ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հունվարի 2024 թվականի N 27-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԳՈՐԾՈՂ ԱՂԲԱՎԱՅՐԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՓԱԿՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի 3.3-րդ կետի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում գոյություն ունեցող և գործող աղբավայրերի շահագործման, բարեկարգման և փակման նվազագույն նորմերը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
08.01.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականի հունվարի 4-ի N 27-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԳՈՐԾՈՂ ԱՂԲԱՎԱՅՐԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ՈՒ ՓԱԿՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՆՈՐՄԵՐԸ
I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Սույն նվազագույն նորմերով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գոյություն ունեցող և գործող կոշտ կենցաղային թափոնների աղբավայրերի շահագործման, բարեկարգման ու փակման գործընթացները։
2. Սույն նվազագույն նորմերը սահմանվում են էկոլոգիապես անվտանգ պայմանների ապահովման, մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա աղբավայրերի բացասական և վտանգավոր ներգործության նվազեցման ու չեզոքացման նպատակով։
II. ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3. Սույն նվազագույն նորմերում օգտագործված են հետևյալ հասկացությունները՝ դրանց համապատասխան սահմանումներով`
1) աղբավայր՝ բնապահպանական, քաղաքաշինական և սանիտարական նորմերին համապատասխան հատուկ ինժեներական կառույցների համակարգ` նախատեսված աղբի անվնաս տեղադրման, մեկուսացման և չեզոքացման համար.
2) գոյություն ունեցող աղբավայր՝ մեկ կամ մի քանի բնակավայրերի կողմից շահագործվող բնապահպանական, քաղաքաշինական և սանիտարական նորմերին չհամապատասխանող առկա աղբավայր.
3) թափոնների թաղում (տեղադրում)՝ շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությունների չեզոքացման նպատակով թափոնների մեկուսացում, որոնք ենթակա չեն հետագա օգտահանման ու վերամշակման.
4) իներտ թափոն՝ թափոն, որը չի ենթարկվում, կամ շատ դանդաղ է ենթարկվում ֆիզիկական, քիմիական կամ կենսաբանական որևէ էական ձևափոխության։ Իներտ թափոնները չեն քայքայվում, այրվում կամ այլ նյութի հետ շփման մեջ մտնելիս ֆիզիկական կամ քիմիական ռեակցիայի մեջ չեն մտնում, կենսաբանորեն չեն քայքայվում կամ այլ եղանակով շրջակա միջավայրի կամ մարդու առողջության վրա բացասաբար չեն ազդում.
5) իներտ նյութեր՝ քիմիապես ոչ ակտիվ նյութերից կազմված նյութեր` ոչ մետաղական հանքանյութեր (ավազ, մանրացված քար և այլն), արհեստական ոչ մետաղական նյութեր (ընդլայնված կավ/կերամզիտ և այլն).
6) աղբավայրերի սանիտարական պաշտպանության գոտի՝ աղբավայրի զբաղեցրած տարածքի շառավիղով նվազագույնը 500 մ տարածք.
7) աղբավայրերի փակում՝ աղբավայրի շահագործման դադարեցում և տարածքի վերականգնում՝ համաձայն աղբավայրի փակման պլանի։
III. ԱՂԲԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՆՈՐՄԵՐԸ
4. Աղբավայրում տեղադրվում են կոշտ կենցաղային թափոնները բնակելի ու հասարակական շենքերից, առևտրային և հանրային սննդի ձեռնարկություններից, բնակավայրերի սանիտարական մաքրումից առաջացող աղբը, շինարարական թափոնները և այլ տեսակի կոշտ իներտ թափոնները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի դեկտեմբերի 25-ի 2006 թվականի N 430-Ն հրամանով հաստատված ըստ վտանգավորության դասակարգման ցանկի 3-4-րդ դասի (բացառությամբ սույն հավելվածի 8-րդ կետում նշված) վտանգավորության թափոնները:
5. Աղբավայրում արգելվում է տեղադրել պայթուցիկ և դյուրավառ նյութերի, բժշկական հաստատություններից ու սպանդանոցներից առաջացած և այլ կենսաբանական թափոնների, էլեկտրոնային և էլեկտրատեխնիկական սարքավորումների թափոնների, սնդիկ պարունակող լամպերի և այլ արտադրանքի, էլեկտրական կուտակիչների և մարտկոցների, փոխադրամիջոցների և դրանց անվադողերի, ինչպես նաև առանց հատուկ տարաների մեջ պահեստավորված հեղուկ թափոնները։
6. Արգելվում է աղբավայրի տարածքում աղբի բաց եղանակով այրումը։
7. Թափոնների տեսակավորում աղբավայրերում թույլատրվում է իրականացնել թափոնների թաղման աշխատանքային տարածքից հեռու հատուկ հատկացված վայրում՝ սանիտարական պայմաններում՝ մարդու առողջությանը և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունների հնարավորինս նվազեցման պարագայում։
8. Աղբավայր շահագործողները ձեռնարկում եմ անհրաժեշտ հակահրդեհային միջոցներ թափոնների ինքնայրումը կանխելու համար:
IV. ԳՈՐԾՈՂ ԱՂԲԱՎԱՅՐԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՆՈՐՄԵՐՆ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
9. Գործող աղբավայրերի բարեկարգման նպատակով անհրաժեշտ է՝
1) աղբավայրի տարածքը սահմանագծով սահմանազատել առնվազն 2 մ բարձրությամբ դիմացկուն ցանկապատով՝ կողմնակի անձանց և կենդանիների մուտքը բացառելու նպատակով.
2) աղբավայրի տարածքը կահավորել մուտքային դարպասով կամ ուղեփակոցով՝ ապահովելով աղբավայրի շահագործող մեքենամեխանիզացիայի և աղբատար մեքենաների հասանելի մուտքն ու ելքը.
3) աղբավայրի մուտքի մոտ տեղադրել համապատասխան ցուցանակ (ցուցանակներ)՝ նշելով այն համայնքը/բնակավայրը (բնակավայրերը), որոնց սպասարկում է տվյալ աղբավայրը և աղբավայրը շահագործողի կոնտակտային տվյալները, ինչպես նաև պատշաճ կետերում տեղադրել ուղղորդող և զգուշացնող նշաններ։
V. ԳՈՐԾՈՂ ԱՂԲԱՎԱՅՐԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՆՈՐՄԵՐԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
10. Կոշտ կենցաղային թափոնների բեռնաթափումից հետո աղբավայրում պետք է իրականացվեն թափոնների հարթեցման և վերևից հորիզոնական կամ հորիզոնականին մոտ խտացման/տոփանման աշխատանքներ։ Խտացումից հետո մակերևույթի բարձրությունը չպետք է գերազանցի 2,0 մ։
11. Թափոնների հարթեցումը և խտացումը պետք է իրականացվի աշխատանքային մակերևույթի վրա դրանց բեռնաթափումից անմիջապես հետո, ինչի շնորհիվ հնարավորություն կընձեռվի գոյություն ունեցող տարածքում տեղադրել ավելի մեծ քանակությամբ աղբ, միաժամանակ նվազեցնելով հրդեհների առաջացման, միջատների, վնասատուների և թռչունների կողմից աղբի տարածման հավանականությունը։
12. Աղբավայրերում թափոնների հարթեցումն և տոփանումը պետք է իրականացվի բուլդոզերներով կամ տոփանող մեքենաներով։
13. Հաշվի առնելով, որ աղբավայրում կոշտ կենցաղային թափոնների քայքայման ընթացքում միաժամանակ տեղի են ունենում ֆիզիկական, քիմիական և կենսաբանական (կենսաքիմիական) բազմաթիվ պրոցեսներ, աղբավայրերում տեղադրվող թափոնների յուրաքանչյուր շերտ պետք է մեկուսացվի/ծածկվի 20 սմ չտոփանված հողի շերտով: Ընդ որում +5C և ավելի ջերմաստիճանի դեպքում մեկուսացումն իրականացվում է ամեն օր, իսկ +5C ջերմաստիճանից ցածրի դեպքում՝ ոչ ուշ, քան թափոնների բեռնաթափումից 3 օր հետո։ Տեղադրված թափոնների օրական մեկուսացումը/ ծածկումը կկանխի թափոնների և գարշահոտի տարածումը, թափառող կենդանիների, վնասատուների և թռչունների մուտքը, ինչպես նաև կբարելավի աղբավայրի և ակտիվ աշխատանքային տարածքի արտաքին տեսքը:
14. Թափոնների մեկուսացման/ծածկման համար կարելի է օգտագործել հողային զանգվածների, կավի նման ոչ ծակոտկեն իներտ նյութեր, ինչի նպատակն է նվազեցնել ջրի մուտքի, ինչպես նաև թորանի առաջացման հավանականությունը: Հնարավորության դեպքում օրական ծածկման համար կարելի է օգտագործել աղբավայրի տարածքում փոսորակների քանդման արդյունքում գոյացած հողային զանգվածը:
15. Ձմռան ամիսներին, հողային շերտի օգտագործման բարդության պատճառով, որպես մեկուսիչ/ծածկող նյութ կարող են օգտագործվել խարամներ, շինարարական թափոններ, կոտրված աղյուս, կրաքար, կավիճ, գիպս, ձուլակտոր, բետոն, կերամիկական սալիկներ, գիպս, ասֆալտբետոն և այլն:
16. +20C և բարձր ջերմաստիճանի դեպքում տեղադրված թափոնների շերտերի մեկուսացման աշխատանքներից առաջ պետք է տոփանված թափոնները խոնավացնել՝ 1 խոր. մ թափոնին մինչև 10լ ջրի չափով։ Ջրամատակարարման համակարգի բացակայության դեպքում այն իրականացվում է բերովի ջրով՝ ջրցան մեքենաների միջոցով։
17. Աղբավայրի մուտքի մոտ անհրաժեշտ է ապահովել ջրի և ախտահանիչ նյութերի առկայությունը՝ աղբատար փոխադրամիջոցների թափքերը և անվադողերը յուրաքանչուր անգամ թափոնները թափելուց հետո լվանալու և ախտահանելու համար: Ջրամատակարարման համակարգի բացակայության դեպքում անհրաժեշտ է տարածքն ապահովել ջրի բաքերով։ Լվացումից գոյացող կեղտաջրերը պետք է ուղղվեն զտվածքի մշակման համակարգ (եթե առկա է) կամ կուտակվեն հատուկ բաքերում և օգտագործվեն հակահրդեհային նպատակով թափոնների խոնավացման համար։
18. Աղբավայրը շահագործող կազմակերպությունը պարտադիր պետք է ապահովի աղբավայր տեղադրվող թափոնների հաշվառման համակարգ՝ սույն հավելվածի 22-րդ կետով սահմանված գրանցամատյանում համապատասխան գրանցումների միջոցով։
19. Հնարավորության դեպքում պետք է տեղադրել ավտոմոբիլային կշեռքներ և կատարել հաշվառումներ՝ օրական կտրվածքով։ Իսկ կշեռքների տեղադրման անհնարինության դեպքում՝ պարտադիր ապահովել տվյալների գրանցման և պահպանման համակարգ՝ հիմնվելով աղբավայր մուտք գործող աղբատար մեքենաների թվի, նրանց ծավալի ու քաշի և թափոնի տեսակի մասին մոտավոր հաշվարկի վրա:
20. Աղբավայրը շահագործող կազմակերպությունը պարտադիր պետք է մշակի աղբավայրի շահագործման պլան, աղբավայրում ընդունման և մերժման ենթակա թափոնների տեսակների ցանկը, վարի թափոնների ընդունման գրանցամատյանը և իրականացնի հսկողություն աղբավայր մուտք գործող թափոնների կազմի նկատմամբ՝ շուրջօրյա ռեժիմով:
21. Համաձայն կազմված ցանկի՝ աղբավայրում տեղադրման ոչ ենթակա թափոնների մերժման դեպքում՝ աղբավայրում կարող է նախատեսվել մերժված թափոնների համար ժամանակավոր պահեստավորման հատուկ տեղամաս, որտեղից մերժված թափոնները կտեղափոխվեն համապատասխան գործածության վայր։
22. Աղբավայրում տեղադրվող թափոնների յուրաքանչյուր հոսքը գրանցվում է թափոնների ընդունման գրանցամատյանում՝ ստորև ներկայացվող օրինակելի ձևով։
Ամիս, ամսաթիվ, ժամ |
Թափոններ ներկրող /կազմակերպություն, ԱՁ և այլն/ |
Տրանսպորտային միջոցի մակնիշը և պետհամարանիշը |
Երթուղին կամ հավաքված թափոնների վայրերի վերաբերյալ տեղեկատվություն |
Ընդունվող թափոնների քանակը |
Նշում մերժման ենթակա թափոնների վերաբերյալ /առկայության դեպքում | |
խոր․ մետր |
տոննա | |||||
23. Աղբավայրը շահագործող կազմակերպությունը պետք է մշակի հրդեհներից պաշտպանության պլան և ապահովի պլանով նախատեսված միջոցառումների իրականացումը գործող աղբավայրի գործունեության ամբողջ ընթացքում:
24. Աղբավայրը շահագործող կազմակերպությունը յուրաքանչյուր տասն օրը մեկ պետք է իրականացնի աղբավայրի սանիտարական պահպանության գոտու և աղբավայրի մուտքի ճանապարհի հարակից տարածքի մաքրման աշխատանքներ։
25. Աղբավայրի շահագործումն իրականացվում է ստորև ներկայացվող սխեմայով նկարագրված գործողություններին համապատասխան.
VI. ԳՈՐԾՈՂ ԱՂԲԱՎԱՅՐԵՐԻ ՓԱԿՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՆՈՐՄԵՐՆ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
26. Հանրապետությունում առկա աղբավայրերը ենթակա են փակման՝ աղբավայրի հետագա շահագործման անհնարինության, շահագործման ժամկետը լրանալու դեպքերում, ինչպես նաև հաշվի առնելով, որ հանրապետությունում գործող աղբավայրերը չեն համապատասխանում բնապահպանական, քաղաքաշինական ու սանիտարական նորմերին, դրանք ենթակա են փակման համապատասխան տարածաշրջանային սանիտարական աղբավայրերի կառուցման և շահագործման հանձնելուց անմիջապես հետո։
27. Աղբավայրը փակելուց առաջ մշակվում է աղբավայրի փակման պլան՝ հստակեցնելով փակման գործողությունները, ժամկետները, ինչպես նաև խախտված հողերի վերականգնման աշխատանքների որակական բնութագրերին և ցուցանիշներին ներկայացվող պահանջների նկարագրություն:
28․ Աղբավայրը փակելուց առաջ տեղադրվող թափոնների վերին շերտը պետք է խտացնել հավասարաչափ և ծածկել հողի շերտով, որի տեսակն ու հաստությունն ընտրվում է՝ ելնելով նշված տարածքի հողի վերականգնման և հետագա օգտագործման նպատակից։
29. Հողի արտաքին շերտը պետք է լինի մանրահող (օր.՝ կավային ցեխ կամ կավահող), որը պետք է ծածկել խոշոր ավազի կամ մանրախճի շերտով՝ մակերևութային ջրերի դրենաժին նպաստելու համար:
30. Անտառատնտեսական, կանաչապատման կամ վերականգնմանն ուղղված այլ աշխատանքների /այդ թվում՝ որպես լեռնադահուկային կամ տեղանքը դիտելու համար հարթակներ նախատեսելու/ դեպքում վերին ծածկող հողի շերտը պետք է լինի առնվազն 0.6 մ հաստության։
31. Եղանակներից կամ աղբավայրի լանջերից հողի արտահոսքից պաշտպանվելու համար արտաքին մեկուսիչ շերտը դնելուց անմիջապես հետո անհրաժեշտ է կանաչապատել տարածքը։ Ծառերի և թփերի տեսակների ընտրությունը որոշվում է տեղական պայմաններով և համաձայնեցվելով Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի հետ:
32. Հնարավորության դեպքում կիրառվում է աղբավայրերի փակման հերմետիկ համակարգ՝
1) արհեստական անթափանց շերտ (պոլիմերային շերտ).
2) անթափանց հանքային շերտ.
3) 0.5 մ-ից ավելի հաստությամբ դրենաժային շերտ.
4) վերին մակերեսի ծածկույթ՝ 1 մ-ից ավելի հաստությամբ:
33. Տարածաշրջանային սանիտարական աղբավայրերի կառուցման և շահագործման դեպքում հնարավոր է գործող աղբավայրերի թափոնները տեղափոխել տարածաշրջանային սանիտարական աղբավայր և իրականացնել խախտված հողերի վերականգնում, ինչպես նաև շրջակա միջավայրի պայմանների բարելավում։
34. 15000 և ավելի բնակչի սպասարկող և օրական 10 տոննա և ավելի աղբ տեղադրվող աղբավայրերի փակման ժամանակ իրականացվում են առաջացող գազերի հեռացման և օգտագործման համակարգերի տեղակայման աշխատանքներ։
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
08.01.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հունվարի 2024 թվական: