Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 111-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
20.12.2023
Ստորագրող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.12.2023

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 դեկտեմբերի 2023 թվականի

ք. Երևան

թիվ 111-Ա

 

«ՏՈՍՊԱ» ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն (այսուհետ` Հանձնաժողով), ուսումնասիրելով 2023 թվականի նոյեմբերի 27-ին իր նախաձեռնությամբ հարուցված թիվ 45 վարչական վարույթի նյութերը, պարզեց.

Հանձնաժողովը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) վերապահված վերահսկողական գործառույթներ իրականացնելիս լսողական մեդիածառայություն մատուցող «ՏՈՍՊԱ» ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՓԲ ընկերության (այսուհետ` Լսողական ծրագրեր հեռարձակող կամ Ընկերություն) կողմից հեռարձակվող «ՍՊՈՒՏՆԻԿ ԱՐՄԵՆԻԱ» լսողական ծրագրի 2023 թվականի նոյեմբերի 17-ի ձայնագրության մշտադիտարկման արդյունքում արձանագրել է Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտման հատկանիշներ:

Հանձնաժողովը, ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետով, 2023 թվականի նոյեմբերի 27-ին Լսողական ծրագրեր հեռարձակողի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ՝ հիմք ընդունելով Հանձնաժողովի կողմից Հեռարձակողի գործունեության մշտադիտարկման արդյունքների հիման վրա 2023 թվականի նոյեմբերի 27-ին կազմված մշտադիտարկման իրականացման արձանագրությունը:

Հանձնաժողովի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության ծրագրերի մոնիտորինգի բաժնի կողմից Լսողական ծրագրեր հեռարձակողի՝ 2023 թվականի նոյեմբերի 17-ի եթերի ձայնագրության մշտադիտարկման արդյունքում 2023 թվականի նոյեմբերի 27-ին կազմվել է արձանագրություն (այսուհետ՝ Արձանագրություն)․ Ընկերության կողմից հեռարձակվող «Սպուտնիկ Արմենիա» լսողական ծրագրի «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդման 2023 թվականի նոյեմբերի 17-ի ժամը 11:04-ի եթերի ընթացքում հաղորդման հեղինակն ու վարողը չհիմնավորված արտահայտություններով թիրախավորել է Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետին և իր հնչեցրած «գնահատականներով» փորձել Հայաստանի Հանրապետությունում ստեղծել տագնապային մթնոլորտ, ինչպես նաև անվստահություն՝ վարչապետի անձի և պետական ինստիտուտների գործողությունների նկատմամբ: Արձանագրվել է նաև, որ հաղորդման ընթացքում հնչեցվել են ոչ հավաստի կամ հավաստիության բավարար հիմքեր չունեցող, չստուգված աղբյուրներից սնվող տեղեկություններ:

Արձանագրության համաձայն` նշված արարքները կարող են պարունակել Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի խախտումների հատկանիշներ: Այսինքն` հաղորդման ընթացքում հեղինակն ու վարողն արտահայտել է այնպիսի կարծիքներ և պնդումներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը, ինչպես նաև հաղորդման ընթացքում արձանագրվել է օրենսդրությամբ արգելված արարքների կոչերի տարածում:

Հարուցված վարչական վարույթի մասին Հանձնաժողովը 2023 թվականի նոյեմբերի 27-ին ծանուցել է Լսողական ծրագրեր հեռարձակողին և հայտնել, որ հարցի վերաբերյալ կարող են ներկայացվել պարզաբանումներ և բացատրություններ:

Հարուցված վարչական վարույթի ընթացքում Ընկերությունը 2023 թվականի դեկտեմբերի 19-ին քննարկվող հարցի վերաբերյալ Հանձնաժողով է ներկայացրել իր գրավոր բացատրությունները:

Ըստ ներկայացված պարզաբանման՝

«(...)արձանագրության մեջ նշված ողջ կոնտենտը չի պատկանում մեզ հեռարձակումն իրականացնում ենք վերջինիս թույլտվության հիման վրա այդ կապակցությամբ արդեն իսկ դիմել ենք (գրության պատճենը կցվել է) կոնտենտի սեփականատիրոջը հետայսու բացառել մեր ռադիոալիքի միջոցով սփռվող տեղեկատվության մեջ համանման դեպքերը: (…)

Միաժամանակ կարծում ենք, որ արձանագրության մեջ նշված արարքները չեն հանդիսանում հակաիրավական արարքներ տեսալսողական մեդիայի մասին ՀՀ օրենսդրության տեսանկյունից։ Այսպես, Արձանագրության մեջ վկայակոչվող «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի առաջին մասը սահմանում է, որ արգելվում է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ արգելված արարքների կոչեր տարածելը։ Տվյալ պարագայում, եթե վերը նշված հոդվածի խախտում է կատարել «ՏՈՍՊԱ» ռադիոընկերության խմբագրություն» ՓԲԸ-ն, ապա առնվազն պետք է նշվի ա/ ի՞նչ կոչ է կատարել, բ/ նմանատիպ կոչ անելը, որ օրենքով է արգելված։ Կարծում ենք, որ այս մասով Արձանագրության մեջ վկայակոչվող մտքերը չեն կարող հանդիսանալ օրենսդրությամբ արգելված արարքների կոչեր։

(…) Ինչ վերաբերվում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 7-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ և երրորդ ենթակետերի խախտումներին, ապա այս մասով ևս գտնում ենք, որ վկայակոչված արարքները քննարկվող իրավանորմի խախտում չեն հանդիսանում հետևյալ հիմնավորմամբ։ Այսպես, ըստ քննարկվող կարգավորման՝ հեռարձակողները պետք է ապահովեն՝

ա) ներկայացված տեղեկություններում սխալների առկայության դեպքում՝ սեղմ ժամկետում միևնույն հաղորդման, իսկ հնարավորության բացակայության դեպքում՝ այլ հաղորդման ժամանակ այդ մասին իրազեկումը.

բ) իրազեկումը՝ ներկայացված փաստերի անանուն կամ հավաստիությունը բավականաչափ չստուգված աղբյուրների վերաբերյալ։

Արձանագրության մեջ վկայակոչված հաղորդումների ընթացքում տեղեկատվությունը տարածողները անմիջականորեն հայտնի են, որ տարածվող տեղեկատվությունը հանդիսանում է իրենց սուբյեկտիվ կարծիքը որպիսի պայմաններում կարծում ենք անհնար է կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 7-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ և երրորդ ենթակետերը։ Քննարկվող իրավիճակում նախ պետք է տեղեկատվությունը չլինի հաղորդավարի սուբյեկտիվ կարծիքը և երկրորդ այն պետք է փաստական տվյալ լինի ու չհամապատասխանի օբյեկտիվ իրականությանը։ Տվյալ պարագայում մենք գործ ունենք վերլուծության, սեփական եզրահանգումները ներկայացնելու և ոչ սեփական հանգամանքների խեղաթյուրման հետ։ Ստեղծված իրավիճակում կարծում ենք ոչ թե «Տեսալսողական մեդիայի մասին օրենքի» համապատասխան հոդվածների խախտման մասին կարող է խոսք գնալ, այլ բավարար հիմնավորման պարագայում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10871 հոդվածով նախատեսված վնասի հատուցման, ինչը դուրս է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի վերահսկողության տիրույթից և հանդիսանում է մասնավոր իրավահարաբերություն։ Մյուս տեսանկյունից Հեռարձակողի անանուն կամ չստուգված աղբյուրների վերաբերյալ իրազեկման պարտավորությունը քննարկվող դեպքում ընդունելի չէ, քանի որ ինչպես արդեն նշեցինք երկու դեպքում էլ հաղորդման ընթացում հայտնվում է, որ ներկայացվող տեսակետը այն արտահայտողի սուբյեկտիվ կարծիքն է։»։»

 

Հանձնաժողովի հիմնավորումները (պատճառաբանությունը) և եզրահանգումը.

 

Վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովն ամրագրում է հետևյալը.

Հանձնաժողովը հարկ է համարում արձանագրել, որ քննարկվող հարցի շրջանակում արձանագրված իրավախախտումները համապատասխանում են Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներին, որոնք համապատասխանաբար ենթադրում են պատասխանատվության հետևյալ միջոցը՝ հեղինակազորման կամ լիցենզիայի գործողության կասեցում:

Ըստ Արձանագրության` քննարկվող հարցի ուսումնասիրության շրջանակներում մենք պետք է իրարից տարանջատենք «ներկայացված փաստերի վերաբերյալ իրազեկման» և «օրենսդրությամբ արգելված կոչեր տարածելու» արգելքի պահանջները:

Լսողական ծրագրեր հեռարձակողի կողմից 2023 թվականի նոյեմբերի 17-ին հեռարձակված «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդման վերաբերյալ, ի թիվս այլնի, կարելի է արձանագրել, որ այն այնքան էլ չի տարբերվում հաղորդաշարի մյուս թողարկումներից՝ հաղորդմանը բնորոշ հատուկ ոճով նյութերի և հարցադրումների ներկայացմամբ:

Մինչ հաղորդման հեղինակի և վարողի կողմից արտահայտած մտքերի վերլուծությունն ու գնահատական տալն անհրաժեշտ ենք համարում անդրադառնալու սահմանափակ ռեսուրս հանդիսացող հաճախականություններով հեռարձակվող «Սպուտնիկ Արմենիա» լսողական ծրագրին: Ի տարբերություն սահմանափակ ռեսուրս հանդիսացող հաճախականություններով հեռարձակվող մյուս լսողական ծրագրերի` Ընկերության կողմից վերահեռարձակվող «Սպուտնիկ Արմենիա» լսողական ծրագրի հիմնադիրը Ռուսաստանի Դաշնության Նախագահի 09 դեկտեմբերի 2013 թվականի N 894 հրամանագրի (այսուհետ՝ ՌԴ Նախագահի հրամանագիր) 3-րդ կետով ստեղծված «Ռոսիյա սեգոդնյան» է: Այսպես, ՌԴ Նախագահի հրամանագրի 3-րդ կետի համաձայն`

«Ստեղծել պետական դաշնային ունիտար ձեռնարկություն՝ ««Ռոսիյա սեգոդնյա («Россия сегодня»)» «միջազգային տեղեկատվական գործակալություն»»:

Ստացվում է, որ Լսողական ծրագրերի հեռարձակողն իրականացնում է ռուսական պետական տեղեկատվական գործակալության վերահաղորդումը։ Հաշվի առնելով այս կարևորագույն հանգամանքը՝ վստահաբար կարող ենք ասել, որ վերջինս` որպես այլ պետության կողմից հիմնադրված տեղեկատվական գործակալություն, պետք է դրսևորի առավելագույն կշռադատված խմբագրական քաղաքականություն՝ բացառելով այնպիսի հաղորդումների հեռարձակումը, որոնք կարող են ստվերել կամ խաթարել հայ-ռուսական փոխհարաբերությունները:

Հաղորդման ընթացքում, ի թիվս այլնի, հաղորդման հեղինակն ու վարողն անդրադառնում է Հայաստանի Հանրապետությանն ու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանին՝ ժողովրդին, տալով գնահատականներ, որի բարոյական իրավունքն օտարերկրյա քաղաքական մեկնաբանն ու հաղորդավարը չունի:

«Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդման ընթացքում հաղորդման հեղինակն ու վարողն ասել է․

«(…) Ես մտածում եմ, որ Փաշինյանը ևս ունի աչքեր, ունի ականջներ, բայց ինձ թվում է, որ այդ տականքը, այդ արարածը վարում է թիրախավորված քաղաքականություն, նա վարում է, այսպես ասած, նա կատարում է որոշակի առաջադրանք, որովհետև որևէ այլ կերպ ես չգիտեմ՝ ինչպես դա բացատրել, ո՛չ մարդկայնորեն, ո՛չ քաղաքականորեն, ո՛չ աշխարհագրորեն, բայց նույնիսկ հենց ուղղակի եսասիրության տեսանկյունից անգամ ես չեմ կարող դա հասկանալ։ (…):

(…) Նա լրջորեն մտածում է, որ կարող է փրկվե՞լ։ Նա կանի՞ ավելի լավ իր ժողովրդի համար։ Դուք իսկապե՞ս այդպես եք մտածում։ Ես վստահ եմ, որ՝ ոչ։ Դե կամ նա շիզոֆրենիկ է, որը նույնպես, իմիջիայլոց, հավանական է (…):

(…) Դա երևում էր, որ նա դավաճան է, սորոսական, ամեն տեսակ ոչ առևտրային կազմակերպություններին վաճառված, այսպես, եթե նույնիսկ նա փողեր է վերցրել՝ ավարտելով այն, ինչից սկսել էր, մի՞թե նա մտածում է, որ ողջ կմնա այդ ամենից հետո, ինչպես իրեն թվում է, ինչ-որ տեղ Կանադայում, խուլ անտառներում կամ ինչ-որ տեղ Ամազոնի անտառներում, նա կնոջ և երեխաների հետ կթաքնվի... ուստի, հնարավոր է՝ նա խելագար է, բայց դրանից հայ ժողովրդի համար միանշանակ ամեն բան ավելի հեշտ չի դառնում (…):»:

Այսպես, հաղորդման հեղինակն ու վարողը հաղորդման ընթացքում մի քանի անգամ վիրավորում է Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետին` անվանելով տականք, շիզոֆրենիկ, դավաճան, սորոսական, ինչ-որ կազմակերպություններին վաճառված:

Ավելին, անհրաժեշտ է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի նկատմամբ չկա օրինական ուժի մեջ մտած մի դատավճիռ, որը կարող է փաստել վերջինիս դավաճան լինելն, ինչն արձանագրում է հաղորդման հեղինակը և վարողը:

Երրորդ, հաղորդման ընթացքում հաղորդման հեղինակն ու վարողը Հայաստանի Հանրապետության վարչապետին հռչակում է ինչ-որ կազմակերպություններին վաճառված, սորոսական:

Այս ամենին զուգահեռ, սակայն, հաղորդման հեղինակն ու վարողը որևէ հիմնավորում, հղում, ապացույց չի ներկայացնում, թե ինչից է օգտվել նման պնդումներ անելու համար: Տեսալսողական մեդիայի բնագավառը կարգավորող օրենսդրության առանցքային նպատակներից մեկն այն է, որ տեսալսողական մեդիայի հասցեատերերին մատուցվի արժանահավատության բարձր կամ գոնե բավարար մակարդակ ունեցող տեսալսողական կամ լսողական մեդիա արտադրանք: Ավելին, եթե չի պահպանվում կարևորագույն այս պահանջն, ապա հաղորդավարն առնվազն պարտավոր է մատուցվող տեղեկությունից առաջ կամ հետո տեսալսողական կամ լսողական մեդիա արտադրանքի հասցեատերերին իրազեկել այդ մասին: Վերջիններս ո՛չ միայն պետք է, այլև պարտավոր են իրազեկված լինել այն մասին, որ մատուցվող արտադրանքը, ողջ ծավալով կամ որոշակի մասը, չունի հավաստիության բավարար աստիճան կամ տեղեկությունն անանուն աղբյուրից է: Հաղորդման մշտադիտարկումը ցույց է տալիս, որ հաղորդման հեղինակն ու վարողը ոչ միայն չի իրազեկել, ավելին, հաղորդման ընթացքում շարունակել է հաստատակամորեն պնդել այն և մատուցել որպես օբյեկտիվ իրականությունում գոյություն ունեցող բացարձակ ճշմարտություն:

Ավելին, հաղորդման հեղինակն ու վարողը ոչ միայն չի փորձել շտկել իր խոսույթը, այլև հաղորդման ողջ ընթացքում շարունակաբար գործածել է համանուն բառամթերք և ցուցադրել քննարկվող հաղորդմանը համարժեք գործելաոճ:

Հաջորդիվ, հանրային տիրույթում քրեական օրենսդրությամբ ամրագրված ծանր հանցանք մեղսագրելիս, իսկ քննարկվող պարագայում՝ սահմանափակ ռեսուրս հանդիսացող հաճախականություններով հեռարձակվող լսողական ծրագրի ընթացքում որևէ մեկին մեղադրելիս առնվազն պետք է ծանուցել, որ տվյալ անձի մեղքը դեռևս ապացուցված չէ: Չնայած մասնավոր սուբյեկտները Սահմանադրությամբ երաշխավորված անմեղության կանխավարկածի սուբյեկտ չեն դիտարկվում, սակայն սա չի նշանակում, որ քննարկվող իրավիճակում կարող է ամենաթողություն տիրել: Լրատվության միջոցներն ու տեսալսողական և լսողական մեդիա արտադրանք մատուցող ընկերությունները պետք է զերծ մնան հերյուրանքներ, բամբասանքներ, զրպարտություններ և, առհասարակ, կեղծ ու չճշտված տեղեկատվություն մատուցելուց:

Հաջորդիվ, հաղորդման հեղինակն ու վարողն արտահայտել է դիրքորոշում, որը ևս մատուցվում է որպես պնդում.

«(...) Դա երևում էր, որ նա դավաճան է, սորոսական, ամեն տեսակ ոչ առևտրային կազմակերպություններին վաճառված, այսպես, եթե նույնիսկ նա փողեր է վերցրել՝ ավարտելով այն, ինչից սկսել էր, մի՞թե նա մտածում է, որ ողջ կմնա այդ ամենից հետո, (...):»:

Ինչպես տեսնում ենք վկայակոչված հատվածից, հաղորդման հեղինակն ու վարողը մի քանի դրվագով վիրավորում, պիտակավորում, ինչպես նաև քրեորեն հետապնդելի արարքներում է մեղադրում Հայաստանի Հանրապետության ընտրված Վարչապետին: Վերջինիս հռչակում է ոչ միայն դավաճան, սորոսական, այլ նաև ոչ առևտրային կազմակերպություններին վաճառված, որպիսի պարագայում այն ենթադրում է ինչ-որ գործողություն կատարելու կամ գուցե նաև ձեռնպահ մնալու դիմաց փողեր վերցրած, որի պատճառով նա դժվար թե կարողանա ողջ մնալ: Փաստացի, հաղորդման հեղինակն ու վարողը ոչ միայն սպառնում է ենթադրյալ հաշվեհարդարով, որը պետք է իրականացվի հանդեպ Հանրապետության ընտրված Վարչապետի, այլև արդարացնում է վերջինիս նկատմամբ ենթադրյալ ցանկացած ինքնադատաստան։ Ինքնադատաստանը, ինչպես նաև մահապատիժը, Հայաստանի Հանրապետությունում արգելված են, որպիսի պարագային հաղորդման հեղինակի ու վարողի կողմից հնչեցված մտքերը հանդես են գալիս որպես բռնության կոչ և/կամ վերջինիս արդարացում՝ Հայաստանի Հանրապետության ընտրված Վարչապետի նկատմամբ:

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի» 330-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ «անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութ կամ առարկա տարածելը (…) պատժվում է (…):»:

Ի թիվս այլնի հատկանշական է նաև այն, որ խոսքը պետական բարձրագույն այն պաշտոնատար անձի մասին է, որն ընտրվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից: Որևէ մեկը չի կարող ոչ միայն կասկածի տակ դնել, այլև նսեմացուցիչ ձևակերպումներով հանդես գալ հայ ժողովրդի ընտրության վերաբերյալ: Փաստացի, հաղորդման հեղինակն ու վարողը Հայաստանի Հանրապետության վարչապետին նույնականացրել է Հայաստանի Հանրապետության հետ, և Հայաստանի Հանրապետության վարչապետի հանդեպ իր քննադատությունը համեմել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և ժողովրդին նսեմացնող, պիտակավորող և վիրավորող արտահայտություններով: Այդ անհիմն արտահայտությունները, որոնք առկա են Արձանագրությունում, հակասում են ինչպես տեսալսողական մեդիայի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջներին, այնպես էլ՝ Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթղթի՝ Անկախության հռչակագրի «Բ» կետին: Ավելին, Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետի նկատմամբ բռնության կիրառման արդարացումը ոչ միայն տեղ է գտել քրեական օրենսգրքում՝ որպես բռնության կոչ, այլ նաև իր մեջ պարունակում է ահաբեկչության արդարացման, տարածման և քարոզի տարրեր: Հիշատակման է արժանի նաև այն հանգամանքը, որ վերը նշված արարքի ծանրացնող հանգամանք է հանդիսանում դրա կատարումը զանգվածային լրատվության միջոցներով:

Վկայակոչված պնդումներից և քրեական օրենսգրքի դրույթներից պարզ է դառնում, որ քննարկվող իրավիճակում գործ ունենք տեսալսողական մեդիայի բնագավառը կարգավորող օրենսդրությամբ արգելված կոչեր տարածելու և/կամ արդարացնելու հանգամանքի հետ, որը սահմանված է Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով: Հանձնաժողովի օրենսդրական պարտականություններից է նաև օրենսդրությամբ արգելված կոչեր տարածելու վերահսկումն ու կարգավորումը: Համադրելով արտահայտված մտքերը, ինչպես նաև տեսալսողական մեդիայի, քրեաիրավական օրենսդրության բնագավառները կարգավորող դրույթները՝ հստակ կարող ենք պնդել, որ հաղորդման հեղինակի ու վարողի կողմից հնչեցված մտքերում առկա է արգելված կոչեր տարածելը:

Այսպես, քննարկվող հարցի վարչական լսման ընթացքում Հանձնաժողովի նախագահը պահանջեց ներկայացնել վերահեռարձակվող լսողական ծրագրի քննարկվող եթերի ձայնագրությունը՝ ողջ ծավալով: Ձայնագրությունից պարզ դարձավ, որ հաղորդման հեղինակն ու վարողն իր խոսքում գործածել է նաև «огрызок под названием Восточная Армения» արտահայտությունը՝ նկատի ունենալով Հայաստանի ինքնիշխան Հանրապետությունը: Թարգմանաբար այս արտահայտությունը նշանակում է՝ «Արևելյան Հայաստան անվամբ կռճոն»:

Հաղորդման հեղինակի ու վարողի այս պնդումն իր բնույթով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ, ինքնիշխանության նվաստացման, ինքնիշխանությունը կասկածի տակ դնող կոչ է:

Այսպես, Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի «Բ» կետի 1-ին նախադասությունը սահմանում է.

«Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան պետություն է` օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ»:

Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը պետականաստեղծ փաստաթուղթ է:

Որպեսզի ավելի հստակ լինի, թե որքան կարևոր իրավաքաղաքական փաստաթուղթ է Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը անհրաժեշտ ենք համարում արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն իր 850 որոշմամբ (այսուհետ՝ ՍԴՈ-850) անդրադարձ է կատարել Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրին: Ի թիվս այլնի, Սահմանադրական դատարանն արձանագրել էր, որ միջազգային պայմանագրի դրույթները Հայաստանի Հանրապետության օրինաստեղծ ու իրավակիրառական պրակտիկայում չեն կարող կիրառվել այնպես, որպիսի պարագայում վերջիններս կհակասեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանի դրույթներին և Հայաստանի անկախության մասին հռչակագրի 11-րդ կետի պահանջներին: Քննարկվող հարցի սահմանադրականության ստուգման ընթացքում, Սահմանադրական դատարանն, ի թիվս այլնի, հիմք է ընդունել Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի 11-րդ («ԺԱ») կետը: Եթե Սահմանադրական դատարանի որոշման հիմքում կարող էր դրվել Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի որևէ կետ այն հիմնավորմամբ, որ Հայ-թուրքական արձանագրություններով ստանձնելիք պարտականությունները, ի թիվս այլնի, չեն կարող մեկնաբանվել Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի կոնկրետ կետի պահանջների էությանն ու բովանդակությանը հակառակ, ապա Սահմանադրի կամքով հիմնադրված Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն էլ իրավունք ունի իր սահմանադրական լիազորություններն իրականացնելիս հիմք ընդունել Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի պահանջները:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն իր մեկ այլ՝ ՍԴՈ-1590 որոշման 5-րդ բաժնի («Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները») 2-րդ կետում կատարել է հետևյալ պնդումը.

«Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում Սահմանադրությամբ ամրագրված դրույթներն ըստ դրանց ընդունող սուբյեկտների իրավասության դասակարգել հետևյալ խմբերի.

ա) Սահմանադրության նախաբանը, 1-3-րդ և 203-րդ հոդվածները՝ որպես Սահմանադրության անփոփոխելի դրույթներ (…)»:

Սահմանադրական դատարանի կողմից նման արձանագրումը սույն պարագային խիստ կարևոր է այն պարզ պատճառով, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության Նախաբանում առկա է հետևյալ արձանագրումը․

«Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, (…) ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»:

Փաստորեն, Սահմանադրի կամքով ընդունված բարձրագույն իրավաքաղաքական փաստաթղթի հիմքում ընկած է Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը, որն էլ Սահմանադրական դատարանի կողմից անուղղակի ճանաչվել է անփոփոխելի դրույթ:

Հանձնաժողովը, զարգացնելով Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի, Սահմանադրության և Սահմանադրական դատարանի արտահայտած դիրքորոշումների ուսումնասիրությունը, ցանկանում է անդրադառնալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, որը, ի թիվս այլնի, հստակ ամրագրում է՝ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան պետություն է: Ավելին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Ամփոփելով հաղորդման հեղինակի և վարողի կողմից արտահայտած «Արևելյան Հայաստան անվամբ կռճոն» ձևակերպման համատեքստում Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և Սահմանադրական դատարանի որոշումների ուսումնասիրությունը՝ Հանձնաժողովը ցանկանում է արձանագրել, որ հաղորդման հեղինակի և վարողի հնչեցրած պնդումը ո՛չ միայն հակասում է, այլ նաև իր բնույթով ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանի՝ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության կողմից հռչակված սկզբունքների և նպատակների նկատմամբ: Հայաստանի ինքնիշխան Հանրապետությանն անվանելով «կռճոն»՝ հաղորդման հեղինակն ու վարողը պարզապես ոտնձգել է Անկախության հռչակագրով սահմանված դրույթների վրա, որոնք Հայաստանի Հանրապետության համար ոչ միայն ունեն պետականաստեղծ բնույթ, այլև հիմք են հանդիսացել Սահմանադրության ընդունման համար: Փաստացի, հաղորդման հեղինակն ու վարողն իր այդ արտահայտությամբ փորձել է նսեմացնել Հայաստանի Հանրապետությունն ու Հանրապետության ինքնիշխանին՝ ժողովրդին:

Վարչական լսումների ընթացքում Ընկերության ներկայացուցիչը ևս մեկ անգամ պնդեց իրենց կողմից ներկայացված դիրքորոշումը: Այսպես, Արձանագրությունում տեղ գտած արարքները Օրենքի տեսանկյունից հակաիրավական արարքներ չեն հանդիսանում: Ներկայացուցիչը ևս մեկ անգամ բարձրաձայնեց, որ Արձանագրությունում վկայակոչված մտքերը չեն կարող հանդիսանալ օրենսդրությամբ արգելված արարքների կոչեր: Վերջինիս պնդում էր, որ Արձանագրությունում նշված ողջ կոնտենտը Ընկերությանը չի պատկանում, ուստի չի կարող լինել պատասխանատվության միջոցի կիրառում: Ընկերության ներկայացուցչի հետևյալ պնդման վերաբերյալ Հանձնաժողովն արձանագրում է, որ այո՛, տվյալ դեպքում Ընկերությունը հանդիսանում է Հանձնաժողովի կողմից լիցենզավորված անձ, որը ենթադրում է, որ լսողական մեդիա ծառայություն մատուցող սուբյեկտը պատասխանատվություն է կրում իր կողմից հեռարձակվող մեդիա արտադրանքի բովանդակության համար: Ավելին, Օրենքը նախատեսել է խմբագրական պատասխանատվություն: Այսպես, Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն.

«Լսողական ծրագրեր հեռարձակող Հայաստանի Հանրապետության հիմնադրած կազմակերպություն կամ կարգավորող պետական մարմնի հեղինակազորած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը կազմում և սպառողին է ներկայացնում տեսալսողական տեղեկատվություն և խմբագրական պատասխանատվություն է կրում տեսալսողական արտադրանքի բովանդակության համար.»:

Ինչպես տեսնում ենք, Օրենսդիրը հստակ նախատեսել է խմբագրական պատասխանատվություն մատուցվող մեդիա արտադրանքի բովանդակության համար: Իսկ քննարկվող պարագային ակնհայտ է, որ մենք գործ ունենք տեսալսողական մեդիայի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման հետ:

Ամփոփելով վերոշարադրյալ մտքերը՝ Հանձնաժողովն արձանագրում է.

Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ «Արգելվում է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ արգելված արարքների կոչեր տարածելը: Ուղիղ եթերի ժամանակ նման կոչեր հնչելու դեպքում Հեռարձակողը պատասխանատվության չի ենթարկվում, եթե կոչի հեղինակն ուղիղ եթերում զգուշացվել է իրավախախտման մասին, իսկ կրկնակի կոչի դեպքում ուղիղ եթերը դադարեցվել է»:

Համաձայն Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի՝ կարգավորող պետական մարմինը` Օրենքի խախտման կամ իր որոշումները չկատարելու դեպքում կիրառում է պատասխանատվության միջոցներ։

Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հեռարձակողների գործունեության մշտադիտարկումն իրականացվում է ուղղակի դիտարկման, իսկ օպերատորի դեպքում` նաև տեղում դիտարկում իրականացնելու միջոցով, իսկ նույն հոդվածի 8-րդ և 9-րդ մասերը սահմանում են՝

«8.Մշտադիտարկման արդյունքներով կարգավորող պետական մարմնի ներկայացուցիչը մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ կազմում է արձանագրություն:

9.Մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրության մեջ նշվում են մշտադիտարկման արդյունքների համառոտ շարադրանքը, ինչպես նաև վարչական վարույթ հարուցելու կամ հարուցված վարչական վարույթի համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստական հանգամանքները, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները»։

 Օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Կարգավորող պետական մարմնի կողմից տեսալսողական մեդիայի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման դեպքեր հայտնաբերվելու, ինչպես նաև պետական այլ մարմինների կողմից իրենց իրավասությունների շրջանակում տեսալսողական մեդիայի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման դեպքեր հայտնաբերվելու և դրանց մասին կարգավորող պետական մարմնին գրավոր տեղեկացվելու դեպքում կարգավորող պետական մարմինը կիրառում է հետևյալ վարչական տույժերը.

1) գրավոր նախազգուշացում.

2) տուգանք.

3) հեղինակազորման կամ լիցենզիայի գործողության կասեցում.

4) հեղինակազորման կամ լիցենզիայի գործողության դադարեցում:

Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ Հեռարձակողի հեղինակազորման կամ լիցենզիայի գործողությունը կասեցվում է, եթե, խախտվել է Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը:

Օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հեռարձակողի հեղինակազորման կամ լիցենզիայի գործողության կասեցումը չի կարող գերազանցել 30 (երեսուն) օրը:

Վերը նշվածից ակնհայտ է, որ առկա են Լսողական ծրագրեր հեռարձակողի լիցենզիայի գործողության կասեցման հիմքերը:

 

Հանձնաժողովը քննարկեց և որոշեց՝ կասեցնել «Տոսպա» Ռադիոընկերության խմբագրություն ՓԲ Ընկերության լիցենզիայի գործողությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի «Բ» կետի 1-ին նախադասությամբ, «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով, 32-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, 42-րդ հոդվածով, 55-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 58-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց.

1. Կիրառել վարչական տույժ՝ կասեցնել «ՏՈՍՊԱ» ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՓԲ ընկերության լիցենզիայի գործողությունը՝ 30 օր ժամկետով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «ՏՈՍՊԱ» ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՓԲ ընկերությանը պատշաճ ձևով հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

3. Լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվում սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը ժամը 00։00-ից:

4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

 

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի նախագահ

Տ. ՀակոբՅԱՆ

 

20 դեկտեմբերի 2023 թ.

ք. Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան