ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
23 դեկտեմբերի 2021 թվականի N 381-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԲԱՐՁՐ ԳՆԻ ԵՎ ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ՑԱԾՐ ԳՆԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետը և 2-րդ մասը` Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Սահմանել չհիմնավորված բարձր գնի և չհիմնավորված ցածր գնի որոշման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ |
Գ. Գևորգյան |
2021 թ. դեկտեմբերի 23 Երևան |
Հավելված Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 381-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԲԱՐՁՐ ԳՆԻ ԵՎ ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ՑԱԾՐ ԳՆԻ ՈՐՈՇՄԱՆ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով (այսուհետ նաև՝ Կարգ) սահմանվում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (այսուհետ նաև՝ Հանձնաժողով) կողմից ապրանքային շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտի (այսուհետ նաև՝ Տնտեսավարող սուբյեկտ) սահմանած չհիմնավորված բարձր գնի և չհիմնավորված ցածր գնի որոշման հետ կապված հարաբերությունները:
2. Կարգում օգտագործվող հասկացությունները և տերմինները կիրառվում են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով (այսուհետ նաև՝ Օրենք) սահմանված իմաստով:
ԳԼՈՒԽ 2
ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԲԱՐՁՐ ԵՎ ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ՑԱԾՐ ԳՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄԸ
3. Տնտեսավարող սուբյեկտի սահմանած ապրանքի իրացման կամ ձեռքբերման չհիմնավորված բարձր կամ ցածր գնի որոշման նպատակով Հանձնաժողովը միաժամանակ գնահատում է հետևյալ հանգամանքները․
1) ապրանքի արտադրության, իրացման, այդ թվում՝ ներմուծման համար անհրաժեշտ ծախսերի (այսուհետ նաև՝ Անհրաժեշտ ծախսեր) և շահույթի գումարը.
2) մրցակցության պայմաններում ձևավորված համադրելի ապրանքային շուկայում առկա գինը՝ համադրելի ապրանքային շուկայի առկայության դեպքում։
ԳԼՈՒԽ 3
Անհրաժեշտ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ՇԱՀՈՒՅԹԻ ԳՈՒՄԱՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
4. Տնտեսավարող սուբյեկտի կողմից ապրանքի իրացման կամ ձեռքբերման համար սահմանված գնի չհիմնավորված ցածր լինելը պարզելիս Անհրաժեշտ ծախսերի գնահատման նպատակով Հանձնաժողովը կիրառում է հետևյալ մեթոդները․
1) Միջին փոփոխուն ծախսերի մեթոդը, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով․
AVC= |
VCtotal |
, |
Qtotal |
որտեղ․
AVC – միջին փոփոխուն ծախսն է,
VCtotal – հնարավոր իրավախախտման առարկա հանդիսացող ապրանքների արտադրությանը (իրացմանը, ներմուծմանը) վերաբերող փոփոխուն ծախսերի գումարն է,
Qtotal – հնարավոր իրավախախտման առարկա հանդիսացող ապրանքների արտադրության (իրացման, ներմուծման) ընդհանուր քանակն է։
2) Միջին խուսափելի ծախսերի մեթոդ, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով․
AAC= |
ACtotal |
, |
Qtotal |
որտեղ․
AAC – միջին խուսափելի ծախսն է,
ACtotal – հնարավոր իրավախախտման առարկա հանդիսացող ապրանքների արտադրության (իրացման, ներմուծման) համար կատարված ընդհանուր խուսափելի ծախսերի գումարն է,
Qtotal – հնարավոր իրավախախտման առարկա հանդիսացող ապրանքների արտադրության (իրացման, ներմուծման) ընդհանուր քանակն է։
3) Երկարաժամկետ միջին հավելյալ ծախսերի մեթոդը, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով․
LRAIC= |
Ctotal - C'total |
, |
Qtotal |
որտեղ․
LRAIC – երկարաժամկետ միջին հավելյալ ծախսն է,
Ctotal – տնտեսավարող սուբյեկտի ընդհանուր ծախսերի գումարն է,
C'total – ընդհանուր ծախսն է, որը կունենար տնտեսավարող սուբյեկտը, եթե չարտադրեր (չիրացներ, չներմուծեր) դիտարկվող կոնկրետ ապրանքը,
Qtotal – հնարավոր իրավախախտման առարկա հանդիսացող ապրանքների արտադրության (իրացման, ներմուծման) ընդհանուր քանակն է։
4) միջին ընդհանուր ծախսի մեթոդը, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով․
ATC= |
Ctotal |
|
Qtotal |
որտեղ․
AТC – միջին ընդհանուր ծախսն է,
Ctotal – հնարավոր իրավախախտման առարկա հանդիսացող ապրանքների ամբողջ ծախսերի գումարն է,
Qtotal – հնարավոր իրավախախտման առարկա հանդիսացող ապրանքների արտադրության (իրացման, ներմուծման) ընդհանուր քանակն է։
5. Հանձնաժողովը չհիմնավորված ցածր գինը որոշելիս, ելնելով ապրանքային շուկայի առանձնահատկություններից և ձեռք բերված տեղեկատվությունից, ընտրում է Անհրաժեշտ ծախսերի գնահատման մեթոդներից մեկը կամ մի քանիսը։
6. Անհրաժեշտ ծախսերի գնահատման մեթոդներից որևէ մեկով տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման դեպքի բացահայտման պարագայում Անհրաժեշտ ծախսերի գնահատման մյուս մեթոդները կիրառելու անհրաժեշտությունը բացակայում է։
7. Չհիմնավորված բարձր գնի դրսևորմամբ հնարավոր իրավախախտման դեպքը քննարկելիս Անհրաժեշտ ծախսերի գնահատման համար կիրառվում է միայն միջին ընդհանուր ծախսի մեթոդը։
8. Չհիմնավորված բարձր և չհիմնավորված ցածր գների որոշման համար ուղենիշային է միջին ընդհանուր ծախսը։
9. Հանձնաժողովն անհրաժեշտության դեպքում կարող է ստուգել Անհրաժեշտ ծախսերի վերաբերյալ ներկայացված տեղեկատվության արժանահավատությունը, որի նպատակն է բացահայտել տվյալ ապրանքի ինքնարժեքի տարրերի և ծախսերի փոխկապակցվածությունը տվյալ ապրանքի արտադրությանը և իրացմանը, ինչպես նաև ծախսերի փոխկապակցվածության աղբյուրները։
10. Անհրաժեշտ ծախսերը գնահատելիս Հանձնաժողովը կարող է հաշվի առնել նաև տվյալ ապրանքի համաշխարհային շուկաներում սահմանված բորսայական և ոչ բորսայական գնի ցուցանիշները՝ ելնելով յուրաքանչյուր գործի առանձնահատկություններից։
ԳԼՈՒԽ 4
ՀԱՄԱԴՐԵԼԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
11. Համադրելի ապրանքային շուկաներ են միևնույն կամ նմանատիպ բնութագրիչներով շուկաները։
12. Համադրելի ապրանքային շուկաների գների համեմատության նպատակով Հանձնաժողովը տվյալների առկայության դեպքում կարող է կիրառել գնի կամ գնային բաղադրիչների համեմատության մեթոդները։
13. Եթե համադրելի ապրանքային շուկա չի հայտնաբերվում, ապա Հանձնաժողովն այդ փաստն ամրագրում է որոշման մեջ և Տնտեսավարող սուբյեկտի սահմանած ապրանքի իրացման կամ ձեռքբերման չհիմնավորված բարձր կամ չհիմնավորված ցածր գինը որոշելու նպատակով առաջնորդվում է միայն Անհրաժեշտ ծախսերի գնահատման մեթոդներով:
(հավելվածը խմբ. 16.01.24 N 12-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2021 թվական: