Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (22.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.01.22-2024.02.04 Պաշտոնական հրապարակման օրը 02.02.2024
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
22.12.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
22.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/0976/05/22

2023 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/0976/05/22

Նախագահող դատավոր՝

 Է. Նահապետյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով

 

նախագահող 

Հ. Բեդևյան

զեկուցող

Ռ. Հակոբյան

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. Հակոբյան

Ք. ՄԿՈՅԱՆ

 

2023 թվականի դեկտեմբերի 22-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 27.03.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի «Օլիմպիական ապագա» ՍՊԸ-ի միակ մասնակից Հասմիկ Միհրանյանի ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք՝ Ընկերություն, «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ, սնանկության կառավարիչ Արայիկ Սարգսյան՝ «Օլիմպիական ապագա» ՍՊԸ-ի և Ընկերության միջև 23.05.2007 թվականին կնքված անշարժ գույքի վարձակալության թիվ 3605 պայմանագրով գրանցված վարձակալության իրավունքի դադարեցման վերաբերյալ ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 09.03.2020 թվականին կատարված պետական գրանցման առ ոչինչ լինելը ճանաչելու և որպես հետևանք՝ Ընկերության և «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ-ի միջև 16.03.2021 թվականին կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագիրն ու դրա հիման վրա կատարված վարձակալության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` «Օլիմպիական ապագա» ՍՊԸ-ի միակ մասնակից Հասմիկ Միհրանյանը պահանջել է ճանաչել «Օլիմպիական ապագա» ՍՊԸ-ի և Ընկերության միջև 23.05.2007 թվականին կնքված անշարժ գույքի վարձակալության թիվ 3605 պայմանագրով գրանցված վարձակալության իրավունքի դադարեցման վերաբերյալ ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 09.03.2020 թվականին կատարված պետական գրանցման առ ոչինչ լինելը և որպես հետևանք՝ անվավեր ճանաչել Ընկերության և «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ-ի միջև 16.03.2021 թվականին կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագիրն ու դրա հիման վրա կատարված վարձակալության իրավունքի պետական գրանցումը։ Հայցադիմումին կից հայցվորը ներկայացրել է նաև հայցի ապահովման մասին միջնորդություն։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ղազարյան) 22.02.2022 թվականի որոշմամբ «Օլիմպիական ապագա» ՍՊԸ-ի միակ մասնակից Հասմիկ Միհրանյանի կողմից ներկայացված՝ հայցի ապահովման վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է. արգելվել է Ընկերությանը ք. Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի թիվ 4 հասցեում գտնվող անշարժ գույքի և հողամասի նկատմամբ իրավունք փոխանցել երրորդ անձանց կամ այն ծանրաբեռնել որևէ իրավունքով կամ սահմանափակումով՝ մինչև նույն գործով վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:

Արգելվել է «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ-ին ք. Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 4 հասցեում գտնվող անշարժ գույքի և հողամասի նկատմամբ կատարել ցանկացած գործողություն, որը կհանգեցնի այդ գույքի կամ հողամասի փաստական կամ իրավական վիճակի փոփոխության, այդ թվում՝ կատարել ներդրումային ծրագրից բխող որևէ գործողություն, որևէ կապիտալ ներդրում, շինարարություն, անբաժանելի բարելավումներ, գույքի ենթավարձակալության հանձնում՝ մինչև նույն գործով վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:

Երրորդ անձ Ընկերությունը ներկայացրել է միջնորդություն՝ իր հնարավոր վնասների հատուցման համար հայցվորից հակընդդեմ ապահովում պահանջելու վերաբերյալ, որով խնդրել է պարտավորեցնել հայցվորին դատարանի դեպոզիտ փոխանցել հնարավոր վնասների ապահովման գումարը՝ 186.000.000 ՀՀ դրամի չափով:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ղազարյան) (այսուհետ` Դատարան) 24.02.2023 թվականի որոշմամբ երրորդ անձ Ընկերության կողմից ներկայացված հակընդդեմ ապահովում պահանջելու վերաբերյալ միջնորդությունը թողնվել է առանց քննության:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.03.2023 թվականի որոշմամբ Դատարանի 24.02.2023 թվականի «Հակընդդեմ ապահովում պահանջելու վերաբերյալ միջնորդությունն առանց քննության թողնելու մասին» որոշման դեմ երրորդ անձ Ընկերության վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել երրորդ անձ Ընկերությունը (ներկայացուցիչ՝ Ռոբերտ Դավթյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

 Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ, 107-րդ, 127-րդ, 130-րդ, 131-րդ և 132-րդ հոդվածները։

 Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված չէ որևէ նորմ, որը Դատարանին լիազորում է առանց քննության թողնել կողմի հակընդդեմ ապահովում տրամադրելու մասին միջնորդությունը: Դատարանը, նշված միջնորդությունն առանց քննության թողնելով, ըստ էության, մերժել է այն: Վերաքննիչ դատարանը, հաշվի չի առել նաև, որ Դատարանը, իր կողմից կայացված ակտը վերնագրելով «(...) միջնորդությունն առանց քննության թողնելու մասին որոշում», անձին զրկել է այդ որոշումը բողոքարկելու հնարավորությունից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը նախատեսում է միջնորդությունն առանց քննության թողնելու միայն մեկ հնարավորություն, այն է՝ նույն հիմքերով կրկին ներկայացված միջնորդությունն առանց քննության թողնելը։ Այսինքն՝ մնացած բոլոր դեպքերում Դատարանը պետք է կայացնի որոշում՝ միջնորդությունը մերժելու կամ բավարարելու վերաբերյալ։ Ուստի Դատարանը, չունենալով միջնորդությունն առանց քննության թողնելու լիազորություն, կայացրել է այդպիսի որոշում՝ սահմանափակելով հայցվորի բողոքարկման իրավունքը։ Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ չնայած այն հանգամանքին, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում բացակայում է հակընդդեմ ապահովման ինստիտուտը, նույն օրենսգրքի 131-րդ հոդվածով սահմանված է հակընդդեմ ապահովումը մերժելու մասին դատարանի որոշման՝ վերաքննության կարգով բողոքարկման հնարավորություն:

Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վարչական դատավարության շրջանակներում հիմնական հայցապահանջի հետ միաժամանակ քաղաքացիաիրավական բնույթի ածանցյալ պահանջ քննելիս, ենթակա են կիրառման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կանոնները, եթե դրանք չեն հակասում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով ամրագրված սկզբունքներին: Ընդ որում, «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կանոններ» եզրույթը ներառում է քաղաքացիաիրավական վեճի քննության և լուծման, անձի դատական պաշտպանության իրավունքի իրացման համար սահմանված ամբողջ գործիքակազմը, այդ թվում՝ հայցի ապահովման և հակընդդեմ ապահովման ինստիտուտները:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 27.03.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ։

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի կապակցությանբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

 

Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք վարչական գործով քաղաքացիաիրավական ածանցյալ պահանջի շրջանակներում ներկայացված հակընդդեմ ապահովում պահանջելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումը ենթակա է բողոքարկման։

 

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (...) ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) կողմից ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ դատական պաշտպանության իրավունքը, որի մի մասն էլ կազմում է դատարանի մատչելիության իրավունքը, բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդուհանդերձ, կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի` դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն (տե՛ս, Khalfaoui v. France գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, կետեր 35, 36, Papon v. France գործով Եվրոպական դատարանի 25.07.2002 թվականի վճիռը, կետ 90):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են մարդու դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը):

ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներում (տե´ս, թիվ ՍԴՈ-652, թիվ ՍԴՈ-690, թիվ ՍԴՈ-719, թիվ ՍԴՈ-765, թիվ ՍԴՈ-844, թիվ ՍԴՈ-873, թիվ ՍԴՈ-890, թիվ ՍԴՈ-932, թիվ ՍԴՈ-942, թիվ ՍԴՈ-1037, թիվ ՍԴՈ-1052, թիվ ՍԴՈ-1115, թիվ ՍԴՈ-1127, թիվ ՍԴՈ-1190, թիվ ՍԴՈ-1192, թիվ ՍԴՈ-1196, թիվ ՍԴՈ-1197, թիվ ՍԴՈ-1220, թիվ ՍԴՈ-1222, թիվ ՍԴՈ-1257, թիվ ՍԴՈ-1289) կարևորելով իրավակարգավորման մի շարք սկզբունքներ, նաև արձանագրել է, որ`

 - դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատավարության կարգը սահմանվում է նույն օրենսգրքով և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով, իսկ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ միմյանց հետ փոխկապակցված մի քանի պահանջներով գործը, եթե այդ պահանջներից մեկն ընդդատյա է վարչական դատարանին, իսկ մյուսը` ընդհանուր իրավասության դատարանին, քննում է այն դատարանը, որին ընդդատյա է հիմնական պահանջը։

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ քաղաքացիաիրավական ածանցյալ պահանջ քննելիս դատարանը կիրառում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի կանոնները, եթե դրանց կիրառումը չի հակասում վարչական դատավարության` նույն օրենսգրքով ամրագրված սկզբունքներին։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ կողմերն իրավունք ունեն նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում բողոքարկելու դատական ակտերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են վարչական դատարանի հետևյալ միջանկյալ դատական ակտերը. (...) հայցի ապահովումը (հակընդդեմ ապահովումը) մերժելու, հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու, հայցի ապահովումը վերացնելու մասին (...):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե` բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ տարաբնույթ, սակայն միմյանց հետ փոխկապակցված պահանջների համատեղ քննության հնարավորությունը սահմանելու հետ միաժամանակ օրենսդիրն ամրագրել է նաև նման պահանջների համատեղ քննության առանձնահատկությունները։ Մասնավորապես` ՀՀ վարչական դատարանին ընդդատյա հիմնական պահանջի (պահանջների) հետ միասին ներկայացված քաղաքացիաիրավական բնույթի պահանջի (պահանջների) քննությունը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորման ուժով, պետք է իրականացվի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կանոններով, եթե դրանց կիրառումը չի հակասում վարչական դատավարության օրենսգրքով ամրագրված սկզբունքներին (տե՛ս, Հայկանուշ Մանուկյանն ընդդեմ ՀՀ կառավարության և մյուսների թիվ ՎԴ/6418/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.04.2022 թվականի որոշումը):

Վերոգրյալ իրավական նորմերի և դիրքորոշումների համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ վարչական գործով քաղաքացիաիրավական ածանցյալ պահանջի առնչությամբ ներկայացվում է հայցի ապահովման վերաբերյալ միջնորդություն, դատարանը քաղաքացիաիրավական ածանցյալ պահանջի առնչությամբ պետք է կիրառի հայցի ապահովման վերաբերյալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կանոնները, եթե դրանց կիրառումը չի հակասում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով ամրագրված սկզբունքներին: Ըստ այդմ, այն դեպքում, երբ վարչական գործով քննվող քաղաքացիաիրավական ածանցյալ պահանջի շրջանակներում գործին մասնակցող անձի դեմ կիրառվել է հայցի ապահովման միջոց, վերջինս պետք է հնարավորություն ունենա օգտվել տվյալ քաղաքացիաիրավական ածանցյալ պահանջի նկատմամբ կիրառելի իրավական նորմերով նախատեսված պաշտպանության միջոցներից, մասնավորապես՝ իր հնարավոր վնասների հատուցման համար հայցի ապահովման միջնորդություն ներկայացրած գործին մասնակցող անձից ապահովում (հակընդդեմ ապահովում) պահանջելու իրավունքից: Այսպես՝

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-5-րդ մասերի համաձայն՝ գործին մասնակցող անձը, որի դեմ կիրառվել է հայցի ապահովման միջոց, կարող է միջնորդություն ներկայացնել իր հնարավոր վնասների հատուցման համար հայցի ապահովման միջնորդություն ներկայացրած գործին մասնակցող անձից ապահովում (հակընդդեմ ապահովում) պահանջելու վերաբերյալ:

Հակընդդեմ ապահովում պահանջելու վերաբերյալ միջնորդությունը քննվում է դատական նիստում:

Հակընդդեմ ապահովում պահանջելու վերաբերյալ միջնորդության քննության արդյունքներով դատական ակտը պետք է կայացվի միջնորդությունն ստանալուց հետո՝ 15-օրյա ժամկետում:

Հակընդդեմ ապահովում պահանջելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան: Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա չէ բողոքարկման:

Հակընդդեմ ապահովման միջնորդությունը բավարարվելու դեպքում հայցի ապահովման միջնորդություն ներկայացրած գործին մասնակցող անձը պարտավոր է հակընդդեմ ապահովման գումարը փոխանցել դատարանի դեպոզիտ այդ մասին որոշումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում և դատարան ներկայացնել փոխանցման փաստը հավաստող ապացույց:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 5-7-րդ մասերի համաձայն՝ նույն օրենսգրքի 2-4-րդ մասերի պահանջները չպահպանելու դեպքում ներկայացված միջնորդությունը չի քննարկվում: Նույն հիմքով միջնորդություն կրկին ներկայացնելն արգելվում է: Նախկինում մերժված միջնորդությունը նույն հիմքով ներկայացվելու դեպքում չի քննարկվում։ Միջնորդությունը քննարկելու արդյունքով դատարանը կայացնում է որոշում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ և՛ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը՝ հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդություն ներկայացվելու, և՛ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը՝ հայցի ապահովում, հակընդդեմ ապահովում կիառելու միջնորդություններ ներկայացվելու դեպքերում սահմանում են կանոններ առ այն, որ դատարանը օրենսգրքով նախատեսված ընթացակարգի պահպանմամբ կարող է կայացնել որոշում՝ միջնորդությունը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ։ Իսկ միջնորդությունն առանց քննության կարող է թողնվել միայն համապատասխան կարգի խախտմամբ ներկայացված լինելու և միջնորդության նախկինում ներկայացված և մերժված լինելու պայմաններում նույնաբովանդակ միջնորդություն ներկայացվելու պարագայում։ Նշված հիմքերի բացակայության պայմաններում՝ միջնորդության բովանդակության վերաբերյալ դատարանի կողմից կայացված ցանկացած պատճառաբանություն միջնորդությունը բավարարելու կամ մերժելու հիմք է։

Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը, օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու սահմանադրական իր առաքելությունն իրացնելու և ըստ այդմ՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի կիրառման կապակցությամբ իրավունքը զարգացնելու անհրաժեշտությունից ելնելով, հարկ է համարում անդրադառնալ նշված իրավանորմի բովանդակությանը և բացահայտել դրանով կարգավորվող հարաբերությունները:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը քաղաքացիաիրավական ածանցյալ պահանջի նկատմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված հայցի ապահովում և հակընդդեմ ապահովում կիրառելու հնարավորություն սահմանելուն զուգահեռ նախատեսել է նաև հայցի ապահովումը մերժելու կամ հակընդդեմ ապահովումը մերժելու վերաբերյալ որոշումների անմիջական կարգով բողոքարկման հնարավորություն: Այսպես ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են հայցի ապահովումը (հակընդդեմ ապահովումը) մերժելու, հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու, հայցի ապահովումը վերացնելու մասին որոշումները: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշյալ իրավանորմով հակընդդեմ ապահովումը մերժելու որոշումը բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերի շարքում նախատեսելը ինքնանպատակ չէ և այն միտված է քաղաքացիաիրավական ածանցյալ պահանջի շրջանակներում գործին մասնակցող անձի կողմից ներկայացված հակընդդեմ ապահովումը մերժելու որոշման անմիջական բողոքարկման հնարավորության ապահովմանը։ Ավելին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը ևս նախատեսում է հակընդդեմ ապահովում պահանջելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշման վերաքննության կարգով բողոքարկման հնարավորություն:

 Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական գործով քննվող քաղաքացիաիրավական ածանցյալ պահանջի շրջանակներում գործին մասնակցող անձը, որի դեմ կիրառվել է հայցի ապահովման միջոց, պետք է հնարավորություն ունենա օգտվել տվյալ քաղաքացիաիրավական ածանցյալ պահանջի նկատմամբ կիրառելի իրավական նորմերով նախատեսված պաշտպանության միջոցներից, մասնավորապես՝ իր հնարավոր վնասների հատուցման համար հայցի ապահովման միջնորդություն ներկայացրած գործին մասնակցող անձից ապահովում (հակընդդեմ ապահովում) պահանջելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու իրավունքից, իսկ դրա հնարավոր մերժման պարագայում այդ որոշման բողոքարկման իրավունքից՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածը նախատեսում է այդ որոշման բողոքարկման հնարավորություն:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Դիմելով դատարան՝ «Օլիմպիական ապագա» ՍՊԸ-ի միակ մասնակից Հասմիկ Միհրանյանը պահանջել է ճանաչել «Օլիմպիական ապագա» ՍՊԸ-ի և Ընկերության միջև 23.05.2007 թվականին կնքված անշարժ գույքի վարձակալության թիվ 3605 պայմանագրով գրանցված վարձակալության իրավունքի դադարեցման վերաբերյալ ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 09.03.2020 թվականին կատարված պետական գրանցման առ ոչինչ լինելը և որպես հետևանք՝ անվավեր ճանաչել Ընկերության և «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ-ի միջև 16.03.2021 թվականին կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագիրն ու դրա հիման վրա կատարված վարձակալության իրավունքի պետական գրանցումը։ Հայցադիմումին կից հայցվորը ներկայացրել է նաև հայցի ապահովման մասին միջնորդություն։

ՀՀ վաչական դատարանը 22.02.2022 թվականի «Հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին» որոշմամբ գտել է, որ հիմնական հայցապահանջի մասով հայցի ապահովման միջոց կիրառելու անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ գործն ըստ էության լուծող դատական ակտի կատարման հնարավորության և վեճի առարկա ք. Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի թիվ 4 հասցեում գտնվող անշարժ գույքի և հողամասի իրավական և փաստացի վիճակի փոփոխության, դրա նկատմամբ անբաժանելի բարելավումներ կատարելու, գույքի նկատմամբ իրավունքներն այլ անձի փոխանցելու, այն այլ անձանց իրավունքներով ծանրաբեռնելու միջև իրավաբանական կապ առկա չէ:

Այդուհանդերձ ՀՀ վարչական դատարանը գտել է, որ հայցի ապահովում ենթակա է կիրառման՝ քաղաքացիաիրավական ածանցյալ պահանջի ապահովման համար: ՀՀ վարչական դատարանն արձանագրել է, որ քաղաքացիաիրավական ածանցյալ պահանջի նկատմամբ հայցի ապահովման վերաբերյալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերի կիրառումը չի հակասում ՀՀ վարչական դատավարության սկզբունքներին, մասնավորապես, գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելուն, կողմերի իրավահավասարությանը, գործերի քննության բանավորությանն ու դատական վարույթի հրապարակայնությանը, դատավարության լեզվին և քաղաքացիաիրավական ածանցյալ պահանջի նկատմամբ ենթակա են կիրառման հայցի ապահովման վերաբերյալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը։

 Երրորդ անձ Ընկերությունը ներկայացրել է միջնորդություն՝ իր հնարավոր վնասների հատուցման համար հայցվորից հակընդդեմ ապահովում պահանջելու վերաբերյալ, որով խնդրել է պարտավորեցնել հայցվորին դատարանի դեպոզիտ փոխանցել հնարավոր վնասների ապահովման գումարը՝ 186.000.000 ՀՀ դրամի չափով:

Դատարանը 24.02.2023 թվականի որոշմամբ Ընկերության ներկայացրած հակընդդեմ ապահովում պահանջելու վերաբերյալ միջնորդությունը թողել է առանց քննության այն պատճառաբանությամբ, որ հակընդդեմ ապահովում կիրառելու ընթացակարգ ՀՀ վարչական դատավարությունը կանոնակարգող օրենսդրությամբ նախատեսված չէ, ուստի ՀՀ վարչական դատարանը չունի գործի քննության որևէ փուլում հակընդդեմ ապահովում կիրառելու իրավասություն:

Վերաքննիչ դատարանը 27.03.2023 թվականի որոշմամբ Դատարանի 24.02.2023 թվականի «Հակընդդեմ ապահովում պահանջելու վերաբերյալ միջնորդությունն առանց քննության թողնելու մասին» որոշման դեմ Ընկերության ներկայացրած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է։ Վերաքննիչ դատարանը նշված որոշման հիմքում դրել է այն հանգամանքը, որ միջանկյալ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել բացառապես միայն այն դեպքում, երբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածով սահմանված է տվյալ ակտի` վերաքննության կարգով բողոքարկման ենթակա լինելու հանգամանքը, ուստի երրորդ անձ Ընկերության կողմից բողոքարկվել է այն դատական ակտը, որը բողոքարկման ենթակա չէ։

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործով հայցվոր «Օլիմպիական ապագա» ՍՊԸ-ի միակ մասնակից Հասմիկ Միհրանյանի կողմից հիմնական հայցապահանջին կից ներկայացվել է նաև քաղաքացիաիրավական ածանցյալ պահանջ։ Նշված քաղաքացիաիրավական ածանցյալ պահանջի շրջանակներում Դատարան են ներկայացվել նախ՝ հայցի ապահովում, այնուհետև հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդություններ։

Դատարանը ներկայացված հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը բավարարել է՝ գտնելով, որ քաղաքացիաիրավական ածանցյալ պահանջի նկատմամբ հայցի ապահովման վերաբերյալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերի կիրառումը չի հակասում ՀՀ վարչական դատավարության սկզբունքներին։ Իսկ նույն քաղաքացիաիրավական ածանցյալ պահանջի շրջանակներում ներկայացված հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը թողել է առանց քննության՝ նշելով, որ հակընդդեմ ապահովում կիրառելու ընթացակարգ ՀՀ վարչական դատավարությունը կանոնակարգող օրենսդրությամբ նախատեսված չէ՝ զրկելով անձին օրենսդրությամբ իրեն վերապահված պաշտպանության միջոցներից օգտվելու հնարավորությունից։

Նման որոշման բողոքարկման հնարավորությունն էլ ոչ իրավաչափորեն՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի կիրառմամբ, սահմանափակվել է Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու արդյունքում։ Ընդ որում, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել այն հանգամանքը, որ չնայած քաղաքացիաիրավական ածանցյալ պահանջի շրջանակներում ներկայացված հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդության կապակցությամբ կայացված Դատարանի 24.02.2023 թվականի որոշումը կրում է «Հակընդդեմ ապահովում պահանջելու վերաբերյալ միջնորդությունն առանց քննության թողնելու մասին» վերտառությունը, այն ըստ էության նշված միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշում է: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու փուլում վերադաս դատարանի կողմից գնահատման է արժանի ոչ թե որոշման վերտառությունը և դրա համապատասխանությունը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածով նախատեսված պահանջներին, այլ այդ որոշման բովանդակությունը:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ քաղաքացիաիրավական ածանցյալ պահանջի շրջանակներում հակընդդեմ ապահովում պահանջելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի ուժով ենթակա է անմիջական բողոքարկման:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման պայմաններում Դատարանի 24.02.2023 թվականի «Հակընդդեմ ապահովում պահանջելու վերաբերյալ միջնորդությունն առանց քննության թողնելու մասին» որոշման դեմ Ընկերության ներկայացրած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքով՝ Վերաքննիչ դատարանը բողոք բերած անձին զրկել է Դատարանի վերոգրյալ որոշումը բողոքարկելու՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված հնարավորությունից, ինչի արդյունքում սահմանափակել է անձի` ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված՝ դատական պաշտպանության իրավունքը:

 Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու և Վերաքննիչ դատարանի 27.03.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 163-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

 1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 27.03.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Զեկուցող

Հ. Բեդևյան

Ռ. Հակոբյան

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. Հակոբյան

Ք. ՄԿՈՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 փետրվարի 2024 թվական: