Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-183
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2009-09.01.2009)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.12.31/33
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
27.12.1997
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.12.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2013
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը 
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
27 դեկտեմբերի 1997 թ.

ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ  ՄԱՍԻՆ


Բ Ա Ժ Ի Ն 1.

 

ՀԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸ



Գ Լ ՈՒ Խ  1.

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում եկամտահարկի որոշման և վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանում է Հայաստանի Հանրապետությունում եկամտահարկ վճարողների շրջանակը, եկամտահարկի դրույքաչափերը, հաշվարկման և վճարման կարգը:

 

Հոդված 2.

Եկամտահարկի հասկացությունը

 

Եկամտահարկը հարկ վճարողների կողմից (օրենքով սահմանված դեպքերում` հարկային գործակալի միջոցով) սույն օրենքով սահմանված կարգով և չափով պետական բյուջե վճարվող ուղղակի հարկ է:

 

Գ Լ ՈՒ Խ  2.

 

ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ ԵՎ ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏԸ

 

Հոդված 3.  Եկամտահարկ վճարողները


1. Հայաստանի Հանրապետությունում եկամտահարկ են վճարում (հարկատու են) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ (այսուհետ` ռեզիդենտ) և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք:

2. Սույն օրենքի իմաստով ռեզիդենտ է համարվում այն ֆիզիկական անձը, որը հարկային տարում (հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ) սկսվող կամ ավարտվող տասներկուամսյա ցանկացած ժամանակահատվածում գտնվել է Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր առմամբ 183 օր և ավելի, կամ ում կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պետական ծառայության մեջ գտնվողուղղ. ժամանակավորապես Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս աշխատող ֆիզիկական անձը:

Սույն օրենքի իմաստով կենսական շահերի կենտրոն է համարվում այն վայրը, որտեղ կենտրոնացված են անձի ընտանեկան կամ տնտեսական շահերը: Մասնավորապես համարվում է, որ ֆիզիկական անձի կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, եթե այնտեղ է գտնվում տունը կամ բնակարանը, որտեղ բնակվում է նրա ընտանիքը և գտնվում է նրա (ընտանիքի) անձնական կամ ընտանեկան հիմնական գույքը, կամ հիմնական տնտեսական (պրոֆեսիոնալ) գործունեության իրականացման վայրը:

 
Հոդված 4. Հարկվող օբյեկտը

 

1. Ռեզիդենտի համար հարկվող օբյեկտ է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս ստացվող հարկվող եկամուտը:

2. Ոչ ռեզիդենտի համար հարկվող օբյեկտ է համարվում հայաստանյան աղբյուրներից ստացվող հարկվող եկամուտը:

 

Հոդված 5. Հարկվող եկամուտը


Հարկվող եկամուտը հարկատուի համախառն եկամտի և սույն օրենքի դրույթներին համաձայն իրականացված նվազեցումների դրական տարբերությունն է:



Գ Լ ՈՒ Խ  3.

 

ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՈՒՏԸ

 

Հոդված 6. Համախառն եկամուտը

 

Համախառն եկամուտը հաշվետու ժամանակաշրջանում հարկատուի ստացած բոլոր եկամուտների հանրագումարն է` անկախ դրանց ստացման աղբյուրներից:

Սույն օրենքի իմաստով եկամուտ են համարվում, մասնավորապես.

ա) աշխատանքի վարձատրությունը և դրան հավասարեցված այլ վճարումներ.

բ) գրականության, արվեստի կամ գիտական աշխատանքի օգտագործման, կամ օգտվելու իրավունքի համար ցանկացած հեղինակային իրավունքից, ցանկացած արտոնագրից, ապրանքային նշանից, նախագծից կամ մոդելից, պլանից, գաղտնի բանաձևից կամ գործընթացից, էլեկտրոնային հաշվողական մեքենաների և տվյալների բազայի համար ծրագրերի կամ արդյունաբերական, առևտրային, գիտական սարքավորումներն օգտագործելու կամ օգտվելու համար իրավունքի կամ արդյունաբերական, տեխնիկական, կազմակերպական, առևտրային, գիտական փորձի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու համար ստացվող հատուցումը (այսուհետ` ռոյալթի).

գ) փոխառության դիմաց ստացվող տոկոսը և այլ հատուցումը (այսուհետ` տոկոս).

դ) շահաբաժինները.

ե) խաղատներում, շահումներով խաղերում ստացած եկամուտները (շահումները).

զ) մրցույթների և մրցությունների, ինչպես նաև վիճակախաղերի իրային շահումները (մրցանակները).

է) մրցույթների և մրցությունների, ինչպես նաև վիճակախաղերի դրամական շահումները (մրցանակները).

ը) նվիրատվության և օգնության կարգով ստացված գույքը և դրամական միջոցները.

թ) ժառանգության կարգով ստացված գույքը և դրամական միջոցները.

ժ) ապահովագրական հատուցումները.

ժա) ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտը.

ժբ) գույքն օտարելուց ստացված եկամուտը.

ժգ) վարձակալության դիմաց ստացվող վճարը և այլ հատուցումը (այսուհետ` վարձավճար), քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացվող եկամուտը.

ժդ) իրավաբանական անձանց և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների կողմից ֆիզիկական անձանց համար կատարված ապահովագրավճարները, բացառությամբ օրենքով սահմանված պարտադիր uոցիալական ապահովության վճարների:

Բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված եկամուտները համախառն եկամտում հաշվի են առնվում (այդ թվում` նաև հարկային գործակալի կողմից, սույն օրենքի դրույթներին համաձայն, հարկը պահելու (գանձելու) դեպքում) պետական հաստատագրված (կարգավորվող), իսկ դրանց բացակայության դեպքում ազատ (շուկայական) գներով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանածուղղ. կարգով:

Ֆիզիկական անձանց կողմից արտարժույթով ստացված եկամուտները վերահաշվարկվում են Հայաստանի Հանրապետության դրամով` ելնելով դրանց ստացման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից:

Բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, բնակելի թաղամասերում կամ համալիրներում անհատական բնակելի տներ կառուցապատող՝ ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների այլ ֆիզիկական անձանց վաճառքի դեպքում՝ օտարված տարածքի (առանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների) վաճառքից ստացված եկամուտը հաշվարկվում է գույքահարկով հարկման նպատակով՝ դրանց համար օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքից ոչ պակաս չափով:

(6-րդ հոդվածը փոփ., լրաց. 26.12.00 ՀՕ-130, լրաց. 27.11.06 ՀՕ-192-Ն, փոփ. 09.04.07 ՀՕ-150-Ն, 24.10.07 ՀՕ-232-Ն)

 

Հոդված 7. Եկամուտ չհամարվող տարրերը

 

Սույն օրենքի իմաստով եկամուտ չեն համարվում`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համաձայն վճարվողուղղ. պետական նպաստները, բացառությամբ ժամանակավոր անաշխատունակության և ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստների.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համաձայն վճարվող բոլոր տեսակի կենսաթոշակները.

գ) զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին և հաշմանդամ դարձած զինծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համաձայն տրվող միանվագ վճարները.

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան վճարվող ալիմենտները (ապրուստավճարները).

ե) արյուն ու կրծքի կաթ հանձնելու և դոնորության այլ տեսակների համար ֆիզիկական անձանց ստացած գումարները:



Գ Լ ՈՒ Խ  4.

 

ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԸ

 

Հոդված 8. Համախառն եկամտի նվազեցումները

 

1. Հարկվող եկամուտը որոշելիս համախառն եկամտից կարող են կատարվել սույն օրենքով նախատեսված նվազեցումները (նվազեցվող եկամուտներ, անձնական նվազեցումներ և ծախսեր):

2. Նվազեցումների միևնույն գումարը համախառն եկամտից կարող է կատարվել միայն մեկ անգամ:

 

Հոդված 9. Համախառն եկամտից նվազեցվող եկամուտները

 

Հարկվող եկամուտը որոշելիս հարկ վճարողի համախառն եկամտից նվազեցվում են`

ա) զինծառայողների և դրանց հավասարեցված անձանց զինվորական ծառայության հետ կապված եկամուտները.

ա1) փրկարարական ծառայության ծառայողների ծառայության հետ կապված եկամուտները.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմաների սահմաններում փոխհատուցման վճարները, բացառությամբ աշխատանքից ազատվելու դեպքում չօգտագործված արձակուրդի փոխհատուցման վճարների:

Սույն ենթակետով նախատեսված փոխհատուցման վճարների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նվազեցման նորմաներ սահմանված չլինելու դեպքում համախառն եկամուտը նվազեցվում է փաստաթղթերով հիմնավորված ծախսերի համար որպես փոխհատուցում ողջ գումարի չափով.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` ժառանգության և նվիրատվության կարգով ֆիզիկական անձանցից ստացված գույքը և դրամական միջոցները.

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված և հարկային մարմիններում հաշվառված ոչ առևտրային կազմակերպությունների միջոցներից կանոնադրական գործունեության շրջանակներում ֆիզիկական անձանց դրամական և բնամթերային ձևով ցույց տրվող օգնության գումարները.

ե) Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների հիման վրա, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց անհատույց տրվող գույքը և դրամական միջոցները.

զ) պարենային բավարարման արժեքը, ինչպես նաև այդ բավարարման փոխարեն վճարվող գումարները.

է) անհատույց ստացված` օրենքով սահմանված կարգով շնորհ համարվող միջոցները.

ը) սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքի վաճառքից հարկային գործակալ չհանդիսացողներից ֆիզիկական անձանց ստացած գումարները` բացառությամբ ձեռնարկատիրական գործունեության հետևանքով գույքի վաճառքից ստացված գումարների.

թ) ֆիզիկական անձանց կողմից մասնավորեցման (սեփականաշնորհման) սերտիֆիկատները ձեռք բերելու և դրանք` օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնելու դեպքում մասնավորեցման սերտիֆիկատների անվանական արժեքի և դրանց ձեռքբերման գնի միջև դրական տարբերությունը.

ժ) բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին, ասպիրանտներին, միջնակարգ-մասնագիտական ու պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնական հաստատությունների սովորողներին. հոգևոր ուսումնական հաստատությունների ունկնդիրներին պետության կողմիցուղղ. վճարվող, ինչպես նաև այն կրթաթոշակները, որոնք նրանց համար նշանակում են այդ ուսումնական հաստատությունների կամ սույն հոդվածի «դ» և «ե»ուղղ. կետերում նշված կազմակերպությունները.

ժա) ապահովագրական հատուցումները.

ժբ) (ենթակետն ուժը կորցրել է 26.12.00 ՀՕ-130)

ժգ) արժեթղթերից ստացված եկամուտը` համապատասխան սույն օրենքի 10 հոդվածի.

ժդ) այն գումարները, որոնք օրենքով սահմանված կարգով ստացվում են որպես վնասի փոխհատուցում, բացառությամբ կորցված եկամտի փոխհատուցման.

ժե) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն աշխատանքից ազատման դեպքում վճարվող արձակման նպաստի գումարը.

ժզ) կենսաթոշակների կամավոր ապահովագրության պայմաններով վճարվող լրացուցիչ կենսաթոշակները.

ժէ) աշխատողի կամ աշխատողի ընտանիքի որևէ անդամի մահվան դեպքում միանվագուղղ. կարգով վճարվող օգնության գումարները.

ժը) Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում միջազգային մրցույթների և մրցությունների հաղթած մարզիկների և մարզիչների մրցանակները.

ժթ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և պայմաններով իրականացվող վիճակախաղերի մասնակիցների դրամական և իրային շահումները.

ի) մրցույթներում և մրցություններում ստացված դրամական մրցանակների արժեքը` յուրաքանչյուր վճարման դեպքում տասը հազար դրամի շրջանակներում.

իա) ֆիզիկական անձանց կողմից անհատական բնակարանային շինարարության նպատակով կառուցվող շինությունների գրավադրման դիմաց ստացված նպատակային վարկերի սպասարկման համար վճարվող տոկոսավճարները.

իբ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից բարձրագույն ուսումնական հաստատությանը հատկացված վճարովի չափաքանակի շրջանակում սովորող ուսանողական համակազմի տասը տոկոսի ուսման տարեկան վարձի փոխհատուցման գումարները.

իգ) պետական պարգևները (մրցանակները).

իդ) «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի հատուցած գումարները, բացառությամբ ավանդի գումարին հավելագրված և հատուցման ենթակա տոկոսների.

իե) ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման գումարները.

իզ) պետության կամ համայնքների կարիքների համար ֆիզիկական անձանց պատկանող անշարժ գույքը վերցնելու դիմաց այդ ֆիզիկական անձանց, ինչպես նաև դրանում հաշվառված (գրանցված) ֆիզիկական անձանց վճարված գումարները:

(9-րդ հոդվածը լրաց. 06.07.98 ՀՕ-241, փոփ. 06.07.00 ՀՕ-78, լրաց. 11.09.00 ՀՕ-87, 13.09.00 ՀՕ-88, 06.11.00 ՀՕ-109, խմբ., փոփ. 26.12.00 ՀՕ-130, խմբ., լրաց. 26.06.01 ՀՕ-194, լրաց. 14.12.01 ՀՕ-287, փոփ. 25.12.03 ՀՕ-52-Ն, լրաց. 24.11.04 ՀՕ-145-Ն, 08.07.05 ՀՕ-175-Ն, փոփ., լրաց. 11.11.05 ՀՕ-220-Ն, լրաց. 01.06.06 ՀՕ-102-Ն)

 

Հոդված 10. Արժեթղթերից ստացված եկամուտների նվազեցումը

 

1. Հարկվող եկամուտը որոշելիս, եթե սույն հոդվածով այլ բան սահմանված չէ, հարկատուի համախառն եկամուտը նվազեցվում է`

ա) ստացված շահաբաժինների չափով: Սույն օրենքի իմաստով շահաբաժին է համարվում իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունում մասնակցությունից (բաժնեմասից, բաժնետոմսից, փայաբաժնից) ստացված եկամուտը.

բ) (ենթակետն ուժը կորցրել է 26.12.00 ՀՕ-130)

բ) գանձապետական պարտատոմսերից և պետական այլ արժեթղթերից տոկոսի կամ մարելիս զեղչի ձևով ստացված եկամտի չափով.

գ) (ենթակետն ուժը կորցրել է 26.12.00 ՀՕ-130)

դ) գանձապետական պարտատոմսերի և պետական այլ արժեթղթերի օտարումից, այլ արժեթղթերով փոխանակումից կամ նմանուղղ. այլ գործարքներից ստացված եկամտի չափով.

ե) բաժնետոմսերի կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից, այլ արժեթղթերի հետ փոխանակումից կամ նման այլ գործարքներից ստացված եկամտի չափով:

2. Սույն օրենքի 1-ին կետում նախատեսված եկամուտների համախառն եկամտից չեն նվազեցվում, եթե`

ա) ստացվում են որպես վճարման միջոց տրված մուրհակի, չեկի կամ վճարային այլ արժեթղթի օտարումից, կամ

բ) իրականում ստացվում է որպես ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների դիմաց վարձատրություն կամ փոխարինում է նման վարձատրությանը, անկախ արժեթղթի դիմաց իրական ներդրման կամ փոխատվության փաստի առկայությունից:

3. Անկախ ինվեստիցիոն բրոքեր կամ դիլեր համարվող հարկատուն կարող է իր համախառն եկամուտը նվազեցնել սույն հոդվածի 1-ին կետի «դ» և «ե» ենթակետերով սահմանված եկամուտների չափով, եթե`

ա) հարկատուի գրանցամատյանումուղղ. (կամ գործարքների գրանցման այլ տեղում) արժեթուղթը մինչև դրա ձեռքբերման աշխատանքային օրվա ավարտը գրանցվել է որպես ներդրման նպատակով ձեռքբերված արժեթուղթ, և

բ) վերջինս արժեթուղթը չի օտարում ձեռքբերման օրվանից հետո քսանչորս ամսվա ընթացքում: Սույն ենթակետի իմաստով օտարում է համարվում նաև արժեթուղթը գրավադրելը, օտարման իրավունքով լիազորագրային կառավարման հանձնելը, օտարման իրավունք նախատեսող լիազորագրով այլ անձին հանձնելը կամ որևէ այլ գործարքը, որը վկայում է դրա կատարման պահին արժեթղթի քողարկվածուղղ. փաստացի օտարումն այլ անձի:

4. Եթե հարկատուն սույն հոդվածով նախատեսված նվազման իրավունք ունի և, սույն օրենքի որևէ այլ հոդվածի համաձայն, իր համախառն եկամտից նվազեցնում է արժեթղթի ձեռքբերման գինը, ապա սույն հոդվածի 1-ին կետի «դ» և «ե»ուղղ. ենթակետերի համաձայն իր համախառն եկամուտը կարող է նվազեցնել միայն տվյալ արժեթղթի ձեռքբերման գնի և իրացումից ստացված եկամտի (հասույթի) տարբերության չափով:

(10-րդ հոդվածը փոփ. 26.12.00 ՀՕ-130, լրաց. 26.06.01 ՀՕ-194)

 

Հոդված 11. Գյուղատնտեսական արտադրանքից ստացված եկամուտը

 

1. Հարկվող եկամուտը որոշելիս գյուղատնտեսական արտադրությամբ զբաղված հարկատուների մոտ համախառն եկամուտը նվազեցվում է գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացված եկամտի չափով, ինչպես նաև այլ գործունեությունից ստացված եկամուտների չափով, եթե վերջինիս տեսակարար կշիռը գյուղատնտեսական և այլ գործունեությունից ստացված եկամտի մեջ չի գերազանցում տասը տոկոսը:

2. Սույն հոդվածի իմաստով գյուղատնտեսական արտադրանք է համարվում կենդանիների կամ բույսերի կենսաբանական վերափոխման միջոցով վերջնական կամ միջանկյալ սպառման համար ստացվող

- հացահատիկային և հացահատիկաոլոռային մշակաբույսերը.

- տեխնիկական մշակաբույսերը.

- պալարապտղային, բանջարային, բոստանային մշակաբույսերը և փակ գրունտիուղղ. արտադրանքը.

- դաշտային մշակման կերային մշակաբույսերը.

- կերարտադրության այլ արտադրանքը.

- պարտեզների, խաղողի այգիների, բազմամյա տնկիների և ծաղկաբուծության արտադրանքը.

- ծառերի և թփերի սերմերը, պտուղներում եղած սերմերը.

- ծառերի և թփերի սածիլները.

- ծառերի և թփերի տնկիները.

- անասնաբուծության արտադրանքը.

- խոզաբուծության արտադրանքը.

- ոչխարաբուծության և այծաբուծության արտադրանքը.

- թռչնաբուծության արտադրանքըուղղ..

- ձիաբուծության, էշաբուծության և ջորիաբուծության արտադրանքըուղղ..

- եղջերվաբուծության և ուղտաբուծության արտադրանքը.

- ճագարաբուծության, մորթատու գազանաբուծության և որսորդական տնտեսության արտադրանքը.

- ձկնաբուծության, մեղվաբուծության, շերամաբուծության, արհեստական սերմնավորման արտադրանքը:

3. Գյուղատնտեսական արտադրանքի գծով ստացված եկամտի ճշգրիտ հաշվարկման անհնարինության դեպքում այն հաշվարկվում է` հիմնվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված կադաստրային զուտ եկամտի տվյալների վրա:

4. (կետն ուժը կորցրել է 26.12.00 ՀՕ-130)

(11-րդ հոդվածը փոփ. 26.12.00 ՀՕ-130)

 

Հոդված 12. Կենսաթոշակային, զբաղվածության, սոցիալական ապահովագրության համար կատարված վճարները

 

1. Հարկվողը եկամուտը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է հարկատուի հաշվին կատարվող կենսաթոշակային, զբաղվածության, uոցիալական ապահովության պարտադրության վճարների գումարի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված նվազեցումը, սույն օրենքով սահմանված դեպքերում, հաշվարկվում և իրականացվում է համախառն եկամտից նախապես նվազեցնելով եկամտի առանձին տեսակների ստացման հետ կապված` սույն օրենքով սահմանված ծախսերի գումարը:

(12-րդ հոդվածը փոփ. 24.10.07 ՀՕ-232-Ն)

 

Հոդված 13. Բարեգործական և այլ անհատույց հատկացումները

 

Հարկվող եկամուտը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է սույն հոդվածում թվարկված կազմակերպություններին փոխանցված (տրամադրված, միջոցների (ապրանք և (կամ) դրամական միջոցներ), նրանց մատուցած ծառայությունների արժեքի չափով, բայց սույն օրենքին համապատասխան հաշվարկված հարկվող եկամտի հինգ տոկոսից ոչ ավելի.

ա) հասարակական և կրոնական կազմակերպություններին, Հայաստանի Հանրապետության քաղաքական կուսակցություններին.

բ) համատիրություններին, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող այն կազմակերպություններին, որոնք կազմակերպվել և գործում են բացառապես կրոնական, բարեգործական, գիտական, հասարակական անվտանգության նպատակով փորձարկման, շրջակա միջավայրի պաշտպանության, գրականության, մշակույթի և կրթության զարգացման ու քարոզման, սպառողների իրավունքների պաշտպանության, սիրողական սպորտի խթանման և կազմակերպման, տղամարդու, կանանց, երեխաների և ծերերի իրավունքների պաշտպանության նպատակներով.

գ) գրադարաններին, թանգարաններին, հանրակրթական դպրոցներին, տուն-գիշերօթիկներին, ծերանոցներին և մանկատներին.

դ) հոգեբուժական և հակաթոքախտային դիսպանսերներին և հիվանդանոցներին:

 

Հոդված 14. Համախառն եկամտից անձնական նվազեցումը

 

(վերնագիրը խմբ. 26.12.00 ՀՕ-130)

 

Համախառն եկամուտը նվազեցվում է եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա համար 30000 դրամի չափով: Ընդ որում, եկամտի ստացման յուրաքանչյուր ամսում հարկատուի համախառն եկամուտը որոշելիս ստացվող եկամտից հարկային գործակալը սույն նվազեցումն իրականացնում է անկախ տվյալ հարկատուի կողմից ստացվող եկամուտներից մյուս հարկային գործակալների կողմից նման նվազեցումների իրականացումից:

(14-րդ հոդվածը խմբ. 14.10.98 ՀՕ-254, 26.12.00 ՀՕ-130, փոփ. 05.11.07 ՀՕ-253-Ն, 27.11.08 ՀՕ-201-Ն)

 

Հոդված 15. Ծախսերը

 

1. Հարկվող եկամուտը որոշելիս, բացի սույն գլխով նախատեսված նվազեցումներիցուղղ., համախառն եկամուտը նվազեցվում է նաև ձեռնարկատիրական գործունեությունից և քաղաքացիաիրավական պայմանագրեր կատարելուց ստացված եկամուտների գծով անհրաժեշտ և փաստաթղթերով հիմնավորված ծախսերի չափով` ֆիզիկական անձի կողմից ներկայացվող հաշվարկի հիման վրա: Անհրաժեշտ են համարվում անմիջականորեն և բացառապես եկամտի ստացման հետ կապված ծախսերը:

2. Փաստաթղթերով ծախսերի հիմնավորման նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. (կետն ուժը կորցրել է 26.12.00 ՀՕ-130)

(15-րդ հոդվածը փոփ. 26.12.00 ՀՕ-130, 07.07.06 ՀՕ-165-Ն)

 

Հոդված 16. Նվազեցումների իրականացման կարգը

 

Համախառն եկամտից սույն օրենքով սահմանված նվազեցումները իրականացնում են ֆիզիկական անձինք ինքնուրույնաբար և արտացոլում են տարեկան եկամուտների հաշվարկում` օրենսդրությամբ սահմանված կարգով, բացառությամբ սույն օրենքի 17 հոդվածում նախատեսված դեպքերի:

(16-րդ հոդվածը փոփ. 07.07.06 ՀՕ-165-Ն)

 

Հոդված 17. Հարկային գործակալի կողմից իրականացվող նվազեցումները

 

Հարկային գործակալը ֆիզիկական անձին եկամուտներ վճարելիս այդ եկամուտներից իրականացնում է նվազեցումներ.

ա) իր կողմից ֆիզիկական անձին վճարվող սույն օրենքի 9, 10 և 11 հոդվածներով սահմանված եկամուտների չափով.

բ) (ենթակետն ուժը կորցրել է 26.12.00 ՀՕ-130)

գ) սույն օրենքի 12 հոդվածով սահմանված պարտադիր վճարումների չափով, եթե այդ վճարների չափը հաշվարկելու, պահելու (գանձելու) պարտավորությունը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կրում է ֆիզիկական անձին եկամուտներ վճարող տվյալ հարկային գործակալը:

(17-րդ հոդվածը փոփ. 26.12.00 ՀՕ-130)

 

Գ Լ ՈՒ Խ  5.

 

ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ


Հոդված 18. Եկամտահարկի դրույքաչափերը

 

1. Բացառությամբ սույն հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերում նշված դեպքերի, հարկային գործակալը եկամտահարկը հաշվարկում է հետևյալ դրույքաչափերով.

 

Ամսական հարկվող եկամտի չափը

Հարկի գումարը

մինչև 80,000 դրամ հարկվող եկամտի 10 տոկոսը
80,000 դրամից ավելի 8,000 դրամին գումարած 80,000 դրամը գերազանցող գումարի 20 տոկոսը

 

2. Բացառությամբ սույն հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերում նշված դեպքերի, հարկային գործակալի միջոցով չհարկված եկամուտներից եկամտահարկը հաշվարկվում է հետևյալ դրույքաչափերով.

 

Տարեկան հարկվող եկամտի չափը

Հարկի գումարը

մինչև 960,000 դրամ հարկվող եկամտի 10 տոկոսը
960,000 դրամից ավելի

96,000 դրամին գումարած 960,000 դրամը գերազանցող գումարի 20 տոկոսը

 

3. Ռոյալթիների և գույքը վարձակալության տալու եկամուտներից, ինչպես նաև բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, բնակելի թաղամասերում կամ համալիրներում անհատական բնակելի տներ կառուցապատող՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց վաճառքի դեպքում՝ շենքի ընդհանուր տարածքի (առանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների) մինչև տասը տոկոսի, սակայն ոչ ավելի, քան 500մ2 մակերեսը, իսկ բնակելի թաղամասերում (կամ համալիրներում) 4-ից ավելի անհատական բնակելի տների քանակը գերազանցող տարածքների վաճառքից ստացված եկամուտներից եկամտահարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով` առանց հաշվի առնելու սույն օրենքով սահմանված նվազեցումները:

4. Տոկոսների համար եկամտահարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով` առանց հաշվի առնելու սույն օրենքով սահմանված նվազեցումները:

5. Հարկային գործակալը ֆիզիկական անձանցից գույք ձեռք բերելու դիմաց վճարվող եկամուտներից եկամտահարկը հաշվարկում է 10 տոկոս դրույքաչափով` հաշվի առնելով միայն սույն օրենքի 10 և 11 հոդվածներով սահմանված նվազեցումները:

(18-րդ հոդվածը խմբ. 26.12.00 ՀՕ-130, փոփ., լրաց. 14.12.01 ՀՕ-287, լրաց. 27.11.06 ՀՕ-192-Ն)

 

Հոդված 19. Եկամտահարկի հաստատագրված վճարները

 

Առանձին վճարողների և (կամ) գործունեության տեսակների համար օրենքով կարող են սահմանվել եկամտահարկին փոխարինող հաստատագրված վճարներ:

 

Գ Լ ՈՒ Խ  6.

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԻուղղ. ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ


Հոդված 20. Հարկը պահելը հարկային գործակալի կողմից


1. Բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետում նշված դեպքերի, ֆիզիկական անձանց եկամուտներ վճարելիս հարկը պահում (գանձում) է հարկային գործակալը:

Եթե Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում ծրագրեր իրականացնող կազմակերպություններն ազատվում են ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից աղբյուրի մոտ հարկի պահումից, ապա ծրագիր իրականացնող կազմակերպությունները կարող են, իրենց հայեցողությամբ, հարկային տեսչության մարմիններ ներկայացվող հայտարարության հիման վրա հանդես գալ որպես հարկային գործակալ և իրականացնել ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից հարկի պահում: Այս դեպքում հարկային գործակալը հարկի պահումը կատարում է հայտարարությունը ներկայացնելու ամսվանից սկսած:

2. Հարկային գործակալը հարկի պահում (գանձում) չի իրականացնում, եթե`

ա) վճարվող եկամուտները ձեռնարկատիրական գործունեության (ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման) արդյունք են, և հարկային գործակալի հետ կնքվում է քաղաքացիաիրավական գրավոր պայմանագիր` նշելով հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), անձնագրի տվյալները և Հայաստանի Հանրապետությունում բնակության հասցեն, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեության իրականացման պետական գրանցման վկայականի համարը.

բ) (ենթակետն ուժը կորցրել է 14.12.01 ՀՕ-287)

գ) ֆիզիկական անձին վճարվում է սույն օրենքի 6 հոդվածի «ե» և «զ» ենթակետով սահմանված եկամուտներ:

(20-րդ հոդվածը փոփ. 14.12.01 ՀՕ-287, լրաց. 25.12.03 ՀՕ-52-Ն)

 

Հոդված 21. Հարկային գործակալի կողմից վճարված (վճարվող) եկամուտներից հարկի գումարը որոշելը

 

(վերնագիրը խմբ. 21.08.08 ՀՕ-148-Ն)

 

1. «Բացառությամբ աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների, հարկային գործակալը ֆիզիկական անձին վճարվող եկամտից հարկը պահում (գանձում) է հետևյալ չափերով.

ա) սույն oրենքի 20 հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված ձևով գրավոր պայմանագիրը չկնքելու կամ ֆիզիկական անձի հետ քաղաքացիաիրավական գրավոր պայմանագիրը (անձնագրի տվյալների և Հայաստանում բնակության (հաշվառման) հասցեի պարտադիր նշումով) չկնքելու դեպքում կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար` 11 տոկոս դրույքաչափով` վճարված եկամտի գումարի նկատմամբ` առանց հաշվի առնելու սույն oրենքով սահմանված նվազեցումները (բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի).

բ) մյուս բոլոր դեպքերում` սույն oրենքի 18 հոդվածի 1-ին, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով սահմանված դրույքաչափերով` սույն oրենքի համաձայն հաշվարկված հարկվող եկամտից.

գ) սույն կետի «ա» ենթակետում նշված դեպքում կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարներն ազատվում են եկամտահարկը հաշվարկելու և վճարելու պարտավորությունից, եթե կատարված ձեռքբերումները հիմնավորվել են հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններով կամ կրճատ հաշվարկային փաստաթղթերով, կամ Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված ձեռքբերումների մասով հարկային մարմիններին սահմանված կարգով և ժամկետներում ներկայացվել են տեղեկություններ (այդ թվում` հաշվարկային փաստաթղթերում նշված պայմաններից էականորեն տարբերվող պայմաններով կատարված գործարքի մասով), և այդ տեղեկությունների հավաստիությունը հարկային մարմինների կողմից օրենքով սահմանված կարգով հիմնավորվել է, իսկ չհիմնավորվելու դեպքում պարտավորությունն առաջանում է տեղեկությունը չհիմնավորված համարվելու վերաբերյալ հարկային մարմիններից գրավոր տեղեկատվության ստացման ամսում:

2. Հարկային գործակալը ֆիզիկական անձին յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկված աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներից հարկը պահում (գանձում) է սույն oրենքի 18 հոդվածի 1-ին կետով սահմանված դրույքաչափերով` սույն oրենքի համաձայն հաշվարկված հարկվող եկամտից: Ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ հաշվարկի դեպքում կատարվում է աճողական կարգով հարկվող եկամտի և հարկի հաշվարկ` ելնելով տվյալ ամսում հարկային գործակալի կողմից ֆիզիկական անձին հաշվարկված աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների ընդհանուր գումարից և անձնական նվազեցման չափից:

(21-րդ հոդվածը խմբ., փոփ. 26.12.00 ՀՕ-130, փոփ. 14.12.01 ՀՕ-287, խմբ. 21.08.08 ՀՕ-148-Ն)

 

Հոդված 22. Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հարկման առանձնահատկությունները

 

1. Օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց եկամուտներ վճարելիս հարկային գործակալները հարկը պահում (գանձում) են եկամտի վճարման աղբյուրի մոտ (բացառությամբ սույն օրենքի 20 հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետում նշված դեպքի)` հետևյալ չափերով`

 

Եկամտի տեսակը`

Չափը (չափը)`

(տողը հանվել է 05.05.98 ՀՕ-214)
ապահովագրությունից ստացված ապահովագրական հատուցումներ և փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտներ

5

ռոյալթիներ, տոկոսներ, գույքը վարձակալության տալուց ստացած եկամուտ, գույքի արժեքի հավելաճ և այլ պասիվ եկամուտներուղղ. (բացի փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտներից), ինչպես նաև հայաստանյան աղբյուրներից ստացված այլ եկամուտներ

10

 

2. Հարկումը կատարվում է վճարվող եկամտի ամբողջական գումարից` իրականացնելով միայն սույն օրենքի 9 հոդվածի «ժգ» ենթակետով սահմանված նվազեցումները: Աշխատանքի վարձատրությունից և դրան հավասարեցված եկամուտներից եկամտահարկը հաշվարկվում և պահվում (գանձվում) է սույն օրենքի 18 հոդվածով սահմանված դրույքաչափերով` առանց սույն օրենքով սահմանված անձնական նվազեցումները կատարելու: Նշված չափերով հարկային գործակալի պահած (գանձած) գումարները համարվում են Հայաստանում օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի համար եկամտահարկի վերջնական գումար, բացառությամբ այն դեպքերի, երբ նա ռեզիդենտ է կամ Հայաստանի Հանրապետությունում իրականացրել է ձեռնարկատիրական գործունեություն` սույն օրենքի 20 հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի պայմաններով: Նշված դեպքերում օտարերկրյա քաղաքացին և քաղաքացիություն չունեցող անձը պետք է դիմի իր գործունեության իրականացման կամ բնակության վայրի հարկային մարմին` վերահաշվարկ կատարելու համար: Այդ նպատակով, սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում, ներկայացվում է եկամուտների մասին հաշվարկի` հարկի վերջնական գումարը հաշվարկելու (մասնավորապես, աղբյուրի մոտ պահված հարկի գումարները հաշվանցելու, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված նվազեցումները հաշվի առնելու) համար:

(22-րդ հոդվածը փոփ. 05.05.98 ՀՕ-214, լրաց., փոփ. 26.12.00 ՀՕ-130, փոփ. 25.12.03 ՀՕ-52-Ն, 07.07.06 ՀՕ-165-Ն)

 

Հոդված 23. Հարկային գործակալի պահած հարկի գումարը բյուջե վճարելը

 

Բացառությամբ աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների, հարկային գործակալը պահված (գանձված) հարկը բյուջե է վճարում ֆիզիկական անձանց եկամուտների վճարման, իսկ սույն օրենքի 21 հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետում սահմանված դեպքում` պարտավորության առաջացման ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ: Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներից պահված (գանձված) հարկը հարկային գործակալը բյուջե է վճարում հաշվարկման ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ:

(23-րդ հոդվածը խմբ. 06.11.00 ՀՕ-109, 26.12.00 ՀՕ-130, փոփ. 14.12.01 ՀՕ-287, խմբ. 21.08.08 ՀՕ-148-Ն)

 

Հոդված 24. Հարկային գործակալի կողմից տեղեկանքներ տրամադրելը

 

(24-րդ հոդվածն ուժը կորցրել է 07.07.06 ՀՕ-165-Ն)

 

Հոդված 25. Մի քանի հարկային գործակալների կողմից վճարվող եկամուտներից հարկի գումարը որոշելը

 

(25-րդ հոդվածն ուժը կորցրել է 26.12.00 ՀՕ-130)

 

Գ Լ ՈՒ Խ   7.

 

ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ


Հոդված 26. Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտների հաշվառումը

 

Ձեռնարկատիրական գործունեությունից հարկվող եկամտի որոշման ժամանակ կիրառվում է հաշվառման հաշվեգրման եղանակը` իրավաբանական անձանց համար «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(26-րդ հոդվածը փոփ. 26.12.00 ՀՕ-130)

 

Հոդված 27. Ծախսերի հաշվառումը

 

1. Ծախսերի թվին են դասվում, մասնավորապես`

ա) նյութական ծախսերը.

բ) ամորտիզացիոն մասհանումները.

գ) վարձակալական վճարները.

դ) ապահովագրական վճարները.

ե) չփոխհատուցվող (չհաշվանցվող) հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները.

զ) վարկերի և այլ փոխառությունների տոկոսները.

է) երաշխիքների, երաշխավորությունների, ակրեդիտիվների և բանկային այլ ծառայությունների համար վճարները.

ը) գովազդային ծախսերը.

թ) ներկայացուցչական ծախսերը.

ժ) դատական ծախսերը.

ժա) գործուղման ծախսերը.

ժբ) պատճառած վնասի հատուցումը.

ժգ) տույժերը, տուգանքները և գույքային այլ սանկցիաները, բացառությամբ պետական կամ համայնքների բյուջեներ, ինչպես նաև պարտադիր uոցիալական ապահովության վճարների գծով գանձվող տույժերի, տուգանքների և գույքային այլ սանկցիաների.

ժդ) աուդիտորական, իրավաբանական, այլ խորհրդատվական, տեղեկատվական և կառավարման ծառայությունների ծախսերը.

ժե) ֆակտորինգային, հավատարմագրային (լիազորագրային) գործառնությունների ծախսերը.

ժզ) հաշվետու տարում հայտնաբերված` դրան անմիջապես նախորդող երեք տարիներում պակաս ցույց տրված ծախսերը:

2. Ծախս չեն համարվում այլ անձի կանոնադրական կապիտալում հարկատուի կատարած ներդրումները:

3. Ձեռնարկատիրական գործունեության իրականացման դեպքում ամորտիզացիոն մասհանումների և այլ ծախսերի հաշվարկման, համախառն եկամտից չնվազեցվող ծախսերի, ծախսատեսակների համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած նորմաների, համախառն եկամտից ծախսերի նվազեցման իրականացման, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեությունից ստացված հաշվետու տարվա վնասների մասով կիրառվում են իրավաբանական անձանց համար «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված նորմերը:

4. (կետն ուժը կորցրել է 26.12.00 ՀՕ-130)

(27-րդ հոդվածը լրաց., փոփ. 26.12.00 ՀՕ-130, փոփ. 24.10.07 ՀՕ-232-Ն)

 

Հոդված 28. Հարկի գումարի հաշվարկումը

 

Հարկի փաստացի գումարի վերջնական հաշվարկումը կատարում է հարկատուն ինքնուրույնաբար և սահմանված կարգով արտացոլում է տարեկան եկամուտների մասին հաշվարկում:

(պարբերությունն ուժը կորցրել է 11.11.05 ՀՕ-216-Ն)

(պարբերությունն ուժը կորցրել է 11.11.05 ՀՕ-216-Ն)

(պարբերությունն ուժը կորցրել է 11.11.05 ՀՕ-216-Ն)

(պարբերությունն ուժը կորցրել է 11.11.05 ՀՕ-216-Ն)

(28-րդ հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-477-Ն, փոփ. 11.11.05 ՀՕ-216-Ն, 07.07.06 ՀՕ-165-Ն)

 

Հոդված 29. Եկամտահարկի կանխավճարները

 

1. Տարվա ընթացքում ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտներ ստացող հարկատուն պարտավոր է կատարել եկամտահարկի կանխավճարներ` սույն հոդվածով սահմանված կարգով:

2. Կանխավճարների մուծումները կատարվում են յուրաքանչյուր եռամսյակ, նախորդ տարվա եկամտահարկի փաստացի գումարի և (կամ) եկամտահարկի հաշվարկային մեծության մեկ վեցերորդի չափով յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա տասնհինգից (իսկ եթե դա համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվանից) ոչ ուշ: Սահմանված ժամկետներում կանխավճարային մուծումներ չկատարելու և օրենքով սահմանված այլ դեպքում հարկային տեսչության մարմիններն այդ կանխավճարային գումարների և դրանց գծով հաշվարկված տույժերի վերաբերյալ պահանջներ են ներկայացնում օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Ձեռնարկատիրական գործունեությունը նոր սկսող հարկատուն կարող է եկամտահարկի կանխավճարներ չկատարել մինչև հաջորդ տարվա հունիսի 15-ը` այդ մասին նախօրոք հայտնելով հարկային տեսչության մարմիններ:

4. Այն հարկատուն, որը նախորդ տարում ունեցել է վնաս, կամ որի նախորդ տարվա եկամտահարկի գումարը չի գերազանցել հինգ հարյուր հազար դրամը, կամ որը նախորդ տարում օրենքով սահմանված կարգով չի համարվել ԱԱՀ վճարող, կարող է եկամտահարկի հաշվարկ ներկայացնելուց հետո կանխավճարներ չվճարել: Մինչև նախորդ տարվա փաստացի եկամտահարկի գումարի հաշվարկումը հարկատուն եկամտահարկի կանխավճարումները առաջին անգամ (մինչև մարտի 15-ը) կատարում է նախորդ տարվա վերջին` կանխավճարի չափից ոչ պակաս:

5. Նախորդ տարվա նկատմամբ ընթացիկ տարվա հարկվող եկամուտը պակաս նախատեսելու դեպքում հարկատուն կանխավճարի եռամսյակային մեծությունը որոշում է ինքնուրույն: Կանխավճարների տարեկան հանրագումարը տվյալ տարվա փաստացի եկամտահարկի երկու երրորդից պակաս լինելու դեպքում հարկատուն վճարում է տույժ` փաստացի եկամտահարկի մեկ վեցերորդի և տվյալ եռամսյակում փաստացի վճարված կանխավճարի տարբերության գումարի նկատմամբ կանխավճարի վճարման օրվանից մինչև հարկային տեսչության մարմնին փաստացի եկամտահարկի գումարը հայտնի դառնալու (եկամուտների հաշվարկման) օրը:

6. Հարկատուն հաշվետու տարվա ավարտից հետո, ելնելով հաշվարկված հարկվող եկամտից, հաշվարկում է եկամտահարկի գումարը դրան հաշվանցելով տվյալ հաշվետու տարվա համար վճարված կանխավճարների գումարները:

7. Եթե հաշվետու տարվա փաստացի եկամտահարկի գումարը պակաս է տվյալ տարվա համար կատարված կանխավճարների հանրագումարից, ապա դրանց տարբերությունը ենթակա է վերադարձման` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33 հոդվածի համաձայն: Այս դեպքում կանխավճարների գումարների նկատմամբ հաշվարկված տույժերի հաշվարկը դադարեցվում է հարկային տեսչության մարմնին փաստացի եկամտահարկի գումարը հայտնի դառնալու (հաշվարկ ներկայացնելու) օրը, բայց մայիսի 1-ից ոչ ուշ: Կանխավճարների նկատմամբ հաշվարկված տույժերի գումարները վերահաշվարկման կամ վերադարձման ենթակա չեն:

8. Եթե կատարված կանխավճարների հանրագումարը պակաս է տվյալ հաշվետու տարվա փաստացի եկամտահարկի գումարից, ապա վերահաշվարկ է կատարվում միայն եկամտահարկի գծով, և հարկատուն պարտավոր է առաջացած տարբերությունը վճարել պետական բյուջե: Այս դեպքում կանխավճարների գծով տույժերի հաշվարկը դադարեցվում է հարկային տեսչության մարմնին փաստացի եկամտահարկի գումարը հայտնի դառնալու (հաշվարկ ներկայացնելու) օրը: Եկամտահարկի գումարի վճարումն ուշացնելու համար տույժերի հաշվարկը սկսվում է մայիսի 1-ից` եկամտահարկի գումարի չվճարված մասի նկատմամբ, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածով նախատեսված չափերով:

(29-րդ հոդվածը փոփ. 07.07.06 ՀՕ-165-Ն, լրաց., փոփ. 21.08.08 ՀՕ-148-Ն)

 
Հոդված 291. Եկամտահարկի նվազագույն գումարը

 

1. Սույն օրենքի 29 հոդվածով սահմանված կարգով որոշված եկամտահարկի կանխավճարի գումարը յուրաքանչյուր եռամսյակի ընթացքում սույն հոդվածի երրորդ մասով սահմանված մեծության մեկ տոկոսից պակաս լինելու դեպքում հարկատուն պարտավոր է կատարել նվազագույն եկամտահարկի եռամսյակային վճարումներ:

2. Նվազագույն եկամտահարկը վճարվում է սույն հոդվածի երրորդ մասով սահմանված կարգով հաշվարկված մեծությունից մեկ տոկոս դրույքաչափով:

3. Նվազագույն եկամտահարկը հաշվարկվում է նախորդ եռամսյակի ընթացքում ապրանքների (բացառությամբ հիմնական միջոցների, ինչպես նաև արժեթղթերի և ֆոնդային ապրանքների), արտադրանքի (բացառությամբ սույն օրենքի 11 հոդվածով սահմանված) իրացումից և ծառայությունների մատուցումից հաշվեգրման եղանակով հաշվարկված եկամտի (որը չի ներառում նշված եկամուտների ստացման համար վճարած անուղղակի հարկերը) և նույն ժամանակահատվածում այդ եկամտի 50 տոկոսը չգերազանցող մասով` հիմնական միջոցների համար հաշվարկված ամորտիզացիոն մասհանումների տարբերության նկատմամբ, բացառությամբ սույն կետով սահմանված դեպքերի: Ընթացիկ տարում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարվող հարկատուները ԱԱՀ վճարող չհամարվելու ժամանակաշրջանում նվազագույն եկամտահարկը հաշվարկում են սույն կետին համապատասխան հաշվարկված եկամտից` առանց հաշվի առնելու հիմնական միջոցների համար հաշվարկված ամորտիզացիոն մասհանումները:

4. Սահմանված կարգով պետության կամ լիազորված մարմնի հաստատած սակագներ կիրառող հարկ վճարողների, առողջապահության և կրթության ոլորտներում ծառայություններ մատուցող, թերթերի և ամսագրերի տպագրության և իրացման, ինչպես նաև թանկարժեք քարերի մշակման ոլորտում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերի համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել նվազագույն եկամտահարկի հաշվարկման բազայի այլ նվազեցումներ:

5. Նվազագույն եկամտահարկի տարեկան հանրագումարի և հաշվետու տարվա փաստացի եկամտահարկի դրական տարբերությունը նվազեցվում է հետագա տարիների եկամտահարկից:

(291-րդ հոդվածը լրաց. 11.11.05 ՀՕ-216-Ն, 21.08.08 ՀՕ-148-Ն)

 

Հոդված 30. Անվճարունակության գործընթացում գտնվող անհատ ձեռներեցների կողմից եկամտահարկի վճարման առանձնահատկությունը

 

Անհատ ձեռներեցների անվճարունակությունը կարգավորող օրենսդրության համաձայն հարկատուին անվճարունակ ճանաչելու մասին դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու պահից եկամտահարկի վճարումները կասեցվում են մինչև պարտատերերի պահանջների բավարարման` օրենքով սահմանված հերթականությանը համապատասխան պետական բյուջեի պահանջները բավարարելու հերթը հասնելը:

 

Գ Լ ՈՒ Խ  8.

 

ՏԱՐԵԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ

(վերնագիրը փոփ. 07.07.06 ՀՕ-165-Ն)

 

Հոդված 31. Տարեկան հաշվարկների ներկայացման կարգը 

 

(վերնագիրը փոփ. 07.07.06 ՀՕ-165-Ն)

 

1. Հարկ վճարող ֆիզիկական անձինք պարտավոր են իրենց բնակության (հաշվառման) վայրի հարկային մարմնին ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևով իրենց տարեկան եկամուտների մասին հաշվարկ, իսկ ամբողջ հաշվետու տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարված հարկատուները` եկամուտների պարզեցված հաշվարկ, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերի:

2. Հաշվարկ կարող են չներկայացնել այն հարկատուները, ովքեր հարկային տարվա ընթացքում ստացել են.

ա) բացառապես սույն օրենքի 9, 10 և 11 հոդվածներով սահմանված եկամուտներ.

բ) բացառապես այնպիսի եկամուտներ, որոնցից հարկը հաշվարկելու, պահելու (գանձելու) և բյուջե վճարելու պարտավորությունը դրված է հարկային գործակալի վրա` անկախ հարկային տարվա ընթացքում հարկվող եկամտի մեծությունից.

գ) (ենթակետն ուժը կորցրել է 26.12.00 ՀՕ-130)

դ) հարկային տարվա ընթացքում 300,000 դրամը չգերազանցող համախառն եկամուտ, որից հարկային գործակալի կողմից հարկի պահում չի իրականացվել.

ե) ֆիզիկական անձինք, ովքեր հարկային տարվա ընթացքում զբաղվել են բացառապես եկամտահարկին փոխարինող հաստատագրված վճարների ձևով հարկվող գործունեության տեսակներով և չեն ստացել այլ` սույն օրենքով սահմանված հաշվարկման ենթակա եկամուտներ:

3. Ֆիզիկական անձինք հաշվարկում են հարկային տարվա ընթացքում ստացված բոլոր եկամուտները, բացառությամբ սույն օրենքի 9, 10 և 11 հոդվածներով սահմանված, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետում նշված եկամուտների:

4. Անչափահաս անձանց եկամուտները հաշվարկում են նրանց ծնողները (խնամակալները):

5. Հարկ վճարող ֆիզիկական անձինք իրենց հարկային տարվա տարեկան եկամուտների մասին հաշվարկ ներկայացնում են հաջորդ տարվա ապրիլի 15-ից ոչ ուշ:

6. Մինչև հարկային տարին ավարտվելը գործունեությունը (եկամտի աղբյուրի) դադարեցնելու և Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքում ֆիզիկական անձը պարտավոր է հաշվարկը ներկայացնել ոչ ուշ, քան` մեկնելուց մեկ ամիս առաջ: Հաշվարկով հաշվարկված եկամտահարկի գումարը վճարվում է բյուջե վճարման վերջնահաշվարկը կատարելուց հետո` հնգօրյա ժամկետում:

7. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններից և հյուպատոսական հիմնարկներից ու միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպություններից ֆիզիկական անձանց եկամուտներ ստանալու դեպքում, երբ եկամտի վճարման աղբյուրի մոտ միջազգային պայմանագրերի դրույթների համաձայն եկամտահարկի պահում չի իրականացվում, տարվա ընթացքում հարկի վճարումը և հաշվարկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

8. Հաշվարկ չներկայացնելը հարկ վճարողին չի ազատում սույն օրենքին և Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերին համապատասխան հարկային պարտավորությունները կատարելուց: Հաշվարկ ներկայացվում է բոլոր այն դեպքերում, երբ եկամուտները ստացվել են Հայաստանի Հանրապետության հարկային գործակալ չհանդիսացողներից:

9. (կետն ուժը կորցրել է 07.07.06 ՀՕ-165-Ն)

(31-րդ հոդվածը խմբ., փոփ. 26.12.00 ՀՕ-130, փոփ., լրաց. 07.07.06 ՀՕ-165-Ն, լրաց., փոփ. 21.08.08 ՀՕ-148-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 311. ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՎՃԱՐՆԵՐԸ

 

1. Եթե Հայաստանի Հանրապետությունում ստեղծված (պետական գրանցում ստացած, հաշվառված) կազմակերպություններից կամ անհատ ձեռնարկատերերից ստացված եկամուտներից եկամուտների վճարման աղբյուրի մոտ հարկի պահում (գանձում) չի կատարվում (այդ թվում` նաև օրենքի 31-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքում), ապա տարվա ընթացքում եկամուտներ ստացող ֆիզիկական անձինք պարտավոր են կատարել եկամտահարկի վճարներ` սույն հոդվածով սահմանված կարգով:

Սույն օրենքի 9-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածներով սահմանված եկամուտների մասով ֆիզիկական անձինք սույն հոդվածով սահմանված վճարները չեն կատարում:

2. Եկամտահարկի վճարների մուծումները կատարվում են յուրաքանչյուր ամիս` տվյալ ամսվա համախառն եկամտի (առանց հաշվի առնելու սույն օրենքով սահմանված նվազեցումները) 10 տոկոսի չափով` յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 15-ից (իսկ եթե դա համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվանից) ոչ ուշ:

3. Հաշվետու տարվա ավարտից հետո, ելնելով հաշվարկված հարկվող եկամտից, ֆիզիկական անձինք վերահաշվարկում են եկամտահարկի գումարը` սույն օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերին համապատասխան:

(311-րդ հոդվածը լրաց. 25.12.03 ՀՕ-52-Ն)

 

Հոդված 31.2. Առանձին հարկ վճարողների 2008 և 2009 թվականների եկամտահարկը

 

2008 թվականի հունվարի 1-ից օրենսդրական փոփոխությունների հետևանքով պարզեցված հարկից հարկման ընդհանուր կարգին անցած անհատ ձեռնարկատերերի համար սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված` 2008 թվականի վճարման ենթակա եկամտահարկը, ինչպես նաև 2009 թվականի ամբողջ տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարված անհատ ձեռնարկատերերի համար սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված` 2009 թվականի վճարման ենթակա եկամտահարկը չեն կարող պակաս լինել այդ տարիների համար հաշվարկված համախառն եկամտի 2 տոկոսից և ավել` համախառն եկամտի 10 տոկոսից: Սույն հոդվածին համապատասխան վճարված գումարները համարվում են այդ տարիների համար եկամտահարկի վերջնական գումարներ:

(31.2-րդ հոդվածը լրաց. 21.08.08 ՀՕ-148-Ն)

 

Հոդված 32. Տարեկան եկամուտների հաշվարկման և այդ եկամուտներից հարկի վճարման կարգը

 

(վերնագիրը փոփ. 07.07.06 ՀՕ-165-Ն)

 

1. Հարկատուն պարտավոր է եկամտահարկի գումարը վճարել պետական բյուջե մինչև տվյալ հարկային տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ը:

2. (կետն ուժը կորցրել է 26.12.00 ՀՕ-130)

3. Տարեկան հաշվարկի արդյունքներով հարկատուի` բյուջե ավել վճարած հարկի գումարները ենթակա են վերադարձման «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33 հոդվածի համաձայն:

(32-րդ հոդվածը փոփ. 26.12.00 ՀՕ-130, 07.07.06 ՀՕ-165-Ն)

 

Հոդված 33. Կրկնակի հարկման բացառումը

 

1. Հայաստանի հարկային ռեզիդենտների` Հայաստանից դուրս ստացված եկամտի գումարը մտցվում է Հայաստանում հաշվարկվող տարեկան եկամտի ընդհանուր գումարի մեջ և հաշվի է առնվում հարկի չափը որոշելիս:

2. Հայաստանում հարկային ռեզիդենտների վճարած (գանձված) եկամտահարկը պակասեցվում է հարկի այն գումարի չափով, որը նրանցից գանձվել է օտարերկրյա պետություններում` դրանց օրենսդրությանը համապատասխան, բացառությամբ այն եկամուտներից օտարերկրյա պետություններում գանձված հարկի գումարի, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ենթակա է նվազեցման համախառն եկամտից: Ընդ որում, պակասեցվող (հաշվանցվող) հարկի գումարի չափը չի կարող գերազանցել օտարերկրյա պետություններում ստացված եկամտից` սույն օրենքի դրույթներին համապատասխան Հայաստանում վճարման ենթակա հարկի գումարին:

(33-րդ հոդվածը փոփ. 07.07.06 ՀՕ-165-Ն)

 

Բ Ա Ժ Ի Ն  2.

 

ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏԻ ՀԱՐԿՈՒՄԸ

 

Գ Լ ՈՒ Խ  9.

 

ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏԻ ՀԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 34. Հարկվող եկամտի և հարկի վերջնական գումարըուղղ. որոշելը

 

1. Հայաստանում ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտների հարկումը կատարվում է սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով: Սույն օրենքի իմաստով` հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներ են համարվում`

ա) Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրությունը և դրան հավասարեցված այլ վճարումները.

բ) Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից ստացված եկամուտը.

գ) Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ ռեզիդենտի իրականացրած ձեռնարկատիրական գործունեությունից (արտադրանքի, ապրանքների իրացումից և ծառայությունների մատուցումից) ստացված եկամուտները.

դ) պասիվ եկամուտները:

2. Պասիվ եկամուտներ են համարվում ոչ ռեզիդենտի կողմից` իր գույքի կամ այլ ակտիվների ներդրմամբ (տրամադրմամբ), Հայաստանի Հանրապետության տարածքում բացառապես այլ անձանց գործունեությունից ստացված եկամուտները, մասնավորապես`

ա) շահաբաժինները.

բ) տոկոսները.

գ) ռոյալթիները.

դ) Հայաստանում գտնվող գույքը վարձակալության տալուց ստացված եկամուտը.

ե) Հայաստանում գտնվող գույքի և այլ ակտիվների օտարումից ստացված գույքի արժեքի և այլ ակտիվների հավելաճը.

զ) փոխադրման ծառայությունների (ֆրախտ) դիմաց ստացված եկամուտները:

 

Հոդված 35. Հարկվող եկամուտը որոշելը

 

1. Հարկման ենթակա չէ ոչ ռեզիդենտին հայաստանյան աղբյուրներից վճարվող եկամուտը` կապված արտաքին տնտեսական գործունեության հետ: Սույն օրենքի կիրառման նպատակով արտաքին տնտեսական գործունեություն է համարվում բացառապես ոչ ռեզիդենտի անունից իրականացված, նրան պատկանող ապրանքները Հայաստան ներկրելու հետ կապված (ապրանքների մաքսային փաստաթղթերի առկայության և տվյալ գործառնությունում միջնորդների բացակայության դեպքում) գործունեություն, որի դեպքում Հայաստանի հարկային ռեզիդենտն ապրանքների սեփականատեր է դառնում մինչև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելը:

2. Ոչ ռեզիդենտը սույն օրենքով սահմանված դեպքերում օգտվում է համախառն եկամտից նվազեցումներ կատարելու իրավունքից:

(35-րդ հոդվածը փոփ. 05.05.98 ՀՕ-214)

 

Հոդված 36. Պահված հարկի մասին տեղեկանքի տրամադրումը

 

Ոչ ռեզիդենտի դիմումի հիման վրա հայաստանյան աղբյուրներից պահված հարկի գումարների վերաբերյալ հարկային մարմինների կողմից տրվում է համապատասխան տեղեկանք` Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից սահմանված ձևով և կարգով:

 

Բ Ա Ժ Ի Ն  3.

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ


Գ Լ ՈՒ Խ  10.

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ


Հոդված 37.  Տեղեկություններ ներկայացնելը

 

1. Կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները պարտավոր են տարին մեկ` հաջորդ տարվա ապրիլի 15-ից ոչ ուշ, իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմին ներկայացնել օրենսդրությամբ սահմանված ձևով և կարգով անվանական տեղեկություններ` անցած տարում իրենց կողմից ֆիզիկական անձանց վճարած եկամտի գումարների, նրանց բնակության (հաշվառման) վայրի հասցեների, այդ եկամուտներից պահված (գանձված) և բյուջե փոխանցված հարկի գումարների մասին: Անվանական տեղեկություններ չեն ներկայացվում, եթե ֆիզիկական անձանց վճարված եկամուտները չեն գերազանցում սույն օրենքի 14 հոդվածով սահմանված չափի 12-ապատիկը:

Նշված տեղեկությունները մշակվում են հարկային տեսչության կողմից և վերահասցեագրվում են եկամուտներ ստացող ֆիզիկական անձանց բնակության (հաշվառման) վայրի հարկային մարմիններին:

2. Կազմակերպության լուծարման, անհատ ձեռնարկատերերի գործունեության դադարեցման դեպքում տեղեկություններ սույն հոդվածի 1-ին կետում նշված կարգով հարկային մարմիններին ներկայացվում են հարկային գործակալի կողմից լուծարման (գործունեության դադարեցման) մասին պետական գրանցում իրականացնող մարմնին դիմում տալու օրվանից 5-օրյա ժամկետում:

3. Կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները պարտավոր են եռամսյակը մեկ` հաջորդ եռամսյակի երկրորդ ամսվա 1-ից ոչ ուշ, իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմին ներկայացնել օրենսդրությամբ սահմանված ձևով հաշվարկ` անցած եռամսյակի յուրաքանչյուր ամսում ֆիզիկական անձանց վճարված (աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների դեպքում` հաշվարկված) եկամուտների, պահված և բյուջե փոխանցված հարկի գումարների մասին:

4. Հարկային գործակալը նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված ամփոփ հաշվարկներում սխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կարող է հարկային տեսչության մարմիններ ներկայացնել ճշտված հաշվարկներ, որոնց հիման վրա կատարվում է այդ ժամանակաշրջանների համար հարկային պարտավորությունների վերահաշվարկ:

(37-րդ հոդվածը փոփ. 26.12.00 ՀՕ-130, լրաց. 14.12.01 ՀՕ-287, փոփ. 25.12.03 ՀՕ-52-Ն, խմբ. 21.08.08 ՀՕ-148-Ն)

 

Հոդված 38. Սույն օրենքի խախտման համար ֆիզիկական անձանց և հարկային գործակալների պատասխանատվությունը

 

1. Սույն օրենքի խախտման համար հարկ վճարողները և հարկային գործակալները պատասխանատվությունուղղ. են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Սույն օրենքի դրույթների համաձայն` եկամտահարկը աղբյուրի մոտ չպահելու (չգանձելու) դեպքում հարկային պարտավորությունը (այդ թվում` եկամտահարկը սահմանված ժամկետներում բյուջե չվճարելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված տույժերը) կրում է հարկային գործակալը, այդ թվում` նաև օրենքի 20 հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքում:

3. Հարկային գործակալի կողմից սույն օրենքի դրույթներին համաձայն, ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից ժամանակին չպահված (կամ պակաս պահված)ուղղ. հարկի գումարները ֆիզիկական անձանցից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են պահվել ոչ ավելի, քան վերջին երեք ամսվա համար, իսկ հարկերի սահմանված չափից ավելի պահված (գանձված) գումարները հաշվանցվում են առաջիկա պահումների հաշվին կամ վերադարձվում են այդ մասին հայտնի դառնալու օրվանից մեկ ամսվա ընթացքում` սահմանված չափից ավելի գանձման օրվան հաջորդող երեք օրացուցային տարվա համար:

4. (կետն ուժը կորցրել է 07.07.06 ՀՕ-165-Ն)

5. Հարկային մարմին ներկայացված տարեկան եկամուտների մասին հաշվարկում սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված վնասն ավելի ցույց տալու դեպքում անհատ ձեռնարկատիրոջից գանձվում է տուգանք` ավելի ցույց տրված վնասի 20 տոկոսի չափով:

(38-րդ հոդվածը խմբ. 26.12.00 ՀՕ-130, լրաց. 14.12.01 ՀՕ-287, լրաց., փոփ. 25.12.03 ՀՕ-52-Ն, փոփ. 07.07.06 ՀՕ-165-Ն)

 

Հոդված 39.

Օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը

 

Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:

 

Հոդված 40. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1995 թվականի փետրվարի 8-ի օրենքը` հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
30 դեկտեմբերի 1997 թ.

ՀՕ-183