Գլխավոր տեղեկություն
Համար
N 23-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.12.25-2024.01.07 Պաշտոնական հրապարակման օրը 05.01.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.01.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.01.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հունվարի 2024 թվականի N 23-Ն

 

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴՆ ԱՂՏՈՏՈՂ (ՎՆԱՍԱԿԱՐ) ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՄՓՈՓՄԱՆ, ՎԵՐԼՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐԽԻՎԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մթնոլորտային օդի պահպանության մասին» 1994 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-121 օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը և 15-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների պետական հաշվառման և հաշվառման վերաբերյալ տեղեկատվության ամփոփման, վերլուծման և արխիվացման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

05.01.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

հունվարի 4-ի N 23-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴՆ ԱՂՏՈՏՈՂ (ՎՆԱՍԱԿԱՐ) ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՄՓՈՓՄԱՆ, ՎԵՐԼՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐԽԻՎԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների պետական հաշվառման և հաշվառման վերաբերյալ տեղեկատվության ամփոփման, վերլուծման և արխիվացման հետ կապված հարաբերությունները:

2. Մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների պետական հաշվառման հիմնական խնդիրը մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների աղբյուրներ ունեցող օբյեկտների, մթնոլորտ արտանետվող նյութերի բաղադրության և քանակների որոշումն է:

3. Մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների պետական հաշվառումը պետք է ապահովի մթնոլորտային օդի որակի կառավարման համար անհրաժեշտ տվյալների բազայի ստեղծում և վարում, ինչն անհրաժեշտ է`

1) մթնոլորտային օդի պահպանության նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնելու.

2) սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի շրջանակներում մթնոլորտային օդի պահպանության վերաբերյալ նախագծերի մշակման.

3) մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների (այսուհետ՝ ՍԹԱ) նորմատիվների մշակման.

4) մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների կարգավորման.

5) բնակավայրերի տեղաբաշխման և զարգացման համապատասխան նախագծային փաստաթղթերի մշակման.

6) մթնոլորտային օդի որակի վրա ազդող օբյեկտների նախագծման և տեղաբաշխման.

7) մթնոլորտային օդը (աղտոտող) վնասակար նյութերի արտանետումների համար բնապահպանական հարկի հաշվարկի.

8) միջազգային պարտավորությունների կատարման.

9) մթնոլորտային օդի որակի փոփոխությունների կանխատեսման.

10) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ այլ կարիքների համար:

4. Պետական հաշվառման ենթակա են այն իրավաբանական անձինք և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձինք, որոնց գործունեության հետևանքով առաջացող աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների առավելագույն նախագծային ցուցանիշների հիման վրա հաշվարկված օդի պահանջվող օգտագործումը (այսուհետ՝ ՕՊՕ) տարեկան կտրվածքով գերազանցում է երկու հարյուր միլիոն խորանարդ մետր չափանիշը, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝ իրավաբանական անձանց և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց կողմից.

 

Ներմուծեք նկարագրությունը_23202

,

 

 

 

որտեղ`

1) ՕՊՕտարեկան-ը օդի պահանջվող օգտագործումն է` տարեկան կտրվածքով.

2) Աi-ն i-րդ նյութի տարեկան առավելագույն արտանետումն է` ըստ շրջակա միջավայրի պահպանության ապահովման բնագավառում պետական կառավարման համակարգի մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) կողմից հաստատված ՍԹԱ-ների նորմատիվների նախագծի կամ տեխնոլոգիական ռեգլամենտի` մգ/տարի.

3) ՍԹԿi-ն i-րդ նյութի միջին օրական սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (այսուհետ՝ ՍԹԿ) է` մգ/խոր.մ:

5. Պետական հաշվառումն իրականացնում է լիազոր մարմինը՝ համապատասխան տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունների տվյալների հիման վրա:

6. Վարչական վիճակագրական հաշվետվությունը կարող է ներկայացվել թղթային առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստի միջոցով՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 25-ը: Էլեկտրոնային եղանակով հաշվետվությունն ուղարկվում է լիազոր մարմնի պաշտոնական էլեկտրոնային հասցեին։

7. Պետական հաշվառման ենթակա մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների աղբյուրներ ունեցող իրավաբանական անձանց և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց տվյալները, ինչպես նաև արտանետումների բաղադրությունը և քանակը հավաքագրվում են: Հավաքագրված տվյալները վերլուծվում են՝ ստուգվում է դրանց հավաստիությունը, համաձայն սույն կարգի 11-րդ կետում նշված հաշվարկային մեթոդների, և համադրելիությունը՝ համեմատելով արտանետումների տվյալներն ըստ հաշվետու տարիների: Վերլուծված տվյալներն ամփոփվում են և տարեկան վիճակագրական ծրագրով սահմանված ժամկետում ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե։ Ամփոփ տվյալներն արխիվացվում են (պահպանվում են) էլեկտրոնային տարբերակով, համապատասխան համակարգչային ծրագրի միջոցով՝ լիազոր մարմնի կազմում գործող մասնագիտացված կառույցի կողմից։

8. Տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունների տվյալների հիման վրա կազմվում է մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործություն ունեցող պետական հաշվառման ենթակա գործող կազմակերպությունների ցանկը, որը հաստատում է լիազոր մարմինը՝ համաձայնեցնելով մթնոլորտային օդի պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի հետ: Ցանկը վերանայվում է ամեն տարի և ներկայացվում հաստատման մինչև հուլիսի 1-ը:

9. Մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների աղբյուրներ ունեցող նոր, վերակառուցվող և ընդլայնվող իրավաբանական անձինք և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձինք մինչև գործարկումը լիազոր մարմնին ներկայացնում են աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների առավելագույն նախագծային ցուցանիշների հիման վրա հաշվարկված ՕՊՕ-ի մասին տեղեկանք՝ համաձայն N 1 ձևի։

10. Մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների աղբյուրներ ունեցող պետական հաշվառման ենթակա իրավաբանական անձի և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձի կողմից սույն կարգի 6-րդ կետով սահմանված կարգով և ժամկետներում վարչական վիճակագրական հաշվետվությունը չներկայացնելու դեպքում՝ լիազոր մարմինն այդ մասին ծանուցում է մթնոլորտային օդի պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին՝ օրենքով վերապահված իրավասությունների շրջանակներում անհրաժեշտ գործառույթներ իրականացնելու համար:

11. Պետական հաշվառման ենթակա մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների աղբյուրներ ունեցող իրավաբանական անձը և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձը տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունը լրացնելու ժամանակ վնասակար նյութերի քանակները և բաղադրությունը հաշվարկում են՝ ՍԹԱ-ների նախագծի առկայության դեպքում, համաձայն այն մեթոդաբանության, որն օգտագործվել է ՍԹԱ նախագծում արտանետումների հաշվարկման համար, իսկ հաշվառման ենթակա ՍԹԱ նախագիծ չունեցող իրավաբանական անձանց և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց համար՝ համաձայն Եվրոպայում մեծ հեռավորությունների վրա օդի աղտոտիչների տարածման դիտարկումների և գնահատման համատեղ ծրագրի և Եվրոպայի շրջակա միջավայրի գործակալության արտանետումների հաշվառման ձեռնարկի։

 

Ձև N 1

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴՆ ԱՂՏՈՏՈՂ (ՎՆԱՍԱԿԱՐ) ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՕԴԻ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ (ՕՊՕ) ՄԱՍԻՆ

 

_____________________________________________________________________________________________

(իրավաբանական անձի կամ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձի

անվանումը, իրավաբանական հասցե)

 

ՕՊՕ-ի հաշվարկ

 

Ներմուծեք նկարագրությունը_23203

,

 

 

որտեղ`

Աi-ն i-րդ նյութի տարեկան առավելագույն արտանետումն է` ըստ տեխնոլոգիական ռեգլամենտի` մգ/տարի,

ՍԹԿi-ն i-րդ նյութի միջին օրական սահմանային թույլատրելի կոնցենտրացիան է` մգ/խոր.մ:

 

ԱՂՏՈՏՈՂ (ՎՆԱՍԱԿԱՐ) ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐ

 

Աղտոտող (վնասակար)
նյութի անվանումը

Արտանետման
քանակը,մգ/տարի

ՕՊՕ
մլն խոր.մ/տարի

     
     
     
     

Ընդամենը

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

05.01.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հունվարի 2024 թվական: