Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-198-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.12.2008-06.05.2016)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.12.24/73(663) Հոդ.1319
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
27.11.2008
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.12.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2008 թվականի նոյեմբերի 27-ին

 

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության հիմքերը, կազմակերպումը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կառուցվածքը, կազմակերպման ու գործունեության սկզբունքները, գործառույթները, դրանց ղեկավարման, կառավարման, տեղակայման և օգտագործման հետ կապված հարաբերությունները, այլ զորքերի խնդիրները, ինչպես նաև պաշտպանության բնագավառում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, կազմակերպությունների գործառույթները, պաշտոնատար անձանց ու քաղաքացիների իրավունքները և պարտականությունները:

 

Հոդված 2. Պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

 

1. Պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից, սույն օրենքից և այլ իրավական ակտերից:

 

Հոդված 3. Օրենքի հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) պաշտպանություն՝ ռազմական անվտանգության համակարգը, Հայաստանի Հանրապետության տարածքը, հասարակությունն ու տնտեսությունը պաշտպանության նախապատրաստելու և Հայաստանի Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը, պետական սահմանի անձեռնմխելիությունն ու անվտանգությունը պաշտպանելու` ռազմական, քաղաքական, տնտեսական, տեղեկատվական, սոցիալական, իրավական և այլ միջոցների ու միջոցառումների, ինչպես նաև ռազմական անվտանգության միջազգային երաշխիքների ապահովման մեխանիզմների կիրառման համալիր գործունեության համակարգ.

2) ազգային անվտանգության ռազմավարություն՝ պետության, հասարակության և անհատի անվտանգության և կայուն զարգացման ապահովման պետական քաղաքականություն.

3) ռազմական դոկտրին՝ Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգության ապահովման ռազմաքաղաքական, ռազմական-ռազմավարական, ռազմատնտեսական և ռազմատեխնիկական հիմքերը որոշող պաշտոնական հայեցակետերի համախումբ.

4) ռազմական անվտանգության համակարգ՝ Հայաստանի Հանրապետության պետական լիազոր մարմինների ու պաշտոնատար անձանց, զինված ուժերի, այլ զորքերի և ռազմաարդյունաբերական համալիրի, ինչպես նաև ռազմական անվտանգության խնդիրների լուծման գործառույթներ իրականացնող կազմակերպությունների ամբողջություն.

5) զինված ուժեր՝ Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգության համակարգի հիմքը կազմող պետական ռազմական կառույց, որն ապահովում է Հայաստանի Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության զինված պաշտպանությունը.

6) այլ զորքեր՝ ոստիկանության զորքեր, սահմանապահ զորքեր և ազգային անվտանգության հատուկ ստորաբաժանումներ.

7) միացյալ զինված ուժեր՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մասնակցությամբ ստեղծվող կազմավորումներ.

8) ազգային անվտանգության հիմնարար արժեքներ` Հայաստանի Հանրապետության անկախություն, պետության և ժողովրդի պաշտպանվածություն, խաղաղություն.

9) տեղեկատվական անվտանգություն` ի շահ պետության` քաղաքացիների և կազմակերպությունների տեղեկատվական միջավայրի ձևավորումը, օգտագործումը և զարգացումն ապահովող տեղեկատվական միջավայրի պաշտպանվածություն.

10) ռազմաարդյունաբերական համալիր՝ գիտական և արտադրական կազմակերպությունների համակարգ, որն իրականացնում է ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների մշակման, արտադրության և նորոգման պետական պատվերներ:

 

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության կազմակերպումը

 

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը կազմակերպվում և իրականացվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակության և քաղաքացիների ընդգրկվածության, օրինականության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգման, զինված ուժերի գործունեության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության սկզբունքների հիման վրա:

2. Պաշտպանության նպատակով ստեղծվում են զինված ուժեր, ինչպես նաև սահմանվում է քաղաքացիների զինապարտություն:

3. Պաշտպանությանը ներգրավվում են այլ զորքերը պատերազմի կամ ռազմական դրության ժամանակ զինված ուժերի հրամանատարության օպերատիվ ենթակայության ներքո անցնելու միջոցով: Պատերազմի կամ ռազմական դրության ժամանակ զինված ուժերի հրամանատարության օպերատիվ ենթակայության ներքո օրենքով սահմանված կարգով կարող են ներգրավվել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության հատուկ ստորաբաժանումները:

4. Պաշտպանությանը ներգրավվում է հանրապետության կապի և տեղեկատվության ամբողջ համակարգը` իր ենթակառուցվածքներով, ներառյալ` ռադիոհաճախականության ռեսուրսը, և պատերազմի կամ ռազմական դրության ժամանակ անցնում է զինված ուժերի ենթակայությանը:

5. Սույն հոդվածում նշված զինված ուժերից և այլ զորքերից բացի Հայաստանի Հանրապետությունում զինվորական այլ կազմավորումների ստեղծումն արգելվում է:

6. Պաշտպանության խնդիրներ լուծելու նպատակով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված կարգով, Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են տեղակայվել օտարերկրյա պետությունների զինվորական կազմավորումներ և ստորաբաժանումներ:

7. Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման նպատակով զինված ուժերի ստորաբաժանումները կարող են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնակցել խաղաղապահ կամ ռազմական գործողությունների:

8. Հայաստանի Հանրապետության պաշտպանության կազմակերպումը խաղաղ ժամանակ ներառում է`

1) ռազմական քաղաքականության հիմնական ուղղությունների մշակումը, այդ թվում` ազգային անվտանգության ռազմավարության և ռազմական դոկտրինի ընդունումն ու կատարելագործումը.

2) ռազմական սպառնալիքի կանխատեսումն ու գնահատումը.

3) պաշտպանության բնագավառի իրավական կարգավորումը.

4) անհրաժեշտ կառուցվածքով, թվակազմով, ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով հագեցած, բարձր մարտունակություն ունեցող զինված ուժերի ստեղծումը, զարգացումը, ինչպես նաև դրանց ծավալման և օգտագործման պլանավորումը.

5) պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացումը և քաղաքացիներին պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայության ներգրավումը.

6) միջազգային համագործակցությունը.

7) տնտեսության, կապի և տրանսպորտի բնագավառների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, տարածքի և բնակչության զորահավաքային նախապատրաստությունը.

8) քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորումն ու իրականացումը.

9) ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումը.

10) ռազմական գիտության զարգացումը և ռազմական ուսուցումը.

11) զինված ուժերում մարդկային ռեսուրսների պլանավորումը և օգտագործումը.

12) պետական և ծառայողական գաղտնիքի պահպանման ապահովումը.

13) զինված ուժերի պահեստազորի, ինչպես նաև անհրաժեշտ քանակությամբ զենքի և ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի, պարենի ու այլ նյութերի պաշարների նախապատրաստումը.

14) պաշտպանական ծախսերի ֆինանսավորումը և դրանց օգտագործման նկատմամբ վերահսկողությունը.

15) բնակչության և զինված ուժերի տեղեկատվական անվտանգության ապահովումը.

16) ուսումնական հաստատություններում ռազմահայրենասիրական ուսուցումը.

17) պաշտպանության բնագավառի այլ միջոցառումներ:

9. Ռազմական դրության իրավական ռեժիմը, զորահավաքային նախապատրաստությունը և զորահավաքի անցկացումը, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը սահմանվում են օրենքով:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ, ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 5. Պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության Նախագահի լիազորությունները

 

1. Հայաստանի Հանրապետության Նախագահը զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է:

2. Հայաստանի Հանրապետության Նախագահը`

1) համակարգում է պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում.

2) հաստատում է`

ա. ռազմական քաղաքականության հիմնական ուղղությունները, այդ թվում` ազգային անվտանգության ռազմավարությունը և ռազմական դոկտրինը,

բ. զինված ուժերի կառուցվածքը,

գ. զինված ուժերի զարգացման, այլ զորքերի զարգացման, զինված ուժերի կիրառման, զինված ուժերի ծավալման, զինված ուժերի զորահավաքային պլանները, քաղաքացիական պաշտպանության հանրապետական պլանը,

դ. Հայաստանի Հանրապետության տարածքի պաշտպանության օպերատիվ սարքավորման պլանը, ռազմաարդյունաբերական համալիրի, սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրերը,

ե. զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոնների, բարձրագույն սպայական կազմի պաշտոնների և դրանց համապատասխանող բարձրագույն սպայական զինվորական կոչումների ցանկերը.

3) նշանակում և ազատում է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը, շնորհում է բարձրագույն զինվորական կոչումներ.

4) պաշտպանության հարցերով Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում է միջազգային հարաբերություններում, կնքում, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացնում միջազգային պայմանագրեր, ստորագրում դրանց վավերագրերը, հաստատում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը.

5) Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքում հայտարարում է ռազմական դրություն, որոշում է ընդունում զինված ուժերի օգտագործման մասին և կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք.

6) պատերազմի ժամանակ կարող է նշանակել և ազատել զինված ուժերի գլխավոր հրամանատարին.

7) լուծում է պատերազմ հայտարարելու հարցը` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստ գումարելու անհնարինության դեպքում.

8) հրամանագիր է հրապարակում պարտադիր զինվորական ծառայության զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին.

9) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան` որոշում է ընդունում Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս զինված ուժերի ստորաբաժանումների կողմից խաղաղապահ կամ ռազմական գործողությունների մասնակցության մասին.

10) իրականացնում է պաշտպանության բնագավառում օրենքով սահմանված այլ լիազորություններ:

 

Հոդված 6. Պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի լիազորությունները

 

1. Պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ:

 

Հոդված 7. Պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

1) ապահովում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության քաղաքականության իրականացումը.

2) հաստատում է`

ա. զինված ուժերի զինծառայողների ու աշխատողների հաստիքային թվաքանակները, այլ զորքերի թվաքանակը,

բ. պաշտպանական պետական պատվերը և դրա ձևավորման կարգը,

գ. պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա պահեստազորի սպայական կազմի թվաքանակը,

դ. զինվորական հաշվառման, նախազորակոչային պատրաստության կարգերը, ինչպես նաև զինվորական հաշվառման մասնագիտությունների, ամրագրման ենթակա մասնագիտությունների և պաշտոնների ցանկերը,

ե. պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի (այսուհետ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն) և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի կանոնադրություններն ու կառուցվածքները.

3) մշակում և հաստատում է պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների աշխատանքը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրելու պլանը, կարգն ու պայմանները, պետական և զորահավաքային պահուստի նյութական արժեքների կուտակման, ապաամրագրման, թարմացման և փոխարինման ծրագրերը.

4) մասնակցում է`

ա. ռազմական քաղաքականության հիմնական ուղղությունների, ներառյալ` ազգային անվտանգության ռազմավարության և ռազմական դոկտրինի մշակման աշխատանքներին,

բ. քաղաքացիական պաշտպանության հանրապետական պլանի մշակման աշխատանքներին, ինչպես նաև ապահովում է դրա կատարումը,

գ. պաշտպանության նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքի օպերատիվ սարքավորման պլանի, ռազմաարդյունաբերական համալիրի, սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրերի մշակման աշխատանքներին, ինչպես նաև ապահովում է դրանց կատարումը.

5) որոշում է ընդունում պարտադիր զինվորական ծառայության զորակոչ կազմակերպելու, ընդհանուր կամ մասնակի զորահավաք անցկացնելու մասին.

6) կազմակերպում և համակարգում է պետական մարմինների գործունեությունը՝

ա. զինված ուժերի և այլ զորքերի ֆինանսավորման, սպառազինման, բնակավորման, էներգետիկ և այլ ապահովման ոլորտներում,

բ. զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև զինծառայողներին հավասարեցված անձանց սոցիալական պաշտպանության ապահովման ոլորտում.

7) ծրագրում և ապահովում է ռազմական գիտության զարգացումը.

8) ստեղծում, վերակազմակերպում և լուծարում է պաշտպանության բնագավառի կազմակերպությունները, հանրակրթական (ռազմական բնույթի), ռազմաուսումնական և ռազմագիտական հաստատությունները, բարձրագույն ուսումնական հաստատությունների ռազմական ֆակուլտետները և ամբիոնները.

9) կնքում է պաշտպանության բնագավառի միջկառավարական պայմանագրեր, որոշում է ռազմական սպառնալիքների նվազեցման և Հայաստանի Հանրապետության ու օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների միջև վստահության ամրապնդման ուղղությունները.

10) կազմակերպում է զենքի և ռազմական տեխնիկայի, ռազմավարական նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանումն ու ներմուծումը.

11) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

 

Հոդված 8. Պաշտպանության բնագավառում մարզպետների և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները

 

1. Մարզպետները իրենց իրավասության սահմաններում`

1) իրագործում են Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտպանության բնագավառի տարածքային քաղաքականությունը.

2) ապահովում են մարզերում պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների կատարումը, զինծառայողների, պահեստազոր արձակված անձանց, նրանց ընտանիքների անդամների սոցիալական, իրավական պաշտպանվածությունը, աջակցում են զինված ուժերի զորահավաքային ծավալմանն ու պարտադիր զինվորական ծառայության զորակոչի իրականացմանը.

3) պաշտպանության նպատակով իրականացնում են մարզի վարչական տարածքի և հաղորդակցության ուղիների նախապատրաստման միջոցառումները, զորահավաքային պլանների ու խնդիրների կատարումը.

4) մասնակցում են մարզի վարչական տարածքի օպերատիվ սարքավորման պլանավորմանն ու օժանդակում դրանց իրագործմանը.

5) օրենքով սահմանված կարգով մարզի վարչական տարածքում ապահովում և կազմակերպում են քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը.

6) օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով զինված ուժերին ապահովում են նյութական, տեխնիկական միջոցներով, բնական ռեսուրսներով և գործունեության համար անհրաժեշտ այլ արտադրանքով.

7) իրականացնում են օրենքով և Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով սահմանված այլ լիազորություններ:

2. Պաշտպանության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները սահմանվում են օրենքով:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ, ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 9. Պաշտպանության բնագավառում կազմակերպությունների գործառույթները և պաշտոնատար անձանց պարտականությունները

 

1. Կազմակերպությունները, դրանց պաշտոնատար անձինք պետական պատվերով սահմանված կարգով մատուցում են ռազմական նշանակության արտադրանքի թողարկման, վերանորոգման, մատակարարման և այլ բնույթի ծառայություններ, իրականացնում են զորահավաքային նախապատրաստության պլաններով նախատեսված միջոցառումներ, անհրաժեշտ պայմաններ են ստեղծում իրենց աշխատողների զինվորական հաշվառման, զինվորական ծառայության նախապատրաստության, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի և զորահավաքային պարտականությունների կատարումն ապահովելու համար, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով մասնակցում են քաղաքացիական պաշտպանության խնդիրների իրագործմանը:

2. Կազմակերպությունները պաշտպանության կարիքների համար տրամադրում են սեփականության իրավունքով իրենց պատկանող շարժական և անշարժ գույք, ներառյալ՝ տրանսպորտային միջոցներ` օրենքով սահմանված կարգով համարժեք փոխհատուցմամբ:

3. Խաղաղ ժամանակ հանրապետության կապի և տեղեկատվության ամբողջ համակարգի (իր ենթակառուցվածքներով), ներառյալ՝ ռադիոհաճախականության ռեսուրսի գործունեությունն իրականացվում է` պաշտպանության շահերից բխող խնդիրների առաջնայնությունը հաշվի առնելով, և համակարգի զարգացումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով էլեկտրոնային հաղորդակցության բնագավառի պետական լիազոր մարմնի միջոցով, համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ:

 

Հոդված 10. Պաշտպանության բնագավառում քաղաքացիների իրավունքները և պարտականությունները

 

1. Պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն պետության երաշխավորած իրավունքներ և կրում են պարտականություններ, որոնց իրագործումը կարգավորվում է սույն օրենքով և այլ օրենքներով:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն օրենքով սահմանված կարգով մասնակցում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը՝

1) խաղաղ ժամանակ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, վարժական հավաքների և զորավարժությունների կանչվելու միջոցով.

2) պատերազմի ժամանակ պարտադիր զինվորական ծառայության և զորահավաքի զորակոչվելու միջոցով.

3) քաղաքացիական պաշտպանության միջոցառումներին ներգրավվելու միջոցով:

3. Պաշտպանության կարիքների համար ռազմական դրության ժամանակ քաղաքացիները տրամադրում են սեփականության իրավունքով իրենց պատկանող շարժական և անշարժ գույք, ներառյալ՝ տրանսպորտային միջոցներ` օրենքով սահմանված կարգով համարժեք փոխհատուցմամբ:

4. Օտարերկրյա պետությունների զինված ուժերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Հայաստանի Հանրապետության զինված ուժերում օտարերկրյա պետությունների քաղաքացիների զինվորական ծառայությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ ԵՎ ԱՅԼ ԶՈՐՔԵՐԸ

 

Հոդված 11. Զինված ուժերի կառուցվածքը և գործառույթները

 

1. Զինված ուժերը կազմված են զինվորական կառավարման կենտրոնական մարմնից, զորամիավորումներից, միավորումներից, զորատեսակներից և զորամասերից: Պատերազմի կամ ռազմական դրության ժամանակ զինված ուժերի կազմում ընդգրկվում են նաև այլ զորքերը։

2. Զինված ուժերի հիմնական գործառույթներն են`

1) Հայաստանի Հանրապետության անվտանգության, պաշտպանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության ապահովումը.

2) ազգային անվտանգության հիմնարար արժեքների պաշտպանությունը.

3) Հայաստանի Հանրապետության վրա հնարավոր զինված հարձակման կանխումը, կասեցումը, լարվածության օջախի չեզոքացումը, պատերազմական գործողությունների իրականացումը, հրադադարի կամ հաշտության պարտադրումը՝ զինված ուժերի մասնակի կամ լրիվ ծավալմամբ.

4) մասնակցությունը արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքներին ու քաղաքացիական պաշտպանության, տարհանման, որոնողափրկարարական, փրկարարական, վթարավերականգնողական և մարդասիրական միջոցառումներին.

5) ռազմական սպառնալիքների բացահայտումը և դրանց դիմակայումը.

6) սպառազինության, ռազմական տեխնիկայի և նյութական ռեսուրսների անհրաժեշտ մարտական և զորահավաքային հնարավորությունների ապահովումը.

7) ռազմավարական (օպերատիվ) կիրառման և զորահավաքային ծավալման պլանների կատարումը.

8) միջազգային պայմանագրերով սահմանված պարտավորությունների կատարումը, ներառյալ` միացյալ զինված ուժերի կազմում մասնակցությունը միջազգային մարդասիրական և փրկարարական, խաղաղապահ և կայունացման գործողություններին.

9) մասնակցությունը դիվերսիոն-հետախուզական և ահաբեկչական գործողությունների կանխմանը և չեզոքացմանը.

10) պաշտպանության բնագավառում տեղեկատվական անվտանգության ապահովումը:

3. Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո:

 

Հոդված 12. Զինված ուժերի ղեկավարումը և կառավարումը

 

1. Զինված ուժերի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` որպես զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար:

2. Զինված ուժերի անմիջական ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը, որը կազմակերպում և վերահսկում է զինված ուժերի ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի մեջ մտնող այլ մարմինների և կազմակերպությունների գործունեությունը:

3. Զինված ուժերի կառավարումն իրականացնում է գլխավոր շտաբի պետը, որը հանդիսանում է զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը:

 

Հոդված 13. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության լիազորությունները

 

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը`

1) մասնակցում է`

ա. ռազմական քաղաքականության հիմնական ուղղությունների, ներառյալ` ազգային անվտանգության ռազմավարության և ռազմական դոկտրինի մշակմանն ու կատարելագործմանը,

բ. պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների աշխատանքը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրելու պլանի, պետական և զորահավաքային պահուստի նյութական արժեքների կուտակման, ապաամրագրման, թարմացման և փոխարինման ծրագրերի մշակմանը,

գ. ռազմաարդյունաբերական համալիրի, սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրերի մշակմանը.

2) իր լիազորությունների սահմաններում ուսումնասիրում և գնահատում է ռազմաքաղաքական իրադրությունը, ռազմական սպառնալիքների և Հայաստանի Հանրապետության պաշտպանվածության աստիճանը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում պաշտպանության ծախսերի, պաշտպանության նախարարությանը հատկացված միջոցների ծախսման կարգի, ինչպես նաև կրթության զարգացման պետական ծրագրում ընդգրկելու համար բնակչության հայրենասիրական դաստիարակության չափորոշիչների վերաբերյալ.

4) հսկողություն է իրականացնում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի և վարժական հավաքների անցկացման նկատմամբ.

5) ղեկավարում է նախազորակոչային պատրաստությունը և ռազմահայրենասիրական դաստիարակությունը.

6) ապահովում և վերահսկողություն է իրականացնում զինված ուժերի մարտական պատրաստության, մարտական և զորահավաքային պատրաստականության, զորահավաքային ռեսուրսների հաշվառման և հավաքագրման վրա.

7) վերահսկողություն է իրականացնում զորահավաքային առաջադրանք ունեցող կազմակերպությունների և ստորաբաժանումների՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի պաշարների կուտակմանն ու բաշխմանն ուղղված գործունեության նկատմամբ.

8) պատվիրում և ֆինանսավորում է զինված ուժերի համար սպառազինության և ռազմական տեխնիկայի, պարենային, իրային և այլ ունեցվածքի, ինչպես նաև նյութական պաշարների արտադրությունն ու գնումները, հսկողություն է իրականացնում ֆինանսական միջոցների ծախսման և նյութատեխնիկական միջոցների և ունեցվածքի օգտագործման նկատմամբ.

9) ապահովում է զինված ուժերում պաշտպանության բնագավառի օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանների կատարումը.

10) իրականացնում է ընդհանուր կամ մասնակի զորահավաքների անցկացումը.

11) մասնակցում է քաղաքացիական պաշտպանությանը.

12) մշակում և իրականացնում է զինված ուժերի անձնակազմի ծառայողական առաջխաղացումն ապահովող կադրային քաղաքականությունը, իր իրավասության սահմաններում ապահովում է զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև զինծառայողներին հավասարեցված անձանց սոցիալական պաշտպանությունը.

13) ապահովում է պաշտպանության ոլորտի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված իրավական ակտերի նախագծերի մշակման և գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի ընդունման գործընթացը.

14) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների միջև համագործակցությունը ռազմական, ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական բնագավառում.

15) կազմակերպում և իրականացնում է ռազմական ուսուցման ու ռազմական գիտության զարգացման գործընթացները.

16) իրականացնում է այլ իրավական ակտերով նախատեսված լիազորություններ:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը`

1) հաստատում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների թվաքանակը.

2) հաստատում է զինվորական հաշվառումը վարելու հրահանգը, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի և վարժական հավաքների անցկացման, զինապարտների բժշկական և զինծառայողների ռազմաբժշկական փորձաքննության կարգերը.

3) հաստատման է ներկայացնում`

ա. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի կանոնադրություններն ու կառուցվածքը,

բ. զինված ուժերի զարգացման, ծավալման, զորահավաքային, կիրառման պլանները, զինված ուժերի կառուցվածքը, հաստիքային թվաքանակը,

գ. զինվորական հաշվառման, նախազորակոչային պատրաստության կարգերը, ինչպես նաև զինվորական հաշվառման մասնագիտությունների, ամրագրման ենթակա մասնագիտությունների և պաշտոնների ցանկերը,

դ. պաշտպանության նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքի օպերատիվ սարքավորման, ռազմաարդյունաբերական համալիրի, սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրերը:

 

Հոդված 14. Զինված ուժերի գլխավոր շտաբը

 

1. Զինված ուժերի գլխավոր շտաբը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին է:

2. Զինված ուժերի գլխավոր շտաբը`

1) մշակում և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին է ներկայացնում`

ա. առաջարկություններ` ռազմական քաղաքականության հիմնական ուղղությունների, ներառյալ` ազգային անվտանգության ռազմավարության և ռազմական դոկտրինի վերաբերյալ,

բ. զինված ուժերի զարգացման, ծավալման, զորահավաքային, կիրառման, տարածքի օպերատիվ սարքավորման պլանները, ռազմաարդյունաբերական համալիրի, սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրերը, զինված ուժերի կառուցվածքը, հաստիքային թվաքանակը,

գ. զինվորական հաշվառման, նախազորակոչային պատրաստության կարգերի, զինվորական հաշվառումը վարելու հրահանգի, ինչպես նաև զինվորական հաշվառման մասնագիտությունների, ամրագրման ենթակա մասնագիտությունների և պաշտոնների ցանկերի վերաբերյալ առաջարկություններ,

դ. քաղաքացիական պաշտպանության պլանների վերաբերյալ առաջարկություններ.

2) կազմակերպում է զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային ու ռազմավարական ծավալումը.

3) պատասխանատու է զինված ուժերի մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական պատրաստության համար.

4) իրականացնում է զինված ուժերը զորահավաքային ծավալման ռազմական տեխնիկայով, սպառազինությամբ և նյութական այլ միջոցներով ընթացիկ ու հեռանկարային պլանավորման, ինչպես նաև խաղաղ ժամանակ այդ միջոցների կուտակման, պահպանման և տեղաբաշխման ապահովումը.

5) ղեկավարում է պաշտպանական ոլորտի կազմակերպություններում գիտական, գյուտարարական և նորարարական աշխատանքների իրականացումը.

6) ապահովում է զինված ուժերի անձնակազմի զինվորական կարգապահությունը, բարոյահոգեբանական բարձր մակարդակը և հայրենասիրական դաստիարակությունը.

7) իրականացնում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի և վարժական հավաքների անցկացումը, ինչպես նաև զորահավաքային ռեսուրսների հաշվառումը և հավաքագրումը.

8) իրականացնում է քաղաքացիների զինվորական ծառայության նախապատրաստությունը և զինվորական հաշվառումը.

9) իրականացնում է հետախուզական գործունեություն` պաշտպանության և անվտանգության նպատակով.

10) խաղաղ ժամանակ կազմակերպում է զինված ուժերի կապի և տեղեկատվության համակարգի գործունեությունը, պլանավորում է դրա կիրառումը ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ, իրականացնում է կապի և տեղեկատվության ամբողջ համակարգի ղեկավարումը ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ.

11) կազմակերպում է զինված ուժերի թիկունքային, բժշկական ու տեխնիկական ապահովումը.

12) համակարգում է այլ զորքերի և ռազմական դրության ժամանակ ստեղծվող հատուկ ստորաբաժանումների օպերատիվ ու զորահավաքային պատրաստությունը, վերահսկում է դրանց զորահավաքային պատրաստականությունը.

13) մասնակցում է`

ա. զինված ուժերի կադրային քաղաքականության մշակմանը և իր լիազորությունների շրջանակներում դրա իրականացմանը,

բ. ռազմագիտական և ռազմակրթական ծրագրերի մշակմանը.

14) իր իրավասության շրջանակներում իրականացնում է զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության ապահովումը.

15) իրականացնում է պաշտպանության և անվտանգության ամրապնդման, քաղաքացիական պաշտպանության կազմակերպման, ապահովման, ինչպես նաև սույն օրենքով, զինված ուժերի կանոնագրքերով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ:

 

Հոդված 15. Այլ զորքերը

 

1. Այլ զորքերի ղեկավարման և կառավարման գործառույթները խաղաղ ժամանակ օրենքով սահմանված կարգով իրականացնում են համապատասխան պետական լիազոր մարմինները:

2. Այլ զորքերն իրենց իրավասությունների շրջանակներում`

1) մասնակցում են զինված ուժերի՝ իրենց մասով կիրառման պլանների մշակմանը և ապահովում դրանց կիրառումը.

2) զինված ուժերի կազմում մասնակցում են Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակմանը դիմակայելուն.

3) պաշտպանության բնագավառում իրականացնում են սույն օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

3. Այլ զորքերի համալրումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

4. Այլ զորքերի ստեղծումը, կառավարումը և գործունեությունն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենքների հիման վրա:

5. Այլ զորքերի նյութական միջոցների զորային պաշարների կուտակման պլանավորումը, շարանումը, տեղավորումը և պահպանումը խաղաղ ժամանակ իրականացնում են համապատասխան պետական լիազոր մարմինները, իսկ պատերազմի ժամանակ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 16. Զինված ուժերում և այլ զորքերում կուսակցությունների, միավորումների և արհեստակցական միությունների ստեղծման արգելումը

 

1. Զինված ուժերում և այլ զորքերում կուսակցությունների, միավորումների ու արհեստակցական միությունների ստեղծումը, ինչպես նաև զորամասերի, զինվորական կազմակերպությունների, ռազմաուսումնական հաստատությունների տարածքում կուսակցական քարոզչությունն արգելվում են:

 

Հոդված 17. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 29-ի ՀՕ-120 օրենքը:

 

Հայաստանի Հանրապետության

Նախագահ

Ս. Սարգսյան

 

2008 թ. դեկտեմբերի 18

Երևան

ՀՕ-198-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.11.2017, ՀՕ-196-Ն 09.04.2018, ՀՕ-198-Ն
07.04.2016, ՀՕ-43-Ն 06.05.2016, ՀՕ-198-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան