ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0008/02/17 2023 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0008/02/17 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի
Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող
Գ. Հակոբյան
զեկուցող
Ա. Մկրտչյան
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ս. ՄԵՂՐՅԱՆ
Է. Սեդրակյան
2023 թվականի դեկտեմբերի 01-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ Գայանե Աղաբեկյանի հայցի ընդդեմ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի և «Երևանի թիվ 46 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն), երրորդ անձ Լիանա Գալստյանի՝ աշխատանքից ազատելու մասին կարգադրություններն անվավեր ճանաչելու, իրավաբանական ուժ չունենալու հիմքով կարգադրությունը չկիրառելու, աշխատանքում վերականգնելու ու հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագանձելու պահանջների մասին, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.06.2021 թվականի որոշման դեմ Գայանե Աղաբեկյանի բերած վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Գայանե Աղաբեկյանը պահանջել է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի 07․11․2016 թվականի թիվ Կ-43 կարգադրությունները կամ անվավեր ճանաչել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի 07․11․2016 թվականի թիվ Կ-43 կարգադրությունը, իրավաբանական ուժ չունենալու հիմքով չկիրառել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի 07․11․2016 թվականի աշխատանքից ազատելու մասին թիվ Կ-43 կարգադրությունը, իրեն վերականգնել նախկին աշխատանքում՝ Կազմակերպության տնօրենի պաշտոնում, Կազմակերպությունից բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը՝ սկսած 07.11.2016 թվականից մինչև աշխատանքում փաստացի վերականգնելու պահը:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 11.04.2019 թվականի վճռով հայցը մերժվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.08.2019 թվականի որոշմամբ Գայանե Աղաբեկյանի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 11.04.2019 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 27.01.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է «ա. անվավեր ճանաչել ՀՀ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի 07.11.2016 թվականի «Գայանե Աղաբեկյանին աշխատանքից ազատելու մասին» թիվ Կ-43 կարգադրությունը (հիմք՝ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի 1-ին կետի 8-րդ ենթակետ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ կետ) և ՀՀ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի 07.11.2016 թվականի «Գայանե Աղաբեկյանին աշխատանքից ազատելու մասին» թիվ Կ-43 կարգադրությունը (հիմք` «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի 1-ին կետի 8-րդ ենթակետ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետ և 122-րդ հոդվածի 2-րդ կետ)։ բ. Գայանե Աղաբեկյանի հայցը` ՀՀ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի 07.11.2016 թվականի թիվ Կ-43 կարգադրությունը (հիմք՝ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի 1-ին կետի 8-րդ ենթակետ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ կետ) դրա իրավաբանական ուժ չունենալու հիմքով չկիրառելու պահանջի մասին մերժել՝ առարկայազուրկ լինելու հիմքով։ գ. Գայանե Աղաբեկյանի հայցը` իր նախկին աշխատանքում՝ «Երևանի թիվ 46 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում վերականգնելու, պահանջի մասին մերժել։ դ. Գայանե Աղաբեկյանին իր նախկին աշխատանքում չվերականգնելու հիմքով ՀՀ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանից բռնագանձել հատուցում հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար` միջին աշխատավարձի չափով սկսած 07.11.2016 թվականից մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը։ ե. Գայանե Աղաբեկյանին աշխատանքում չվերականգնելու դիմաց ՀՀ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանից բռնագանձել հատուցում` միջին աշխատավարձի կրկնապատիկի չափով: 2. Միջին աշխատավարձը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով: 3. Դատարանի սույն վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից Գայանե Սպարտակի Աղաբեկյանի 01.01.2014 թվականի աշխատանքային պայմանագիրը համարել լուծված: 4. ՀՀ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե բռնագանձել 91.041 ՀՀ դրամ պետական տուրքը, ինչպես նաև վճռի «դ» և «ե» կետերով հաշվեգրվող և բռնագանձվող ընդհանուր գումարի երկու տոկոսը` որպես պետական տուրք: Մերժված հայցապահանջների մասով պետական տուրքի հարցը համարել լուծված: 5. Դատական ծախսերի հարցը համարել լուծված»:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.06.2021 թվականի որոշմամբ Գայանե Աղաբեկյանի և Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի բերած վերաքննիչ բողոքները մերժվել են, ու Դատարանի 27.01.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գայանե Աղաբեկյանը (ներկայացուցիչ Յուրի Շիրինյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Կազմակերպությունը և Լիանա Գալստյանը (ներկայացուցիչ Լուսնթագ Բեժանյան)։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 28-րդ հոդվածը, կիրառել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասը, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 12-րդ հոդվածը, 38-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետն ու 265-րդ հոդվածի 1-ին մասը, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ հոդվածները, 57-60-րդ հոդվածները, 62-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերը, 66-րդ հոդվածը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ որպես նախկին աշխատանքում վերականգնելու անհնարինության բացակայությունը հիմնավորող ապացույց ինքը Դատարան է ներկայացրել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թ․ Թադևոսյանի կողմից 27․08․2020 թվականին տրված թիվ 28/ԳԱ բնութագիրը, որի համաձայն՝ Գայանե Աղաբեկյանը 31․07․1997 թվականից մինչև 11․11․2016 թվականն աշխատել է Աջափնյակ վարչական շրջանի թիվ 46 մանկապարտեզում որպես տնօրեն և աշխատանքի ընթացքում իրեն դրսևորել է որպես բարեկիրթ, իրազեկ ու բանիմաց անձնավորություն, եղել է պարտաճանաչ և կարգապահ աշխատող, պարտականությունները կատարել է պատրաստակամությամբ ու ժամանակին։ Այսինքն՝ պատասխանող Աջափնյակ վարչական շրջանը՝ գործատուն, իրեն տալով դրական բնութագիր, գործի քննության ընթացքում չի վկայակոչել որևէ փաստ գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության վերաբերյալ, թեև ուներ այդ փաստի ապացուցման պարտականություն։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ գործատու չհանդիսացող Կազմակերպությունը նշել է, որ իր աշխատակիցները չեն ցանկանում աշխատել իր հետ, սակայն դրա ապացուցման համար որևէ վերաբերելի, թույլատրելի և արժանահավատ ապացույց չի ներկայացրել։
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ երրորդ անձ Լիանա Գալստյանի կողմից նույնպես չեն ներկայացվել ապացույցներ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության վերաբերյալ։
Վերաքննիչ դատարանը վերահաստատել է Դատարանի ոչ իրավաչափ եզրահանգումն այն մասին, որ իր հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինություն է տնօրենի նշանակումն օրենքով սահմանված կարգով մրցույթի անցկացման արդյունքում, հետևաբար մրցույթի արդյունքում տնօրենի նշանակման պարագայում իրեն նախկին աշխատանքում վերականգնելը կհամարվի օրենքի ուժով տնօրեն նշանակելու իրավակարգավորման միջամտություն։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ իրեն նախկին աշխատանքում վերականգնելու պահանջը մերժվել է սուբյեկտիվ պատճառաբանությամբ, որ օրենսդրական փոփոխություններով սահմանվել է մանկապարտեզների տնօրենների նշանակման նոր կարգ։ Այսինքն՝ յուրաքանչյուր դեպքում, երբ պաշտոնի նշանակումը նախատեսված է մրցույթի անցկացման արդյունքում, ապա տվյալ պաշտոնի նշանակված աշխատողը կարող է ցանկացած անհիմն պատճառաբանությամբ ազատվել աշխատանքից, և եթե անգամ հետագայում դատական կարգով աշխատանքից ազատումը ճանաչվի ոչ իրավաչափ, միևնույն է, աշխատողը չի կարող վերականգնվել նախկին աշխատանքում։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է Վերաքննիչ դատարանի 18.06.2021 թվականի որոշումը բեկանել և փոփոխել այն՝ իր պահանջը՝ նախկին աշխատանքում վերականգնելու մասին, բավարարել։
2.1․ Կազմակերպության և Լիանա Գալստյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վճռաբեկ բողոքն ամբողջությամբ անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի վերլուծությունից հետևում է, որ անկախ ամեն ինչից դատարանն իրավասու է նաև աշխատողին չվերականգնել նախկին աշխատանքում ոչ միայն գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում, որպիսի հանգամանքն առկա է, այլև՝ տնտեսական, տեխնոլոգիական ու կազմակերպչական պատճառներով։ Բացի այդ, տվյալ դեպքում ինչպես Կազմակերպության ողջ աշխատակազմը, այնպես էլ ծնողները ցանկանում են նշված հաստատության տնօրենի պաշտոնում տեսնել Լիանա Գալստյանին, ով տվյալ պաշտոնին նշանակվել է մրցույթում հաղթող ճանաչվելու արդյունքում։ Մինդեռ, Գայանե Աղաբեկյանին իր նախկին աշխատանքում վերականգնելու պարագայում Լիանա Գալստյանը կզրկվի իր աշխատանքից այն դեպքում, երբ հայցվորն աշխատանքից ազատվելուց հետո անցել է մեկ այլ աշխատանքի։
Բացի այդ, Լիանա Գալստյանը, նշանակվելով Կազմակերպության տնօրենի պաշտոնում, իր անձնական միջոցներով իրականացրել է հաստատության վերանորոգում, որպիսի փաստը հիմնավորվում է վճարման անդորրագրերով և լուսանկարներով։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի (գործատուի) և Գայանե Աղաբեկյանի միջև 01.01.2014 թվականին կնքված աշխատանքային պայմանագրի 1․1 կետի համաձայն՝ գործատուն Կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումը հանձնել է Գայանե Աղաբեկյանին (տնօրենին), իսկ վերջինս պարտավորվել է բարեխղճորեն ու խելամտորեն կատարել Կազմակերպության գործադիր մարմնի գործառույթները՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին, այլ իրավական ակտերին, Կազմակերպության կանոնադրությանը և պայմանագրին համապատասխան՝ ի շահ Կազմակերպության: Նույն պայմանագրի 5-րդ կետով սահմանվել է, որ աշխատանքային պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է մինչև 31.12.2014 թվականը (հատոր 1-ին, գ.թ. 89-92).
2) վերը նշված պայմանագրով սահմանված ժամկետը լրանալուց հետո Գայանե Աղաբեկյանը շարունակել է զբաղեցնել Կազմակերպության տնօրենի պաշտոնը (անվիճելի փաստ)․
3) Գայանե Աղաբեկյանին պատկանող ПТ-1 թիվ 1544989 աշխատանքային գրքույկի համաձայն՝ Գայանե Աղաբեկյանը 07.11.2016 թվականին ազատվել է զբաղեցրած պաշտոնից «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետի և 122-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն: Այնուհետև կատարվել է գրառում այն մասին, որ «հ.13 գրառումը սխալ է կատարվել» և նշվել է, որ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Ա. Սարգսյանի 11.11.2016 թվականի թիվ Կ-43 կարգադրությամբ 07.11.2016 թվականին Գայանե Աղաբեկյանն ազատվել է Կազմակերպության տնօրենի պաշտոնից «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի 1-ին կետի 8-րդ ենթակետով և ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված հիմքերով։ Որպես գրառման հիմք նշվել է «Կարգադրություն թիվ 43, 11.11.2016թ.» (հատոր 1-ին, գ.թ. 14-17).
4) Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին հասցեագրված 07.11.2016 թվականի դիմումի պատճենի համաձայն՝ Կազմակերպության տնօրեն Գայանե Աղաբեկյանը խնդրել է իրեն ազատել աշխատանքից այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ (հատոր 1-ին, գ.թ. 88).
5) Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի 07.11.2016 թվականի «Գայանե Աղաբեկյանին աշխատանքից ազատելու մասին» թիվ Կ-43 կարգադրության պատճենի համաձայն՝ ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ կետը՝ կարգադրվել է Կազմակերպության տնօրեն Գայանե Աղաբեկյանին 11.11.2016 թվականից ազատել զբաղեցրած պաշտոնից (հատոր 1-ին, գ.թ. 20).
6) Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի 07.11.2016 թվականի «Գայանե Աղաբեկյանին աշխատանքից ազատելու մասին» թիվ Կ-43 կարգադրության պատճենի համաձայն՝ ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ կետը՝ Կազմակերպության տնօրեն Գայանե Աղաբեկյանը 07.11.2016 թվականից ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Պատճենի համապատասխանությունը բնօրինակին հաստատված է Շենգավիթ նոտարական տարածքի նոտար Ա․ Մազմանյանի կողմից 11․11․2016 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 21).
7) ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պետական միասնական գրանցամատյանի 21.12.2017 թվականի քաղվածքի պատճենի համաձայն՝ Կազմակերպության տնօրեն է հանդիսանում Լիանա Գալստյանը (հատոր 5-րդ, գ.թ. 27, 28):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի՝ աշխատողին իր նախկին աշխատանքում վերականգնելու անհնարինության առանձնահատկություններին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
Սահմանադրության 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր աշխատող ունի աշխատանքից անհիմն ազատվելու դեպքում պաշտպանության իրավունք։ (...):
Սահմանադրական դատարանն իր 07.07.2010 թվականի թիվ ՍԴՈ-902 որոշմամբ, անդրադառնալով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորմանը, արձանագրել է, որ խախտված իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի անհրաժեշտ բաղադրատարրն է հանդիսանում անձի խախտված իրավունքի վերականգնումը: Վերջինս ենթադրում է այն բացասական հետևանքների վերացում, որոնք անձի համար առաջացել են իրավունքի խախտման արդյունքում: Որպես կանոն, այդ բացասական հետևանքների վերացումը տեղի է ունենում մինչև իրավունքի խախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնմամբ։
Սահմանադրական դատարանն իր 11.10.2011 թվականի թիվ ՍԴՈ-991 որոշմամբ փաստել է, որ «Սահմանադրության 32-րդ հոդվածում երաշխավորված աշխատանքի ընտրության ազատությունը յուրաքանչյուր անհատի համար ապահովում է առանց խտրականության աշխատանքային հարաբերությունների մեջ մտնելու և իր մասնագիտական ու այլ ընդունակություններն ազատ դրսևորելու հավասար հնարավորություն: Միաժամանակ այն չի խոչընդոտում օրենսդրին աշխատանքային հարաբերություններն իրավական կարգավորման ենթարկելիս սահմանել անձանց իրավական տարբեր կարգավիճակներ՝ կապված աշխատանքային պայմանների, անմիջական պայմանագրային պարտականությունների, գործունեության բնագավառի հետ, և նույնիսկ նախատեսել առանձին պաշտոններ զբաղեցնելու և պաշտոններից ազատելու առանձնահատուկ դեպքեր, եթե դրանք օբյեկտիվորեն արդարացված են և ունեն սահմանադրաիրավական համապատասխան հիմնավորում:
Աշխատանքով պայմանավորված՝ հարաբերությունների կարգավորման պայմանագրային բնույթը միաժամանակ պահանջում է ոչ միայն իրավունքի իրացման, այլև պարտականության կատարման անհրաժեշտություն, և կողմերի՝ տվյալ դեպքում գործատուի աշխատանքային պայմանագիրը լուծելու իրավունքի իրացումը չպետք է պայմանավորված լինի նպատակահարմարությամբ կամ սուբյեկտիվ բնույթի այլ գործոնով, այլ հետապնդի արդար, իրավաբանորեն ամրագրված որոշակի նպատակ՝ աշխատանքի իրավունքի իրացման սահմանադրորեն կանխորոշված սկզբունքներին համապատասխան»:
Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ կողմերը ընդունում են, որպես իրենց քաղաքականության նպատակ, որը պետք է ձեռք բերվի բոլոր համապատասխան ազգային և միջազգային միջոցներով, այն պայմանները ձեռք բերելը, որոնք կնպաստեն հետևյալ իրավունքների և սկզբունքների արդյունավետ իրականացմանը՝ յուրաքանչյուր ոք վաստակելու հնարավորություն կունենա իր կողմից ազատորեն ընտրված ցանկացած աշխատանքով։
Նույն մասի 24-րդ կետի համաձայն՝ (...) բոլոր աշխատողները աշխատանքի դադարեցման դեպքում ունեն պաշտպանվածության իրավունք:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 2-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` աշխատանքային օրենսդրության նպատակն է պաշտպանել աշխատողների և գործատուների իրավունքներն ու շահերը:
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն` աշխատանքային օրենսդրության հիմնական սկզբունքներից է աշխատանքային հարաբերությունների կայունությունը։
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը լուծվում է գործատուի նախաձեռնությամբ։
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու դեպքում։
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան: Եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են: Այդ դեպքում աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, կամ աշխատավարձի տարբերությունը այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը կատարում էր նվազ վարձատրվող աշխատանք: Միջին աշխատավարձը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական պատճառներով կամ գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում դատարանը կարող է աշխատողին չվերականգնել իր նախկին աշխատանքում` պարտավորեցնելով գործատուին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում` միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, և աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում` ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով: Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծված:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ դիրքորոշում է հայտնել նաև այն մասին, որ օրենսդիրը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանել է աշխատանքում չվերականգնելու գործատուի իրավական հնարավորությունը` վերապահելով դատարանին այդ վարքագծի իրավաչափության գնահատման իրավասություն` որոշելու տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական կամ այլ պատճառներով կամ գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինությունը կոնկրետ գործի փաստերից ելնելով (տե՛ս թիվ 3-496(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2007 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասով օրենսդիրը, անդրադառնալով աշխատանքային պայմանագրի վերաբերյալ վեճերին, կարգավորել է աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում աշխատողների խախտված իրավունքների վերականգման դեպքերը` առանձնացնելով երկու խումբ իրավիճակներ.
1. աշխատողը վերականգնվում է իր նախկին աշխատանքում` ստանալով հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ,
2. աշխատողը չի վերականգնվում նախկին աշխատանքում` ստանալով հատուցումներ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի, ինչպես նաև աշխատանքում չվերականգնվելու դիմաց:
Վերոնշյալ երկրորդ իրավիճակը հնարավոր է հետևյալ դեպքերում.
1. առկա են տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական պատճառներ: Մասնավորապես, նման իրավիճակ հնարավոր է այն դեպքում, երբ գործատուի վարչակազմակերպչական կառուցվածքում գոյություն չունի այնպիսի հաստիքային միավոր, որտեղ նախկինում աշխատել է աշխատողը, և առկա չէ աշխատողի մաuնագիտական պատրաuտվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատաuխան այլ աշխատանք (տե՛ս, օրինակ, Անաստաս Գիշյանը և Նորայր Եղիկյանն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/0605/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.11.2009 թվականի որոշումը),
2. Գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունները վերականգնելն անհնարին է այլ պատճառներով: Ընդ որում, նշված հիմքի կիրառման համար օրենսդիրը կոնկրետ դեպքեր չի նախատեսել` հնարավորություն տալով դատարաններին յուրաքանչյուր դեպքում գործի փաստական հանգամանքների շրջանակներում գնահատել աշխատանքում աշխատողի վերականգնման անհնարինությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դրանով օրենսդիրը նպատակ է հետապնդել համապարփակ կերպով կարգավորելու աշխատանքային պայմանագրի վերաբերյալ վեճերը, մասնավորապես` գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու և լուծելու հետ կապված բոլոր վեճերը` որպես աշխատողի խախտված իրավունքների վերականգնման եղանակներ սահմանելով ինչպես աշխատողի վերականգնումը նախկին աշխատանքում, այնպես էլ դրա անհնարինության դեպքում աշխատողին փոխհատուցումներ վճարելու գործատուի պարտականությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ նշված հոդվածի իրավակարգավորումները կիրառելի են գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու և լուծելու վերաբերյալ բոլոր վեճերով` անկախ պայմանագիրը դադարեցնելու կամ լուծելու հիմքից, այլապես աշխատանքային վեճերի մի մասը դուրս կմնա օրենսդրական կարգավորման ոլորտից (տե՛ս Խորեն Նասիբյանն ընդդեմ «Ինտերալկո» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/3295/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշումը):
Համակարգային վերլուծության ենթարկելով վերը նշված իրավական նորմերը և դիրքորորշումները, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ օրենսդիրը պետք է ապահովի սահմանադրական իրավունքների ու ազատությունների, աշխատանքային պայմանագրով գործատուի և աշխատողի իրավունքների ու օրինական շահերի արդարացի համաձայնեցման հավասարակշռվածությունը, որը Հայաստանի Հանրապետությունում՝ որպես սոցիալական պետությունում աշխատանքային հարաբերությունների անհրաժեշտ պայման է:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ աշխատանքային օրենսդրության սկզբունքներից է աշխատանքային հարաբերությունների կայունության սկզբունքը, որի իրացման դրսևորում է հանդիսանում գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման համար երկու տարբեր հանգամանքների առկայության նախատեսումը: Այսպես, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման համար հիմք կարող են հանդիսանալ ինչպես աշխատողի հետ անմիջականորեն կապված հանգամանքները, այնպես էլ այնպիսիք, որոնք պայմանավորված են կազմակերպության լուծարման, արտադրության ծավալների և (կամ) տնտեսական ու (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման ու (կամ) արտադրական անհրաժեշտությամբ, որոնք հանգեցրել են աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատմամբ։ Նշված հանգամանքներն օբյեկտիվ պայմաններ են, որոնք հանգեցնում են նաև աշխատանքային պայմանագրի լուծման: Օրենսդիրը, նախատեսելով աշխատողի անձնական հատկանիշներով, որակավորմամբ, կատարած աշխատանքի որակով չպայմանավորված հիմքով աշխատանքային պայմանագրի լուծման հնարավորություն, այնուամենայնիվ նրանց օրինական շահերի առաջնահերթության ապահովման նպատակով սահմանել է նաև երաշխիքներ՝ պաշտպանելու աշխատողների իրավունքները: Մասնավորապես՝ գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման և դրա հետ աշխատողի անհամաձայնության պարագայում աշխատողին իրավունք է ընձեռել դիմելու դատարան ու վերականգնելու իր ենթադրյալ խախտված իրավունքները:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել նաև, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի բովանդակությունից բխում է, որ օրենսդիրը, առաջնորդվելով աշխատանքային հարաբերությունների կայունության սկզբունքով և օրենսգրքում ամրագրված նպատակներով, գործատուին հնարավորություն է ընձեռում նախկին աշխատողի նախկին աշխատանքում վերականգնվելու դեպքում լուծել նոր աշխատողի հետ ինչպես անորոշ, այնպես էլ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը։
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝ Գայանե Աղաբեկյանը, դիմելով դատարան, պահանջել է անվավեր ճանաչել աշխատանքից ազատելու մասին Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի 07.11.2016 թվականի թիվ Կ-43 երկու տարբեր բովանդակությամբ կարգադրությունները, իրեն վերականգնել նախկին աշխատանքում՝ Կազմակերպության տնօրենի պաշտոնում, ինչպես նաև Կազմակերպությունից բռնագանձել միջին աշխատավարձը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար՝ սկսած 07.11.2016 թվականից մինչև փաստացի աշխատանքում վերականգնվելու պահը:
Դատարանը գործի նոր քննության արդյունքում 27.01.2021 թվականի վճռով հայցը բավարարել է մասնակիորեն՝ վճռվել է «ա. անվավեր ճանաչել ՀՀ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի 07.11.2016 թվականի «Գայանե Աղաբեկյանին աշխատանքից ազատելու մասին» թիվ Կ-43 կարգադրությունը (հիմք՝ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի 1-ին կետի 8-րդ ենթակետ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ կետ) և ՀՀ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի 07.11.2016 թվականի «Գայանե Աղաբեկյանին աշխատանքից ազատելու մասին» թիվ Կ-43 կարգադրությունը (հիմք` «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի 1-ին կետի 8-րդ ենթակետ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետ և 122-րդ հոդվածի 2-րդ կետ)։ բ. Գայանե Աղաբեկյանի հայցը` ՀՀ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի 07.11.2016 թվականի թիվ Կ-43 կարգադրությունը (հիմք՝ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի 1-ին կետի 8-րդ ենթակետ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ կետ) դրա իրավաբանական ուժ չունենալու հիմքով չկիրառելու պահանջի մասին մերժել՝ առարկայազուրկ լինելու հիմքով։ գ. Գայանե Աղաբեկյանի հայցը` իր նախկին աշխատանքում՝ «Երևանի թիվ 46 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում վերականգնելու, պահանջի մասին մերժել։ դ. Գայանե Աղաբեկյանին իր նախկին աշխատանքում չվերականգնելու հիմքով ՀՀ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանից բռնագանձել հատուցում հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար` միջին աշխատավարձի չափով սկսած 07.11.2016 թվականից մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը։ ե. Գայանե Աղաբեկյանին աշխատանքում չվերականգնելու դիմաց ՀՀ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանից բռնագանձել հատուցում` միջին աշխատավարձի կրկնապատիկի չափով: 2. Միջին աշխատավարձը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով: 3. Դատարանի սույն վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից Գայանե Սպարտակի Աղաբեկյանի 01.01.2014 թվականի աշխատանքային պայմանագիրը համարել լուծված»:
Վերաքննիչ դատարանը, մերժելով Գայանե Աղաբեկյանի վերաքննիչ բողոքը, արձանագրել է, որ «Դատարանը, մանրամասն գնահատելով և վերլուծելով Գայանե Աղաբեկյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ վերը նշված կարգադրությունների իրավաչափությունը, դրանք դիտելով որպես ոչ իրավաչափ՝ անվավեր ճանաչման ենթակա անհատական իրավական ակտեր, ինչպես նաև հիմք ընդունելով այն, որ Կազմակերպության ղեկավարի տնօրենի նշանակումն իրականացվում է մրցույթի արդյունքում, ընդ որում, օրենսդիրը հնարավորություն է ընձեռել դատարանին յուրաքանչյուր դեպքում որոշելու աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինությունը, գտել է, որ սույն դեպքում Գայանե Աղաբեկյանի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինությունը պայմանավորված է տնօրենի նշանակումն օրենքով սահմանված կարգով մրցույթի անցկացման արդյունքում կատարվելու, հետևաբար՝ մրցույթի արդյունքում տնօրենի նշանակման պարագայում հայցվորին իր նախկին աշխատանքում վերականգնելու դեպքում օրենքի ուժով տնօրեն նշանակելու իրավակարգավորման միջամտություն կատարելու անթույլատրելիությամբ՝ ըստ այդմ մերժելով նախկին աշխատանքում Գայանե Աղաբեկյանին վերականգնելու պահանջը՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական պատճառներով աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության հիմքով, և վերջինիս տրամադրելով հատուցում՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար՝ միջին աշխատավարձի չափով, սկսած՝ 07.11.2016թ.-ից մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը և հատուցում` միջին աշխատավարձի կրկնապատիկի չափով»:
Վերաքննիչ դատարանն արձանագրել է նաև, որ աշխատանքից ազատված աշխատողի փոխարեն նոր աշխատողի կողմից նրա հաստիքի զբաղեցումը հիմնավորող բավարար ապացույցների առկայությունն արդեն իսկ բավարար է գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինությունը փաստելու համար՝ անկախ այդ փաստի առնչությամբ գործով այլ ապացույցներ ներկայացված լինելուց կամ չլինելուց:
Վերաքննիչ դատարանը հավելել է, որ Կազմակերպության տնօրենի պաշտոնը ներկայումս զբաղեցնող Լիանա Գալստյանն այդ հաստիքին է նշանակվել մրցույթում հաղթող ճանաչվելու արդյունքում, ուստի հայցվորի՝ նախկին աշխատանքում վերականգնվելը կհանգեցնի նաև կազմակերպված մրցույթում հաղթող ճանաչված նոր աշխատողի շահերի և անօրինական կարգով աշխատանքից ազատված աշխատող հայցվորի իրավունքների ու օրինական շահերի միջև արդարացի հավասարակշռության խախտման: Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, նշված հավասարակշռությունը կարող է ապահովվել միայն այն պարագայում, երբ աշխատանքում վերականգնելու օբյեկտիվ անհնարինության դեպքերում երաշխավորվի աշխատողի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության պատշաճ ու արդյունավետ մեխանիզմ, ինչն էլ, ըստ էության, ապահովվել է Դատարանի կողմից՝ օրենքով սահմանված կարգով հայցվորին աշխատանքում չվերականգնելու դիմաց աշխատավարձի կրկնապատիկի չափով հատուցում տրամադրելու միջոցով։
Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը։
Դատարանի 27.01.2021 թվականի վճռով անվավեր են ճանաչվել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի 07․11․2016 թվականի թիվ Կ-43 կարգադրությունները։ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պետական միասնական գրանցամատյանի 21.12.2017 թվականի քաղվածքի պատճենի համաձայն՝ Կազմակերպության տնօրեն է հանդիսանում Լիանա Գալստյանը, ով տվյալ պաշտոնում նշանակվել է կազմակերպված մրցույթում հաղթող ճանաչվելու հիմքով։ Դատարանի վճռով մերժվել է Գայանե Աղաբեկյանի՝ Կազմակերպության տնօրենի պաշտոնում վերականգնվելու պահանջը, հետևաբար Վճռաբեկ դատարանի կողմից սույն վեճին իրավաչափ լուծում տալու համար քննարկման է ենթակա հայցվորին նախկին աշխատանքում վերականգնելու օբյեկտիվ անհնարինության հարցը։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձը, ով աշխատանքից ազատվել է անօրինական հիմքով, ունի լեգիտիմ ակնկալիք վերականգնվելու նախկին աշխատանքում և շարունակելու իրականացնել իր նախընտրած աշխատանքն ու դրա դիմաց ստանալու վարձատրություն: Հետևաբար, աշխատողին գործատուի կողմից անօրինական կերպով աշխատանքից ազատելու դեպքում օրենսդրի հիմնական նպատակը պետք է հանդիսանա խախտված իրավունքի արդյունավետ վերականգնումը։ Որպես կանոն, այդ բացասական հետևանքների վերացումը տեղի է ունենում մինչև իրավունքի խախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնմամբ: Օրենսդիրը, առանձին դեպքերի համար սահմանել է, որ մինչև իրավունքի խախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը կարող է օբյեկտիվորեն անհնարին լինել, և այդ դեպքերի համար որպես խախտման բացասական հետևանքները վերացնելու իրավական միջոց նախատեսել է անձի կրած վնասի դիմաց տրվող փոխհատուցումը: Միաժամանակ, օրենսդրի տրամաբանությունն այն է, որ այդ բացառիկ դեպքերը պետք է լինեն ոչ թե կամայական, այլ պետք է ամրագրված լինեն օրենսդրությամբ և լինեն օբյեկտիվորեն հիմնավորված:
Տվյալ դեպքում ստորադաս դատարանները Գայանե Աղաբեկյանին նախկին աշխատանքում վերականգնելու անհնարինությունը պայմանավորել են այդ պաշտոնում մրցույթի արդյունքում հաղթած անձի նշանակմամբ, ինչը գնահատել են որպես օրենքի ուժով տնօրեն նշանակելու իրավակարգավորման միջամտություն կատարելու անթույլատրելիություն, մինչդեռ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Կազմակերպության տնօրեն Լիանա Գալստյանի՝ մրցույթում հաղթող ճանաչվելը և այդ հիմքով պաշտոնում նշանակվելը դեռևս չի կարող գնահատվել որպես օրինական ու օբյեկտիվ հիմք աշխատողի նախկին աշխատանքում վերականգնելու պահանջը մերժելու համար, քանի որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով հստակ ամրագրված է գործատուի իրավունքն իր նախաձեռնությամբ լուծելու նոր աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը, եթե նախկին աշխատողը վերականգնվել է այդ աշխատանքում։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն դեպքի համար օրենսդիրը չի նախատել տվյալ պաշտոնում մրցույթում հաղթած անձի նշանակվելու պարագայում աշխատանքում վերականգնելու անհնարինության վերաբերյալ բացառություններ։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները չեն կարող գնահատվել որպես աշխատանքի վերականգնման անհնարինությունը պայմանավորող օբյեկտիվ պատճառ, ինչպես նաև այդ հանգամանքը չի կարող դիտարկվել որպես աշխատանքի վերականգնմանը խոչընդոտ հանդիսացող։ Ավելին, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները Գայանե Աղաբեկյանի՝ նախկին աշխատանքում վերականգնելու պահանջը մերժելիս պետք է գնահատման առարկա դարձնեին այն հանգամանքը, որ նմանօրինակ պատճառաբանությամբ աշխատողին աշխատանքում չվերականգնելը կարող է գործատուի համար ստեղծել կամայական, արհեստական և սուբյեկտիվ հնարավորություն ցանկացած դեպքում ազատվելու անցանկալի աշխատողից, այդ պաշտոնում այլ անձի մրցութային կարգով նշանակված լինելու պատճառաբանությամբ, ինչը կարող է հանգեցնել տվյալ իրավիճակներում իրավունքի սուբյեկտների նկատմամբ տարբեր վերաբերմունքի դրսևորման ու կամայական մոտեցման վտանգների, ինչը չի բխում օրենսդրությամբ սահմանված աշխատանքային հարաբերությունների կայունության սկզբունքից։
Նման պայմաններում հնարավոր բացասական պրակտիկան բացառելու համար, ինչպես նաև գործատուի և աշխատողի իրավունքների ու օրինական շահերի միջև արդարացի հավասարակշռության ապահովման անհրաժեշտությունը կարևորելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու պահանջը մերժելիս դատարանները պետք է հանգամանորեն հիմնավորեն դրա օբյեկտիվ անհնարինությունը։
Համակարգային վերլուծության ենթարկելով վերը նշվածը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները գործի փաստական հանգամանքների և ներկայացված ապացույցների վերլուծության շրջանակներում պետք է օբյեկտիվորեն գնահատման առարկա դարձնեին Գայանե Աղաբեկյանի՝ Կազմակերպության տնօրենի պաշտոնում վերականգնելու անհնարինությունը, ինչը տվյալ դեպքում չեն իրականացրել։ Հակառակը՝ ինչպես Դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանն ընդամենն արձանագրել են, որ աշխատանքից ազատված աշխատողի փոխարեն նոր աշխատողի կողմից նրա հաստիքի զբաղեցումը հիմնավորող ապացույցների համակցության առկայությունն արդեն իսկ բավարար է գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինությունը փաստելու համար՝ անկախ այդ փաստի առնչությամբ գործով այլ ապացույցներ ներկայացված լինելուց կամ չլինելուց։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում ստորադաս դատարանները չեն իրականացրել Գայանե Աղաբեկյանին նախկին աշխատանքում՝ Կազմակերպության տնօրենի պաշտոնում վերականգնելու անհնարինության պահանջի օբյեկտիվ և լիարժեք քննություն՝ մերժելով նախկին աշխատանքում հայցվորին վերականգնելու պահանջը՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական պատճառներով աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության հիմքով, ինչը չի կարող համարվել վեճի իրավաչափ լուծում։
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանություններով:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 18.06.2021 թվականի որոշումը մասնակիորեն՝ Գայանե Աղաբեկյանի վերաքննիչ բողոքը մերժելու՝ Դատարանի 27.01.2021 թվականի վճիռը՝ հայցը՝ Գայանե Աղաբեկյանին նախկին աշխատանքում՝ Կազմակերպության տնօրենի պաշտոնում վերականգնելու պահանջի մասին մերժելու, այդ հիմքով Գայանե Աղաբեկյանին աշխատանքում չվերականգնելու դիմաց Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանից հօգուտ Գայանե Աղաբեկյանի միջին աշխատավարձի կրկնապատիկի չափով հատուցում բռնագանձելու մասերով քննություն իրականացնելու նպատակով տվյալ դեպքում կիրառման է ենթակա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նշված մասերով նոր քննության ուղարկելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործով հայցվոր Գայանե Աղաբեկյանի՝ աշխատանքում վերականգնելու պահանջի հարցը պարզելու նպատակով գործն ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ նոր քննության, և Կազմակերպությունից հօգուտ Գայանե Աղաբեկյանի միջին աշխատավարձի կրկնապատիկի չափով հատուցում բռնագանձելու պահանջի քննության մասով գործի ելքն ուղղակիորեն կապված է բեկանված մասով գործի քննության արդյունքների հետ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ մասերով հարցերը քննության առարկա դարձնելու և լուծելու համար առկա է վերոնշյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ գործի նոր քննության անհրաժեշտություն:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
Նույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության արդյունքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.06.2021 թվականի որոշումը մասնակիորեն` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 27․01․2021 թվականի վճիռը՝ «գ. Գայանե Սպարտակի Աղաբեկյանի հայցը` Գայանե Սպարտակի Աղաբեկյանին իր նախկին աշխատանքում՝ «Երևանի թիվ 46 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում վերականգնելու, պահանջի մասին մերժել։ դ. Գայանե Սպարտակի Աղաբեկյանին իր նախկին աշխատանքում չվերականգնելու հիմքով ՀՀ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանից հօգուտ Գայանե Սպարտակի Աղաբեկյանի բռնագանձել հատուցում հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար` միջին աշխատավարձի չափով սկսած 07.11.2016 թվականից մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը։ ե. Գայանե Սպարտակի Աղաբեկյանին աշխատանքում չվերականգնելու դիմաց ՀՀ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանից հօգուտ Գայանե Սպարտակի Աղաբեկյանի բռնագանձել հատուցում` միջին աշխատավարձի կրկնապատիկի չափով: 2. Միջին աշխատավարձը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով: 3. Դատարանի սույն վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից Գայանե Սպարտակի Աղաբեկյանի 01.01.2014 թվականի աշխատանքային պայմանագիրը համարել լուծված: 4. ՀՀ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե բռնագանձել 91.041 ՀՀ դրամ պետական տուրքը, ինչպես նաև վճռի «դ» և «ե» կետերով հաշվեգրվող և բռնագանձվող ընդհանուր գումարի երկու տոկոսը` որպես պետական տուրք» անփոփոխ թողնելու մասով բեկանել և այդ մասերով գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ նոր քննության։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.06.2021 թվականի որոշումը՝ մնացած մասերով, թողնել օրինական ուժի մեջ։
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
Գ. Հակոբյան |
Զեկուցող |
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ |
Ն․ ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս . ՄԵՂՐՅԱՆ | |
Է. Սեդրակյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հունվարի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|