Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-96-Ո-Կ-21
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.11.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.12.11-2023.12.24 Պաշտոնական հրապարակման օրը 12.12.2023
Ընդունող մարմին
Բարձրագույն դատական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
27.11.2023
Ստորագրող մարմին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.11.2023

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 

ԲԴԽ-96-Ո-Կ-21

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՌՈՒԲԵՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ`

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝

 

նախագահությամբ՝

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ

 

Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ

 

 

մասնակցությամբ՝ անդամներ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆԻ

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Ե. ԹՈՒՄԱՆՅԱՆՑԻ

Էդ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆԻ

Ք. ՄԿՈՅԱՆԻ

Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆԻ

 

 

2023 թվականի նոյեմբերի 27-ին

ք. Երևանում

 

քննության առնելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցի քննությունը կարճելու հարցը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել վարույթ հարուցող մարմնի կողմից իր լիազորություններն իրականացնելիս առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի ինքնուրույն հայտնաբերումը:

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Լևոն Բալյանի 24.05.2023 թվականի թիվ 40-Ա որոշմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանի (այսուհետ նաև՝ Դատավոր) նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:

Արդարադատության նախարարի 24.07.2023 թվականի թիվ 58-Ա և 11.09.2023 թվականի թիվ 65-Ա որոշումներով հարուցված կարգապահական վարույթի ժամկետը երկարաձգվել է:

Արդարադատության նախարարը 31.10.2023 թվականի թիվ 81-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ (այսուհետ նաև` Խորհուրդ)՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարարի միջնորդությունը ներկայացվել է այն հիմքով, որ Դատավորի կողմից թույլ են տրվել դատավարական իրավունքի նորմերի՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 4-րդ, 8-րդ մասերի, 263-րդ հոդվածի 4-5-րդ մասերի, Ընտանեկան օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտումներ, որոնք նաև հանգեցրել են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնների խախտման:

Բարձրագույն դատական խորհուրդը, հիմք ընդունելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահի պարտականությունները կատարողի 17.11.2023 թվականի գրությունը և ղեկավարվելով Օրենսգրքի 159-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, 20.11.2023 թվականի թիվ ԲԴԽ-95-Ո-282 որոշմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանի լիազորությունները 20.11.2023 թվականից դադարեցրել է:

Օրենսգրքի 150-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհուրդը կարճում է, եթե կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը վերսկսելուց հետո առկա են սույն օրենսգրքի 160-րդ հոդվածով նախատեսված դատավորի լիազորությունների դադարման հիմքեր։ (…)

Օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորի լիազորությունները դադարեցնելու վարույթի նկատմամբ կիրառվում են («mutatis mutandis») սույն օրենսգրքի 19-րդ գլխի կանոնները այնքանով, որքանով կիրառելի են, և եթե այլ բան սահմանված չէ սույն գլխով:

Նույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ դատավորի լիազորությունները Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ դադարեցվում են, եթե նա` ունի դատավորի պաշտոնում նշանակմանը, նշանակվելուց հետո պաշտոնավարմանը խոչընդոտող հիվանդություն կամ վիճակ, որի հետևանքով այլևս ի վիճակի չէ կատարելու դատավորի լիազորությունները կամ հրաժարվել է անցնել սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված պարտադիր բժշկական զննությունը:

Բարձրագույն դատական խորհրդի 22.10.2020 թվականի «Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշման Հավելված 1-ի 93-րդ կետի համաձայն՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության փուլում Խորհուրդը, որպես դատարան գործելիս, ղեկավարվում է Օրենքով, իսկ այն դեպքում, երբ կոնկրետ դատավարական գործընթացը կարգավորված չէ Օրենքով՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի նորմերով:

Վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե` վեճն ըստ էության սպառվել է:

Տվյալ պարագայում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանի լիազորությունները դադարեցվել են մինչև Բարձրագույն դատական խորհրդում վերջինիս կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության ըստ էության քննությունը, ուստի սույն գործով վեճն ըստ էության սպառվել է, որպիսի պայմաններում Խորհուրդը գտնում է, որ առկա է Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը կարճելու հիմքը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 7-րդ մասով, 150-րդ հոդվածի 4-րդ մասով և 155-րդ հոդվածով, Վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը կարճել:

2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

 

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ

Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Անդամներ`

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ե. ԹՈՒՄԱՆՅԱՆՑ

Էդ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ք. ՄԿՈՅԱՆ

Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 դեկտեմբերի 2023 թվական: