Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1707
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.12.25-2024.01.07 Պաշտոնական հրապարակման օրը 25.12.2023
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
19.12.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
19.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.12.2023

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

19 դեկտեմբերի 2023 թ.

 

ԱՐՈՒՍՅԱԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱ­ՊԵ­ՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 398-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրի­գոր­յանի, Հ. Թովմասյանի, Ա. Թունյանի, Ե. Խունդկարյանի, Հ. Հովակիմյանի, Է. Շա­թիր­յանի, Ս. Սաֆարյանի,  Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

դիմողի՝ Արուսյակ Ալեքսանյանի ներկայացուցիչ Ա. Մանուկյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովի ներկայա­ցու­ցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Մ. Ստեփանյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանա­դրական օրենքի 22 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Արուսյակ Ալեքսանյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը (այսու­­հետ նաև՝ Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2021 թվականի հունիսի 30-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 2021 թվականի հուլիսի 27-ին և ուժի մեջ է մտել 2022 թվականի հուլիսի 1-ին: 

Օրենսգրքի՝ «Վճռաբեկ դատարանում հատուկ վերանայման բողոքով նախնա­կան վարույթը» վերտառությամբ 398-րդ հոդվածի 3-րդ մասը  սահմանում է. 

«Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է, եթե Վճռաբեկ դատարանը գալիս է հետևության, որ վարույթ ընդունելու պայմանների հիմնավորումները բավարար չեն»:

Գործի քննության առիթն Արուսյակ Ալեքսանյանի (այսուհետ նաև՝ Դիմող) 2023 թվականի օգոստոսի 7-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:   

Ուսումնասիրելով դիմումը, պատասխանողի գրավոր բացատրությունը, գործում առկա մյուս փաստաթղթերը և վերլուծելով Օրենսգրքի վիճարկվող իրավադրույթները` Սահմանադրական դատարանը  ՊԱՐԶԵՑ.

 

1.  Սահմանադրական  վեճի նախապատմությունը

Հակակոռուպցիոն դատարանի 2023 թվականի հունվարի 18-ի թիվ ՀԿԴ/0002/01/23 գործով որոշմամբ մեղադրյալ Ա. Ալեքսանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը՝ երեք ամիս ժամանակով՝ նույն ժամանակահատվածում սահմա­նափակելով նրա՝ այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը:

Վերաքննիչ քրեական դատարանը, գրավոր ընթացակարգով դատական վերանայ­ման ենթարկելով հակակոռուպցիոն դատարանի 2023 թվականի հունվարի 18-ի՝ մեղադրյալ Ա. Ալեքսանյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու մասին թիվ ՀԿԴ/0002/01/23 գործով որոշման դեմ մեղադրյալ Ա. Ալեքսանյանի պաշտպանների հատուկ վերանայման բողոքները, 2023 թվականի փետրվարի 23-ին որոշել է հակա­կո­ռուպցիոն դատարանի 2023 թվականի հունվարի 18-ի՝ մեղադրյալի նկատմամբ խափան­ման միջոց կիրառելու մասին թիվ ՀԿԴ/0002/01/23 գործով որոշումը մասնակիորեն՝ այլ անձանց հետ հաղորդակցության սահմանափակման մասով, բեկանել և մեղադրյալի՝ այլ անձանց հետ հաղորդակցության սահմանափակումները վերացնել, մնացած մասով դատական ակտը թողնել օրինական ուժի մեջ: 

Վճռաբեկ դատարանը, քննարկելով թիվ ՀԿԴ/0002/01/23 քրեական գործով վերա­քննիչ քրեական դատարանի 2023 թվականի փետրվարի 23-ի որոշման դեմ մեղադրյալ Ա. Ալեքսանյանի պաշտպանի վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու հարցը, 2023 թվականի ապրիլի 26-ին որոշել է մերժել վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը՝ հետևյալ պատճառաբանությամբ. «Բողոքաբերի փաստարկների, սույն գործի նյութերի, ինչպես նաև բողոքարկվող դատական ակտի պատճառաբանությունների համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոք բերած անձի կող­մից բավարար կերպով չի հիմնավորվել, որ Վերաքննիչ դատարանի կողմից առ­երևույթ թույլ է տվել դատական սխալ, և որ միաժամանակ բողոքներում բարձրացված հարցերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, հետևաբար բացակայում են բողոքները վա­րույթ ընդունելու՝ ՀՀ քրեական դատավարության օրենս­գրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված պայմանը»: 

 

2.  Դիմողի դիրքորոշումները

Ներկայացնելով թիվ ՀԿԴ/0002/01/23 քրեական գործի դատավարական նախա­պատմությունը՝ Դիմողը նշում է, որ հիշյալ քրեական գործով Հայաստանի Հանրապե­տության քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասին Վճռաբեկ դատարանի կողմից փաստացի տրված այն մեկնաբանությունը, ըստ որի՝ հատուկ վերա­նայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը կարող է պա­րու­նակել միայն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերի անբավարարության մասին եզրահանգում՝ առանց այդպիսի եզրահանգման համար հիմք ծառայած դատողու­թյուն­ների ընթացքի արձանագրման, հակասում է Սահմանադրությամբ ամրագրված արդար դատաքննության իրավունքի բովանդակությանն այնքանով, որքանով Հայաս­տանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մա­սին Վճռաբեկ դատարանի կողմից տրված մեկնաբանության շրջանակներում թույլատ­րելի է համարվում հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել՝ առանց կոնկրետ գործով փաստերի և իրավունքի վերաբերյալ ողջամիտ ու համոզիչ պատճառաբանության, այն է՝ առանց գործի լուծման համար նշանակություն ունեցող և կողմի ներկայացրած փաստի կամ իրավունքի հարցերի վերաբերյալ փաստարկները մերժելու մասին դատողությունների ընթացքի և դրա եզրահանգման առկայության:

Վկայակոչելով արդար դատաքննության հիմնական իրավունքի և դրա բաղադրա­տարր հանդիսացող՝ դատական ակտերի պատճառաբանվածության վերաբերյալ Սահ­մա­նադրական դատարանի կողմից արտահայտված մի շարք իրավական դիրքորոշում­ներ՝ Դիմողը գտնում է, որ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին Վճռաբեկ դատարանի որոշումը պետք է լինի պատճառաբանված, և թեև Վճռաբեկ դատարանն ունի հայեցողություն՝ որոշելու հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման պատճառաբանությունների ծավալը և խորությունը, այնուամենայնիվ Վճռաբեկ դատարանի նշված հայեցողությունը չի կարող հիմք հանդիսանալ՝ իր որոշումը պատճառաբանելու այն կերպ, որ դրանում արձանա­գրվի բացառապես հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերի անբավարարության մասին եզրահանգումը՝ առանց այդպիսի եզրահանգման համար հիմք ծառայած դատողությունների ընթացքի արձանագրման, այսինքն՝ առանց հստակ անդրադառնալու հատուկ վերանայման վճռաբեկ բողոքում նշված բոլոր այն հանգա­մանք­ներին և փաստարկներին, որոնք կարող են որոշիչ լինել գործի համար, և առանց հաստատելու այն, որ այդ հանգամանքների և փաստարկների կապակցությամբ Վճռա­բեկ դատարանի համար ընդունելի են ստորադաս դատարանի դիրքորոշումները:

Դիմողի կարծիքով՝ այն դեպքում, երբ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վա­րույթ ընդունելը մերժելու մասին որոշումը պարունակում է լոկ արձանագրում բողոքը վարույթ ընդունելու հիմքերի անբավարարության մասին, ապա հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը չի բավարարում դատա­կան ակտերի պատճառաբանվածության չափանիշը, հետևաբար՝ ուղղակիորեն խախ­տում է իր՝ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված արդար դատա­քննության իրավունքը:

Ամփոփելով իր փաստարկները՝ Դիմողը խնդրում է Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված արդար դատաքննության իրավունքին հակասող և անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենս­գրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասը՝ թիվ ՀԿԴ/0002/01/23 քրեական գործով տրված այն մեկնաբանության կամ այն բովանդակության շրջանակներում, որ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը կարող է պարունակել միայն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերի անբավարարության մասին եզրահանգում՝ առանց այդպիսի եզրահանգման համար հիմք ծառայած դատողու­թյուն­ների ընթացքի արձանագրման, մասնավորապես՝ առանց հստակ անդրադառնալու հատուկ վերանայման վճռաբեկ բողոքում նշված բոլոր այն հանգամանքներին և փաս­տարկներին, որոնք կարող են որոշիչ լինել գործի համար, և առանց հաստատելու, որ այդ հանգամանքների և փաստարկների կապակցությամբ Վճռաբեկ դատարանի համար ընդունելի են ստորադաս դատարանների դիրքորոշումները:

 

3.  Պատասխանողի դիրքորոշումները

Ազգային ժողովը (այսուհետ նաև՝ Պատասխանող), վկայակոչելով դատական ակ­տե­րի պատճառաբանվածության վերաբերյալ Սահմանադրական դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումները, փաստում է, որ դատավարական ակտը պետք է պարունակի նաև պատճառաբանական մաս, քանի որ միայն այդ դեպքում կարող են երևալ փաստերի հաստատման, ապացույցների գնահատման և իրավունքի կիրառ­ման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները:

Օրենսգրքի` վիճարկվող և վերաբերելի այդ դրույթներով ամրագրված իրավակար­գա­վորումների վերլուծության արդյունքում  Պատասխանողն արձանագրում է, որ Դիմո­ղը, ձևականորեն վիճարկելով Օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանա­դրականությունը, դիմումում բարձրացնում է դատական ակտի իրավաչափության հարց, մինչդեռ դատական ակտի իրավաչափության գնահատումը ենթակա չէ Սահմանա­դրա­կան դատարանին:

Ամփոփելով իր դիրքորոշումը՝ Պատասխանողը խնդրում է «Արուսյակ Ալեքսանյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել կամ «Արուսյակ Ալեքսանյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով ընդունել վիճարկվող դրույթները Սահմանա­դրու­թյանը համապատասխանող ճանաչելու մասին որոշում:

 

4.  Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները

Սույն գործով սահմանադրաիրավական վեճի շրջանակներում Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.

-   որո՞նք են դատական ակտի, այդ թվում՝ հատուկ վերանայման վճռաբեկ բողոք­ը վարույթ ընդունելը մերժելու մասին Վճռաբեկ դատարանի որոշման պատճա­ռա­բան­վածության՝ որպես Սահմանադրության 63-րդ հոդվածով նախատեսված արդար դատա­քննության իրավունքի ծավալում ներառված երաշխիքի պահպանվածության սահմա­նադրական պահանջները` հաշվի առնելով Վճռաբեկ դատարանի որոշումների առանձ­նա­­հատկությունները,

-   արդյո՞ք վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնա­բանությունը, ըստ որի՝ քրեական դատավարության շրջանակներում հատուկ վերա­նայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման մեջ նշվում են միայն Վճռաբեկ դատարանի եզրահանգումները՝ առանց դրանց հիմքում ընկած դատո­ղությունների շարադրանքի, համապատասխանում է Սահմանադրության 63-րդ հոդվա­ծով նախատեսված արդար դատաքննության իրավունքին:

 

5.    Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

5.1. Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:

Սույն հիմնական իրավունքի ապահովման երաշխիքներն ունեն տարբեր բովան­դակություն և կապված են դատավարության տվյալ փուլի (կամ իրականցվող միջանկյալ վարույթի) խնդիրների հետ: Վճռաբեկ դատարանում վարույթի, այդ թվում նաև՝ Վճռաբեկ դատարանի կողմից հատուկ վերանայման վարույթում դատական ակտի վերանայման շրջանակներում անձի արդար դատաքննության իրավունքի իրացման երաշխիքն արտա­հայտվում է դատական ակտի պատճառաբանվածության օրենսդրական պահանջում, որից հետևում է դատարանի պարտականությունը՝ դատավարության ցանկացած փուլում կայացնելու պատճառաբանված դատական ակտ:

Սահմանադրական դատարանը, 2010 թվականի հունիսի 15-ի ՍԴՈ-896 որոշմամբ անդրադառնալով դատական ակտերի պատճառաբանվածության պահանջին, նշել է. «(...) օրենսդրությունն ընդհանրապես պետք է բացառի չպատճառաբանված դատական ակտի գոյությունը, որովհետև նման ակտը չի կարող համապատասխանել իրավական պետության հիմնարար սկզբունքներին, չի կարող երաշխավորել մարդկանց իրավունք­ների արդյունավետ դատական պաշտպանություն, ինչպես նաև ապահովել խախտված իրավունքների արդյունավետ վերականգնում»։

2022 թվականի փետրվարի 1-ի ՍԴՈ-1628 որոշմամբ Սահմանադրական դատա­րանը զարգացրել է դատական ակտի պատճառաբանվածության նորմատիվ պահանջի վերաբերյալ նշյալ դիրքորոշումը՝ դատական ակտի պատճառաբանվածությունը կա­պելով դատավորի անկախության և անկողմնակալության սկզբունքների հետ: Համաձայն նշյալ որոշման՝ «(...) Սահմանադրության 63-րդ հոդվածով նախատեսված արդար դա­տա­քննության իրավունքի սույն բաղադրիչը դատական քննության որակի առաջնային չափանիշ է, իսկ դատական ակտի պատճառաբանության բացակայությունը կասկածի տակ է առնում դատարանի կողմից տվյալ դատական ակտի կայացմամբ արդարա­դատության նպատակին համահունչ գործունեությունը։ Կոնկրետ գործով դատարանի կողմից կայացված դատական ակտի իրավաչափության գնահատման առաջնային չափանիշը, անկախ դատական ակտի նկատմամբ ձևավորված հանրային կարծիքից կամ կողմերի կամ հասարակության կամ դրա մի մասի վերաբերմունքից, տվյալ գործով փաս­տերի և իրավունքի հարցերի վերաբերյալ դատական ակտի հիմքում ընկած ողջամիտ և համոզիչ պատճառաբանությունն է։ Ավելին, դատավարական կողմերի մրցակցող և հակասող շահերի բախման պայմաններում ընթացող դատական վեճերում դատական ակտի պատճառաբանության բացակայությունը նման պատճառաբանության առկայու­թյան իրավական պահանջի պայմաններում կարող է սասանել կողմերի և հանրության վստահությունն առ այն, որ բացակայում են տվյալ դատական ակտը կանխորոշող այլ՝ արդարադատության նպատակների հետ չառնչվող պատճառներ։

(...)

Սահմանադրական դատարանը, վերահաստատելով դատական ակտերի պատճա­ռա­բանված լինելու սահմանադրական հրամայականի վերաբերյալ նախկինում իր արտա­­­հայտած վերոհիշյալ դիրքորոշումները, շեշտում է, որ դատական ակտի պատճա­ռա­­բանվածությունը կոչված է համոզելու, որ դատական ակտի հիմքում ընկած են ոչ թե դատավորների անհատական կամ խմբակային մոտեցումներն ու շահերը, նրանց սուբյեկտիվ վերաբերմունքը վեճի լուծման որևէ տարբերակի նկատմամբ, այլ իրավունքը։ Հետևաբար՝ ձախողելով տրամաբանական շղթայի մեջ արտացոլել վեճի լուծման համար նշանակություն ունեցող և կողմերի ներկայացրած փաստի կամ իրավունքի հարցերի վերաբերյալ փաստարկներն ընդունելու կամ մերժելու մասին դատարանի դատողու­թյուն­ների ընթացքը և դրանց եզրահանգումը դատական ակտում՝ վերջինս արդարադա­տություն իրականացնող հանրային իշխանության ատյանի ակտից վերածվում է այն հեղինակող դատավորի կողմից վեճի լուծման վերաբերյալ սուբյեկտիվ մոտեցման շա­րադրանքի՝ վտանգելով Սահմանադրության 63-րդ հոդվածով նախատեսված՝ անհատի արդար դատաքննության իրավունքը»:

Վերահաստատելով ՍԴՈ-1628 որոշման մեջ արտահայտված դիրքորոշումը՝ Սահ­մա­նադրական դատարանը գտնում է, որ չպատճառաբանված դատական ակտը բովան­դակազրկում է տվյալ գործով իրականացված արդարադատությունը՝ զրկելով  պատճա­ռաբանված դատական ակտ ակնկալելու իրավունքից, ուստիև՝ իրավատիրոջ խախտված իրավունքների վերականգնման կամ այլ կերպ պաշտպանության՝ հանրային իշխա­նու­թյան սահմանադրական պարտականությունը պատշաճորեն չի կատարվում: Սահմա­նադրական դատարանն արձանագրում է, որ նման պայմաններում անձի հիմնարար իրավունքների դատական պաշտպանության երաշխավորման՝ հանրային իշխանության պարտականությունը չի կարող լիարժեքորեն կատարված համարվել, եթե դատական ակտը չի պարունակում դրա եզրահանգմանը նախորդող պատճառաբանությունը:

Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ պատճառաբանված դատական ակտ կայացնելը կարևոր է անձի արդար դատաքննության իրավունքի տարբեր բաղա­դրիչ­ների իրացման համար և, ընդհանուր առմամբ, օրգանապես փոխկապակցված է արդար դատաքննության իրավունքի իրացման բոլոր կառուցակարգերի հետ:

Սահմանադրական դատարանը, ՍԴՈ-1628 որոշման մեջ անդրադառնալով սույն հարցին, նաև նշել է. «(...) դատական ակտի պատճառաբանվածությունը կողմի համար այն արդյունավետորեն բողոքարկելու և նման բողոքարկման հաջողության գնահատա­կանի հիմք է։ Այս կապակցությամբ դատական ակտի բողոքարկման ներքո նկատի է առնվում ոչ միայն դատական ակտի եռաստիճան դատական համակարգում բողոքարկ­ման հնարավորությունը՝ փաստերի գնահատման կամ իրավունքի նորմերի մեկնաբան­ման կամ կիրառման վերաբերյալ, այլ նաև դատական ակտի պատճառաբանության մեջ վկայակոչ­ված իրավական նորմերի սահմանադրականության ստուգման հնարավորու­թյունը նման իրավունքն ունեցող անձի՝ Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումով, ինչպես նաև Սահմանադրության 61-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան միջազգային համապատասխան մարմիններ ներկայացվող բողոքին (…)»:

Զարգացնելով հիշյալ որոշման մեջբերված դիրքորոշումը՝ Սահմանադրական դա­տա­րանը եզրահանգում է, որ, ըստ էության, դատական ակտի պատճառա­բանվածու­թյունն ունի ոչ միայն անհատական իրավունքների դատական պաշտպանության հիմնա­րար երաշխիքի նշանակություն, այլև ժողովրդավարական հասարակությունում հանդի­սա­նում է դատական իշխանության գործունեության հանրային հաշվետվողականության իրավական նախադրյալ:

Վերոնշյալի համատեքստում Վճռաբեկ դատարանում վարույթի, այդ թվում նաև՝ Վճռաբեկ դատարանի կողմից հատուկ վերանայման վարույթում դատական ակտի վերա­նայման շրջանակներում անձի արդար դատաքննության իրավունքից բխող հան­րային իշխանության սահմանադրական պարտականությունների շրջանակի որոշակիա­ցումը նկատի ունենալով՝ Սահմանադրական դատարանը հարկ է համա­րում անդրա­դառնալ Վճռաբեկ դատարանի՝ ստորադաս դատարանների դատական ակտերի վերա­նայման նորմատիվ և բովանդակային ընդգրկմանը և վերջինիս միջոցով օրենքների ու նորմատիվ իրավական այլ ակտերի միասնական կիրառությունն ապա­հովելու՝ Սահմա­նադրությամբ Վճռաբեկ դատարանին վերապահված գործառույթի միջև կապի հար­ցերին:

Այսպես՝ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ «Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրա­վական ակտերի միատեսակ կիրառությունը»:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Դատական օրենսգիրք) 10-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Նույնանման փաստերով այլ գործով Վճռաբեկ դատարանի կողմից իրավական նորմի մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանության դեպքում դատարանը պետք է հիմնա­վորի օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտի՝ Վճռաբեկ դատարանի մեկնա­բանությունից շեղվելը»:

Դատական օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը պարտադիր են դրանց հասցեատերերի համար»:

Դատական օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի և 2-րդ մասի 1-ին կետի համա­ձայն՝

«1. Վճռաբեկ դատարանը վերանայում է վերաքննիչ դատարանի, իսկ օրենքով նախա­տեսված դեպքերում՝ իր կայացրած դատական ակտերը:

2. Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորություն­ների շրջանակում վերանայելու միջոցով`

1) ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը»:

Դատական օրենսգրքից մեջբերված իրավադրույթներից հետևում է, որ Վճռաբեկ դատարանի որոշումները՝ որպես ուժի մեջ մտած վերջնական դատական ակտեր, պար­տադիր են դրանց գործողության տիրույթում գտնվող բոլոր սուբյեկտների, ներառյալ՝ հենց Վճռաբեկ դատարանի համար, երբ վերջինս քննում է նույնական կամ նույնանման փաստական հանգամանքներով գործ:

Ընդ որում՝ Վճռաբեկ դատարանի՝ ստորադաս դատարանների դատական ակտերի վերանայման միջոցով օրենքի և նորմատիվ իրավական այլ ակտերի միատեսակ կիրա­ռության սահմանադրական գործառույթն իրացվում է նաև վճռաբեկ բողոքը, այդ թվում՝ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը, վարույթ ընդունելը մերժելու մասին դատական ակտ կայացնելու միջոցով:

Նշյալով պայմանավորված՝ Սահմանադրական դատարանը կարևոր է համարում սույն սահմանադրաիրավական վեճը քննության առնել նաև Վճռաբեկ դատարանի բոլոր տեսակի դատական ակտերի պատճառաբանվածության միասնական դատական պրակ­տի­կայի ձևավորման անհրաժեշտության համատեքստում՝ որպես Սահմանադրության 171-րդ հոդվածից բխող նորմատիվ պահանջ:

Այս առումով հատկանշական է Սահմանադրական դատարանի 2007 թվականի ապրիլի 9-ի ՍԴՈ-690 որոշումը, որում անդրադարձ է կատարվել Վճռաբեկ դատարանի դատական ակտերի պատճառաբանվածության խնդրին՝ հաշվի առնելով Վճռաբեկ դատարանի սահմանադրական կարգավիճակը, վերջինով պայմանավորված գործառու­թային լիազորությունները և Վճռաբեկ դատարանի դատական ակտերի կարևորությունը բողոքաբերների և ողջ իրավակիրառ պրակտիկայի համար: Մասնավորապես՝ նշյալ որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է. «(...) ՀՀ վճռաբեկ դատա­րանի արդարադատական գործառույթը վճռաբեկության կարգով օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելն է, այսինքն.

- այն պետք է առաջին հերթին իրականացվի օրենքների և դրանց կատարումն ապահովող նորմատիվ այլ այնպիսի ակտերի իրավական բովանդակության մեկնա­բանմամբ, որոնք ստորադաս դատարանների կողմից կիրառվել են (կամ չեն կիրառվել) դրանց տարաբնույթ իրավաընկալման արդյունքում,

- վճռաբեկության կարգով սահմանադրական իր վերահսկողական գործառույթի իրականացմամբ, ստորադաս դատարանների դատական ակտերը վերանայելիս և դա­տական սխալներն ուղղելիս վճռաբեկ դատարանը բացառապես պետք է լուծի իրավունքի իրացման հարցեր,

- որպես սահմանադրորեն նախատեսված շրջանակներում բարձրագույն դատական ատյան` վճռաբեկ դատարանը, իր լիազորություններին համապատասխան, կոչված է երաշխավորելու ընդհանուր իրավասության և մասնագիտացված բոլոր դատարաններում մարդու իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության արդյունավետ միջոցների, արդարության, հավասարության պայմաններում և ողջամիտ ժամկետում դատաքննության` անձի սահմանադրական իրավունքների անմիջական գործադրումը,

- վճռաբեկ դատարանի սահմանադրական գործառույթից է անմիջականորեն բխում ոչ միայն ընդհանուր և մասնագիտացված ստորադաս դատարանների թույլ տված դա­տական սխալներն իր իրավասության շրջանակներում ուղղելը, այլև այդ դատա­րանների կողմից կիրառված նորմատիվ ակտերի (դրանց դրույթների) միասնական ընկալման վերաբերյալ իրավական դիրքորոշում արտահայտելը:

(...)

(...) ՀՀ վճռաբեկ դատարանի գործունեության` օրենքով նախանշված նպատակները պայմանավորված են այդ մարմնի սահմանադրաիրավական կարգավիճակով։ Օրենքի միատեսակ կիրառությունը, ճիշտ մեկնաբանությունն ապահովելը` որպես նաև իրա­վուն­քի զարգացմանը նպաստելու միջոցներ, կառուցակարգային փոխկապակցված գործա­ռույթներ են, հետապնդում են իրավաչափ նպատակներ և երաշխիք են վճռաբեկ դատա­րանի կողմից ստորադաս դատարանների դատական ակտերը վերանայելու ընթացա­կարգային լիազորությունների իրականացման համար։ Այդպիսի երաշխիք է նաև դատա­կան ակտերի բողոքարկման ինստիտուտը` նյութական և ընթացակարգային օրենսդրա­կան այնպիսի կարգավորմամբ, որն ապահովի անձի իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ և լիարժեք իրականացում»:

Հիշյալ որոշմամբ Սահմանադրական դատարանը նշել է, որ՝ «(...) նախա­պայ­մանների խստացումը չպետք է տեղի ունենա անհամաչափ՝ անձանց համար ստեղծելով իրավունք­ների պաշտպանության խոչընդոտներ: Բացի դրանից, վերաքննիչ կամ վճռա­բեկ բողոք­ները վարույթ ընդունելու հարցում դատարանները պետք է ունենան ոչ թե հայեցողական անսահմանափակ ազատություն, այլ՝ օրենսդրորեն նախատեսված, հստակ, և անձանց համար միակերպ ընկալելի հիմքերով, բողոքը վարույթ ընդունելու կամ մերժելու իրավունք և պարտականություն»:

Վերահաստատելով նշյալ որոշմամբ արտահայտված դիրքորոշումները՝ Սահմանա­դրական դատարանն ընդգծում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումները լրացնում են Վճռաբեկ դատարանի կողմից զարգացվող իրավունքի շրջանակը: Հետևաբար՝ արդարադատություն հայցող անձն իրավունք ունի ակնկալելու Վճռաբեկ դատարանի օրենսդրական կանոնների մեկնաբանման արդյունքում առաջա­դրած բողոքի ընդունելիության կանխատեսելի գործնական չափանիշներ ու պահանջներ։ Սույն հանգամանքը կարևոր է ինչպես վճռաբեկ բողոք ներկայացնող անձի, այնպես էլ այն անձանց համար, որոնք Վճռաբեկ դատարան կդիմեն հետագայում: Հետևաբար՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման պատճառաբանու­թյուն­ները հնարավոր բողոք բերող անձանց կողմից նույն հարցի առնչությամբ դատավա­րական կանխատեսելի վարքագիծ դրսևորելու հնարավորություն են ընձեռում:

Ընդսմին, բողոքի ընդունելիության վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշում­ները, լինելով օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառման գոր­ծառույթի իրացման բաղկացուցիչ մաս, պետք է ապահովեն վճռաբեկ բողոքի ընդու­նելիության օրենսդրական չափանիշներից յուրաքանչյուրի մեկնաբանման և կիրառման կայունությունն ու հետևողականությունը:

Նշյալի համատեքստում Սահմանադրական դատարանի կողմից կարևորվում է նաև խնդրո առարկայի վերաբերյալ միջազգային իրավական պրակտիկայի ուսումնասիրու­թյունն այնքանով, որքանով Սահմանադրության 81-րդ հոդվածի համաձայն՝ այն հանդի­սանում է սահմանադրական իրավունքների պաշտպանության երաշխիք­ների նվազա­գույն շեմը:

Սահմանադրական դատարանը, «Աղասի Դանիելյանի դիմումի հիման վրա՝ Հայաս­տանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբեր­յալ» գործով ՍԴՈ-1628 որոշմամբ անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկայի շրջանակներում դատական ակտերի պատճա­ռա­բան­վածու­թյան հիմնախնդրին, արձանագրել է. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ նաև ՄԻԵԴ) ներպետական դատարանների կողմից կայացված որոշումները չպատճառաբանելը ճանաչելով արդար դատական քննության իրավունքի խախտում, նշել է, որ Մարդու իրավունքների և հիմնարար ազա­տությունների պաշտպանության մասին 1950 թվականի կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանների կողմից կայացվող որոշումները պետք է ողջամտորեն պարունակեն այդ դատական ակտերի կայացման համար հիմք հանդիսացած պատճա­ռա­բանություններ՝ կողմերի լսված լինելու հանգա­մանքը ցույց տալու, ինչպես նաև արդարադատության իրականացման նկատմամբ հանրային հսկողություն ապահովելու նպատակով (տե՛ս, օրինակ, Սալովն ընդդեմ Ուկրաինայի գործով (Salov v. Ukraine), թիվ 65518/01, § 89, ՄԻԵԴ 2005-VIII (քաղ­վածք­ներ), Գարսիա Ռուիզն ընդդեմ Իսպանիայի (García Ruiz v. Spain) [ՄՊ], թիվ 30544/96, § 26, ՄԻԵԴ 1999-I):

Դատական ակտի պատճառաբանվածությունը ՄԻԵԴ-ը դիտարկել է որպես արդա­րադատության պատշաճ իրականացման սկզբունքի պահանջ։ Այս պարտականությունը ներառում է առնվազն հստակ անդրադարձ այն հանգամանքներին և փաստարկներին, որոնք կարող են որոշիչ լինել տվյալ գործի համար (տես՝ Ռուիզ Տորիխան ընդդեմ Իսպանիայի գործով (Ruiz Torija v. Spain), 1994 թվականի դեկտեմբերի 9, § 29-30, Շարք A թիվ 303-A), Հիգգինսը և այլք ընդդեմ Ֆրանսիայի գործով (Higgins and Others v. France), 1998 թվականի փետրվարի 19, § 42-43, Վճիռների և որոշումների հաղորդումներ 1998-I)։ Ավելին, այն գործերով, որոնք կարող են առնչվել Կոնվենցիայով նախատեսված իրավունքներին, ՄԻԵԴ-ի մի շարք վճիռներով մանրամասն ուսումնասիրության է ենթարկ­­վել նաև այն հարցը, թե որքանով են դատական ակտերում բերված պատճա­ռաբանությունները եղել բովանդակալից, այլ ոչ՝ ձևական բնույթի (տես, mutatis mutandis, Պարադիսոն և Կամպանելլին ընդդեմ Իտալիայի գործով (Paradiso and Campanelli v. Italy) [ՄՊ], թիվ 25358/12, § 210, 2017 թվականի հունվարի 24)` դատական ակտի պատճա­ռաբանվածության սկզբունքի պահպանված լինելու նկատմամբ իրականացնելով բովան­դակային վերահսկողություն։

ՄԻԵԴ-ի վերը նշված մոտեցումները դատական ակտերի պատճառաբանվածության պահանջի ընդհանուր կանոններն են, որոնք բարձր (մասնավորապես՝ վճռաբեկ) դատա­րաններին վերաբերելի մասով մասնավորեցվել են ըստ այնմ, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը դատական ակտերը վերանայող դատարաններին չի պարտավորեց­նում որոշումների պատճառաբանություններում արձագանքել կողմերի ներկայացրած բոլոր փաստարկներին, և, օրինակ, այնպիսի իրավիճակներում, երբ որոշումը վերանա­յող դատարանները համաձայնում են բողոքարկվող որոշումը կայացրած դատարանների որոշմանը, ապա համապատասխան բողոքները մերժելու մասին որոշումներում ընդու­նելի են ստորադաս դատարանների իրավական դիրքորոշումների հաստատումները, որպես դատարանի պատճառաբանություն (տես, օրինակ՝ Գարսիա Ռուիզն ընդդեմ Իսպանիայի գործով վերը նշված վճիռը, § 26, Հելլն ընդդեմ Ֆինլանդիայի գործով (Helle v. Finland), 1997 թվականի դեկտեմբերի 19, §§ 59-60, Վճիռների և որոշումների հաղոր­դումներ 1997-VIII)»։

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Վճռաբեկ դատարանի սահմա­նադրաիրավական կարգավիճակից է բխում Վճռաբեկ դատարանի դատական ակտերի պատճառաբանվածության առանձնահատուկ անհրաժեշտությունը, քանզի Վճռաբեկ դատարանը ոչ միայն իրականացնում է կոնկրետ գործով իրավունքների դատական պաշտպանություն, այլև իր կայացրած դատական ակտով ապահովում է միատեսակ իրավակիրառ պրակտիկայի ձևավորումը՝ պահպանելով իրավական նորմերին տրվող մեկնաբանության որոշակիությունը, կայունությունը և հետևողականությունը:

Ընդ որում, սույն պահանջները հավասարապես կիրառելի են Վճռաբեկ դատարանի բոլոր դատական ակտերի նկատմամբ: Ըստ այդմ՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Վճռաբեկ դատարանի որոշումներում բողոքաբերների փաստարկների ստուգ­ման և կատարվող հետևությունների և եզրահանգումների  շղթան պետք է լինի որոշակի, այն է՝ տեսանելի լինի դատողությունների և եզրահանգումների միջև տրամա­բանական կապը:

Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանը նկատում է, որ ի տարբերու­թյուն վճռաբեկ բողոքը վերադարձնելու կամ առանց քննության թողնելու հիմքերի, որոնք դատավարական օրենսգրքերում սահմանված են սպառիչ բովանդակությամբ, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերի նկարագրությունն ընդհանրական է, ինչն առաջաց­նում է որոշակի և ողջամտորեն մանրամասն դատական մեկնաբանության անհրա­ժեշտություն: Այլ կերպ՝ վճռաբեկ բողոքը վերադարձնելու և առանց քննության թողնելու հիմքերն օրենսդրորեն սահմանված են, որպես կանոն, տարամեկնաբանության առիթ չստեղծող հստակությամբ, ինչը նվազեցնում է համապատասխան իրավանորմերի իրա­վակիրառ պրակտիկայի միասնականություն և հետևողականություն ապահովելու հար­ցում Վճռաբեկ դատարանի դերակատարումը՝ ի տարբերություն վճռաբեկ բողոքը վա­րույթ ընդունելը մերժելու  հիմքերի, որոնց վերացարկման բարձր աստիճանը դրանց պատ­շաճ և որոշակի կիրառումը պայմանավորում է բացառապես Վճռաբեկ դատարանի իրավամեկնաբանությամբ:

Սահմանադրական դատարանի դիտարկմամբ՝ Վճռաբեկ  դատարանի դատական ակտերը բողոքաբերների համար առաջացնում են ընդհանուր իրավասության դատա­կան համակարգում վերջնական լուծում ձևավորող հետևանքներ, հետևապես՝ իրավա­կան որոշակիության և կանխատեսելիության անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանի կայացրած որոշումների որակական հատկանիշները պետք է համարժեք լինեն Վճռաբեկ դատարանի և վերջինիս կայացրած դատական ակտերի սահմանադրաիրավական և գործնական նշանակությանը: 

5.2. Սահմանադրական դատարանը նկատում է, որ թեև դատական ակտի պատ­ճառաբանվածության պահանջն ինքնին ունի սահմանադրական բովանդակություն, քրեա­կան վարույթում այն ձեռք է բերում հատուկ կարևորություն, քանի որ տվյալ դա­տական վարույթը կարող է հանգեցնել մարդու հիմնական իրավունքներին և ազատու­թյուններին խիստ միջամտության:

Աներկբա իրողություն է, որ դատարանները՝ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը, օժտված են անձի իրավունքների պաշտպանությունը երաշխավորող  սահմանադրա­իրա­վական համապարփակ լիազորությունների համալիրով, ուստի՝ բացառիկ նշանակու­թյուն ունեն անձի իրավունքների պաշտպանության առումով: Ըստ այդմ, քրեական վարույթով համապատասխան դեպքերում մերժելով բողոքը վարույթ ընդունելը՝ Վճռա­բեկ դատարանը վերջնականորեն մերժում է քրեական վարույթով եռաստիճան դա­տական համակարգում բողոքաբերի գործով արդարադատության իրականացման հետա­գա հնարավորությունը, հետևաբար՝ պետք է իր որոշումներում առավելագույնս իրավաբանորեն հիմնավորի և պատճառաբանի արդարադատության իրականացման հնարավորության բացակայությունն այնպես, որ անձի համար օբյեկտիվորեն ըմբռնելի և ընկալելի լինեն դրա պատճառները, հակառակ պարագայում՝ արդարադատությունը կընկալվի իբրև ենթադրյալ խախտված իրավունքի պաշտպանության պատրանքային միջոց՝ վերջնարդյունքում նաև հանգեցնելով դատական իշխանության նկատմամբ հասարակության վստահության նվազեցման:

Սահմանադրական դատարանը վիճարկվող նորմի սահմանադրականությունը գնահատելիս հարկ է համարում նախ անդրադառնալ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու՝ Օրենսգրքով սահմանված պայմանների կիրառման խնդրին, քանի որ վերջինս Վճռաբեկ դատարանի՝ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման պատճառաբանության բովանդակության հիմնական բաղադրիչն է:

Օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի՝ համաձայն՝ «Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է վարույթ, եթե գալիս է հետևության, որ՝

1) վերաքննիչ դատարանի կողմից առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, կամ առերևույթ առկա է բողոքարկվող դատական ակտը ոչ իրավաչափ դարձնող որևէ փաստական կամ իրավական հանգամանք, և միաժամանակ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի միատեսակ կիրառության համար.

2) առերևույթ քրեադատավարական օրենքի էական խախտում թույլ տալու հետևան­քով կայացված դատական ակտը կարող էր խաթարել արդարադատության բուն էությունը»:

Օրենսգրքից մեջբերված և սույն գործով վիճարկվող իրավադրույթների համա­դրված վերլուծությունից հետևում է, որ Օրենսգրքում սահմանված է հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու երկու պայման։ Դրանցից առնվազն մեկի առկա­յությունն անհրաժեշտ է հատուկ վերանայման բողոքը վարույթ ընդունելու մասին որոշ­ման կայացման համար (Օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մաս, 397-րդ հոդվածի 1-ին մաս, 398-րդ հոդվածի 4-րդ մաս)։

Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարանը հաշվի է առնում Օրենսգրքի 359-րդ հոդվածով սահմանված՝ դատական ակտի՝ ներառյալ սույն բողոքին վերաբերելի հատուկ վերանայման բողոքի վճռաբեկ քննության սահմանների վերաբերյալ իրավա­կարգավորումները, որոնց համաձայն՝ բացառությամբ նշյալ հոդվածով նախատեսված որոշակի դեպքերի, Վճռաբեկ դատարանը բողոքը պետք է քննի բողոքի հիմքի և այն հաստատող փաստերի սահմաններում: Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանի՝ բողոքը վա­րույթ ընդու­նելը մերժելու մասին որոշման պատճառաբանվածության սահմանա­դրաիրա­վա­կան պահանջը, բացառությամբ Օրենսգրքի 359-րդ հոդվածով նախատես­ված դեպքերի, սահմանափակվում է վճռաբեկ բողոքի հիմք(եր)ին և այն հաստատող փաս­տերին, բողո­քը վարույթ ընդունելու պայմանները հիմնավորող փաստարկներին բավա­րար իրավա­կան անդրադարձ կատարելու անհրաժեշտությամբ՝ համապատասխա­նա­բար, բողոքը վարույթ ընդունելու համար դրանց անբավարարության առումով:

Սահմանադրական դատարանը պատճառաբանված դատական ակտի հիմնարար իրավունքի երաշխավորվածության համատեքստում կարևոր է համարում, որ վճռաբեկ բողոքը, ներառյալ՝ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը, վարույթ ընդունելու հիմքերից յուրաքանչյուրի մասով ձևավորվի կայուն և կանխատեսելի իրավակիրառ պրակտիկա, ինչը հնարավորություն կտա բողոքաբերին անձամբ կամ համապատասխան խորհրդա­տվու­թյամբ հստակ ընկալել վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերից յուրաքանչյու­րի նորմատիվ բովանդակությանն առաջադրվող պահանջները և իր բողոքը համապա­տաս­խանեցնել այդ պահանջներին: Սրանից հետևում է նաև, որ կայուն և կանխատեսելի պրակտիկա չի կարող ձևավորվել, և, համապատասխանաբար, Վճռաբեկ դատարանի՝ բողոքը վարույթ ընդունելը  մերժելու մասին որոշումը չի կարող համարվել պատճառա­բանված, եթե դրանում միայն որպես հետևություն արձանագրված է վճռաբեկ բողոքի՝ Օրենսգրքով նախատեսված ընդունելիության հիմքերին անհամապատասխանությունը՝ առանց այդ հիմքերին բողոքի անհամապատասխանությունը հիմնավորող դատողու­թյուն­ների շարադրանքի:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն գործի նյութերի ուսումնա­սիրությունից պարզվել է, որ ՀԿԴ/0002/01/23 քրեական գործով Վճռաբեկ դատարանի 2023 թվականի ապրիլի 26-ի որոշմամբ, Դիմողի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի հիմքերին և բողոքը վարույթ ընդունելու պայմանները հիմնավորող փաստարկներին ի պատասխան, միայն նշվել է, որ բողոքաբերի փաստարկների, գործի նյութերի, ինչպես նաև բողոքարկվող դատական ակտի պատճառաբանությունների համադրված վերլուծու­թյան արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքաբերի կողմից բավարար կերպով չի հիմնավորվել, որ վերաքննիչ դատարանի կողմից առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, և որ միաժամանակ բողոքաբերի կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողի նկատմամբ դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ Օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասը կիրառ­վել է այն մեկնաբանությամբ, որի արդյունքում դատական ակտի պատճառաբանություն­ների փոխարեն այն պարունակում է միայն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերի անբավարարության մասին եզրահանգում։ Հետևաբար՝ Դիմողի գործով Վճռաբեկ դա­տա­րանի կողմից դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ վիճարկվող իրավական դրույթը մեկնաբանվել և կիրառվել է Սահմանադրական դատարանի սույն որոշմամբ նախատեսված դիրքորոշումների հիման վրա տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ։

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ քաղաքացիական գործերով իրավակիրառ պրակտիկայում ուղենշային դեր ունի Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1628 որոշումը՝ Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումների պատճառաբանվա­ծության կարևորության մասով: Սույնի առնչությամբ Սահմանադրական դատարանը գտնում է, որ թեև այն վերաբերում է քաղա­քացիական դատավարությանը, սակայն Սահմա­­նադրական դատարանի դիրքորո­շումը հիմնված է Սահմանադրության 63-րդ հոդ­վածով նախատեսված արդար դատա­քննու­թյան իրավունքի բաղադրիչ հանդիսացող՝ դատական ակտի պատճառաբանվա­ծության ընդհանրական սահմանադրական պա­հան­ջ­ին, որը նույնական է նաև քրեական դատա­վարության շրջանակում հատուկ վերա­նայման բողոքների վերաբերյալ կայացվող Վճռաբեկ դատարանի ակտերի նկատմամբ։ Հետևաբար՝ Սահմանադրական դատա­րանը սույն սահմանադրական վեճի լուծման նպատակով հիշյալ որոշմամբ իր արտա­հայտած իրավական դիրքորոշումից շեղվելու պատճառ չի տեսնում։

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 170-րդ հոդվածով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը  ՈՐՈՇԵՑ.

 

1.  Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբա­նությամբ, համաձայն որի՝ Վճռաբեկ դատարանի՝ հատուկ վերանայման բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը՝ դրա հիմքում դրված եզրահանգման հետ մեկտեղ, պետք է պարունակի նաև դրան հանգեցրած պատճառաբանությունը։

2.  «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդ­վածի 10-րդ մասի համաձայն՝ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահ­ման­ված կարգով, քանի որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարու­թյան օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասը Դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշմամբ տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ:

3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

ՆԱԽԱԳԱՀող

Ա. ԴիլանՅԱՆ

 

19 դեկտեմբերի 2023 թվականի

ՍԴՈ-1707

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2023 թվական: