Գլխավոր տեղեկություն
Համար
N 274-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (21.01.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.03.24/18(1293) Հոդ.296
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.03.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.03.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.04.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 մարտի 2017 թվականի N 274-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1307-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Չիկագոյի կոնվենցիայի «N 17 Անվտանգություն» միջազգային քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության գործողություններից հավելվածի ու Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանս կազմակերպության Անվտանգության կանոնակարգերի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 25.03.21 N 420-Ն, 11.01.24 N 41-Ն)

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության որակի հսկողության ազգային ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի մասին» N 1307-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) հավելվածի 29-րդ կետի`

ա. «ա» ենթակետում «կատարում տեսչական ստուգումներ» բառերը փոխարինել «իրականացնում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության որակի հսկողության ազգային ծրագրով նախատեսված՝ ավիացիոն անվտանգության համակարգի համալիր և թեմատիկ աուդիտներ, տեսչական գործառույթներ, փորձարկումներ, ուսումնասիրություններ և դիտարկումներ» բառերով,

բ. «է» ենթակետից հանել «իրականացնում է քաղաքացիական ավիացիայի անվտանգության ապահովման որակի հսկողության ազգային ծրագրի մշակման և պահպանման միջոցառումներ,» բառերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. մարտի 23

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

մարտի 16-ի N 274-Ն որոշման

 

Ա Զ Գ Ա Յ Ի Ն   Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության որակի հսկողության ազգային ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր) մշակվել է «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի, «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի (այսուհետ` կոնվենցիա) «N 17 Անվտանգություն» միջազգային քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության գործողություններից հավելվածի և Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանս (ԵԿԱԿ) կազմակերպության «Անվտանգության կանոնակարգեր» (այսուհետ՝ կանոնակարգ) (Դոկ. 30) փաստաթղթի դրույթների հիման վրա:

(1-ին կետը փոփ. 25.03.21 N 420-Ն)

1.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության միջոցառումների արդյունավետ իրականացումը քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության համակարգի հիմնարար բաղադրիչներից է: Որակի հսկողության միջոցառումները հանդիսանում են որպես քաղաքացիական ավիացիայի ոլորտում ավիացիոն անվտանգության համակարգի աշխատանքների մոնիթորինգի իրականացման մեթոդներ և միջոցներ, որոնք օգտագործվում են պետության կողմից քաղաքացիական ավիացիայի անվտանգության համակարգի վիճակը գնահատելու, իսկ, անհրաժեշտության դեպքում, հայտնաբերված թերությունները վերացնելու համար:

(1.1-ին կետը լրաց. 25.03.21 N 420-Ն)

1.2. Անհրաժեշտության դեպքում, ծրագրի մեջ փոփոխությունները և լրացումները կատարվում են «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, կոնվենցիայի «Անվտանգություն. Միջազգային քաղաքացիական ավիացիայի պաշտպանություն անօրինական միջամտության գործողություններից» N 17 հավելվածում փոփոխությունների, լրացումների, նոր ընդունված ստանդարտների և առաջարկվող գործելաձևերի, ինչպես նաև սույն փաստաթղթի դրույթների արդյունավետության վերլուծության և գնահատման հիման վրա։

(1.2-րդ կետը լրաց. 25.03.21 N 420-Ն)

1.3. Ծրագրի մշակումը, ներդրումը, իրականացումը և պահպանումն ապահովվում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից։

(1.3-րդ կետը լրաց. 25.03.21 N 420-Ն)

1.4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության համակարգի կառուցվածքը հետևյալն է՝

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտե (այսուհետ` կոմիտե).

2) օդանավակայաններ.

3) օդանավ շահագործողներ.

4) օդային երթևեկության սպասարկումներ իրականացնող կազմակերպություններ.

5) ավիացիոն անվտանգության գործառույթներ իրականացնող կազմակերպություններ։

Ավիացիոն անվտանգության միջոցառումներ իրականացնող օդանավակայանները, օդանավ շահագործողները, օդային երթևեկության սպասարկումներ իրականացնող և ավիացիոն անվտանգության գործառույթներ իրականացնող կազմակերպությունները մշակում, իրականացնում և պահպանում են ներքին որակի հսկողության ծրագրեր, որոնք ներառում են իրենց գործառույթներին համապատասխան որակի հսկողության միջոցառումներ։

(1.4-րդ կետը լրաց. 25.03.21 N 420-Ն)

1.5. Ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության համակարգի կանոնակարգումը նպաստում է ավիացիոն անվտանգության որակի հսկողության միջոցառումների արդյունավետ իրականացմանը, օգնում է ապահովելու քաղաքացիական ավիացիան անօրինական միջամտության գործողություններից պաշտպանության համապատասխան մակարդակ, կարգավորում է պատասխանատվության ոլորտները, գործընթացները և ընթացակարգերը, որոնք նպաստում են ավիացիոն անվտանգության շարունակական կատարելագործմանը, քաղաքացիական ավիացիայի անվտանգ միջավայրի և մշակույթի ստեղծմանը:

(1.5-րդ կետը լրաց. 25.03.21 N 420-Ն)

1.6. Ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության համակարգի հիմնական նպատակներն են՝

1) ավիացիոն անվտանգության ոլորտում որակի վերահսկման ազգային համակարգի ստեղծումը.

2) ոլորտը կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխան օդանավակայանների, օդանավ շահագործողների, օդային երթևեկության սպասարկումներ իրականացնող կազմակերպությունների, ինչպես նաև ավիացիոն անվտանգության գործառույթներ իրականացնող կազմակերպությունների կողմից ավիացիոն անվտանգության աշխատանքների կատարման վերահսկողությունը.

3) կարգավորող իրավական ակտերի պահանջների կատարման արդյունավետության ապահովումը.

4) սահմանված պահանջների խախտումների հայտնաբերում (թերությունների հայտնաբերում) և դրանց վերացմանն ուղղված գործողությունների իրականացման նկատմամբ վերահսկողությունը։

(1.6-րդ կետը լրաց. 25.03.21 N 420-Ն)

2. Ծրագրի նպատակներն են՝

1) ծրագրի 1-ին կետում նշված փաստաթղթերի չափորոշիչներին Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ոլորտում իրականացվող միջոցառումների որակի համապատասխանությունն ապահովելը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N 1307-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի (այսուհետ՝ ազգային ծրագիր) արդյունավետ իրականացումը գնահատելը և հավաստիանալը, որ ավիացիոն անվտանգության միջոցառումները և ընթացակարգերն իրականացվում են շարունակական սկզբունքով՝ ծրագրի 1-ին կետում նշված փաստաթղթերով և ազգային ծրագրով սահմանված չափորոշիչներին համապատասխան (այսուհետ՝ համապատասխանություն).

3) ավիացիոն անվտանգության չափորոշիչների և ընթացակարգերի թերությունները հայտնաբերելը և դրանց վերացումն ապահովելը.

4) քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության համակարգում բարելավում պահանջող ոլորտները բացահայտելը և պետական վերահսկողության ներքո գտնվող կազմակերպություններին խորհրդատվություն ու փորձագիտական օգնություն տրամադրելը:

3. Ավիացիոն անվտանգության ոլորտում իրականացվող որակի հսկողության աշխատանքների ընթացքում ստուգվում են ծրագրի 1-ին կետում նշված փաստաթղթերով և ազգային ծրագրով սահմանված ավիացիոն անվտանգության միջոցառումները, այդ թվում՝ նաև ավիացիոն անվտանգության ոլորտում վարվող քաղաքականության համապատասխանությունը միջազգայնորեն ընդունված չափորոշիչներին:

4. Ծրագրով սահմանված նպատակներին հասնելու համար Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում, Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործող կազմակերպություններում և ավիացիոն այլ գործունեություն իրականացնող կազմակերպություններում (այսուհետ՝ կազմակերպություն) ավիացիոն անվտանգության մասով իրականացվող աշխատանքների որակի հսկողության միջոցառումները հնարավորինս պետք է լինեն համապարփակ և պետք է ընդգրկեն ազգային ծրագրով տվյալ կազմակերպությունների նկատմամբ սահմանված միջոցառումները:

5. Ծրագրի դրույթները տարածվում են միջազգային և ներքին օդային փոխադրումներն սպասարկող Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավակայանների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից օդային փոխադրումներ իրականացնող Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների օդանավ շահագործողների վրա:

6. Ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության միջոցառումների պարբերական իրականացումը նպատակ ունի ուսումնասիրելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումների արդյունավետությունը, ստուգելու օդանավակայաններում ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների և փոստի սպասարկման գործընթացի անվտանգության մակարդակը, գնահատելու կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծառայությունների կողմից կիրառվող ավիացիոն անվտանգության ընթացակարգերը, բացահայտելու դրանցում առկա թերություններն ու խոցելի կետերը:

7. Ծրագրի 1-ին կետում նշված փաստաթղթերի որակի հսկողության վերաբերյալ դրույթների և սահմանված չափորոշիչների փոփոխությունների դեպքում դրանց համապատասխան փոփոխություններ են կատարվում նաև ծրագրում:

8. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության միջոցառումների իրականացման լիազոր մարմին է հանդիսանում կոմիտեն, որը ծրագրի 1-ին կետում նշված փաստաթղթերով, Ազգային ծրագրով սահմանված ավիացիոն անվտանգության չափանիշների համապատասխանության ապահովման նպատակով և «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան իրականացնում է պետական վերահսկողություն՝ ավիացիոն անվտանգության համակարգի աշխատանքների աուդիտների, տեսչական գործառույթների, փորձարկումների, ուսումնասիրությունների և դիտարկումների (այսուհետ՝ միջոցառում) միջոցով։

(8-րդ կետը խմբ. 25.03.21 N 420-Ն, փոփ. 11.01.24 N 41-Ն)

9. «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և ծրագրով սահմանված պահանջներին համապատասխան ավիացիոն անվտանգության միջոցառումների որակի հսկողության աշխատանքներն իրականացվում են կոմիտեի ավիացիոն անվտանգության ստորաբաժանման որակի հսկողության սերտիֆիկատ ունեցող հաստիքային աշխատողների՝ գլխավոր մասնագետ-տեսուչների կամ կոմիտեի կողմից հաստատված կազմակերպության կողմից, որը կարող է իրականացնել ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության միջոցառումներ կոմիտեի անունից՝ սույն ծրագրի դրույթներին համապատասխան:

(9-րդ կետը խմբ. 25.03.21 N 420-Ն, փոփ. 11.01.24 N 41-Ն)

9.1. (կետն ուժը կորցրել է 11.01.24 N 41-Ն)

9.2. Ավիացիոն անվտանգության ստորաբաժանման գլխավոր մասնագետ-տեսուչներն իրենց մասնագիտական գիտելիքների և ունակությունների շարունակական կատարելագործման նպատակով պարբերաբար պետք է մասնակցեն ԻԿԱՕ, ԵԿԱԿ և այլ միջազգային ավիացիոն կազմակերպությունների կողմից կազմակերպված ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության գլխավոր մասնագետ-տեսուչների ուսուցման և վերապատրաստման դասընթացներին և ստանան համապատասխանության վկայականներ, որից հետո կոմիտեում ներքին ընթացակարգերով սահմանված կարգով անցնեն համապատասխանության գնահատում և կոմիտեի կողմից վկայականները ճանաչվեն։

(9.2-րդ կետը լրաց. 25.03.21 N 420-Ն, փոփ. 11.01.24 N 41-Ն)

9.3. Ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության միջոցառումներ իրականացնող գլխավոր մասնագետ-տեսուչները պետք է՝

1) մասնակցեն որակի հսկողության միջոցառման նախապատրաստմանը.

2) ծանոթանան փաստաթղթերին, ընթացակարգերին և կանոններին, անցկացնեն հանդիպումներ և քննարկումներ մասնակից բոլոր աշխատակիցների հետ, իրականացնեն փորձարկումներ, եթե դրանք նախատեսված են.

3) ամբողջությամբ կամ մասնակիորեն պատրաստեն զեկույց և որակի հսկման միջոցառման ընթացքում օգտագործված նյութերը (գրառումներ, լուսանկարներ և այլն) ներկայացնեն կոմիտեի նախագահին:

(9.3-րդ կետը լրաց. 25.03.21 N 420-Ն, փոփ. 11.01.24 N 41-Ն)

9.4. Կոմիտեի կողմից ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության գլխավոր մասնագետ-տեսուչները «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի համաձայն իրավասու են անարգել մուտք գործելու քաղաքացիական ավիացիայի ծառայություններ և շինություններ, ստուգելու վերգետնյա միջոցները, գտնվելու օդանավում ինչպես գետնի վրա, այնպես էլ թռիչքի ընթացքում, իսկ պետական օդանավերի դեպքում, անհրաժեշտության դեպքում, համապատասխան պետական կառավարման մարմնի համաձայնությամբ, ինչպես նաև իրեն վերապահված լիազորության շրջանակում պահանջելու փաստաթղթեր, տվյալներ, բացատրություններ և այլ տեղեկություններ՝ ներառյալ համակարգիչներում պահվող տեղեկությունները:

Նշված ներկայացուցիչներին կոմիտեի կողմից տրվում են վկայականներ, որոնք կրողին իրավունք են տալիս անարգել մուտք գործելու Հայաստանի Հանրապետության օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ, օդանավեր և օբյեկտներ, իսկ ավիացիոն անվտանգությանն սպառնացող անմիջական վտանգի առկայության դեպքում կոմիտեն կամ նրա կողմից լիազորված համապատասխան իրավասու անձինք իրավասու են կասեցնելու ստուգման ենթակա օբյեկտի, կազմակերպության հետագա գործունեությունը, արգելելու օդանավակայանի վերահսկելի գոտիներ մուտքի թույլտվության տրամադրումը և պահանջելու ձեռնարկել թերությունները վերացնելուն ուղղված համապատասխան գործողություններ:

(9.4-րդ կետը լրաց. 25.03.21 N 420-Ն, փոփ. 11.01.24 N 41-Ն)

9.5. Ավիացիոն անվտանգության աշխատանքների էությունից ելնելով՝ կարևոր է տեղեկատվության գաղտնիության պահպանումը, ուստի ելնելով թռիչքների անվտանգության ապահովման համար ավիացիոն անվտանգության աշխատանքների կարևորությունից, որակի հսկողության գլխավոր մասնագետ-տեսուչները պետք է խստորեն պահպանեն ավիացիոն անվտանգության համակարգի համալիր և թեմատիկ աուդիտների, տեսչական գործառույթների, փորձարկումների, ուսումնասիրությունների և դիտարկումների արդյունքում ստացված տեղեկատվությունները տարածումից։

(9.5-րդ կետը լրաց. 25.03.21 N 420-Ն, փոփ. 11.01.24 N 41-Ն)

9.6. Ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության գլխավոր մասնագետ-տեսուչները որակի հսկողության միջոցառումների իրականացման ընթացքում պետք է լինեն անկախ, օբյեկտիվ, հուսալի և անաչառ, որը երաշխավորում է վերահսկվող սուբյեկտների հետ համագործակցությունը, աուդիտի արդյունքների ճանաչումը և ցանկացած ուղղիչ գործողությունների արդյունավետ իրականացումը:

(9.6-րդ կետը լրաց. 25.03.21 N 420-Ն, փոփ. 11.01.24 N 41-Ն)

9.7. Անաչառության ապահովման նպատակով այն գլխավոր մասնագետ-տեսուչները, ովքեր անմիջական կապ ունեն որակի հսկողության միջոցառումներին ենթարկվող կազմակերպության հետ (նախկինում աշխատել տվյալ կազմակերպությունում կամ կազմակերպությունում աշխատում են մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձինք (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր), չպետք է մասնակցեն տվյալ կազմակերպությունում անցկացվող ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության միջոցառումների իրականացմանը, սակայն, անհրաժեշտության դեպքում, նրանք խորհրդատվության կարգով կարող են օգնել որակի հսկողության միջոցառումներին:

(9.7-րդ կետը լրաց. 25.03.21 N 420-Ն, փոփ. 11.01.24 N 41-Ն)

9.8. Ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության միջոցառումների իրականացմանը չեն կարող մասնակցել այն գլխավոր մասնագետ-տեսուչները, ովքեր նախկինում աշխատել են այն կազմակերպությունում, որտեղ պետք է անցկացվեն անվտանգության աշխատանքների որակի հսկողության միջոցառումներ։

(9.8-րդ կետը լրաց. 25.03.21 N 420-Ն, փոփ. 11.01.24 N 41-Ն)

9.9. Ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության միջոցառումների կազմակերպման ու իրականացման համար կոմիտեն իր բյուջետային միջոցներից հատկացնում է բավարար չափի նյութական և ֆինանսական միջոցներ: Այդ միջոցները տրամադրվում են ծրագրի լրամշակման, որակի հսկողության միջոցառումների իրականացման գործընթացի ապահովման համար, նախատեսված են գործուղումների, տրանսպորտային ծախսերի, գլխավոր մասնագետ-տեսուչների ուսուցման և պարբերական վերապատրաստման, համակարգիչների և այլ տեխնիկական միջոցների, գույքի, փորձարկումների համար անհրաժեշտ փորձանմուշների, ստուգիչ և չափիչ սարքերի, ինչպես նաև տեղեկատվական և մեթոդական ուղեցույցների ձեռքբերման նպատակով:

(9.9-րդ կետը լրաց. 25.03.21 N 420-Ն, փոփ. 11.01.24 N 41-Ն)

10. Ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության միջոցառումների նպատակն է ավիացիոն անվտանգության համակարգի աուդիտների, տեսչական գործառույթների, փորձարկումների, ուսումնասիրությունների և դիտարկումների միջոցով ուսումնասիրել և գնահատել քաղաքացիական ավիացիայի համակարգում կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումների համապատասխանությունն Ազգային ծրագրով սահմանված չափանիշներին, մասնավորապես՝

1) ուսումնասիրման ենթակա կազմակերպության ընդհանուր կազմակերպական կառուցվածքը.

2) օդանավակայանների, օդանավեր շահագործողների, օդային երթևեկության սպասարկումներ իրականացնող կազմակերպությունների և ավիացիոն անվտանգության գործառույթներ իրականացնող կազմակերպությունների կողմից ներդրված անվտանգության ծրագրերի վիճակը և համապատասխանությունն Ազգային ծրագրով սահմանված չափանիշներին.

3) օդանավակայանների, օդանավեր շահագործողների, օդային երթևեկության սպասարկումներ իրականացնող կազմակերպությունների և ավիացիոն անվտանգության գործառույթներ իրականացնող կազմակերպությունների կողմից ավիացիոն անվտանգության մասով որակի հսկողության ներքին ծրագրի առկայությունը և որակի հսկողության ներքին միջոցառումների իրականացումը.

4) անձնակազմի պատրաստումը և վերապատրաստումը.

5) մուտքի վերահսկման, օդանավակայանների անցագրային և ներօբյեկտային վերահսկողության, օդանավերի պահպանման, ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների, փոստի, օդանավ տարվող սննդի, օդանավային պիտույքների, օդանավի մաքրման միջոցների, օդանավ շահագործողի փոստի, օդանավի անձնակազմի անդամների և հատուկ վերահսկելի գոտի մուտքի իրավունք ունեցող աշխատողների և այլ անձանց զննման միջոցառումները, փոքր ավիացիային և օդանավակայանի ենթակառուցվածքներին վերաբերող միջոցառումները.

6) անվտանգության հատուկ միջոցառումներն սպառնալիքների մակարդակի բարձրացման և բարձր ռիսկային թռիչքների դեպքերում.

7) անօրինական միջամտության գործողություններին արձագանքելու պատրաստակամությունը.

8) անվտանգության նպատակով վերահսկողություն իրականացնող անձանց աշխատանքը.

9) ավիացիոն անվտանգության նպատակով շահագործվող սարքավորումները:

(10-րդ կետը խմբ. 25.03.21 N 420-Ն)

11. Կոմիտեի կողմից մշակվում է ավիացիոն անվտանգության որակի հսկողության միջոցառումների իրականացման տարեկան ծրագիր-ժամանակացույց՝ հաշվի առնելով կազմակերպությունների աշխատակարգը, գործունեության ծավալները, օդանավերի չվերթերի հաճախականությունը, թռիչքների առավել ծանրաբեռնված ժամանակահատվածները, ուղևորների, ուղեբեռների, բեռների փոստի կամ օդանավ տարվող սննդի հետ կապված ավիացիոն անվտանգության աշխատանքների ծավալները, ռիսկային չվերթերի առկայությունը, դրանց ժամերը, որակի հսկման ներքին միջոցառումների արդյունքները, նախորդ տարիների ընթացքում անվտանգության ոլորտում տեղի ունեցած պատահարների մասին հաշվետվությունները, կոմիտեի և միջազգային կազմակերպությունների կողմից որակի հսկողության մասով նախորդ միջոցառումների տվյալները, նախորդ տարիների ընթացքում օդանավակայանի գործունեության, օդանավերի թռիչքների, ավիացիոն անվտանգության ապահովման համար նոր սարքավորումների ներդրման և շահագործման հետ կապված փոփոխությունները:

(11-րդ կետը փոփ. 25.03.21 N 420-Ն)

12. Քաղաքացիական ավիացիայի համակարգ անօրինական միջամտության դեպքում ավիացիոն անվտանգության համակարգի աուդիտը, տեսչական գործառույթները, փորձարկումը, ուսումնասիրություններն ու դիտարկումներն անհապաղ դադարեցվում են՝ դրա մասին անմիջապես տեղեկացնելով կոմիտեին:

(12-րդ կետը փոփ. 25.03.21 N 420-Ն)

 

II. ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ

ԱՈՒԴԻՏՆԵՐԸ

 

13. Քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության աուդիտը համակարգի համապատասխանության անկախ գնահատում է, որը լինում է համալիր և թեմատիկ:

14. Համալիր աուդիտներն իրականացվում են կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերի բոլոր պահանջների մանրամասն ուսումնասիրման նպատակով: Համալիր աուդիտների միջոցով ստուգվում են՝

1) օդանավակայանի կամ օդանավ շահագործողի ավիացիոն անվտանգության ծրագրերի դրույթների շարունակական հիմքով կիրառումը.

2) կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումների համապատասխանությունը ծրագրի 1-ին կետում նշված փաստաթղթերի պահանջներին:

15. Թեմատիկ աուդիտներն իրականացվում են հաստատելու համար օդանավակայանի, օդանավ շահագործողի և ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրի առանձին մասի դրույթների համապատասխանությունն ազգային ծրագրի՝ այդ մասին վերաբերող պահանջներին:

16. Ավիացիոն անվտանգության աուդիտներն իրականացվում են կոմիտեի պետի հրամանով՝ ծրագրի 9-րդ կետով սահմանված անձանց ներգրավմամբ ստեղծված աշխատանքային խմբի միջոցով:

(16-րդ կետը փոփ. 25.03.21 N 420-Ն)

17. Անվտանգության աուդիտի անցկացման մեթոդաբանությունը ներառում է գործընթացի հետևյալ պարտադիր բաղադրիչները՝

1) ծանուցում անվտանգության աուդիտ անցկացնելու մասին և անհրաժեշտության դեպքում նախաաուդիտային հարցաշարի տրամադրում.

2) նախապատրաստական փուլ՝ ներառյալ լրացված նախաաուդիտային հարցաշարի և այլ համապատասխան փաստաթղթերի ուսումնասիրումը.

3) նախնական խորհրդատվություն կազմակերպության ներկայացուցիչներին՝ նախքան տեղում միջոցառումների մեկնարկը.

4) տեղում անցկացվող գործողություններ.

5) հետաուդիտային խորհրդատվություն և հաշվետվություն.

6) թերությունների հայտնաբերման դեպքում դրանց վերացման գործողությունների պլան և այդ գործողությունների նկատմամբ համապատասխան վերահսկումը:

18. Անվտանգության միջոցառումների իրականացումը հաստատելու համար աուդիտի անցկացումը պետք է հիմնվի տեղեկությունների հավաքման վրա՝ հետևյալ եղանակներից մեկի կամ մի քանիսի միջոցով՝

1) փաստաթղթերի ստուգում.

2) դիտարկումներ.

3) հարցազրույցներ.

4) փաստաթղթերի վավերականության ստուգում:

19. Ծրագրի 13-րդ կետով սահմանված աուդիտները կազմակերպություններում իրականացվում են յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ:

20. Աուդիտի արդյունքների հիման վրա հաշվետվություն ներկայացնելու կարգը և ժամկետները սահմանված են ծրագրի 6-րդ գլխում:

 

III. ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՍՉԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

21. Տեսչական գործառույթներն իրականացվում են կազմակերպությունների կողմից որոշակի ժամանակահատվածի ընթացքում ավիացիոն անվտանգության գործող համակարգի և ընթացակարգերի մեկ կամ միմյանց հետ սերտորեն փոխկապակցված մի քանի ընթացակարգերի իրականացման համապատասխանությունը հաստատելու համար:

22. Տեսչական գործառույթներն իրականացվում են առանց նախնական ծանուցման: Տեսչական գործառույթների իրականացման մեթոդաբանության մեջ ներառվում են գործընթացի հետևյալ պարտադիր բաղադրիչները՝

1) տեսչական խմբի նախապատրաստական փուլը և պլանի կազմումը.

2) տեսչական գործառույթի ստուգաթերթերի լրացումը.

3) արդյունքների քննարկումը տեսչական գործառույթի ավարտին.

4) հաշվետվություն ներկայացնելը.

5) թերությունների վերացման գործընթացը և դրա վերահսկումը:

23. Տարեկան ավելի քան երկու միլիոն ուղևոր երթևեկության ծավալ ունեցող օդանավակայաններում տեսչական գործառույթներն իրականացվում են առնվազն յուրաքանչյուր տասներկու ամիսը մեկ անգամ՝ կանոնակարգի համաձայն, եթե այդ ժամանակահատվածում օդանավակայանում չի անցկացվել տվյալ հատվածի թեմատիկ աուդիտ:

24. Յուրաքանչյուր տեսչական գործառույթի իրականացման համար կազմվող պլանը ներառում է հետևյալ տեղեկատվությունը՝

1) որակի հսկողության միջոցառման տեսակը և նպատակը.

2) կազմակերպության անվանումը, գործունեության բնույթը, ավիացիոն անվտանգության ապահովման խնդիրներ իրականացնող աշխատողների թիվը, պաշտոնները, ավիացիոն անվտանգության մասով պահանջվող այլ տեղեկատվություն.

3) միջոցառման վայրը, ամսաթիվը և ժամանակը.

4) աշխատանքային խմբի անդամների անունները, ազգանունները և պաշտոնները.

5) աշխատանքների կատարման ժամանակացույցը.

6) կազմակերպության ավիացիոն անվտանգության մասով պատասխանատու անձի անունը, պաշտոնը և աշխատավայրի հեռախոսահամարը:

25. Տեսչական գործառույթն իրականացվում է կոմիտեի պետի հրամանով՝ ծրագրի 9-րդ կետով սահմանված անձանց ներգրավմամբ ստեղծված աշխատանքային խմբի միջոցով։ Տեսչական գործառույթն իրականացվում է ծրագրի N 1 ձևով սահմանված ստուգաթերթով և ավիացիոն անվտանգության տվյալ ոլորտի հսկիչ ստուգաթերթով, որը հաստատվում է կոմիտեի պետի հրամանով:

(25-րդ կետը փոփ. 25.03.21 N 420-Ն)

26. Տեսչական գործառույթի արդյունքների հիման վրա հաշվետվություն ներկայացնելու կարգը և ժամկետները սահմանված են ծրագրի 6-րդ գլխում:

 

IV. ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԸ

 

27. Փորձարկումը քաղաքացիական ավիացիայի ոլորտի ավիացիոն անվտանգության համակարգի թեստավորումն է, որի դեպքում, կիրառելով կեղծ (ենթադրյալ) անօրինական միջամտության գործողություններ, անցագրային վերահսկողության և օբյեկտների պահպանության կանոնների կեղծ խախտումներ, ստուգվում է գոյություն ունեցող անվտանգության համակարգերի արդյունավետությունն ու կիրառելիության համապատասխանությունը:

28. Փորձարկումներն իրականացվում են առնվազն հետևյալ անվտանգության միջոցառումների իրականացման արդյունավետությունն ստուգելու համար՝

1) օդանավակայանների վերահսկելի գոտիների մուտքերի հսկողություն.

2) օդանավի պաշտպանություն.

3) ուղևորների և ուղեբեռի զննում.

4) աշխատողների և նրանց ձեռքի իրերի զննում.

5) ուղեբեռի պաշտպանություն.

6) փոխադրվող բեռների և փոստի զննում.

7) փոխադրվող բեռների և փոստի պաշտպանություն:

29. Փորձարկման մեթոդաբանությունը պետք է մշակվի՝ հաշվի առնելով իրավական, անվտանգության և շահագործման պահանջները: Փորձարկման մեթոդաբանության մեջ ներառվում են գործընթացի հետևյալ պարտադիր բաղադրիչները՝

1) նախապատրաստման փուլը.

2) տեղում անցկացվող գործողությունների փուլը.

3) քննարկման փուլը.

4) հաշվետվությունը ներկայացնելու փուլը.

5) շտկման գործընթացը և դրա վերահսկումը:

30. Փորձարկումների տեսակներն են՝

1) օդանավակայանի վերահսկելի գոտու մուտքի թույլտվության անվավեր փաստաթղթի օգտագործում պայմանական խախտողի կողմից.

2) պայթուցիկ սարքերի, հրազենի, դանակների և գործիքների նմանակների պայմանական տեղափոխում ուղեբեռում, բեռում կամ ձեռքի իրերում՝ նպատակ ունենալով ստուգելու տեխնիկական միջոցներով աշխատող անվտանգության օպերատորների մասնագիտական ունակությունները.

3) պայմանական իրերն օդանավակայանի զննման կետերում, վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում և ուղևորների սպասասրահներում դիտավորյալ թողնելը, որը նպատակ ունի գնահատելու ավիացիոն անվտանգության աշխատողների արձագանքը նման իրերի՝ որպես անվտանգությանը հնարավոր սպառնալիքի միջոցի նկատմամբ.

4) օդանավակայանի հատուկ վերահսկելի գոտիներ առանց համապատասխան թույլտվության տրանսպորտային միջոցների մուտքի փորձարկումը:

31. Ավիացիոն անվտանգության համակարգի փորձարկումն իրականացվում է կոմիտեի պետի հրամանի հիման վրա, որում պարտադիր նշվում են՝

1) փորձարկումն իրականացնող ավիացիոն անվտանգության մասնագետի անունը, ազգանունը, պաշտոնը, ինչպես նաև ներգրավված այլ անձանց (այդպիսինների առկայության դեպքում) անուններն ու ազգանունները, նույնականացման տվյալները.

2) իրականացվող փորձարկման տեսակը, նպատակը և միջոցները.

3) փորձարկման անցկացման վայրը և ժամանակը:

(31-րդ կետը փոփ. 25.03.21 N 420-Ն)

32. Իրականացված փորձարկման արդյունքների վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որն ստորագրում են փորձարկմանը մասնակցող բոլոր մասնակիցները:

33. Փորձարկումն իրականացնող ավիացիոն անվտանգության մասնագետը պատասխանատու է փորձարկման իրականացման համար. այն պետք է անցկացվի գործող օրենսդրության շրջանակներում և չպետք է սպառնա մարդկանց կյանքին ու առողջությանը, օդանավերի և օբյեկտների անվտանգությանը, խուճապ չառաջացնի ուղևորների մոտ, վնասներ չպատճառի սեփականատիրոջ գույքին և պետք է իրականացվի մշտական հսկողության պայմաններում:

 

V. ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԸ

 

34. Ուսումնասիրությունները և դիտարկումներն իրականացվում են անվտանգության ոլորտում կիրառվող որևէ միջոցառման արդյունավետության և խոցելիության մակարդակի բացահայտման համար՝ այդ նպատակով կատարելով օդանավակայանի կամ օդանավ շահագործողի գործունեության գնահատում:

35. Ուսումնասիրություններն ու դիտարկումներն անցկացվում են բոլոր այն դեպքերում, երբ կոմիտեն հիմնավոր պատճառներ ունի վերագնահատելու աշխատանքների որակը՝ խոցելիության աստիճանը որոշելու և այն նվազեցնելու համար: Խոցելի կողմերի հայտնաբերման դեպքում կոմիտեն մշակում է վտանգին համաչափ պաշտպանական միջոցառումների ծրագիր, որն իրականացվում է կազմակերպության կողմից:

(35-րդ կետը փոփ. 25.03.21 N 420-Ն)

36. Իրականացված ուսումնասիրության և դիտարկման արդյունքների վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որն ստորագրվում է դրանք իրականացնող պաշտոնատար անձանց կողմից։

 

VI. ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

37. Ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության միջոցառումների իրականացումից հետո որակի հսկողության անցկացրած գլխավոր մասնագետ-տեսուչի (գլխավոր մասնագետ-տեսուչների) կողմից պատրաստվում է հաշվետվություն անցկացված աուդիտի վերաբերյալ: Հաշվետվությունն ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության գործառույթների արդյունքներն ամփոփող գրավոր փաստաթուղթն է, որը ներառում է միջոցառման իրականացման գործընթացի ամբողջ ժամանակաշրջանը և ավիացիոն անվտանգության մասով ուսումնասիրման ենթարկված ոլորտների բնութագրերը: Հաշվետվությունը պարունակում է հետևյալ տեղեկությունները՝

1) միջոցառման անցկացման ամսաթվերը և վերահսկվող մարմնի անվանումը.

2) որակի հսկողության միջոցառմանը ներգրավված մասնագետների տվյալները՝ նշելով անունը, ազգանունը և պաշտոնը.

3) միջոցառմանը ենթակա ավիացիոն անվտանգության ոլորտները.

4) անցկացված միջոցառման արդյունքները և ազգային ծրագրի դրույթներին համապատասխանության աստիճանը` ըստ ծրագրի 39-րդ կետում նշված գնահատման սանդղակի.

5) որակի հսկողության միջոցառումների ընթացքում ավիացիոն անվտանգության տարբեր ասպեկտներով հարցազրույցին մասնակցած անձանց ցուցակը,

6) եզրակացությունները, բացատրական մեկնաբանությունները, այդ թվում` դիտարկումների, հարցազրույցների և ուսումնասիրված փաստաթղթերի ցուցակը.

7) միջոցառման ընթացքում բացահայտված անհամապատասխանություններն ու թերությունները՝ ենթակա կազմակերպության ներկայացուցչի (ներկայացուցիչների) կազմը.

8) թերությունների հայտնաբերման դեպքերում ուղղիչ գործողությունների վերաբերյալ առաջարկներ:

(37-րդ կետը խմբ. 25.03.21 N 420-Ն, փոփ. 11.01.24 N 41-Ն)

38. Կոմիտեի ավիացիոն անվտանգության ստորաբաժանման կողմից անցկացված ավիացիոն անվտանգության որակի հսկողության միջոցառումների վերաբերյալ տարեկան հաշվետվություն է ներկայացվում կոմիտեի նախագահին, որը պետք է պարունակի տեղեկություններ՝

1) հաշվետու տարվա ընթացքում իրականացված գործողությունների քանակի, տեսակի և հայտնաբերված թերությունների վերաբերյալ.

2) որակի հսկողության միջոցառումների հետ կապված թերությունների, թերությունների վերացման ներկա վիճակի, կատարված փոփոխությունների, ինչպես նաև ֆինանսական և մարդկային ռեսուրսների վիճակի վերաբերյալ:

(38-րդ կետը խմբ. 25.03.21 N 420-Ն, 11.01.24 N 41-Ն)

38.1. Կոմիտեի նախագահին ներկայացվող տարեկան հաշվետվությունների նյութերը պետք է օգտագործվեն ավիացիոն անվտանգության որակի հսկողության հետագա միջոցառումները պլանավորելիս։

(38.1-ին կետը լրաց. 25.03.21 N 420-Ն, փոփ. 11.01.24 N 41-Ն)

39. Աշխատանքային խմբի կողմից աուդիտի և (կամ) տեսչական գործառույթի արդյունքների հիման վրա համապատասխանության հանգամանքները դասակարգվում են ավիացիոն անվտանգության ոլորտում ԻԿԱՕ-ի Տեսչական ստուգումների համընդհանուր ծրագրով գործող հետևյալ սանդղակով՝

1) 1-ին կարգ՝ համապատասխանում է.

2) 2-րդ կարգ՝ համապատասխանում է, սակայն ունի շտկման ենթակա թերություններ.

3) 3-րդ կարգ՝ չի համապատասխանում.

4) 4-րդ կարգ՝ չի համապատասխանում պահանջներին և ունի շտկման ենթակա լուրջ թերություններ.

5) 5-րդ կարգ՝ չի կիրառվում.

6) 6-րդ կարգ՝ հաստատված չէ:

40. Սույն կարգի 37-րդ կետով նախատեսված միջոցառման հաշվետվությունը կոմիտեի ավիացիոն անվտանգության ստորաբաժանման կողմից կազմվում և ներկայացվում է կոմիտեի նախագահին՝ ոչ ուշ, քան 15 (տասնհինգ) աշխատանքային օրվա ընթացքում: Կոմիտեի նախագահի մոտ միջոցառման հաշվետվությունը քննարկվում է 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում, որից հետո այն համապատասխան գրությամբ ուղարկվում է կազմակերպությանը։

(40-րդ կետը փոփ. 25.03.21 N 420-Ն, խմբ. 11.01.24 N 41-Ն)

40.1. Կազմակերպությունը, ստանալով միջոցառման հաշվետվությունը, ուսումնասիրում է այն և թերությունների վերաբերյալ իր դիրքորոշումներն ու պարզաբանումները ներկայացնում է կոմիտե` հաշվետվությունն ստանալու օրվանից 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում, որից հետո կոմիտեի ավիացիոն անվտանգության ստորաբաժանման կողմից արդյունքներն ամփոփվում են, և 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում ամփոփված հաշվետվությունը ներկայացվում է կոմիտեի նախագահին։

(40.1-ին կետը լրաց. 11.01.24 N 41-Ն)

40.2. Կոմիտեի նախագահի մոտ սույն որոշման 40.1-ին կետում ներկայացված հաշվետվությունը քննարկվում է 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում, որից հետո քննարկման արդյունքների մասին եզրակացությունը համապատասխան գրությամբ ուղարկվում է կազմակերպությանը՝ թերությունների կամ անհամապատասխանությունների վերացման պլան-ժամանակացույցի կազմման և կոմիտե ներկայացման համար։ Եզրակացության հիման վրա կազմակերպության կողմից 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում կազմվում է թերությունների կամ անհամապատասխանությունների վերացման պլան-ժամանակացույց և ներկայացվում է կոմիտե։

(40.2-րդ կետը լրաց. 11.01.24 N 41-Ն)

 

 

VII. ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

41․ Անհամապատասխանություններ և թերություններ են հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում կիրառվող ավիացիոն անվտանգության աշխատանքների այն թերություններն ու բացթողումները, որոնք չեն համապատասխանում ԻԿԱՕ-ի կողմից սահմանված ավիացիոն անվտանգության միջազգային ստանդարտներին և Ազգային ծրագրի պահանջներին և հայտնաբերվել են ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության միջոցառումների արդյունքում։

(41-րդ կետը խմբ. 25.03.21 N 420-Ն)

41․1. Որակի հսկողության միջոցառումների արդյունքում բացահայտված անհամապատասխանությունների և թերությունների առկայությունը կարող է հանգեցնել կոմիտեի կողմից մեկ կամ մի քանի ուղղիչ գործողությունների ընդունման, ընդ որում՝ թերությունների վերացման վերաբերյալ կոմիտեի կողմից ներկայացված առաջարկությունները բաժանվում են ըստ առաջնահերթությունների՝

1) առաջարկություններ՝ անհապաղ վերականգնողական գործողությունների համար․

2) առաջարկություններ՝ ավելի երկարաժամկետ գործողությունների համար:

(41.1-ին կետը լրաց. 25.03.21 N 420-Ն) 

41․2. Եթե որակի հսկողության միջոցառումների արդյունքում հայտնաբերվում է Ազգային ծրագրի պահանջներին անհամապատասխանության փաստ, կոմիտեի կողմից առաջարկվում է տվյալ կազմակերպությանն անհապաղ վերացնել թերությունը կամ անհամապատասխանությունը, իսկ եթե հնարավոր չէ անհապաղ վերացնել թերությունը կամ անհամապատասխանությունը, ապա այդ դեպքում կոմիտեն առաջարկում է կազմակերպությանը ներկայացնելու թերությունների կամ անհամապատասխանությունների վերացման պլան-ժամանակացույց, իսկ մինչ թերությունների վերացումը կիրառել այլընտրանքային անվտանգության միջոցներ։

(41.2-րդ կետը լրաց. 25.03.21 N 420-Ն)

41.3. Թերությունների կամ անհամապատասխանությունների վերացման պլան-ժամանակացույցը համաձայնեցվում է կոմիտեի հետ, որից հետո կոմիտեն վերահսկողություն է իրականացնում կազմակերպությունների կողմից թերությունների կամ անհամապատասխանությունների վերացման ժամկետների կատարման նկատմամբ։

(41.3-րդ կետը լրաց. 25.03.21 N 420-Ն)

41.4 Կոմիտեի կողմից կազմակերպությունների նկատմամբ վերահսկողության իրականացման ընթացքում՝ ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության միջոցառումների արդյունքում բացահայտված անհամապատասխանություններն ու թերությունները պլան-ժամանակացույցով նախատեսված ժամկետների չպահպանման դեպքում գլխավոր մասնագետ-տեսուչների կողմից ներկայացվում է արձանագրություն կոմիտեի նախագահին՝ պատասխանատվության միջոցառումներ կիրառելու նպատակով։

(41.4-րդ կետը լրաց. 25.03.21 N 420-Ն, փոփ. 11.01.24 N 41-Ն)

41․5. Թերությունների կամ անհամապատասխանությունների վերացման իրավական միջոցների կիրառման դեպքերում իրականացվում են հետևյալ աստիճանական և համաչափ գործողությունները՝

1) պաշտոնական գրավոր տեղեկացում, որը պահանջում է նպատակային ուղղիչ գործողություններ, ցույց տալով նման գործողությունների ցանկալի արդյունքը, եթե՝

ա. ավիացիոն անվտանգության պահանջների խախտում հանդիսացող թերությունների առկայության պայմաններում պարզ հաղորդագրությունը կամ առաջարկությունն անբավարար է,

բ. ավիացիոն անվտանգության պահանջների խախտում հանդիսացող թերությունները չեն վերացվել.

2) իրավական միջոցների կիրառման կատարման մասին ծանուցում, եթե ավիացիոն անվտանգության պահանջների խախտում հանդիսացող թերությունները պաշտոնական նախազգուշացումից հետո չեն վերացվել և (կամ) կրում են շարունակական բնույթ:

(41.5-րդ կետը լրաց. 25.03.21 N 420-Ն)

42. Կոմիտեն իրականացնում է շարունակական վերահսկողություն ավիացիոն անվտանգության համակարգի որակի հսկողության միջոցառումների ընթացքում հայտնաբերված թերությունները վերացնելու և աշխատանքային խմբի արձանագրմամբ տեղում վերացված թերությունների հետագա կրկնելիությունը բացառելու նկատմամբ:

(42-րդ կետը փոփ. 25.03.21 N 420-Ն) 

43. Ուղղիչ գործողությունների պլանի կատարումը վերահսկվում է կոմիտեի կողմից:

(43-րդ կետը փոփ. 25.03.21 N 420-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Ձև N 1

Քաղաքացիական ավիացիայի կոմիտե

Ավիացիոն անվտանգության
որակի հսկողության ստուգման թերթիկ

(սահմանափակ տարածման)

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի

 20  թ. …….  …-ի N…….-Ա հրաման

Անցկացման ամսաթիվը 

 

 

Կնիքի տեղը

  Ստուգման ոլորտը

Ավիացիոն անվտանգություն

(անվտանգության համակարգի տեսչական ստուգումներ, լայնածավալ ստուգումներ, վերահսկողություն և դիտարկումներ)

Ստուգվող ընկերությունը  

Հանձնաժողովի անդամները


____________________________________ _____________________
 (պաշտոնը, անունը, ազգանունը)  (ստորագրությունը)  
____________________________________ _____________________
 (պաշտոնը, անունը, ազգանունը)  (ստորագրությունը)  
____________________________________ _____________________
 (պաշտոնը, անունը, ազգանունը)  (ստորագրությունը)  
 

Հարցի համարը

Հարցաշարը

  ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ

1.

Օրինակ՝ Մշակվա՞ծ է արդյոք և ավիացիոն անվտանգության ծրագիր կիրառվում է ընկերությունում:

 


Համապատասխանում է:
Համապատասխանում է, սակայն ունի շտկման ենթակա թերություններ:
Չի համապատասխանում:
Չի համապատասխանում պահանջներին և ունի շտկման ենթակա լուրջ թերություններ:
Չի կիրառվում:
Հաստատված չէ:

Տեսչական խմբի դիտողությունները -------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

(ձևը փոփ. 25.03.21 N 420-Ն, 11.01.24 N 41-Ն)
(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 25.03.21 N 420-Ն,
11.01.24 N 41-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.01.2024, N 41-Ն 21.01.2024, N 274-Ն
25.03.2021, N 420-Ն 05.04.2021, N 274-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան