Գլխավոր տեղեկություն
Համար
N 2305-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.12.25-2024.01.07 Պաշտոնական հրապարակման օրը 28.12.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.12.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 դեկտեմբերի 2023 թվականի N 2305-Ն

 

ՀՈՐԱՏԱՆՑՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՔԱՂՑՐԱՀԱՄ ՋՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՁԿՆԱԲՈՒԾԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՓԱԿ ՇՐՋԱՆԱՌՈՒ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 37.3-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարաններում փակ շրջանառու համակարգի ներդրման կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

28.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 28-ի N 2305-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

 ՀՈՐԱՏԱՆՑՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՔԱՂՑՐԱՀԱՄ ՋՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՁԿՆԱԲՈՒԾԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՓԱԿ ՇՐՋԱՆԱՌՈՒ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարանների գործունեության հետևանքով ստորերկրյա ջրային ռեսուրսների ջրային հաշվեկշռի անհավասարակշռության վերականգնման և պահպանման նպատակով փակ շրջանառու համակարգի (այսուհետ` փակ շրջանառու համակարգ) ներդրման հետ կապված հարաբերությունները

2. Փակ շրջանառու համակարգ` ջրախնայող համակարգ, որը կապահովի ձկնաբուծարանի ելքային ջրերի առնվազն 40 տոկոսի մաքրումից հետո կրկին օգտագործումը նույն ձկնաբուծարանի նույն ավազաններում՝ հորատանցքից իրականացնելով ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ջրառի ծավալի առավելագույնը 60 տոկոսի չափով ջրառ և ապահովելով ձկնաբուծարանի մուտքային ջրերի առնվազն 40 տոկոս ջրախնայողություն։

3. Ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ջրառի ծավալի առավելագույնը 60 տոկոսի օգտագործումը չի առաջացնի ձկնաբուծարանի արտադրողականության կրճատում: Ձկնաբուծարանի ելքային ջրերի առնվազն 40 տոկոսը մաքրումից հետո կրկին օգտագործվելու է նույն ձկնաբուծարանի նույն ավազաններում՝ ապահովելով մինչ այդ ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ջրառի ծավալի 100 տոկոսը:

4. Փակ շրջանառու համակարգի ներդրման ժամանակ ձկնաբուծարանի ելքային ջրերի առնվազն 40 տոկոսը մաքրումից հետո հարստացվում է թթվածնով և վերադարձվում է կրկնակի օգտագործման:

5. Փակ շրջանառու համակարգի ձեռքբերման, տեղադրման, շահագործման և սպասարկման ծախսերը կատարում են ջրօգտագործողներն իրենց միջոցների հաշվին կամ պետական օժանդակության ծրագրերի միջոցով։

6. Ջրօգտագործողը թղթային կամ էլեկտրոնային եղանակով ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին է ներկայացնում փակ շրջանառու համակարգի տեղադրման և շահագործման վերաբերյալ տեղեկատվություն, մասնավորապես, ջրի մաքրման, թթվածնով հարստացման և կրկնակի օգտագործման համակարգի տեղադրված լինելու վերաբերյալ՝ ոչ ուշ, քան մինչև 2024 թվականի մարտի 1-ը:

7. Ջրօգտագործողի կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա ջրավազանային կառավարման տարածքային մարմինների կողմից իրականացվում է ջրային ռեսուրսների պահպանության փաստացի վիճակի մոնիտորինգ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի պահանջների:

8. Փակ շրջանառու համակարգի պահպանության և անխափան աշխատանքի ապահովման պատասխանատվությունը կրում է ջրօգտագործողը:

9. Ձկնաբուծարանների կողմից առանց փակ շրջանառու համակարգի հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերից ջրօգտագործում իրականացնելն առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

28.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 դեկտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան