Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.11.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.01.22-2024.02.04 Պաշտոնական հրապարակման օրը 25.01.2024
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
20.11.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
20.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/2089/02/15

2023 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/2089/02/15

Նախագահող դատավոր`

Դատավորներ`

Ն. Մարգարյան

Դ. Սերոբյան

Լ. Հովհաննիսյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ անունից

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

 

նախագահող և զեկուցող

Գ. Հակոբյան
 

Ն. ՀՈՎՍԵՓՅԱն

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Է. Սեդրակյան

 

2023 թվականի նոյեմբերի 20-ին

գրավոր ընթացակարգով քննելով Սմբատ և Վահան Մինասյանների ու Գայանե Վարդանյանի (այսուհետ՝ Համապատասխանողներ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.07.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ Վարդան Ասատրյանի հայցի ընդդեմ Համապատասխանողների` գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1 Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Վարդան Ասատրյանը պահանջել է Համապատասխանողներից համապարտության կարգով բռնագանձել 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես պարտքի հիմնական գումար, ինչպես նաև այդ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսները` սկսած 21.05.2009 թվականից մինչև պարտավորության դադարման օրը:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 07.04.2016 թվականի վճռով քաղաքացիական գործի վարույթը «կարճվել է՝ նույն անձանց միջև, միևնույն հիմքերով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության հիմքով»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Հ. Ենոքյան, դատավորներ` Ս. Միքայելյան, Ա. Սմբատյան) 26.04.2017 թվականի որոշմամբ Վարդան Ասատրյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, ու Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 07.04.2016 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.12.2017 թվականի որոշմամբ Վարդան Ասատրյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է, ու ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.04.2017 թվականի որոշումը բեկանվել է, և գործն ուղարկվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ նոր քննության:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Ա. Պետրոսյան, դատավորներ` Ա. Մկրտչյան, Ա. Սմբատյան) 04.06.2018 թվականի որոշմամբ Վարդան Ասատրյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 07.04.2016 թվականի վճիռը բեկանվել է, ու գործն ուղարկվել է նոր քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 08.08.2018 թվականի որոշմամբ Համապատասխանողների բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է, ու սահմանվել է հնգօրյա ժամկետ` որոշումն ստանալու պահից վճռաբեկ բողոքի ձևական սխալները շտկելու ու վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.10.2018 թվականի որոշմամբ Համապատասխանողների բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Գործի նոր քննության ժամանակ Համապատասխանողները միջնորդություն են ներկայացրել Դատարան՝ խնդրելով կիրառել հայցային վաղեմություն։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 22.03.2019 թվականի «Հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությունը մերժելու և քաղաքացիական գործի քննությունը վերսկսելու մասին» որոշմամբ Համապատասխանողների միջնորդությունը մերժվել է։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 30.12.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.07.2022 թվականի որոշմամբ Համապատասխանողների բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 30.12.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Վճռաբեկ բողոք են ներկայացրել Համապատասխանողները (ներկայացուցիչ Տիգրան Խուրշուդյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

 Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-333-րդ, 335-րդ, 337-րդ և 340-րդ հոդվածները:

Բողոք բերած անձինք նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել են հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հայցային վաղեմության ժամկետը սկսել է հոսել 20.05.2009 թվականից, հայցային վաղեմության երեք տարին լրացել է առնվազն 21.05.2012 թվականին, իսկ օրենքով սահմանված կարգով հայցը հարուցվել է 25.05.2012 թվականին, ինչը նշանակում է, որ սույն քաղաքացիական գործով հայցային վաղեմության ժամկետը հայց ներկայացնելով չի ընդհատվել: Վերաքննիչ դատարանը նշված հանգամանքին որևէ անդրադարձ չի կատարել, այն դեպքում, երբ նշված իրավական հիմնավորման պայմաններում սույն քաղաքացիական գործով պետք է կիրառվեր հայցային վաղեմություն և ներկայացված հայցը մերժվեր ամբողջությամբ: Սահմանված կարգով հայց հարուցելով և պարտավոր անձի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողությունները կատարելով՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, սակայն ընդհանումից հետո հայցային վաղեմության ժամկետի ընթացքը սկսվում է նորից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 29.07.2022 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը մերժել կամ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով քաղաքացիական գործի վարույթը կարճել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 20.05.2008 թվականին Նորիկ Տեր-Գրիգորյանի (մի կողմից) և Սմբատ ու Վահան Մինասյանների, Գայանե Վարդանյանի (մյուս կողմից) միջև կնքվել է փոխառության պայմանագիր, որի համաձայն` Նորիկ Տեր-Գրիգորյանը Սմբատ և Վահան Մինասյաններին ու Գայանե Վարդանյանին է հանձնել 100.000 ԱՄՆ դոլլար, որը վերջիններս պարտավորվել են Նորիկ Տեր-Գրիգորյանին վերադարձնել 20052009 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 9)

2) վերը նշված փոխառության գումարից 75000 ԱՄՆ դոլարը Համապատասխանողները Նորիկ Տեր-Գրիգորյանին վերադարձրել են մինչև վերջինիս կողմից ստորև նշված հայցադիմումը դատարան ներկայացնելը (հայցվոր Վարդան Ասատրյանի կողմից վկայակոչված անվիճելի փաստ).

3) 18.05.2012 թվականին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է Նորիկ Տեր-Գրիգորյանի հայցն ընդդեմ Սմբատ Մինասյանի, Գայանե Վարդանյանի ու Վահան Մինասյանի` համապարտության կարգով 25.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և կետանցի օրվանից` 21.05.2009 թվականից սկսած յուրաքանչյուր օրվա համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված տոկոսներ բռնագանձելու պահանջի մասին (հիմք՝ «www.datalex.am» տեղեկատվական համակարգը, քաղաքացիական գործ՝ թիվ ԵԷԴ/0609/02/12, հատոր 1-ին, գթ 112, 113).

4) Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 21.05.2012 թվականի որոշմամբ Նորիկ Տեր-Գրիգորյանի միջնորդությունը՝ պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին, մերժվել է ու հայցադիմումը վերադարձվել է։ Նորիկ Տեր-Գրիգորյանը սահմանված ժամկետում կրկին հայցադիմումը ներկայացրել է դատարան` արդեն վճարելով օրենքով սահմանված պետական տուրքը (հիմք՝ «www.datalex.am» տեղեկատվական համակարգը, հատոր 1-ին, գթ 112, 113).

5) Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 25.05.2012 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, գործը նշանակվել է դատական քննության 28.06.2012 թվականին (գործի քննությունը չի իրականացվել դատաքննության նախապատրաստական փուլով) (հիմք՝ «www.datalex.am» տեղեկատվական համակարգը, հատոր 1-ին, գթ 112, 113).

6) Թիվ ԵԷԴ/0609/02/12 քաղաքացիական գործի քննության ժամանակ (կոնկրետ օրը հայտնի չէ) համապատասխանողները վերադարձրել են ևս 10.000 ԱՄՆ դոլար, որից հետո՝ 27.06.2012 թվականին, Նորիկ Տեր-Գրիգորյանը դիմում է ներկայացրել դատարան՝ հայցից հրաժարվելու մասին (հիմք՝ «www.datalex.am» տեղեկատվական համակարգը, հատոր 1-ին, գթ 112, 113).

7) 04.07.2012 թվականին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վճիռ է կայացրել հայցից հրաժարվելու հիմքով քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 112, 113).

8) 02.06.2015 թվականին Նորիկ Տեր-Գրիգորյանի և Վարդան Ասատրյանի միջև կնքվել է պահանջի իրավունքը զիջելու մասին (ցեսիա) պայմանագիր, որի համաձայն` Նորիկ Տեր-Գրիգորյանը Վարդան Ասատրյանին է զիջել Սմբատ և Վահան Մինասյանների ու Գայանե Վարդանյանի հետ 20.05.2008 թվականին կնքված փոխառության պայմանագրով 15.000 ԱՄՆ դոլլարի չափով մնացած պարտքի նկատմամբ պահանջի իրավունքը` նույն ծավալներով ու պայմաններով (հատոր 1-ին, գ.թ. 11, 12).

9) Վարդան Ասատրյանի կողմից սույն գործով ներկայացված հայցադիմումը դատարանում ստացվել է 29.06.2015 թվականին (հիմք՝ հատոր 1-ին, գ.թ. 2-ում առկա էլեկտրոնային մակագրության թերթիկը)

10) Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 30.06.2015 թվականի որոշմամբ Վարդան Ասատրյանի հայցադիմումը վերադարձվել է՝ պետական տուրքի գումարը պակաս վճարված լինելու հիմքով։ Վարդան Ասատրյանը սահմանված ժամկետում կրկին հայցադիմումը ներկայացրել է դատարան` արդեն վճարելով օրենքով սահմանված պետական տուրքը, որը 20.07.2015 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ՝ այն համարվելով դատարանում ընդունված սկզբնական ներկայացնելու օրը։ Գործը «դատաքննության» է նշանակվել 27.08.2015 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 1, 21-38)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ և 340-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցին

ե՞րբ է նորից սկսվում հայցային վաղեմության ժամկետի ընթացքը սահմանված կարգով հայցը հարուցելու փաստի ուժով այն ընդհատվելուց հետո, այն դեպքում, երբ հայցվորը հրաժարվել է հայցից և գործի վարույթն այդ հիմքով կարճվել է՝ միաժամանակ վերահաստատելով հայցային վաղեմության վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները։

 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին օրենքով սահմանված կարգով դիմում է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին օրենքով սահմանված կարգով վճիռ կայացնելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Այդ կանոնից բացառությունները սահմանվում են նույն օրենսգրքով և այլ օրենքներով:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ այն պարտավորությունների համար, որոնք կատարելու համար որոշված է որոշակի ժամկետ, հայցային վաղեմության ընթացքն սկսվում է այդ ժամկետի ավարտմամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 338-րդ հոդվածի համաձայն՝ պարտավորության մեջ անձանց փոփոխվելը չի հանգեցնում հայցային վաղեմության ժամկետի և դրա հաշվարկման կարգի փոփոխման:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է սահմանված կարգով հայցը հարուցելով, ինչպես նաև պարտավոր անձի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողությունները կատարելով:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ընդհատումից հետո հայցային վաղեմության ժամկետի ընթացքը նորից է սկսվում: Մինչև ընդհատումն անցած ժամանակը չի հաշվվում նոր ժամկետի մեջ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 8-րդ հոդվածով սահմանված կանոնների համաձայն մեկնաբանելով վերը նշված նորմերը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը հայցային վաղեմություն է համարում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը, որի ընդհանուր ժամկետը, ի տարբերություն հատուկ ժամկետների, երեք տարի է: Ընդ որում, հայցային վաղեմության ժամկետի ընթացքը, որպես կանոն, սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին, իսկ այն պարտավորությունների համար, որոնք կատարելու համար որոշված է որոշակի ժամկետ՝ դրանց համար հայցային վաղեմության ընթացքն սկսվում է այդ ժամկետի ավարտմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր կողմից նախկինում կայացրած որոշումներում արձանագրել է, որ օրենսդիրը, ամրագրելով հայցային վաղեմության ընդհանուր երեք տարվա ժամկետը, միաժամանակ սահմանել է նաև այդ ժամկետի հաշվարկման կարգը, այն է` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին (տե՛ս, օրինակ, Ռազմիկ Դարբինյանն ընդդեմ Դանիել Ղասաբողլյանի թիվ ԵԷԴ/0723/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.04.2010 թվականի որոշումը)։

Միևնույն ժամանակ օրենսդիրը համապատասխան իրավակարգավորումներ է նախատեսել՝ կապված հայցային վաղեմության ժամկետները կասեցվելու և դրա ընթացքն ընդհատվելու հետ։ Վերջինիս առումով օրենսդիրը սահմանել է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է բացառապես երկու դեպքում՝ երբ սահմանված կարգով հայց է հարուցվում կամ պարտավոր անձի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողություններ են կատարվում, որոնցից յուրաքանչյուրի դեպքում ընդհատումից հետո հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է նորից, և մինչև ընդհատումն անցած ժամանակը չի հաշվվում նոր ժամկետի մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ դիրքորոշում է հայտնել այն մասին, որ օրենսդիրը, խախտված իրավունքների պաշտպանության համար հայցային վաղեմության ժամկետներ նախատեսելով, միաժամանակ սահմանել է այդ ժամկետների ընդհատման ու կասեցման կարգը և հիմքերը: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 339-րդ և 340-րդ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքի ընդհատման համար անհրաժեշտ է հայցը սահմանված կարգով (օրենքով սահմանված կարգով) հարուցած լինելու հանգամանքի առկայությունը, այսինքն` երբ հայցը հարուցվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերի պահանջներին համապատասխան և ընդունվել է դատարանի կողմից։ Հայցային վաղեմության ընթացքի ընդհատման յուրահատկությունը կայանում է նրանում, որ օրենքով մատնանշված հիմքերի առկայության դեպքում հայցային վաղեմության արդեն իսկ անցած ժամանակահատվածն այլևս հաշվի չի առնվում և հայցային վաղեմության ժամկետը սկսում է հոսել վերստին (տե՛ս «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ն ընդդեմ Կարեն Մկրտչյանի և Նարինե Ավետիսյանի թիվ ԵԿԴ/0526/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը)։

Տվյալ դեպքում օրենսդիրը սահմանափակվել է ընդամենը նշում կատարելով այն մասին, որ ընդհատումից հետո հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է նորից՝ որոշակիորեն չկոնկրետացնելով, թե սահմանված կարգով հայց հարուցելուց կամ պարտավոր անձի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողություններ կատարելուց հետո ե՞րբ է նորից սկսվում հայցային վաղեմության ժամկետի ընթացքը։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հիմք ընդունելով ժամկետների վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համապատասխան իրավակարգավորումները՝ պարտավոր անձի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողություն կատարելու բոլոր դեպքերում հայցային վաղեմության ժամկետն ընդհատվելիս այն պետք է նորից սկսվի այդ ժամկետի ընդհատման հաջորդ օրվանից։

Ինչ վերաբերում է սահմանված կարգով հայց հարուցելու դեպքում հայցային վաղեմության ժամկետների ընթացքը նորից սկսվելու առումով կոնկրետ օրը որոշելու հետ կապված հարցին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրա անհրաժեշտությունը, բացառությամբ՝ հայցից հրաժարվելու հիմքով գործի վարույթը կարճելու դեպքերի, բացակայում է այնքանով, որքանով հայցը բավարարվելու դեպքում, ըստ էության, դատական կարգով վերացվում է անձի խախտված իրավունքը, որը պաշտպանելու անհրաժեշտությունն այլևս վերանում է, իսկ հայցը մերժվելու դեպքում նույն անձանց միջև նույն առարկայի մասին և միևնույն փաստական հիմքերով գործի վերաբերյալ արդեն առկա է լինում դատարանի` օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտ, որն արգելք է հանդիսանալու իրավունքը խախտված անձի կողմից կրկին նույն հայցը դատարան ներկայացնելու համար։

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առանձին ուշադրության է ենթակա հայցից հրաժարվելու հիմքով գործի վարույթը կարճելու դեպքում հայցային վաղեմության ժամկետների ընթացքը նորից սկսվելու հետ կապված համապատասխան օրը որոշելու իրավական հարցը, որը ՀՀ քաղաքացիական օրենսգրքով և այլ օրենքներով առանձնահատուկ կարգավորված չէ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 334-րդ հոդվածի համաձայն՝ այն չի կարող կարգավորվել նաև պայմանագրի կողմերի համաձայնությամբ, որպիսի հանգամանքից ելնելով՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում պարզել, թե հայցից հրաժարվելու դեպքում վերստին ո՞ր օրվանից է սկսում հոսել հայցային վաղեմության ժամկետը՝ դրա ընդհատման հաջո՞րդ օրվանից, թ՞ե հայցից հրաժարվելու հիմքով գործի վարույթը կարճելու մասին եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու հաջորդ օրվանից:

Հիմք ընդունելով վերը նշված իրավական նորմերը և դրանց վերաբերյալ վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցից հրաժարվելու հիմքով գործի վարույթը կարճելու դեպքում հայցային վաղեմության ժամկետների ընթացքը նորից սկսվելու հետ կապված հարցերը լուծելիս անհրաժեշտ է նկատի ունենալ, որ հայցից հրաժարումը գործին մասնակցող անձի կողմից իր դատավարական իրավունքների իրականացման եղանակ է, երբ վերջինս, օգտվելով տնօրինչականության սկզբունքից, սեփական հայեցողությամբ տնօրինում է դատական պաշտպանության միջոցները և եղանակները: Դրանից ելնելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման բոլոր դրսևորումների դեպքում գործին մասնակցող անձն ինքը պետք է կրի դրա արդյունքում առաջացող բոլոր դրական և բացասական հետևանքների ռիսկը, որպիսի դիրքորոշումների համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցից հրաժարվելու հիմքով գործի վարույթը կարճելիս հայցային վաղեմության ժամկետը պետք է նորից սկսի դրա ընդհատման՝ սահմանված կարգով հայցը հարուցելու հաջորդ օրվանից։

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ 20.05.2008 թվականին Նորիկ Տեր-Գրիգորյանի (մի կողմից) և Սմբատ ու Վահան Մինասյանների, Գայանե Վարդանյանի (մյուս կողմից) միջև կնքվել է փոխառության պայմանագիր, որի համաձայն` Նորիկ Տեր-Գրիգորյանը Սմբատ ու Վահան Մինասյաններին, Գայանե Վարդանյանին է հանձնել 100.000 ԱՄՆ դոլլար, որը վերջիններս պարտավորվել են Նորիկ Տեր-Գրիգորյանին վերադարձնել 20.05.2009 թվականին։ Նշված փոխառության գումարից Համապատասխանողները Նորիկ Տեր-Գրիգորյանին վերադարձրել են 75.000 ԱՄՆ դոլար՝ պարտք մնալով մնացած 25.000 ԱՄՆ դոլարը։

Դրանից հետո՝ 18.05.2012 թվականին, Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է Նորիկ Տեր-Գրիգորյանի հայցն ընդդեմ Սմբատ Մինասյանի, Գայանե Վարդանյանի ու Վահան Մինասյանի` մնացած 25.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը և կետանցի օրվանից` 21.05.2009 թվականից սկսած յուրաքանչյուր օրվա համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված տոկոսները համապարտության կարգով բռնագանձելու պահանջի մասին (քաղաքացիական գործ՝ թիվ ԵԷԴ/0609/02/12)։

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 21.05.2012 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է՝ պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու մասին միջնորդությունը մերժվելու հիմքով։ Դրանից հետո Նորիկ Տեր-Գրիգորյանը սահմանված ժամկետում կրկին հայցադիմումը ներկայացրել է դատարան` արդեն վճարելով օրենքով սահմանված պետական տուրքը, որի պայմաններում նշված հայցադիմումն ընդունվել է դատարանի վարույթ։

Վերը նշված հայցի հիման վրա հարուցված թիվ ԵԷԴ/0609/02/12 գործը նշանակվել է քննության։ Այդ գործի քննության ընթացքում (կոնկրետ օրը սույն գործով հնարավոր չի եղել պարզել Վճռաբեկ դատարանում՝ համապատասխան ապացույցի բացակայության պատճառաբանությամբ) համապատասխանողները վերադարձրել են ևս 10.000 ԱՄՆ դոլար, ու դրանից հետո՝ 27.06.2012 թվականին, Նորիկ Տեր-Գրիգորյանը դիմում է ներկայացրել դատարան՝ հայցից հրաժարվելու մասին։

04.07.2012 թվականին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վճիռ է կայացրել հայցից հրաժարվելու հիմքով քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին։

Այնուհետև՝ 02.06.2015 թվականին, Նորիկ Տեր-Գրիգորյանի և Վարդան Ասատրյանի միջև կնքվել է պահանջի իրավունքը զիջելու մասին (ցեսիա) պայմանագիր, որի համաձայն` Նորիկ Տեր-Գրիգորյանը Վարդան Ասատրյանին է զիջել Սմբատ ու Վահան Մինասյանների և Գայանե Վարդանյանի հետ 20.05.2008 թվականին կնքված փոխառության պայմանագրով 15.000 ԱՄՆ դոլարի չափով մնացած պարտքի նկատմամբ պահանջի իրավունքը` նույն ծավալներով ու պայմաններով։

Վարդան Ասատրյանի կողմից սույն գործով ներկայացված հայցադիմումը դատարանում ստացվել է 29.06.2015 թվականին, որը Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 30.06.2015 թվականի որոշմամբ վերադարձվել է՝ պետական տուրքի գումարը պակաս վճարված լինելու հիմքով։ Վարդան Ասատրյանը սահմանված ժամկետում կրկին հայցադիմումը ներկայացրել է դատարան` արդեն վճարելով օրենքով սահմանված պետական տուրքը, որպիսի հանգամանքից ելնելով՝ դատարանը 20.07.2015 թվականին որոշում է կայացրել Վարդան Ասատրյանի հայցադիմումը վարույթ ընդունելու մասին՝ այն համարելով դատարանում ընդունված սկզբնական ներկայացնելու օրը։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 22.03.2019 թվականի «Հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությունը մերժելու և քաղաքացիական գործի քննությունը վերսկսելու մասին» որոշմամբ Համապատասխանողների միջնորդությունը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ Նորիկ Տեր-Գրիգորյանի կողմից դատարան հայց ներկայացնելու արդյունքում հայցային վաղեմության ժամկետն ընդհատվել է և այն սկսել է հոսել 20.05.2008 թվականից, Նորիկ Տեր-Գրիգորյանը հայցից հրաժարվել է 27.06.2012 թվականին, իսկ գործի վարույթը կարճվել է 04.07.2012 թվականին, ուստի Վարդան Ասատրյանը փոխառությամբ տրված գումարը կարող էր պահանջել մինչև 27.06.2015 թվականը։

Դատարանի 30.12.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Վերաքննիչ դատարանի 29.07.2022 թվականի որոշմամբ Համապատասխանողների բերած վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 30.12.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ նաև այն պատճառաբանություններով, որ «թիվ ԵԷԴ/0609/02/12 քաղաքացիական գործով օրենքով սահմանված կարգով հայցը հարուցվել է 25.05.2012 թվականին՝ պայմանավորելով հայցային վաղեմության ընթացքի ընդհատումը, այնուհետև հայցային վաղեմության ժամկետի հոսքը վերստին սկսել է հոսել հայցվորի կողմից հայցից հրաժարվելու հիմքով գործի վարույթը կարճվելու մասին Դատարանի 04.07.2012 թվականի վճիռն օրինական ուժի մեջ մտնելով, որի պայմաններում հայցվորը, սույն գործով հայցը ներկայացնելով 22.06.2015 թվականին՝ հայցային վաղեմության ժամկետը բաց չի թողել»։

Վերը նշված դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ։

Սույն գործի փաստերի վերլուծությունից բխում է, որ 20.05.2008 թվականին Նորիկ Տեր-Գրիգորյանի (մի կողմից) և Սմբատ ու Վահան Մինասյանների, Գայանե Վարդանյանի (մյուս կողմից) միջև կնքված փոխառության պայմանագրի համաձայն՝ դրանում նշված պարտավորության կատարման համար որոշված է եղել որոշակի ժամկետ, որի համաձայն՝ այդ պարտավորությունը պետք է կատարվեր 20.05.2009 թվականին։

Դրանից ելնելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքը տվյալ դեպքում սկսվել է 21.05.2009 թվականից, երբ Նորիկ Տեր-Գրիգորյանն իմացել է իր իրավունքի խախտման՝ փոխառությամբ տրված գումարի մի մասը՝ 25.000 ԱՄՆ դոլարը, վերադարձված չլինելու մասին, որպիսի պայմաններում օրենքով սահմանված իրավունքի պաշտպանության երեք տարվա ժամանակահատվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 327-րդ և 328-րդ հոդվածների համաձայն, պետք է լրանար 21.05.2012 թվականին, սակայն 18.05.2012 թվականին, այսինքն՝ օրենքով սահմանված իրավունքի պաշտպանության երեք տարվա ժամանակահատվածում, Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է Նորիկ Տեր-Գրիգորյանի հայցն ընդդեմ Սմբատ Մինասյանի, Գայանե Վարդանյանի ու Վահան Մինասյանի` մնացած 25.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը և կետանցի օրվանից` 21.05.2009 թվականից սկսած յուրաքանչյուր օրվա համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված տոկոսները համապարտության կարգով բռնագանձելու պահանջի մասին։

Չնայած այն հանգամանքին, որ նշված հայցադիմումը ներկայացնելու փաստի ուժով հայցային վաղեմության ժամկետի ընթացքն այդ պահին չի ընդհատվել, քանի որ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 21.05.2012 թվականի որոշմամբ ներկայացված հայցադիմումը վերադարձվել է՝ պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու մասին միջնորդությունը մերժվելու հիմքով, սակայն դրանից հետո Նորիկ Տեր-Գրիգորյանը սահմանված ժամկետում կրկին հայցադիմումը ներկայացրել է դատարան` արդեն վճարելով օրենքով սահմանված պետական տուրքը, որի պայմաններում նշված հայցադիմումն ընդունվել է դատարանի վարույթ, և հայցադիմումը դատարանում սկզբնական ներկայացնելու օրը՝ 18.05.2012 թվականին ընդունված համարվելու պայմաններում արդեն համարվում է, որ հայցադիմումն օրենքով սահմանված իրավունքի պաշտպանության երեք տարվա ժամանակահատվածում ներկայացված լինելու ուժով տեղի է ունեցել հայցային վաղեմության ժամկետի ընթացքի ընդհատում։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում հայցային վաղեմության ժամկետը Նորիկ Տեր-Գրիգորյանի կողմից 18.05.2012 թվականին սահմանված կարգով հայց հարուցված լինելու հիմքով ընդհատված լինելու պայմաններում սկսվել է նորից՝ հայց հարուցելու հաջորդ օրվանից, այն է՝ 19.05.2012 թվականից, և պետք է ավարտվեր 19052015 թվականին, այսինքն՝ մինչև Նորիկ Տեր-Գրիգորյանի իրավահաջորդ Վարդան Ասատրյանի կողմից սույն գործով հայցադիմումը Դատարան ներկայացնելը (հայցադիմումը Դատարան է ներկայացրել 29062015 թվականին), սակայն 19.05.2012 թվականին նորից սկսվելու պայմաններում հայցային վաղեմության ժամկետը կրկին ընդհատվել է Սմբատ Մինասյանի, Գայանե Վարդանյանի և Վահան Մինասյանի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողություն կատարելով, այն է՝ թիվ ԵԷԴ/0609/02/12 քաղաքացիական գործի քննության ընթացքում Նորիկ Տեր-Գրիգորյանին ևս 10.000 ԱՄՆ դոլար վերադարձնելու փաստի ուժով, որպիսի փաստն անվիճելի է: Ավելին՝ այդ կապակցությամբ Նորիկ Տեր-Գրիգորյանը 27.06.2012 թվականին դիմում է ներկայացրել դատարան՝ հայցից հրաժարվելու մասին։ Հաջորդիվ, հայցային վաղեմության ժամկետը սկսվել է նորից՝ այդ գումարը վերադարձնելու հաջորդ օրվանից, որպիսի հանգամանքները Վերաքննիչ դատարանի կողմից անտեսվել են:

Վերոգրյալի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքը վերստին սկսել է հոսել հայցվորի կողմից հայցից հրաժարվելու հիմքով գործի վարույթը կարճվելու մասին Դատարանի 04.07.2012 թվականի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու հիմքով։

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և բեկանված մասով գործը համապատասխան ստորադաս՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ նոր քննության ուղարկելու լիազորությունը՝ սահմանելով նոր քննության ծավալ։

Գործի նոր քննության ժամանակ անհրաժեշտ է, հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի վերը նշված իրավական դիրքորոշումները, պարզել հետևյալ հարցերը՝

1) հայցային վաղեմության ժամկետը Նորիկ Տեր-Գրիգորյանի կողմից 18.05.2012 թվականին սահմանված կարգով հայց հարուցված լինելու հիմքով ընդհատված լինելու պայմաններում 19.05.2012 թվականից նորից սկսված լինելու դեպքում ե՞րբ են Սմբատ Մինասյանը, Գայանե Վարդանյանը և Վահան Մինասյանը կատարել պարտքի ճանաչումը վկայող գործողությունը, այն է՝ թիվ ԵԷԴ/0609/02/12 քաղաքացիական գործի քննության ընթացքում Նորիկ Տեր-Գրիգորյանին վերադարձրել ևս 10.000 ԱՄՆ դոլար գումար,

2) հայցային վաղեմության ժամկետը պարտքի ճանաչումը վկայող վերը նշված գործողությունը կատարելու հաջորդ օրվանից նորից սկսվելու և Նորիկ Տեր-Գրիգորյանի իրավահաջորդ Վարդան Ասատրյանի կողմից սույն գործով հայցադիմումը Դատարան ներկայացնելու (այդ օրվա առումով) պայմաններում արդյո՞ք չի լրացել հայցային վաղեմության ժամկետը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են սույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` սույն [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոնների համաձայն:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.07.2022 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան` վերը նշված ծավալով նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող և զեկուցող

Գ. Հակոբյան

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ս. Մեղրյան

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հունվարի 2024 թվական: