ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Սնանկության գործ թիվ ՍնԴ/0434/04/21 2023 թ. | ||
Սնանկության գործ թիվ ՍնԴ/0434/04/21 |
|||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող և զեկուցող |
Գ. Հակոբյան | |
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ ս. ՄեղրՅԱՆ | ||
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ | ||
Է. Սեդրակյան |
2023 թվականի նոյեմբերի 24-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) դիմումի՝ անհատ ձեռնարկատեր Նորայր Սոլոյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.08.2022 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Կոմիտեի բերած վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Կոմիտեն պահանջել է անհատ ձեռնարկատեր Նորայր Սոլոյանին ճանաչել սնանկ:
ՀՀ սնանկության դատարանի (այսուհետ` Դատարան) 29.03.2021 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
Դատարանի 02.08.2021 թվականի որոշմամբ անհատ ձեռնարկատեր Նորայր Սոլոյանի ձեռնարկատիրական գործունեությունը, ինչպես նաև գույքը պարտապանի կողմից անձամբ կառավարելու և տնօրինելու բոլոր իրավունքները կասեցվել են:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.08.2022 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը վերականգնելու մասին Կոմիտեի միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածը։
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ թիվ ՍնԴ/0434/04/21 սնանկության գործով Դատարանի կողմից 02.08.2021 թվականին կայացված՝ անհատ ձեռնարկատեր Նորայր Սոլոյանի գործունեության դադարեցման վարույթ սկսելու մասին որոշումը բողոքարկելու հիմք ծառայող ՀՀ վճռաբեկ դատարանի 24.06.2022 թվականի որոշումը Կոմիտեն ստացել է 06.07.2022 թվականին, ուստի վերաքննիչ բողոք կարող էր ներկայացվել այդ որոշումն ստանալու հաջորդ օրվանից 15-օրյա ժամկետում։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել և փոփոխել» Վերաքննիչ դատարանի 19.08.2022 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը։
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է եղել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայությամբ, որը հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու հարցին՝ վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե´ս, ի թիվս այլնի, Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի և Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված` անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: Ուղղված լինելով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխավորմանը` այդուհանդերձ, օրենսդրի կողմից սահմանված են բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ, որոնցից են ժամկետային սահմանափակումները (տե՛ս «ՀՍՌ Ֆարինա» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյանն ընդդեմ Գագիկ Դավթյանի թիվ ԿԴ1/0764/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.12.2019 թվականի որոշումը):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան), անդրադառնալով բողոքարկման իրավունքի և դրա իրացման պայմաններին, արձանագրել է, որ (…) բողոք ներկայացնելու իրավունքը պետք է իրացվի այն պահից սկսած, երբ համապատասխան անձը ձեռք է բերել իրական հնարավորություն ծանոթանալու դատարանի որոշման հետ, որը շոշափում է նրա իրավունքները կամ օրինական շահերը, կամ նրա համար առաջացնում է որոշակի հետևանքներ: (…) Դատական ծանուցումները համարվում են միջոց դատարանի և դատավարության մասնակիցների միջև փոխազդեցություն ստեղծելու համար և ուղղված են դատավարության մասնակիցներին կայացված ակտերի մասին տեղեկացնելուն, ինչպես նաև նրանց՝ այդ ակտերը բողոքարկելու հնարավորություն տալուն: Կոնվենցիայի 6-րդ հոդվածը չի սահմանում դատական ակտերի հանձնման կոնկրետ եղանակ, ինչպես, օրինակ, պատվիրված նամակով ուղարկելն է: Սակայն միաժամանակ դատարանի որոշումն անձին պետք է հանձնված լինի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա ստուգել ինչպես դատական ակտը փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը (տե՛ս Ivanova and Ivashova v. Russia գործով Եվրոպական դատարանի 26.04.2017 թվականի վճիռը, կետեր 41, 45-46):
Դատարանի մատչելիության իրավունքի դրսևորումներից է համարվում կայացված որոշումների մասին պատշաճ ծանուցում ստանալու իրավունքը, մասնավորապես այն դեպքերում, երբ բողոք բերելու իրավունքը սահմանափակված է որոշակի ժամկետներով (տե՛ս Zavodnik v. Slovénie գործով Եվրոպական դատարանի 21.08.2015 թվականի վճիռը, կետ 71):
Վերոշարադրյալ դիրքորոշումների լույսի ներքո ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ անձի բողոքարկման իրավունքը, հանդիսանալով դատարանի մատչելիության իրավունքի բաղկացուցիչ տարր, կարող է իրացվել այն դեպքում, երբ անձն իրական հնարավորություն է ձեռք բերել ծանոթանալու դատարանի որոշման հետ: Ներպետական օրենսդրությամբ դատական ակտը հրապարակելու, գործին մասնակցող անձանց հանձնելու և նրանց ուղարկելու ընթացակարգեր սահմանելով՝ օրենսդիրը նպատակ է հետապնդում այդ միջոցներով ստեղծել բավարար հիմքեր և երաշխիքներ, որպեսզի անձինք կարողանան անխաթար կերպով օգտվել իրենց դատական պաշտպանության իրավունքից: Ուստի ելնելով այդ նպատակներից՝ դատավարական նորմերով սահմանված՝ դատական ակտը հրապարակելու և գործին մասնակցող անձանց հանձնելու կամ նրանց ուղարկելու ընթացակարգերը պետք է ուղղված լինեն պաշտպանության միջոցներն ավելի հասանելի դարձնելուն, այլ ոչ դրանք ոչ իրավաչափորեն սահմանափակելուն (տե՛ս «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, նույն որոշմամբ ամփոփելով Եվրոպական դատարանի որոշումներում արտահայտված դիրքորոշումները, եզրահանգել է, որ թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածը հստակ չի սահմանում, թե դատարանի կայացրած ակտն ինչ կերպով պետք է հանձնվի անձին, սակայն միանշանակ է այն, որ դատական ակտը պետք է հանձնվի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա իրապես պարզելու ինչպես դատական ակտի՝ փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը: Դատական ակտի հանձնման կոնկրետ եղանակ չսահմանելով հանդերձ՝ Կոնվենցիան և դրա կիրառումը պահանջում են, որպեսզի անձի բողոքարկման իրավունքի իրացումը սերտորեն փոխկապակցված լինի դատարանի կայացրած ակտին ծանոթանալու իրական հնարավորության հետ: Այսինքն՝ դատավարական նորմերը պետք է սահմանվեն այնպես, որպեսզի գործին մասնակցող անձանց համար իրական հնարավորություն ապահովեն տիրապետելու դատական ակտի բովանդակությանը, և չարդարացված կերպով չսահմանափակվի նրանց բողոք բերելու իրավունքը: Դրա հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ հանդիսանալով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների բաղադրատարրերից մեկը՝ բողոքարկման իրավունքը կարող է սահմանափակվել պետության կողմից, սակայն այդ սահմանափակումները՝ ներառյալ ժամկետայինները, չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը։
Եվրոպական դատարանը բազմիցս ընդգծել է, որ իր առջև դրված չէ ազգային դատարանների փոխարեն գործելու խնդիր: Ներպետական օրենսդրության մեկնաբանության խնդիրների լուծումը նախ և առաջ ազգային դատարանների գործառույթն է, իսկ Եվրոպական դատարանի դերակատարումը պարզելն է, թե արդյոք ազգային դատարանների կողմից տրված մեկնաբանությունները համատեղելի են Կոնվենցիայի հետ: Վերոշարադրյալը հատկապես վերաբերում է դատարանների կողմից դատավարական այնպիսի նորմերի մեկնաբանությանը, ինչպիսիք են, օրինակ, դատավարական փաստաթղթեր կամ բողոք ներկայացնելու ժամկետների սահմանափակումները (տե՛ս Pérez de Rada Cavanilles v. Spain գործով Եվրոպական դատարանի 28.10.1998 թվականի վճիռը, կետ 43):
ՀՀ սահմանադրական դատարանը մի շարք որոշումներում արձանագրել է, որ՝
- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,
- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես Սահմանադրությամբ երաշխավորված՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,
- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,
- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,
- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով՝ դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման (տե՛ս թիվ ՍԴՈ-652, թիվ ՍԴՈ-690, թիվ ՍԴՈ-719, թիվ ՍԴՈ-765, թիվ ՍԴՈ-844, թիվ ՍԴՈ-873, թիվ ՍԴՈ-890, թիվ ՍԴՈ-932, թիվ ՍԴՈ-942, թիվ ՍԴՈ-1037, թիվ ՍԴՈ-1052, թիվ ՍԴՈ-1115, թիվ ՍԴՈ-1127, թիվ ՍԴՈ-1190, թիվ ՍԴՈ-1192, թիվ ՍԴՈ-1196, թիվ ՍԴՈ-1197, թիվ ՍԴՈ-1220, թիվ ՍԴՈ-1222, թիվ ՍԴՈ-1257, թիվ ՍԴՈ-1289 որոշումները):
ՀՀ սահմանադրական դատարանը 22.12.2015 թվականի թիվ ՍԴՈ-1249 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ երբ վճռաբեկ բողոքը վճռաբեկ դատարան բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառ է հանդիսանում համապատասխան բողոքարկվող դատական ակտը բողոքաբերից անկախ պատճառներով վերջինիս ուշ հասու լինելու հանգամանքը, ապա բողոքաբերը պետք է ներկայացնի բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն` կցելով համապատասխան հանգամանքը հավաստող, վկայող ապացույցները, իսկ Վճռաբեկ դատարանը` տվյալ հանգամանքի հաշվառմամբ բավարարի ներկայացված միջնորդությունը: Այդ դեպքում բաց թողնված ժամկետը Վճռաբեկ դատարանի կողմից վերականգնվում է իրավունքի ուժով (ex jure)՝ համապատասխան դատական ակտում այդ մասին փաստելով:
Իր հերթին ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ըստ ՀՀ սահմանադրական դատարանի դիրքորոշման՝ բողոքարկման ժամկետը բաց թողնելու դեպքում բողոքաբերի կողմից ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն և համապատասխան ապացույցներ ներկայացնելը, իսկ վերադաս դատարանի կողմից նշված միջնորդության քննարկումը և ապացույցները գնահատելը, պարտադիր է (տե՛ս «ՍԵՖ Ինտերնեյշնլ ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՍՊԸ-ն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Մարինե Ասրյանի, Ասատուր Գրիգորյանի, անհատ ձեռնարկատեր Սալվինա Հայրապետյանի, Նարինե Բաբայանի, Հովհաննես Խաչիկյանի թիվ ԵԴ/14539/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.01.2022 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են (…) սնանկության գործի վարման և դրա շրջանակում առանձին քաղաքացիական գործերի քննության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե նույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է նույն օրենքով սահմանված կանոններով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանն առանձին ակտի ձևով կայացնում է այն որոշումները, որոնք ենթակա են բողոքարկման:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, եթե նույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի առանձին ակտի ձևով կայացված որոշումը գործին մասնակցող անձանց հանձնվում է առձեռն, իսկ դրա անհնարինության դեպքում նրանց է ուղարկվում կայացման պահից եռօրյա ժամկետում, եթե նույն օրենսգրքով այլ ժամկետ սահմանված չէ:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` սնանկության գործի քննության ընթացքում կայացվող որոշումները կարող են բողոքարկվել վերաքննության կարգով` դրանք կայացվելուց հետո` 15-օրյա ժամկետում, բացառությամբ այն դեպքերի, երբ վերաքննիչ դատարանը ժամկետի բացթողումը համարում է հարգելի: (…):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ դատարաններում սնանկության գործերի վարումն իրականացվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով և «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Ընդ որում, սնանկության վարույթի նկատմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը կիրառվում են այնքանով, որքանով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի նորմերով այլ կանոններ նախատեսված չեն: Այսինքն՝ այն պարագայում, երբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերով նախատեսված է այլ կանոն, սակայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի նորմերը նշված հանգամանքի նկատմամբ սահմանել են այլ մոտեցումներ, ապա պետք է կիրառվեն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի դրույթները (տե՛ս ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի դիմումի թիվ ՍնԴ/0104/04/19 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.05.2020 թվականի որոշումը):
Նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սնանկության գործի քննության ընթացքում կայացվող որոշումները ենթակա են բողոքարկման վերաքննության կարգով դրանք կայացվելու օրվանից՝ 15-օրյա ժամկետում։ Բացառություն է այն դեպքը, երբ դատարանը հարգելի է համարում նշված ժամկետի բաց թողումը: Ընդ որում օրենսդիրը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանելով, որ առանձին ակտի տեսքով կայացվող որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում կայացման պահից, եթե այլ բան սահմանված չէ օրենքով, միաժամանակ դատարանի համար սահմանել է պարտականություն` այդ որոշումները կայացման պահից եռօրյա ժամկետում ուղարկելու գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել: Այսինքն՝ օրենսդիրը կարևորել է դատական ակտի օրինակը գործին մասնակցող անձանց կողմից ստանալու հանգամանքը, ինչն ուղղված է վերջիններիս բողոքարկման իրավունքի իրացման իրական հնարավորության երաշխավորմանը:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր հետևությունը պայմանավորվել է նաև այն հանգամանքով, որ անձի բողոքարկման իրավունքը պետք է ուղեկցվի բավարար երաշխիքներով, որոնք հնարավորություն կտան դատական ակտը բողոքարկող անձանց արդյունավետ օգտվելու վերադաս ատյանի մատչելիությունից, ներառյալ նրանց կողմից հիմնավոր բողոքներ ներկայացնելու հնարավորության տրամադրումը (տե՛ս ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի դիմումի թիվ ԿԴ1/0159/04/16 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.01.2022 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական ժամկետների ավարտից հետո գործին մասնակցող անձինք զրկվում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, որոշում է կայացնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ օրենքով նախատեսված դեպքերում բաց թողնված ժամկետը ենթակա չէ վերականգնման:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ժամկետը բաց թողնելու պատճառի հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` օբյեկտիվ և սուբյեկտիվ: Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը` տարերային աղետները, ինչպես նաև արտակարգ իրավիճակը և նմանատիպ այլ` անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները: Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված և գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը: Օրինակ` երբ ֆիզիկական անձը զրկված է դատական պրոցեսին մասնակցելու կամ ներկայացուցչի միջոցով մասնակցությունն ապահովելու հնարավորությունից երկարատև հիվանդության կամ գործուղման մեջ գտնվելու պատճառով (տե՛ս «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «ՄԻԼԼԱՐ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/2628/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.12.2014 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանվել է դատավարական ժամկետների բաց թողնման և դրանք վերականգնելու կարգը: Մասնավորապես բոլոր այն դեպքերում, երբ դատավարական ժամկետները գործին մասնակցող անձանց կողմից բաց են թողնվել հարգելի պատճառներով, ապա դատարանն իրավասու է բավարարել այդ ժամկետը վերականգնելու վերաբերյալ գործին մասնակցող անձի միջնորդությունը: Հարկ է նկատել նաև, որ օրենսդրի կողմից դատավարական ժամկետի բաց թողնման պատճառի հարգելի լինելու հիմքերն արդարացիորեն չեն նշվել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքի գնահատողական ֆունկցիան թողնելով դատարանների հայեցողությանը: Դա պայմանավորված է նրանով, որ յուրաքանչյուր դեպքում դատավարական ժամկետի բաց թողնման պատճառը կարող է լինել տարբեր, ինչն էլ ենթակա է գնահատման ելնելով յուրաքանչյուր գործի հանգամանքներից (տե՛ս ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի դիմումի, թիվ ԱՐԴ/0070/04/15 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.07.2021 թվականի որոշումը):
Վերոգրյալ իրավակարգավորումների լույսի ներքո վերահաստատելով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախկինում կայացված որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ բողոք ներկայացրած անձը բաց է թողել բողոքարկման համար օրենքով նախատեսված դատավարական ժամկետը, ապա պարտավոր է ներկայացնել ոչ միայն բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն, այլ նաև՝ իր կողմից ներկայացված միջնորդությամբ վկայակոչված հանգամանքները հավաստող համապատասխան ապացույցներ, որոնք հնարավորություն կընձեռեն դատարաններին գնահատելու ներկայացված միջնորդության հիմնավորվածությունը:
Վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրում է, որ չնայած այն հանգամանքին, որ օրենսդիրը չի հստակեցրել և չի սահմանել դատավարական ժամկետի բաց թողնման պատճառների հարգելի լինելու հիմքերը, այնուամենայնիվ, դրանք պետք է հանդիսանան ժամկետը բաց թողնելու օբյեկտիվ և (կամ) սուբյեկտիվ այնպիսի պատճառներ, որոնց առկայությունը պայմանավորել է անձի՝ դատավարական ժամկետների ավարտից հետո բողոքարկման իրավունքի իրացման իրավաչափությունը:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ դատավարական ժամկետի բաց թողնման պատճառները գնահատելիս դատարանները պետք է քննարկման առարկա դարձնեն այն հարցը, թե անձի կողմից վկայակոչված պատճառները որքանով են իրական խոչընդոտ հանդիսացել դատական ակտը բողոքարկելու իրավունքի իրացման համար:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանը 02.08.2021 թվականին որոշում է կայացրել անհատ ձեռնարկատեր Նորայր Սոլոյանի ձեռնարկատիրական գործունեությունը, գույքը պարտապանի կողմից անձամբ կառավարելու և տնօրինելու բոլոր իրավունքները կասեցնելու մասին (հավելված, գ.թ. 22, 23)։
Դատարանը 03.08.2021 թվականին գրություն է կազմել վերը նշված որոշումը Կոմիտեին ուղարկելու մասին, որից հետո այն ուղարկել է Կոմիտեին, որը վերջինս ստացել է 06.08.2021 թվականին (հավելված, գ.թ. 28, 29):
Դատարանի 02.08.2021 թվականի «Անհատ ձեռնարկատեր Նորայր Գագիկի Սոլոյանի ձեռնարկատիրական գործունեությունը կասեցնելու մասին» որոշման դեմ Կոմիտեն փոստային առաքման եղանակով վերաքննիչ բողոք է ներկայացրել 18.07.2022 թվականին՝ միաժամանակ միջնորդելով վերաքննիչ բողոք բերելու դատավարական ժամկետի բացթողումը հարգելի համարել այն պատճառաբանությամբ, որ «ՀՀ սնանկության դատարանի 02.08.2021 թվականի թիվ ՍնԴ/0434/04/21 սնանկության գործով կայացված Ա/Ձ Նորայր Սոլոյանի գործունեության դադարեցման վարույթ սկսելու որոշումը բողոքարկելու հիմք է ծառայում ՀՀ վճռաբեկ դատարանի 24.06.2022 թվականին կայացված որոշումը, որով բավարարվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Ա/Ձ Նորայր Սոլոյանի մոտ թեմատիկ հարկային ստուգում իրականացնելու թույլտվություն տալու մասին միջնորդությունը, իսկ մինչև ՀՀ վճռաբեկ դատարանի 24.06.2022 թվականի որոշումը ՀՀ ՊԵԿ-ը իրավական հիմքեր չուներ բողոքարկելու դատարանի 02.08.2021 թվականի պարտապանի գործունեության դադարեցման վարույթ սկսելու որոշումը» (հավելված, գ.թ. 51-57):
Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ՝
1) «Տվյալ դեպքում բողոքարկված որոշումը կայացվել է 02.08.2021 թվականին և փոստային ծառայության միջոցով ուղարկվել է Կոմիտեին և ստացվել վերջինիս կողմից 06.08.2021 թվականին (գ.թ. 29)։ Վերաքննիչ բողոքը պարունակում է այն ներկայացնելու ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և այդ ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն այն հիմնավորմամբ, որ որոշման բողոքարկման համար իրավական հիմք է հանդիսանում սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.06.2022 թվականին կայացրած որոշումը, որը Կոմիտեն ստացել է 06.07.2022 թվականին, և բողոքը բերել է այդ օրվանից սկսած 15 օրյա ժամկետում»,
2) «վերաքննիչ բողոքին կցված ապացույցներով հաստատվում է, որ Կոմիտեի վկայակոչած` ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը կայացվել է 24.06.2022 թվականին, ուստի այս պարագայում Դատարանի 02.08.2021 թվականի որոշումը կարող էր բողոքարկվել այդ որոշման կայացման պահից սկսած 15-օրյա ժամկետում՝ մինչև 11.07.2022 թվականը ներառյալ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ վճռաբեկ դատարանի դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում կայացման պահից, մինչդեռ վերաքննիչ բողոքը ներկայացվել է այդ ժամկետն ավարտվելուց հետո՝ 18.07.2022 թվականին»,
3) «ՀՀ վճռաբեկ դատարանի դատական ակտի կայացման փաստը բավարար է եղել բողոքը բերելու համար, իսկ դրա հիմնավորումները որևէ ազդեցություն չէին կարող ունենալ վերաքննիչ բողոքը շարադրելու համար»,
գտել է, որ «քննարկվող միջնորդությունը ենթակա է մերժման՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ, իսկ վերաքննիչ բողոքը բերվել է դրա համար օրենքով սահմանված ժամկետն ավարտվելուց հետո, ուստի բողոքի ընդունումը ենթակա է մերժման»:
Հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական վերլուծությունները և ելնելով սույն գործի փաստական հանգամանքներից՝ Վճռաբեկ դատարանը, չհամաձայնվելով Վերաքննիչ դատարանի որոշման հիմքում դրված վերը նշված թիվ 1 և թիվ 2 պատճառաբանություններին, գտնում է, որ այնուամենայնիվ դրանք չեն հանգեցրել գործի սխալ լուծմանը, քանի որ Կոմիտեի կողմից վերաքննիչ բողոք բերելու համար բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությամբ որպես դատավարական ժամկետը բաց թողնելու հարգելի պատճառ վկայակոչված հանգամանքները վերը նշված դիրքորոշումների համատեքստում չեն հանդիսանում հարգելի օբյեկտիվ և (կամ) սուբյեկտիվ պատճառներ։ Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը պայմանավորված է նրանով, որ տվյալ դեպքում Կոմիտեի կողմից չեն վկայակոչվել այնպիսի հանգամանքներ, որոնք առաջացել են վերջինիս կամքից անկախ հիմքերով, կամ Կոմիտեն զրկված է եղել օրենքով սահմանված ժամկետում վերաքննիչ բողոք ներկայացնելու դատավարական գործողությունը կատարելու հնարավորությունից՝ պայմանավորված սուբյեկտիվ գործոնով (Կոմիտեի կողմից վկայակոչված հանգամանքները բացառապես պայմանավորված են ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կայացված վերը նշված որոշումն ստանալու օրվա հետ)։ Այսինքն՝ դատավարական ժամկետը բաց է թողնվել ոչ ողջամիտ և բավարար պատճառաբանությամբ, որի պայմաններում միջնորդությունը տվյալ դեպքում ենթակա էր մերժման։
Ավելին՝ Կոմիտեի կողմից ներկայացված բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդության մեջ սխալ է նշվել այն դատական ակտի անվանումը, որի բողոքարկումն իբրև պայմանավորված է եղել ՀՀ վճռաբեկ դատարանի 24.06.2022 թվականի որոշմամբ՝ Դատարանի 02.08.2021 թվականի «Անհատ ձեռնարկատեր Նորայր Սոլոյանի ձեռնարկատիրական գործունեությունը կասեցնելու մասին» որոշման փոխարեն նշվել է նույն թվականին Դատարանի կողմից կայացված մեկ այլ՝ «Անհատ ձեռնարկատեր Նորայր Սոլոյանի գործունեության դադարեցման վարույթ սկսելու մասին» որոշումը։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի 19.08.2022 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար, ուստի այն պետք է թողնել օրինական ուժի մեջ՝ սույն որոշման պատճառաբանություններով։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.08.2022 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ սույն որոշման պատճառաբանություններով։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
նախագահող և զեկուցող Գ. Հակոբյան Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս․ ՄԵՂՐՅԱՆ Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Է. Սեդրակյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հունվարի 2024 թվական: