ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մայիսի 2023 թվականի |
թիվ 63 |
քաղ. Մոսկվա |
ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱԿԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ, ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ԵՎ ԶՈՈՆՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԱԽՏՈՐՈՇՄԱՆ, ՕՋԱԽՆԵՐԻ ՏԵՂԱՅՆԱՑՄԱՆ ՈՒ ՎԵՐԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԵԳԻՈՆԱԼԱՑՄԱՆ ՈՒ ԿՈՄՊԱՐՏՄԵՆՏԱԼԱՑՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 58-րդ հոդվածի 3-րդ կետի երկրորդ պարբերությանը և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 54-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի նոյեմբերի 10-ի թիվ 79 որոշմամբ հաստատված՝ Կենդանիների առանձնակի վտանգավոր, կարանտինային և զոոնոզ հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման, օջախների տեղայնացման ու վերացման ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխգործակցության և ռեգիոնալացման ու կոմպարտմենտալացման անցկացման կարգում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի մայիսի 22-ի թիվ 63 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Կենդանիների առանձնակի վտանգավոր, կարանտինային և զոոնոզ հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման, օջախների տեղայնացման ու վերացման ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխգործակցության և ռեգիոնալացման ու կոմպարտմենտալացման անցկացման կարգում
1. Տեքստում «Միջազգային էպիզոոտիկ բյուրոյի» բառերը փոխարինել «Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության» բառերով, «ՄԷԲ» բառը փոխարինել «ԿԱՀԿ» բառով:
2. 6-րդ կետում «այսուհետ՝ ՄԷԲ օրենսգրքեր» բառերը փոխարինել «այսուհետ համապատասխանաբար՝ ԿԱՀԿ, ԿԱՀԿ օրենսգրքեր» բառերով:
3. Լրացնել հետևյալ բովանդակությամբ VI1 բաժին.
«VI1. Երրորդ երկրի իրավասու մարմնի իրականացրած՝
երրորդ երկրի ռեգիոնալացման արդյունքները լիազորված մարմինների կողմից ճանաչման կարգը
391. Երրորդ երկրի տարածքում կենդանիների հիվանդության հայտնաբերման մասին տեղեկատվություն ստանալիս լիազորված մարմիններն ինքնուրույն որոշում են կայացնում այդ երկրի (դրա առանձին վարչատարածքային միավորների) նկատմամբ կիրառվող անասնաբուժասանիտարական միջոցառումների ծավալի և իր պետության օրենսդրությանը համապատասխան իր պետության տարածք կենդանիներ, կենդանական ծագման արտադրանք և (կամ) անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա այլ ապրանքներ (այսուհետ՝ հսկողության ենթակա ապրանքներ) ներմուծելու հնարավորության մասին։
Հսկողության ենթակա ապրանքներն իր պետության տարածք ներմուծելու հնարավորության մասին որոշում կայացրած լիազորված մարմինն այդ մասին տեղեկացնում է մյուս անդամ պետությունների լիազորված մարմիններին և Հանձնաժողովին այդ որոշումն ընդունելու օրվանից ոչ ուշ, քան 1 աշխատանքային օրվա ընթացքում։ Ընդունված որոշման մասին տեղեկատվությունը ներառում է նաև այդ լիազորված մարմնի կողմից սահմանված՝ ներմուծման համար արգելված հսկողության ենթակա ապրանքների ցանկը և այն գոտիների ցանկը, որտեղից ներմուծումն արգելվում է:
Նշված որոշումը գործում է մինչև երրորդ երկրի իրավասու մարմնի իրականացրած ռեգիոնալացման (այսուհետ՝ երրորդ երկրի ռեգիոնալացում) արդյունքների ճանաչման հարցով լիազորված մարմինների համաձայնեցված դիրքորոշման մշակումը։
392. Լիազորված մարմինների կողմից երրորդ երկրի նկատմամբ նույն անասնաբուժասանիտարական միջոցների կիրառման դեպքում Միության մաքսային տարածք ներմուծված հսկողության ենթակա ապրանքը կամ երրորդ երկրի հումքից մշակված հսկողության ենթակա ապրանքը ենթակա է համապատասխան անդամ պետությունների միջև ազատ տեղաշարժման։ Նման տեղաշարժի հնարավորությունն ու պայմանները պետք է համաձայնեցվեն այն անդամ պետության լիազորված մարմնի հետ, որի տարածքով իրականացվելու է հսկողության ենթակա ապրանքի տեղաշարժը, եթե այդ լիազորված մարմինը երրորդ երկրի նկատմամբ ձեռնարկել է անասնաբուժասանիտարական այլ միջոցներ.
լիազորված մարմինների կողմից երրորդ երկրի նկատմամբ տարբեր անասնաբուժասանիտարական միջոցներ կիրառվելու դեպքում երրորդ երկրից ներմուծված հսկողության ենթակա ապրանքի կամ երրորդ երկրի հումքից մշակված հսկողության ենթակա ապրանքի՝ անդամ պետությունների միջև տեղաշարժի հնարավորությունն ու պայմանները սահմանվում են ուղարկող պետության լիազորված մարմնի հետ համաձայնեցմամբ ստացող պետության լիազորված մարմնի և այն անդամ պետության լիազորված մարմնի կողմից, որի տարածքով իրականացվելու է հսկողության ենթակա ապրանքի տեղաշարժը։
Անդամ պետությունների միջև հսկողության ենթակա ապրանքի տեղաշարժի հնարավորությունն ու պայմանները պետք է քննարկվեն լիազորված մարմինների միջև՝ հսկողության ենթակա ապրանքի տեղաշարժով շահագրգռված անդամ պետության լիազորված մարմնից տեղեկատվություն ստանալու օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում։
393. Երրորդ երկրի ռեգիոնալացումը՝ այդ երկրի իրավասու մարմնի կողմից դրա տարածքի (վարչատարածքային միավորների) կենդանիների հիվանդության կարգավիճակի հայտարարագրումն է:
Երրորդ երկրի ռեգիոնալացման ճանաչումն անցկացնում են լիազորված մարմինները։
394. Երրորդ երկրի իրավասու մարմինը դիմում է անդամ պետություններից մեկի լիազորված մարմին՝ այդ երկրի ռեգիոնալացման արդյունքները ճանաչելու առաջարկով՝ տրամադրելով համապատասխան նյութեր, որոնք պետք է ձևակերպվեն ռուսերենով, արտահանող երկրի լեզվով և (կամ) անգլերենով՝ կցելով այն անդամ պետության պետական լեզվով թարգմանությունը, որին դիմում է երրորդ երկրի իրավասու մարմինը (եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ) և պարունակեն հետևյալ տեղեկությունները.
ա) տեղեկատվություն երրորդ երկրի տարածքի (դրա վարչատարածքային միավորների) մասին, որտեղ կենդանիների ենթապոպուլյացիան ունի ԿԱՀԿ օրենսգրքերին համապատասխան իրականացված հատուկ հսկողության (վերահսկողության) արդյունքների հիման վրա որոշված համապատասխան զոոսանիտարական կարգավիճակ.
բ) միջոցառումների պլանը, որը մշակվել է ԿԱՀԿ օրենսգրքերին համապատասխան (ԿԱՀԿ համապատասխան հանձնարարականների առկայության դեպքում), որոնք կիրառվում կամ նախատեսվում են կիրառվել երրորդ երկրում իրականացված ռեգիոնալացմանը համապատասխան՝ կենդանիների ենթապոպուլյացիայի զոոսանիտարական կարգավիճակը հաստատելու համար.
գ) սույն կետի «բ» ենթակետով նախատեսված պլանն իրագործելու մասին տեղեկությունները՝ նշելով միջոցառումները, որոնք իրականացվել կամ գտնվում են իրականացման փուլում (առկայության դեպքում).
դ) երրորդ երկրի անասնաբուժական ծառայության կառուցվածքը և անասնաբուժության բնագավառում երրորդ երկրի օրենսդրությունը.
ե) այն հիմքերը, որոնցով երրորդ երկրի (դրա վարչատարածքային միավորների) տարածքն առաջարկվում է ճանաչել որպես հսկողության ենթակա ապրանքները Միության մաքսային տարածք ներմուծելու համար էպիզոոտիկ առումով մեկուսացված երկիր (կամ տարածաշրջան)։
395. Երրորդ երկրի իրավասու մարմնի առաջարկությունն ստացած լիազորված մարմինը (այսուհետ՝ նախաձեռնող լիազորված մարմին) այդ առաջարկությունն ստանալու օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում գնահատում է երրորդ երկրի ռեգիոնալացման վերաբերյալ ներկայացրած նյութերի ամբողջականությունը:
396. Ներկայացված նյութերի անբավարարության դեպքում նախաձեռնող լիազորված մարմինը դրանց գնահատման ավարտից հետո ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում հարցում է ուղարկում երրորդ երկրի իրավասու մարմին բացակայող նյութերը տրամադրելու անհրաժեշտության մասին։
397. Եթե սույն կարգի 396-րդ կետում նշված հարցումն ստանալու հաստատման օրվանից 30 աշխատանքային օրվա ընթացքում երրորդ երկրի իրավասու մարմինը չի տրամադրում պակասող նյութերը, ապա նախաձեռնող լիազորված մարմինը երրորդ երկրի իրավասու մարմնին հայտնում է ռեգիոնալացման արդյունքները չճանաչելու մասին։
398. Նախաձեռնող լիազորված մարմինը 394- կետում նշված նյութերը կամ պակասող նյութերը, որոնց տրամադրման մասին հարցումն ուղարկվել է սույն կարգի 396 կետին համապատասխան, ստանալու օրվանից 30 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է դրանց վերլուծությունը, որի հիման վրա ձևավորում է իր դիրքորոշումը:
399. Երրորդ երկրի ռեգիոնալացման արդյունքների վերլուծությունը պետք է հիմնվի այդ երրորդ երկրի իրավասու մարմնի ներկայացրած նյութերի գնահատման վրա: Նախաձեռնող լիազորված մարմնի դիրքորոշումը ձևավորելիս պետք է հաշվի առնվեն՝
ա) երրորդ երկրի անասնաբուժական ծառայության կառուցվածքի և գործունեության առանձնահատկությունները, անասնաբուժության բնագավառում երրորդ երկրի օրենսդրությունը.
բ) երրորդ երկրում էպիզոոտիկ վիճակն այն հիվանդության մասով, որի նկատմամբ իրականացվել է ռեգիոնալացումը, ինչպես նաև անդամ պետություններում այդ հիվանդության էպիզոոտիկ վիճակը.
գ) սեփական տվյալներն այն հիվանդության մասին, որի նկատմամբ իրականացվել է երրորդ երկրի ռեգիոնալացումը.
դ) այդ երկրի (դրա վարչատարածքային միավորների) կենդանիների հիվանդությունների կարգավիճակի որոշման ժամանակ երրորդ երկրի իրավասու մարմնի կողմից կիրառվող մեթոդական մոտեցումների ԿԱՀԿ օրենսգրքերի հանձնարարականներին համապատասխանությունը, ինչպես նաև Միության մաքսային տարածք հսկողության ենթակա ապրանքների ներմուծման նպատակով հակաէպիզոոտիկ, մոնիթորինգային միջոցառումների և անասնաբուժական հսկողության (վերահսկողության) անցկացման ապահովումը։
3910. Սույն կարգի 398 կետում նշված ժամկետից ոչ ուշ նախաձեռնող լիազորված մարմինը երրորդ երկրի իրավասու մարմնի առաջարկության վերաբերյալ իր դիրքորոշումը (այդ մարմնի տրամադրած նյութերով) ուղարկում է լիազորված մարմիններին և Հանձնաժողովին: Նախաձեռնող լիազորված մարմնի դիրքորոշումը պետք է լինի ստորև նշվածներից մեկը՝
ա) երրորդ երկրի ռեգիոնալացման արդյունքները ճանաչելու մասին.
բ) երրորդ երկրի ռեգիոնալացման արդյունքները չճանաչելու մասին՝ չճանաչման պատճառի հիմնավորմամբ.
գ) լիազորված մարմինների և երրորդ երկրի իրավասու մարմնի հետ այդ երրորդ երկրի տարածքում երրորդ երկրի ռեգիոնալացման արդյունքների ստուգման համատեղ անցկացման մասին.
դ) երրորդ երկրի իրավասու մարմին ուղարկել այդ երրորդ երկրի ռեգիոնալացման վերաբերյալ նախաձեռնող լիազորված մարմնի առաջարկությունները՝ Միության մաքսային տարածք երրորդ երկրից հսկողության ենթակա ապրանքներ ներմուծելու նպատակով:
3911. Եթե նախաձեռնող լիազորված մարմինը համարում է, որ երրորդ երկրի ռեգիոնալացումը կարող է ճանաչվել, ապա իր դիրքորոշումը լիազորված մարմիններին ուղարկելու հետ մեկտեղ առաջարկություններ է ներկայացնում Միության մաքսային տարածք ապրանքներ ներմուծելու պայմանների վերաբերյալ՝ այդ երրորդ երկրի տարածքից և (կամ) այդ երկրի այն գոտիներից, որտեղից որ հսկողության ենթակա ապրանքների ներմուծումը թույլատրված է։ Ընդ որում՝ պետք է սահմանվեն երրորդ երկրում կանխարգելիչ, ախտորոշիչ և կարանտինային միջոցառումները՝ ինչպես հսկողության ենթակա ապրանքներն ուղարկելուց առաջ, այնպես էլ Միության մաքսային տարածք դրանք ներմուծելուց հետո, ինչպես նաև ներմուծման համար արգելված հսկողության ենթակա ապրանքների ցանկը, այն գոտիների ցանկը, որտեղից հսկողության ենթակա ապրանքների ներմուծումն արգելված է, և ըստ կենդանիների հիվանդության կարգավիճակի՝ անդամ պետությունների այն գոտիների ցանկը, ուր ներմուծումը թույլատրվում է։ Երրորդ երկրի ռեգիոնալացման ճանաչման մասին նախաձեռնող լիազորված մարմնի դիրքորոշման մեջ պարունակվող տեղեկատվությունը ներառում է հետևյալ տեղեկությունները.
ա) երրորդ երկրի ռեգիոնալացման ճանաչման հիմնավորումը.
բ) անասնաբուժասանիտարական միջոց սահմանելու ամսաթիվը.
գ) հսկողության ենթակա ապրանքների ներմուծման պայմանները.
դ) հսկողության ենթակա ապրանքների ցանկը.
ե) այն գոտիների ցանկը, որտեղից թույլատրվում է հսկողության ենթակա ապրանքների ներմուծումը.
զ) ըստ կենդանիների հիվանդության կարգավիճակի՝ անդամ պետությունների այն գոտիների ցանկը, ուր ներմուծումը թույլատրվում է։
3912. Նախաձեռնող լիազորված մարմնից վերջինիս դիրքորոշումը և սույն կարգի 394 կետում նշված՝ երրորդ երկրի իրավասու մարմնի տրամադրած նյութերն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 30 աշխատանքային օրվա ընթացքում լիազորված մարմիններն իրենց դիրքորոշումներն են հայտնում նախաձեռնող լիազորված մարմնին և Հանձնաժողովին երրորդ երկրի իրավասու մարմնի առաջարկության, նրա ներկայացրած նյութերի, նախաձեռնող լիազորված մարմնի դիրքորոշման և Միության մաքսային տարածք հսկողության ենթակա ապրանքների ներմուծման պայմանների վերաբերյալ:
Երրորդ երկրի ռեգիոնալացման արդյունքներ ներառող նյութերը դիտարկելիս նախաձեռնող լիազորված մարմնի և լիազորված մարմինների միջև փոխգործակցությունն իրականացվում է երկկողմ կարգով՝ «հարցում- պատասխան» սխեմայով:
Նախաձեռնող լիազորված մարմնի ուղարկած նյութերի գնահատման արդյունքներով լիազորված մարմինները սեփական դիրքորոշում են ձևավորում՝ սույն կարգի 3910 կետի «ա»-«գ» ենթակետերին համապատասխան:
Երրորդ երկրի ռեգիոնալացումը չճանաչված է համարվում հետևյալ դեպքերում.
երրորդ երկրի իրավասու մարմնի կողմից սույն կարգի 394 կետում նշված փաստաթղթերի ոչ ամբողջական փաթեթ տրամադրվելու դեպքում.
երրորդ երկրի իրավասու մարմնի տրամադրած նյութերում ոչ հավաստի տեղեկությունների և (կամ) տվյալների առկայության դեպքում.
երրորդ երկրի իրավասու մարմնի կողմից ռեգիոնալացման արդյունքները պարունակող նյութեր տրամադրվելիս, որի իրականացումը չի համապատասխանում ԿԱՀԿ օրենսգրքերի հանձնարարականներին.
եթե երրորդ երկրի իրավասու մարմնի տրամադրած՝ ռեգիոնալացման արդյունքներ պարունակող նյութերը և (կամ) լրացուցիչ, այդ թվում՝ համապատասխան միջազգային կազմակերպություններից և երրորդ երկրներից ստացված տեղեկատվությունը թույլ են տալիս եզրակացնել, որ իրականացված ռեգիոնալացումը չի ապահովում Միության մաքսային տարածքի պաշտպանության անհրաժեշտ մակարդակն այն վարակիչ հիվանդության հարուցչի ներմուծումից և տարածումից, որի նկատմամբ իրականացվել է ռեգիոնալացումը.
սույն կարգի 397 կետում շարադրված հիմնավորումը:
Եթե լիազորված մարմինը սույն կետի առաջին պարբերությամբ սահմանված ժամկետում իր դիրքորոշումը չի ուղարկել նախաձեռնող լիազորված մարմին և Հանձնաժողով, ապա համարվում է, որ այդ լիազորված մարմինը համամիտ է նախաձեռնող լիազորված մարմնի դիրքորոշման հետ:
3913. Լիազորված մարմինների դիրքորոշումներն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովն անցկացնում է լիազորված մարմինների ղեկավարների (ղեկավարների տեղակալների) խորհրդակցություն՝ երրորդ երկրի ռեգիոնալացման արդյունքների ճանաչման հարցի վերաբերյալ լիազորված մարմինների համաձայնեցված դիրքորոշում ձևավորելու համար։
Լիազորված մարմինների համաձայնեցված դիրքորոշումը ձևակերպվում է լիազորված մարմինների ղեկավարների (ղեկավարների տեղակալների) կողմից ստորագրվող խորհրդակցության արձանագրությամբ (այսուհետ՝ խորհրդակցության արձանագրություն)։ Հանձնաժողովն ապահովում է լիազորված մարմիններին ստորագրված արձանագրության պատճենի ուղարկումը խորհրդակցության անցկացման օրվանից 1 աշխատանքային օրվա ընթացքում:
3914. Երրորդ երկրի ռեգիոնալացումը ճանաչված է համարվում բոլոր լիազորված մարմինների համաձայնեցված դիրքորոշման առկայության դեպքում։ Երրորդ երկրի ռեգիոնալացումը ճանաչելու վերաբերյալ բոլոր լիազորված մարմինների համաձայնեցված դիրքորոշման բացակայության դեպքում Հանձնաժողովը խորհրդատվություններ է անցկացնում։
3915. Եթե ԿԱՀԿ-ն ճանաչել է երրորդ երկրի ռեգիոնալացումը, ապա դրա արդյունքները ճանաչվում են ավտոմատ կերպով և ձևակերպվում խորհրդակցության արձանագրությամբ՝ ցանկացած անդամ պետության լիազորված մարմնի կողմից երրորդ երկրի իրավասու մարմնի առաջարկությունն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 15 աշխատանքային օրվա ընթացքում։
3916. Երրորդ երկրի ռեգիոնալացումը ճանաչվելու դեպքում խորհրդակցության արձանագրության մեջ սահմանվում են Միության մաքսային տարածք (հաշվի առնելով ռեգիոնալացման շրջանակներում անդամ պետությունների (անդամ պետությունների գոտիների) կարգավիճակը) հսկողության ենթակա ապրանքների ներմուծման պայմանները այդ երկրի տարածքից և այդ երկրի այն գոտիներից, որտեղից թույլատրվում է հսկողության ենթակա ապրանքների ներմուծումը։ Ընդ որում՝ պետք է որոշվեն երրորդ երկրում կանխարգելիչ, ախտորոշիչ և կարանտինային միջոցառումները՝ ինչպես հսկողության ենթակա ապրանքներն ուղարկելուց առաջ, այնպես էլ Միության մաքսային տարածք դրանք ներմուծելուց հետո, ինչպես նաև ներմուծման համար արգելված հսկողության ենթակա ապրանքների ցանկը, այն գոտիների ցանկը, որտեղից հսկողության ենթակա ապրանքների ներմուծումն արգելված է, և անդամ պետությունների այն գոտիների ցանկը, ուր ներմուծումը թույլատրվում է։
3917. Լիազորված մարմինների համաձայնեցված դիրքորոշումը երրորդ երկրի ռեգիոնալացման արդյունքների վերաբերյալ ձևակերպվում է խորհրդակցության արձանագրությամբ: Լիազորված մարմիններն առաջնորդվում են այդ համաձայնեցված դիրքորոշմամբ:
3918. Նախաձեռնող լիազորված մարմինը խորհրդակցության արձանագրության ստորագրման օրվանից ոչ ուշ, քան 15 աշխատանքային օրվա ընթացքում երրորդ երկրի իրավասու մարմնին հայտնում է որոշումներից մեկը՝ սույն կարգի 3910 կետին համապատասխան:
3919. Երրորդ երկրի իրավասու մարմնի կողմից կարգի 3910 կետի «գ» և «դ» ենթակետերում նշված առաջարկություններից հրաժարվելու դեպքում նախաձեռնող լիազորված մարմինը երրորդ երկրի իրավասու մարմնին հայտնում է ռեգիոնալացման արդյունքները չճանաչելու մասին:
Լիազորված մարմինների կողմից երրորդ երկրի ռեգիոնալացման արդյունքները ճանաչվելու դեպքում նախաձեռնող լիազորված մարմինը համապատասխան որոշումն ուղարկում է երրորդ երկրի իրավասու մարմին և այդ մասին տեղեկացնում լիազորված մարմիններին՝ որոշումն ուղարկելու օրվանից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում։
Հսկողության ենթակա ապրանքների ներմուծումը Միության մաքսային տարածք իրականացվում է երրորդ երկրի ռեգիոնալացման արդյունքները ճանաչելու մասին լիազորված մարմինների համաձայնեցված դիրքորոշմանը համապատասխան:
3920. Երրորդ երկրի ռեգիոնալացումը լիազորված մարմինների կողմից ճանաչվելու մասին տեղեկատվությունը զետեղվում է «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ լիազորված մարմինների և Հանձնաժողովի պաշտոնական կայքերում՝ խորհրդակցության արձանագրության ստորագրման օրվանից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում։
3921. Հանձնաժողովի հարթակում բոլոր տարաձայնությունները, այդ թվում՝ երրորդ երկրի իրավասու մարմնի մասնակցությամբ, լուծելու անհրաժեշտության վերաբերյալ նախաձեռնող լիազորված մարմնի կողմից Հանձնաժողով դիմելու դեպքում Հանձնաժողովը նման դիմումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 15 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպում է լիազորված մարմինների ղեկավարների (ղեկավարների տեղակալների) խորհրդակցություն։
Այն դեպքում, երբ լիազորված մարմինների ղեկավարների (ղեկավարների տեղակալների) խորհրդակցության արդյունքներով երրորդ երկրի ռեգիոնալացման արդյունքների ճանաչման հարցի շուրջ տարաձայնությունները մնում են չկարգավորված, նախաձեռնող լիազորված մարմինը և (կամ) երրորդ երկրի իրավասու մարմինը կարող են խորհրդատվությունների համար դիմել ԿԱՀԿ՝ համաձայն ԿԱՀԿ օրենսգրքերով սահմանված՝ ԿԱՀԿ ներքին ընթացակարգերի։
3922. Երրորդ երկրի՝ նախկինում անցկացված և լիազորված մարմինների կողմից ճանաչված ռեգիոնալացման մեջ փոփոխությունների կատարումը կարող է իրականացվել հետևյալ դեպքերից որևէ մեկում.
ա) երրորդ երկրի տարածքում էպիզոոտիկ վիճակի բարելավում՝ այն հիվանդության մասով, որի նկատմամբ իրականացվել է ռեգիոնալացումը: Տվյալ դեպքում երրորդ երկրի իրավասու մարմինը կամ ցանկացած լիազորված մարմին նախաձեռնում է փոփոխությունների կատարումը։
Անդամ պետությունների կողմից նախկինում ճանաչված՝ երրորդ երկրի ռեգիոնալացման մեջ փոփոխություններ նախաձեռնելու համար հիմք է այդ երրորդ երկրի տարածքում էպիզոոտիկ վիճակի բարելավման մասին ԿԱՀԿ-ի և (կամ) երրորդ երկրի իրավասու մարմնի պաշտոնական տեղեկատվությունը։
Անդամ պետությունների կողմից նախկինում ճանաչված երրորդ երկրի ռեգիոնալացման մեջ փոփոխություններ կատարելու մասին երրորդ երկրի իրավասու մարմնի կամ լիազորված մարմինների նախաձեռնության քննարկումն իրականացվում է սույն կարգին համապատասխան, իսկ դրա արդյունքները ձևակերպվում են խորհրդակցության արձանագրությամբ՝ սույն կարգի 3913 կետի երրորդ պարբերությանը համապատասխան.
բ) երրորդ երկրի տարածքում էպիզոոտիկ վիճակի վատթարացում այն հիվանդության մասով, որի նկատմամբ իրականացվել է լիազորված մարմինների կողմից նախկինում ճանաչված ռեգիոնալացումը: Տվյալ դեպքում երրորդ երկրի ռեգիոնալացումը ենթակա է վերացման, և երրորդ երկրի ռեգիոնալացման ճանաչման ընթացակարգն իրականացվում է սույն կարգին համապատասխան:»:
4. Նշված կարգի թիվ 5 հավելվածի 8-րդ սյունակի անվանման մեջ «Միջազգային էպիզոոտիկ բյուրոյի» բառերը փոխարինել «Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության» բառերով:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական: