Գլխավոր տեղեկություն
Համար
N 104-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (30.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.03.02/15(387) Հոդ.252
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.01.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.02.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.02.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.03.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 21 փետրվարի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հունվարի 2005 թվականի N 104-Ն


«ՎԱՐԴԵՆԻՍԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ կետին և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Վարդենիսի տուն-ինտերնատ» փակ բաժնետիրական ընկերության ակտիվների կազմից հաշվեկշռային արժեքով առանձնացնել շենքերը, շինությունները, և դրանք, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով` համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

(1-ին կետը լրաց., փոփ. 21.04.05 N 730-Ն)

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակություն ունեցող և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը վճարվում է «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով։

3. «Վարդենիսի տուն-ինտերնատ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Վարդենիսի շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության:

(3-րդ կետը փոփ. 28.12.23 N 2341-Ն)

4. «Վարդենիսի շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Վարդենիսի տուն-ինտերնատ» պետական փակ բաժնետիրական ընկերության իրավահաջորդն է, և, փոխանցման ակտին համապատասխան, նրան են փոխանցվում գույքի բացի սույն որոշման 1-ին կետում նշված գույքից նկատմամբ սեփականության իրավունքը, 250000 քառ. մետր մակերեսով հողատարածքի և սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անհատույց անժամկետ օգտագործման իրավունքն ու «Վարդենիսի տուն-ինտերնատ» փակ բաժնետիրական ընկերության պարտականությունները:

(4-րդ կետը փոփ., լրաց. 21.04.05 N 730-Ն, փոփ. 28.12.23 N 2341-Ն)

5. Սահմանել, որ՝

1) «Վարդենիսի շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնական նպատակն է խնամքի կարիք ունեցող տարեց և (կամ) հաշմանդամություն (այդ թվում՝ համապատասխան դեղեր գործածող, վարքային խանգարում ունեցող թեթև կամ չափավոր աստիճանի, ինչպես նաև՝ խոր կամ ծանր աստիճանի մտավոր խնդիրներ կամ հոգեկան և վարքային այլ խանգարումներ) ունեցող անձանց (այսուհետ՝ շահառուներ) շուրջօրյա խնամքի տրամադրումը.

2) «Վարդենիսի շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան են՝ շահառուների՝ սննդի տրամադրումը, առաջնային բժշկական օգնության և սպասարկման, այդ թվում՝ հոգեբուժական օգնության և սպասարկման տրամադրումը, սոցիալ-հոգեբանական օգնության, այդ թվում՝ հոգեկան առողջության վերականգնմանն ուղղված ծառայությունների, իրավական խորհրդատվության տրամադրումը, աջակցող միջոցներով ապահովումը, բժշկասոցիալական փորձաքննությունը կամ անձի ֆունկցիոնալության գնահատումը, հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն ուղեգրելը, ազատ ժամանցի, աշխատանքային թերապիան, այդ թվում՝ սոցիալական հմտությունների և կարողությունների զարգացմանն ուղղված և այլ մասնագիտացված ծառայությունների կազմակերպումը, ինչպես նաև անհրաժեշտ կահույքի, հագուստի, սպիտակեղենի, կոշկեղենի, անկողնային պարագաների և անձնական հիգիենայի պարագաների տրամադրումը.

3) «Վարդենիսի շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանի հավելվածի համաձայն, կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա. բուսաբուծություն ու անասնաբուծություն, որսորդություն և հարակից ծառայություններ (01), մասնավորապես՝ ոչ բազմամյա մշակաբույսերի աճեցում (01.1), բազմամյա մշակաբույսերի աճեցում (01.2), տնկիների և այլ տնկանյութերի աճեցում (01.3), անասնաբուծություն (01.4),

բ. սննդամթերքի արտադրություն (10), մասնավորապես՝ մսի մշակում և պահածոյացում, մսամթերքի արտադրություն (10.1), մրգերի և բանջարեղենի մշակում և պահածոյացում (10.3), կաթնամթերքի արտադրություն (10.5), հացի և ալյուրե հրուշակեղենի արտադրություն (10.7),

գ. մանածագործական արտադրատեսակների արտադրություն (13), մանածագործվածքի արտադրություն (13.2), այլ մանածագործական արտադրատեսակների արտադրություն (13.9),

դ․ բնակչության սոցիալական սպասարկում (87), մասնավորապես՝ մտավոր թերզարգացած, հոգեկան խանգարումներով կամ ֆիզիկական թերություններով անձանց, գինեմոլների և թմրամոլների սոցիալական սպասարկում՝ կացության ապահովմամբ (87.2), անգործունակների և տարեցների սոցիալական սպասարկում՝ կացության ապահովմամբ (87.3)՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1112-Ն որոշմամբ սահմանված կարգի,

ե. այլ անհատական ծառայությունների մատուցում (96), մասնավորապես՝ մանածագործական և մորթե արտադրատեսակների լվացում, մաքրում և չոր մաքրում (96.01)։

(5-րդ կետը խմբ. 28.12.23 N 2341-Ն) 

6. (կետն ուժը կորցրել է 28.12.23 N 2341-Ն) 

7. «Վարդենիսի շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը: Սույն որոշման համաձայն իրականացվող վերակազմակերպմամբ պայմանավորված փաստաթղթերի հաստատման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին:

(7-րդ կետը լրաց., փոփ. 21.04.05 N 730-Ն, փոփ. 28.12.23 N 2341-Ն)

8. Սահմանել, որ`

ա) սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացվում է «Վարդենիսի շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքված պայմանագրի հիման վրա.

բ) «Վարդենիսի շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական ռեգիստրում գրանցման, կնիքի, դրոշմակնիքի ձեռքբերման, ինչպես նաև սույն որոշման համաձայն նրան հանձնվող գույքի գրանցման ծախսերը կատարվում են սեփական միջոցների հաշվին։

(8-րդ կետը փոփ. 28.12.23 N 2341-Ն)

9. Առանձնահատկություններով պայմանավորված` զիջել «Վարդենիսի տուն-ինտերնատ» փակ բաժնետիրական ընկերության 2003 թվականի տարեկան գործունեության արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ առաջացած շահութաբաժնի 2412.4 հազ. դրամի պարտավորությունը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ
 

Ա. Մարգարյան


2005 թ. փետրվարի 10
Երևան