Գլխավոր տեղեկություն
Համար
N 59-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.01.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.01.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.01.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 59-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 24-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 1-ի «Արմենիան Ֆյուչր» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Լուսագյուղ գյուղի զարգացում» ծրագրի մասին» N 24-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

30.01.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 59-Ա որոշման

 

«Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2019 թ.

մարտի 1-ի N 24-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԼՈՒՍԱԳՅՈՒՂ ԳՅՈՒՂԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

1․ Ներկայացվում է «Արմենիան Ֆյուչր» հիմնադրամի կողմից մշակված բարեգործական ծրագիրը՝ ուղղված Լուսագյուղ գյուղի զարգացմանը: Ներկայացված ծրագրի շրջանակում նախատեսվում է մշակել Լուսագյուղ գյուղի մաստեր պլանը, որն իր մեջ ներառելու է գյուղի ամբողջական ճարտարապետական և տնտեսական կոնցեպտը և համապատասխան այդ կոնցեպտի՝ իրականացվելու են լայնածավալ աշխատանքներ: Բարեգործական ծրագրի իրականացումն ուղղված է լինելու համայնքի սոցիալ-տնտեսական հետևյալ կարևորագույն խնդիրների լուծմանը ՝

1) մշակվելու է Լուսագյուղի ճարտարապետական հայեցակարգը, որը ենթադրում է բնակավայրի պատմամշակութային ավանդական արժեքներին համահունչ գյուղի ճարտարապետական դիմագծի ստեղծում.

2) կատարվելու է Լուսագյուղի տարածքում տեղակայված տների տեղազննություն, որի արդյունքում առավել անմխիթար (վթարային) վիճակում գտնվող տները կամրացվեն և կնորոգվեն՝ համաձայն գյուղի ընդհանուր ճարտարապետական նորամշակ հայեցակարգի.

3) ստացված ճարտարապետական կոնցեպտին են համապատասխանեցվելու գյուղում տեղակայված տների տանիքները, որոնց ոճային և գունային չափորոշիչները համապատասխանելու են գյուղի մաստեր պլանին, ընդ որում՝ սակավ ապահովված ընտանիքների տների տանիքները, անհրաժեշտության դեպքում, նաև ամբողջովին վերանորոգվելու են.

4) համաձայն մշակված ծրագրի՝ տնային տնտեսությունների ցանկապատները փոխարինվելու են բարձր որակական հատկանիշներով, դիզայներական նոր ու հետաքրքիր լուծումներով պատրաստված ցանկապատներով, որոնք իրենց որակով և արտաքին տեսքով նոր շունչ կհաղորդեն գյուղին.

5) իրականացվելու է ծառատունկ մինչև գյուղ տանող ճանապարհի եզրերին.

6) գազաֆիկացվելու են գյուղապետարանի և մանկապարտեզի շենքերը (գյուղի միակ չգազաֆիկացված կառույցները).

7) բարեկարգվելու է գյուղի կոյուղատար ցանցը, լրացվելու են դրա պակասող հատվածները.

8) վերանորոգվելու է գյուղի ոռոգման ցանցը, որի առկայությունը խթան կհանդիսանա գյուղատնտեսության զարգացման համար.

9) լուսագյուղի մուտքը և սկզբնամասը կվերակառուցվեն՝ ճարտարապետական ուրույն լուծումների միջոցով գյուղը դարձնելով առավել ճանաչելի, ինչպես Հայաստանի սահմաններում, այնպես էլ՝ Հայաստանի սահմաններից դուրս (համաձայն մաստեր պլանի).

10) նախատեսվում է նաև վերանորոգել գյուղի գերեզմանատան ցանկապատը՝ գյուղի ճարտարապետական ընդհանուր հայեցակարգի հիման վրա։

11) գյուղի հիմնական տեսքի բաղկացուցիչ մաս հանդիսացող տների (տեղակայված հիմնական փողոցներում) ճակատային հատվածներին կտրվեն շրջակա միջավայրին ներդաշնակ դիզայներական լուծումներ՝ համաձայն գյուղի նորամշակ մաստեր պլանի և սակավ ապահով ընտանիքների տների ճակատային մասերն անհրաժեշտության դեպքում կվերանորոգվեն:

 

2․ Աջակցել բնության և շրջակա միջավայրի պահպանմանը և զբոսաշրջության զարգացմանը՝

1) բարեգործական հիմնադրամը իր միջոցների հաշվին նախատեսում է ձեռք բերել արևային էներգիայի համակարգեր, որոնք անհատույց տեղադրվելու են Լուսագյուղի համայնքային շինությունների տանիքներին: Արդյունքում էականորեն կնվազի գյուղի էլեկտրաէներգիայի ծախսը, այդ թվում՝ փողոցային լուսավորության համար անհրաժեշտ մասով, իսկ գոյացող էլեկտրաէներգիան կլինի էկոլոգիապես մաքուր, որը կունենա նաև դրական ազդեցություն շրջակա միջավայրի էկոլոգիայի վրա.

2) Լուսագյուղի տարածքում նախատեսվում է կառուցել նաև հանգստի գոտի, որը տեղակայված է լինելու պատմամշակութային մեծ արժեք ներկայացնող Թուխ Մանուկ վանքից ոչ հեռու: Վերջինս համայնքի կարևորագույն տեսարժան վայրերից մեկն է: Հանգստի գոտին հագեցած է լինելու գործնական և ժամանցային հնարավորություններով՝ ծառայելով գյուղ այցելող զբոսաշրջիկներին և հյուրերին: Դրա շնորհիվ զգալի չափով կբարձրանա նաև գյուղի գրավչությունը՝ որպես զբոսաշրջային վայր, ինչը կխթանի զբոսաշրջիկների հոսքեր դեպի գյուղ և համապատասխանաբար՝ զգալի կերպով կնպաստի հարակից ոլորտների զարգացմանը, ինչպես նաև կապահովի մեծ թվով նոր աշխատատեղեր, որոնք առավելապես համալրվելու են տեղի բնակիչներով։

 

3․ Աջակցել աշխատատեղերի ստեղծման կամ գործազուրկների վերապատրաստման ճանապարհով սոցիալական օգնության կարիք ունեցող գործազուրկներին՝ աշխատանքի տեղավորման հարցում`

 

1) տեղական և համաշխարհային լավագույն փորձի հիման վրա կառուցվելու է գյուղատնտեսական մթերքի և ժողովրդական արհեստների արհեստանոց-տոնավաճառ՝ Լուսագյուղի բնակիչների համար, որը հագեցված կլինի անհրաժեշտ բոլոր սարքավորումներով և գույքով՝ պատրաստելու, պահելու և վաճառելու համար: Համապատասխան հմտություններով օժտված բնակիչներն անհատույց օգտագործելու են նշված հարթակը՝ իրացնելով իրենց հմտությունները, որով և կապահովվի նրանց զբաղվածությունը:

2) կառուցվելու է կաթի մթերման կետ և պանրի ու կաթնամթերքի արտադրամաս՝ արտադրանքը համտեսելու հարթակով, որը հնարավորություն կտա գյուղին իրացնելու կաթի ստացման ներուժը, ինչպես նաև կապահովի առնվազն 8-12 նոր աշխատատեղ միայն առաջին փուլի արդյունքում՝ ունենալով աճի միտում։

 

4․ Աջակցել համայնքի զարգացմանը, այդ թվում՝ գիտության, կրթության, արվեստի, գրականության և առողջապահության զարգացմանը`

1) կառուցվելու և անհրաժեշտ գույքով ու տեխնիկայով հագեցվելու են Լուսագյուղի դպրոցի և մարզադահլիճի ամբողջովին նոր մասնաշենքեր՝ նորագույն կրթական նորմերով և առաջադեմ լուծումներով.

2) դպրոցի մարզադահլիճը հագեցված է լինելու նաև անհրաժեշտ ողջ գույքով և տեխնիկայով՝ համերգներ և մշակութային այլ միջոցառումներ կազմակերպելու համար՝ ծառայելով ոչ միայն դպրոցին, այլ նաև գյուղի ամբողջ բնակչությանը.

3) կառուցվելու է ամբողջովին նոր վարչական շենք՝ վարչական ղեկավարի, բուժկետի և ոստիկանակետի համար՝ համապատասխան անհրաժեշտ պահանջներին:

 

5․ Աջակցել սպորտի և ֆիզկուլտուրայի ոլորտների ծրագրերի իրականացմանը`

 

1) սպորտային հրապարակի կառուցում, որից կարող են օգտվել տարբեր սպորտաձևերով (թենիս, ֆուտբոլ, ծանրամարտ և այլն) մարզվելու ցանկություն ունեցող բնակիչները ինչպես Լուսագյուղից, այնպես էլ՝ ամբողջ Ապարան համայնքից: Նախատեսվում է կառուցել նաև լողավազան.

2) խաղահրապարակի կառուցում Լուսագյուղի երեխաների համար՝ հագեցված խաղային և սպորտային պարագաներով:

 

6․ Հանգստի գոտու շահագործման համար անհրաժեշտ հողատարածքները նախատեսվում է ձեռք բերել ուղղակի վաճառքի միջոցով, որի դիմաց «Արմենիան Ֆյուչր» հիմնադրամը պարտավորվում է`

1) կատարել անհրաժեշտ ծավալի ներդրումներ նշված ենթակառուցվածքները ստեղծելու, պահպանելու և շահագործելու համար.

2) ձեռք բերված հողատարածքներն օգտագործել բացառապես ծրագրի իրականացման նպատակով.

3) նշված ենթակառուցվածքների շահագործման արդյունքում հիմնադրամում գոյացած ամբողջ եկամուտն ուղղել Լուսագյուղ գյուղի շարունակական զարգացմանը և հիմնադրամի կանոնադրական նպատակներին, այդ թվում՝ ծրագրի ավարտից հետո:

 

7․ Կառուցվող դպրոցը, մարզադաշտը, խաղահրապարակը և վարչական շենքը կառուցման աշխատանքների ավարտից հետո անհատույց տրամադրվելու են համայնքին՝ որպես սեփականություն:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարումների գծով օրենքով նախատեսված արտոնություններից:

3.

Բարեգործը

«Արմենիան Ֆյուչր» բարեգործական հիմնադրամ, հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Հյուսիսային պողոտա 1, ՀՎՀՀ՝ 02680994, «Վոլոգդայի շրջանի հայերի միություն» տարածքային հասարակական կազմակերպություն՝ 162604, Վոլոգդայի շրջան, քաղ. Չերեպովեց, Կիրիլյան խճուղի, տուն 52, ՀՎՀՀ՝ 3528147857/352801001, անհատ բարերար՝ Կարեն Ֆելիքսի Խաչատրյան՝ ծնված 03.10.1969

թվականի, Ռուսաստանի Դաշնություն, անձնագիր N 45 14 769521

4.

Ծրագիրը կատարողը

«Արմենիան Ֆյուչր» բարեգործական հիմնադրամ, հասցեն՝ ՀՀ, քաղ. Երևան, Հյուսիսային պողոտա 1, ՀՎՀՀ՝ 02680994

5.

Ծրագրի իրականացման

վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, Արագածոտնի մարզ, Ապարան համայնք, գյուղ Լուսագյուղ, բնագավառը՝ համայնքային զարգացում

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի իրականացման բյուջեն կազմում է 4,124,340,000 դրամ (հիմնադրամի ֆինանսավորման աղբյուրը հիմնադրամի հիմնադիրների անձնական խնայողություններն են):

7.

Բարեգործություն ստացողը

Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Լուսագյուղ գյուղի բնակիչները (Լուսագյուղի ընտրության նախապատվությունը պայմանավորված է եղել գյուղական համայնքների շրջանում իրականացված վերլուծության արդյունքներով, որի ընթացքում դիտարկվել են մի շարք կարևորագույն գործոններ, որոնց թվին են դասվում տվյալ գյուղական համայնքի առկա սոցիալ-տնտեսական վիճակը, զարգացվածության մակարդակը, տեղի բնակիչների թվաքանակը, հակվածությունը դեպի տարաբնույթ տնտեսական ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև դիտարկվել են առկա խնդիրները, դրանց բարդության աստիճանը, լուծման ուղիները: Հաշվի են առնվել գյուղի զարգացման համար առկա նախադրյալները, ինչպես նաև համայնքում մոտիվացված բնակիչների առկայությունը՝

ծրագրի իրականացման գործընթացում ներգրավելու համար):

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2027 թվականի հունիսի 1-ը:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Լուսագյուղի ճարտարապետական նախագծային աշխատանքների իրականացում, նախատեսվող ծախսերը՝ 110,000,000 դրամ, իրականացվելու է 2019-2024 թթ․ ընթացքում:

 

2. Լուսագյուղի տարածքի ենթակառուցվածքների նախագծում, նախատեսվող ծախսերը՝ 16,070,000 դրամ, իրականացվելու է 2019-2022 թթ․ ընթացքում:

 

3. Բնակելի նշանակության գույքի կառուցապատման, շինմոնտաժային, վերանորոգման և հարդարման աշխատանքների իրականացում, նախատեսվող ծախսերը՝ 389,841,000 դրամ, իրականացվելու է 2019 - 2026 թթ. ընթացքում:

 

4. Դպրոցի, հանգստի գոտու, կաթի մթերման կետի և ծրագրով նախատեսված այլ կառույցների կառուցապատման, շինմոնտաժային, վերանորոգման և հարդարման աշխատանքների իրականացում, նախատեսվող ծախսերը՝ 1,685,536,000 դրամ, իրականացվելու է 2019 - 2026 թթ. ընթացքում:

 

5. Ենթակառուցվածքների կառուցապատման, շինմոնտաժային, վերանորոգման աշխատանքների իրականացում, նախատեսվող ծախսերը՝ 76,780,000 դրամ, իրականացվելու է 2019 - 2027 թթ. ընթացքում:

 

6. Ծրագրի իրականացման շրջանակներում անհրաժեշտ տեխնիկայի, սարքավորումների, գույքի և կահավորանքի ներմուծում կամ ձեռքբերում, նախատեսվող ծախսերը՝ 578,131,000 դրամ, իրականցվելու է 2019 – 2027 թթ. (այս կետում նշված են՝ դպրոցի, գյուղապետարանի և ծրագրով նախատեսված այլ շինությունների համար անհրաժեշտ գույք, տեխնիկա և կահավորանք, նմանատիպ անհրաժեշտ այլ տեխնիկա, գյուղմթերքների պատրաստման, վերամշակման և պահպանման համար անհրաժեշտ սարքավորումներ, տեխնիկա և այլն):

 

7. Բոլոր տեսակի շինարարական աշխատանքների համար անհրաժեշտ շինանյութի ձեռքբերում, նախատեսվող ծախսերը՝ 665,675,000 դրամ, իրականացվելու է 2019–2027 թթ. ընթացքում:

 

8. Աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ հողատարածքների ձեռքբերում, նախատեսվող ծախսերը՝ 75,307,000 դրամ, իրականացվելու է 2019-2025 թթ. ընթացքում:

 

9. Գեոդեզիա, չափագրում և այլ մասնագիտական անհրաժեշտ ուսումնասիրություններ, նախատեսվող ծախսերը՝ 20,000,000 դրամ, իրականացվելու է 2019-2026 թթ. ընթացքում:

 

10. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը՝ 507,000,000 դրամ, իրականացվելու է 2019-2027 թթ. ընթացքում:

 

ԸՆդամենը՝ 4,124,340,000 դրամ

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Նախագծային աշխատանքներ՝ 126,070,000 դրամ:

2. Շինարարություն, վերանորոգում և բարեկարգում՝ 2,172,157,000 դրամ:

3. Շինանյութի ձեռքբերում և (կամ) ներմուծում՝ 665,675,000 դրամ:

4. Նախատեսված տեխնիկայի, կահույքի և այլ գույքի ձեռքբերում և (կամ) ներմուծում` 578,131,000 դրամ:

5. Ծառայությունների ձեռքբերում` 346,680,000 դրամ:

6. Վառելիք և գրասենյակային ծախսեր` 25,600,000 դրամ:

7. Հողի ձեռքբերում` 75,307,000 դրամ:

 

Ընդամենը` 3,989,620,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

1. վարչական աշխատակիցների աշխատավարձ` 87,200,000:

2. գրասենյակային ծախսեր (գրենական պիտույքներ, աքսեսուարներ, կոմունալ ծախսեր և այլ)` 12,000,000

3. գործուղման ծախսեր` 47,520,000

4. վառելիք` 13,600,000

5. այլ մասնագիտական ծառայությունների և խորհրդատվության մատուցում (հաշվապահություն, աուդիտորական, իրավաբանություն, անվտանգություն և այլն)` 346,680,000

 

Ընդամենը (8 տարվա ընթացքում)` 507,000,000

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Համագործակցությունը նախատեսվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի աշխատակազմի և Ապարանի համայնքապետարանի հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

1. «Արմենիան Ֆյուչր» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը՝ ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ տեղեկատվության պարբերաբար ստացման միջոցով:

2. ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով լիազոր մարմնին տեղեկությունների ներկայացման միջոցով:

3. Հիմնադրամն անցնում է տարեկան ֆինանսական աուդիտ, որի արդյունքները հրապարակվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

»:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Տ. Խաչատրյան

 

30.01.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ