ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2008 թվականի նոյեմբերի 27-ին
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
Հոդված 1. | Օրենքի կարգավորման առարկան |
Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական մթերք` բուսաբուծական և անասնաբուծական արտադրանք, արտադրողների համատարած հաշվառման (այսուհետ` գյուղատնտեսական հաշվառում) նախապատրաստման, կազմակերպման, անցկացման, ստացված արդյունքների մշակման, ամփոփման, հրապարակման, պահպանման և օգտագործման հետ կապված հարաբերությունները:
Հոդված 2. | Գյուղատնտեսական հաշվառման մասին օրենսդրությունը |
1. Գյուղատնտեսական հաշվառման բնագավառում ծագած հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 3. | Գյուղատնտեսական հաշվառման նպատակները |
1. Գյուղատնտեսական հաշվառման նպատակներն են`
1) գյուղատնտեսության կառուցվածքի` գյուղատնտեսական նշանակության հողեր, անասնագլխաքանակ, գյուղատնտեսական տեխնիկա, գյուղատնտեսական նշանակության շինություններ, առկա ներուժի` մարդկային, նյութական և դրա օգտագործման վերաբերյալ տեղեկատվությունը` հանրապետության, մարզային և համայնքային կտրվածքով.
2) գյուղատնտեսության վերաբերյալ վիճակագրական տվյալների հաշվառման ամբողջական համակարգի ձևավորումը.
3) գյուղացիական տնտեսությունների վիճակագրական ռեգիստրի ձևավորումը.
4) միջազգային վիճակագրական տվյալների հետ համադրելիության ապահովումը:
Հոդված 4. | Գյուղատնտեսական հաշվառմանը ներկայացվող հիմնական պահանջները |
1. Գյուղատնտեսական հաշվառումն անցկացվում է տասը տարին մեկ:
2. Գյուղատնտեսական հաշվառումն անցկացնելու մասին որոշումը, որով սահմանվում է գյուղատնտեսական հաշվառման անցկացման ժամկետը, ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը ոչ ուշ, քան գյուղատնտեսական հաշվառումն սկսելուց 1 տարի առաջ:
3. Գյուղատնտեսական հաշվառման նախապատրաստման և անցկացման աշխատանքներին օժանդակելու նպատակով ստեղծվում են գյուղատնտեսական հաշվառման հանրապետական և մարզային հանձնաժողովներ, որոնց կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Գյուղատնտեսական հաշվառման ծրագիրը և հարցաշարը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հարցաշարը չի կարող ընդգրկել վիճակագրական նպատակների համար չնախատեսված հարցեր:
5. Գյուղատնտեսական հաշվառման փաստաթղթերը (հարցաթերթ, կազմակերպահրահանգչական և այլ փաստաթղթեր) հաստատում է վիճակագրության պետական լիազորված մարմինը (այսուհետ` լիազորված մարմին):
6. Գյուղատնտեսական հաշվառման տվյալներն օգտագործվում են բացառապես վիճակագրական նպատակների համար:
7. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասության շրջանակներում պատասխանատու են գյուղատնտեսական հաշվառման նախապատրաստումը և անցկացումը պատշաճ կարգով կազմակերպելու համար:
Հոդված 5. | Գյուղատնտեսական հաշվառման ենթակա սուբյեկտները և նրանց պարտականությունները |
1. Գյուղատնտեսական հաշվառումը կրում է պարտադիր բնույթ գյուղատնտեսական մթերք արտադրող ֆիզիկական և իրավաբանական անձանց համար:
2. Ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են ամբողջական և սպառիչ պատասխաններ (տեղեկություններ) տալ հաշվառման հարցաշարի բոլոր հարցերին:
Հոդված 6. | Գյուղատնտեսական հաշվառումն անցկացնող մարմինները և նրանց պարտականությունները |
1. Գյուղատնտեսական հաշվառման նախապատրաստման, անցկացման, ամփոփ տվյալների ստացման և հրապարակման պատասխանատուն լիազորված մարմինն է, որը պարտավոր է ապահովել`
1) գյուղատնտեսական հաշվառման ծրագրի (հարցաշարի) օբյեկտիվությունը, գիտական հիմնավորվածությունը, դրա համապատասխանությունը միջազգային նորմերին և ստանդարտներին.
2) գյուղատնտեսական հաշվառման նյութերի մշակումից ստացված ամփոփ արդյունքների հրապարակայնությունն ու մատչելիությունը.
3) սկզբնական (անհատական) տվյալների գաղտնիությունը:
Հոդված 7. | Գյուղատնտեսական հաշվառման ֆինանսավորումը |
1. Գյուղատնտեսական հաշվառման աշխատանքների ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
2. Գյուղատնտեսական հաշվառման նախապատրաստման, անցկացման, նյութերի մշակման և ստացված արդյունքների հրապարակման բոլոր միջոցառումների ժամանակին և ամբողջ ծավալով կատարումն ապահովող ծախսերի նախահաշիվը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 8. | Պատասխանատվությունը գյուղատնտեսական հաշվառման մասին օրենսդրությունը խախտելու համար |
1. Ֆիզիկական և իրավաբանական անձանց վերաբերյալ անհատական տվյալներին տիրապետող լիազոր մարմնի աշխատակիցներին (այսուհետ` աշխատակիցներ) արգելվում է այլ անձի (անձանց) հաղորդել գյուղատնտեսական հաշվառման լրացված փաստաթղթերի բովանդակությունը: Գյուղատնտեսական հաշվառման սկզբնական (անհատական) տվյալների օգտագործման կարգի խախտման, հարցաթերթը ոչ ամբողջական, սխալ տվյալներով լրացնելու դեպքում գյուղատնտեսական հաշվառման աշխատակիցները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:
2. Գյուղատնտեսական հաշվառման սկզբնական (անհատական) նյութերը (այդ թվում` տվյալները) դատական, դատաքննչական և այլ մարմինները որպես ապացույց չեն կարող օգտագործել:
3. Գյուղատնտեսական հաշվառման հարցաթերթի հարցերին պատասխանելուց հրաժարվելը, ոչ ամբողջական, սխալ տվյալներ ներկայացնելն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:
Հոդված 9. | Օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2008 թ. դեկտեմբերի 23 Երևան ՀՕ-208-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
21.03.2018, ՀՕ-194-Ն | 09.04.2018, ՀՕ-208-Ն | |
18.05.2015, ՀՕ-60-Ն | 01.07.2015, ՀՕ-208-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|