ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/1537/05/20 | ||||||
Վարչական գործ թիվ ՎԴ/1537/05/20 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Լ. Հակոբյան | |
Հ․ ԲԵԴևՅԱՆ |
2023 թվականի սեպտեմբերի 01-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12․01․2021 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Բորիս Ավագյանի ընդդեմ Կոմիտեի` Կոմիտեի 08․10․2019 թվականի «Չկատարված հարկային պարտավորությունները գանձելու մասին» թիվ 1492-Ա որոշումն անվավեր ճանաչելու, որպես հետևանք՝ Կոմիտեի հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի թիվ 80/2 որոշումը վերացնելու, Կոմիտեին Բորիս Ավագյանի կողմից, ի կատարումն 08․10․2019 թվականի թիվ 1492-Ա որոշման, վճարված գումարը վերադարձնելուն պարտավորեցնելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Բորիս Ավագյանը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի 08․10․2019 թվականի «Չկատարված հարկային պարտավորությունները գանձելու մասին» թիվ 1492-Ա որոշումը, որպես հետևանք` անվավեր ճանաչել Կոմիտեի հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի թիվ 80/2 որոշումը և պարտավորեցնել Կոմիտեին վերադարձնել, ի կատարումն թիվ 1492-Ա որոշման, Բորիս Ավագյանի կողմից վճարված գումարը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Հ․ Այվազյան) (այսուհետ` Դատարան) 02.06.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է։
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12․01.2021 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 02.06.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ի պաշտոնե ներկայացուցիչ՝ Արման Մնացականյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 54-րդ կետը, 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «բ» ենթակետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ Կոմիտեն նույնացրել է պահանջի իրավունքի զիջում և օտարում հասկացությունները, մինչդեռ հարկային մարմնի կողմից հիմք է ընդունվել այն հանգամանքը, որ պահանջի իրավունքի զիջման արդյունքում տեղի է ունեցել նաև ՀՀ հարկային օրենսդրության իմաստով օտարում՝ սեփականության իրավունքի փոխանցում մեկ անձից մեկ այլ անձի որևէ ձևով կատարվող հատուցմամբ: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ պահանջի իրավունքի զիջման արդյունքում սեփականության իրավունքի՝ մեկ անձից մեկ այլ անձի փոխանցման պայմաններում գույքի նոր սեփականատերը ձեռք է բերել եկամուտ՝ անշարժ գույքի տեսքով և նշված գույքի արտադատական կարգով բռնագանձման արդյունքում ստացել է պարտավորության բավարարում: Ըստ այդմ, ձեռք բերված եկամուտը ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «բ» ենթակետի համաձայն համարվել է եկամտային հարկով հարկման ենթակա:
Վերաքննիչ դատարանը գտել է, որ վիճարկվող որոշումը զուրկ է իրավական և փաստական հիմնավորումներից, մինչդեռ վիճարկվող վարչական ակտում նշում է կատարվել այն մասին, որ տեղի է ունեցել օտարում՝ Բորիս Ավագյանին պատկանող անշարժ գույքն անուղղակիորեն պահանջի իրավունքի զիջման արդյունքում փոխանցվել է Գայանե Սերոբյանին, ուստի որոշումը պարունակում է այն փաստական հիմքը, որի առնչությամբ վիճարկվող որոշումը կայացվել է։ Իսկ ինչ վերաբերում է իրավական հիմնավորվածությանը, ապա որոշումը պարունակում է այն իրավակարգավորումը (ՀՀ հարկային օրենսգրքի իրավահարաբերության պահին գործող 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «բ» ենթակետը), որը կիրառվել է խնդրո առարկա իրավահարաբերությունների նկատմամբ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12․01.2021 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ կամ բեկանված մասով գործն ուղարկել համապատասխան դատարան՝ նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) «Արդշինբանկ» ՓԲԸ-ի և Գայանե Սերոբյանի միջև 01.06.2018 թվականին կնքված «Պահանջի իրավունքի զիջման (ցեսիայի) պայմանագրի» Ց 18/01-01 համաձայն՝ պարտապան անհատ ձեռնարկատեր Բորիս Ավագյանի՝ սկզբնական պարտատեր «Արդշինբանկ» ՓԲԸ-ի հանդեպ ունեցած պայմանագրի ստորագրման օրվա դրությամբ պարտավորությունների ամբողջ գումարով՝ 546.540,19 ԱՄՆ դոլար (263.711.107,1 ՀՀ դրամ), Գայանե Սերոբյանին են զիջվել 02.04.2016 թվականի թիվ DՎՊ16/147-01, 24.01.2017 թվականի թիվ ՎՊ17/191-01, 28.02.2018 թվականի թիվ ՎՊ18/1268-01 վարկային պայմանագրերից բխող «Արդշինբանկ» ՓԲԸ-ին պատկանող՝ անհատ ձեռնարկատեր Բորիս Ավագյանի նկատմամբ նույն պայմանագրի ստորագրման օրվա դրությամբ առկա պահանջն ամբողջությամբ, 02.04.2016 թվականի թիվ DԳՊ16/204-01, 24.01.2017 թվականի թիվ ԳՊ17/75-01, 28.02.2018 թվականի թիվ ԳՊ18/275-01 անշարժ գույքի գրավի (հիփոթեք) պայմանագրերից բխող՝ «Արդշինբանկ» ՓԲԸ-ին պատկանող գրավառուի բոլոր իրավունքները (հատոր 1-ին գ․թ 14-17)։
2) 08.08.2018 թվականին գրավառու-պարտատեր Գայանե Սերոբյանի կողմից պարտապան անհատ ձեռնարկատեր Բորիս Ավագյանին, գրավատու Բորիս Ավագյանին ուղղված «Ծանուցում» վերտառությամբ փաստաթղթով՝ հաշվի առնելով, որ պարտապանի կողմից վարկային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները պատշաճ չեն կատարվել՝ տեղեկացվել է, որ նույն ծանուցումն ստանալու պահից սկսած երկու ամսվա ընթացքում պարտավորությունն ամբողջությամբ չկատարելու դեպքում Գայանե Սերոբյանի կողմից՝ որպես գրավառուի, կիրականացվի գրավի առարկա հանդիսացող ք.Երևան, Սայաթ-Նովայի պողոտա 7 շենք, 1 տարածք հասցեի անշարժ գույքի վրա առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու գործընթաց՝ գրավի պայմանագրերով և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հովածով սահմանված կարգով (հատոր 1-ին գ․թ 18)։
3) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 16102018-01-0199 վկայականի համաձայն՝ 16.10.2018 թվականին ք.Երևան, Սայաթ-Նովայի պողոտա 7շ., 1 տարածք հասցեի անշարժ գույքի նկատմամբ գրանցվել է Գայանե Սերոբյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին գ․թ 68-69)։
4) 02.09.2019 թվականին ՓՀՎ ՀՏՎ վերլուծության թիվ 1 բաժնի պետ Լ. Ջիլավյանի և բաժնի ավագ հ/տ Գ. Սահակյանի կողմից կազմվել է «Հարկային պարտավորությունների հաշվարկման վերաբերյալ» թիվ Վ1/979-2019 տեղեկանքը, համաձայն որի՝ «ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեից ՀՀ կառավարության 05.10.2017 թվականի թիվ 1337-Ն որոշմամբ ստացված անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների վերաբերյալ տեղեկությունների համաձայն՝ ֆիզիկական անձ Բորիս Արմենի Ավագյանը 16.10.2018 թվականին (․․․) պահանջի իրավունքի զիջման պայմանագրի հիման վրա օտարել է Երևան, Կենտրոն, Սայաթ-Նովայի պողոտա 7 շենք, 1 տարածք հասցեում գտնվող անշարժ գույքը, որի պայմանագրային արժեքը կազմել է 263.711.107 ՀՀ դրամ»: Վկայակոչվել է ՀՀ հարկային օրենսգրքի (մինչև 29.06.2019 թվականը գործող խմբագրությամբ) 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «բ» ենթակետը, 140-րդ հոդվածը և նշվել, որ «ֆիզիկական անձի կողմից 2018 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկը չներկայացնելու և վճարումները չկատարելու պայմաններում հարկային պարտավորությունների հաշվարկը կատարվում է հետևյալ ձևով․
Օրենսգրքի 150-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ վերոգրյալ գործարքից հաշվարկվում է եկամտային հարկ 10 տոկոս դրույքաչափով՝ 26․371․111 ՀՀ դրամի չափով (․․․)։
Օրենսգրքի 401-րդ հոդվածի համաձայն՝ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ հարկային գործակալը վճարում է տույժ՝ 2․630․518 ՀՀ դրամի չափով (…):
Այսպիսով եկամտային հարկի գծով ենթակա է վճարման 29․001․629 դրամ գումար, որից ապառք՝ 26․371․111 դրամ, տույժ՝ 2․630․518 դրամ (հատոր 1-ին գ․թ 61-62)։
5) ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության պետի կողմից 08.10.2019 թվականին կայացվել է «Չկատարված հարկային պարտավորությունները գանձելու մասին» թիվ 1492-Ա որոշումը՝ հետևյալ բովանդակությամբ․ «համաձայն հարկային պարտավորությունների հաշվարկման վերաբերյալ տեղեկանքի՝ ֆիզիկական անձ Բորիս Արմենի Ավագյանի (․․․) չկատարված հարկային պարտավորությունը 02․09․2019 թվականի դրությամբ կազմել է 29․001․629 դրամ, որից ապառք՝ 26․371․111 դրամ, տույժ՝ 2․630․518 դրամ։
(․․.) Համաձայն ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից ստացված տեղեկությունների՝ Բորիս Արմենի Ավագյանի կողմից 16․10․2018թ․ պահանջի իրավունքի զիջման պայմանագրի հիման վրա օտարել է ք․ Երևան, Սայաթ-Նովայի պողոտա 7 շենք 1 տարածք հասցեում գտնվող անշարժ գույք, որը համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի բ) ենթակետի (մինչև 29․06․2019 թվականը գործող խմբագրությամբ) համարվում է եկամտային հարկով հարկվող գործարք։
Արդյունքում սույն որոշմամբ օրենքով սահմանված ժամկետում չկատարված հարկային պարտավորությունը եկամտային հարկի գծով կազմում է 29․001․629 դրամ, որից ապառք՝ 26․371․111 դրամ, տույժ՝ 2․630․518 դրամ, որն առաջացել է Բորիս Արմենի Ավագյանի կողմից անշարժ գույքի օտարման գործարքի արդյունքում և տվյալ գործարքից բխող 2018 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկն օրենքով սահմանված ժամկետներում հարկային մարմին չներկայացնելու, հարկային պարտավորությունները սահմանված ժամկետներում չվճարելու հետևանքով և ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի համաձայն հաշվարկված տույժերից․․․» (հատոր 1-ին գ․թ 19-21)։
6) ՀՀ ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի 19.12.2019 թվականի թիվ 80/2 որոշմամբ ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության պետի կողմից 08.10.2019 թվականին կայացվել է «Չկատարված հարկային պարտավորությունները գանձելու մասին» թիվ 1492-Ա որոշման դեմ Բորիս Ավագյանի ներկայացրած բողոքը մերժվել է (հատոր 1-ին գ․թ 24-30)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «բ» ենթակետի կապակցությանբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը․ վարկառու-գրավատուի ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու դեպքում վարկառու-գրավատուն կրում է արդյո՞ք եկամտային հարկ վճարելու պարտականություն:
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածն ամրագրում է յուրաքանչյուրի՝ օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր մուծելու, պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ կատարելու պարտականությունը: «Օրենքին համապատասխան սահմանված» հասկացությունը բովանդակում է հարկերի, տուրքերի՝ բացառապես օրենքով սահմանված լինելու սահմանադրական պահանջ, որպիսի պահանջից բխում է, որ հարկերը, տուրքերը համարվում են սահմանված, եթե օրենքով սահմանվել են դրանց բաղկացությունը կազմող էական տարրերը։ Ընդ որում, այդ տարրերի՝ օրենքով պարտադիր ամրագրված լինելը դիտվում է որպես այս կամ այն հարկատեսակի էական պայման և այդ հարկատեսակի մասով պարտավորության առաջադրման հիմք։
Սահմանադրական այս նորմին համահունչ՝ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 9-րդ հոդվածով սահմանված են հարկի և վճարի սահմանման ընդհանուր պայմանները։ Համաձայն նշված հոդվածի 1-ին մասի՝ հարկը և վճարը համարվում են սահմանված միայն այն դեպքում, երբ սահմանված են հետևյալ տարրերը, բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի.
1) հարկ վճարողների շրջանակը.
2) հարկման օբյեկտը.
3) հարկման բազան.
4) հարկի դրույքաչափը.
5) հարկի հաշվարկման կարգը.
6) հարկի վճարման կարգը և ժամկետները:
Նշված տարրերից յուրաքանչյուրի ընդհանուր բովանդակությունը բացահայտված է ՀՀ հարկային օրենսգրքի համապատասխանաբար 10-12-րդ, 14-րդ և 18-րդ հոդվածներում․ այդ տարրերից յուրաքանչյուրն ունի նաև իր կոնկրետ բովանդակությունը՝ պայմանավորված ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կոնկրետ հարկատեսակի բնույթով ու առանձնահատկությամբ։
Օրենսգրքով սահմանված պետական հարկի տեսակներից է եկամտային հարկը, որը, համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի, «․․․ Օրենսգրքի 141-րդ հոդվածով սահմանված հարկման օբյեկտի համար Օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում պետական բյուջե վճարվող պետական հարկ է»:
ՀՀ հարկային օրենսգրքի 140-րդ հոդվածն ամրագրում է եկամտային հարկ վճարող անձանց շրջանակը, այն է՝ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատերերը և նոտարները՝ որպես ֆիզիկական անձինք՝ միայն անձնական եկամուտների մասով։
ՀՀ հարկային օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եկամտային հարկով հարկման օբյեկտ է համարվում՝
1) ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար՝ Հայաստանի Հանրապետության աղբյուրներից և (կամ) Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը, բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատերերի և նոտարների ձեռնարկատիրական եկամուտների.
2) ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար՝ Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը, բացառությամբ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող և (կամ) մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետության աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց մշտական հաստատությանը վերագրվող եկամուտների, ինչպես նաև արտաքին տնտեսական գործունեությունից ստացվող եկամուտների: Սույն կետի կիրառության իմաստով՝ արտաքին տնտեսական գործունեությունն ընդունվում է Օրենսգրքի 108-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված նշանակությամբ:
ՀՀ հարկային օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «եկամտային հարկով հարկման բազա է համարվում՝
1) ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար՝ հարկվող եկամուտը, որը որոշվում է որպես Օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված համախառն եկամտի և Օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված նվազեցվող եկամուտների դրական տարբերություն.
2) ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար՝ հարկվող եկամուտը, որը որոշվում է որպես Օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված համախառն եկամտի և Օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված նվազեցվող եկամուտների դրական տարբերություն»:
«Համախառն եկամուտ» հասկացության բովանդակությունը բացահայտված է ՀՀ հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ կետում, այն է՝ համախառն եկամուտը հաշվետու ժամանակաշրջանում ստացված կամ ստացման ենթակա Օրենսգրքով սահմանված եկամուտների հանրագումարն է։
Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետով առանձնացված են եկամտի հետևյալ տեսակները՝ ձեռնարկատիրական, անձնական և (կամ) պասիվ եկամուտներ, որոնցից յուրաքանչյուրի բովանդակությունը բացահայտված է նույն մասի 24-26-րդ կետերում․ այսպես՝
- ձեռնարկատիրական եկամուտ է կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի կողմից իրականացվող գործունեությանը վերագրվող ակտիվի աճը կամ պարտավորության նվազումը, որը, առանձին վերցրած, հանգեցնում է կազմակերպության սեփական կապիտալի կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի զուտ ակտիվների ավելացման, բացառությամբ Օրենսգրքի 108-րդ հոդվածով սահմանված եկամուտ չհամարվող տարրերի և նույն մասի 25-րդ կետի կիրառության իմաստով անձնական եկամուտ համարվող՝ անհատ ձեռնարկատեր կամ նոտար համարվող ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից ստացվող շահաբաժինների: Նույն կետի կիրառության իմաստով՝ ձեռնարկատիրական եկամուտ է համարվում նաև անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող եկամուտը,
- անձնական եկամուտ է ֆիզիկական անձի կողմից աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում իրականացվող գործունեությանը վերագրվող կամ ցանկացած այլ հիմքով (բացառությամբ նույն մասի 24-րդ և 26-րդ կետերով սահմանված դեպքերի) ստացվող դրամական միջոցը կամ այլ ակտիվը (այդ թվում՝ բնամթերային ձևով): Նույն կետի կիրառության իմաստով՝ անհատ ձեռնարկատեր կամ նոտար համարվող ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից ստացվող շահաբաժինը համարվում է անձնական եկամուտ՝ անկախ շահաբաժինը որպես անհատ ձեռնարկատեր կամ որպես նոտար ստանալու հանգամանքից և նույն մասի 26-րդ կետի դրույթներից.
- պասիվ եկամուտ է ֆիզիկական անձի կամ Օրենսգրքի 27-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից իր ակտիվների ներդրմամբ (տրամադրելով) բացառապես այլ անձանց գործունեությունից ստացվող եկամուտները, մասնավորապես՝ շահաբաժին, տոկոս, ռոյալթի, վարձակալական վճար, ակտիվների արժեքի հավելաճ (բացառությամբ սույն մասի 24-րդ կետով սահմանված դեպքերի և սույն մասի 25-րդ կետի կիրառության իմաստով անձնական եկամուտ համարվող՝ անհատ ձեռնարկատեր կամ նոտար համարվող ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից ստացվող շահաբաժինների)։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքի 6-րդ հոդվածով սահմանված պետական հարկի տեսակներից է եկամտային հարկը։ Վերջինիս հիմնական տարրերից են․
- եկամտային հարկ վճարողները՝ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատերերը և նոտարները՝ որպես ֆիզիկական անձինք (Օրենսգրքի 24-25-րդ հոդվածներ),
- եկամտային հարկով հարկման օբյեկտը՝ Հայաստանի Հանրապետության աղբյուրներից և (կամ) Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը,
- եկամտային հարկով հարկման բազան՝ Օրենսգրքով սահմանված համախառն եկամտի և նվազեցվող եկամուտների դրական տարբերությունը,
- եկամտային հարկի դրույքաչափերը՝ Օրենսգրքի 150-րդ հոդվածով եկամտի առանձին տեսակների համար նախատեսված տոկոսային մեծություններն են, որոնք կիրառվում են հարկման բազայի նկատմամբ՝ եկամտային հարկի չափը որոշելու համար։
Վերոգրյալից հետևում է, որ եկամտային հարկը ՀՀ պետական բյուջե վճարվող հարկ է, որը վճարելու պարտականությունը ծագում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց մոտ Օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված համախառն եկամտի և Օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված նվազեցվող եկամուտների դրական տարբերության առկայության դեպքում՝ գոյացած հարկման բազայի նկատմամբ համապատասխան դրույքաչափի կիրառման միջոցով։ Այլ կերպ՝ հարկման բազան որոշելու գործընթացում համախառն եկամտից նվազեցվող եկամուտները, որոնց սպառիչ ցանկը սահմանված է Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով, հարկվող եկամուտ չեն հանդիսանում։
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետը սահմանում է. «Հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում՝ (…) սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքի (բացառությամբ ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի) օտարումից անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից ստացվող եկամուտները (...)»:
Նշված նորմի բովանդակությունից բխում է, որ անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձը կրում է ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարումից ստացվող եկամտից եկամտային հարկ վճարելու պարտականություն։
Օտարում եզրույթի բովանդակությունը բացահայտված է ՀՀ հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 54-րդ կետում։ Ըստ «օտարում» եզրույթի սահմանման՝ օտարումը մեկ անձից մեկ այլ անձի ապրանքի և (կամ) աշխատանքի կատարման արդյունքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը կամ ծառայության մատուցումն է` որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում՝ մասնակի) կամ անհատույց։
Հիմք ընդունելով վերը նշված իրավակարգավորումները, և մասնավորապես, ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, ինչպես նաև «օտարում» եզրույթի բովանդակությունը՝ վերն առանձնացված իրավական հարցադրման առնչությամբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում գնահատել․
- չկատարված վարկային պարտավորությունների դիմաց վարկառու-գրավատուի գույքի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու դեպքում արդյո՞ք տեղի է ունենում գրավատուի գույքի օտարում,
- չկատարված վարկային պարտավորությունների դիմաց վարկառու-գրավատուի գույքի վրա արտադատական կարգով բռնագանձման արդյունքով վարկառու-գրավատուն ստանում է արդյո՞ք եկամուտ և ի՞նչ տեսքով։
Այսպես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտավորությունների կատարումը կարող է ապահովվել գրավով (գլուխ 15), տուժանքով, պարտապանի գույքի պահումով, երաշխավորությամբ, երաշխիքով, նախավճարով և օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ եղանակներով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավի իրավունքը (այսուհետ` գրավը) գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է, որը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գրավը լրացուցիչ (ակցեսոր) պարտավորություն է գրավառուի (պարտատիրոջ) հանդեպ գրավատուի (պարտապանի) հիմնական պարտավորության կատարման ապահովման համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 229-րդ հոդվածի համաձայն՝ գրավառուն այն անձն է, ով օրենքով կամ պայմանագրով սահմանված հիմքերով` գրավատուի գույքի նկատմամբ ունի գույքային իրավունք (գրավի իրավունք)` ի ապահովում իր հանդեպ պարտապանի դրամական կամ այլ պարտավորության կատարման:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է վերը նշված հոդվածի իրավական վերլուծությանը և նշել, որ գրավի իրավունքը կամ գրավը պարտավորությունների՝ իրային-իրավական ապահովման միջոց է, որը գրավառուին իրավունք է վերապահում հիմնական պարտավորության չկատարման դեպքում գրավատուի այլ պարտատերերի հանդեպ նախապատվության իրավունքով բավարարում ստանալու գրավի առարկայի արժեքից: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գրավի իրավունքն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում իրային իրավունքների շարքում: Ի տարբերություն այլ իրային իրավունքների՝ գրավն առաջանում և իրավական արժևորում է ստանում այնքանով, որքանով այն անհրաժեշտ է օգտագործել հիմնական պարտավորության կատարումն ապահովելու համար: Այդ իսկ պատճառով գրավը, որպես այդպիսին, ունի երկակի բնույթ. այն բնութագրվում է որպես պարտավորաիրավական բնույթի իրային-իրավական ապահովման միջոց (տե՛ս, «Սեյվր» ՍՊԸ-ն ընդդեմ Նշան Ալեքսանյանի թիվ ԵԿԴ/0169/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ գրավի իրավունքը գույքային իրավունք է, որն ուղղված է դրամական կամ այլ պարտավորության կատարմանը, ընդ որում՝ գրավատուի պարտապան լինելը կամ գրավով ապահովված պարտավորությանը չմասնակցելն արգելք չէ գրավի իրավունքի ծագման կամ դադարման համար: Այսինքն՝ գրավի իրավունքը պայմանավորված է իրական պարտավորության և գույքի սեփականատիրոջ՝ այդ պարտավորության կատարումը սեփական գույքով ապահովելու կամքի և կամահայտնության առկայությամբ (տե՛ս, «Արմօյլ» ՓԲԸ-ն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/1945/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.11.2021 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին կետը գրավի դադարման հիմք է նախատեսում, ի թիվս այլնի, գրավ դրված գույքը օրենքով սահմանված կարգով իրացվելու (վաճառվելու) դեպքը։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 248-րդ հոդվածի համաձայն՝ գրավառուի (պարտատիրոջ) պահանջները բավարարելու համար գրավ դրված գույքի վրա կարող է բռնագանձում տարածվել պարտապանի կողմից գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու այնպիսի հանգամանքներում, որոնց համար վերջինս պատասխանատվություն է կրում:
ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում է գրավառուի (պարտատիրոջ) պահանջները բավարարելու համար գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածելու և այն իրացնելու, այդ թվում՝ գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավառուին կամ գրավառուի նշած երրորդ անձին ի սեփականություն հանձնելու հնարավորություն և՛ առանց դատարան դիմելու (249-րդ հոդված), և՛ դատական կարգով (2491-րդ հոդված)։
Միաժամանակ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածով սահմանվել են գրավ դրված գույքի իրացումից ստացված գումարը բաշխելու կանոնները։ Համաձայն նշված հոդվածի 1-ին կետի՝ «գրավ դրված անշարժ գույքի, տրանսպորտային միջոցի, բանկային հաշվի, դեպոզիտի (ավանդի), ինչպես նաև արժեթղթի իրացումից ստացված գումարից կամ գրավառուին կամ նրա նշած անձին ի սեփականություն անցած համապատասխան գույքի արժեքից այդ գույքի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու համար ծախսերը վճարելու համար անհրաժեշտ գումարներ պահելուց հետո բավարարվում են գրավառուի` գրավով ապահովված պահանջները, իսկ մնացած գումարը սույն օրենսգրքի 243.1-ին հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով տասնօրյա ժամկետում փոխանցվում է գրավատուին, եթե գրավի պայմանագրով այդ գումարի փոխանցման այլ կարգ նախատեսված չէ: Գրավառուի` գրավով չապահովված պահանջները սույն կետով նախատեսված գումարից (արժեքից) բավարարվում են սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված ընդհանուր կարգով»:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկով փաստել է, որ գրավի առանցքային գործառույթն ապահովման գործառույթն է, որի ուժով պարտատերը հնարավորություն է ունենում գրավի առարկայի արժեքի հաշվին նախապատվության իրավունքով ստանալ իր պահանջի բավարարում։ Գրավի իրավունքի այս գործառույթը հիմք ընդունելով՝ օրենսդիրը սահմանել է գրավ դրված գույքի բռնագանձման և իրացման դեպքում գրավատուի և գրավառուի միջև փոխհաշվարկի կատարման պահանջ։ Մասնավորապես՝ օրենսդիրը գրավառուին հնարավորություն է տվել գրավ դրված գույքի իրացումից ստացված գումարից պահել այդ գույքի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու համար ծախսերը վճարելու համար անհրաժեշտ գումարները և բավարարել իր պահանջները, իսկ այդ գումարների նվազեցման արդյունքում մնացած գումարը ենթակա է տրման գրավատուին։ ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու իրավահարաբերությունների կարգավորման հիմքում ընկած է այն մոտեցումը, որ գրավը չի կարող ծառայել որպես կողմերից որևէ մեկի (գրավատուի կամ գրավառուի) հարստացման միջոց. այն կոչված է ողջամիտ հավասարակշռություն ապահովելու՝ մի կողմից՝ գրավառուի՝ գրավի առարկայի արժեքի հաշվին նախապատվության իրավունքով իր պահանջի բավարարում ստանալու իրավունքի, մյուս կողմից՝ գրավատուի՝ գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու համար ծախսերը և գրավով ապահովված, չկատարված (ոչ պատշաճ կատարված) պարտավորության գումարը գերազանցող գրավի առարկայի արժեքի մնացած մասը հետ ստանալու օրինական շահի միջև (տե՛ս, «Արտադրա-Տպագրական» ՓԲԸ-ն ընդդեմ «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵՄԴ/1206/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2020 թվականի որոշումը):
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նախ․
- չկատարված վարկային պարտավորությունների դիմաց վարկառու-գրավատուի գույքի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու դեպքում տեղի է ունենում գրավատուի գույքի օտարում՝ ՀՀ հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 54-րդ կետի իմաստով, այն է՝ գրավադրված գույքի նկատմամբ սեփականության իրավունքը վարկառու-գրավատուից փոխանցվում է պարտատիրոջը, ում օգտին կատարվում է գրավադրված գույքի արտադատական կարգով բռնագանձումը,
- խնդրո առարկա օտարման արդյունքում վարկառու-գրավատուն ստանում է անձնական եկամուտ՝ ՀՀ հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի իմաստով, ըստ որի՝ անձնական եկամուտ է ֆիզիկական անձի կողմից աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում իրականացվող գործունեությանը վերագրվող կամ ցանկացած այլ հիմքով (բացառությամբ նույն մասի 24-րդ և 26-րդ կետերով սահմանված դեպքերի) ստացվող դրամական միջոցը կամ այլ ակտիվը (այդ թվում՝ բնամթերային ձևով): Սույն դեպքում վարկառու-գրավատուի ստացած եկամտի հիմքը հիփոթեքով ապահովված վարկային պայմանագիրն է, իսկ այդ հիմքով վարկառու-գրավատուի ստացած անձնական եկամուտը դրսևորվում է ստացված վարկային միջոցների տեսքով։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարկառու-գրավատուի համախառն եկամտի կազմում ներառվում է նաև վերջինիս վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու արդյունքում տեղի ունեցած օտարումից ստացված եկամուտը՝ չկատարված վարկային պարտավորությունների տեսքով։
Ըստ այդմ՝ ՀՀ հարկային օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան՝ սույն դեպքում հարկվող եկամուտ է հանդիսանում վարկառու-գրավատուի համախառն եկամտի (որը ներառում է նաև հիփոթեքով ապահովված վարկային պայմանագրի հիմքով ստանձնած՝ չկատարված վարկային պարտավորությունները) և Օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված նվազեցվող եկամուտների դրական տարբերությունը։
Օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված նվազեցումների բացակայության պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարկառու-գրավատուի գույքի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու արդյունքում՝ գրավադրված գույքի օտարումից ստացված անձնական եկամուտը՝ չկատարված վարկային պարտավորությունների տեսքով, հանդիսանում է հարկվող եկամուտ և գրավատուի համար առաջացնում եկամտային հարկի հաշվարկման և վճարման պարտավորություն:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Դիմելով դատարան` Բորիս Ավագյանը հիմնական պահանջով խնդրել է անվավեր ճանաչել Կոմիտեի 08․10․2019 թվականի «Չկատարված հարկային պարտավորությունները գանձելու մասին» թիվ 1492-Ա որոշումը։
Դատարանը 02.06.2020 թվականի վճռով հայցը բավարարել է՝ պատճառաբանելով, որ վիճարկվող վարչական ակտը բավարար չափով հիմնավորված չէ՝ հաշվի առնելով, որ դրանում վկայակոչված ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «բ» ենթակետը (մինչև 29․06․2019 թվականը գործող խմբագրությամբ) «վերաբերվում է նվազեցվող եկամուտներին և սահմանում, թե որ դեպքում է գույքի օտարումը որպես չնվազող եկամուտ համարվում ձեռնարկատիրական գործունեության առարկա գույքի օտարում, այլ՝ ոչ թե, որ նման գործարքը հարկվում է եկամտային հարկով ․․․ Վարչական ակտի բովանդակությունից պարզ չէ, թե օտարված անշարժ գույքը ինչու է համարվել ձեռնարկատիրական գործունեության առարկա գույքի օտարում: Պարզ չէ, հարկային օրենսգրքի որ հոդվածի հիմքով է անշարժ գույքի արտադատական կարգով բռնագանձումը դիտարկվել որպես օտարում, ինչ հիմքերով է հաշվարկվել ենթադրյալ հարկային պարտավորության ապառքը, երբվանից են հաշվարկվել տույժերը և այլն»:
Բացի այդ, Դատարանը փաստել է, որ վարչական մարմինը, խախտելով օրենքի պահանջը, բազմակողմանի քննություն չի իրականացրել և քննության առարկա չի դարձրել գործի համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը, մասնավորապես՝ այն, որ պահանջի իրավունքի զիջման պայմանագրով Գայանե Սերոբյանին փոխանցվել է ոչ թե գրավադրված գույքի սեփականության իրավունքը, այլ վարկային պայմանագրերից բխող՝ անհատ ձեռնարկատեր Բորիս Ավագյանից գումարը ստանալու պահանջը, իսկ գրավադրված գույքի նկատմամբ սեփականության իրավունքը Գայանե Սերոբյանին փոխանցվել է բռնագանձման արդյունքում:
Դատարանը գտել է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող հարկային օրենսդրության համապատասխան՝ գործարքը ենթակա չէր եկամտային հարկով հարկման, և հայցվորի համար եկամտային հարկի գծով պարտավորություններ չէին կարող առաջանալ, քանի որ ստացված վարկային միջոցները ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի ուժով համարվում են հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ:
Վերաքննիչ դատարանը, 12․01.2021 թվականի որոշմամբ մերժելով Կոմիտեի վերաքննիչ բողոքը, ընդգծել է, որ պահանջի իրավունքի զիջման գործարքն անշարժ գույքի օտարման գործարք չէ և այդպիսին չի համարվում նաև Օրենսգրքի կիրառելիության տեսանկյունից, քանի որ պահանջի զիջման գործարքով տեղի չի ունենում մեկ անձից մեկ այլ անձի ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցում` որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում՝ մասնակի) կամ անհատույց, այլ տեղի է ունենում պարտավորության մեջ պահանջատիրոջ փոփոխություն: Հետևապես (․․․) վիճարկվող որոշմամբ մատնանշված պահանջի իրավունքի զիջման գործարքն Օրենսգրքի կիրառելիության տիրույթում օբյեկտիվորեն չի կարող որակվել` որպես եկամտային հարկով հարկվող գործարք:
Կոմիտեն բողոքարկվող որոշմամբ չի բացահայտել, թե արդյոք վարչական մարմնի կողմից որպես օտարման գործարք որակված պայմանագրով ամրագրված վիճահարույց գույքը համարվում է եկամտային հարկի օբյեկտ, թե՝ ոչ, ինչպես նաև եկամտային հարկի գծով հայցվորին հարկային պարտավորություն է առաջադրել՝ առանց բացահայտելու, թե ինչ եկամուտ է ստացել հայցվորը:
Ի վերջո, վիճարկվող վարչական ակտում Կոմիտեի մատնանշած Օրենսգրքի իրավահարաբերությունների ձևավորման պահին գործած խմբագրությամբ 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «բ» ենթակետը վերաբերում է ոչ թե եկամտային հարկի ծագմանը (առաջացմանը), այլ վերաբերում է հարկման բազան որոշելու ուղեգծում նվազեցվող և չնվազեցվող եկամուտներին: Այլ կերպ ասած` վիճարկվող որոշումը չի համապատասխանում նաև իրավական որոշակիության սկզբունքին, քանի որ դրանում չեն ներմուծվել այն իրավադրույթները, որոնք Կոմիտեի համոզմամբ հայցվորի համար ձևավորում են եկամտային հարկ վճարելու պարտավորություն:
Վերաքննիչ դատարանը փաստել է նաև, որ «նախ` իր նախաձեռնությամբ հարուցած վարչական վարույթի քննությամբ Կոմիտեն չի բացահայտել հայցվորի կողմից եկամտային հարկով հարկվող գործարք իրականացնելու, դրանից հարկման ենթակա եկամուտ ստանալու հանգամանքները, հետո` գործով ձեռք բերված ապացույցները վկայում են, որ վիճահարույց անշարժ գույքի նկատմամբ հայցվորի սեփականության իրավունքը փոխանցվել է նոր պարտատիրոջը բացառապես պարտքի դիմաց, իսկ հայցվորը նշված իրադրությունում եկամտային հարկով հարկվող եկամուտ փաստացի չի ստացել, և ըստ այդմ` չի կրում եկամտային հարկ վճարելու պարտականություն»:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն վարչական գործի փաստերին և Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը․
Սույն գործի փաստական հանգամանքների ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է․
- «Արդշինբանկ» ՓԲԸ-ի և Գայանե Սերոբյանի միջև «Պահանջի իրավունքի զիջման (ցեսիայի) պայմանագիրը» կնքվել է 01.06.2018 թվականին․ նշված պայմանագրի հիմքով է Գայանե Սերոբյանը պարտապան-գրավատուի նկատմամբ ձեռք բերել պարտատեր-գրավառուի կարգավիճակ և ըստ այդմ՝ նախաձեռնել գրավադրված գույքի արտադատական կարգով բռնագանձման գործընթաց,
- հաջորդիվ, նշված պայմանագրի հիմքով հայցվորի հանդեպ պարտատիրոջ և գրավառուի կարգավիճակ ձեռք բերած Գայանե Սերոբյանը նախաձեռնել է գրավադրված գույքի արտադատական կարգով բռնագանձման գործընթաց՝ 08.08.2018 թվականին հայցվորին հասցեագրելով «Ծանուցում» վերտառությամբ փաստաթուղթը,
- «Ծանուցում»-ն ստանալուց հետո երկամսյա ժամկետում հայցվորի կողմից պարտավորությունների չկատարման արդյունքում գրավադրված գույքի նկատմամբ 16․10․2018 թվականին գրանցվել է պարտատիրոջ՝ Գայանե Սերոբյանի սեփականության իրավունքը,
- 02.09.2019 թվականին ՓՀՎ ՀՏՎ վերլուծության թիվ 1 բաժնի պետ Լ. Ջիլավյանի և բաժնի ավագ հ/տ Գ. Սահակյանի կողմից կազմված «Հարկային պարտավորությունների հաշվարկման վերաբերյալ» թիվ Վ1/979-2019 տեղեկանքի համաձայն՝ «ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեից ՀՀ կառավարության 05.10.2017 թվականի թիվ 1337-Ն որոշմամբ ստացված անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների վերաբերյալ տեղեկությունների համաձայն՝ ֆիզիկական անձ Բորիս Արմենի Ավագյանը 16.10.2018 թվականին (․․․) պահանջի իրավունքի զիջման պայմանագրի հիման վրա օտարել է Երևան, Կենտրոն, Սայաթ-Նովայի պողոտա 7 շենք, 1 տարածք հասցեում գտնվող անշարժ գույքը (․․․)»,
- ըստ վիճարկվող որոշման՝ «(․․.) Համաձայն ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից ստացված տեղեկությունների՝ Բորիս Արմենի Ավագյանի կողմից 16․10․2018թ․ պահանջի իրավունքի զիջման պայմանագրի հիման վրա օտարել է ք․ Երևան, Սայաթ-Նովայի պողոտա 7 շենք 1 տարածք հասցեում գտնվող անշարժ գույք»։
Վերոհիշյալ փաստերի համադրված ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինչպես «Հարկային պարտավորությունների հաշվարկման վերաբերյալ» թիվ Վ1/979-2019 տեղեկանքում, այնպես էլ վիճարկվող որոշման մեջ որպես գրավադրված գույքի օտարման ամսաթիվ նշված է ոչ թե «Պահանջի իրավունքի զիջման (ցեսիայի) պայմանագրի» կնքման օրը՝ 01․06․2018 թվականը, այլ նշված պայմանագրի հիմքով պարտապան-գրավատուի նկատմամբ պարտատեր-գրավառուի կարգավիճակ ձեռք բերած Գայանե Սերոբյանի կողմից նախաձեռնված՝ գրավադրված գույքի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու արդյունքում վերջինիս սեփականության իրավունքի գրանցման ամսաթիվը՝ 16․10․2018 թվականը։
Ըստ այդմ՝ վերոհիշյալից բխում է, որ հակառակ Վերաքննիչ դատարանի պնդման՝ հարկային մարմինն օտարում է դիտարկել ոչ թե ինքնին պահանջի իրավունքի զիջումը, այլ «Պահանջի իրավունքի զիջման (ցեսիայի) պայմանագրի» հիման վրա պարտատեր-գրավառուի կարգավիճակ ձեռք բերած Գայանե Սերոբյանի կողմից նախաձեռնված բռնագանձման գործընթացի արդյունքում Գայանե Սերոբյանի սեփականության իրավունքի գրանցումը, որով տեղի է ունեցել սեփականության իրավունքի փոխանցում պարտապան-գրավատուից պարտատեր-գրավառուին։ Հետևաբար, անհիմն են Վերաքննիչ դատարանի փաստարկներն ու հիմնավորումներն առ այն, որ սույն դեպքում գույքի օտարում չի եղել՝ այն պատճառաբանությամբ, որ «պահանջի իրավունքի զիջման գործարքն անշարժ գույքի օտարման գործարք չէ»։
Վճռաբեկ դատարանը, արձանագրելով, որ գրավադրված գույքի նկատմամբ արտադատական կարգով բռնագանձման արդյունքում գրավատուի սեփականության իրավունքը փոխանցվել է գրավառուին, հիմնավոր է համարում բողոք բերած անձի պնդումն առ այն, որ սույն դեպքում տեղի է ունեցել հայցվորի գրավադրված գույքի օտարում՝ ՀՀ հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 54-րդ կետի իմաստով։
Այնուհետև Վճռաբեկ դատարանը, սույն գործի փաստական հանգամանքները գնահատելով իր վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, գտնում է, որ հայցվորին առաջադրված՝ եկամտային հարկ վճարելու պարտավորությունն իրավաչափ է։ Այսպես՝ հարկային մարմինը գրավադրված գույքի օտարումից ստացված եկամտի նկատմամբ հարկային պարտավորություն առաջադրել է՝ որպես հարկվող եկամուտ (հարկման բազա) դիտարկելով «Պահանջի իրավունքի զիջման (ցեսիայի) պայմանագրի» կնքման պահի դրությամբ հայցվորի՝ սկզբնական պարտատիրոջ՝ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի նկատմամբ ունեցած և չկատարված վարկային պարտավորությունների ամբողջ չափը՝ 263,711,107 ՀՀ դրամ։
Վճռաբեկ դատարանը, արձանագրելով, որ ֆիզիկական անձ Բորիս Ավագյանին պատկանող Երևան, Կենտրոն, Սայաթ-Նովայի պողոտա 7 շենք, 1 տարածք հասցեում գտնվող անշարժ գույքն արտադատական կարգով բռնագանձվել է, ինչի արդյունքում մարվել են վերջինիս՝ ի սկզբանե «Արդշինբանկ» ՓԲԸ-ի նկատմամբ ստանձնած վարկային պարտավորություններն իրենց ողջ ծավալով, փաստում է, որ այդ օտարումից ստացված եկամուտը՝ չկատարված վարկային պարտավորությունների տեսքով, իրավաչափորեն դիտարկվել են հարկման բազա և ըստ այդմ՝ հարկվել եկամտային հարկով։
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, բավարարելով Բորիս Ավագյանի հայցը, իսկ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի վճիռը, կայացրել են գործն ըստ էության սխալ լուծող դատական ակտեր՝ եզրահանգելով հայցվորի՝ եկամտային հարկ վճարելու պարտավորության բացակայության մասին:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունները հետևյալ հիմնավորմամբ.
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր է, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի՝ վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Նկատի ունենալով այն, որ Բորիս Ավագյանը սույն գործով հայցադիմումը դատարան ներկայացնելու համար վճարել է 4.000 ՀՀ դրամ՝ որպես պետական տուրք, իսկ Կոմիտեն վերաքննիչ բողոքի համար վճարել է 10.000 ՀՀ դրամ, վճռաբեկ բողոքի համար՝ 20.000 ՀՀ դրամ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը բավարարման, իսկ Բորիս Ավագյանի հայցը մերժման ենթակա լինելու պայմաններում Կոմիտեի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարները ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա են հատուցման Բորիս Ավագյանի կողմից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12․01․2021 թվականի որոշումը և փոփոխել այն՝ Բորիս Ավագյանի հայցը մերժել:
2. Բորիս Ավագյանից հօգուտ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար և 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Ռ. Հակոբյան Զեկուցող Լ. Հակոբյան Հ. ԲԵԴևյԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 դեկտեմբերի 2023 թվական: