Գլխավոր տեղեկություն
Համար
N 381-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (30.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.05.13/27(1116).1 Հոդ.311
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.04.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.04.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 ապրիլի 2015 թվականի N 381-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԻՎ 1 ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 890-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

(1-ին կետը փոփ. 28.12.23 N 2341-Ն)

2. Սահմանել, որ՝

1) «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) հիմնական նպատակն է խնամքի կարիք ունեցող տարեց և (կամ) հաշմանդամություն (այդ թվում՝ համապատասխան դեղեր գործածող, վարքային խանգարում ունեցող թեթև կամ չափավոր աստիճանի, ինչպես նաև՝ խոր կամ ծանր աստիճանի մտավոր խնդիրներ կամ հոգեկան և վարքային այլ խանգարումներ) ունեցող անձանց (այսուհետ՝ շահառուներ) շուրջօրյա խնամքի տրամադրումը.

2) կազմակերպության գործունեության առարկան են՝ շահառուների՝ սննդի տրամադրումը, առաջնային բժշկական օգնության և սպասարկման, այդ թվում՝ հոգեբուժական օգնության և սպասարկման տրամադրումը, սոցիալ-հոգեբանական օգնության, այդ թվում՝ հոգեկան առողջության վերականգնմանն ուղղված ծառայությունների, իրավական խորհրդատվության տրամադրումը, աջակցող միջոցներով ապահովումը, բժշկասոցիալական փորձաքննությունը կամ անձի ֆունկցիոնալության գնահատումը, հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն ուղեգրելը, ազատ ժամանցի, աշխատանքային թերապիան, այդ թվում՝ սոցիալական հմտությունների և կարողությունների զարգացմանն ուղղված և այլ մասնագիտացված ծառայությունների կազմակերպումը, ինչպես նաև անհրաժեշտ կահույքի, հագուստի, սպիտակեղենի, կոշկեղենի, անկողնային պարագաների և անձնական հիգիենայի պարագաների տրամադրումը․

3) կազմակերպությունը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքն իրականացնում է երեք առանձնացված մասնաշենքերում տեղակայված երկու շուրջօրյա խնամքի բաժանմունքում և ցերեկային խնամքի կենտրոնում.

4) մինչև վերանվանումը՝ «Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից հաստատված բյուջետային ծախսերի նախահաշիվների հիման վրա՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների: Նշված հատկացումները ներառվում են վերանվանումից հետո իրավաբանական անձի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվելիք պայմանագրերում՝ դրանց տնտեսագիտական բովանդակությանը համապատասխան:

5) կազմակերպությունը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանի հավելվածի համաձայն, կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա. բուսաբուծություն ու անասնաբուծություն, որսորդություն և հարակից ծառայություններ (01), մասնավորապես՝ ոչ բազմամյա մշակաբույսերի աճեցում (01.1), բազմամյա մշակաբույսերի աճեցում (01.2), տնկիների և այլ տնկանյութերի աճեցում (01.3), անասնաբուծություն (01.4),

բ. սննդամթերքի արտադրություն (10), մասնավորապես՝ մսի մշակում և պահածոյացում, մսամթերքի արտադրություն (10.1), մրգերի և բանջարեղենի մշակում և պահածոյացում (10.3), կաթնամթերքի արտադրություն (10.5), հացի և ալյուրե հրուշակեղենի արտադրություն (10.7),

գ. մանածագործական արտադրատեսակների արտադրություն (13), մանածագործվածքի արտադրություն (13.2), այլ մանածագործական արտադրատեսակների արտադրություն (13.9),

դ․ բնակչության սոցիալական սպասարկում (87), մասնավորապես՝ մտավոր թերզարգացած, հոգեկան խանգարումներով կամ ֆիզիկական թերություններով անձանց, գինեմոլների և թմրամոլների սոցիալական սպասարկում՝ կացության ապահովմամբ (87.2), անգործունակների և տարեցների սոցիալական սպասարկում՝ կացության ապահովմամբ (87.3)՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1112-Ն որոշմամբ սահմանված կարգի,

ե. այլ անհատական ծառայությունների մատուցում (96), մասնավորապես՝ մանածագործական և մորթե արտադրատեսակների լվացում, մաքրում և չոր մաքրում (96.01)։

(2-րդ կետը լրաց. 15.02.18 N 163-Ն, փոփ. 28.12.23 N 2341-Ն)

3. Կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հաստատել`

ա. կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող գույքի կազմը,

բ. կազմակերպության կանոնադրությունը և սահմանված կարգով ապահովել այն պետական գրանցում իրականացնող մարմին ներկայացնելը.

2) մինչև 2015 թվականի հունիսի 1-ը ապահովել «Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում խնամվող երեխաների կարիքների գնահատումը և, գնահատված կարիքներին համապատասխան, տեղավորումը խնամքի այլ հաստատություններում կամ վերադարձն ընտանիք.

3) հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ընդունելությունն իրականացնել 2015 թվականի հունիսի 1-ից` սույն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված գործընթացի ավարտից հետո.

4) մինչև 2015 թվականի հունիսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող՝ 18 տարին լրացած անձանց կազմակերպության կողմից շուրջօրյա և ցերեկային խնամք իրականացվող գործունեությունից բխող առանձին բյուջետային ծրագրերի տեսքով:

5. Կազմակերպության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման, կնիքի ձեռքբերման, ինչպես նաև սույն որոշման համաձայն հանձնվող գույքի գրանցման ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով «Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին:

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 26-ի «Մի շարք պետական հատուկ հանրակրթական հաստատություններ երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններ վերանվանելու, գործունեության բնագավառը սահմանելու, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությանը հանձնելու, «Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2179-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 890-Ն որոշման N 2 հավելվածի 1-ին կետը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. ապրիլի 16
 Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.12.2023, N 2341-Ն 30.12.2023, N 381-Ն
15.02.2018, N 163-Ն 01.03.2018, N 381-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան