Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 72
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (31.07.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.01.08-2024.01.21 Պաշտոնական հրապարակման օրը 10.01.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
23.06.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
23.06.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.07.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հունիսի 2023 թվականի

թիվ 72

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՂՐՂՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ (ԿԱՄ) ԿԱՀԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 43-րդ և 45-րդ հոդվածներին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ կետին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 7-րդ և 16-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1.58 ենթակետով.

«7.1.58. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի հունիսի 23-ի թիվ 72 որոշմամբ հաստատված ցանկում ներառված, Ղրղզստանի Հանրապետության նախագահի վարչակազմի պետական նշանակության շենքի շինարարության և (կամ) կահավորման համար Ղրղզստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքներ:

Նշված սակագնային արտոնության տրամադրման պայմանն է գործադիր իշխանության՝ Ղրղզստանի Հանրապետության շինարարության ոլորտում պետական քաղաքականության մշակման և իրականացման գործառույթներն իրականացնող լիազորված պետական մարմնի կողմից տրված՝ ներմուծվող ապրանքների նպատակային նշանակության հաստատման առկայությունը, որը տեղեկություններ է պարունակում ապրանքների անվանումների, դրանց քանակի և արժեքի, ինչպես նաև դրանց ներմուծումն իրականացնող կազմակերպությունների մասին:

Սույն ենթակետով նախատեսված սակագնային արտոնությունը տրամադրվում է «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար, որոնց վերաբերյալ ապրանքների հայտարարագիրը, իսկ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման դեպքում՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումը գրանցվել են Ղրղզստանի Հանրապետության մաքսային մարմնի կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի հունիսի 23-ի թիվ 72 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։

Այն ապրանքները, որոնց համար կիրառվում է սակագնային արտոնություն, կարող են օգտագործվել բացառապես Ղրղզստանի Հանրապետության տարածքում՝ սույն ենթակետի առաջին պարբերության մեջ նշված՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան, և պետք է գտնվեն հայտարարատուի և (կամ) Ղրղզստանի Հանրապետության նախագահի վարչակազմի պետական նշանակության շենքի շինարարության և (կամ) կահավորման մեջ ներգրավված անձանց փաստացի տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման տակ: Թույլատրվում է այն ապրանքների փոխանցումն այլ անձանց տիրապետմանը և (կամ) օգտագործմանը՝ այդ ապրանքների նորոգման և (կամ) տեխնիկական սպասարկման, դրանց պահման կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) համար, որոնց նկատմամբ կիրառվում է սակագնային արտոնություն:

Այն ապրանքների օգտագործման և տիրապետման սահմանափակումները, որոնց նկատմամբ կիրառվում է սակագնային արտոնություն, գործում են նախքան Ղրղզստանի Հանրապետության նախագահի վարչակազմի պետական նշանակության շենքը շահագործման հանձնելը, սակայն դրանց բացթողման օրվանից ոչ ավելի, քան հինգ տարի՝ «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան:

Նշված շենքը շահագործման հանձնելու փաստը հաստատող փաստաթուղթը սահմանվում է Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:»:

2. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի թիվ 728 որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության միասնական մաքսային տարածք ապրանքների առանձին կատեգորիաների ներմուծման ժամանակ մաքսատուրքերի վճարումից ազատում կիրառելու կարգի 15-րդ կետում «7.1.57» թվերը փոխարինել «7.1.58» թվերով։

3. Հաստատել Ղրղզստանի Հանրապետության նախագահի վարչակազմի պետական նշանակության շենքի շինարարության և (կամ) կահավորման համար Ղրղզստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների՝ կից ներկայացվող ցանկը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

խորհրդի 2023 թվականի հունիսի 23-ի

թիվ 72 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

Ղրղզստանի Հանրապետության նախագահի վարչակազմի պետական նշանակության շենքի շինարարության և (կամ) կահավորման համար Ղրղզստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների

 

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Դիրքի անվանումը

2710 19 980 0

Այլ քսայուղեր և այլ յուղեր

3506

Պատրաստի սոսինձներ և այլ պատրաստի հարակցանյութեր՝ այլ տեղում չնշված կամ չներառված. Որպես սոսինձներ կամ հարակցանյութեր օգտագործելու համար պիտանի, մանրածախ վաճառքի համար որպես սոսինձներ կամ հարակցանյութեր բաժնեծրարված, 1 կգ-ից ոչ ավելի զտաքաշ ունեցող արտադրանք

3917

Խողովակներ, փողակներ, ճկափողեր և դրանց կցամասերը (օրինակ՝ միացքներ, ծունկեր, կցաշուրթեր) պլաստմասսայից

3919

Սալիկներ, թերթեր, թաղանթ, ժապավեն, շերտ և այլ հարթ ձևեր՝ պլաստմասսայից, ինքնակպչուն, գլանափաթեթներով կամ ոչ գլանափաթեթներով

3921

Սալիկներ, թերթեր, թաղանթ և շերտեր կամ ժապավեններ պլաստմասսայից՝ այլ

3922

Լոգնոցներ, ցնցուղներ, կոնքեր՝ ջրի հոսքի համար, կոնքեր՝ լվացվելու համար, բիդեներ, զուգարանակոնքեր, դրանց համար նստոցներ ու կափարիչներ, ջրթափ բաքեր և նույնանման սանիտարատեխնիկական արտադրատեսակներ պլաստմասսայից

3925

Շինարարական դետալներ պլաստմասսայից՝ այլ տեղում չնշված կամ չներառված

3926

Պլաստմասսայե այլ իրեր և 3901-3914 ապրանքային դիրքերի այլ նյութերից իրեր

4016

Արտադրատեսակներ՝ վուլկանացված ռետինից՝ բացի կոշտ ռետինից, այլ

4202 92 980 0

Պայուսակներ՝ աշխատանքային գործիքի համար, պայուսակներ տնտեսական, կտրող առարկաների պատյաններ և համանման արտադրատեսակներ մանածագործական նյութերից

4411

Փայտամանրաթելային սալեր փայտանյութից կամ այլ փայտացած նյութերից՝ խեժերի կամ օրգանական այլ նյութերի հավելումով կամ առանց հավելման

4418

Ատաղձագործական և հյուսնի պատրաստած փայտե արտադրատեսակներ՝ շինարարական, ներառյալ՝ փայտե ծակոտկեն պանելները, հատակի պանելները՝ հավաքված, տանիքի կավարը և հերձանը

4420

Փայտե արտադրատեսակներ՝ խճանկարային, և փայտե արտադրատեսակներ՝ դրվագազարդ. փայտե զարդատուփեր և տուփեր՝ ոսկերչական իրերի կամ դանակների և նույնանման արտադրատեսակների համար. փայտե արձանիկներ և դեկորատիվ այլ արտադրատեսակներ․ կահույքի փայտե առարկաներ՝ 94-րդ խմբում չնշված

5703

Գորգեր և հատակի այլ մանածագործական ծածկույթներ (ներառյալ՝ ստևախիտ (turf)) թափակար նրբախավով, պատրաստի կամ անավարտ

6116

Ձեռնոցներ, թաթմաններ և առանց մատների ձեռնոցներ՝ տրիկոտաժից, մեքենայագործ կամ ձեռագործ

6211 42 100 0

Գոգնոցներ, կոմբինեզոններ, աշխատանքային համազգեստ և արտադրական ու մասնագիտական այլ հագուստ (տնային օգտագործման համար պիտանի կամ ոչ պիտանի) բամբակե մանվածքից՝ նախատեսված կանանց համար

6211 43 100 0

Գոգնոցներ, կոմբինեզոններ, աշխատանքային համազգեստ և արտադրական ու մասնագիտական այլ հագուստ (տնային օգտագործման համար պիտանի կամ ոչ պիտանի) քիմիական թելերից՝ նախատեսված կանանց համար

6806

Խարամաբամբակ, սիլիկատային հանքաբամբակ և նույնանման հանքաբամբակներ. վերմիկուլիտ շերտավորված, կավեր փքված, մետաղախարամ փրփրած և նույնանման փքված հանքային արտադրանք. ջերմամեկուսիչ, ձայնամեկուսիչ կամ ձայնակլանիչ հանքանյութերի խառնուրդներ և դրանցից պատրաստված արտադրատեսակներ, բացի 6811 կամ 6812 ապրանքային դիրքերում կամ 69-րդ խմբում ընդգրկված արտադրատեսակներից

6809

Արտադրատեսակներ գիպսից կամ դրա հիմքով խառնուրդներից

6810

Ցեմենտից, բետոնից կամ արհեստական քարից արտադրատեսակներ՝ չամրանավորած կամ ամրանավորած

6904

Աղյուսներ շինարարական, բլոկներ հատակի համար, քարեր՝ կերամիկական կրող կամ հեծանային կոնստրուկցիաների լցման համար, և նույնանման արտադրատեսակներ կերամիկական

6907

Սալարկման քարեր, երեսապատման սալիկներ՝ հատակների, վառարանների, բուխարիների կամ պատերի համար՝ կերամիկական. խորանարդիկներ՝ կերամիկական, խճարային աշխատանքների համար, և նույնանման արտադրատեսակներ՝ կերամիկական հիմքով կամ առանց դրա. կերամիկական արտադրատեսակներ հարդարման համար

6910

Լվացարանակոնքեր, լվացարաններ, լվացարանակոնքերի բարձակներ, լոգարաններ, բիդեներ, զուգարանակոնքեր, ջրթափ փոքրիկ բաքեր, միզարաններ և նույնանման սանիտարատեխնիկական արտադրատեսակներ՝ կերամիկական

7004

Ապակի՝ ձգովի և փչովի, թերթերով, կլանող, անդրադարձնող կամ չանդրադարձնող շերտով կամ առանց դրա, բայց որևէ այլ եղանակով չմշակված

7019

Ապակե մանրաթել (այդ թվում՝ ապակե բամբակ) և դրանից պատրաստված արտադրատեսակներ (օրինակ՝ մանվածք, ռովինգներ, գործվածքներ)

7210

Երկաթից կամ չլեգիրված պողպատից հարթ գլանվածք՝ 600 մմ կամ ավելի լայնությամբ, երեսապատված, գալվանական կամ այլ ծածկույթով

7212

Հարթ գլանվածք երկաթից կամ չլեգիրված պողպատից՝ 600 մմ-ից պակաս լայնությամբ, երեսապատված, գալվանական կամ այլ պատվածքով

7215

Այլ ձողեր երկաթից կամ չլեգիրված պողպատից

7307

Կցամասեր՝ խողովակների կամ փողակների համար (օրինակ՝ միացքներ, ծունկեր, խողովակակցիչներ), սև մետաղներից

7308

Մետաղակոնստրուկցիաներ սև մետաղներից (բացի 9406 ապրանքային դիրքի հավաքովի շինարարական կոնստրուկցիաներից) և դրանց մասերը (օրինակ՝ կամուրջներ և դրանց սեկցիաները, ջրարգելակների դարպասներ, աշտարակներ, վանդակավոր կայմեր, ծածկեր տանիքների համար, շինարարական ֆերմաներ, դռներ և պատուհաններ ու դրանց շրջանակները, դռան շեմքեր, շերտափեղկեր, ճաղաշարքեր, հենարաններ և դրանց հենասյուները). մետաղակոնստրուկցիաների մեջ օգտագործման համար նախատեսված թերթեր, ձողեր, անկյունակներ, ձևավոր պրոֆիլներ, խողովակներ և նույնանման արտադրատեսակներ սև մետաղներից

7312

Ոլորված մետաղալար, մետաղաճոպաններ, մետաղապարաններ, հյուսված քուղեր, առասաններ և նույնանման արտադրատեսակներ սև մետաղներից՝ առանց էլեկտրական մեկուսացման

7315

Շղթաներ և դրանց մասերը սև մետաղներից

7317 00

Մեխեր, կոճգամներ, գծագրական կոճգամներ, ակոսավոր մեխեր, բռնակներ (բացի 8305 ապրանքային դիրքում ընդգրկվածներից) և նույնանման արտադրատեսակներ՝ սև մետաղներից, այլ նյութերից գլխիկներով կամ առանց գլխիկների՝ բացի պղնձե գլխիկներով արտադրատեսակներից

7318

Պտուտակներ, հեղույսներ, մանեկներ, հաստամեխեր, ներպտտային կեռեր, գամեր, երիթներ, երիթակներ, տափօղակներ (այդ թվում՝ զսպանականման) և նույնանման արտադրատեսակներ սև մետաղներից

7323

Սեղանի, խոհանոցային կամ այլ արտադրատեսակներ՝ կենցաղային կարիքների համար, և դրանց մասերը՝ սև մետաղներից. «բուրդ»` սև մետաղներից. ճիլոպներ՝ խոհանոցային սպասքը մաքրելու համար, բարձիկներ՝ մաքրելու կամ փայլեցնելու համար, ձեռնոցներ և նույնանման արտադրատեսակներ

7324

Սանիտարատեխնիկական սարքավորումներ և դրանց մասերը՝ սև մետաղներից

7325

Այլ ձուլված արտադրատեսակներ՝ սև մետաղներից

7326

Այլ ձուլված արտադրատեսակներ՝ սև մետաղներից

7409

Սալեր, թերթեր և շերտեր կամ ժապավեններ՝ պղնձե, 0,15 մմ-ից ավելի հաստությամբ

7604

Ձողեր և պրոֆիլներ՝ ալյումինե

7610

Մետաղակոնստրուկցիաներ ալյումինից (բացի 9406 ապրանքային դիրքի հավաքովի շինարարական կոնստրուկցիաներից) և դրանց մասերը (օրինակ՝ կամուրջներ և դրանց սեկցիաները, աշտարակներ, վանդակավոր կայմեր, ծածկեր տանիքների համար, շինարարական ֆերմաներ, դռներ, պատուհաններ ու դրանց շրջանակները, դռան շեմքեր, ճաղաշարքեր, հենարաններ և դրանց հենասյուները). թերթեր, ձողեր, պրոֆիլներ, խողովակներ և նույնանման արտադրատեսակներ ալյումինից՝ նախատեսված մետաղակոնստրուկցիաների մեջ օգտագործման համար

8202

Ձեռքի սղոցներ սղոցաշեղբեր՝ ամեն տեսակի սղոցների համար (ներառյալ՝ երկայնակի կտրման, փորակների կտրման համար նախատեսված կամ անատամ սղոցաշեղբերը)

8203

Խարտոցներ, նրբախարտոցներ, թորբուներ, աքցաններ (ներառյալ՝ կցաքցանները), տափակաշուրթ աքցաններ, համաքցաններ, նրբունելիներ, ունելիներ, մկրատներ՝ մետաղ կտրելու համար, խողովակահատիչ սարքվածքներ, հեղույսահատ մկրատներ, անցքահատներ և ձեռքի նույնանման գործիքներ

8204

Ձեռքի մանեկային դարձակներ (ներառյալ՝ ոլորքաչափերով մանեկային դարձակները՝ բացառյալ պտտիկները)․ փոխովի գլխիկներ՝ մանեկային դարձակների համար, բռնակներով կամ առանց բռնակների

8205

Ձեռքի գործիքներ (ներառյալ՝ ալմաստային ապակեկտրիչները)՝ այլ տեղում չնշված կամ չներառված. զոդալամպեր. մամլակներ, սեղմակներ և նույնանման արտադրատեսակներ՝ բացի հաստոցների կամ ջրաշիթային հատման մեքենաների պարագաներից ու մասերից. զնդաններ. շարժական հնոցներ. հենարանային կառուցվածքներով հղկասկավառակներ՝ ձեռքի կամ ոտքի շարժակով

8207

Փոխովի աշխատանքային գործիքներ՝ ձեռքի գործիքների համար, մեխանիկական շարժաբերով կամ առանց դրա կամ հաստոցների համար (օրինակ՝ մամլման, դրոշմման, արտահատման, պարուրակների ակոսման, գայլիկոնման, ներտաշման, միջաձգման, ֆրեզման, խառատային մշակման կամ ներպտուտակման համար)՝ ներառյալ մետաղի կորզանման կամ արտամղման համար թելակորզանները, ժայռային ապարների կամ գրունտի հորատման գործիքները

8211

Դանակներ՝ կտրող սայրերով, սղոցանման կամ ոչ (ներառյալ՝ ծառերը եզրահատելու դանակները), բացի 8208 ապրանքային դիրքում ընդգրկված դանակներից, և դրանց համար նախատեսված սայրերը

8307

Ճկուն խողովակներ ոչ թանկարժեք մետաղներից՝ կցամասերով կամ առանց դրանց

8311

Մետաղալարեր, ձողեր, խողովակներ, թիթեղներ, էլեկտրոդներ և նույնանման արտադրատեսակներ՝ ոչ թանկարժեք մետաղներից կամ մետաղների կարբիդներից, պատվածքով կամ հալանյութային միջուկով, որոնք օգտագործվում են ցածր ջերմաստիճանի, բարձր ջերմաստիճանի զոդման համար, մետաղների կամ մետաղների կարբիդների եռակցման կամ նստեցման համար. մետաղալար և ձողեր՝ ոչ թանկարժեք մետաղների եռակալված փոշիներից, փոշիացումով մետաղապատման համար օգտագործվող

8424 10 000 0

Կրակմարիչներ՝ լիցքավորված կամ չլիցքավորված

8425 49 000 0

Ամբարձիկներ. վերհաններ, որոնք օգտագործվում են տրանսպորտային միջոցներ բարձրացնելու համար, այլ

8427

Ավտոբեռնիչներ՝ եղանավոր բռնիչով. այլ սայլակներ՝ վերհան կամ բեռնիչ-բեռնաթափիչ սարքավորումներով համալրված

8428 10 200 2

Վերելակներ և վերհաններ՝ էլեկտրական կառավարմամբ

8443 39 100 9

Մեքենաներ, որոնք կատարում են պատճենահանման գործառույթ

8443 39 390 0

Պատճենահանման ապարատներ

8462

Հաստոցներ (այդ թվում՝ մամլիչներ) ծավալային դրոշմումով, կռումով կամ դրոշմումով մետաղները մշակելու համար (բացի կորզանման հաստոցներից). հաստոցներ՝ մետաղների մշակման համար (ներառյալ մամլիչները, երկայնական կտրման գծերը և լայնական կտրման գծերը), կորացման, եզրակորացման, հարդարման, կտորահատիչ, ծակող, անցքահատիչ կամ արտահատիչ (բացի կորզանման հաստոցներից). մամլիչներ՝ մետաղների կամ մետաղների կարբիդների մշակման համար, վերևում չնշված

8467

Ձեռքի գործիքներ՝ օդաճնշական, հիդրավլիկ կամ ներկառուցված էլեկտրական կամ ոչ էլեկտրական շարժիչով

8481

Ծորակներ, կափույրներ, փականներ և նույնանման արմատուր՝ խողովակաշարերի, կաթսաների, ամբարների, ցիստեռնների, բաքերի կամ նույնանման տարողությունների համար, ներառյալ՝ ճնշումը նվազեցնող (ռեդուկցիոն) և ջերմակարգավորիչ կափույրները

8504

Տրանսֆորմատորներ էլեկտրական, ստատիկ էլեկտրական կերպափոխիչներ (օրինակ՝ ուղղիչներ), ինդուկտիվության կոճեր և դրոսելներ

8507 20 800 8

Կուտակիչներ կապարային

8507 30 200 9

Կուտակիչներ՝ նիկելկադմիումային, հերմետիկ

8516

Էլեկտրական հոսանուտ կամ կուտակային (ունակային) ջրատաքացուցիչներ և ընկղմվող էլեկտրատաքացուցիչներ. էլեկտրասարքավորումներ՝ տարածքի ջեռուցման և բնահողի տաքացման համար, էլեկտրաջերմային ապարատներ՝ մազերի խնամքի համար (օրինակ՝ մազերի չորացուցիչներ, վարսափաթաթուկ (բիգուդի), տաք գանգրացման համար նախատեսված ունելի) և ձեռքերի չորացուցիչներ. էլեկտրական արդուկներ. կենցաղային այլ էլեկտրատաքացուցիչ սարքեր. դիմադրության հիմունքով տաքացնող էլեկտրական սարքեր՝ բացի 8545 ապրանքային դիրքում նշվածներից

8518

Միկրոֆոններ և հենակալներ դրանց համար. բարձրախոսներ՝ կորպուսների մեջ մոնտաժված կամ չմոնտաժված. ականջակալներ և գլխամասային հեռախոսներ՝ միկրոֆոնի հետ զուգակցված կամ չզուգակցված, և լրակազմեր, որոնք բաղկացած են միկրոֆոնից և մեկ կամ ավելի բարձրախոսներից. ձայնային հաճախականության էլեկտրական ուժեղարարներ. էլեկտրական ձայնաուժեղացնող լրակազմեր

8525

Հաղորդող ապարատուրա՝ ռադիոհեռարձակման կամ հեռուստատեսության համար, որն իր կազմում ներառում կամ չի ներառում ընդունող, ձայնագրող կամ ձայնավերարտադրող ապարատուրա. հեռուստատեսային խցիկներ, թվային խցիկներ և գրառող տեսախցիկներ

8531 10 300 0

Պաշտպանության ազդանշանման սարքվածքներ, հրդեհի ազդանշանման սարքվածքներ և նույնանման սարքեր՝ շենքերում օգտագործվող

8536

Էլեկտրական ապարատուրա` կոմուտացիայի կամ էլեկտրական շղթաների պաշպանության համար, կամ էլեկտրական շղթաներին կամ էլեկտրական շղթաներում միացումների համար (օրինակ` անջատիչներ, փոխանջատիչներ, ընդհատիչներ, ռելեներ, հալվող ապահովիչներ, լարման թռիչքների մարիչներ, խրոցակային եղանիկներ և վարդակներ, էլեկտրական լամպերի կոթառներ և այլ միակցիչներ, միակցման տուփեր)՝ 1000 Վ-ից ոչ ավելի լարման համար. միակցիչներ՝ օպտիկական մանրաթելերի, թելքաօպտիկական լարանների կամ մալուխների համար

8538 10 000 0

Պուլտեր, պանելներ, բարձակներ, սեղաններ, բաշխիչ վահաններ և այլ հիմքեր՝ 8537 ապրանքային դիրքում ընդգրկված արտադրատեսակների համար, բայց համապատասխան ապարատուրայով չլրակազմված

8544

Հաղորդալարեր մեկուսացված (ներառյալ արծնապատները կամ անոդավորվածները), մալուխներ (ներառյալ համառանցքային մալուխները) և այլ մեկուսացված էլեկտրական հաղորդիչներ՝ միացնող հարմարանքներով կամ առանց դրանց. մալուխներ թելքաօպտիկական, անհատական թաղանթներով մանրաթելից կազմված, անկախ այն բանից՝ դրանք հավաքված են էլեկտրահաղորդիչների կամ միացնող հարմարանքների հետ, թե ոչ

8716

Կցորդներ և կիսակցորդներ. ոչ ինքնագնաց այլ տրանսպորտային միջոցներ. դրանց մասերը

9004

Ակնոցներ, պաշտպանիչ ակնոցներ և նույնանման օպտիկական սարքեր՝ շտկող, պաշտպանիչ կամ այլ

9017 80 100 0

Չափիչ ձողեր և չափերիզներ, բաժանումներով քանոններ

9019 10 900 1

Հիդրոմերսման լոգարաններ և ցնցղախցիկներ

9028 20 000 0

Հեղուկահաշվիչներ

9030

Օսցիլոսկոպներ, սպեկտրաանալիզատորներ, այլ սարքեր և ապարատուրա՝ էլեկտրական մեծությունների չափման կամ հսկման համար՝ բացի 9028 ապրանքային դիրքում նշված չափիչ սարքերից. սարքեր և ապարատուրա` ալֆա-, բետա-, գամմա-, ռենտգենյան, տիեզերական կամ այլ իոնացնող ճառագայթումների հայտնաբերման կամ չափման համար

9032 10 200 0

Ջերմապահպանիչներ՝ էլեկտրոնային

9401

Կահույք՝ նստելու համար (բացի 9402 ապրանքային դիրքում նշվածներից), որը ձևափոխվում է կամ չի ձևափոխվում որպես մահճակալ, և դրա մասերը

9403

Այլ կահույք և դրա մասերը

9405

Լուսատուներ և լուսավորման սարքավորումներ, ներառյալ՝ լուսարձակները, լամպեր՝ լույսի նեղ ուղղվածությամբ, ցոլալապտերներ և դրանց մասերը՝ այլ տեղում չնշված կամ չներառված. լուսային ցուցանակներ, լուսային ցուցատախտակներ՝ անունով կամ անվանմամբ կամ հասցեով, և նույնանման արտադրատեսակներ՝ ներկառուցված լույսի աղբյուր ունեցող, և դրանց մասերը՝ այլ տեղում չնշված կամ չներառված

 

Ծանոթագրություն. Սույն ցանկի կիրառման նպատակներով անհրաժեշտ է առաջնորդվել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական: