Գլխավոր տեղեկություն
Համար
N 71-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.01.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.01.08-2024.01.21 Պաշտոնական հրապարակման օրը 18.01.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.01.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.01.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հունվարի 2024 թվականի N 71-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1869-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի «Դպրոցաշինության հետ կապված գնման գործընթացների կազմակերպման առանձնահատկությունները սահմանելու մասին» N 1869-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները.

1) 1-ին կետի 1-ին ենթակետի «ը» պարբերությունը վերջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ նախադասությամբ՝

«Եթե պայմանագրի գինը գերազանցում է հրավերով հրապարակված օրինակելի նախագծանախահաշվային փաստաթղթով (փաստաթղթերով) սահմանված գինը, ապա սույն պարբերությամբ նախատեսված բանաձևը չի կիրառվում, իսկ տեղակապված մասի աշխատանքների համար պայմանագիրը (համաձայնագիրը) կնքվում է փորձաքննված նախահաշվային արժեքով:».

2) 1-ին կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ժբ» պարբերությամբ՝

«ժբ. տեղակապման նախագծանախահաշվային փաստաթղթերի քաղաքաշինական (պարզ) փորձաքննությունն ապահովում է կապալառուն:».

3) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2-րդ ենթակետով՝

«2) շինարարական ծրագրերի իրականացման տեխնիկական հսկողության ծառայության հրավերով (պայմանագրի նախագծով) նախատեսվում է, որ՝

ա. գնման գինը սահմանվում է օրինակելի նախագծանախահաշվային փաստաթղթով (փաստաթղթերով) սահմանված գնի համամասնությամբ՝ հաշվարկի համար հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից 2020-2023 թվականներին կազմակերպված մրցույթների կամ գնանշման հարցումների արդյունքում ձևավորված պայմանագրային արժեքները և դրանց միջակայքերը,

բ. նախագծի տեղակապված մասի նախահաշվային փաստաթղթերով նախատեսված աշխատանքների մասով տեխնիկական հսկողության ծառայության համար պայմանագրային արժեքը հաշվարկվում և դրա մասով պայմանագիրը (համաձայնագիրը) կնքվում է հետևյալ բանաձևի կիրառմամբ՝ ՎԳՏ=ՏՆԱx(ՄԳ/ՕՆԱ), որտեղ՝

ՎԳՏ-ն տեղակապված մասի տեխնիկական հսկողության ծառայության դիմաց վճարվելիք գումարն է,

ՏՆԱ-ն տեղակապված մասի փորձաքննություն անցած նախահաշվային արժեքն է,

ՄԳ-ն ընտրված մասնակցի առաջարկած գինն է, որը չի կարող ավել լինել տվյալ ծառայության համար սահմանված գնման գնից,

ՕՆԱ-ն օրինակելի նախագծանախահաշվային փաստաթղթով (փաստաթղթերով) սահմանված գինն է:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը սկսված և չավարտված գնման գործընթացների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

18.01.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հունվարի 2024 թվական: