Գլխավոր տեղեկություն
Համար
N 672-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (29.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.07.03/44(1497) Հոդ.477
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.05.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.06.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 մայիսի 2019 թվականի N 672-Լ

 

ԻՆՏԵԳՐՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 13.10.22 N 1583-Լ, խմբ. 28.12.23 N 2317-L)

1. Հաստատել`

1) «Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգը»` համաձայն N 1 հավելվածի.

2) «Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը»` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հունիսի 5

Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2019 թվականի
մայիսի 23-ի N 672-Լ որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵ

(վերնագիրը փոփ. 17.12.20 N 2124-Լ)

 

Հ Ա Յ Ե Ց Ա Կ Ա Ր Գ

 

ԻՆՏԵԳՐՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ

 

1. ՄՇԱԿՈՂ ՄԱՐՄԻՆԸ

 

1. Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգը (այսուհետ՝ հայեցակարգ) մշակվել է Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:

(1-ին կետը փոփ. 17.12.20 N 2124-Լ)

2. Հայեցակարգը մշակվել է ի կատարումն ՀՀ կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 6-ի N 1030-Լ որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում ներառված կադաստրի կոմիտեի կողմից իրականացվող ծրագրերի:

(2-րդ կետը փոփ. 17.12.20 N 2124-Լ)

 

2. ՆԱԽԱԲԱՆ

 

3. Հայաստանի Հանրապետության տնտեսության կառավարման մի շարք ոլորտներ կարգավորող իրավական ակտերով համապատասխան կառավարման մարմինների համար սահմանվել են իրենց ոլորտների կառավարման ներքո գտնվող օբյեկտների, գույքի և ռեսուրսների կադաստրների (ռեգիստրների) վարման գործառույթներ, սակայն դրանք հիմնականում չեն իրականացվել կամ իրականացվել են թերի, գործում են միմյանցից անկախ, տվյալները կրկնվում են, երբեմն լինում են իրարամերժ, ինչն էականորեն բարդացնում է կառավարման մարմիններին անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովելու գործընթացը, իսկ երբեմն անհնար է դարձնում տարբեր տեղեկատվական շտեմարաններում առկա տեղեկատվության կամ տեղեկատվական համակարգերի օգտագործումը՝ կառավարման արդյունավետության, արդյունավետ ծրագրերի մշակման կամ պետական նշանակության ծրագրերի արդյունավետ իրագործման նպատակներով:

Հանրապետության բնական և տնտեսական ռեսուրսների արդյունավետ պլանավորման ու կառավարման համար անհրաժեշտ է ունենալ Հայաստանի Հանրապետության, նրա առանձին վարչատարածքային միավորների բնակչության տեղաբաշխման, արդյունաբերական ու գյուղատնտեսական ոլորտի տնտեսական զարգացման վիճակի և բնական ռեսուրսների, այդ թվում` հողային, ջրային, անտառային ռեսուրսների, բնության հատուկ պահպանվող տարածքների, անշարժ գույքի որակական, քանակական տվյալների, սեփականության սուբյեկտների, ճանապարհային ցանցի և ենթակառուցվածքների այլ տարրերի ու էկոլոգիական վիճակի մասին ամբողջական, հավաստի տեղեկատվություն:

Ոլորտային կադաստրների հաշվառման և գրանցման ենթակա գրեթե բոլոր տվյալները տարածական են կամ տարածական` քարտեզագրական հենք ունեն:

ՀՀ կադաստրի կոմիտեն պետական կառավարման այն լիազորված մարմինն է, որի կանոնադրական գործառույթներն անմիջականորեն ուղղված են պետական նշանակության քարտեզագրական և տեղագրական համակարգերի ստեղծմանը, քարտեզագրական նպատակային ծրագրերի մշակմանը և իրականացմանը։ Առանձնակի գործառույթներ են նաև անշարժ գույքի ծածկագրման (կոդավորման) համակարգի, պետական գրանցման ծածկագրերի մշակումն ու ներդրումը։

Անշարժ գույքի կադաստրի միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման և ներդրման նպատակով` ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից իրականացվել են Հայաստանի Հանրապետության տարածքում միասնական կոորդինատային համակարգի մշակման և ներդրման, ինչպես նաև միասնական գեոդեզիական հիմքի ապահովման, համայնքների քարտեզագրման ու թվային քարտեզների ստեղծման, Հայաստանի Հանրապետության տարածքի օդալուսանկարահանման և արբանյակային լուսանկարահանման տվյալների թվայնացման աշխատանքներ, պարբերաբար իրականացվում են բարձունքային և պլանային հիմքի թարմացման և խտացման, անշարժ գույքի շուկայի համակարգված դիտարկումներ, որոնց արդյունքում սահմանվել է գոտիականություն` ըստ գույքի արժեքի և գտնվելու վայրի: Ավարտված են նաև անշարժ գույքի կադաստրային գործերի թվայնացումը (ստեղծվել է էլեկտրոնային արխիվ), կադաստրային քարտեզների վարման ու անշարժ գույքի գրանցման ավտոմատացված համակարգի ներդրման աշխատանքները և այլն:

ՀՀ կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 6-ի N 1030-Լ որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսվել է կադաստրի կոմիտեի կողմից իրականացնել մի շարք ծրագրեր, որոնց շնորհիվ հիմք կդրվի առցանց, ինքնաշխատ, անթուղթ անշարժ գույքի կադաստրին, կստեղծվեն Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքի oդալուսանկարները (օրթոֆոտոհատակագծերի-պիկսելի չափը երկրի մակերևույթի վրա՝ 20 սմ ճշտությամբ), կճշտվի և ավարտին կհասցվի Հայաստանի Հանրապետության քաղաքների երկրատեղեկատվական համակարգի քարտեզագրական հիմքը, կստեղծվի ժամանակակից պահանջներին բավարարող բազային երկրատեղեկատվական համակարգ։ Ըստ այդմ՝ կոմիտեն ի զորու կլինի բոլոր ոլորտների տեղեկատվական շտեմարանները ապահովելու տարածական հիմքով և գրանցվող տվյալների ծածկագրման, պահպանման և օգտագործման տրամադրելու մեթոդաբանական համակարգով։

Ակնհայտ է, որ ոլորտային կադաստրների վարումը անհամեմատ ավելի արդյունավետ կարող է լինել՝ դրանց ամբողջական, միասնական, մեկտեղված համակարգի մեջ ընդգրկելով. այն փոխկապակցված և փոխհամաձայնեցված կադաստրների և ռեգիստրների համալիր է՝ ընդհանուր և միասնական մեթոդաբանական սկզբունքներով, տեխնիկական, ծրագրային և տեղեկատվական հիմքով:

(3-րդ կետը փոփ. 17.12.20 N 2124-Լ)

 

3. ԻՆՏԵԳՐՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

4. Հայաստանի Հանրապետությունում ինտեգրված կադաստրի ստեղծումը և ներդրումը հնարավորություն են տալիս Հայաստանի Հանրապետության, նրա առանձին վարչատարածքային միավորների, ինչպես նաև առանձին ճյուղերի կառավարման խնդիրների լուծման ժամանակ կառավարման մարմիններին տրամադրել տարաբնույթ, սակայն համակարգված և հավաստի տարածական տեղեկատվություն, որը թույլ կտա իրականացնել իրավիճակի համալիր և համաժամանակյա վերլուծություն (տե՛ս գծապատկեր 1):

Բազմաբնույթ, հավաստի և հասանելի տեղեկատվությունը զգալի նպաստավոր միջավայր կարող է ստեղծել ազատ մրցակցային տնտեսական գործունեության մասնակիցների համար:

5. Հայաստանի Հանրապետությունում ինտեգրված կադաստրի ստեղծումը և ներդրումը կնպաստի՝

1) կառավարման համար անհրաժեշտ միասնական տարածական և կադաստրային տվյալների հավաքագրմանը, մշակմանը և օգտագործմանը.

2) Հայաստանի Հանրապետության մարզերի, համայնքների և նրա առանձին տարածքների տնտեսական զարգացման արդյունավետ ծրագրերի մշակմանը.

3) տնտեսության տարբեր ոլորտներում օգտագործվող կադաստրային տվյալների կրկնության և տվյալների հակասականության բացառմանը.

4) տարածական տվյալների պահուստային պատճենների ստեղծման գործընթացի հեշտացմանը, օպերատիվության բարձրացմանը և ծախսերի նվազմանը.

5) տարածական տվյալների մատչելիության ապահովմանը.

6) հանրության համար տեղեկատվության հասանելիության ապահովմանը.

7) տվյալների լրիվության, հավաստիության, ճշտության ստուգման ներքին մեխանիզմների մշակմանը.

8) շահառու մարմնին ամբողջական տարածական տեղեկատվության տրամադրման ժամանակի և աշխատատարության կրճատմանը՝ ինքնաշխատ հասանելիության ապահովման շնորհիվ։

 

4. ԻՆՏԵԳՐՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

6. Ինտեգրված կադաստրի ստեղծմանը և ներդրմանն առնչվող նորմատիվ իրավական ակտերը լայն ընդգրկում ունեն.

1) Հայաստանի Հանրապետության օրենսգրքեր՝

ա. Հողային օրենսգիրք,

բ. Անտառային օրենսգիրք,

գ. Ջրային օրենսգիրք,

դ. Ընդերքի մասին օրենսգիրք.

2) Հայաստանի Հանրապետության օրենքներ՝

ա. «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին»,

բ. «Թափոնների մասին»,

գ. «Բուսական աշխարհի մասին»,

դ. «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին»,

ե. «Քաղաքաշինության մասին»,

զ. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին»,

է. «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին»,

ը. «Կենդանական աշխարհի մասին»,

թ. «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին».

3) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներ և այլ իրավական ակտեր՝

ա. «Ջրային ռեսուրսների պետական կադաստրի վարման կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 2003 թ. հուլիսի 23-ի N 1060-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 2017 թ. փետրվարի 2-ի N 68-Ն որոշում,

բ. «Անտառային պետական կադաստրի վարման և անտառների պետական հաշվառման ու տվյալների տրամադրման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2008 թ. փետրվարի 7-ի N 133-Ն որոշում,

գ. «Ջրային պետական կադաստրի վարման տեխնիկական իրականացումը մրցութային կարգով մասնավոր օպերատորին հանձնելու կարգն ու պայմանները հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2003 թ. հուլիսի 23-ի N 1060-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 2005 թ. մայիսի 5-ի N 571-Ն որոշում,

դ. «Բնության հատուկ պահպանվող տարածքների պետական կադաստրի վարման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2008 թ. մարտի 20-ի N 259-Ն որոշում,

ե. «Բնության հուշարձանների գույքագրման, անձնագրավորման և ցանկի հաստատման ծրագրի մշակման գծով 2005 թվականի պետական պատվերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2005 թ. ապրիլի 7-ի N 406-Ն որոշում,

զ. «Թափոնների պետական կադաստրի վարման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2007 թ. հունվարի 18-ի N 144-Ն որոշում,

է. «Բուսական աշխարհի պետական կադաստրի վարման մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին» ՀՀ բնապահպանության նախարարի 2009 թ. հուլիսի 13-ի N 140-Ն հրաման,

ը. «ՀՀ բուսական աշխարհի պետական կադաստրի զարգացման 2010-2015 թվականների համալիր ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության 2009 թ. օգոստոսի 13-ի N 33 արձանագրային որոշում,

թ. «Բուսական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2009 թ. հուլիսի 23-ի N 831-Ն որոշում,

ժ. «Օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների պետական կադաստրի վարման կարգը սահմանելու և ՀՀ կառավարության 2006 թ. սեպտեմբերի 14-ի N 1490-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 2012 թ. նոյեմբերի 22-ի N 1571-Ն որոշում,

ժա. «Հայաստանի Հանրապետության երկրատեղեկատվական համակարգի ստեղծման և վարման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2005 թ. հունվարի 20-ի N 197-Ն որոշում,

ժբ. «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական կադաստրի վարման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2009 թ. փետրվարի 5-ի N 104-Ն որոշում,

ժգ. «Պետական քաղաքաշինական կադաստրի վարման և քաղաքաշինական գործունեության մոնիթորինգի անցկացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 1999 թ. դեկտեմբերի 31-ի N 802 որոշում,

ժդ. ՀՀՇՆ 1-2.03-03 «ՀՀ պետական քաղաքաշինական կադաստր» շինարարական նորմերի հաստատման մասին ՀՀ քաղաքաշինության նախարարի 2003 թ. հունիսի 5-ի N 38-Ն հրաման,

ժե. «Կենդանական աշխարհի պետական կադաստրի վարման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2008 թ. նոյեմբերի 13-ի N 1441-Ն որոշում,

ժզ. «Կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2009 թ. հուլիսի 23-ի N 832-Ն որոշում,

ժէ. «Կենդանական աշխարհի պետական կադաստրի վարման մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին» ՀՀ բնապահպանության նախարարի 2009 թ. հուլիսի 16-ի N 145-Ն հրաման:

7. Ինտեգրված կադաստրի ստեղծման և ներդրման ծրագրից ելնելով՝ ըստ անհրաժեշտության կարող են փոփոխություններ կատարվել վերը շարադրված նորմատիվ իրավական ակտերում։

 

5. ԻՆՏԵԳՐՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ

 

8. Տվյալների տարածական հղմամբ, աշխարհագրական հարաչափեր ունեցող ճյուղային կադաստրների և ռեգիստրների միավորմամբ՝ մեկ ինտեգրված միասնական պետական կադաստրի ստեղծում, որն իրականացվելու է հետևյալ փուլերով՝

1) ռազմավարության ծրագրի մշակում.

2) համակարգի տեղեկատվական անվտանգության ապահովման միջոցառումների մշակում, ըստ միջազգայնորեն ճանաչված ստանդարտների՝ մասնավորապես ISO 27000 շարքից.

3) ծրագրային ապահովման տեխնիկական առաջադրանքի կազմում, մշակում և ներդրում, հայեցակարգով առաջադրվող պայմաններից բխող օրենսդրական փոփոխությունների նախագծերի մշակում.

4) պիլոտային ոլորտային կադաստրի ստեղծում և ներդրում.

5) հայեցակարգով նախատեսված կադաստրների ինտեգրված համակարգի ստեղծում:

(8-րդ կետը փոփ., խմբ. 17.12.20 N 2124-Լ)

 

6. ԻՆՏԵԳՐՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

9. Ինտեգրված կադաստրի համակարգը ներառում է պետական կառավարման հետևյալ մարմինները՝

1) ՀՀ կադաստրի կոմիտե՝ մշակող և պատասխանատու կատարող.

2) ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն.

3) ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն.

4) ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն.

5) ՀՀ քաղաքաշինության կոմիտե:

Դրանք համապատասխան իրավական ակտերով իրականացնում են իրենց ոլորտների կառավարման ներքո գտնվող օբյեկտների, գույքի և ռեսուրսների կադաստրների վարման գործառույթներ։

Համայնքների կադաստրային գործառույթների իրականացման հարցերի կապակցությամբ որպես լիազորված մարմին ներգրավվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

(9-րդ կետը փոփ. 17.12.20 N 2124-Լ)

10. ՀՀ կադաստրի կոմիտեի՝ որպես պետական կառավարման լիազորված մարմնի հիմնական խնդիրներն ու գործառույթներն են՝

1) գույքի և դրա նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների, գեոդեզիայի և քարտեզագրության մասին տեղեկատվական համակարգերի ստեղծումն ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկատվության կառավարումը, տվյալների մատչելիությունը, օբյեկտիվության և անընդհատության ապահովումը.

2) իր իրավասության սահմաններում հողային քաղաքականության, հողային ռեսուրսների կառավարման սկզբունքների մշակումը.

3) պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական նպատակային ծրագրերի մշակումը և իրականացումը.

4) անշարժ գույքի ծածկագրման (կոդավորման) համակարգի, պետական գրանցման ծածկագրերի մշակումն ու ներդրումը.

5) գեոդեզիայի և քարտեզագրության, աշխարհագրական անվանումների, երկրատեղեկատվական համակարգերի ստեղծման, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, գնահատման, կադաստրային քարտեզագրման ոլորտներում համաշխարհային փորձի ուսումնասիրումն ու ներդրումը.

6) ինտեգրված կադաստրի ստեղծմանն է տրամադրում կոմիտեի տեղեկատվական բազան՝ ճշգրտված քարտեզագրական հենքով, մշակում և համաձայնեցնում է տվյալների հավաքագրման, դասակարգման և ծածկագրման միասնական կանոնները. կոմիտեն իրականացնում է ինտեգրված կադաստրի բոլոր տվյալների պետական գրանցումը (ռեգիստր) և պահպանումը.

7) ոլորտների պետական կառավարման լիազորված մարմինները ՀՀ կառավարության որոշումներով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում, միասնական կանոնների համաձայն, իրականացնում են ոլորտային կադաստրների տվյալների հավաքագրումը, մշակումը և գրանցումից հետո դրանց վարումը. տվյալների թարմացումը, լրացումներն ու փոփոխությունները կատարվում են նույն կարգով։

(10-րդ կետը փոփ. 17.12.20 N 2124-Լ)

11. ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը վերը նշված եղանակով կազմում և վարում է անտառային (2008 թ. N 133-Ն), ջրային ռեսուրսների (2017 թ. N 68-Ն), բնության հատուկ պահպանվող տարածքների (2008 թ. N 259-Ն), թափոնների (2007 թ. N 144-Ն), բուսական աշխարհի (2008 թ. N 1440-Ն), կենդանական աշխարհի (2008 թ. N 1441-Ն) պետական կադաստրները:

(11-րդ կետը փոփ. 17.12.20 N 2124-Լ)

12. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների (2012 թ. N 1571-Ն) պետական կադաստրը:

(12-րդ կետը փոփ. 17.12.20 N 2124-Լ)

13. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական կադաստրը (2009 թ. N 104-Ն):

(13-րդ կետը փոփ. 17.12.20 N 2124-Լ)

14. ՀՀ քաղաքաշինության կոմիտեն՝ պետական քաղաքաշինական կադաստրը (1999 թ. N 802):

14.1. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ գյուղատնտեսական հողատեսքերի կադաստր (ՀՀ նախարարների խորհրդի 1991 թ. մարտի 6-ի N 179 որոշում):

(14.1-ին կետը լրաց. 17.12.20 N 2124-Լ)

15. Անհրաժեշտ է նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնակցությունը ինտեգրված կադաստրի ստեղծման ծրագրին հենց առաջին փուլից, չնայած որ բացակայում են որոշակի կադաստրներ (ռեգիստրներ) վարելու նրանց լիազորությունները սահմանող իրավական ակտերը։

Ինչ վերաբերում է ՀՀ վիճակագրական կոմիտեին, վերջինս պատրաստակամություն է հայտնել զուտ մեթոդաբանական օժանդակություն ցուցաբերելու վարչական ռեգիստրների ձևավորման աշխատանքներում՝ ցանկացած գրավոր հայտի պարագայում:

16. Ինտեգրված կադաստրի համակարգն ունենալու է նախապես ծրագրված հնարավորություն՝ հետագայում ըստ անհրաժեշտության և իրավական համապատասխան կարգավորմամբ իր մեջ ներառելու նաև տեղեկատվական այլ շտեմարաններ, ինչպես օրինակ՝ էլեկտրական էներգիայի և բնական գազի հաղորդման (փոխադրման) ու բաշխման, ջրամատակարարման և ջրօգտագործման համակարգերի, ճանապարհային ցանցերի և այլ գույքային կամ ռեսուրսային համակարգերի վերաբերյալ։

17. Ինտեգրված կադաստրի համակարգի ստեղծմամբ և ներդրմամբ ակնկալվում են հետևյալ արդյունքները՝

1) ինքնաշխատ ամբողջական տեղեկատվական ռեսուրսի ստեղծում՝ փոխկապակցված տեղեկատվական փաստաթղթերի հիման վրա.

2) տարածքների, տնտեսության, բնական պաշարների, բնապահպանական, քաղաքաշինական և այլ գործընթացների արագ և արդյունավետ կառավարում.

3) իրական համաժամանակյա ռեժիմում փոխկապակցված, հավաստի տեղեկության միջոցով իրավիճակի համալիր վերլուծությամբ հիմնավորված որոշումների ընդունում՝ կրճատելով համաձայնեցումների գրավոր ձևերին տրամադրվող ժամանակը.

4) ֆինանսական միջոցների և աշխատանքային ռեսուրսների խնայողություն.

5) հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացում.

6) առաջավոր ինֆորմացիոն տեխնոլոգիաների և տեխնիկական միջոցների ներդրման արագություն և արդյունավետություն:

 

7. ԻՆՏԵԳՐՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԵՆՔԸ

 

18. Ինտեգրված կադաստրը միասնական գեոդեզիական կոորդինատային հիմքով առանձին քարտեզագրական շերտերի և շերտային խմբերի երկրատեղեկատվական համակարգ (ԵՏՀ) է՝ տվյալների պահեստավորման, պահպանման, հասանելիության և համակարգի շահագործման կենտրոնացված կառուցվածքով։

19. Քարտեզագրական շերտը որպես միավոր կարող է լինել՝

ա. ամբողջական (ռեալ) ընդհանուր կոորդինատային համակարգում առանձնացված տարածական մոդել՝ սեփական տիպային և ատրիբուտիվ կառուցվածքով, մեկ այլ ամբողջական շերտի նկատմամբ որոշակի կախվածությամբ կամ անկախ. օրինակ՝ վարչատարածքային սահմանների շերտ կամ տարածագնահատման գոտևորման շերտ,

բ. մասնակի (վիրտուալ), գոյություն ունեցող ամբողջական շերտի շրջանակներում առանձին ատրիբուտիվ մոդել՝ կառավարման առանձնացված հասանելիությամբ. օրինակ՝ անշարժ գույքի միավորների շերտին կից քաղաքաշինական անձնագրավորման (շենք, շինություն) կամ շինարարության թույլտվության (հողամաս) առանձին ատրիբուտիվ մոդելներ։

20. Քարտեզագրական շերտերի խմբերը բաժանվում են երկու հիմնական մասի՝ ըստ տվյալների առաջնահերթության (տե՛ս գծապատկեր 2)՝

1) բազային երկրատեղեկատվական համակարգ.

2) ոլորտային (թեմատիկ) շերտեր:

3) (ենթակետն ուժը կորցրել է 17.12.20 N 2124-Լ)

Բազային երկրատեղեկատվական համակարգը բաղկացած է 3 ենթախմբից՝ ա) բազմասպեկտրալ օրթոֆոտոհատակագծեր, բ) անշարժ գույքի կադաստրային քարտեզներ (վարչատարածքային միավորներ), գ) տեղագրական քարտեզներ։

Ոլորտային (թեմատիկ) շերտերը ենթադրում են ոլորտների կառավարման ներքո գտնվող օբյեկտների, գույքի և ռեսուրսների կադաստրներ, ինչպես նաև տնտեսության արդյունավետ կառավարմանն անհրաժեշտ երկրատեղեկատվական թեմատիկ նյութեր։ Ոլորտային շերտերի ցանկը, ի տարբերություն բազայինի, ենթակա է վերադասավորման։

(նախադասությունը հանվել է 17.12.20 N 2124-Լ)

(20-րդ կետը փոփ. 17.12.20 N 2124-Լ)

21. Ինտեգրված կադաստրի մաս են կազմում նաև այն տվյալների ռեգիստրները, որոնք բազային ԵՏՀ֊ի ենթախմբերի բաղկացուցիչ մասն են՝

1) կադաստրային արխիվ (անշարժ գույքի կադաստրային քարտեզներ).

2) հասցեների ռեգիստր (անշարժ գույքի կադաստրային քարտեզներ).

3) աշխարհագրական անունների և անվանումների ռեգիստր (տեղագրական քարտեզներ):

22. Ինտեգրված կադաստրը պետք է ապահովված լինի բազային ԵՏՀ֊ի համար անհրաժեշտ բոլոր արտաքին ռեգիստրների հասանելիությամբ։ Ցանկը ենթակա է քննարկման համակարգի ներդրման ամբողջ ընթացքում։

23. Նախատեսվում է մշակել Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածք՝ (ԱՏՏԵ/NSDI) ստանդարտ։ Այն նախատեսվում է մշակել գոյություն ունեցող ԵՄ INSPIRE դիրեկտիվների հիման վրա և մասնակիորեն լրացնել արդեն փոխառած կամ տեղայնացված գործող տարածական մետատվյալներից՝ նախապես խմբագրմամբ և միասնականացմամբ։ Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքը ինտեգրված կադաստրի ներդրման անհրաժեշտ և հիմնարար պայման է։

24. Ինտեգրված կադաստրի հետ համատեղ գործելու է և հասանելի է լինելու նաև ՀՀ հասցեների միասնական ռեգիստրը, որի լիակատար գործարկումը ենթադրում է հասցեների տարածական (աշխարհագրական) հղումը՝ երկրատեղեկատվական համակարգի հետ փոխկապակցմամբ։ Այսպիսով՝ հասցեների միասնական ռեգիստրը կարող է ունենալ թե՛ տեքստային (ոչ տարածական), թե՛ տարածական (ԵՏՀ տրամաբանությամբ) առանձին հասանելիություն։

Ինտեգրված կադաստրը նաև կարող է հանդիսանալ հարթակ՝ համայնքների և լիազորված գերատեսչությունների կողմից հասցեների ռեգիստրի տարածական (աշխարհագրական) հղմամբ վարման, նոր հասցեների վարույթների անցկացման և որոշումների կայացման համար։

25. Ինտեգրված կադաստրի տվյալների պահոցի հիմքում պետք է լինեն տվյալների ռելացիոն բազաներ և տվյալների բազաների կառավարման ռելացիոն համակարգեր (ՏԲԿՌՀ), որոնք տարածական տվյալների դեպքում պետք է ունենան համապատասխան կիրառման հնարավորություն։ Պահոցի հիմքում պետք է ներդրված լինի մուտքագրման պատճենման համակարգ (Copy-on-Write), ինչը թույլ չի տա փոփոխության ենթարկել երբևէ մուտքագրված որևէ տվյալ՝ թույլատրելով նոր տվյալների մուտքը միայն որպես պատճեն։ Պահոցը պետք է ունենա նաև փոփոխությունների ընթացիկ հայելային, ինչպես նաև ամբողջական պահոցի պարբերական, պահուստային պատճենում։

Տվյալ համակարգը մշտապես ակտուալ ինտեգրացիոն իրավիճակ ունենալու, ինչպես նաև համակարգի պատմության ցանկացած կետի ժամանակային առանցքով վերադառնալու հնարավորություն կտա։

26. Նախատեսվում է ոլորտային համապատասխան հանձնաժողովների, ներգերատեսչական և միջգերատեսչական կոլեգիալ որոշումներ պահանջող տարածական և ոչ տարածական տվյալների ստեղծման կամ խմբագրման համար ստեղծել տվյալների տրամադրման հիմնավորումների հավաքագրման և որոշումների կայացման հարթակ՝ օգտագործելով Ինտեգրված կադաստրի ԵՏՀ միջոցները։ Բազմաշերտ քարտեզագրական և ֆոտոհատակագծային արխիվային բազայի մեկ միասնական երկրատեղեկատվական համակարգից օգտվելը կբացառի տվյալների անհամապատասխանության դեպքերը և կնպաստի արագ ու անսխալ որոշումների կայացմանը, ինչպես օրինակ՝ հողերի նպատակային նշանակության փոփոխությունների դեպքերում։

27. Ինտեգրված կադաստրի հասանելիությունը պետք է կարգավորվի ընդհանուր անվտանգության համակարգով, թույլատրման կամ սահմանափակման խմբերով և տվյալների հասանելիության շրջանակներում հավելվածի ծրագրավորման ինտերֆեյսով (API):

 

8. ԻՆՏԵԳՐՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՄԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

 

28. Ինտեգրված կադաստրի ստեղծման և ներդրման համար օգտագործվում են պետական բյուջեի, դրամաշնորհների և ՀՀ կադաստրի կոմիտեի ֆինանսական միջոցները:

Պահանջվող ֆինանսական միջոցների չափը կճշտվի ինտեգրված կադաստրի ստեղծման և ներդրման ծրագրի կազմման ընթացքում:

(28-րդ կետը փոփ. 17.12.20 N 2124-Լ)

 

9. ԱՄՓՈՓ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

29. Այսպիսով՝ ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգը կարևոր փաստաթուղթ է ոլորտի հետագա կայուն զարգացման ու միասնականության ապահովման համար: Այն պետք է հիմք հանդիսանա ոլորտի քաղաքականության և ռազմավարության մշակման համար: Ոլորտի արդյունավետ քաղաքականության և ռազմավարության մշակման համար անհրաժեշտ է գործընթացներում ներգրավել բոլոր շահագրգիռ կողմերին, նրանց հետ համագործակցել, ինչպես նաև մշտապես հետևել միջազգային փորձի լավագույն օրինակներին, պարբերաբար ուսումնասիրել դրանք:

30. Ինտեգրված կադաստրի ներդրումը հնարավորություն կտա համակարգելու Հայաստանի Հանրապետության տարածքում առկա տարածական տվյալները և համակարգի հետագա զարգացման հաշվին դրանում ընդգրկելու հանրապետությունում առկա բոլոր թվային և ոչ թվային տեղեկությունները: Կկրճատվի առանձին ծրագրերի համար առկա տվյալների հավաքագրման ժամանակը, կբարձրանան առկա տվյալների հետ աշխատանքի արդյունավետությունը և ճշտությունը, որի հաշվին հնարավոր կլինի բարձրացնել վերլուծական աշխատանքների արդյունքում ստացված նախնական եզրակացությունների և արդյունքների որակը՝ հասնելով ծրագրի մշակման ընթացքում և իրականացման մեկնարկից առաջ ստացվող տվյալների առավել բարձր մակարդակի հավաստիության: Ինտեգրված կադաստրի ստեղծումն ու ներդրումը կտրուկ կնվազեցնեն մարդկային գործոնի ազդեցությունը ծրագրերի մշակման ելակետային տվյալների վրա, և հնարավոր կլինի նվազեցնել պետական նշանակության ցածր արդյունավետության ծրագրերի մեկնարկի հավանականությունը: Տվյալների միասնական կառավարման հնարավորությունը կօգնի վեր հանելու այնպիսի խնդիրներ, որոնք վերաբերում են մի քանի ոլորտների, և որոնց վերհանման համար առանձին կադաստրների առկայությունը խոչընդոտ էր նախկինում: Կբացառվի տարբեր մարմինների կողմից մեկ խնդրի լուծման ուղղությամբ մի քանի զուգահեռ ծրագրերի իրականացումը, և ամենակարևորը՝ այդ ծրագրերի տարբեր ելքային արդյունքների ստացումը:

31. Նոր ծրագրերի իրականացման հաշվին կկատարվի տվյալների միասնական թարմացում, որի հաշվին հնարավոր կլինի խուսափել տարբեր մարմինների կողմից վարվող կադաստրներում առկա տվյալների թարմության տարբեր մակարդակներից: Ինտեգրված կադաստրի հիմքի վրա կկարողանանք մշակել նոր թվային գործիքներ ՀՀ տնտեսությունը ավելի թվային դարձնելու և կառավարելիությունը բարձրացնելու համար:

32. Ըստ նախնական հաշվարկների՝ ինտեգրված կադաստրի ստեղծման և ամբողջական ներդրման համար անհրաժեշտ կլինի հինգ տարի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Գծապատկեր 1

 

Ներմուծեք նկարագրությունը_20617

 

Գծապատկեր 2

 

Ներմուծեք նկարագրությունը_21145

(գծապատկերը փոփ. 17.12.20 N 2124-Լ)

(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 17.12.20 N 2124-Լ)

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2019 թվականի
մայիսի 23-ի N 672-Լ որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ԻՆՏԵԳՐՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

Միջոցառման իրականացմանն ուղղված քայլերը

Ակնկալվող արդյունքը

Պատասխանատու

կատարողը

Համակատարողը

Ժամկետը

Ֆինանսա-վորման աղբյուրը և կանխատեսվող չափը

1. ՀՀ վարչապետի որոշման նախագիծ՝ միջգերա-տեսչական հանձնաժողովի ստեղծման և աշխատակարգի հաստատման մասին

գործընկեր մարմինների շրջանում աշխատանքների համակարգված պլանավորում

և իրականացում

ՀՀ կադաստրի կոմիտե

1. ՀՀ շրջակա միջավայրի

նախարարություն

2. ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարություն

3. ՀՀ տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների

նախարարություն

4. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

5. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

6. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

7. ՀՀ քաղաքաշինության կոմիտե

8. ՀՀ ոստիկանություն

9. Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

10. Ենթակառուց-վածքներ տնօրինող

կազմակերպու-թյուններ (համաձայնությամբ)

2019 թ.

հունիս

Ֆինանսավորում չի պահանջվում:

2. Առկա իրավական հենքի և իրականացված ծրագրերի գույքագրում, միջազգային փորձի ուսումնասիրման հիման վրա ռազմավարական ծրագրի մշակում և ներկայացում ՀՀ կառավարության հաստատմանը

ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագիր

2020 թ.

դեկտեմբեր

Ֆինանսավորում չի պահանջվում:

3. Համակարգի տեղեկատվական

անվտանգության ապահովման միջոցառումների մշակում՝ ըստ միջազգայնորեն ճանաչված ստանդարտների՝

մասնավորապես ISO 27000 շարքից

   

11. ՀՀ ազգային

անվտանգության

ծառայություն

2019 թ.

օգոստոս

5 մլն դրամ

4. Ինտեգրված կադաստրի ծրագրային ապահովման տեխնիկական առաջադրանքի կազմում, ծրագրի ձեռքբերում և գործարկում

ծրագրային ապահովման կադաստրային քարտեզագրական (բազային շերտերի) մոդուլների գործարկում

 

1. ՀՀ շրջակա միջավայրի

նախարարություն

2. ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարություն

3. ՀՀ տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների նախարարություն

4. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

5. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

6. ՀՀ արտակարգ իրավիճակների

նախարարություն

7. ՀՀ քաղաքաշինության կոմիտե

8. ՀՀ ոստիկանություն

9. Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

10. Ենթակառուց-վածքներ տնօրինող

կազմակերպու-թյուններ

(համաձայնությամբ)

2022 թ. դեկտեմբեր-2024 թ. դեկտեմբեր

Ֆինանսավորում չի պահանջվում

5. Համակարգի տեխնիկական (սերվերային համակարգ և կառավարման կենտրոն) միջոցների տեխնիկական առաջադրանքի կազմում, ձեռքբերում և տեղադրում

սերվերային համակարգի տեղադրում և ծրագրային ապահովում, կադաստրային և քարտեզագրական մոդուլի գործարկում, բազային և ոլորտային կադաստրների ռեգիստրների ծրագրային ապահովում, կառավարման կենտրոնի ստեղծում, սերվերային համակարգի տեղադրում և կառավարման

կենտրոնի ստեղծում

 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

2024 թ. դեկտեմբեր

400 մլն դրամ

6. Տարածական տվյալների կառավարման (ԵՏՀ/GIS) մասնագետների վերապատ-րաստում

որակավորված մասնագետների ներգրավում տարածական տվյալների կառավարման

գործում՝ ինտեգրված

կադաստրի բազային և ոլորտային բաղադրիչների

վարումն իրականացնելու

նպատակով

   

2021 թ.

դեկտեմբեր (շարունա-կական)

50 մլն դրամ

7. Կադաստրի բազային շերտերի

մշակման աշխատանքների իրականացում և գործարկում

ինտեգրված կադաստրի բազային բաղադրիչների հասանելիության ապահովում,

որը հնարավորություն կտա օրենքով վերապահված

լիազորություններ ունեցող մարմիններին պարբերաբար

թարմացմամբ ստանալու

առկա տարածական

տվյալները

 

   

2020 թ.

դեկտեմբեր

Ֆինանսավորում չի

պահանջվում:

ինտեգրված կադաստրի

բազային բաղադրիչների

հասանելիության ապահովում,

որը հնարավորություն կտա օրենքով վերապահված

լիազորություններ ունեցող

մարմիններին իրական

ժամանակային ռեժիմում

ստանալու առկա տարածական տվյալները

   

2023 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում

8. Պիլոտային ոլորտային կադաստրի

ստեղծում և ներդրում

ոլորտային կադաստրի

ինտեգրման խնդիրների

վերհանում և անհրաժեշտության դեպքում խմբագրումներ նախորդ քայլերով մշակված իրավական և այլ գործառնական

փաստաթղթերում

ՀՀ կադաստրի

կոմիտե

ՀՀ տարածքային

կառավարման և

ենթակառուց-վածքների

նախարարություն Քաղաքաշինության կոմիտե

2023 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում

9. Ինտեգրված կադաստրի ոլորտային բաղադրիչների ստեղծում և համակարգի ամբողջական գործարկում՝ ըստ ոլորտների պատրաստ-վածության

1․ տվյալների տարածական հղմամբ, աշխարհագրական հարաչափեր ունեցող ճյուղային կադաստրների և ռեգիստրների միավորմամբ, փոխկապակցված տեղեկատվական փաստաթղթերի հիման վրա մեկ միասնական ինքնաշխատ տեղեկատվական ռեսուրսի ստեղծում

2. տարածքների, տնտեսության, բնական պաշարների, բնապահպանական, քաղաքաշինական և այլ գործընթացների արագ և արդյունավետ կառավարում

3. ֆինանսական միջոցների և աշխատանքային ռեսուրսների խնայողություն

4. հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացում

5. տեղեկատվական տեխնոլոգիաների և տեխնիկական միջոցների ներդրման արագություն և արդյունավե-տություն

ՀՀ կադաստրի կոմիտե

1. ՀՀ շրջակա միջավայրի

նախարարություն

2. ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարություն

3. ՀՀ տարածքային կառավարման և

ենթակառուց-վածքների նախարարություն

4. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

5. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

6. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

7. ՀՀ քաղաքաշինության կոմիտե

8. ՀՀ ոստիկանություն

9. Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

10. Ենթակառուց-վածքներ տնօրինող

կազմակերպու-թյուններ

(համաձայնությամբ)

2024 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

185 մլն դրամ

         

Ընդամենը՝ 640 մլն դրամ

(հավելվածը խմբ. 17.12.20 N 2124-Լ, փոփ., լրաց. 13.10.22 N 1583-Լ, փոփ. 28.12.23 N 2317-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան