16-րդ կետերով նախատեսված ընթացակարգի ապահովման միջոցով։

34. Գործատուն շահառուի աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպելու նպատակով շահառուի ուսուցման վկայականը ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով շահառուի հետ կնքում է նորմալ աշխատաժամանակի ռեժիմով (մեկ դրույքով) աշխատանքային պայմանագիր՝ առնվազն վեց ամիս ժամկետով։ Աշխատանքային պայմանագիրը կնքվելուց հետո կիրառվում են սույն ծրագրի 25-30-րդ կետերով նախատեսված դրույթները։

35. Ուսուցումն ավարտելուց հետո առնվազն վեց ամիս ժամկետով աշխատանքային պայմանագիր չկնքելու դեպքում գործատուն ծառայությանն է վճարում հատուցում՝ իր առաջարկությամբ կազմակերպված ուսուցման ընթացքում շահառուին որպես ուսման վարձի փոխհատուցում և կրթաթոշակ վճարված գումարի չափով։

36. Այն դեպքում, երբ ուսուցումն ավարտվելուց հետո գործատուն առնվազն վեց ամիս ժամկետով կնքում է աշխատանքային պայմանագիր, սակայն դադարեցնում է աշխատանքային հարաբերությունները մինչև վեց ամիսը լրանալը, գործատուն պարտավորվում է ծառայությանը վճարել հատուցում ուսուցման ընթացքում շահառուին որպես ուսման վարձի փոխհատուցում և կրթաթոշակ վճարված գումարի չափով, ինչպես նաև վերադարձնել աշխատանքային փորձառության ընթացքում իրեն տրամադրված գումարից շահառուին որպես աշխատավարձ վճարված գումարը, բացառությամբ հետևյալ դեպքերի՝

1) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 5-8-րդ, 11-12-րդ, 13-րդ կետերով, 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 5-10-րդ կետերով նախատեսված հիմքերով լուծելու դեպքում.

2) երբ գործատուն մեկամսյա ժամկետում նոր աշխատանքային պայմանագիր է կնքում նույն շահառուի հետ՝ առնվազն աշխատանքային պայմանագրով սահմանված ժամկետի չիրացված մասով։

 

ԳԼՈՒԽ 5. ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ

 

37. Տարածքային կենտրոնն ամսական առնվազն մեկ անգամ իրականացնում է շահառուների ուսուցման դասընթացներին մասնակցության և (կամ) գործատուի կողմից շահառուի աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացի կազմակերպման ծրագրի կատարման ընթացքի մոնիթորինգ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

15.01.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ