Գլխավոր տեղեկություն
Համար
N 186-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (09.02.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.02.05-2024.02.18 Պաշտոնական հրապարակման օրը 08.02.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.02.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.02.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 փետրվարի 2024 թվականի N 186-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման հավելվածի 32-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3) շինարարական ծրագրերի գնման դեպքում մասնակիցը՝

ա. չի ներկայացնում իր կողմից լրացված ծավալաթերթ-նախահաշիվ, իսկ ընտրված մասնակից ճանաչվելու դեպքում կնքվող պայմանագրի շրջանակում կատարողական ակտերի դիմաց վճարումներն իրականացվում են համաձայն հրավերին կցված ծավալաթերթ-նախահաշվի, հետևյալ բանաձևով՝

ՎԳ=ՄԳ/ՆԳxԿԾ, որտեղ՝

1) ՄԳ-ն ընտրված մասնակցի առաջարկած գինն է.

2) ՆԳ-ն հրավերով հրապարակված շինարարական ծրագրի նախահաշվային գինն է.

3) ԿԾ-ն տվյալ կատարողական ակտով ներկայացված աշխատանքների ծավալն է` գումարային արտահայտությամբ.

4) ՎԳ-ն նախահաշվով սահմանված աշխատանքների դիմաց վճարվող գումարն է,

բ. ներկայացնում է իր կողմից հաստատված գրավոր հավաստում՝ հրավերին կցված նախագծային փաստաթղթերով, որը հանդիսանում է կնքվելիք պայմանագրի անբաժանելի մասը, սահմանված տեխնիկական բնութագրերին և երաշխիքային սպասարկման պայմաններին համապատասխանող նյութերի և (կամ) սարքերի ու սարքավորումների տեղադրման պարտավորության մասին՝ մինչև տեղադրումը դրանց տեխնիկական բնութագրերը, ապրանքային նշանները, ֆիրմային անվանումները, մակնիշները և երաշխիքային ժամկետները նախապես համաձայնեցնելով պատվիրատուի հետ: Սույն պարբերության մեջ նշված հավաստումն առանձին հավելվածով հաստատվում է նաև կնքվելիք պայմանագրով.».

2) որոշման հավելվածի 33-րդ կետի 10-րդ ենթակետի «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ա. շինարարական ծրագրի կատարման համար օգտագործվող նյութերի և (կամ) սարքերի ու սարքավորումների տեխնիկական բնութագրերը կազմում է օրենքի 13-րդ հոդվածի և սույն կարգի 22-րդ կետով նախատեսված պահանջներին համապատասխան,»:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից ՀՔԿ-ՀԲՄԱՇՁԲ-23/13 և ՀՔԿ-ՀԲՄԱՇՁԲ-23/17 ծածկագրերով կազմակերպված գնման ընթացակարգերի շրջանակում ներկայացված հայտերի գնահատման արդյունքում հրավերի պահանջների նկատմամբ գնահատող հանձնաժողովի կողմից արձանագրված անհամապատասխանությունների շտկման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 5 աշխատանքային օր:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

08.02.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 փետրվարի 2024 թվական: