ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԵԴ/0543/11/21 | ||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
|
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ |
|
|
ե. դանիելյանի |
|
|
Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ |
|
քարտուղարությամբ` |
Մ․ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ |
|
մասնակցությամբ դատախազ՝ |
Ա․ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ |
|
դիմող՝ |
Կ․ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ |
|
շահագրգիռ անձ՝ |
Ա․ՆԱԶԱՐՅԱՆԻ |
11 նոյեմբերի 2022 թվական |
ք. Երևան |
դռնբաց դատական նիստում քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի հունվարի 17-ի որոշման դեմ դիմող Կարեն Աշոտի Ստեփանյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում 2021 թվականի հունվարի 8-ի որոշմամբ դիմող Կարեն Աշոտի Ստեփանյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է թիվ 71100121 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 332-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, որը հետագայում՝ ըստ քննչական ենթակայության ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն։
Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի մայիսի 3-ի որոշմամբ, թիվ 71100121 քրեական գործով վարույթը կարճվել է և Աննա Անդրանիկի Նազարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ, 337-րդ հոդվածներով քրեական հետապնդում չի իրականացվել՝ արարքներում հանցակազմի բացակայության հիմքով:
Վերոգրյալ որոշման դեմ դիմող Կարեն Ստեփանյանի բողոքը ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Ա.Մարտիրոսյանի՝ 2021 թվականի մայիսի 18-ի որոշմամբ մերժվել է:
2․ Դիմող Կ․Ստեփանյանի բողոքի քննության արդյունքում, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2021 թվականի սեպտեմբերի 28-ին որոշում է կայացրել բողոքը բավարարելու և իրավունքների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին:
3․ Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2022 թվականի հունվարի 17-ին որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 28-ի որոշումը բեկանելու և դիմող Կ․Ստեփանյանի բողոքը մերժելու մասին։
4․ Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ դիմող Կ․Ստեփանյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2022 թվականի հունիսի 30-ի որոշմամբ ընդունվել է վարույթ1: Վճռաբեկ դատարանը 2022 թվականի նոյեմբերի 4-ին որոշում է կայացրել վճռաբեկ բողոքի քննությունը դատական նիստում իրականացնելու մասին։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական իրավունքի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։ Բացի այդ, Վերաքննիչ դատարանի դատական ակտը հակասում է Վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներին:
Այսպես, ըստ բողոքի հեղինակի, ստորադաս դատարանը պատշաճ քննարկման առարկա չի դարձրել նախաքննության մարմնի վիճարկվող որոշմամբ իր իրավունքների խախտման հարցը լուծելու տեսանկյունից իրավական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։
Մասնավորապես, ըստ բողոքաբերի՝ Ա․Նազարյանի արարքում՝ քննությանը խոչընդոտելու նպատակի բացակայության վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի եզրահանգումը չի հավաստվում վարույթի նյութերով, որոնց համադրված վերլուծությունը՝ այդ թվում Ա․Նազարյանի` դեպքին նախորդող և ուղեկցող վարքագիծը բնութագրող փաստական տվյալները, վկայում են այդպիսի դիտավորության մասին։
Միևնույն ժամանակ, բողոքաբերը նշել է, որ խափանված քննչական գործողությունը չէր կարող դիտվել քրեադատավարական կարգի խախտմամբ կատարվող։ Այս համատեքստում, քննարկելով վարույթն իրականացնող մարմնի այդ եզրահանգման փաստական և իրավական հիմնավորումները, բողոք բերած անձը նշել է, որ համապատասխան քննչական գործողության կատարման պահին գործող իրավակարգավորումներով անչափահասի հարցաքննության տեսաձայնագրման իմպերատիվ պահանջ նախատեսված չէր։
Բացի այդ, բողոքի հեղինակը գտել է, որ նախաքննության մարմինը վիճարկվող որոշմամբ սխալ է մեկնաբանել քրեական վարույթի անչափահաս մասնակցի իրավունքների ու պարտականությունների պարզաբանման կարգին առնչվող իրավադրույթները։
Անդրադարձ կատարելով դատավարական կարգի խախտում դիտված՝ անչափահաս տուժողի և իր՝ որպես նրա ներկայացուցչի շահերի բախման առկայության վերաբերյալ դատողությանը, բողոքի հեղինակը նախ նշել է, որ այն նախաքննության փուլում գտնվող մեկ այլ քրեական գործի փաստական հանգամանքների հատվածաբար գնահատման արդյունք է, բացի այդ, տվյալ քրեական գործով մինչդատական վարույթը եզրափակող դատավարական ակտի բացակայության պայմաններում նման կատեգորիկ դատողությունն իրավաչափ չի կարող գնահատվել։
Միևնույն ժամանակ, բողոքաբերը նշել է, որ սույն գործով քննության առարկան չի կարող փոխկապակցված լինել նշված հանգամանքներով։ Այդ առնչությամբ բողոք բերած անձը փաստել է, որ քրեական գործը հարուցվել է արդարադատության դեմ ուղղված ենթադրյալ հանցագործության հատկանիշներով, ուստի քրեադատավարական կարգի էական խախտման ներքո պետք է հասկանալ վարույթի մասնակցի՝ տվյալ դեպքում անչափահաս տուժողի գործի արդարացի քննության իրավունքի խաթարմանը հանգեցնող խախտումը, ինչը, ըստ բողոքաբերի, տեղի է ունեցել Ա․Նազարյանի ոչ իրավաչափ գործողության արդյունքում, մինչդեռ այս առնչությամբ կատարված չէ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն։
6․ Վերոշարադրյալի հիման վրա դիմող Կ․Ստեփանյանը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի հունվարի 17-ի որոշումն ու օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 28-ի որոշմանը։
Վճռաբեկ բողոքի պատասխանը.
7. Շահագրգիռ անձ Ա․Նազարյանը վճռաբեկ բողոքի պատասխանում նշել է, որ իր կողմից ենթադրյալ հանցագործությունը կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով իր անչափահաս որդու մասնակցությամբ կատարված քննչական գործողությունները ոչ միայն տեղի էին ունենում դատավարական կարգի, այլև երեխայի իրավունքների առնչությամբ միջազգային փաստաթղթերում արձանագրված դրույթների խախտմամբ, որպիսի պայմաններում ինքը, որպես ծնող, ամեն կերպ փորձել է պաշտպանել որդուն՝ այդ կերպ նաև նպաստելով արդարադատության իրականացմանը։ Նշվածի հետ մեկտեղ, վճռաբեկ բողոքի պատասխանի հեղինակը հատկանշական է համարել, որ որդու հարցաքննությունը կատարվում էր նրա կողմից հոր դեմ ներկայացրած հաղորդման շուրջ պարզաբանումներ ներկայացնելու կապակցությամբ, ուստի տվյալ քննչական գործողության խափանումը չէր բխելու իր շահերից։ Ընդհակառակը, ինքը շահագրգռված էր որպեսզի որդին այդ կապակցությամբ հարցաքննվեր, իսկ վարույթն իրականացնող մարմինն այդ քննչական գործողությունը կազմակերպեր քրեադատավարական պահանջների պահպանմամբ՝ այդ թվում դիմող Կ․Ստեփանյանի բացակայությամբ, քանի որ առկա էր շահերի բախում՝ նկատի ունենալով, որ վերջինս միաժամանակ իրականացնում էր որդու և նրա հոր շահերի պաշտպանություն։
8․ Վերոշարադրյալի հիման վրա շահագրգիռ անձ Ա․Նազարյանը խնդրել է մերժել դիմող Կ․Ստեփանյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
9. Նախաքննության մարմինն Ա․Նազարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ և 337-րդ հոդվածներով քրեական հետապնդում չիրականացնելու և գործով վարույթը կարճելու որոշմամբ արձանագրել է հետևյալը․ «(․․․) Անդրադառնալով քննչական գործողությունը քրեական դատավարությանը մասնակցությունը բացառող անձի՝ տուժողի ներկայացուցչի մասնակցությամբ իրականացնելու անթույլատրելիության մասին Աննա Նազարյանի պահանջին՝ պետք է արձանագրել, որ (․․․) [ս]ույն դեպքում, հաշվի առնելով Կ․Ստեփանյանի՝ Հրանտ Նազարյանի կողմից ուղղակիորեն լիազորված լինելու, այդ թվում՝ տվյալ գործով Հրանտ Նազարյանին իրավաբանական օգնություն ցույց տալու, նրանց միջև առկա անձնական կախվածության այլ (գործնական) հարաբերությունները, ինչպես նաև՝ Կ․Ստեփանյանի ու նրան լիազորած անձի կողմից վստահորդի հետ, ըստ էության, ունեցած շահերի հակասությունը (Անդրանիկ Նազարյանի կողմից Հրանտ Նազարյանի դեմ 26 հանցագործության մասին ներկայացված հաղորդումը)՝ վարույթն իրականացնող մարմնի գնահատմամբ, առերևույթ առկա է և Անդրանիկ Նազարյանի հաղորդումն ստանալու պահից եղել է գործով վարույթին որպես տուժողի ներկայացուցիչ ներգրավված Կարեն Ստեփանյանի մասնակցությունը բացառող հանգամանք, տուժողի ներկայացուցչին գործով վարույթից հեռացնելու դատավարական օրինական հիմք, ավելին՝ նման դատավարական պահանջ, ինչը հայտնի է եղել ինչպես պաշտպանության, այնպես էլ' հատկապես՝ մեղադրանքի կողմին:
(․․․) Վերոգրյալից բացի, պետք է փաստել, որ անչափահաս Անդրանիկ Նազարյանի մասնակցությամբ 17.12.2020թ. կատարված քննչական գործողությունն անթույլատրելի, իսկ այդ կապակցությամբ մեղադրյալ Աննա Նազարյանի դիտարկումը օրինական է նաև այլ հանգամանքով պայմանավորված: Մասնավորապես, (․․․) [տ]վյալ դեպքում, հաշվի առնելով, որ 71200519 քրեական գործը հարուցվել և ուղղակիորեն վերաբերել է ընտանիքում մոր կողմից որդու նկատմամբ առերևույթ բռնության դեպքի, բացի այդ՝ անչափահաս տուժող Անդրանիկ Նազարյանը քննչական գործողության պահին եղել է 8 տարեկան, ուստի առկա է անչափահաս հիշյալ տուժողի հարցաքննությունը տեսաձայնագրառմամբ իրականացնելու իմպերատիվ օրենսդրական պահանջ և վարույթն իրականացնող մարմնի պարտականություն: Այսինքն, վարույթն իրականացնող մարմնի գնահատմամբ, հիշյալ քննչական գործողությունը սկսվել և շարունակվել է դատավարական կարգի էական խախտմամբ, ինչի արդյունքում ձեռք բերված ապացույցն ինքնին, այդ հիմքով ևս անթույլատրելի է և այն չէր կարող դրվել մեղսագրվող արարքում մեղադրյալի մեղավորությունը հիմնավորող ապացույցների զանգվածում։
(․․․) [Կ]ողմի մասնակցությունը գործով վարույթին բացառող հանգամանքի առկայությունը, ինչպես նաև՝ պարտադիր տեսաձայնագրառման ենթակա քննչական գործողությունը հիշյալ կարգի էական խախտմամբ կատարելը կարող է հանգեցնել տվյալ գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների, ինչպես նաև՝ դրանց հետ «թունավոր ծառի պտուղների» կանոնով փոխկապակցված ապացույցների անթույլատրելիության:
(․․․) [Ն]շանակված դատահոգեբանական փորձաքննության չկայացման պատճառ է հանդիսացել ոչ թե (․․․) Աննա Նազարյանի կողմից այդ գործընթացին խոչընդոտող գործողությունների կատարումը, այլ բացառապես փորձաքննության ներկայանալուց անչափահաս տուժող Ա․Նազարյանի հրաժարումը, ով, կողմերի ներկայությամբ, տրված բազմաթիվ հարցերին ի պատասխան հայտնել է որևէ անձի, այդ թվում՝ Ա․Նազարյանի հետ փորձաքննության ներկայանալուց հրաժարվելու իր դիրքորոշումը:
(․․․) [Գ]ործով ձեռք չեն բերվել փոխկապակցված թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույցների այնպիսի համակցություն, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կձևավորեն համոզվածություն առ այն, որ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող թիվ 71200519 քրեական գործով (․․․) Աննա Նազարյանը 2020 թվականի դեկտեմբերի 17-ին «Վանաձորի Հ.Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈՍԿ-ում անչափահաս տուժող, իր որդի Ա․Նազարյանի հարցաքննությանը միջամտելով՝ ունեցել է գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակ: Ավելին՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ա․Նազարյանի միջամտությունն իրականացվել է գործի ճիշտ և օրինական քննությունն ապահովելու նպատակով և այդպիսի պահանջով, որպիսին իր հերթին ունեցել է իրական և իրավաչափ հիմքեր՝ այդպիսով բացառելով դատավարական կարգի, այդ թվում՝ անչափահաս տուժողի իրավունքների էական խախտմամբ և սխալներով պայմանավորված իրավական բացասական հետևանքների առաջացումը: Այդպիսով, Ա․Նազարյանի (․․․) գործողությունները չեն պարունակում ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ և 337-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների հանցակազմեր»2։
10. Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 28-ի որոշման համաձայն՝ «(...) [Ա]նչափահաս տուժող Ա․Նազարյանի հարցաքննության օրվա՝ 2020 թվականի դեկտեմբերի 17-ի դրությամբ գործող քրեադատավարական օրենսդրությամբ անչափահաս վկայի կամ անչափահաս տուժողի հարցաքննության տեսաձայնագրառման պարտադիր պահանջ նախատեսված չէր: Հետևաբար, վարույթն իրականացնող մարմնի հետևությունն առ այն, որ Ա․Նազարյանն իր միջամտությամբ կանխել է քրեադատավարական կարգի էական խախտմամբ իրականացվող քննչական գործողությունը, անհիմն է:
(...) [Վ]արույթն իրականացնող մարմինը շահերի բախման տեսանկյունից որևէ քննարկման և վերլուծության չի ենթարկել այն հանգամանքը, թե հատկապես ինչ քրեական գործի քննությանն է Ա․Նազարյանը միջամտություն ունեցել: Մասնավորապես, ակնհայտ է, որ Ա․Նազարյանը միջամտել է այն քրեական գործի քննությանը, որը հարուցվել էր ենթադրաբար իր կողմից անչափահաս որդու՝ Ա․Նազարյանի նկատմամբ հանցավոր ոտնձգության փաստի առթիվ և չի բացառվում, որ որդու հարցաքննությամբ ստացված փաստական տվյալը վկայեր իր կողմից հանցանք կատարելու մասին:
Ամփոփելով վերոգրյալը՝ [Առաջին ատյանի դ]ատարանը գտնում է, որ դիմող Կ․Ստեփանյանի հաղորդման կապակցությամբ վարույթն իրականացնող մարմնի կողմից չի իրականացվել (...) լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն և արդյունքում կայացված (...) որոշումը չի բխում քննությամբ ձեռք բերված փաստական հանգամանքների համակցությունից և համակողմանի ու օբյեկտիվ վերլուծությունից»3։
11. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտի հիմքում դրել է հետևյալ դատողությունը․ «(...) Կ․Ստեփանյանի շահերին առնչվող ենթադրյալ հանցագործության դեպքով կատարվել է արդարացի քննություն, այն է` նախաքննության ընթացքում ձեռնարկվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր ողջամիտ միջոցառումները` գործի հանգամանքները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու, Ա․Նազարյանի նկատմամբ կայացված վերջնական որոշման հետևությունների արժանահավատության վերաբերյալ Կ․Ստեփանյանի կասկածները փարատելու համար:
(...) Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ թեև անչափահաս տուժող Ա․Նազարյանի հարցաքննության օրվա` 2020 թվականի դեկտեմբերի 17-ի դրությամբ գործող քրեադատավարական օրենսդրությամբ անչափահաս վկայի կամ անչափահաս տուժողի հարցաքննության տեսաձայնագրառման պարտադիր պահանջ նախատեսված չի եղել, այնուամենայնիվ, նշված հանգամանքն ինքնին հիմք չէ և չէր էլ կարող հանդիսանալ կայացված որոշումն ըստ էության վերացնելու համար, քանի որ հարցաքննության կարգը սահմանող քրեադատավարական օրենսդրության պահանջները պահպանված լինելը դեռևս չի ենթադրում անձի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ և 337-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների հանցակազմերի առկայության մասին:
Անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի այն պատճառաբանությանը, որ վարույթն իրականացնող մարմինը շահերի բախման տեսանկյունից որևէ քննարկման և վերլուծության չի ենթարկել այն հանգամանքը, թե հատկապես ինչ քրեական գործի քննությանն է Ա․Նազարյանը միջամտություն ունեցել` Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ վարույթն իրականացնող մարմինը կայացված որոշմամբ վերլուծել և շահերի բախման տեսանկյունից ևս քննարկման առարկա է դարձրել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով քննվող թիվ 71200519 քրեական գործի փաստական տվյալները, ավելին` առանց դրանց գրեթե անհնար կլիներ որոշում կայացնել»4։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր է արդյո՞ք դիմող Կ․Ստեփանյանի իրավունքների խախտման բացակայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը։
13․ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի համաձայն՝ «1. Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:
(․․․)
5. Բողոքը ճանաչելով հիմնավորված` դատավորը որոշում է կայացնում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին: Գտնելով, որ բողոքարկված գործողությունները կատարված են օրենքին համապատասխան, և անձի իրավունքները կամ ազատությունները խախտված չեն, դատարանը որոշում է կայացնում բողոքը մերժելու մասին: (․․․)»։
Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կապակցությամբ Վճռաբեկ դատարանը, ի թիվս այլնի, արտահայտել է նաև հետևյալ իրավական դիրքորոշումը՝
- մինչդատական վարույթն իրականացնող մարմնի որոշումների և գործողությունների (անգործության) դեմ իրավասու անձի կողմից բողոք բերելու դեպքում (եթե այդ որոշումները կամ գործողությունները (անգործությունը) ենթակա են դատական բողոքարկման), դատարանը պարտավոր է ստուգել բողոքարկված որոշումների կամ գործողությունների (անգործության) օրինականությունն ու հիմնավորվածությունը, պարզել, թե արդյոք առկա է անձի իրավունքների և ազատությունների խախտում, արդյունքում` կայացնել հիմնավորված ու պատճառաբանված որոշում` թույլ տրված օրինախախտումը վերացնելու և անձի խախտված իրավունքներն ու ազատությունները վերականգնելու վերաբերյալ իրավասու մարմնի (պաշտոնատար անձի) պարտականությունը սահմանելու կամ բողոքը մերժելու մասին5։
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ․
- նախաքննության մարմինն Աննա Նազարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ և 337-րդ հոդվածներով քրեական հետապնդում չի իրականացրել՝ այն պատճառաբանությամբ, որ գործով ձեռք չի բերվել ապացույցների բավարար համակցություն՝ հաստատված համարելու, որ Ա․Նազարյանը, քննչական գործողության միջամտելով, ունեցել է գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակ, այլ ընդհակառակը` նրա արարքն ունեցել է իրավաչափ հիմք, այն է՝ բացառելու դատավարության օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի էական խախտմամբ կատարվող քննչական գործողությունից բխող բացասական հետևանքների առաջացումը։ Դատահոգեբանական փորձաքննությանն անչափահաս տուժող Անդրանիկ Նազարյանի չներկայանալու պատճառը եղել է վերջինիս կամահայտնությունը, այլ ոչ թե Ա․Նազարյանի գործողության արդյունքը6,
- Առաջին ատյանի դատարանն արձանագրելով դիմող Կ․Ստեփանյանի իրավունքների խախտման փաստը, գտել է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից չի կատարվել համակողմանի և անաչառ քննություն։ Մասնավորապես՝ Առաջին ատյանի դատարանն ըստ էության արձանագրել է, որ քննչական գործողությունը դատավարական կարգի խախտմամբ կատարվելու վերաբերյալ Նախաքննության մարմնի դիրքորոշումը մի դեպքում՝ կառուցված չէ գործով նշանակություն ունեցող փաստական տվյալների համակցված վերլուծության վրա, մյուս դեպքում՝ չի բխում քննչական գործողությունը կատարելու պահին գործող օրենսդրական կարգավորումներից7,
- Վերաքննիչ դատարանն իր անհամաձայնությունն արտահայտելով ստորադաս դատարանի վերոգրյալ եզրահանգմանը, ըստ էության, արձանագրել է, որ նախաքննության մարմնի կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ՝ նախաքննության պատշաճությունն ու համակողմանիությունն ապահովելու և եզրափակիչ դատավարական ակտի օրինականության վերաբերյալ դիմող Կ․Ստեփանյանի կասկածները փարատելու համար։ Քննչական գործողության՝ պարտադիր տեսաձայնագրման ենթակա լինելու առումով վարույթն իրականացնող մարմնի պնդումն օրենսդրական կարգավորումներից չբխելու մասին ստորադաս դատարանի դիրքորոշման կապակցությամբ Վերաքննիչ դատարանը փաստարկել է, որ այն, ինքնին, վարույթն իրականացնող մարմնի որոշումը ոչ իրավաչափ ճանաչելու հիմք չէ, քանի որ քննչական գործողության դատավարական կարգի պահպանված լինելը դեռևս բավարար չէ հաստատելու անձի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ և 337-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմը8։
15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-րդ կետում վկայակոչված իրավադրույթի և շարադրված իրավական դիրքորոշման լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախաձեռնված քրեական վարույթի համակողմանիությունն ապահովելու նպատակով, նախաքննության մարմնի կողմից ձեռնարկված միջոցներն ու ձեռք բերված ապացույցները բավարար են վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքների կապակցությամբ հիմնավոր եզրափակիչ դատավարական ակտ կայացնելու և դրա օրինականության վերաբերյալ դիմող Կ․Ստեփանյանի՝ վճռաբեկ բողոքում շարադրված կասկածները հերքելու համար։
15․1․ Մասնավորապես, անդրադարձ կատարելով Ա․Նազարյանի արարքում վարույթն իրականացնող սուբյեկտի գործունեությանը միջամտելու հանցակազմի առկայության վերաբերյալ բողոք բերած անձի պնդմանը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցները բավարար են հերքելու Ա․Նազարյանի արարքում քննարկվող հանցակազմի սուբյեկտիվ կողմի առկայությունը։
Տվյալ դեպքում խնդրո հանցակազմի սուբյեկտիվ կողմը դրսևորվում է մեղքի ուղղակի դիտավորության ձևով։ Օրենսդիրը հանցակազմի նշված տարրի պարտադիր հատկանիշ է դիտել գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակը։ Սուբյեկտիվ կողմի նշյալ առանձնահատկություններից ելնելով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարույթի հանրային մասնակցի կողմից իր իրավասության սահմաններում իրականացվող ընթացակարգին միջամտելը ոչ բոլոր դեպքերում կարող է որակվել որպես քննությանը խոչընդոտել։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքը քննարկվող հոդվածով կարող է որակվել, եթե նախաքննության ընթացքում հիմնավորվում է, որ անձը գիտակցել է իր գործողությամբ վարույթն իրականացնող մարմնի գործունեությանը միջամտելու հանգամանքը և այդ կերպ նպատակ է հետապնդել խոչընդոտելու քրեական գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը, այլ կերպ՝ վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքները բացահայտելուն։ Այս առումով, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ սուբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշի՝ նպատակի առկայության կամ բացակայության հարցը ստուգելիս, անհրաժեշտ է պատշաճ իրավական գնահատականի ենթարկել քրեական հետապնդման մարմնի գործունեությանը միջամտելու իրադրությունը բնութագրող հանգամանքները, արարքը կատարելու պահին անձի մոտ առկա հոգեֆիզիոլոգիական վիճակը և այլ գործոնների ամբողջությունը։
Սույն գործի փաստական տվյալների համակցության համակարգված վերլուծությունից երևում է, որ քննչական գործողության մասնակից անչափահաս տուժող Անդրանիկ Նազարյանի փաստացի խնամքն իրականացրել է մայրը՝ Ա․Նազարյանը, ով երեխայի դասաժամերի ավարտին այցելել է ուսումնական հաստատություն` վերջինիս տուն տանելու նպատակով։ Տեսնելով, որ ուսումնական հաստատության շենքը լքող համադասարանցիների շարքում բացակայում է իր որդին, դիմել է դասվարին և տեղեկացել, որ որդին դպրոցում է, սակայն այնտեղ գտնվելու պատճառի վերաբերյալ չի իրազեկվել։ Այնուհետև, բարձրացել է դասասենյակ, սակայն երեխային չգտնելով՝ դիմել է տնօրենին, ով հայտնել է, որ երեխան այլ դասասենյակում մասնակցում է քննչական գործողության9։
Ա․Նազարյանի կողմից դրսևորած վարքագծի առումով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անչափահաս երեխայի գտնվելու վայրի և հանգամանքների վերաբերյալ տեղեկանալուն նախորդող իրադարձությունները՝ ծնողի անհատական հատկանիշներով պայմանավորված, ողջամտորեն կարող էին առաջացնել ընդհանուր հոգեբանական, զգացմունքային վիճակ՝ ունակ Ա․Նազարյանի մոտ բարձրացնելու երեխայի ֆիզիկական և հոգեկան բարօրության համարժեք պաշտպանություն ապահովելու զգացումը, որն էլ իր հերթին կարող էր հանգեցնել լարվածության, էմոցիոնալ բռնկվածության։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի վերոգրյալ հանգամանքները ողջամտորեն հերքում են Ա․Նազարյանի դրսևորած վարքագծի նպատակի ուղղվածության վերաբերյալ բողոքաբերի պնդումը և հաստատում վարույթն իրականացնող մարմնի եզրահանգումն առ այն, որ անչափահաս տուժող Անդրանիկ Նազարյանի մասնակցությամբ կատարվող քննչական գործողությանը միջամտելով՝ այդ թվում, քննչական գործողության իրավաչափության վերաբերյալ կարծիք արտահայտելով, Ա․Նազարյանի՝ գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը, այն է՝ վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքները բացահայտելուն խոչընդոտելու նպատակը չի հիմնավորվել։
15․2․ Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախաքննության մարմնի պատճառաբանությունների հիմքում ընկած այն դատողությունը, թե քննչական գործողությանը միջամտությունն իրականացվել է իրավաչափ հիմքով, սույն գործով չի կարող դիտարկվել քննությանը խոչընդոտելու հանցակազմի բացակայության հիմնավորում։ Տվյալ դեպքում խնդրո առարկա քննչական գործողությունն իրականացվում էր Ա․Նազարյանի կողմից ենթադրաբար հանցանք կատարելու փաստի առթիվ նախաձեռնված վարույթի ընթացքում և Ա․Նազարյանն այդ քննչական գործողության մասնակից չի հանդիսացել։ Հետևաբար, քննչական գործողությունը դատավարական կարգի խախտմամբ կատարելու վերաբերյալ դիրքորոշման արտահայտման իրավաչափ եղանակը՝ բացառապես վարույթն իրականացնող մարմնի գործողությունների բողոքարկման կամ այդ ապացույցի ձեռք բերման թույլատրելիությունը վիճարկելու դատավարական կառուցակարգերն են։ Ուստի, Վճռաբեկ դատարանի համար ընդունելի է բողոքի հեղինակի դիրքորոշումն առ այն, որ քննարկվող հանցակազմի իմաստով, քննչական գործողության կատարման դատավարական կարգի պահպանվածության հարցն Ա․Նազարյանի արարքի որակման համար նշանակություն չէր կարող ունենալ:
15․3․ Միևնույն ժամանակ, ուսումնասիրության և գնահատման ենթարկելով քրեական վարույթում առկա նյութերը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախաքննության մարմինը հանգել է հիմնավոր հետևության առ այն, որ Ա․Նազարյանի գործողությունները տվյալ իրադրությունում չեն հանգեցրել անչափահաս տուժող Անդրանիկ Նազարյանի՝ դատահոգեբանական փորձաքննությանը չներկայանալուն, իսկ չներկայանալու դիրքորոշումը վերջինիս կամահայտնության արդյունք է։ Մասնավորապես՝ Կ․Ստեփանյանի կողմից կատարված տեսաձայնագրության զննության արձանագրությունում նշված խոսակցությունների բովանդակությունը, համաձայն որի՝ անչափահաս տուժող Անդրանիկ Նազարյանը բազմաթիվ հարցադրումներին ի պատասխան հայտնել է, որ որևէ անձի հետ չի ցանկանում ներկայանալ փորձաքննությանը, ընդ որում՝ անչափահաս տուժողն իր դիրքորոշումն արտահայտել է նաև քրեական գործը քննող քննիչի և որպես ներկայացուցիչ ներգրավված Կ․Ստեփանյանի ներկայությամբ10, ողջամտորեն հերքում է Աննա Նազարյանի կողմից անչափահաս տուժող Անդրանիկ Նազարյանի վրա անօրինական ազդեցություն գործադրելու վերաբերյալ կասկածը։
16․ Հիմք ընդունելով սույն որոշմամբ կատարված վերլուծությունը, Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին նախաքննության մարմնի՝ 2021 թվականի մայիսի 3-ի որոշման օրինականության ու հիմնավորվածության, ըստ այդմ՝ դիմող Կ․Ստեփանյանի իրավունքի և օրինական շահի խախտման բացակայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգման հետ։
Ուստի, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դիմող Կ․Ստեփանյանի իրավունքների խախտման բացակայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավոր է։
17․ Հաշվի առնելով արված եզրահանգումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելով և դիմող Կ․Ստեփանյանի բողոքը մերժելով, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ: Ուստի ներկայացված վճռաբեկ բողոքը պետք է մերժել, իսկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2022 թվականի հունվարի 17-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 415.1-րդ, 418-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել: Դիմող Կարեն Աշոտի Ստեփանյանի բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի հունվարի 17-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում՝ հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
____________________
1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:
2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 22-54:
3 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 142-153:
4 Տե՛ս նյութեր, հատոր 3, թերթեր 42-50:
5 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Ներսես Միսակյանի գործով 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴ1/0003/11/08, Վլադիմիր Բաղդասարյանի գործով 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԳԴ4/0002/01/11, Արսեն Մակարյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0016/11/15, Հեղինե Պետրոսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԵԿԴ/0043/11/14 որոշումները:
6 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։
7 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։
8 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը։
9 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 119-121 և 213-219։
10 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 204-209։
Նախագահող` |
Հ. Ասատրյան |
Դատավորներ` |
ս. աՎԵՏԻՍյան |
ե. դանիելյան | |
Ա. Պողոսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|