Գլխավոր տեղեկություն
Համար
N 43-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.01.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.01.08-2024.01.21 Պաշտոնական հրապարակման օրը 11.01.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.01.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.01.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հունվարի 2024 թվականի N 43-Ն

 

ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԿԱՄ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԿԱՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՄ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՎԵՐԱԶԻՆՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՊՐՈՖԻԼԱՎՈՐՄԱՆ ԿԱՄ ԿՈՆՍԵՐՎԱՑՄԱՆ ԿԱՄ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԿԱՄ ՓԱԿՄԱՆ ԿԱՄ ՔԱՆԴՄԱՆ ԿԱՄ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել նախատեսվող գործունեության տեսակների վերակառուցման կամ ընդլայնման կամ տեխնիկական կամ տեխնոլոգիական վերազինման կամ վերապրոֆիլավորման կամ կոնսերվացման կամ տեղափոխման կամ դադարեցման կամ փակման կամ քանդման կամ նախագծային փոփոխության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության անհրաժեշտությունը որոշելու կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

11.01.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

հունվարի 11-ի N 43-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԿԱՄ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԿԱՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՄ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՎԵՐԱԶԻՆՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՊՐՈՖԻԼԱՎՈՐՄԱՆ ԿԱՄ ԿՈՆՍԵՐՎԱՑՄԱՆ ԿԱՄ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԿԱՄ ՓԱԿՄԱՆ ԿԱՄ ՔԱՆԴՄԱՆ ԿԱՄ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 12-րդ հոդվածում թվարկված՝ նախատեսվող գործունեության տեսակների վերակառուցում կամ ընդլայնում կամ տեխնիկական կամ տեխնոլոգիական վերազինում կամ վերապրոֆիլավորում կամ կոնսերվացում կամ տեղափոխում կամ դադարեցում կամ փակում, ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտների դեպքում՝ շահագործումից հանում (ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտ հանդիսացող գերեզմանոցի դեպքում՝ փակում) կամ քանդում կամ նախագծային փոփոխությունը (այսուհետ՝ փոփոխություն) շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (այսուհետ՝ ՇՄԱԳ) և փորձաքննության ենթակա լինելը կամ չլինելը որոշելու հետ կապված ընթացակարգերը։

2. Փոփոխությունն իրականացնելուց առաջ նախաձեռնողը շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության ապահովման ոլորտում կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին (այսուհետ՝ լիազոր մարմին) է ներկայացնում հայտ՝ էլեկտրոնային տարբերակով, իսկ էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու անհնարինության դեպքում` թղթային տարբերակով։

3. Հայտը ներառում է՝

1) նախաձեռնողի անունը (անվանումը) և բնակության (գտնվելու) վայրը.

2) օրենքի 12-րդ հոդվածին համապատասխան նախատեսվող գործունեության տեսակի անվանումը և նախատեսվող փոփոխության անվանումը.

3) պետական փորձաքննական եզրակացության (առկայության դեպքում) տրամադրման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և համարը.

4) նախատեսվող գործունեության ենթակա տարածքի, շենքերի և շինությունների նկարագիրը.

5) նախատեսվող գործունեության բնութագիրը (արտադրական հզորությունները, տեխնիկական և տեխնոլոգիական լուծումները).

6) առկա վիճակի և նախատեսվող փոփոխությունների համեմատական վերլուծությունը.

7) սույն կարգի՝ շրջակա միջավայրի վրա փոփոխության հնարավոր ազդեցությունները նկարագրող աղյուսակը՝ լրացված սույն կարգի 5-8-րդ կետերին համապատասխան.

8) պետական տուրքը վճարված լինելը հավաստող փաստաթուղթը:

4. «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայի 1-ին հավելվածում ընդգրկված գործունեության տեսակների փոփոխության դեպքում լիազոր մարմինը կարող է հայտը վերադարձնել լրամշակման՝ նախաձեռնողից պահանջելով ներկայացնել նաև անդրսահմանային ազդեցության (այդ թվում՝ ազդեցության նշանակալի և վտանգավոր (վնասակար) լինելու կամ չլինելու վերաբերյալ) վերլուծությունը։

5. Աղյուսակում լրացվում են շրջակա միջավայրի բաղադրիչների վրա և՛ դրական, և՛ բացասական հնարավոր փոփոխությունները:

6. Աղյուսակի «Փոփոխության առկայության դեպքում դրա նկարագրությունը» սյունակում նկարագրվում են շրջակա միջավայրի վրա և՛ դրական, և՛ բացասական հնարավոր փոփոխությունները:

7. Աղյուսակի «Փոփոխություններ առկա են» և «Փոփոխություններ առկա չեն» սյունակները լրացվում են «V» պայմանական նշանի միջոցով: Շրջակա միջավայրի բոլոր բաղադրիչների և գործոնների վերաբերյալ տվյալները ենթակա են լրացման՝ բացառությամբ աղյուսակի 12-րդ կետի, որը լրացվում է միայն ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտների դեպքում:

8. Եթե փոփոխությունը շրջակա միջավայրի համապատասխան բաղադրիչի կամ գործոնի վրա ունի և՛ դրական, և՛ բացասական ազդեցություն, ապա լրացվում է «Փոփոխություններ առկա են» սյունակը, իսկ «Փոփոխության առկայության դեպքում դրա նկարագրությունը» սյունակում նկարագրվում են և՛ դրական, և՛ բացասական ազդեցությունները:

9. Լիազոր մարմինն իր համակարգում գործող «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ փորձաքննական կենտրոն) միջոցով ուսումնասիրում է հայտը և դրանում անճշտություններ կամ թերություններ լինելու կամ պետական տուրքը վճարված չլինելու կամ սույն կարգի 4-րդ կետով սահմանված դեպքերում հայտն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում գրությամբ՝ լրամշակման նպատակով, նախաձեռնողին վերադարձնում է հայտը՝ նշելով վերադարձման պատճառները:

10. Ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտների գործունեության փոփոխության դեպքում լիազոր մարմինը, դիրքորոշում ստանալու նպատակով, հայտը ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում գրությամբ ներկայացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի պետական կարգավորում իրականացնող լիազորված մարմին։ Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի պետական կարգավորում իրականացնող լիազոր մարմինը հայտն ստանալուց հետո 8 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմին է ներկայացնում դիրքորոշում։

11. Ընդերքօգտագործման բնագավառի փոփոխության դեպքում լիազոր մարմինը, դիրքորոշում ստանալու նպատակով, հայտը ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում գրությամբ ներկայացնում է ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում լիազոր մարմին։ Ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում լիազոր մարմինը հայտն ստանալուց հետո 8 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմին է ներկայացնում դիրքորոշումը։

12. Հայտում սույն կարգի աղյուսակի 9-11-րդ կետերով սահմանված բաղադրիչներում և գործոններում փոփոխությունների առկայության դեպքում լիազոր մարմինը, դիրքորոշում ստանալու նպատակով, հայտն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում գրությամբ ներկայացնում է համապատասխան բնագավառի լիազոր մարմին։ Համապատասխան բնագավառի լիազոր մարմինը հայտն ստանալուց հետո 8 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմին է ներկայացնում դիրքորոշումը։

13. Սույն կարգի 10-12-րդ կետերով սահմանված դեպքերում համապատասխան բնագավառի լիազոր մարմինների (այդ թվում՝ լիազոր մարմնի) դիրքորոշումների միջև հակասություններ առաջանալու դեպքում նախատեսվող փոփոխությունը ՇՄԱԳ և փորձաքննության ենթակա լինելու կամ չլինելու մասին որոշումը կայացնում է լիազոր մարմինը։

14. Լիազոր մարմինը, ըստ անհրաժեշտության, սույն կարգի 10-12-րդ կետերում չնշված դեպքերում կարող է հայտը ներկայացնել դիրքորոշման պետական կառավարման համակարգի մարմիններին՝ նշելով դիրքորոշման ներկայացնելու պատճառը: Պետական կառավարման համակարգի մարմինները հայտն ստանալուց հետո 8 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմին են ներկայացնում դիրքորոշումը։

15. Սույն կարգի 10-12-րդ կետերով սահմանված դեպքերում համապատասխան մարմինների դիրքորոշումները պետք է պարունակեն կարծիք կամ տեղեկատվություն նախատեսվող փոփոխությունը ՇՄԱԳ և փորձաքննության ենթակա լինելու կամ չլինելու վերաբերյալ:

16. Սույն կարգի 10-12-րդ կետերով սահմանված դեպքերում համապատասխան բնագավառի լիազոր մարմինները կարող են դիրքորոշումների մեջ նշել նախատեսվող գործունեության փոփոխությունը ՇՄԱԳ և փորձաքննության ենթակա լինելու մասին նաև այն դեպքում, երբ նախաձեռնողը հայտում չի մատնանշել շրջակա միջավայրի բաղադրիչների կամ գործոնների վրա փոփոխությունների առկայության մասին, սակայն հայտի ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ նախատեսող գործունեության փոփոխությունը բացասական ազդեցություն է ունենալու շրջակա միջավայրի որևէ բաղադրիչի կամ գործոնի վրա՝ դիրքորոշման մեջ հիմնավորելով նման տեսակետը:

17. Լիազոր մարմինը հայտի տվյալների հավաստիությունն ստուգելու նպատակով կարող է հիմք ընդունել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ կադաստրների, ռեեստրների, ռեգիստրների տվյալները, պետական հաշվառումների կամ պետական ուսումնասիրությունների արդյունքները, պետական կառավարման համակարգի, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի, տարածքային կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների՝ իրենց իրավասությունների շրջանակներում մշակված կամ ստացված տվյալները։

18. Լիազոր մարմինը սույն կարգի 3-րդ կետով սահմանված հայտը կամ սույն կարգի 9-րդ կետով սահմանված դեպքում լրամշակված հայտն ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում փորձաքննական կենտրոնի միջոցով ուսումնասիրում է այն և դրա վերաբերյալ ստացված դիրքորոշումները և նախաձեռնողին գրավոր տեղեկացնում է՝

1) փոփոխությունը ՇՄԱԳ և փորձաքննության ենթակա լինելու մասին, եթե փոփոխությունը շրջակա միջավայրի որևէ բաղադրիչի կամ գործոնի վրա ունի բացասական ազդեցություն: Շրջակա միջավայրի վրա ազդեցությունը համարվում է բացասական, եթե փոփոխության արդյունքում ավելանալու են սույն կարգի աղյուսակում նշված՝ շրջակա միջավայրի պաշարների օգտագործումը կամ շրջակա միջավայրում ավելանալու է վնասակար նյութերի արտանետումը, արտահոսքը, վտանգավոր նյութերի կամ թափոնների քանակը կամ սույն կարգի աղյուսակում նկարագրված՝ շրջակա միջավայրի բաղադրիչները կամ գործոնները ենթարկվելու են բացասական փոփոխության.

2) «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայի 1-ին հավելվածում ընդգրկված գործունեության տեսակների փոփոխության դեպքում փոփոխությունը շրջակա միջավայրի վրա անդրսահմանային ազդեցության գնահատման և փորձաքննության ենթակա լինելու մասին, եթե փոփոխությունն ունի անդրսահմանային նշանակալի վտանգավոր (վնասակար) ազդեցություն.

3) փոփոխությունը ՇՄԱԳ և փորձաքննության ենթակա չլինելու մասին, եթե փոփոխությունը շրջակա միջավայրի որևէ բաղադրիչի կամ գործոնի վրա չունի բացասական ազդեցություն կամ ունի դրական ազդեցություն։

19. Լիազոր մարմինն առաջնորդվում է սույն կարգի 18-րդ կետի 1-ին ենթակետով նաև այն դեպքում, երբ նախաձեռնողը հայտում չի մատնանշել շրջակա միջավայրի բաղադրիչների կամ գործոնների վրա հնարավոր փոփոխությունների առկայության մասին, սակայն հայտի ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ նախատեսող գործունեության փոփոխությունը բացասական ազդեցություն է ունենալու շրջակա միջավայրի որևէ բաղադրիչի կամ գործոնի վրա՝ գրավոր տեղեկացման մեջ հիմնավորելով նման դիրքորոշումը:

20. Հաշվի առնելով սույն կարգի չափանիշները՝ նախաձեռնողը, եթե գտնում է, որ փոփոխությունը շրջակա միջավայրի որևէ բաղադրիչի կամ գործոնի վրա կունենա բացասական ազդեցություն, կարող է իր նախաձեռնությամբ փոփոխության հայտը ներկայացնել ՇՄԱԳ և փորձաքննության:

21. ՇՄԱԳ և փորձաքննության ենթակա լինելու դեպքում՝ փոփոխության ՇՄԱԳ և փորձաքննությունն իրականացվում են օրենքով նախատեսված կարգով։

 

ԱՂՅՈՒՍԱԿ

 

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԿԱՐԱԳՐՈՂ

 

NN

ը/կ

Շրջակա միջավայրի բաղադրիչը, գործոնները

Նախատեսվող գործունեության

ազդեցությունը

Փոփոխության առկայության

դեպքում դրա նկարա-գրությունը

Փոփոխու-թյուններ

առկա են

Փոփոխու-թյուններ

առկա չեն

 

1. Մթնոլորտային օդ

1)

Մթնոլորտային օդ արտանետվող նյութերի

տեսակային կազմը

     

2)

Մթնոլորտային օդ արտանետվող նյութերի

արտանետման չափաքանակը

     

3)

Մթնոլորտային օդ արտանետվող նյութերի

արտանետման աղբյուրը

     

4)

Մթնոլորտային օդ արտանետվող նյութերի

ցրման պայմանները

     

5)

Զարկային արտանետումների պայմանները

     

6)

Անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետելու չափաքանակներով/արտանետման թույլտվությամբ սահմանված այլ պահանջները կամ պայմանները

     

7)

Մթնոլորտ աղտոտող նյութերի արտանետումների նվազեցման միջոցառումների ծրագրով սահմանված այլ

պահանջները կամ պայմանները

     

2. Ջրային ռեսուրս

1)

Առկա ջրային ռեսուրսները և դրանց հեռավորությունը նախատեսվող գործունեությունից

     

2)

Ջրառի վայրը

     

3)

Ջրօգտագործման նպատակը

     

4)

Ջրառի ծավալը

     

5)

Ջրօգտագործման ժամանակահատվածը և

ռեժիմը

     

6)

Ջրահեռացման վայրը

     

7)

Կեղտաջրերի թույլատրելի ծավալները

     

8)

Արտահոսքի նկարագրությունը

     

9)

Կեղտաջրերում վնասակար նյութերի

թույլատրելի սահմանային արտահոսքի չափաքանակները

     

10)

Էկոլոգիական թողքը

     

11)

Ջրաէկոհամակարգերի պահպանման

գոտիները

     

12)

Ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված այլ պահանջներ կամ պայմաններ

     

3. Թափոններ և վտանգավոր նյութեր

1)

Թափոնների տեսակը և

վտանգավորության դասը

     

2)

Թափոնների քանակությունը

     

3)

Վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզիայի առկայության

դեպքում լիցենզիայի պայմանները

     

4)

Վտանգավոր նյութերի տեսակը և

վտանգավորության դասը

     

5)

Վտանգավոր նյութերի քանակությունը

     

4. Հող և ընդերք

1)

Հողի նպատակային նշանակությունը

     

2)

Գործառնական նշանակությունը

     

3)

Հողի կարգը, որակը, քանակը, հողատեսքը

     

4)

Հողի վիճակը, դեգրադացիա

     

5)

Հողի կազմը (հատիկաչափական,

օրգանական և անօրգանական)

     

6)

Հողի աղտոտվածությունը, հողն աղտոտող

քիմիական նյութերի կազմը և չափաքանակները

     

7)

Բերրի շերտի օգտագործումը

     

8)

Ընդերքօգտագործման պայմանները և պահանջները, այդ թվում՝ ընդերքօգտագործման պայմանագրով

ստանձնած պարտավորությունները

     

9)

Օգտակար հանածոները

     

10)

*Ընդերքօգտագործման թափոնների

կառավարման և վերամշակման փոփոխված պլանները

     

11)

** Մշտադիտարկումների ծրագիրը

     

12)

Երկրաձևաբանությունը, լանջերի թեքությունը, երկրաբանական և տեկտոնական կառուցվածքը, արտածին երկրաբանական երևույթները

     

5. Պահպանվող տարածքներ

1)

Ռելիեֆը, լանդշաֆտը

     

2)

Բնության հատուկ պահպանվող տարածքները կամ բնապահպանական հողերը

     

3)

Կենդանիների միգրացիոն ուղիները և

ապրելավայրերը (բնադրավայրերը)

     

4)

Բուսական տեսակների աճելավայրերը

     

6. Կենդանական և բուսական աշխարհ

1)

Բուսական աշխարհը, (բացառությամբ անտառների, անտառային հողերի և բնակավայրերի կանաչ գոտիների) դրա տեսակային կազմը, բուսական աշխարհի օբյեկտների աճելավայրերը, բուսական աշխարհի օբյեկտների օգտագործումը, կենդանի վերափոխված օրգանիզմների գործածությունը, ինվազիվ՝ օտարածին, բուսական տեսակների, Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր

գրքում գրանցված բույսերի առկայությունը

     

2)

Կենդանական աշխարհը, դրա տեսակային կազմը, կենդանական աշխարհի օբյեկտների բնակության միջավայրերը, կենդանական աշխարհի օբյեկտների

օգտագործումը, կենդանի վերափոխված օրգանիզմների գործածությունը, ինվազիվ՝ օտարածին, կենդանական տեսակների, Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների առկայությունը

     

7. Անտառներ, անտառային հողեր և բնակավայրերի կանաչ գոտիներ

1)

Անտառների նպատակային և

գործառնական նշանակությունը

     

2)

Անտառների կայուն կառավարման պայմանները և ներկայացվող պահանջները

     

3)

Անտառներում հրդեհային անվտանգության կանոնները

     

4)

Անտառների տեսակային կազմը, բոնիտետը

     

5)

Անտառհատումները, ծառերի արմատախիլ անելը կամ վնասելը, անտառային հողերի բերրի շերտը վնասելը կամ ոչնչացնելը

     

6)

Անտառների վիճակը (կենսունակությունը, վնասատուներով վարակվածությունը,

տարիքային կազմը)

     

7)

Անտառները քիմիական և ռադիոակտիվ նյութերով, արտադրական կեղտաջրերով, արդյունաբերական

արտանետումներով, կենցաղային

մնացուկներով և արտադրական թափոններով աղտոտելը

     

8)

Անտառապատման միջոցառումները

     

9)

Բնակավայրերի կանաչ գոտիները

     

8. Կլիմա

1)

Կլիմայի հնարավոր փոփոխություններ

առաջացնող գործոնները

     

2)

ներառյալ ջերմոցային գազերի արտանետումները կամ կլանումները,

դրանց բնույթը, ծավալը

     

3)

Կլիմայի փոփոխության մեղմմանն ու

հարմարվողականությանն ուղղված միջոցառումները

     

9. Պատմության և մշակույթի հուշարձաններ և ենթակառուցվածքներ

1)

Պատմության և մշակույթի հուշարձանները (նախատեսվող գործունեություններ, որոնք չեն վերաբերում տվյալ տարածքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայմանը, նորոգմանը, վերականգնմանը կամ տարածքի բարեկարգմանը), կառույցները, գերեզմանոցները, ենթակառուցվածքները, տրանսպորտային միջոցներով

ճանապարհների ծանրաբեռնվածությունը

     

10. Առողջապահական և սոցիալական գործոններ

1)

Ազդեցությունների հետ կապված

առողջապահական գործոնները

     

2)

Ֆիզիկական ազդեցությունները` աղմուկը, թրթռումները (վիբրացիան), իոնացնող և ոչ

իոնացնող ճառագայթումները

     

3)

Սոցիալական գործոնները, ժողովրդագրական կազմն ու բնակչությունը

     

11. Արտակարգ իրավիճակներ

1)

Արտակարգ իրավիճակների, պատահարների, վտանգավոր տարերային երևույթների առաջացման

հավանականությունը

     

12. Ատոմային էներգիա (լրացվում է միայն ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտների դեպքում)

1)

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով սահմանված որոշմամբ

հաստատված բնութագրերը

     

 

1. *Համաձայն ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 60.3-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի՝ ընդերքօգտագործման թափոնների կառավարման և վերամշակման փոփոխված պլանները ենթակա են պարտադիր վերանայման յուրաքանչյուր 5 տարին մեկ: Նախատեսված փոփոխված պլանները ներկայացվում են ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի համաձայնեցմանը (համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 15-ի N 674-Ն որոշման):

2.**Համաձայն ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 21-րդ կետի՝ 5 տարին մեկ վերանայման ենթակա են ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող աշխատանքների ծրագիրը և դրանց իրականացման մշտադիտարկման ցուցիչները։

Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունն արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված վարչական կամ քրեական պատասխանատվության:

 

Հայտ ներկայացնողի ստորագրությունը __________________

Ամսաթիվը _________________________________

  (օրը, ամիսը, տարեթիվը)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

11.01.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հունվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան