Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 127
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.09.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.01.08-2024.01.21 Պաշտոնական հրապարակման օրը 10.01.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
22.08.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.08.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.09.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 օգոստոսի 2023 թվականի

թիվ 127

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՎ ՀԵՏԱԳԾՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ՝ ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՀԵՏԱԳԾՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ ԱՌԱՋԱՆԱԼՈՒ ԵՎ (ԿԱՄ) ՉԱՐՏՈՆՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ, ԼԻԱԶՈՐՎԱԾ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ (ՄԱՐՄԻՆՆԵՐԻ) ԵՎ ՀՍԿՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

2022 թվականի մայիսի 19-ի «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագրի 11-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներով հետագծման օբյեկտների փոխադրման՝ նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ հետագծման ընթացքում արտակարգ իրավիճակ առաջանալու և (կամ) չարտոնված գործողություններ իրականացնելու պարագայում ազգային օպերատորների, լիազորված օպերատորների (մարմինների) և հսկող մարմինների կողմից գործողությունների կատարման կարգը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2023 թվականի օգոստոսի 22-ի

թիվ 127 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներով հետագծման օբյեկտների փոխադրման՝ նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ հետագծման ընթացքում արտակարգ իրավիճակ առաջանալու և (կամ) չարտոնված գործողություններ իրականացնելու պարագայում ազգային օպերատորների, լիազորված օպերատորների (մարմինների) և հսկող մարմինների կողմից գործողությունները կատարելու

 

1. Սույն կարգով սահմանվում են արտակարգ իրավիճակ առաջանալու և (կամ) չարտոնված գործողություններ իրականացնելու պարագայում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներով հետագծման օբյեկտների փոխադրումը հետագծող (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություններ, փոխադրում) ազգային օպերատորների, այլ անդամ պետությունների ազգային օպերատորների և լիազորված օպերատորների (մարմինների), ինչպես նաև այն անդամ պետությունների հսկող մարմինների, որոնց փոխանցվել են արտակարգ իրավիճակի առաջացման և (կամ) չարտոնված գործողությունների իրականացման մասին տեղեկությունները, գործողությունների կատարման կանոնները։

2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները կիրառվում են 2022 թվականի ապրիլի 19-ի «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագրով սահմանված իմաստներով։

3. Այն դեպքում, երբ փոխադրումը հետագծելիս օգտագործվում է այն անդամ պետության ազգային օպերատորի տեղեկատվական համակարգում գրանցված նավիգացիոն կապարակնիքը, որի տարածքում սկսվել է փոխադրման հետագծումը, և այդ տեղեկատվական համակարգը գրանցում է փոխադրման հետագծման ընթացքում արտակարգ իրավիճակի առաջացման և (կամ) չարտոնված գործողության իրականացման վերաբերյալ տեղեկությունները, նշված ազգային օպերատորը հնարավորինս կարճ ժամկետում փոխանցում է ստացված տեղեկություններն իր անդամ պետության լիազորված օպերատորին (մարմնին) (բացառությամբ այն դեպքի, երբ ազգային օպերատորը և լիազորված օպերատորը (մարմինը) մեկ անձ են):

4. Այն դեպքում, երբ փոխադրումը հետագծելիս օգտագործվում է այլ անդամ պետության ազգային օպերատորի տեղեկատվական համակարգում գրանցված նավիգացիոն կապարակնիքը, քան այն անդամ պետությանը, որի տարածքում սկսվել է փոխադրման հետագծումը, արտակարգ իրավիճակի առաջացման և (կամ) չարտոնված գործողության իրականացման վերաբերյալ տեղեկություններն արձանագրվում են այն անդամ պետության ազգային օպերատորի տեղեկատվական համակարգում, որտեղ գրանցված է նավիգացիոն կապարակնիքը, և այդ ազգային օպերատորի կողմից ուղարկվում է իր անդամ պետության լիազորված օպերատորին (մարմին)։

Նշված տեղեկություններն ստանալուց հետո անդամ պետության լիազորված օպերատորը (մարմինը) այն ուղարկում է այն անդամ պետության լիազորված օպերատորին (մարմին), որի տարածքում սկսվել է այդպիսի փոխադրման հետագծումը։

5. Արտակարգ իրավիճակի առաջացման և (կամ) չարտոնված գործողության իրականացման վերաբերյալ տեղեկություններն ստանալուց հետո այն անդամ պետության լիազորված օպերատորը (մարմինը), որի տարածքում սկսվել է փոխադրման հետագծումը, հնարավոր կարճ ժամկետում այդպիսի տեղեկություններն ուղարկում է այն անդամ պետության լիազորված օպերատորին (մարմին), որի տարածքում առաջացել է արտակարգ իրավիճակ և (կամ) իրականացվել է չարտոնված գործողություն։

6. Արտակարգ իրավիճակի հետևանքները վերացնելու և (կամ) չարտոնված գործողությունն իրականացնելու դեպքում անհրաժեշտ արձագանքման միջոցներ ձեռնարկելու նպատակով այն անդամ պետության լիազորված օպերատորը (մարմինը), որի տարածքում առաջացել է արտակարգ իրավիճակ և (կամ) իրականացվել է չարտոնված գործողություն, փոխգործակցություն է ապահովում մյուս այն անդամ պետությունների լիազորված օպերատորների (մարմինների) հետ, որոնց տարածքներով կփոխադրվեն (փոխադրվում են) հետագծման օբյեկտները, ինչպես նաև իր անդամ պետության հսկող մարմնի և ազգային օպերատորի հետ։

7. Այն անդամ պետության լիազորված օպերատորը (մարմինը), որի տարածքում առաջացել է արտակարգ իրավիճակ, և (կամ) իրականացվել է չարտոնված գործողություն, սույն կարգի 5-րդ կետին համապատասխան՝ տեղեկությունները ստանալուց հետո 30 րոպեի ընթացքում՝

ա) պարզում է հետագծման օբյեկտների գտնվելու վայրը, իսկ նավիգացիոն կապարակնիքի հետ կապի բացակայության դեպքում՝ նավիգացիոն կապարակնիքի հետ վերջին տեղեկատվական փոխգործակցության հիման վրա հետագծման օբյեկտների գտնվելու վայրը.

բ) պայմանավորված նավիգացիոն կապարակնիքի հետ տեղի ունեցած իրադարձությամբ՝ իրականացնում է այդ տեղեկությունների հաստատման հետ կապված գործողություններ, անհրաժեշտության դեպքում կապ է հաստատում ավտոմոբիլային տրանսպորտային միջոցի վարորդի (երկաթուղային փոխադրողի) հետ և հստակեցնում արտակարգ իրավիճակի առաջացման և (կամ) չարտոնված գործողությունների իրականացման հանգամանքները.

գ) այդ տեղեկությունները հաստատելու կամ 30 րոպեի ընթացքում ավտոմոբիլային տրանսպորտային միջոցի վարորդի (երկաթուղային փոխադրողի) հետ կապ հաստատելու անհնարինության դեպքում արտակարգ իրավիճակի առաջացման և (կամ) չարտոնված գործողության իրականացման մասին կազմում է հաղորդագրություն և այն ուղարկում իր անդամ պետության հսկող մարմին, ինչպես նաև սույն կարգի 6-րդ կետին համապատասխան՝ այն անդամ պետությունների լիազորված օպերատորներին (մարմիններ), որոնց տարածքներում կփոխադրվեն (փոխադրվում են) հետագծման օբյեկտները:

8. Այն անդամ պետության հոսկող մարմինը, որի տարածքում առաջացել է արտակարգ իրավիճակ, և (կամ) իրականացվել է չարտոնված գործողություն՝

ա) տեղեկացնում է իր անդամ պետության լիազորված օպերատորին (մարմնին) արտակարգ իրավիճակի առաջացման և (կամ) չարտոնված գործողության իրականացման վերաբերյալ հաղորդագրությունն ընդունելու մասին.

բ) ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ՝ առաջացած արտակարգ իրավիճակին և (կամ) իրականացված չարտոնված գործողություններին արձագանքելու համար, այդ թվում՝ ռիսկերի կառավարման համակարգի օգտագործմամբ.

գ) առաջացած արտակարգ իրավիճակին և (կամ) իրականացված չարտոնված գործողությանն արձագանքելու համար ձեռնարկված միջոցների արդյունքների հիման վրա տեղեկացնում է իր անդամ պետության լիազորված օպերատորին (մարմնին) հետևյալ որոշումներից մեկի մասին.

կապարակնքման տարրի միակցման անհրաժեշտություն.

նավիգացիոն կապարակնիքի ապաակտիվացման և այդպիսի կապարակնիքի կիրառմամբ փոխադրման հետագծման ավարտի անհրաժեշտություն.

նավիգացիոն կապարակնիքի և (կամ) նավիգացիոն կապարակնիքի կապարակնքման տարրի փոխարինման անհրաժեշտություն.

փոխադրման շարունակություն (այդ թվում՝ պայմանավորված փոխադրման պայմաններով՝ նավիգացիոն կապարակնիքի կարգաբերվող պարամետրերը փոփոխելու միջոցով):

9. Այն դեպքում, երբ այն անդամ պետության լիազորված օպերատորը (մարմինը), որի տարածքում առաջացել է արտակարգ իրավիճակ և (կամ) իրականացվել է չարտոնված գործողություն, տեղեկացվել է իր անդամ պետության հսկող մարմնի կողմից փոխադրումը շարունակելու վերաբերյալ որոշում կայացնելու մասին, այդ փոխադրման ընթացքում արտակարգ իրավիճակի առաջացման և (կամ) չարտոնված գործողության իրականացման մասին կրկնակի հաղորդագրություն չի ուղարկվում:

10. Այն դեպքում, երբ հետագծման օբյեկտը, որի նկատմամբ առաջացել է արտակարգ իրավիճակ և (կամ) իրականացվել է չարտոնված գործողություն, մինչև սույն կարգի 8-րդ կետում նշված միջոցառումների ավարտը լքել է այն անդամ պետության տարածքը, որի տարածքում առաջացել է արտակարգ իրավիճակ և (կամ) իրականացվել է չարտոնված գործողություն, այդպիսի անդամ պետության լիազորված օպերատորը (մարմինը) այն անդամ պետության լիազորված օպերատորի (մարմնի) միջոցով, որի տարածքում սկսվել է այդպիսի փոխադրման հետագծումը, տեղեկացնում է այդ մասին այն անդամ պետության լիազոր օպերատորին (մարմնին), որի տարածքում գտնվում է հետագծման օբյեկտը։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական: