Գլխավոր տեղեկություն
Համար
N 860-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (19.01.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 02.07.2018
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
28.06.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.06.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հունիսի 2018 թվականի N 860-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մասին համապատասխան`

1. Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի (հույժ գաղտնի):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. հունիսի 28

Երևան

 

 

 

Հավելված N 1 

ՀՀ վարչապետի 2018 թ.

հունիսի 28-ի N 860-Լ

որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը (այսուհետ` ազգային անվտանգության ծառայություն) Հայաստանի Հանրապետության վարչապետին (այսուհետ` վարչապետ) ենթակա մարմին է, որը մշակում և իրականացնում է ազգային անվտանգության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների կառավարումը:

2. Ազգային անվտանգության ծառայությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:

3. Ազգային անվտանգության ծառայությունը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, այլ իրավական ակտերի և սույն կանոնադրության հիման վրա:

4. Ազգային անվտանգության ծառայության անվանումն է՝

1) հայերեն՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն.

2) ռուսերեն` Служба национальной безопасности Республики Армения.

3) անգլերեն` National Security Service of the Republic of Armenia.

4) ֆրանսերեն՝ Service de sécurité nationale de la République d'Arménie:

5. Ազգային անվտանգության ծառայությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք ու ձևաթղթեր: Ազգային անվտանգության ծառայությունը կարող է ունենալ խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

6. Ազգային անվտանգության ծառայության կառուցվածքում ընդգրկվում են ազգային անվտանգության ծառայության տնօրենի, ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնները և կառուցվածքային ստորաբաժանումները:

(6-րդ կետը փոփ. 29.03.23 N 352-Լ)

7. Ազգային անվտանգության ծառայությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է վերապահվել պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

8. Ազգային անվտանգության ծառայությունը պատասխանատու է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման՝ իր իրավասությանը վերապահված խնդիրների լուծման համար, որոշում է համակարգի մարմինների գործունեության առաջնային ուղղությունները, ռազմավարությունը, գործելակերպը, մշակում և իրականացնում է աշխատանքի կատարելագործման համալիր ծրագրերը:

9. Ազգային անվտանգության ծառայությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում ազգային անվտանգության խնդիրներին առնչվող՝ հետախուզական գործունեություն ծավալող բոլոր պետական մարմինների և ստորաբաժանումների աշխատանքի օպերատիվ ղեկավարումը:

10. Ազգային անվտանգության ծառայությունը հանրապետական գաղտնագրային և ծածկագրային կենտրոնական մարմին է:

11. Ազգային անվտանգության ծառայությունն իր իրավասության սահմաններում հատուկ նշանակության հողերի պետական կառավարման լիազոր մարմին է:

12. Ազգային անվտանգության ծառայությունն իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել և իրականացնել գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ և պարտականություններ, ինչպես նաև կարող է հանդես գալ դատարանում:

13. Ազգային անվտանգության ծառայության գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, 0001, Նալբանդյան 104:

 

II. ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

14. Ազգային անվտանգության ծառայության նպատակներն են`

1) հետախուզական գործունեությունը.

2) հակահետախուզական գործունեությունը.

3) ռազմական հակահետախուզական գործունեությունը.

4) պետական սահմանի պահպանությունը.

5) պայքարը հանցագործությունների դեմ:

15. Ազգային անվտանգության ծառայության խնդիրներն են՝

1) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, պետական սահմանների անձեռնմխելիության, տարածքային ամբողջականության, սահմանադրական կարգի, քաղաքացիների իրավունքների, ազատությունների և օրինական շահերի ապահովումը, Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության ամրապնդումը.

2) Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման, նրա տնտեսական, գիտատեխնիկական և պաշտպանական ներուժի հզորացման, Հայաստանի Հանրապետության անվտանգության ամրապնդման նպատակով հետախուզական տեղեկությունների հավաքումը.

3) Հայաստանի Հանրապետության ռազմաարդյունաբերական համալիրի, ատոմային էներգետիկայի, տրանսպորտի և կապի, էկոնոմիկայի, ֆինանսների և արդյունաբերության, ռազմավարական (ստրատեգիական) օբյեկտների, ինչպես նաև առաջնային գիտական մշակումների ոլորտների անվտանգության ապահովումը.

4) Հայաստանի Հանրապետության անվտանգության դեմ ուղղված օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ու կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց հետախուզական և այլ քայքայիչ գործունեության բացահայտումը, կանխումն ու խափանումը.

5) օրենքով նախատեսված իր լիազորությունների կատարման ընթացքում հայտնի դարձած հանցագործությունների բացահայտումը, կանխումը և խափանումը, այդ հանցագործությունները կատարած կամ դրանց կատարման գործում կասկածվող անձանց հետախուզումը.

6) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում ու հիմնարկներում, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում անվտանգության ապահովումը.

7) վարչապետին և, նրա հանձնարարությամբ, պետական կառավարման համակարգի և տարածքային կառավարման մարմիններին Հայաստանի Հանրապետության անվտանգությանն սպառնացող վտանգի մասին իրազեկումը.

8) Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգության ապահովումը.

9) սեփական անվտանգության ապահովմանը (այդ թվում` ազգային անվտանգության ծառայության համակարգում օտարերկրյա պետությունների տեխնիկական հետախուզության միջոցներին հակազդելուն), ազգային անվտանգության մարմինների՝ պետական գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանման միջոցառումների իրականացումը, օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ու կազմակերպությունների, հանցավոր խմբերի և առանձին անձանց ներթափանցման կանխման ու խափանման նպատակով տեխնիկական միջոցների օգտագործումը.

10) Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգության ապահովումը և իր իրավասության սահմաններում պայքարը տնտեսական հանցագործությունների դեմ.

11) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանության իրականացումը.

12) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում կոռուպցիոն երևույթների, օտարերկրյա պետությունների հետ կապված՝ զենքի և թմրանյութերի ապօրինի շրջանառության, դրանց մաքսանենգության, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու, զինված կազմավորումների, հանցավոր խմբերի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոխելու նպատակ ունեցող անձանց ու կազմակերպությունների դեմ պայքարին ուղղված միջոցառումների մշակումը և պետական համապատասխան մարմինների հետ համատեղ իրականացումը.

13) ահաբեկչական գործողությունների բացահայտումը, կանխումը և խափանումը.

14) պետական գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանության միջոցառումների մշակմանն ու իրականացմանը մասնակցությունը, պետական մարմիններում, զինվորական կազմավորումներում, կազմակերպություններում պետական գաղտնիքի պահպանման վերահսկումը, քաղաքացիներին պետական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու թույլտվության հետ կապված միջոցառումների՝ սահմանված կարգով իրականացումը.

15) Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս նրա կազմակերպությունների և քաղաքացիների անվտանգության ապահովման միջոցառումների անցկացումը.

16) հաղորդող ռադիոէլեկտրոնային միջոցների, ռադիոտվյալների և ռադիոառաքումների՝ ռադիոհսկողության միջոցով գրանցումն ու կենտրոնացված հաշվառումը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանն սպառնացող կամ հակաիրավական նպատակներով օգտագործվող ռադիոէլեկտրոնային միջոցների ռադիոառաքումների և ռադիոալիքների բացահայտումը.

17) ռադիոհաճախականությունների բաշխումը և նշանակումը, տնօրինող կազմակերպություններից ռադիոհաճախականությունների տիրույթների ստացումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում և նրա տարածքից դուրս կառավարական կապի ու հատուկ կապի այլ տեսակների բացառիկ օգտագործման համար Հայաստանի Հանրապետության համապատասխան կազմակերպություններից կապի գծերի ու կապուղիների վարձակալումը.

18) Հայաստանի Հանրապետության նախագահին, վարչապետին, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան պաշտոնատար անձանց կառավարական կապով և հատուկ կապի այլ տեսակներով ապահովելը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչություններում գաղտնագրային և ծածկագրային կապի կրիպտոգրաֆիկական ու տեխնիկական անվտանգության կազմակերպումը, այդ գործունեության նկատմամբ պետական վերահսկողության իրականացումը.

19) Հայաստանի Հանրապետության տեղեկատվական-հեռահաղորդակցական համակարգերում պետական տեղեկատվական պաշարների պաշտպանության, տեղեկատվության գաղտնագրային և տեխնիկական պաշտպանության, տեխնիկական հետախուզությունների հակազդման բնագավառներում պետական քաղաքականության մշակմանը մասնակցությունը և դրա իրացումը.

20) Հայաստանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության, վարչապետի, նախարարությունների, ինքնավար մարմինների, տարածքային կառավարման մարմինների, բարձրագույն դատական խորհրդի, դատարանների, դատախազության, քննչական կոմիտեի, հակակոռուպցիոն կոմիտեի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, այլ պետական մարմինների, Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված զորամասերի (բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերի), ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների փոստատարային օպերատիվ կապի (բացառությամբ դիվանագիտական փոստի) ապահովումը.

21) պետական և դիվանագիտական մարմինների հատուկ կարևորության, հույժ գաղտնի, գաղտնի և այլ ծառայողական թղթակցությունների փոխադրումը, դրանց պահպանման ապահովումը:

(15-րդ կետը փոփ. 18.01.24 N 51-Լ)

 

III. ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

16. Ազգային անվտանգության ծառայության գործառույթներն են`

1) հակահետախուզական գործունեության կազմակերպումն ու իրականացումը, հակահետախուզական միջոցառումների անցկացման և, դրանք իրականացնելիս, գաղտնի մեթոդների ու միջոցների օգտագործման կարգի որոշումը, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների կողմից օտարերկրյա պետությունների հատուկ ծառայություններ և կազմակերպություններ ներթափանցման կարգի սահմանումը.

2) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զինվորական կազմավորումների, ինչպես նաև դրանց կառավարման մարմինների մարտունակության և մարտական պատրաստության պահպանմանն ու ամրապնդմանն աջակցությունը.

3) գաղտնի հիմունքներով համագործակցությունը դրա համար համաձայնություն տված անձանց հետ.

4) Հայաստանի Հանրապետության անվտանգությանն սպառնացող վտանգի մասին տեղեկատվության ստացումը, մշակումը և վերլուծումը, այդ վտանգի կանխատեսումը.

5) իր իրավասության սահմաններում, իրավասու պետական մարմինների հետ համատեղ, Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվող հավաքների և հանրային միջոցառումների անվտանգության ապահովմանը մասնակցությունը.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելուն և դադարեցնելուն, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուն ու տարածքից դուրս գալուն, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ռեժիմին վերաբերող հարցերի լուծմանը մասնակցությունը.

7) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների մոբիլիզացիոն պատրաստվածության պահպանումը.

8) օրենքով սահմանված կարգով ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ իրականացվող միջոցառումներին մասնակցությունը.

9) ազգային անվտանգության ծառայությունում գործունեության համակարգման և արդյունքների ամփոփման համար կապի, տեղեկատվական և տվյալների փոխանցման համակարգերի, տեղեկատվական անվտանգության ապահովման և տեղեկատվության պաշտպանության միջոցների (այդ թվում՝ նաև կրիպտոգրաֆիկական պաշտպանության միջոցների) ստեղծումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ ազգային անվտանգության ծառայության գործունեությանը վերաբերող օպերատիվ, արխիվային և այլ նյութերի հաշվառման, պահպանման ու օգտագործման կարգի սահմանումը.

10) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության օրենսդրության կիրառման պրակտիկայի ընդհանրացումը, դրա կատարելագործման վերաբերյալ՝ սահմանված կարգով առաջարկություններ ներկայացնելը վարչապետին, համապատասխան նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակմանը մասնակցությունը, իր գործունեության իրավական ապահովումը կազմակերպելիս՝ ազգային անվտանգության մարմինների մեթոդական ղեկավարումը.

11) ազգային անվտանգության մարմիններում իսկական և պայմանական անվանումների կիրառման և շնորհման կարգի սահմանումը.

12) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ ազգային անվտանգության ծառայությունում գործավարության և արխիվային գործի կազմակերպման միասնական պահանջների սահմանումը.

13) մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով ազգային անվտանգության մարմինների գործունեությանը վերաբերող հրապարակումների և հաղորդումների կազմակերպումը.

14) տեղեկատվական անվտանգության ապահովման աշխատանքների իրականացման համակարգող լիազոր մարմին հանդիսանալը, օրենքով սահմանված կարգով պետական վերահսկողության իրականացումը.

14.1) իր իրավասության սահմաններում պետական մարմինների պաշտոնական կայքերի, էլեկտրոնային հարթակների և այլ տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական ենթակառուցվածքների տեղեկատվական անվտանգության (այդ թվում՝ կիբեռանվտանգության) ապահովումը.

14.2) պետական մարմինների տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական ենթակառուցվածքների համակարգչային միջադեպերին արձագանքելու աշխատանքների համակարգումը.

14.3) մասնակցությունը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական ենթակառուցվածքների, ազգային անվտանգության համար ռազմավարական նշանակություն ունեցող տեղեկատվական ենթակառուցվածքների տեղեկատվական անվտանգության (այդ թվում՝ կիբեռանվտանգության) նորմերի մշակմանը.

14.4) պետական մարմինների տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական ենթակառուցվածքների, ազգային անվտանգության համար ռազմավարական նշանակություն ունեցող տեղեկատվական ենթակառուցվածքների տեղեկատվական անվտանգության (այդ թվում՝ կիբեռանվտանգության) նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողական գործառույթի իրականացումը.

14.5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պաշտպանվող տեղեկատվության գաղտնագրային և տեխնիկական պաշտպանության բնագավառի գործունեության համակարգումը.

14.6) Հայաստանի Հանրապետությունում տեխնիկական հետախուզություններին հակազդման կազմակերպման միասնական կարգի մշակումը, որը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ.

15) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչություններում տեխնիկական հետախուզությունների հակազդման հատուկ միջոցառումների կազմակերպումը, իրականացումը և վերահսկումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկատվական և հեռահաղորդակցական համակարգերի ներդրման, ծրագրային ուղեկցման, պաշտպանական միջոցների փորձաքննության իրականացման ապահովումը.

16) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հիմնահարցերի գիտական հետազոտությունների անցկացումը.

17) հանցավոր ոտնձգություններից ազգային անվտանգության մարմինների զինծառայողների և քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, այդ մարմիններին աջակցող անձանց, նրանց ընտանիքների անդամների և հարազատների կյանքի, առողջության, պատվի և արժանապատվության, ինչպես նաև գույքի պաշտպանության ապահովումը.

18) իր իրավասության սահմաններում, օրենքով սահմանված կարգով, մասնակցությունը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի նախագծերի մշակմանը և քաղաքացիաիրավական պայմանագրերի կնքումը.

19) քաղաքացիների ընդունելության կազմակերպումը, իր իրավասության սահմաններում նրանց հանրագրերի, դիմումների և բողոքների քննարկումը, հանցագործությունների մասին հաղորդումների ընդունումը, դրանց նախնական իրավական գնահատական տալը և համապատասխան ընթացքի ապահովումը.

20) ազգային անվտանգության մարմինների աշխատողների, ազգային անվտանգության մարմինների ստորաբաժանումների, շինությունների ու տրանսպորտային միջոցների քողարկման նպատակով պետական մարմինների և կազմակերպությունների փաստաթղթերի, քողարկման համար անհրաժեշտ այլ միջոցների օգտագործումը.

21) հատուցմամբ կամ անհատույց օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների, կազմակերպությունների անվտանգության ծառայությունների համար կադրերի պատրաստումը, եթե դա չի հակասում ազգային անվտանգության մարմինների գործունեության սկզբունքներին.

22) օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների պաշտոնատար անձանց, հաստիքային գաղտնի աշխատողներին և այդ մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող անձանց, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կողմից ստեղծված կազմակերպությունները, հիմնարկները, շահագործվող շինությունները, հատուկ տեխնիկական և տրանսպորտային միջոցները քողարկող փաստաթղթերի՝ սահմանված կարգով պատրաստումը.

23) սպառազինության և հատուկ տեխնիկայի, ստեղծվող սպառազինությանն ու հատուկ տեխնիկային ներկայացվող տեխնիկական պահանջների մշակմանը մասնակցությունը, սպառազինության և հատուկ տեխնիկայի կուտակման, պահպանման ու վերանորոգման, ինչպես նաև դրանց մատակարարման և վերանորոգման պատվերների տեղաբաշխումը.

24) ազգային անվտանգության ծառայության իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, ոլորտային համագործակցությունը կանոնակարգող փաստաթղթերի, իսկ բացառիկ դեպքերում, փոխադարձության հիման վրա, օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների հետ համագործակցությունը և սահմանված կարգով, փոխգործակցության հիման վրա, նրանց հետ օպերատիվ տեղեկությունների, հատուկ տեխնիկական և այլ միջոցների փոխանակումը.

25) օրենքով սահմանված կարգով հատուկ նշանակության հողերի օգտագործման սահմանափակումների և նորմերի սահմանումը, հատուկ նշանակության հողերի օգտագործման կարգի, պաշտպանական գոտիների, հատուկ կարգավորման դրույթների, քաղաքաշինական գործունեություն ծավալելու կարգի վերաբերյալ առաջարկությունների մշակումը և դրանք ներկայացնելը.

26) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից ազգային անվտանգության մարմինների վրա դրված պարտականությունների կատարման համար անհրաժեշտ տեղեկությունների՝ օրենքով սահմանված կարգով ստացումը (այդ թվում` առցանց)՝ բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տեղեկությունների ստացման հատուկ կարգ է սահմանված.

27) օրենքներին համապատասխան՝ այլ գործառույթների իրականացումը:

(16-րդ կետը լրաց., խմբ., փոփ. 29.03.23 N 352-Լ, փոփ., խմբ. 18.01.24 N 51-Լ)

 

IV. ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

17. Ազգային անվտանգության ծառայությունը կառավարում է վարչապետը:

18. Վարչապետը՝

1) հաստատում է ազգային անվտանգության ծառայության կանոնադրությունը, այդ թվում՝ կառուցվածքը, և կատարում է կանոնադրության փոփոխություններ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

2) օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված գործունեության ոլորտին, նպատակներին և խնդիրներին համապատասխան` սահմանում է ազգային անվտանգության ծառայության գործունեության հիմնական ուղղությունները.

3) իրականացնում է ազգային անվտանգության ծառայության գործունեության վերահսկողությունը.

4) լսում է ազգային անվտանգության ծառայության գործունեության մասին հաշվետվությունները, քննում գործունեության ստուգման արդյունքները.

5) իրականացնում է վերահսկողություն ազգային անվտանգության ծառայությանն ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

6) հաստատում է տարեկան հաշվեկշիռը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

(18-րդ կետը փոփ. 29.03.23 N 352-Լ)

19. Ազգային անվտանգության ծառայության գործունեությունը ղեկավարում է ազգային անվտանգության ծառայության տնօրենը:

20. Ազգային անվտանգության ծառայության տնօրենը հաշվետու է վարչապետին:

21. Ազգային անվտանգության ծառայության տնօրենը՝

1) պատասխանատու է ազգային անվտանգության ծառայության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

2) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

3) կառավարում է ազգային անվտանգության ծառայության ենթակայությանը հանձնված կազմակերպությունները և հիմնարկները.

4) նշանակում և ազատում է իր խորհրդականին, իր և տեղակալի օգնականներին.

5) օրենքով կամ սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է ազգային անվտանգության ծառայության համապատասխան աշխատողներին, զինվորական ծառայությունից արձակում է ազգային անվտանգության մարմինների զինծառայողներին, խրախուսում կամ կարգապահական պատասխանատվության է ենթարկում ազգային անվտանգության ծառայության համակարգի զինծառայողներին.

6) հաստատում է հաստիքացուցակը.

7) հաստատում է ներքին աշխատակարգը.

8) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ստեղծում է իրեն կից խորհրդակցական մարմիններ.

9) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր տեղակալի հանձնարարականները.

10) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում ազգային անվտանգության ծառայության կենտրոնական մարմինների և մարզային վարչությունների, ազգային անվտանգության ծառայության ենթակայությանը հանձնված կազմակերպությունների ու հիմնարկների ղեկավարների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները, ցուցումները, հանձնարարականները.

11) լսում է կառուցվածքային ստորաբաժանումների, ազգային անվտանգության ծառայության ենթակայությանը հանձնված կազմակերպությունների և հիմնարկների հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

12) սահմանում է իր տեղակալների, ազգային անվտանգության ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների լիազորությունները և պատասխանատվության աստիճանը.

13) կատարում է պարտականությունների բաշխում իր տեղակալների միջև.

14) ներկայացնում է ազգային անվտանգության ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում ու միջազգային կազմակերպություններում.

15) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է ազգային անվտանգության մարմինների համար, կազմակերպում է դրանց կատարման ստուգումը.

16) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում է առաջարկություններ ազգային անվտանգության ծառայության աշխատողներին պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ.

17) ազգային անվտանգության ծառայության աշխատողներին պարգևատրելու համար հիմնում է մեդալներ և կրծքանշաններ, հաստատում դրանց կանոնադրությունները և նկարագրությունները.

18) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծում է ազգային անվտանգության մարմինների գործունեության ապահովման համար անհրաժեշտ կազմակերպությունների ստեղծման, վերակազմակերպման և լուծարման հարցերը.

19) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ազգային անվտանգության մարմինների զինծառայողներին, թողնելով զինծառայության մեջ, գործուղում է այլ նախարարություններ, այլ պետական կառավարման մարմիններ, կազմակերպություններ և ուսումնական հաստատություններ.

20) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ որոշում է ազգային անվտանգության ծառայության զինծառայողների և քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց՝ համատեղությամբ աշխատանքի պայմանները.

21) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ազգային անվտանգության ծառայության զինծառայողներին ու աշխատողներին թույլատրում է դուրս գալ Հայաստանի Հանրապետության սահմաններից.

22) ազգային անվտանգության ծառայությանը հատկացված ֆինանսական միջոցների (այդ թվում՝ արտարժութային) կարգադրիչն է.

23) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին սահմանված կարգով զինվորական ծառայության է ընդունում ազգային անվտանգության մարմիններում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում է որոշում նրանց աշխատանքային ստաժը երկարամյա ծառայության մեջ հաշվարկելու վերաբերյալ, ինչպես նաև ազգային անվտանգության մարմիններում զինվորական ծառայության է ընդունում զինապարտներին ու պահեստազորում չգտնվող կանանց.

24) սահմանված կարգով շնորհում է զինվորական կոչումներ՝ մինչև գնդապետի կոչումը ներառյալ, ներկայացնում է միջնորդություն ազգային անվտանգության ծառայության ղեկավար աշխատողներին զինվորական բարձրագույն կոչումներ շնորհելու վերաբերյալ.

25) հաստատում է ազգային անվտանգության ծառայության գիտատեխնիկական խորհրդի կազմն ու խորհրդի կանոնադրությունը.

26) սահմանված կարգով ներկայացնում է առաջարկություններ ազգային անվտանգության ծառայության զինծառայողների և քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց թվի, ինչպես նաև դրա կառուցվածքի փոփոխությունների վերաբերյալ.

27) ազգային անվտանգության ծառայության զինծառայողներին և քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների առջև դրված խնդիրների լուծմանն աջակցած անձանց պարգևատրելու համար ունի պարգևատրման ու նվիրատվության միջոցներ (այդ թվում՝ հրազեն և սառը զենք).

28) իր իրավասության սահմաններում որոշում է ազգային անվտանգության մարմինների կողմից օտարերկրյա պետությունների հատուկ ծառայություններին ու իրավապահ մարմիններին օպերատիվ տեղեկատվության, հատուկ տեխնիկական և այլ միջոցների փոխանցման կարգը.

29) ազգային անվտանգության մարմինների կողմից հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական և հետախուզական գարծունեություն իրականացվելիս՝ որոշում է օպերատիվ միջոցառումների անցկացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծախսման չափն ու կարգը.

30) ընդունում է որոշում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների պատվիրակություններին ընդունելու, ինչպես նաև ազգային անվտանգության ծառայության պատվիրակություններին օտարերկրյա պետություններ ուղարկելու մասին.

31) հաստատում է ազգային անվտանգության ծառայության կենտրոնական մարմինների ու մարզային վարչությունների կանոնադրությունները և կառուցվածքները.

32) սահմանում է ազգային անվտանգության ծառայության կենտրոնական մարմինների և մարզային վարչությունների պետերի ու նրանց տեղակալների գործառնական պարտականությունները.

33) ազգային անվտանգության ծառայության պաշտոնական ներկայացուցիչներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործուղում է օտարերկրյա պետություններ՝ այդ պետությունների հատուկ ծառայությունների կամ իրավապահ մարմինների համաձայնությամբ՝ միջազգային բնույթի հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով.

34) օրենքի համաձայն՝ ազգային անվտանգության ծառայության համակարգի աշխատողների համար սահմանում է սոցիալական ապահովության այլ երաշխիքներ՝ կապված նրանց ծառայության առանձնահատկությունների հետ.

35) թույլատրում է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների և օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների համար պայմանագրային հիմունքներով կադրերի պատրաստումը.

36) իր իրավասության սահմաններում ընդունում և օրենքով սահմանված կարգով հրապարակում է ենթաօրենսդրական (այդ թվում՝ նորմատիվ) իրավական ակտեր.

37) ազգային անվտանգության ծառայության աշխատողներին թույլատրում է սովորել իրենց զինվորական մասնագիտությանը կամ իրենց կատարած աշխատանքին բնույթով մոտ մասնագիտական գիտելիքների խորացմանը նպաստող հեռակա ուսուցմամբ ուսումնական հաստատություններում.

38) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

(21-րդ կետը փոփ. 29.03.23 N 352-Լ)

22. Ազգային անվտանգության ծառայության տնօրենի բացակայության դեպքում նրան փոխարինում է տեղակալներից մեկը:

23. Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալը՝

1) գործում է ազգային անվտանգության ծառայության տնօրենից պատվիրակված լիազորությունների ուժով և համակարգում աշխատանքները (գործունեությունը) իրեն հանձնարարված ոլորտում.

2) իր համակարգման լիազորությունների սահմաններում ազգային անվտանգության ծառայության կառուցվածքային ստորաբաժանումներին, ազգային անվտանգության ծառայության ենթակայությանը հանձնված կազմակերպություններին և հիմնարկներին փոխանցում է ազգային անվտանգության ծառայության տնօրենի հանձնարարականները, ապահովում է նրանց կողմից դրանց կատարումը, իր համակարգման լիազորությունների սահմաններում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն՝ արդյունքների մասին տեղեկացնելով ազգային անվտանգության ծառայության տնօրենին.

3) իր համակարգման լիազորությունների սահմաններում համագործակցում է այլ մարմինների և կազմակերպությունների հետ.

4) իր համակարգման լիազորությունների սահմաններում ազգային անվտանգության ծառայության տնօրենին ներկայացնում է առաջարկություններ.

5) իրականացնում է ազգային անվտանգության ծառայության տնօրենի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները:

(23-րդ կետը փոփ. 29.03.23 N 352-Լ)

24. Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալը կարող է ունենալ օգնական: Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալն իր օգնականի անմիջական ղեկավարն է: Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի օգնականն անմիջականորեն հաշվետու է ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալին:

25. Ազգային անվտանգության ծառայության տնօրենի խորհրդականի գործառույթները սահմանվում են նրա գործառնական պարտականություններով (պաշտոնի անձնագրով):

26. Ազգային անվտանգության ծառայության տնօրենի օգնականի գործառույթները սահմանվում են նրա գործառնական պարտականություններով (պաշտոնի անձնագրով):

27. Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի օգնականի գործառույթները սահմանվում են նրա գործառնական պարտականություններով (պաշտոնի անձնագրով):

 

V. ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

 

28. Ազգային անվտանգության ծառայության կառուցվածքը հրապարակման ենթակա չէ:

29. Ազգային անվտանգության ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները սահմանվում են դրանց կանոնադրություններով:

 

VI. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ

(գլուխն ուժը կորցրել է 29.03.23 N 352-Լ)

 

VII. ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ

 

31. Ազգային անվտանգության ծառայությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում):

32. Ազգային անվտանգության ծառայության գույքը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ազգային անվտանգության ծառայության տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից:

33. Ազգային անվտանգության ծառայությանը հանձնվող գույքի կազմը և չափը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

34. Ազգային անվտանգության ծառայությունը տիրապետում, օգտագործում, իսկ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում նաև տնօրինում է իրեն հանձնված գույքը:
 

VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

35. Ազգային անվտանգության ծառայությունը հաշվապահական հաշվառումը վարում և ֆինանսական հաշվետվությունները պատրաստում է Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտի համաձայն:

36. Ազգային անվտանգության ծառայության հաշվապահական հաշվառումն իրականացվում, ֆինանսական հաշվետվությունները պատրաստվում և ներկայացվում են «Հաշվապահական հաշվառման մասին» և «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխան:

37. Ազգային անվտանգության ծառայության ֆինանսական հաշվետվությունների ամբողջական փաթեթը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն՝ նրա կողմից հաստատված ձևաչափով և ժամկետներում:

(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 29.03.23 N 352-Լ, փոփ., խմբ. 18.01.24 N 51-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.01.2024, N 51-Լ 19.01.2024, N 860-Լ
29.03.2023, N 352-Լ 30.03.2023, N 860-Լ
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան