Գլխավոր տեղեկություն
Համար
N 517-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2024-09.07.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.01.22/3(1558).1 Հոդ.14.2
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
25.12.2019
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

25 դեկտեմբերի 2019 թվականի
ք. Երևան

N 517-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առԵՎտրային կանոնները ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 358-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնները` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 358-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի փետրվարի 1-ից:

(3-րդ կետը փոփ. 29.01.21 N 21-Ն)

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝

Գ. Բաղրամյան

 

 

Հավելված

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի

2019 թվականի դեկտեմբերի 25-ի

N 517-Ն որոշմամբ

 

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐ

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՄԱՆՐԱԾԱԽ ՇՈՒԿԱՅԻ

     

ԲԱԺԻՆ 1

   

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    

ԳԼՈՒԽ 1. ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

               

1. Հայաստանի Հանրապետության Էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոններով (այսուհետ՝ ԷՄԱ կանոններ) կանոնակարգվում են էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի (այսուհետ՝ ԷՄԱ) գործունեության սկզբունքները, ԷՄԱ-ում առևտրի իրականացման կանոնները, էլեկտրական էներգիայի մատակարարման, երաշխավորված մատակարարման, էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձանց ներկայացվող պահանջները, Սպառողների կողմից Մատակարարին փոփոխելու կարգը, սպառած էլեկտրական էներգիայի հաշվառման ու վճարման կարգը, առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգման և անճշտության հայտնաբերման դեպքում կողմերի փոխհարաբերությունները, ԷՄԱ-ում տվյալների պահպանմանը և թափանցիկությանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև ԷՄԱ-ի աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված կանոնները և ընթացակարգերը։

2. ԷՄԱ կանոններում օգտագործվող հիմնական հասկացություններն են․

 

1) Առևտրային հաշվառքի սարք`

Առևտրային հաշվառման նպատակով Պայմանագրում կամ Հաշվառման քարտում ամրագրված Հաշվառքի սարք.

2) Առևտրային հաշվառքի սարքի խախտում՝

Չափագիտական մարմնի փորձաքննության եզրակացությամբ փաստված Առևտրային հաշվառքի սարքի առանձին բաղադրիչների խափանումները, դրանց վնասվածքները, Առևտրային հաշվառքի սարքի կնիքների բացակայությունը, դրանց կեղծված, վնասված լինելը (այդ թվում՝ հոսանքի և լարման չափիչ տրանսֆորմատորների հարաչափերի կամ միացման սխեմաների փոփոխությունը) կամ առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի նկատմամբ որևէ անձի կողմից այլ ներգործությունները.

2.1) Արտադրող` Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության իրավունք ունեցող և փաստացի արտադրող անձ, բացառությամբ կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում գտնվող կայանի և ԻԷԱ-ի.

3) Բաշխող՝

էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիա ունեցող անձ.

4) Գաղտնապահական տեղեկատվություն՝

Բաշխողի, Երաշխավորված մատակարարի, Մատակարարի ֆինանսական վիճակի և առևտրային գաղտնիքների վերաբերյալ տեղեկատվություն կամ այլ տեղեկություններ, որոնց հրապարակումը կարող է վնասել վերջիններիս, ինչպես նաև Սպառողներին վերաբերող՝ Բաշխողի, Երաշխավորված մատակարարի, Մատակարարի մոտ առկա տեղեկությունները.

5) Ենթասպառող`

Սպառող, որի էլեկտրամատակարարումն իրականացվում է այլ Սպառողի սպառման համակարգի միջոցով, և որն ունի Երաշխավորված մատակարարի (Մատակարարի) հետ սահմանված կարգով կնքված էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր.

6) Երաշխավորված մատակարար՝

Էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարի լիցենզիա ունեցող անձ.

7) ԷԲՑ կանոններ՝

Հանձնաժողովի հաստատած՝ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոններ.

7.1) ԷՀՑ կանոններ` Հանձնաժողովի հաստատած Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի հաղորդման ցանցային կանոններ.

8) ԷՄՇ կանոններ՝

Հանձնաժողովի հաստատած` Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոններ.

9) Ինքնավար էներգաարտադրող (ԻԷԱ)՝

Վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ սեփական կարիքների համար էլեկտրական էներգիա արտադրող սպառող, որը Երաշխավորված մատակարարի հետ կնքել է Փոխհոսքերի պայմանագիր և տվյալ ինքնավար էներգաարտադրության տեղակայանքի մասով արտադրության լիցենզիա ունեցող անձ չէ: Սույն կետի իմաստով՝ սեփական կարիք է համարվում ինքնավար էներգաարտադրողի, իսկ ինքնավար խմբի դեպքում՝ խմբի բոլոր մասնակիցների՝ էլեկտրական էներգիայի սպառումը, անկախ դրա օգտագործման նպատակից (կենցաղային, արտադրական և այլն).

10) Ինքնավար խումբ՝

ինքնավար էներգաարտադրողի կամ ինքնավար էներգաարտադրողի (էներգաարտադրողների) և սպառողի (սպառողների) խումբ.

11) Խոցելի սպառող՝

բնակիչ-բաժանորդ, որը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ստացել է խոցելի սպառողի կարգավիճակ՝ հաշվի առնելով վերջինիս սոցիալապես անապահով լինելու կամ հատուկ կարգավիճակ ունենալու հանգամանքը.

12) Համակարգի օպերատոր՝

էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման լիցենզիա ունեցող անձ.

13) Հանձնաժողով՝

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.

14) Հաշվարկային ամիս՝

ժամանակահատված, որի գործողությունը սկսվում է յուրաքանչյուր օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը 00:00-ին և ավարտվում է նույն ամսվա վերջին օրվա ժամը 23:59-ին ներառյալ.

15) Հաշվառքի սարք`

էլեկտրական էներգիայի հաշվիչ կամ էլեկտրական էներգիայի հաշվիչի, հոսանքի և լարման չափիչ տրանսֆորմատորների միացությունների համախումբ՝ ստուգաչափված Չափագիտական մարմնի կողմից.

16) ԷՄԱ մասնակիցներ՝

Մատակարար, Երաշխավորված մատակարար, Սպառող (բացառությամբ որակավորված սպառողի) և ԻԷԱ.

17) Մատակարար՝

Էլեկտրական էներգիայի մատակարարման լիցենզիա ունեցող անձ.

18) Մատակարարման պայմանագիր՝

Մատակարարի և Սպառողի միջև կնքվող (կնքված)՝ էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանները սահմանող պայմանագիր.

19) Շուկայի օպերատոր՝

էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող անձ.

20) Չափագիտական մարմին՝

«Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքով սահմանված պետական չափագիտական հսկողություն իրականացնող կազմակերպություն.

21) Պայմանագիր՝

Հանձնաժողովի հաստատած օրինակելի ձևին համապատասխան՝ էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման և էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման մասին պայմանագիր և (կամ) սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման, էլեկտրական էներգիայի բաշխման և էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման մասին պայմանագիր.

22) Սակագին՝

էլեկտրական էներգիայի միավորի վաճառքի, էներգետիկայի բնագավառում լիցենզավորված գործունեությամբ մատուցվող ծառայությունների համար Հանձնաժողովի կողմից Օրենքին համապատասխան սահմանված առավելագույն գին.

23) Սահմանազատման կետ`

ԷՄԱ մասնակիցների, Բաշխողի էլեկտրատեղակայանքների հաշվեկշռային պատկանելության սահման.

24) Սպառող՝

էլեկտրական էներգիայի սպառման պահանջարկ ունեցող անձ, որն էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր է կնքել մատակարարման լիցենզիա ունեցող անձի (ներառյալ՝ երաշխավորված մատակարարի) հետ կամ գտնվում է այդ գործընթացում.

25) Սպառողի սպառման համակարգ՝

Սպառողի էլեկտրատեղակայանքների համախումբ.

26) Վերստուգիչ հաշվառքի սարք՝

Պայմանագրում կամ Հաշվառման քարտում վերստուգիչ հաշվառման նպատակով ամրագրված Հաշվառքի սարք.

27) Փոխհոսքերի պայմանագիր՝

Հանձնաժողովի հաստատած օրինակելի ձևին համապատասխան՝ Ինքնավար էներգաարտադրողի և Երաշխավորված մատակարարի միջև կնքվող էլեկտրական էներգիայի փոխհոսքերի մասին պայմանագիր:

(2-րդ կետը խմբ. 20.04.22 N 149-Ն, լրաց. 28.12.22 N 562-Ն, 13.09.23 N 323-Ն)

 

ԳԼՈՒԽ 2. ՄԱՆՐԱԾԱԽ ՇՈՒԿԱՅԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

      

3. ԷՄԱ կանոնների նպատակն է ստեղծել էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի գործունեության թափանցիկ և մրցակցային պայմաններ` խթանելով նոր Մատակարարների մուտքը շուկա և ապահովելով սպառողների շահերի պաշտպանությունը:

4. ԷՄԱ-ն հիմնված է հետևյալ սկզբունքների վրա․

1) Երաշխավորված մատակարարի կողմից Սպառողներին, այդ թվում՝ Խոցելի սպառողներին էլեկտրական էներգիայի մատակարարում` կարգավորվող սակագներով,

2) Մատակարարների կողմից Սպառողներին էլեկտրական էներգիայի մատակարարում՝ չկարգավորվող գներով,

3) Սպառողի (բացառությամբ Խոցելի սպառողի, ԻԷԱ-ի և Ինքնավար խմբի մասնակցի) կողմից Մատակարար ընտրելու, նրան փոփոխելու հնարավորության ապահովում,

4) Խոցելի սպառողների շահերի պաշտպանություն՝ տարբերակված Սակագների կիրառմամբ,

5) էլեկտրական էներգիայի սպասարկման որակի ցուցանիշների խախտման դեպքում՝ Բաշխողի պատասխանատվություն,

6) Երաշխավորված մատակարարի, Մատակարարների և Բաշխողի կողմից Սպառողին ԷՄԱ կանոններով սահմանված տեղեկությունների հասանելիության ապահովում:

(4-րդ կետը լրաց. 20.04.22 N 149-Ն)

    

ԳԼՈՒԽ 3. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ

      

5. ԷՄԱ մասնակիցների, ինչպես նաև վերջիններիս և Բաշխողի միջև տեղեկությունների փոխանակումն ու փաստաթղթերի հանձնումն իրականացվում է պատշաճ ձևով:

6. Տեղեկությունների փոխանակումն ու փաստաթղթերի հանձնումը համարվում է պատշաճ ձևով իրականացված, եթե դրանք հանձնվել են ստորագրությամբ առձեռն հանձնելու, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով (թղթակցությունը ստացողի մոտ նման համակարգի առկայության դեպքում), պատվիրված փոստով (այդ թվում` ստանալու մասին ծանուցմամբ), էլեկտրոնային փոստի (այդ թվում` Սպառողի կողմից նշված էլեկտրոնային փոստի միջոցով) կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցներով (այդ թվում` Սպառողի կողմից նշված հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելով), որոնք թույլ են տալիս հաստատել հասցեատիրոջ կողմից թղթակցությունը ստանալու կամ օրենքով սահմանված դեպքերում պատշաճ ծանուցված լինելու փաստը, եթե ԷՄԱ կանոններով տեղեկացման կամ փաստաթղթերի հանձնման այլ ձև նախատեսված չէ:

7. Սպառողը պարտավոր է Բաշխողին անհապաղ հայտնել իր հասցեի, ներառյալ՝ էլեկտրոնային փոստի հասցեի կամ հաղորդակցության այլ միջոցի տվյալի փոփոխության մասին: Նման հաղորդման բացակայության դեպքում տեղեկությունները փոխանակվում և փաստաթղթերն ուղարկվում են հասցեատիրոջ վերջին հայտնի հասցեով, և հասցեատերը կրում է փոփոխության մասին չտեղեկացնելու անբարենպաստ հետևանքների ռիսկը։

8. Այն դեպքում, երբ հասցեատերը հրաժարվում է փոստային առաքմամբ ուղարկված թղթակցությունն ստանալուց կամ թղթակցության ստացումը հավաստող փաստաթուղթն ստորագրելուց, կամ որևէ պատճառով պատվիրված նամակով ուղարկված թղթակցությունը վերադարձվում է, ապա թղթակցությունը համարվում է ուղարկողի կողմից հասցեատիրոջը պատշաճ հանձնված http://www.azdarar.am հասցեում և իր պաշտոնական կայքում հասցեատիրոջը հասցեագրված թղթակցության առկայության և դրա բովանդակությանը ծանոթանալու հնարավորության վերաբերյալ հայտարարություններից վերջինը հրապարակելու օրվան հաջորդող օրվանից հաշված երրորդ օրը:

9. Բաշխողը (Երաշխավորված մատակարարը) և Մատակարարը Սպառողի կամ դիմող անձի գրավոր դիմումին տալիս են գրավոր պատասխան, բանավոր դիմումին՝ բանավոր պատասխան, իսկ էլեկտրոնային փոստով ստացված դիմումին պատասխանը տրվում է էլեկտրոնային փոստի միջոցով՝ դիմումն ստանալուց հետո (բացառությամբ՝ բանավորի) 10 աշխատանքային օրվա ընթացքում, եթե ԷՄԱ կանոններով այլ ժամկետ նախատեսված չէ: Բանավոր հարցման պատասխանը տրվում է բանավոր՝ հարցումից հետո անմիջապես կամ հնարավորինս սեղմ ժամկետում։

10. ԷՄԱ մասնակիցները և Բաշխողը պատասխանատվություն են կրում իրենց ներկայացրած տեղեկությունների (փաստաթղթերի) հավաստիության համար։

11. ԷՄԱ մասնակիցների, ինչպես նաև վերջիններիս և Բաշխողի միջև փոխանակված տեղեկությունների ու փաստաթղթերի միջև հայտնաբերված սխալները ենթակա են ուղղման հայտնաբերումից և փոխադարձ տեղեկացումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, եթե այլ ժամկետ ԷՄԱ կանոններով սահմանված չէ։

12. ԷՄԱ մասնակիցների, վերջիններիս և Բաշխողի միջև, ինչպես նաև ԷՄԱ մասնակիցների և Բաշխողի կողմից Հանձնաժողով ներկայացված տեղեկությունները (փաստաթղթերը) հրապարակային են, եթե դրանք օրենքի համաձայն չեն համարվում գաղտնի:

13. ԷՄԱ կանոնների 12-րդ կետով սահմանված տեղեկությունները (փաստաթղթերը) կարող են հրապարակվել օրենքով սահմանված կարգով: Հրապարակած կողմը պատասխանատվություն է կրում այդպիսի տեղեկությունների (փաստաթղթերի) հրապարակման վերաբերյալ օրենսդրության պահանջների խախտման համար։

14. ԷՄԱ կանոններով նախատեսված ցանկացած տեղեկություն կամ փաստաթուղթ պետք է պահպանվի առնվազն հինգ տարի ժամկետով, եթե տվյալ տեսակի տեղեկությունների, փաստաթղթերի պահպանության համար ԷՄԱ կանոններով կամ օրենսդրությամբ ավելի երկար ժամկետ սահմանված չէ:

    

ԳԼՈՒԽ 4. ԷՄԱ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ՎԵՃԵՐԻ (ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԼՈՒԾՈՒՄԸ

     

15. ԷՄԱ մասնակիցը և Բաշխողն ԷՄԱ կանոնների դրույթները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվություն է կրում օրենքով, ԷՄԱ կանոններով և Պայմանագրով սահմանված կարգով:

16. ԷՄԱ մասնակիցը և Բաշխողն ԷՄԱ կանոններով սահմանված պարտավորությունների խախտման համար պատասխանատվություն չեն կրում, եթե այն հետևանք է ֆորս մաժորի:

17. ԷՄԱ կանոնների իմաստով ֆորս մաժոր է համարվում ցանկացած հանգամանք կամ դեպք (դրա հետևանք), որը հանգեցրել է (հանգեցնում է) ԷՄԱ կանոններով սահմանված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման և միաժամանակ բավարարում է հետևյալ պայմաններին.

1) չի գտնվում ֆորս մաժորի ազդեցության ներքո գործող կողմի վերահսկողության ներքո,

2) ֆորս մաժորի ազդեցության ներքո գործող կողմը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները և ջանքերը (այդ թվում՝ նախազգուշական, այլընտրանքային, օրենսդրությամբ նախատեսված) նշված հանգամանքները (հետևանքները) կանխելու, վերացնելու, մեղմելու կամ դրանցից խուսափելու համար:

18. ԷՄԱ կանոնների իմաստով, մասնավորապես, ֆորս մաժորային դեպքեր են՝

1) բնական և տեխնածին աղետները, համաճարակները, բնության ուժերի արտասովոր դրսևորումները (այդ թվում՝ ջրհեղեղներ, երկրաշարժեր, փոթորիկներ, պտտահողմեր, կայծակով և ամպրոպով ուղղորդվող հորդառատ անձրևներ, ձնաբքեր, սողանքներ), ատոմային, քիմիական կամ կենսաբանական աղտոտում, գործադուլները, հասարակական անկարգությունները,

2) ապստամբությունները, ահաբեկչությունները, պատերազմները, ներխուժումներ, զինված հակամարտություններ, արտաքին թշնամու գործողություններ կամ շրջափակում, որոնցից յուրաքանչյուրը տեղի է ունենում Հայաստանի տարածքում, կամ ներգրավում է այն, ինչը գոյություն չի ունեցել կամ չէր կարող ողջամտորեն կանխատեսվել,

3) պետական և տեղական ինքնակառավարման մարմնի կամ այլ իրավասու կազմակերպության ակտը, գործողությունը կամ անգործությունն այն դեպքում, երբ դրա արդյունքում չի տրամադրվել, երկարաձգվել պարտավորության կատարման համար անհրաժեշտ որևէ թույլտվություն կամ իրավունք կամ խոչընդոտվել է այդ պարտավորության կատարումը, պայմանով, որ ԷՄԱ մասնակիցը և Բաշխողը գործել են համաձայն օրենսդրության:

19. Ֆորս մաժոր առաջանալու դեպքում ֆորս մաժորի ազդեցության ներքո գործող կողմը մյուս կողմին այդ մասին տեղեկացնում է Ֆորս մաժորի մասին իրազեկվելու պահից կամ իր նկատմամբ ազդեցությունից 10 օրվա ընթացքում: Ծանուցում չիրականացրած կողմը կրում է չծանուցման հետ կապված բացասական հետևանքների ռիսկը:

20. ԷՄԱ կանոնների 18-րդ կետը չի սահմանափակում ԷՄԱ մասնակցի և Բաշխողի իրավունքը նկարագրվածից բացի այլ արտակարգ և անկանխելի դեպքեր ու հանգամանքներ ի հայտ գալու պարագայում դիմել Հանձնաժողով՝ սույն գլխի պահանջները բավարարելու դեպքում դրանք ևս ֆորս մաժոր ճանաչելու համար:

21. ԷՄԱ մասնակիցների և Բաշխողի միջև առաջացող բոլոր վեճերը (տարաձայնությունները) կարգավորվում են բանակցությունների միջոցով:

22. Վեճը (տարաձայնությունը) կողմերի համաձայնությամբ չկարգավորվելու դեպքում կողմերից յուրաքանչյուրը կարող է դիմել Հանձնաժողով` վերջինիս իրավասությունների շրջանակում վիճարկվող հարցերը լուծելու խնդրանքով կամ վեճի լուծումը հանձնել իրավասու դատարան, եթե կողմերի համաձայնությամբ չի որոշվել գործը հանձնել արբիտրաժի լուծմանը։

    

ԲԱԺԻՆ 2

 

ՄԱՆՐԱԾԱԽ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 5. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

      

23. Սպառողներն ԷՄԱ-ում էլեկտրական էներգիա կարող են գնել իրենց ընտրությամբ Երաշխավորված մատակարարից կամ Մատակարարներից, բացառությամբ Խոցելի սպառողների, ԻԷԱ-ների և Ինքնավար խմբի մասնակիցների, որոնք էլեկտրական էներգիա կարող են գնել միայն Երաշխավորված մատակարարից։

(23-րդ կետը լրաց. 20.04.22 N 149-Ն)

24. Երաշխավորված մատակարարի (Բաշխողի) կողմից էլեկտրական էներգիայի բաշխումը և երաշխավորված մատակարարումն իրականացվում է Պայմանագրի հիման վրա, իսկ Մատակարարի կողմից էլեկտրական էներգիայի մատակարարումը՝ Մատակարարման պայմանագրի հիման վրա:

25. Սպառողի նախաձեռնությամբ Երաշխավորված մատակարարի փոխարեն այլ Մատակարարի ընտրությունը կամ ընտրված Մատակարարի փոփոխությունն իրականացվում է ԷՄԱ կանոնների համաձայն՝ օրացուցային տարվա ընթացքում ոչ ավելի, քան 4 անգամ: Մատակարարի կամ Երաշխավորված մատակարարի փոփոխությունը հաշվառվում է Բաշխողի կողմից՝ այդ մասին նշում կատարելով Սպառողի համար բացված անհատական հաշվառման քարտում (այսուհետ` Հաշվառման քարտ):

26. Այն դեպքում, երբ Սպառողն ունի մեկից ավելի սպառման համակարգ (անկախ դրանց գտնվելու վայրից և միացման կետերի քանակից), վերջինս իրավունք ունի կնքել մեկ միասնական Պայմանագիր կամ յուրաքանչյուր սպառման համակարգի համար առանձին Պայմանագիր:

27. Բաշխողը (Երաշխավորված մատակարարն) իրավունք չունի Սպառողներից պահանջել կատարել վճարումներ, տրամադրել հատուցում, ներկայացնել տեղեկություն և փաստաթղթեր կամ նրանց ծանրաբեռնել պարտավորություններով, եթե դրանք սահմանված չեն ԷՄԱ կանոններով, Պայմանագրով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով։

28. Օրենքի համաձայն Սպառողի կողմից իր էլեկտրատեղակայանքներով Ենթասպառողի կամ Բաշխողի այլ ցանցերի սնման համար էլեկտրական էներգիայի փոխանցումն իրականացվում է ԷՄԱ կանոնների N1 հավելվածի համաձայն:

29. ԻԷԱ-ի և Երաշխավորված մատակարարի մատակարարած էլեկտրական էներգիայի դիմաց հատուցում տրամադրելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ԷՄԱ կանոնների 15.1-րդ գլխի համաձայն:

(29-րդ կետը փոփ. 20.04.22 N 149-Ն)

29.1. ԷՄԱ կանոնների՝ Սպառողներին վերաբերող կարգավորումները հավասարապես կիրառվում են ԻԷԱ-ների նկատմամբ` բացառությամբ, եթե ԷՄԱ կանոններով այլ բան սահմանված չէ:

(29.1-ին կետը լրաց. 20.04.22 N 149-Ն)

   

ԳԼՈՒԽ 6. ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՄԱՏԱԿԱՐԱՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

   

30. Երաշխավորված մատակարարն Օրենքի, լիցենզիայի, ԷՄԱ կանոնների, Պայմանագրի և Փոխհոսքերի պայմանագրի համաձայն՝

1) էլեկտրական էներգիա է մատակարարում յուրաքանչյուր Սպառողի, որը տվյալ ժամանակահատվածում չունի Մատակարարման պայմանագիր այլ Մատակարարի հետ,

2) էլեկտրական էներգիա է մատակարարում Խոցելի սպառողներին,

3) ապահովում է էլեկտրական էներգիայի փոխհոսքերի իրականացումը ԻԷԱ-ի և Ինքնավար խմբի մասնակցի հետ,

4) կատարում է էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարմանն առնչվող այլ գործառույթներ:

(30-րդ կետը խմբ. 20.04.22 N 149-Ն)

ԳԼՈՒԽ 7. ԲԱՇԽՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

31. Բաշխողն Օրենքի, լիցենզիայի, ԷՄԱ կանոնների և Պայմանագրի համաձայն՝

1) մատուցում է էլեկտրական էներգիայի բաշխման ծառայություն՝ ոչ խտրական պայմաններով,

2) գրանցում է Սպառողների Առևտրային հաշվառքի սարքերի տվյալները, խախտման դեպքում՝ իրականացնում է վերահաշվարկ,

3) սպասարկման որակի ցուցանիշների խախտման դեպքում Սպառողին վճարում է տույժ,

4) Մատակարարին անվճար տրամադրում է տեղեկություն վերջինիս հետ պայմանագիր կնքած Սպառողին մատակարարած էլեկտրական էներգիայի քանակի մասին,

5) Սպառողին ներկայացնում է մատակարարված էլեկտրական էներգիայի քանակի և արժեքի, ԻԷԱ-ի և Ինքնավար խմբի մասնակցի դեպքում՝ նաև մատուցված բաշխման ծառայության քանակի և արժեքի, իսկ Մատակարարի Սպառողի դեպքում՝ մատուցված բաշխման ծառայության քանակի և արժեքի մասին հաշվարկային փաստաթուղթ,

6) ապահովում է շուրջօրյա հեռախոսակապ, որի միջոցով Սպառողին նախապես տեղեկացնելով հեռախոսազանգի ձայնագրման մասին՝ տրամադրում է տեղեկություն կամ պարզաբանում՝

ա. Պայմանագրի կնքման ընթացակարգի և անհրաժեշտ փաստաթղթերի,

բ. էլեկտրամատակարարման ընդհատումների, դադարեցումների պատճառների և վերականգնման ժամկետների,

գ. էլեկտրական էներգիայի մատակարարման քանակի, սակագնի և արժեքի, իսկ Մատակարարի Սպառողի դեպքում՝ մատուցվող բաշխման ծառայության քանակի, սակագնի և արժեքի, ինչպես նաև վճարման ժամկետների և դրանց խախտման հետևանքների,

դ. Բաշխողի կողմից տույժերի վճարման դեպքերի,

ե. Սպառողների կողմից բողոքների և դիմումների ներկայացման և Բաշխողի կողմից դրանց պատասխանելու կարգի,

զ. ինչպես նաև իր կողմից մատուցվող ծառայությունների հետ կապված այլ հարցերի վերաբերյալ,

7) սպասարկման գրասենյակում և պաշտոնական կայքում տեղադրում է Պայմանագրի օրինակելի ձևը, ինչպես նաև հասանելի է դարձնում սույն կետի 6-րդ ենթակետով սահմանված տեղեկությունները,

8) պետք է վարի կողմնակի միջամտությունից պաշտպանություն ունեցող Էլեկտրոնային ռեեստր՝ համաձայն ISO/IEC 27001 և ISO/IEC 27002 ստանդարտների պահանջների, որը ներառում է բոլոր Սպառողների Հաշվառման քարտերը,

9) իրականացնում է բաշխման ծառայության մատուցումից բխող այլ գործառույթներ:

(31-րդ կետը լրաց. 20.04.22 N 149-Ն)

32. Սպառողի Հաշվառման քարտը պարունակում է՝

1) Սպառողի հետ կնքած Պայմանագիրը, Փոխհոսքերի պայմանագիրը, դրանց հիմքերը,

2) Հաշվառքի սարքերի վերաբերյալ տվյալները, դրանց ապահավաքակցման, ստուգաչափման, փոխարինման, տեղակայման հետ կապված ակտերը (արձանագրություններ, եզրակացություններ),

3) Սպառողի սպառման, առկայության դեպքում՝ նաև արտադրության համակարգի էլեկտրական ցանցին միացման և Սահմանազատման կետերի մասին տեղեկություն,

4) ԷԲՑ կանոններով սահմանված դեպքում՝ Սպառողի սպառման, առկայության դեպքում՝ նաև արտադրության համակարգի նկարագիրը, հզորությունը և աշխատանքային ժամերը,

5) Առևտրային հաշվառքի սարքի տեղադրման և Սահմանազատման կետերի միջև էլեկտրատեղակայանքներում առաջացած էլեկտրական էներգիայի տեխնոլոգիական կորուստների ամսական մեծությունները,

6) նվազագույն բեռնվածքի ժամանակահատվածի տևողությունը և այդ ժամանակահատվածում միացված գումարային բեռնվածքի մեծությունները, դրանց հաշվարկի կարգը,

7) ԷՄԱ կանոնների 84-րդ կետով սահմանված տեղեկությունները,

8) կատարված վերահաշվարկի վերաբերյալ փաստաթղթերը և տեղեկությունները,

9) Սպառողի էլեկտրական էներգիայի ամսական ծախսերի, ինքնավար էներգաարտադրության շրջանակում էլեկտրական էներգիայի ամսական մատակարարված քանակի, կուտակված ավելցուկային էլեկտրական էներգիայի քանակի, վճարումների, ԻԷԱ-ին կամ Ինքնավար խումբը ստեղծող ԻԷԱ-ին հատուցման ենթակա գումարի, Բաշխողի կողմից վճարված տույժերի մասին տեղեկությունները,

10) Սպառողի ներկայացրած էլեկտրական էներգիայի պահանջարկի տարեկան հայտերը (առկայության դեպքում),

11) այլ Մատակարարի հետ Մատակարարման պայմանագիր կնքելու դեպքում՝ այդ Մատակարարի անվանումը և Մատակարարի փոփոխության ամսաթիվը.

12) Սպառողի կողմից տեխնոլոգիական կամ վթարային հզորությունների ամրագրման դեպքում՝ նաև վթարային և տեխնոլոգիական հզորությունները, տեխնոլոգիական գործընթացի (ցիկլի) տևողությունը և վթարային հզորության ապահովման համար անհրաժեշտ ժամանակը, հզորությունը, որը ենթակա չէ անջատման մինչև տեխնոլոգիական գործընթացի տևողության և վթարային հզորության ապահովման համար անհրաժեշտ ժամանակահատվածի ավարտը՝ սնող կենտրոն, սնող գիծ, առավելագույն հզորությունը սնող գծի վրա,

13)Հաշվառման քարտի գրանցումներում կատարված փոփոխությունների և դրանք իրականացնողի մասին տեղեկությունները:

(32-րդ կետը փոփ., լրաց. 20.04.22 N 149-Ն)

33. Բաշխողը Սպառողի Հաշվառման քարտում պարունակվող տեղեկությանը հասանելիությունն ապահովում է այդ Սպառողի հետ Պայմանագրի գործողության ողջ ընթացքում, այնուհետև այն արխիվացնում է և պահպանում՝ Պայմանագրի լուծման պահից առնվազն 10 տարի ժամկետով։

34. Սպառողի դիմելու դեպքում Բաշխողը վերջինիս տրամադրում է Հաշվառման քարտում պարունակվող տեղեկությունների փաստաթղթային օրինակը:

35. Հաշվառման քարտում սխալի հայտնաբերման դեպքում Սպառողը և Բաշխողն առաջնորդվում են հաշվարկային փաստաթղթում սխալի ուղղման վերաբերյալ ԷՄԱ կանոններով սահմանված ընթացակարգով։

36. Սպառողին տրամադրվում է մուտքի իրավունք՝ էլեկտրոնային ռեեստրից ստանալու իրեն վերաբերող տեղեկությունները։

   

ԳԼՈՒԽ 8. ՄԱՏԱԿԱՐԱՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

    

37. Մատակարարն Օրենքի, լիցենզիայի, ԷՄԱ կանոնների համաձայն՝

1) Մատակարարման պայմանագրի պահանջներին համապատասխան էլեկտրական էներգիա է մատակարարում Սպառողին՝ չկարգավորվող գներով,

2) Սպառողին ներկայացնում է հաշվարկային փաստաթուղթ՝ մատակարարված էլեկտրական էներգիայի քանակի և արժեքի վերաբերյալ,

3) պետք է ունենա սպասարկման գրասենյակ, պաշտոնական կայք, որոնց միջոցով Սպառողին տրամադրում է տեղեկություն և պարզաբանում՝

ա. Մատակարարման պայմանագրի կնքման ընթացակարգի և անհրաժեշտ փաստաթղթերի,

բ. մատակարարվող Էլեկտրական էներգիայի քանակի և արժեքի, վճարման ժամկետների և դրանց խախտման հետևանքների,

գ. Սպառողների կողմից բողոքների և դիմումների ներկայացման և Մատակարարի կողմից դրանց պատասխանելու կարգի,

դ. իր կողմից մատուցվող ծառայությունների հետ կապված այլ հարցերի վերաբերյալ.

4) սպասարկման գրասենյակում և պաշտոնական կայքում ապահովվում է Պայմանագրի օրինակելի ձևի հասանելիությունը:

    

ԳԼՈՒԽ 9. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ

     

38. Պայմանագիրը հրապարակային է, որը կնքվում է Սպառողի կողմից Հանձնաժողովի հաստատած օրինակելի ձևին համապատասխան ներկայացված ակցեպտի հիման վրա և ուժի մեջ է մտնում Բաշխողի կողմից ակցեպտը հաստատվելու պահից՝ բացառությամբ սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման, էլեկտրական էներգիայի բաշխման և էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման մասին պայմանագրի, որի կնքման կարգը սահմանված է ԷԲՑ կանոններով:

39. Սպառողն ակցեպտը Բաշխողին ներկայացնում է գրավոր ձևով` թղթային փաստաթղթի տեսքով (ձեռագիր ստորագրությամբ) կամ էլեկտրոնային հաղորդակցության այնպիսի միջոցով, որը հնարավորություն է տալիս Բաշխողին հաստատելու դրա իսկությունը և ճշգրիտ որոշելու, որ այն ելնում է Սպառողից, այդ թվում՝ Սպառողի էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված տեսքով կամ Սպառողի էլեկտրոնային փոստի հասցեից` անկախ էլեկտրոնային թվային ստորագրության առկայությունից:

40. Ակցեպտին կից բնակիչ Սպառողի դեպքում ենթակա է ներկայացման անձը հաստատող փաստաթղթի պատճենը, Սպառման համակարգի տեղակայման տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքները կամ իրավունքների ձեռքբերումը հավաստող (հաստատող) փաստաթղթի պատճենը, իրավաբանական անձի դեպքում՝ Սպառման համակարգի տեղակայման տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքները հավաստող փաստաթղթի, իսկ 6 (10) կՎ և բարձր լարման ցանցին միանալու դեպքում՝ նաև պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազորված մարմնի կողմից տրված էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացության (թույլտվության) պատճենը և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված տեխնիկական կանոնակարգով սահմանված՝ օպերատիվ անձնակազմի (էլեկտրատնտեսության պատասխանատու անձի) վերաբերյալ տեղեկություն:

41. Այն դեպքում, երբ սպառման համակարգի տեղակայման տարածքի (շենքի, շինության) նկատմամբ բնակիչ Սպառողի իրավունքը (այդ թվում` սեփականության, օգտագործման) օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված չէ, սակայն առկա է իրավասու մարմնի կողմից տրամադրված` սպառման համակարգի տեղակայման տարածքում Սպառողի բնակության, իսկ ավտոտնակների դեպքում այդ տարածքը զբաղեցնելու փաստը հավաստող տեղեկանք, Բաշխողը, գնահատելով Սպառողին էլեկտրամատակարարման հնարավորությունը և դրա հետ կապված իր ռիսկերը, իրավասու է կնքել Պայմանագիր։

42. Ակցեպտի՝ օրինակելի ձևին անհամապատասխանության դեպքում, ինչպես նաև այն դեպքերում, երբ Սպառողին էլեկտրական էներգիայի մատակարարումը հակասում է նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, Բաշխողն ակցեպտն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ ԷՄԱ կանոնների 44-րդ կետով նախատեսված դեպքի, վերադարձնում է այն Սպառողին՝ համապատասխան գրավոր հիմնավորումներով: Ակցեպտի վերադարձման՝ սույն կետով նախատեսված հիմքերի բացակայության դեպքում Բաշխողը նույն ժամկետում գրավոր հաստատում է այն և Սպառողին տեղեկացնում Պայմանագիրը կնքված լինելու մասին:

43. Պայմանագրի կնքումից անմիջապես հետո Բաշխողը Սպառողի համար բացում և վարում է Հաշվառման քարտ՝ իր համարանիշով, վերջինիս տրամադրելով Հաշվառման քարտի համարը և դրա տվյալներին հասանելիությունն ապահովող անձնական էջի մուտքանունը և ծածկագիրը։

44. Սպառման համակարգի տեղակայման տարածքի (շենք, շինություն) նկատմամբ իրավունք ունեցող անձի կողմից ԷՄԱ կանոններին համապատասխան ակցեպտ ներկայացնելու դեպքում, եթե Սպառողը չունի տարածքի (շենք, շինություն) նկատմամբ ԷՄԱ կանոններով պահանջվող իր իրավունքները հավաստող փաստաթուղթ, Բաշխողն ԷՄԱ կանոններին համապատասխան հաստատում է ակցեպտը՝ Պայմանագրի լուծումից հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում։

45. Պայմանագիրը կնքվում է անորոշ ժամկետով՝ բացառությամբ՝

1) ԷԲՑ կանոններով սահմանված ժամանակավոր միացումների դեպքերի, որոնց պարագայում Պայմանագիրը կնքվում է այդ միացումների ժամկետներով,

2) ԷՄԱ կանոնների 41-րդ կետով սահմանված դեպքի, որի պարագայում Պայմանագիրը կնքվում է առավելագույնը մեկ տարի ժամկետով,

3) ԷՄԱ կանոնների 54-րդ կետով նախատեսված դեպքի, որի պարագայում Պայմանագիրը կնքվում է մինչև վեճի՝ օրենսդրությամբ սահմանված կարգով վերջնական լուծումը:

46. Եթե ԷՄԱ կանոններով տվյալ դեպքի համար նախատեսված է ժամանակավոր Պայմանագրի կնքում, ապա դրա գործողության ժամկետը լրանալուց մեկ ամիս առաջ կողմերից յուրաքանչյուրը կարող է ծանուցել մյուս կողմին պայմանագրի գործողության դադարեցման մասին: Եթե ժամկետի ավարտից հետո Սպառողը Բաշխողի ծանուցման բացակայությամբ շարունակում է սպառել էլեկտրական էներգիա, ապա Պայմանագրի գործողությունը համարվում է երկարաձգված՝ նույն պայմաններով և նույն ժամկետով, բացառությամբ ԷՄԱ կանոնների 45-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված դեպքի, որի պարագայում Պայմանագրի գործողությունը չի կարող երկարաձգվել։

47. Բաշխողը պարտավոր է էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման և էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման մասին պայմանագրի կնքումից, իսկ սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման, էլեկտրական էներգիայի բաշխման և էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման մասին պայմանագրի դեպքում՝ միացման աշխատանքների ավարտից հետո, առավելագույն 3 աշխատանքային օրվա ընթացքում Սպառողին ապահովել էլեկտրամատակարարմամբ (դրա հնարավորությամբ):

   

ԳԼՈՒԽ 10. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒՄԸ, ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ

    

48. Հանձնաժողովի կողմից Պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատվելու կամ դրանում փոփոխություններ, լրացումներ կատարվելու դեպքում կնքված Պայմանագրերը Հանձնաժողովի համապատասխան իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից համարվում են նոր կամ փոփոխված ձևին համապատասխան կնքված կամ փոփոխված` համաձայն Պայմանագրի:

49. ԷՄԱ կանոնների 48-րդ կետի համաձայն Պայմանագրի նոր օրինակելի ձևի հաստատման կամ դրանում կատարված փոփոխությունների մասին Բաշխողը ծանուցում է Սպառողներին Հանձնաժողովի սահմանած կարգով և ժամկետում:

50. Կողմերի համաձայնությամբ Պայմանագրում, այդ թվում՝ ակցեպտում, փոփոխություններ կարող են կատարվել գրավոր՝ պայմանով, որ չեն հակասի Հանձնաժողովի կողմից հաստատված և գործող օրինակելի ձևին և Հանձնաժողովի այլ իրավական ակտերին:

51. Երաշխավորված մատակարարի փոխարեն այլ Մատակարար ընտրելու դեպքում դադարում է Պայմանագրով էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարումը, ինչը չի ազատում Սպառողին Պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումից, իսկ դրանց խախտման դեպքում` սահմանված պատասխանատվությունից:

52.Պայմանագիրը լուծվում է`

1) կողմերի փոխադարձ համաձայնությամբ,

2) Սպառողի կողմից միակողմանի` այդ մասին Բաշխողին տեղեկացնելու, ինչպես նաև մատակարարված էլեկտրական էներգիայի, ԻԷԱ-ի և Ինքնավար խմբի մասնակցի դեպքում՝ երբ էլեկտրական էներգիան արտադրվում է էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում և սպառվում տարբեր կետերում՝ նաև մատուցված բաշխման ծառայության, իսկ Մատակարարի սպառողի դեպքում՝ մատուցված բաշխման ծառայության դիմաց ամբողջությամբ վճարելու պայմանով,

3) Բաշխողի կողմից միակողմանի՝

ա. ԷՄԱ կանոնների 45-րդ կետի համաձայն որոշակի ժամկետով կնքված Պայմանագրի գործողության ժամկետի ավարտվելու դեպքում՝ այդ մասին ժամկետն ավարտվելուց մեկ ամիս առաջ Սպառողին ծանուցելու պայմանով,

բ. սպառման համակարգի տեղակայման տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունք ունեցող անձի գրավոր պահանջի դեպքում, եթե Սպառողը չունի ԷՄԱ կանոններով պահանջվող տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իր իրավունքները հավաստող փաստաթուղթ՝ Սպառողին նախապես տեղեկացնելու պայմանով, բացառությամբ ԷՄԱ կանոնների 53-րդ կետով նախատեսված դեպքի,

գ. բնակիչ Սպառողի մահվան, իրավաբանական անձ Սպառողի լուծարման դեպքում,

դ․ ԷՄԱ կանոններով նախատեսված՝ ակցեպտի վերադարձման կամ ԷԲՑ կանոններով նախատեսված՝ Պայմանագրի կնքման հայտի մերժման հիմքերի բացահայտման դեպքում Սպառողին նախապես տեղեկացնելու պայմանով,

ե. ԷՄՇ կանոնների համաձայն Որակավորված սպառողի կարգավիճակ ստանալու, ինչպես նաև ԻԷԱ-ի կողմից, որպես մրցակցային պայմաններով գործող արտադրող գրանցման կամ Որակավորված սպառողի կարգավիճակ ստանալու դեպքում,

զ. օրենքով, ԷՄԱ կանոններով, Պայմանագրով և Հանձնաժողովի այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում՝ Սպառողին նախապես տեղեկացնելու պայմանով:

(52-րդ կետը լրաց. 20.04.22 N 149-Ն, 28.12.22 N 562-Ն)

53. Սպառման համակարգի տեղակայման տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքի վերաբերյալ վեճի առկայության դեպքում, ԷՄԱ կանոնների 52-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերության համաձայն, Պայմանագրի լուծման հարցը որոշվում է վեճն օրենսդրությամբ սահմանված կարգով լուծելուց հետո։

54. Այն պարագայում, երբ սպառման համակարգի տեղակայման տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքի վերաբերյալ վեճը ծագել է կամ դրա առկայության մասին Բաշխողը տեղեկացել է ԷՄԱ կանոնների 52-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերության համաձայն՝ Պայմանագրի լուծումից և նոր իրավատիրոջ հետ Պայմանագրի կնքումից հետո, վեճի առկայության մասին Բաշխողի տեղեկանալու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում նոր կնքված Պայմանագրի գործողությունը համարվում է կասեցված և նախկին Սպառողի հետ նախկին պայմաններով կնքված է համարվում ժամանակավոր պայմանագիր՝ մինչև վեճի՝ օրենսդրությամբ սահմանված կարգով վերջնական լուծումը, ինչի վերաբերյալ նույն ժամկետում Բաշխողը տեղեկացնում է կողմերին։

55. Պայմանագրի փոփոխումը կամ լուծումը կողմերին չի ազատում մինչ այդ պայմանագրով ստանձնած և չկատարված պարտավորությունների կատարումից:

   

ԳԼՈՒԽ 11. ՄԱՏԱԿԱՐԱՐԻ (ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՄԱՏԱԿԱՐԱՐԻ) ՓՈՓՈԽՈՒՄՆ ՈՒ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ

    

56. Սպառողն իրավունք ունի Երաշխավորված մատակարարի փոխարեն ընտրել այլ Մատակարար կամ փոխել ընտրված Մատակարարին՝ նախաձեռնելով Մատակարարման պայմանագրի կնքման գործընթաց՝ պայմանով, որ՝

1) Բաշխողի հետ ունի կնքված Պայմանագիր,

2) Սպառողի Հաշվառքի սարքը համապատասխանում է ԷԲՑ կանոններով սահմանված պահանջներին և ներառված է Բաշխողի էլեկտրական էներգիայի հաշվառման և վերահսկման ավտոմատացված համակարգում (այսուհետ՝ ԲԷԱՀ),

3) չի հանդիսանում Խոցելի սպառող, ԻԷԱ կամ Ինքնավար խմբի մասնակից,

4) չի գերազանցել Մատակարարի փոփոխման ԷՄԱ կանոնների 25-րդ կետով ամրագրված թույլատրելի քանակը:

(56-րդ կետը լրաց. 20.04.22 N 149-Ն)

57. Մատակարարման պայմանագիրը պարունակում է առնվազն՝

1) մատակարարվող էլեկտրական էներգիայի գինը կամ վճարը,

2) վճարումների կարգը և խախտման հետևանքները,

3) պայմանագրի գործողության ժամկետը,

4) պայմանագրի լուծման կարգը:

58.Մատակարարման պայմանագրի կնքման համար Սպառողից ծառայության վճար չի գանձվում:

59. Մատակարարի կամ Բաշխողի (Երաշխավորված մատակարարի) նկատմամբ Սպառողի ունեցած պարտքն արգելք չէ այլ Մատակարարի հետ կնքելու Մատակարարման պայմանագիր:

60.Սպառողը Մատակարարման պայմանագիր կնքելու՝ իր կողմից հայցվող ժամկետից առնվազն 10 աշխատանքային օր առաջ նոր Մատակարարին ներկայացնում է դիմում՝ կցելով անձը հաստատող փաստաթղթի պատճենը (պետական գրանցման վկայականի պատճենը)։

61.Մատակարարը Սպառողի դիմումն ստանալուց հետո վերջինիս հետ Մատակարարման պայմանագիր կնքելու մտադրության բացակայության դեպքում, մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Սպառողին, իսկ այդպիսի մտադրության դեպքում վերջինիս տրամադրում է՝

1) Մատակարարի փոփոխման գործընթացի տևողության և պայմանների մասին տեղեկություն,

2) էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրի նմուշը,

3) տեղեկացնում է ԷՄԱ կանոնների 51-րդ կետի համաձայն էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման դադարեցման մասին:

62.Սպառողը, նախքան Մատակարարման պայմանագրի կնքումը, Մատակարարի ներկայացրած պայմաններին չհամաձայնելու դեպքում իրավունք ունի հրաժարվել դիմումից:

63. Մատակարարը Սպառողի հետ Մատակարարման պայմանագիր կնքելու մտադրության դեպքում ԷՄԱ կանոնների 60-րդ կետով սահմանված դիմումն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում այն ուղարկում է Բաշխողին:

64. Բաշխողն ԷՄԱ կանոնների 63-րդ կետի համաձայն Մատակարարից դիմումն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է դրա՝ ԷՄԱ կանոնների 56-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխանությունը և

1) համապատասխանելու դեպքում՝ տեղեկացնում է Մատակարարին,

2) չհամապատասխանելու դեպքում՝ մերժման մասին ծանուցում է ուղարկում Մատակարարին՝ նշելով հիմքերը։

65. Այն դեպքում, երբ Սպառողը գտնվում է Մատակարարի փոփոխման մեկից ավելի գործընթացներում, Բաշխողը հիմք է ընդունում Մատակարարի փոփոխման՝ Սպառողի վերջին դիմումը։

66. Մատակարարը՝ Սպառողի ԷՄԱ կանոնների 64-րդ կետին համապատասխան լինելու դեպքում վերջինիս հետ կնքում է Մատակարարման պայմանագիր կամ ծանուցում մերժման մասին:

67. Մատակարարման պայմանագրի կնքումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում Մատակարարն այդ մասին տեղեկացնում է Բաշխողին, որն իր հերթին գրանցում է Մատակարարի փոփոխությունը՝ այդ մասին նշում կատարելով Սպառողի Հաշվառման քարտում և Մատակարարի ու Շուկայի օպերատորի համար ապահովում է Սպառողի միացման, Առևտրային հաշվառքի սարքերի նույնականացման և նախկին սպառման ծավալների մասին տվյալների հասանելիությունը ԲԷԱՀ-ում:

   

ԳԼՈՒԽ 12. ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

    

68. Մատակարարման պայմանագիրը լուծվում է՝

1) փոխադարձ համաձայնությամբ,

2) Սպառողի նախաձեռնությամբ՝ լուծումից առնվազն 10 աշխատանքային օր առաջ տեղեկացնելով Մատակարարին,

3) Մատակարարի նախաձեռնությամբ՝ Մատակարարման պայմանագրով կամ օրենքով սահմանված կարգով, այդ մասին առնվազն 10 աշխատանքային օր առաջ տեղեկացնելով Սպառողին և Բաշխողին,

4) Բաշխողի հետ Պայմանագրի լուծման դեպքում:

69. Մատակարարն ԷՄԱ կանոնների 68-րդ կետի 2-րդ ենթակետում նշված տեղեկացումն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է Բաշխողին և Շուկայի օպերատորին: Մատակարարի տեղեկացումն ստանալուց հետո կողմերը ղեկավարվում են ԷՄՇ կանոններով:

70. Մատակարարման պայմանագրի լուծումը չի ազատում այդ պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումից:

   

ԲԱԺԻՆ 3

     

ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԲԱՇԽՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

   

ԳԼՈՒԽ 13. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    

71. Էլեկտրական էներգիայի հաշվառմանը ներկայացվող պահանջները նպատակ ունեն ապահովել Առևտրային հաշվառման ամբողջականությունը, անընդհատությունը, թափանցիկությունը և միասնականությունը։

72. Առևտրային հաշվառքի սարքի և Վերստուգիչ հաշվառքի սարքի տվյալներն ամրագրվում են Հաշվառման քարտում:

  

ԳԼՈՒԽ 14. ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ (ԲԱՇԽՎԱԾ) ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՔԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ

  

73. Մատակարարված էլեկտրական էներգիայի քանակությունը որոշվում է Հաշվարկային ամսում սպառողի Առևտրային հաշվառման սարքի գրանցած ցուցմունքների տարբերությամբ կամ այդ տարբերությունը հոսանքի և լարման չափիչ տրանսֆորմատորների տրանսֆորմացիայի գործակիցների արտադրյալով բազմապատկելու միջոցով: Եթե Առևտրային հաշվառքի սարքն անմիջապես գրանցում է էլեկտրական էներգիայի քանակը որպես Հաշվարկային ամսվա ընթացքում մատակարարված` ընդունվում է էլեկտրական էներգիայի այդ քանակը: Եթե Առևտրային հաշվառքի սարքը տեղադրված է Սահմանազատման կետից դուրս, ապա Առևտրային հաշվառքի սարքով հաշվառված էլեկտրական էներգիայի քանակին գումարվում կամ այդ քանակից հանվում է Առևտրային հաշվառքի սարքի տեղադրման և Սահմանազատման կետերի միջև էլեկտրատեղակայանքներում առաջացած էլեկտրական էներգիայի տեխնոլոգիական կորուստների մեծությունը, որի հաշվարկման եղանակն ամրագրվում է Հաշվառման քարտում: Եթե Սպառողի էլեկտրատեղակայանքներին միացված են Ենթասպառողներ կամ Բաշխողի այլ ցանցեր, ապա հաշվարկվում է միայն Սպառողի բեռին համապատասխանող տեխնիկական կորուստը: Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում սպառված էլեկտրական էներգիայի քանակությունը որոշվում է համաձայն ԷՄԱ կանոնների 17-րդ գլխի պահանջների:

(73-րդ կետը լրաց. 20.04.22 N 149-Ն, փոփ. 30.06.23 N 215-Ն)

74. 0,4 կՎ և բարձր լարման Սպառողների (բացառությամբ՝ բնակչության) համար, երբ նվազագույն բեռնվածքի ռեժիմներում տեխնիկապես անհնար է Առևտրային հաշվառքի սարքերի բնականոն աշխատանքը, մատակարարված էլեկտրական էներգիայի քանակը հաշվարկվում է նվազագույն բեռնվածքի ամբողջ ժամանակահատվածում փաստացի միացված էլեկտրական ընդունիչների հզորության հիման վրա և ավելացվում Առևտրային (վերստուգիչ) հաշվառքի սարքի ցուցմունքով հաշվարկված էլեկտրական էներգիայի քանակին: Նվազագույն բեռնվածքի ժամանակահատվածի տևողությունը և այդ ժամանակահատվածում միացված գումարային բեռնվածքի մեծությունները, դրանց հաշվարկի կարգի վերաբերյալ տվյալներն ամրագրվում են Հաշվառման քարտում և կարող են վերանայվել կողմերից մեկի գրավոր պահանջով` նվազագույն բեռնվածքի փոփոխման դեպքում:

75. Առևտրային (Վերստուգիչ) հաշվառքի սարքի ցուցմունքը գրանցում է Բաշխողը` տվյալ Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա առաջին երեք օրերի ընթացքում: Մատակարարված էլեկտրական էներգիան բազմասակագնային էլեկտրոնային հաշվիչով (այսուհետ՝ էլեկտրոնային հաշվիչ) հաշվառելու դեպքում Բաշխողն Առևտրային (Վերստուգիչ) հաշվիչի ցուցմունքի փոխարեն գրանցում է ավտոմատացված ռեժիմում Առևտրային հաշվառքի սարքի լուսատախտակի վրա արտածվող` Սպառողի նախորդ Հաշվարկային ամսվա ծախսը (ըստ ժամային տիրույթների):

76. Բաշխողը պարտավոր է Սպառողի (բացառությամբ՝ բնակչության) Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը գրանցել Սպառողի ներկայացուցչի մասնակցությամբ, եթե վերջինս ներկայացրել է նման գրավոր պահանջ: Այդ դեպքում Բաշխողը պարտավոր է Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը գրանցել Սպառողի հետ համատեղ` ԷՄԱ կանոնների 75-րդ կետով սահմանված և Սպառողի հետ փոխհամաձայնեցված ժամկետում: Բաշխողն իրավունք ունի Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը գրանցել առանց Սպառողի ներկայացուցչի, եթե վերջինս փոխհամաձայնեցված ժամկետում չի ներկայացել։

77. Այն դեպքերում, երբ Առևտրային (վերստուգիչ) հաշվառքի սարքը ներառված է ԲԷԱՀ-ում, Բաշխողը պարտավոր է Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքները գրանցել ԲԷԱՀ-ի միջոցով՝ հավաքագրելով նաև Հաշվառքի սարքի գրանցած ողջ տեղեկությունները:

78. Եթե Սպառողին մատակարարած էլեկտրական էներգիայի հաշվառումը կատարվում է Հաշվառքի սարքով, որն իր հերթին ներառված է ԲԷԱՀ-ում, ապա վերջինիս գրավոր դիմումի դեպքում, դիմումն ստանալուց ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում Բաշխողը պարտավոր է տվյալ Սպառողին, անհրաժեշտության դեպքում նաև նրա Մատակարարին, մշտադիտարկման նպատակով տրամադրել ԲԷԱՀ-ի մուտքի իրավունք՝ Սպառողին վերաբերող ողջ տեղեկության մասով:

79. Մատակարարի սպառողի դեպքում Բաշխողն Առևտրային հաշվառքի սարքերի գրանցած ողջ տեղեկությունները ներկայացնում է Մատակարարին՝ վերջինիս Սպառողներին վերաբերող մասով, ոչ ուշ, քան Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 5-ը։

       

ԳԼՈՒԽ 15. ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԲԱՇԽՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

    

80. Հաշվարկային ամսվա ընթացքում Սպառողին մատակարարված էլեկտրական էներգիայի արժեքը, բացառությամբ ԷՄԱ կանոնների 82-րդ կետի, որոշվում է տվյալ լարման մակարդակի և ժամային տիրույթների համար (եթե Առևտրային հաշվառքի սարքն ունի նման տարանջատված հաշվառման հնարավորություն) Հանձնաժողովի կողմից սահմանված Սակագների և մատակարարված էլեկտրական էներգիայի քանակի արտադրյալով:

81. Մատակարարի սպառողի դեպքում Հաշվարկային ամսվա ընթացքում Սպառողին մատակարարված էլեկտրական էներգիայի արժեքը որոշվում է վերջիններիս միջև կնքված Մատակարարման պայմանագրի համաձայն, իսկ էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության արժեքը որոշվում է տվյալ լարման մակարդակի համար Հանձնաժողովի կողմից սահմանված բաշխման ծառայության մատուցման սակագնի և բաշխված էլեկտրական էներգիայի քանակի արտադրյալով:

81.1. ԻԷԱ-ի և Ինքնավար խմբի մասնակցի դեպքում, երբ էլեկտրական էներգիան արտադրվում է էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում և սպառվում տարբեր կետերում, բաշխման ծառայության արժեքը որոշվում է սպառման կետում լարման մակարդակի համար Հանձնաժողովի կողմից սահմանված բաշխման ծառայության մատուցման սակագնի և բաշխված (հաշվանցված) էլեկտրական էներգիայի քանակի արտադրյալով, իսկ բաշխման ծառայության դիմաց վճարման պարտավորությունը ձևավորվում է տվյալ սպառման կետի Հաշվառման քարտին: Միևնույն բնակելի կամ հասարակական նպատակային նշանակության շենքում կամ նույն հասցեում տեղակայված շենքային միավորների համալիրում ինքնավար էներգաարտադրություն իրականացվելու դեպքում՝ ԻԷԱ-ի, իսկ Ինքնավար խմբի դեպքում՝ խմբի մասնակիցների համար բաշխման ծառայության վճար չի գանձվում, եթե խմբի բոլոր մասնակիցները հանդիսանում են նույն շենքի կամ նույն հասցեում տեղակայված շենքային միավորների համալիրի ԻԷԱ կամ Սպառող:

(81.1-ին կետը լրաց. 20.04.22 N 149-Ն, 30.06.23 N 215-Ն)

82. Երաշխավորված մատակարարի կողմից ԷՄԱ կանոններով սահմանված դեպքերում Սպառողի էլեկտրական էներգիայի մատակարարումը վերսկսելու, ինչպես նաև Սպառողի կողմից ԷՄԱ կանոններով և ԷՄՇ կանոններով սահմանված ժամկետում և կարգով որակավորված սպառողի կարգավիճակ չստանալու կամ Մատակարար չընտրելու դեպքում Հաշվարկային ամսվա ընթացքում Երաշխավորված մատակարարի կողմից Սպառողին մատակարարված էլեկտրական էներգիայի արժեքը հաշվարկվում է այդ սպառողական խմբի համար Հանձնաժողովի կողմից սահմանված սակագնի և մատակարարված էլեկտրական էներգիայի քանակի արտադրյալով։

83. Բաշխողը (Երաշխավորված մատակարարը) պարտավոր է մինչև յուրաքանչյուր ամսվա 12-ը՝

1) հանրապետական սփռման առնվազն մեկ հեռուստաընկերության միջոցով 2 անգամ՝ ժամը 18:00-20:00-ն և 20:00-23:00-ն ընկած ժամանակահատվածներում, հայտարարել սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված տեղեկությունները տեղադրելու օրը.

2) Հայաստանի Հանրապետությունում գործող՝ իր հետ պայմանագիր կնքած բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, փոստային բաժանմունքների համապատասխան սպասարկման կետերում հասանելի դարձնել նախորդ ամսվա ընթացքում Բաշխողի (Երաշխավորված մատակարարի) կողմից Սպառողներին մատակարարված էլեկտրական էներգիայի քանակի և արժեքի, ԻԷԱ-ի և Ինքնավար խմբի մասնակցի դեպքում՝ նաև մատուցված բաշխման ծառայության քանակի և արժեքի, իսկ Մատակարարի սպառողների դեպքում՝ մատուցված բաշխման ծառայության քանակի և արժեքի մասին տեղեկությունը:

(83-րդ կետը փոփ., լրաց. 20.04.22 N 149-Ն)

84. Հաշվարկային ամսվա համար մատակարարված էլեկտրական էներգիայի քանակի և արժեքի, իսկ Մատակարարի սպառողի դեպքում՝ մատուցված բաշխման ծառայության քանակի և արժեքի դիմաց Բաշխողը (Երաշխավորված մատակարարը) Սպառողին ներկայացվող հաշվարկային փաստաթղթում ապահովում է հետևյալ տեղեկությունների առկայությունը.

1) Սպառողի անունը, ազգանունը (անվանումը), գտնվելու (բնակության) վայրը, Հաշվառման քարտի համարը, Հաշվարկային ամիսը, Առևտրային հաշվառքի սարքի նախորդ և վերջին ցուցմունքները (իսկ էլեկտրոնային հաշվիչի առկայության դեպքում` նաև էլեկտրական էներգիայի մատակարարման ցուցմունքը՝ ըստ ժամային տիրույթների), Առևտրային հաշվառքի սարքի նախորդ և վերջին ցուցմունքների գրանցման օրը, Հաշվարկային ամսում մատակարարված էլեկտրական էներգիայի քանակը (արտահայտված կիլովատտ ժամերով, իսկ էլեկտրոնային հաշվիչի առկայության դեպքում` նաև մատակարարված էլեկտրական էներգիայի քանակը՝ ըստ ժամային տիրույթների) և արժեքը (արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով` ներառյալ ավելացված արժեքի հարկը), նախորդ տարվա նույն ամսում մատակարարված էլեկտրական էներգիայի քանակը (արտահայտված կիլովատտ ժամերով, իսկ էլեկտրոնային հաշվիչի առկայության դեպքում՝ նաև մատակարարված էլեկտրական էներգիայի քանակը՝ ըստ ժամային տիրույթների), պարտքի մնացորդը Հաշվարկային ամսվա սկզբին և վերջին (արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով` ներառյալ ավելացված արժեքի հարկը) և վճարման ամսաթիվը.

2) ԻԷԱ-ի դեպքում՝ նաև ինքնավար էներգաարտադրության շրջանակում Հաշվարկային ամսվա արդյունքով Երաշխավորված մատակարարին մատակարարված, ինչպես նաև Հաշվարկային ամսվա վերջի դրությամբ փոխհոսքերի շրջանակում կուտակված էլեկտրական էներգիայի քանակները (արտահայտված կիլովատտ ժամերով՝ ըստ ցերեկային և գիշերային սակագնի համար սահմանված ժամանակահատվածների), մատուցված բաշխման ծառայության քանակը և արժեքը (արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով` ներառյալ ավելացված արժեքի հարկը).

3) իսկ Մատակարարի սպառողի դեպքում՝ Սպառողի անունը, ազգանունը (անվանումը), գտնվելու (բնակության) վայրը, Հաշվառման քարտի համարը, Հաշվարկային ամիսը, Առևտրային հաշվառքի սարքի նախորդ և վերջին ցուցմունքները, Առևտրային հաշվառքի սարքի նախորդ և վերջին ցուցմունքների գրանցման օրը, մատուցված բաշխման ծառայության քանակը և արժեքը, պարտքի մնացորդը Հաշվարկային ամսվա սկզբին և վերջին (արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով` ներառյալ ավելացված արժեքի հարկը) և վճարման ամսաթիվը:

(84-րդ կետը խմբ. 20.04.22 N 149-Ն)

85. Սպառողի գրավոր դիմումի դեպքում՝ դիմումն ստանալուն հաջորդող Հաշվարկային ամսից սկսած, Բաշխողը (Երաշխավորված մատակարարը) յուրաքանչյուր ամիս, ԷՄԱ կանոնների 83-րդ կետով սահմանված ժամկետում, վերջինիս նախընտրած եղանակով (փոստով՝ գրավոր կամ էլեկտրոնային փոստով) ծանուցում է նախորդ Հաշվարկային ամսում մատակարարված էլեկտրական էներգիայի քանակի և արժեքի, ԻԷԱ-ի և Ինքնավար խմբի մասնակցի դեպքում՝ նաև ինքնավար էներգաարտադրության շրջանակում Հաշվարկային ամսվա արդյունքով Երաշխավորված մատակարարին մատակարարված, ինչպես նաև Հաշվարկային ամսվա վերջի դրությամբ փոխհոսքերի շրջանակում կուտակված էլեկտրական էներգիայի քանակների, մատուցված բաշխման ծառայության քանակի և արժեքի, իսկ Մատակարարի սպառողի դեպքում՝ մատուցված բաշխման ծառայության քանակի և արժեքի հաշվարկման ընթացքում օգտագործված բոլոր ցուցանիշների մասին: Ծանուցումը փոստով առաքելու համար վճարում է Սպառողը, իսկ էլեկտրոնային փոստով իրականացվում է անվճար: Փոստային առաքման վճարը ներառվում է հաշվարկային փաստաթղթում առանձին տողով:

(85-րդ կետը լրաց. 20.04.22 N 149-Ն)

86. Սպառողը մատակարարված էլեկտրական էներգիայի, ԻԷԱ-ն և Ինքնավար խմբի մասնակիցը՝ էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում էլեկտրական էներգիա արտադրելու և տարբեր կետերում սպառելու դեպքում՝ նաև մատուցված բաշխման ծառայության, իսկ Մատակարարի սպառողը՝ մատուցված բաշխման ծառայության արժեքը պարտավոր է վճարել ԷՄԱ կանոնների 83-րդ կետով սահմանված կարգով և ժամկետներում՝ Բաշխողի (Երաշխավորված մատակարարի) կողմից հաշվարկային փաստաթուղթ ներկայացնելուց կամ տեղեկացված լինելուց հետո 7 օրվա ընթացքում:

(86-րդ կետը լրաց. 20.04.22 N 149-Ն)

87. Սպառողի կողմից մատակարարված էլեկտրական էներգիայի, ԻԷԱ-ի և Ինքնավար խմբի մասնակցի կողմից՝ էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում էլեկտրական էներգիա արտադրելու և տարբեր կետերում սպառելու դեպքում՝ նաև մատուցված բաշխման ծառայության, իսկ Մատակարարի Սպառողի դեպքում՝ մատուցված բաշխման ծառայության արժեքի դիմաց վճարման ԷՄԱ կանոնների 86-րդ կետով սահմանված ժամկետի խախտման դեպքում, բացառությամբ բնակչության, Բաշխողն (Երաշխավորված մատակարարն) իրավունք ունի նաև՝

1) ուշացրած յուրաքանչյուր օրվա համար Պայմանագրով սահմանված չափով հաշվարկել տույժ: Տույժը հաշվարկվում է Կանոնների 83-րդ կետով սահմանված կարգով տեղեկացնելուց ոչ շուտ, քան 7 օր հետո․

2) խախտմանը հաջորդող 12 ամիսների ընթացքում տվյալ խախտումը կրկնվելու դեպքում վերջին խախտմանը հաջորդող 3 ամիսների ընթացքում պահանջել վճարել կանխավճար կամ ներկայացնել իր համար ընդունելի վճարման այլ երաշխիք, որի մեծությունը չպետք է գերազանցի Սպառողի նախորդ տարում օգտագործած էլեկտրական էներգիայի ծախսի միջին ամսական արժեքի 50 տոկոսը։ Եթե Սպառողը նման դեպքում հրաժարվում է կանխավճար տալուց կամ Երաշխավորված մատակարարի (Բաշխողի) համար ընդունելի վճարման այլ երաշխիքներ ներկայացնելուց, ապա Երաշխավորված մատակարարը (Բաշխողը) իրավունք ունի նաև Սպառողին առնվազն 3 աշխատանքային օր պատշաճ կարգով զգուշացնելուց հետո դադարեցնել նրա էլեկտրամատակարարումը, իսկ Պայմանագրում ամրագրված վթարային և (կամ) տեխնոլոգիական հզորություն ունեցող Սպառողների դեպքում՝ պահպանելով ԷԲՑ կանոններով սահմանված ընթացակարգը։

(87-րդ կետը լրաց. 20.04.22 N 149-Ն)

88. Սպառողի կողմից մատակարարված էլեկտրական էներգիայի, ԻԷԱ-ի և Ինքնավար խմբի մասնակցի կողմից՝ էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում էլեկտրական էներգիա արտադրելու և տարբեր կետերում սպառելու դեպքում՝ նաև մատուցված բաշխման ծառայության, իսկ Մատակարարի Սպառողի կողմից՝ մատուցված բաշխման ծառայության արժեքի դիմաց ԷՄԱ կանոնների 86-րդ կետով սահմանված վճարման ժամկետի խախտման դեպքում, բացառությամբ ԷԲՑ կանոններով սահմանված դեպքի, Բաշխողն ԷԲՑ կանոններով սահմանված կարգով իրավունք ունի դադարեցնել Սպառողի էլեկտրամատակարարումը։

(88-րդ կետը լրաց. 20.04.22 N 149-Ն)

 

ԳԼՈՒԽ 15.1.

(գլուխը խմբ. 30.06.23 N 215-Ն)

 

ԻՆՔՆԱՎԱՐ ԷՆԵՐԳԱԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

88.1. ԻԷԱ-ի կարգավիճակ ստանալու նպատակով Սպառողը, ԷԲՑ կանոնների համաձայն դարձափոխիչային (ռեվերսային) բազմասակագնային հաշվիչի տեղակայված լինելու դեպքում (Ենթասպառողի դեպքում՝ նաև Սպառողի մոտ), Փոխհոսքերի պայմանագիր կնքելու համար Երաշխավորված մատակարարին ներկայացնում է դիմում, որը ներառում է՝

1) Սպառողի Հաշվառման քարտի (քարտերի) համարը (համարները),

2) էներգաարտադրող տեղակայանքի դրվածքային հզորությունը,

3) կայանի միացման միագիծ սխեման,

4) արևային էներգիայի օգտագործմամբ ինքնավար էներգաարտադրություն իրականացվելու դեպքում՝ նաև տեղադրվող փոխակերպիչների տեխնիկական բնութագրերը,

5) Ենթասպառողի դեպքում՝ նաև Սպառողի գրավոր համաձայնությունը:

88.2. ԷՄԱ կանոնների 88.1-ին կետով նախատեսված դիմումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դիմումի կամ Սպառողի՝ ԻԷԱ-ի համար սահմանված սույն գլխի պահանջներին համապատասխանության դեպքում, Երաշխավորված մատակարարը դիմող անձին է ներկայացնում Փոխհոսքերի պայմանագիր կնքելու առաջարկ՝ իր կողմից ստորագրված պայմանագրի 2 օրինակի հետ միասին, իսկ անհամապատասխանության դեպքում գրավոր մերժում դիմումը՝ համապատասխան հիմնավորումներով։

88.3. Դիմող անձը ԷՄԱ կանոնների 88.2-րդ կետի համաձայն Փոխհոսքերի պայմանագիրը կնքելու առաջարկն ստանալու պահից՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, դրան համաձայն լինելու դեպքում իր կողմից ստորագրված պայմանագրի մեկ օրինակը ներկայացնում է Երաշխավորված մատակարարին։ Սույն կետում նշված առաջարկը ստանալու պահից 10 օրվա ընթացքում Սպառողի կողմից ստորագրված պայմանագրի մեկ օրինակը Երաշխավորված մատակարարի կողմից չստանալու դեպքում համարվում է ԷՄԱ կանոնների 88.1-ին կետով նախատեսված դիմումից Սպառողի հրաժարում։

88.4. ԻԷԱ-ի տեղակայանքների դրվածքային հզորությունը չի կարող գերազանցել Երաշխավորված մատակարարի հետ՝ բաշխման ցանցին իր յուրաքանչյուր միացման կետի համար իբրև սպառող կնքած պայմանագրով ամրագրված առավելագույն թույլատրելի հզորությունը, բայց ոչ ավելի, քան 150 կՎտ-ը, իսկ մինչև 2022 թվականի մայիսի 1-ը գործող իրավակարգավորումների շրջանակում ԻԷԱ-ի կարգավիճակ ստացած լինելու դեպքում՝ ոչ ավելի, քան 500 կՎտ-ը:

88.5. ԻԷԱ-ի կողմից Փոխհոսքերի պայմանագրում էլեկտրական էներգիայի արտադրության կամ սպառման նոր կետ ավելացնելու կամ պայմանագրից արտադրության կամ սպառման կետ հանելու մտադրության դեպքում վերջինս Երաշխավորված մատակարարին է ներկայացնում դիմում՝ նշելով արտադրության և սպառման համապատասխան կետերի Հաշվառման քարտերի համարները։

88.6. ԷՄԱ կանոնների 88.5-րդ կետով նախատեսված դիմումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դիմումի կամ Սպառողի՝ ԻԷԱ-ի համար սահմանված սույն գլխի պահանջներին անհամապատասխանության դեպքում Երաշխավորված մատակարարը գրավոր մերժում է դիմումը՝ համապատասխան հիմնավորումներով, իսկ համապատասխանության դեպքում դիմող անձին է ներկայացնում Փոխհոսքերի պայմանագրում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ համաձայնագրի՝ իր կողմից ստորագրված 2 օրինակ։ Սույն կետում նշված համաձայնագիրը ստանալու պահից 10 օրվա ընթացքում Սպառողի կողմից ստորագրված համաձայնագրի մեկ օրինակը Երաշխավորված մատակարարի կողմից չստանալու դեպքում համարվում է ԷՄԱ կանոնների 88.5-րդ կետով նախատեսված դիմումից Սպառողի հրաժարում։

88.7. ԻԷԱ-ի կողմից՝ էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում էլեկտրական էներգիա արտադրելու և տարբեր կետերում սպառելու դեպքում վերջինս իրավունք ունի կնքել մեկ Փոխհոսքերի պայմանագիր:

88.8. Ինքնավար խումբ ստեղծելու կամ խմբում մասնակից (մասնակիցներ) ներառելու մտադրության դեպքում ԻԷԱ-ն Փոխհոսքերի պայմանագրում համապատասխան փոփոխություններ կատարելու համար Երաշխավորված մատակարարին է ներկայացնում դիմում, որը ներառում է`

1) Ինքնավար խմբի մասնակցի (մասնակիցների) գրավոր համաձայնությունը և Հաշվառման քարտի (քարտերի) համարը (համարները),

2) Ինքնավար խմբի ստեղծման դեպքում` նաև ԷՄԱ կանոնների 88.30-րդ կետով նախատեսված՝ Ինքնավար խմբում արտադրված և սպառված էլեկտրական էներգիայի քանակությունների բաշխման նախընտրելի մեթոդը,

3) Ինքնավար խմբում ներառվող ԻԷԱ-ի գրավոր համաձայնությունը՝ ԷՄԱ կանոնների 88.35-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքում:

88.9. Ինքնավար խումբը ստեղծող ԻԷԱ-ի կողմից՝ խմբից մասնակից հանելու կամ խմբի գործունեությունը դադարեցնելու մտադրության դեպքում վերջինս Փոխհոսքերի պայմանագրում համապատասխան փոփոխություններ կատարելու կամ այն լուծելու համար Երաշխավորված մատակարարին է ներկայացնում դիմում, որը, խմբից մասնակից հանելու դեպքում ներառում է նաև խմբի համապատասխան մասնակցի Հաշվառման քարտի համարը։

88.10. Ինքնավար խմբի մասնակցի նախաձեռնությամբ՝ Ինքնավար խմբից դուրս գալու մտադրության դեպքում վերջինս Երաշխավորված մատակարարին է ներկայացնում դիմում՝ նշելով իր Հաշվառման քարտի համարը:

88.11. ԷՄԱ կանոնների 88.8-88.10-րդ կետերով նախատեսված դիմումներն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Երաշխավորված մատակարարը դիմումի կամ Սպառողի՝ ԻԷԱ-ի համար սահմանված սույն գլխի պահանջներին անհամապատասխանության դեպքում գրավոր մերժում է դիմումը՝ համապատասխան հիմնավորումներով, իսկ համապատասխանության դեպքում՝

1) դիմող անձին, իսկ ԷՄԱ կանոնների 88.10-րդ կետով նախատեսված դեպքում՝ խումբը ստեղծող ԻԷԱ-ին է ներկայացնում Փոխհոսքերի պայմանագրում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ համաձայնագրի՝ իր կողմից ստորագրված 2 օրինակ,

2) Ինքնավար խմբում ԻԷԱ հանդիսացող մասնակից ներառվելու դեպքում ծանուցում է տվյալ ԻԷԱ-ին՝ վերջինիս հետ կնքված Փոխհոսքերի պայմանագրի գործողությունը կասեցնելու մասին,

3) Ինքնավար խմբից մասնակից հանվելու դեպքում՝ ծանուցում է խմբի տվյալ մասնակցին, իսկ խմբից ԻԷԱ հանդիսացող մասնակից հանվելու դեպքում՝ նաև վերջինիս հետ կնքված Փոխհոսքերի պայմանագրի գործողությունը վերականգնելու մասին:

88.12. ԷՄԱ կանոնների 88.11-րդ կետի 1-ին ենթակետում նշված համաձայնագիրը ստանալու պահից 10 օրվա ընթացքում ԻԷԱ-ի կողմից ստորագրված համաձայնագրի մեկ օրինակը Երաշխավորված մատակարարի կողմից չստանալու դեպքում համարվում է ԷՄԱ կանոնների 88.8-88.9-րդ կետերով նախատեսված դիմումից ԻԷԱ-ի հրաժարում։

88.13. ԷՄԱ կանոնների 88.10-րդ կետով նախատեսված դեպքում՝ ԷՄԱ կանոնների 88.11-րդ կետի 1-ին ենթակետում նշված համաձայնագիրը ստանալու պահից 10 օրվա ընթացքում խումբը ստեղծող ԻԷԱ-ի կողմից ստորագրված համաձայնագրի մեկ օրինակը Երաշխավորված մատակարարի կողմից չստանալու դեպքում խմբի համապատասխան մասնակիցն Ինքնավար խմբից համարվում է հանված, ինչի մասին Երաշխավորված մատակարարը խումբը ստեղծող ԻԷԱ-ին ծանուցում է 5 աշխատանքային օրվա ընթացքում:

88.14. ԷՄԱ կանոնների 88.6-րդ կետով կամ 88.11-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված՝ Փոխհոսքերի պայմանագրում փոփոխություններն ուժի մեջ են մտնում համապատասխան համաձայնագրի կնքմանը հաջորդող Հաշվարկային ամսվա 1-ից։

88.15. ԷՄԱ կանոնների 88.13-րդ կետով նախատեսված դեպքում մասնակիցն Ինքնավար խմբից հանված է համարվում նույն կետում նշված՝ 10 օրվա ավարտին հաջորդող Հաշվարկային ամսվա 1-ից։

88.16. Ինքնավար խմբում ԻԷԱ հանդիսացող մասնակից ներառվելու դեպքում՝ վերջինիս հետ կնքված Փոխհոսքերի պայմանագրի գործողությունը համարվում է կասեցված, իսկ Ինքնավար խմբից ԻԷԱ հանդիսացող մասնակից հանվելու դեպքում՝ տվյալ ԻԷԱ-ի հետ կնքված Փոխհոսքերի պայմանագրի գործողությունը համարվում է վերականգնված ԷՄԱ կանոնների 88.11-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված համաձայնագրի կնքմանը հաջորդող Հաշվարկային ամսվա 1-ից:

88.17. Ինքնավար խմբից ԻԷԱ հանդիսացող մասնակցի՝ ԷՄԱ կանոնների 88.13-րդ կետի համաձայն հանված համարվելու դեպքում վերջինիս հետ կնքված Փոխհոսքերի պայմանագրի գործողությունը համարվում է վերականգնված նույն կետում նշված՝ 10 օրվա ավարտին հաջորդող Հաշվարկային ամսվա 1-ից:

88.18. Ինքնավար խմբում ներգրավված ԻԷԱ-ների տեղակայանքների ընդհանուր դրվածքային հզորությունը չի կարող գերազանցել 1050 կՎտ-ը:

88.19. Ինքնավար խմբի ներսում մասնակիցների հարաբերությունները չեն կարգավորվում։

88.20. Սպառողն իր յուրաքանչյուր միացման կետի մասով կարող է միաժամանակ ընդգրկված լինել միայն մեկ Ինքնավար խմբում։

88.21. Հաշվարկային տարվա ընթացքում, այն է՝ յուրաքանչյուր օրացուցային տարվա մայիսի 1-ից մինչև հաջորդող օրացուցային տարվա ապրիլի 30-ը ներառյալ ժամանակահատվածում, Ինքնավար խմբում մասնակցի գտնվելու նվազագույն ժամկետը երեք ամիս է։ Հաշվարկային տարվա ավարտին նախորդող 3 ամիսների ընթացքում Ինքնավար խմբում մասնակիցների փոփոխություններ չեն կատարվում:

88.22. Երաշխավորված մատակարարն ամսական կտրվածքով հաշվարկում է ԻԷԱ-ի, իսկ Ինքնավար խմբի դեպքում՝ խմբի ԻԷԱ հանդիսացող մասնակցի (մասնակիցների) մատակարարած (ներառյալ՝ նախորդող ամիսներից կուտակված և խումբը ստեղծող ԻԷԱ-ի Հաշվառման քարտին հաշվեգրվող դրական փոխհոսքը) և սպառած (Ինքնավար խմբի դեպքում՝ խմբի բոլոր մասնակիցների սպառած) էլեկտրական էներգիայի քանակությունները, ինչպես նաև դրանց տարբերությունները Հանձնաժողովի սահմանած ցերեկային (այսուհետ՝ ցերեկային փոխհոսք) և գիշերային (այսուհետ՝ գիշերային փոխհոսք) սակագնի ժամանակահատվածների համար և վերջիններիս հանրագումարը (այսուհետ՝ փոխհոսք)։ ԷԲՑ կանոնների համաձայն՝ դարձափոխիչային (ռեվերսային) բազմասակագնային հաշվիչի տեղակայվելու օրվանից մինչև ԷՄԱ կանոնների համաձայն՝ Փոխհոսքերի պայմանագրի կնքման օրն ընկած ժամանակահատվածում Սպառողի կողմից Երաշխավորված մատակարարին առաքված էլեկտրական էներգիայի քանակությունը գումարվում է Փոխհոսքերի պայմանագրի կնքման օրվանից սկսած առաջին Հաշվարկային ամսվա արդյունքով սույն կետում նշված՝ ԻԷԱ-ի մատակարարած էլեկտրական էներգիայի քանակությանը:

88.23. ԷՄԱ կանոնների 88.26-րդ, 88.27-րդ և 88.31-րդ կետերով նախատեսված դեպքերում՝ փոխհոսքի բացասական մեծության դեպքում նախորդող ամիսներից կուտակված դրական փոխհոսքն առաջնահերթ հաշվանցվում է ցերեկային փոխհոսքին, այնուհետև՝ գիշերային փոխհոսքին։

88.24. Ցերեկային փոխհոսքի բացասական մեծության դեպքում այդ էլեկտրական էներգիայի համար ԻԷԱ-ն, իսկ Ինքնավար խմբի դեպքում՝ խմբի մասնակիցը Երաշխավորված մատակարարին վճարում են տվյալ սպառողական խմբի համար Հանձնաժողովի սահմանած ցերեկային սակագնով, իսկ գիշերային փոխհոսքի բացասական մեծության դեպքում՝ գիշերային սակագնով:

88.25. Էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում էլեկտրական էներգիա արտադրելու և տարբեր կետերում սպառելու դեպքում՝ ԻԷԱ-ի, իսկ Ինքնավար խմբի դեպքում՝ խմբի մասնակցի էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության վճարը հաշվարկվում է համաձայն ԷՄԱ կանոնների 81.1-ին կետի:

88.26. ԻԷԱ-ի կողմից՝ էլեկտրական էներգիայի արտադրության և սպառման նույն կետում ինքնավար էներգաարտադրություն իրականացվելու դեպքում վերջինիս կողմից մատակարարված և սպառված էլեկտրական էներգիայի քանակությունները հաշվարկվում են դարձափոխիչային (ռեվերսային) բազմասակագնային հաշվիչի ցուցմունքների տվյալներով՝ համաձայն ԷՄԱ կանոնների 73-րդ կետի:

88.27. ԻԷԱ-ի կողմից՝ էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում էլեկտրական էներգիա արտադրելու և տարբեր կետերում սպառելու դեպքում, վերջինիս սպառած էլեկտրական էներգիա է համարվում արտադրության և սպառման բոլոր կետերում սպառված էլեկտրական էներգիայի քանակությունը, իսկ մատակարարած էլեկտրական էներգիա է համարվում արտադրության բոլոր կետերից Երաշխավորված մատակարարին առաքված էլեկտրական էներգիայի քանակությունը։

88.28. ԷՄԱ կանոնների 88.26-88.27-րդ կետերում նշված դեպքերում՝ փոխհոսքի դրական մեծության դեպքում այդ էլեկտրական էներգիան հաշվեգրվում է ԻԷԱ-ի Հաշվառման քարտին և գումարվում հաջորդող ամսվա ԻԷԱ-ի փոխհոսքին, բացառությամբ ԷՄԱ կանոնների 88.35-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքի:

88.29. ԻԷԱ-ի՝ բոլոր արտադրության կետերում արտադրված և բոլոր կետերում սպառված էլեկտրական էներգիայի քանակությունների բացասական տարբերության դեպքում, Երաշխավորված մատակարարի կողմից ԻԷԱ-ին մատակարարված էլեկտրական էներգիայի քանակությունը հաշվարկվում է ցերեկային և գիշերային բացասական տարբերությունները վերջինիս արտադրության և սպառման կետերի միջև սպառման ծավալների համամասնությամբ բաշխելով, որոնց դիմաց ԻԷԱ-ն Երաշխավորված մատակարարին վճարում է՝ համաձայն ԷՄԱ կանոնների 88.24-րդ կետի։

88.30. Ինքնավար խմբում ինքնավար էներգաարտադրության դեպքում՝ խմբում արտադրված և սպառված էլեկտրական էներգիայի քանակությունները խումբը ստեղծող ԻԷԱ-ի ընտրությամբ բաշխվում են ընդհանուր (այսուհետ՝ բաշխման ընդհանուր մեթոդ) և ընտրովի (այսուհետ՝ բաշխման ընտրովի մեթոդ) մեթոդներով: Ինքնավար խումբը ստեղծող ԻԷԱ-ի ընտրած բաշխման մեթոդը գործում է խմբի ձևավորմանը հաջորդող Հաշվարկային ամսվա 1-ից: Բաշխման մեթոդը կարող է փոփոխվել յուրաքանչյուր հաշվարկային տարի: Այդ նպատակով խումբը ստեղծող ԻԷԱ-ն Երաշխավորված մատակարարին դիմում է ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա ապրիլի 15-ը: Բաշխման մեթոդի փոփոխման մասին դիմում չներկայացվելու դեպքում հաջորդ հաշվարկային տարվա համար գործում է վերջին ընտրված մեթոդը:

88.31. Բաշխման ընդհանուր մեթոդի դեպքում՝ Ինքնավար խմբի սպառած էլեկտրական էներգիա է համարվում խմբի բոլոր մասնակիցների սպառած էլեկտրական էներգիայի քանակությունը, իսկ մատակարարած էլեկտրական էներգիա է համարվում խմբի բոլոր ԻԷԱ-ների կողմից Երաշխավորված մատակարարին առաքված էլեկտրական էներգիայի քանակությունը: Ընդ որում՝

1) եթե Ինքնավար խմբի բոլոր ԻԷԱ-ների կողմից Երաշխավորված մատակարարին առաքված էլեկտրական էներգիայի քանակությունն ավելի է խմբի բոլոր մասնակիցների սպառած էլեկտրական էներգիայի քանակությունից, ապա այդ դրական տարբերության չափով էլեկտրական էներգիան հաշվեգրվում է խումբը ստեղծող ԻԷԱ-ի Հաշվառման քարտին և գումարվում հաջորդող Հաշվարկային ամսվա արդյունքով Ինքնավար խմբի փոխհոսքին.

2) եթե Ինքնավար խմբի բոլոր ԻԷԱ-ների կողմից Երաշխավորված մատակարարին առաքված էլեկտրական էներգիայի քանակությունը պակաս է խմբի բոլոր մասնակիցների սպառած էլեկտրական էներգիայի քանակությունից, ապա այդ բացասական տարբերության չափով էլեկտրական էներգիան Ինքնավար խմբի մասնակիցների միջև բաշխվում է ԷՄԱ կանոնների 88.29-րդ կետով նախատեսված եղանակով, որի արդյունքում ձևավորված պարտավորության դիմաց Ինքնավար խմբի մասնակիցները Երաշխավորված մատակարարին վճարում են՝ համաձայն ԷՄԱ կանոնների 88.24-րդ կետի:

88.32. Բաշխման ընտրովի մեթոդի դեպքում՝ Երաշխավորված մատակարարը՝

1) Ինքնավար խմբի մասնակից հանդիսացող ԻԷԱ-ի (ԻԷԱ-ների՝ յուրաքանչյուրի մասով առանձին) մատակարարած էլեկտրական էներգիայից առաջնահերթ նվազեցնում (հաշվանցում) է վերջինիս ցերեկային, ապա գիշերային սպառումը, ապա

2) Ինքնավար խմբի մասնակից հանդիսացող ԻԷԱ-ի (ԻԷԱ-ների՝ յուրաքանչյուրի մասով առանձին) դրական փոխհոսքի դեպքում, այն (դրանց հանրագումարը)՝ խմբի նախորդող ամիսներից կուտակված դրական փոխհոսքի հետ միասին, բաշխում է խմբի մյուս մասնակիցների միջև՝ վերջիններիս ցերեկային, այնուհետև գիշերային սպառման ծավալների (բացասական փոխհոսք ունեցող ԻԷԱ-ի պարագայում՝ փոխհոսքի բացասական մեծության) համամասնությամբ.

3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված բաշխումն իրականացնելուց հետո Ինքնավար խմբի փոխհոսքի դրական մեծության դեպքում՝ այդ քանակությամբ էլեկտրական էներգիան հաշվի է առնում խումբը ստեղծող ԻԷԱ-ի հաշվառման քարտում և գումարում հաջորդող Հաշվարկային ամսվա արդյունքով ձևավորված՝ Ինքնավար խմբի փոխհոսքին.

4) Ինքնավար խմբի փոխհոսքի բացասական մեծության դեպքում (այդ թվում՝ սույն կետի 2-րդ ենթակետի համաձայն Ինքնավար խմբի ԻԷԱ-ի (ԻԷԱ-ների) դրական փոխհոսքի բաշխումից հետո), խմբի ԻԷԱ-ների Հաշվառման քարտերին՝ իրենց բացասական փոխհոսքերի, իսկ Սպառողների Հաշվառման քարտերին՝ սպառած էլեկտրական էներգիայի դիմաց ձևավորում է վճարման ենթակա պարտավորություն, որի համար վերջիններս վճարում են՝ համաձայն ԷՄԱ կանոնների 88.24-րդ կետի։

88.33. Հաշվարկային տարվա վերջին Հաշվարկային ամսվա արդյունքներով առաջացած (ներառյալ՝ նախորդող ամիսներից կուտակված) փոխհոսքերի դրական տարբերության համար Երաշխավորված մատակարարը ԻԷԱ-ին, իսկ Ինքնավար խմբի դեպքում՝ խումբը ստեղծած ԻԷԱ-ին, որպես հատուցում, վճարում է էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցների կողմից հաշվեկշռման շուկայում անհաշվեկշռույթների արդյունքով առաջացած էլեկտրական էներգիայի վաճառքի տարեկան նվազագույն գնով:

88.34. Հաշվարկային տարվա ավարտից հետո, ԷՄԱ կանոնների 88.33-րդ կետում նշված հատուցումն ստանալու համար ԻԷԱ-ն, իսկ Ինքնավար խմբի դեպքում՝ խումբը ստեղծող ԻԷԱ-ն և Երաշխավորված մատակարարը, օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում են հաշվարկային փաստաթուղթ: Երաշխավորված մատակարարը հատուցվող գումարը փոխանցում է ԻԷԱ-ի, իսկ Ինքնավար խմբի դեպքում՝ խումբը ստեղծած ԻԷԱ-ի՝ Փոխհոսքերի պայմանագրում ամրագրված բանկային հաշվեհամարին, սույն կետում նշված հաշվարկային փաստաթուղթն ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում:

88.35. ԻԷԱ-ն՝ Ինքնավար խումբ ստեղծելիս կամ այլ ԻԷԱ-ի ստեղծած Ինքնավար խմբում ընդգրկվելիս, նախորդ ամիսներից կուտակված փոխհոսքերի դրական տարբերություն ունենալու դեպքում իրավունք ունի՝

1) այն փոխանցել Ինքնավար խմբին, եթե ԻԷԱ-ի դրվածքային հզորությունը չի գերազանցում 30 կՎտ-ը կամ վերջինս հանդիսանում է պետական կամ hամայնքային ոչ առևտրային կազմակերպություն, ամբողջությամբ պետական կամ համայնքային բաժնեմաս ունեցող ընկերություն՝ անկախ հզորությունից։ Նման դեպքում՝

ա. իր կողմից Ինքնավար խումբ ստեղծելու դեպքում՝ այդ էլեկտրական էներգիայի քանակը հաշվեգրվում է իր (որպես խումբը ստեղծող ԻԷԱ-ի) Հաշվառման քարտին.

բ. այլ Ինքնավար խմբում ընդգրկվելու դեպքում՝ այդ էլեկտրական էներգիայի քանակը հաշվեգրվում է խումբը ստեղծող ԻԷԱ-ի Հաշվառման քարտին։

2) ստանալ հատուցում ԷՄԱ կանոնների 88.33-րդ կետով սահմանված գնով և 88.34-րդ կետով սահմանված ընթացակարգով։

88.36. ԷՄԱ կանոնների 88.35-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված, ինչպես նաև հաշվարկային տարվա ընթացքում Փոխհոսքերի պայմանագրի լուծման դեպքերում ԻԷԱ-ի համար հաշվարկային տարին համարվում է ավարտված, և փոխհոսքերի (ներառյալ՝ նախորդող ամիսներից կուտակված) դրական տարբերության համար Երաշխավորված մատակարարը տվյալ ԻԷԱ-ին, որպես հատուցում, վճարում է ԷՄԱ կանոնների 88.33-րդ կետով սահմանված գնով և 88.34-րդ կետով սահմանված ընթացակարգով:

   

ԳԼՈՒԽ 16. ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ ՍԽԱԼԻ ՈՒՂՂՄԱՆ ԿԱՐԳԸ

   

89. Սպառողը մատակարարված էլեկտրական էներգիայի, ԻԷԱ-ն և Ինքնավար խմբի մասնակիցը՝ էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում էլեկտրական էներգիա արտադրելու և տարբեր կետերում սպառելու դեպքում՝ նաև մատուցված բաշխման ծառայության, իսկ Մատակարարի Սպառողը՝ մատուցված բաշխման ծառայության արժեքի դիմաց հաշվարկային փաստաթղթում սխալ հայտնաբերելու դեպքում գրավոր դիմում է Բաշխողին սխալն ուղղելու պահանջով: Բաշխողը Սպառողի դիմումն ստանալու օրվանից` 5, իսկ լրացուցիչ ուսումնասիրությունների անհրաժեշտության դեպքում` 10 աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է քննարկել Սպառողի դիմումը և արդյունքների մասին գրավոր տեղեկացնել Սպառողին:

(89-րդ կետը լրաց. 20.04.22 N 149-Ն)

90. Բաշխողը հաշվարկային փաստաթղթում սխալ հայտնաբերելու դեպքում գրավոր տեղեկացնում է Սպառողին։

91. Եթե Բաշխողը հաստատում է հաշվարկային փաստաթղթում սխալի փաստը կամ սխալը հայտնաբերվում է իր կողմից, ապա ուղղումը հաշվի է առնվում ընթացիկ ամսվա համար ներկայացվելիք հաշվարկային փաստաթղթում:

92. Եթե Սպառողի էլեկտրական էներգիայի մատակարարումն իրականացնում է Մատակարարը, ապա հաշվարկային փաստաթղթերում սխալի հայտնաբերման դեպքում կողմերն առաջնորդվում են Մատակարարման պայմանագրով։

      

ԲԱԺԻՆ 4

       

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՔԻ ՍԱՐՔԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

     

ԳԼՈՒԽ 17. ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՔԻ ՍԱՐՔԻ ԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

          

93. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում Բաշխողը կատարում է մատակարարված էլեկտրական էներգիայի քանակի և արժեքի վերահաշվարկ:

94. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ խախտումը պայմանավորված չէ լարման կամ հոսանքի չափիչ տրանսֆորմատորների խափանմամբ և`

1) ԷՄԱ Կանոնների 72-րդ կետի համաձայն առկա է վերստուգիչ Հաշվառքի սարք, ապա սպառված էլեկտրական էներգիայի քանակի վերահաշվարկը կատարվում է համաձայն վերստուգիչ Հաշվառքի սարքի ցուցմունքի` Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրվանից մինչև Առևտրային հաշվառքի սարքի նախավերջին ցուցմունքի գրանցման օրն ընկած ժամանակահատվածի համար: Վերահաշվարկված էլեկտրաէներգիայի քանակը որոշվում է հետևյալ բանաձևով․

    

 Վէք = ՀՎէք + ՏԿ - ՀԱէք,

    

որտեղ`

Վէք-ն Առևտրային հաշվառքի սարքի խախտման ժամանակահատվածի համար վերահաշվարկված էլեկտրաէներգիայի քանակն է (կՎտժ),

ՀՎէք-ն վերստուգիչ Հաշվառքի սարքի նախավերջին ցուցմունքի գրանցման պահից մինչև Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրը վերստուգիչ Հաշվառքի սարքով հաշվառված էլեկտրաէներգիայի քանակն է (կՎտժ),

ՏԿ-ն - վերստուգիչ հաշվառքի սարքի նախավերջին ցուցմունքի գրանցման պահից մինչև Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածում վերստուգիչ և Առևտրային հաշվառքի սարքերի միջև եղած էլեկտրատեղակայանքներում էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական կորուստների մեծությունն է (կՎտժ),

ՀԱէք -ն Առևտրային հաշվառքի սարքի նախավերջին ցուցմունքի գրանցման պահից մինչև Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն Առևտրային հաշվառքի սարքով հաշվառված էլեկտրաէներգիայի քանակն է (կՎտժ), իսկ ենթասպառողների առկայության դեպքում՝ հաշվառված էլեկտրաէներգիայի քանակի՝ Սպառողին վերագրված մասն է (կՎտժ).

2) առկա չէ վերստուգիչ հաշվառքի սարք, սակայն սպառված էլեկտրական էներգիայի քանակը հաշվառվում է էլեկտրոնային հաշվիչի միջոցով. Առևտրային հաշվիչի ստուգաչափման արդյունքում արձանագրվել է հաշվիչի լուսատախտակի վրա ինֆորմացիայի արտապատկերման խափանում, հաշվիչն աշխատում է ճշտության դասում, և հնարավոր է եղել արտածել հաշվիչի հիշողության տվյալները, ապա էլեկտրական էներգիայի քանակությունը որոշվում է` օգտագործելով էլեկտրոնային հաշվիչի հիշողությունից արտածված և Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ գրանցված համապատասխան տվյալները.

3) առկա չէ վերստուգիչ հաշվառքի սարք, Առևտրային հաշվառքի սարքի ստուգաչափման արդյունքում հնարավոր չի եղել արտածել էլեկտրոնային հաշվիչի հիշողության տվյալները, սակայն Սպառողի Առևտրային հաշվառքի սարքը ներառված է ԲԷԱՀ-ում և Սպառողին մշտադիտարկման նպատակով տրվել է ավտոմատացված համակարգի հիշողության մուտքի իրավունք կամ Սպառողն օրենքով սահմանված կարգով իրազեկվել է այդ իրավունքի վերաբերյալ, ապա վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով․

     

Վէք  = (Տօր1 * Մօծ1 + Տօր2 * Մօծ2)–ՀԱէք1 ,

   

որտեղ՝

Տօր1-ն Առևտրային հաշվառքի սարքի խախտման ժամանակահատվածում աշխատանքային օրերի թիվն է,

Մօծ1-ն Առևտրային հաշվառքի սարքի խախտմանը նախորդող 5 աշխատանքային օրերի միջին օրական ծախսն է,

Տօր2-ն Առևտրային հաշվառքի սարքի խախտման ժամանակահատվածում ոչ աշխատանքային օրերի թիվն է,

Մօծ2-ն Առևտրային հաշվառքի սարքի խախտմանը նախորդող 2 ոչ աշխատանքային օրերի միջին օրական ծախսն է,

ՀԱէք1-ն Առևտրային հաշվառքի սարքի խախտման ժամանակահատվածում Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքներով գրանցված էլեկտրական էներգիայի քանակն է (կՎտժ), իսկ ենթասպառողների առկայության դեպքում՝ հաշվառված էլեկտրական էներգիայի քանակի՝ Սպառողին վերագրված մասն է։

Վերահաշվարկված էլեկտրական էներգիայի քանակը դրական արժեքի դեպքում գումարվում, իսկ բացասական արժեքի դեպքում հանվում է հաշվիչով գրանցված էլեկտրական էներգիայի քանակից: Առևտրային հաշվառքի սարքի խախտման ժամանակահատվածը՝ 20 օրը, գերազանցելու դեպքում վերահաշվարկն իրականացվում է խախտման հայտնաբերման օրվանից 20 օրվա համար.

4) առկա չէ վերստուգիչ դարձափոխիչային (ռեվերսային) հաշվառքի սարք, առևտրային դարձափոխիչային հաշվառքի սարքի ստուգաչափման արդյունքում հնարավոր չի եղել արտածել էլեկտրոնային հաշվիչի հիշողության տվյալները, սակայն սպառողին ամրակցված առևտրային հաշվիչը ներառված է էլեկտրական էներգիայի հաշվառման և վերահսկման ավտոմատացված համակարգում, և սպառողին մշտադիտարկման նպատակով տրվել է ավտոմատացված համակարգի հիշողության մուտքի իրավունք կամ սպառողն օրենքով սահմանված կարգով իրազեկվել է այդ իրավունքի վերաբերյալ, ապա`

ա. ԻԷԱ-ի ցանց մուտք գործած էլեկտրական էներգիայի վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով.

    

Վ էք.ինք1 = (Տօր1 * Մօծ3 + Տօր2 * Մօծ4) – ՀԱէք3 ,

    

որտեղ՝

Մօծ3-ն առևտրային հաշվիչի խախտմանը նախորդող 5 աշխատանքային օրերին ԻԷԱ-ի ցանց մուտք գործած և նրա կողմից սպառված միջին օրական էլեկտրական էներգիան է,

Մօծ4-ն առևտրային հաշվիչի խախտմանը նախորդող 2 ոչ աշխատանքային օրերին ԻԷԱ-ի ցանց մուտք գործած և նրա կողմից սպառված միջին օրական էլեկտրական էներգիան է,

ՀԱէք3-ն հաշվառքի սարքի խախտման ժամանակահատվածում առևտրային հաշվիչի ցուցմունքներով ԻԷԱ-ի վրա որպես սպառում հաշվառված էլեկտրական էներգիայի քանակն է (կՎտժ):

Վերահաշվարկված էլեկտրական էներգիայի քանակը դրական արժեքի դեպքում գումարվում, իսկ բացասական արժեքի դեպքում հանվում է հաշվիչով գրանցված էլեկտրական էներգիայի քանակից:

բ. ԻԷԱ-ի կողմից էլեկտրաէներգետիկական համակարգ մուտք գործած էլեկտրական էներգիայի վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով.

   

Վէք.ինք2 = (Տօր1  * Մօծ5  + Տօր2 * Մօծ6 ) – ՀԱէք4 ,

     

որտեղ՝

Մօծ5-ն առևտրային հաշվիչի խախտմանը նախորդող 5 աշխատանքային օրերին էլեկտրաէներգետիկական համակարգ մուտք գործած (այդ թվում՝ այլ սպառողներին առաքված) միջին օրական էլեկտրական էներգիան է,

Մօծ6-ն առևտրային հաշվիչի խախտմանը նախորդող 2 ոչ աշխատանքային օրերին էլեկտրաէներգետիկական համակարգ մուտք գործած (այդ թվում՝ այլ սպառողներին առաքված) միջին օրական էլեկտրական էներգիան է,

ՀԱէք4-ն հաշվառքի սարքի խախտման ժամանակահատվածում առևտրային հաշվիչի ցուցմունքներով գրանցված էլեկտրաէներգետիկական համակարգ մուտք գործած (այդ թվում՝ այլ սպառողներին առաքված) էլեկտրական էներգիայի քանակն է (կՎտժ):

Վերահաշվարկված էլեկտրական էներգիայի քանակը դրական արժեքի դեպքում գումարվում, իսկ բացասական արժեքի դեպքում հանվում է հաշվիչով գրանցված էլեկտրական էներգիայի քանակից:

Առևտրային հաշվիչի խախտման ժամանակահատվածը՝ 20 օրը, գերազանցելու դեպքում վերահաշվարկն իրականացվում է խախտման հայտնաբերման օրվանից 20 օրվա համար։

Եթե առևտրային հաշվիչի խախտումը տեղի է ունեցել Փոխհոսքերի պայմանագրի գործողության մեջ մտնելուց հետո 7 օրվա ընթացքում, ապա ԻԷԱ-ի ցանց և էլեկտրաէներգետիկական համակարգ մուտք գործած միջին օրական էլեկտրական էներգիայի քանակները հաշվարկվում են հաշվառքի սարքի վերականգնմանը հաջորդող ծախս և (կամ) առաքված էլեկտրական էներգիա ունեցած 7 օրվա համապատասխան արդյունքներով:

5) երբ առկա չէ վերստուգիչ հաշվառքի սարք, Առևտրային հաշվառքի սարքի ստուգաչափման արդյունքում հնարավոր չի եղել արտածել էլեկտրոնային հաշվիչի հիշողության տվյալները, Առևտրային հաշվառքի սարքը ներառված չէ ԲԷԱՀ-ում, սակայն Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ հնարավոր է եղել որոշել Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի սխալանքի տոկոսը, ապա վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևերով․

    

Ներմուծեք նկարագրությունը_21496

    

երբ Առևտրային հաշվառքի սարքը դանդաղ է աշխատել, քան իր սխալանքի թույլատրելի տիրույթն է և՝

    

Ներմուծեք նկարագրությունը_21497

    

երբ Առևտրային հաշվառքի սարքն արագ է աշխատել, քան իր սխալանքի թույլատրելի տիրույթն է,

որտեղ`

ՀԱէք2-ն Առևտրային հաշվառքի սարքի նախավերջին ցուցմունքի գրանցման պահից մինչև Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն Առևտրային հաշվառքի սարքով հաշվառված էլեկտրական էներգիայի քանակն է (կՎտժ).

Ս%Հ-ն Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացության մեջ նշված Առևտրային հաշվառքի սարքի չափման սխալանքի թույլատրելի տիրույթը գերազանցող տոկոսային այն մեծությունն է, որն առավելագույնս բնութագրում է խախտման հայտնաբերմանը նախորդող ամսում Սպառողի սպառման համակարգի հզորության գործակցի (cos φ) և հոսանքային բեռի մեծությունը.

6) առկա չէ վերստուգիչ հաշվառքի սարք, Առևտրային հաշվառքի սարքի ստուգաչափման արդյունքում հնարավոր չի եղել արտածել էլեկտրոնային հաշվիչի հիշողության տվյալները, Առևտրային հաշվառքի սարքը ներառված չէ ԲԷԱՀ-ում, միևնույն ժամանակ Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ արձանագրվել է Առևտրային հաշվառքի սարքի փորձաքննության ենթակա չլինելու հանգամանքը կամ հնարավոր չի եղել որոշել դրա աշխատանքի սխալանքի տոկոսը, ապա վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով.

      

Վէք = ԱՏօր . ՆՄօծ – ՀԱէք,

    

որտեղ`

ՆՄօծ-ն Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցմանը նախորդող տարվա նույն ամսվա միջին օրական ծախսը բազմապատկած խախտմանը նախորդող երեք ամիսների ծախսի և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ծախսի քանորդով: Եթե խախտմանը նախորդող երեք ամիսներին և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի որևէ ամսում Սպառողը ծախս չի ունեցել, ապա ՆՄօծ-ն ընդունվում է հավասար Առևտրային հաշվառքի սարքի խախտմանը նախորդող տարվա նույն ամսվա միջին օրական ծախսին: Եթե նախորդ տարվա նույն ամսվա ընթացքում Սպառողը ծախս չի ունեցել, ապա միջին օրական ծախսն ընդունվում է հավասար Առևտրային հաշվառքի սարքի վերականգնմանը հաջորդող առաջին ծախս ունեցած ամսվա Սպառողի միջին օրական ծախսին,

ԱՏօր-ն Առևտրային հաշվառքի սարքի նախավերջին ցուցմունքի գրանցման օրվանից մինչև Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածն է` արտահայտված օրերով, որը 60 օրը գերազանցելու դեպքում ընդունվում է հավասար 60-ի, ինչը սակայն չի սահմանափակում Բաշխողի իրավունքը համապատասխան հիմնավորումների առկայության դեպքում կիրառել ավելի կարճ ժամկետ.

7) առկա չէ վերստուգիչ դարձափոխիչային (ռեվերսային) հաշվառքի սարք, առևտրային դարձափոխիչային հաշվառքի սարքի ստուգաչափման արդյունքում հնարավոր չի եղել արտածել էլեկտրոնային հաշվիչի հիշողության տվյալները, միևնույն ժամանակ Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ արձանագրվել է փորձաքննության ենթակա չլինելու հանգամանքը կամ հնարավոր չի եղել որոշել առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի սխալանքի տոկոսը, ապա վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով.

     

Վէքդ = ՆՄօծդ ԱՏօրդ – ՀԱդ,

   

որտեղ`

Վէքդ-ն ԻԷԱ-ի առևտրային դարձափոխիչային հաշվառքի սարքի խախտման ժամանակահատվածի համար վերահաշվարկված էլեկտրական էներգիայի (փոխհոսքերի) քանակն է (կՎտժ), որը հաշվարկվում է ցերեկային և գիշերային փոխհոսքերի համար առանձին և հաշվի է առնվում հատուցման (վճարման) ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ակտում.

ՆՄօծդ-ն Բաշխողի և ԻԷԱ-ի նախորդող տարվա նույն ամսվա արդյունքներով էլեկտրական էներգիայի փոխհոսքի տարբերության միջին օրականն է՝ դրական նշանով, եթե ԻԷԱ-ի սպառումը գերազանցում է Բաշխողին առաքված էլեկտրական էներգիայի քանակը և բացասական նշանով, եթե Բաշխողին առաքված էլեկտրական էներգիայի քանակը գերազանցում է ԻԷԱ-ի կողմից սպառված էլեկտրական էներգիայի քանակին,

ԱՏօրդ-ն առևտրային դարձափոխիչային հաշվառքի սարքի վերջին ցուցմունքի գրանցման օրվանից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածն է` արտահայտված օրերով, որը 33 օրը գերազանցելու դեպքում ընդունվում է հավասար 33-ի,

ՀԱդ-ն հաշվառքի սարքի խախտման ժամանակահատվածում դարձափոխիչային առևտրային հաշվիչի (ցերեկային, գիշերային) ցուցմունքներով գրանցված էլեկտրական էներգիայի փոխհոսքերի տարբերությունն է, իսկ ենթասպառողների առկայության դեպքում՝ հաշվառված էլեկտրական էներգիայի քանակի՝ սպառողին վերագրված մասն է։

Եթե նախորդ տարվա նույն ամսվա ընթացքում ԻԷԱ-ը սպառում կամ առաքում չի ունեցել, ապա էլեկտրական էներգիայի փոխհոսքերի միջին օրական տարբերությունն ընդունվում է հավասար առևտրային հաշվառքի սարքի վերականգնմանը հաջորդող առաջին սպառում կամ առաքում ունեցած ամսվա միջին օրական ծախսին:

(94-րդ կետը փոփ. 20.04.22 N 149-Ն)

95. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ խախտումը պայմանավորված է լարման կամ հոսանքի չափիչ տրանսֆորմատորների խափանմամբ, և առկա է վերստուգիչ հաշվառքի սարք, ապա վերահաշվարկն իրականացվում է ԷՄԱ Կանոնների 94-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն: Վերստուգիչ հաշվառքի սարքի բացակայության դեպքում, երբ Առևտրային հաշվառքի սարքը`

1) լարման տրանսֆորմատորի խափանման պատճառով սխալ է գրանցել սպառված էլեկտրական էներգիայի քանակը, սակայն Սպառողի Առևտրային հաշվառքի սարքը ներառված է ԲԷԱՀ-ում և Սպառողին մշտադիտարկման նպատակով տրվել է ավտոմատացված համակարգի հիշողության մուտքի իրավունք կամ Սպառողն օրենքով սահմանված կարգով իրազեկվել է այդ իրավունքի վերաբերյալ, ապա վերահաշվարկը կատարվում է ԷՄԱ Կանոնների 94-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն: Այն դեպքերում, երբ Առևտրային հաշվառքի սարքը ներառված չէ ԲԷԱՀ-ում՝ վերահաշվարկը կատարվում է ԷՄԱ Կանոնների 94-րդ կետի 6-րդ ենթակետի համաձայն.

2) հոսանքի տրանսֆորմատորների խափանման պատճառով սխալ է գրանցել սպառված էլեկտրական էներգիայի քանակը, ապա յուրաքանչյուր հոսանքի չափիչ տրանսֆորմատորի համար կատարվում է վերահաշվարկ հետևյալ բանաձևերով․

   

Ներմուծեք նկարագրությունը_21498

        

երբ հոսանքի տրանսֆորմատորի սխալանքը դուրս է բացասական թույլատրելի տիրույթից․

    

Ներմուծեք նկարագրությունը_21499

երբ հոսանքի տրանսֆորմատորի սխալանքը դուրս է դրական թույլատրելի տիրույթից,

որտեղ`

Ս%ՀՏ-ն Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացության մեջ նշված առևտրային հաշվառքի սարքի հոսանքի չափիչ տրանսֆորմատորի սխալանքի թույլատրելի տիրույթը գերազանցող տոկոսային մեծությունն է, որն առավելագույնս բնութագրում է խախտման հայտնաբերմանը նախորդող ամսվա հոսանքային բեռի մեծությունը,

n-ն հաշվառման մեջ ներառված հոսանքի տրանսֆորմատորների քանակն է: Վերահաշվարկված էլեկտրական էներգիայի գումարային քանակությունն ընդունվում է հավասար հոսանքի բոլոր տրանսֆորմատորների համար կատարված վերահաշվարկների գումարին։

96. ԻԷԱ-ի առևտրային դարձափոխիչային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ խախտումը պայմանավորված է լարման կամ հոսանքի չափիչ տրանսֆորմատորների խափանմամբ, վերահաշվարկն իրականացվում է ԷՄԱ Կանոնների 94-րդ կետի 7-րդ ենթակետի համաձայն։

(96-րդ կետը փոփ. 20.04.22 N 149-Ն)

97. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում վերահաշվարկված էլեկտրական էներգիայի արժեքը որոշվում է վերահաշվարկված էլեկտրական էներգիայի՝ տարանջատված ըստ ժամային տիրույթների քանակների և առևտրային հաշվառքի սարքի խախտման հայտնաբերման ամսվա համապատասխան սակագների արտադրյալով: Եթե էլեկտրական էներգիայի՝ տարանջատումն ըստ ցերեկային ու գիշերային քանակների հնարավոր չէ, ապա վերահաշվարկված էլեկտրական էներգիայի արժեքը որոշվում է հաշվառքի սարքի խախտման հայտնաբերմանը նախորդող ամսում ձևավորված միջին կշռութային սակագնի արտադրյալով։

97.1. ԻԷԱ-ի և Ինքնավար խմբի դեպքում ԷՄԱ կանոնների 17-րդ գլխի համաձայն կատարված վերահաշվարկի արդյունքներն արտացոլվում են 15.1-րդ գլխով սահմանված՝ ինքնավար էներգաարտադրության շրջանակում հատուցման հարաբերություններին առնչվող հաշվարկներում:

(97.1-ին կետը լրաց. 20.04.22 N 149-Ն)

98. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ Բաշխողը հիմնավոր փաստարկներ ունի, որ խախտումը պայմանավորված է Սպառողի գործողություններով (ներառյալ, սակայն չսահմանափակելով դեպքերը, երբ առևտրային հաշվառքի սարքի կնիքները պոկված, կեղծված կամ վնասված են, կամ առկա է այլ ներգործություն առևտրային հաշվառքի սարքի աշխատանքին), Բաշխողն իրավունք ունի Սպառողից պահանջել վճարելու տույժ` վերահաշվարկված էլեկտրական էներգիայի արժեքի հնգապատիկի չափով: Սպառողի կողմից Բաշխողի տույժ վճարելու պահանջին համաձայնելու դեպքում Բաշխողը հաշվարկված տույժը հաշվի է առնում վերահաշվարկի կատարմանը հաջորդող Հաշվարկային ամսվա համար Սպառողին ներկայացվող Հաշվարկային փաստաթղթում: Սպառողի կողմից Բաշխողի` տույժ վճարելու պահանջին չհամաձայնելու դեպքում Սպառողը վեճը լուծում է դատական կարգով: Բաշխողն իրավունք չունի տույժի չվճարման համար դադարեցնել Սպառողի էլեկտրամատակարարումը մինչև վեճի վերջնական լուծումը:

99. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ Սպառողը հիմնավոր փաստարկներ ունի, որ խախտումը պայմանավորված է Բաշխողի գործողություններով (ներառյալ, սակայն չսահմանափակելով դեպքերը, երբ առևտրային հաշվառքի սարքի կնիքները պոկված, կեղծված կամ վնասված են, կամ առկա է այլ ներգործություն առևտրային հաշվառքի սարքի աշխատանքին), Սպառողն իրավունք ունի Բաշխողից պահանջել վճարելու տույժ` վերահաշվարկված էլեկտրական էներգիայի արժեքի հնգապատիկի չափով: Բաշխողի կողմից Սպառողի տույժ վճարելու պահանջին համաձայնելու դեպքում Բաշխողը հաշվարկված տույժը հաշվի է առնում վերահաշվարկի կատարմանը հաջորդող Հաշվարկային ամսվա համար Սպառողին ներկայացվող հաշվարկային փաստաթղթում: Բաշխողի կողմից Սպառողի` տույժ վճարելու պահանջին չհամաձայնելու դեպքում Սպառողը վեճը լուծում է դատական կարգով:

100.Սպառողից վերահաշվարկի արդյունքների վերաբերյալ առարկությունների դեպքում Բաշխողը պարտավոր է դրանք ստանալուց հետո՝ 7 աշխատանքային օրվա ընթացքում, քննարկել և արդյունքների մասին գրավոր տեղեկացնել Սպառողին՝ պարզաբանելով վերահաշվարկի արդյունքների հետ կապված վիճելի դրույթները և դրանց հիմքերը: Բաշխողն իր կատարած վերահաշվարկում անճշտություններ հայտնաբերելու դեպքում պարտավոր է ճշգրտել վերահաշվարկված էլեկտրական էներգիայի արժեքը: Բաշխողի և Սպառողի միջև վերահաշվարկի արդյունքների վերաբերյալ տարաձայնությունների դեպքում Սպառողը վերահաշվարկի կատարմանը հաջորդող Հաշվարկային ամսվա ընթացքում վճարման ենթակա էլեկտրական էներգիայի արժեքի հետ վճարում է վերահաշվարկված էլեկտրական էներգիայի արժեքի` իր կողմից չվիճարկվող մասի համար: Այդ դեպքում Բաշխողն իրավունք չունի դադարեցնել Սպառողի էլեկտրամատակարարումը` մինչև ԷՄԱ կանոններով սահմանված կարգով վեճի վերջնական լուծումը:

101. Հանձնաժողովը, Սպառողի և Բաշխողի շահերի հավասարակշռման նպատակով, առանձին դեպքերում` սպառման առանձնահատկություններով պայմանավորված, Մատակարարի կամ դիմող անձի դիմումի (կից հիմնավորումներով) հիման վրա կարող է ընդունել վերահաշվարկման վերաբերյալ անհատական որոշումներ:

102. Առևտրային Հաշվառքի սարքի խախտման արդյունքում պատճառված վնասը փոխհատուցվում է օրենքով սահմանված կարգով:

           

ԲԱԺԻՆ 5

  

ԲԱՇԽՈՂԻ (Երաշխավորված մատակարարի) ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՏՈՒՅԺԵՐԸ  

(վերնագիրը լրաց. 30.06.23 N 215-Ն)

 

ԳԼՈՒԽ 18. ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԱՇԽՈՂԻ (Երաշխավորված մատակարարԻ) ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՏՈՒՅԺԵՐԸ 

(վերնագիրը լրաց. 30.06.23 N 215-Ն)

        

103. Բաշխողը (Երաշխավորված մատակարարը) Սպառողին վճարում է տույժ՝

1) հաշվարկային փաստաթղթում Սպառողի փաստացի սպառած էլեկտրական էներգիայի քանակից ավել քանակ նշելու փաստի հաստատման դեպքում,

2) հաշվարկային փաստաթղթում սխալի ուղղման՝ ԷՄԱ կանոններով սահմանված կարգի յուրաքանչյուր խախտման դեպքում,

3) սպառված (ԻԷԱ-ի դեպքում՝ նաև Երաշխավորված մատակարարին առաքված) էլեկտրական էներգիայի վերահաշվարկման՝ ԷՄԱ կանոններով սահմանված ընթացակարգի կամ ժամկետի յուրաքանչյուր խախտման դեպքում,

4) Պայմանագրի կամ Փոխհոսքերի պայմանագրի կնքման, փոփոխման, լուծման ԷՄԱ կանոններով սահմանված ընթացակարգի կամ ժամկետի յուրաքանչյուր խախտման դեպքում,

5) Սպառողի դիմում-բողոքին պատասխանելու համար ԷՄԱ կանոններով սահմանված ընթացակարգի կամ ժամկետի յուրաքանչյուր խախտման դեպքում:

(103-րդ կետը լրաց., փոփ. 30.06.23 N 215-Ն)

104. ԷՄԱ կանոնների 103-րդ կետով նախատեսված դեպքերում Բաշխողը (Երաշխավորված մատակարարը) վճարում է տույժ՝ սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2500 դրամը, իսկ Սպառողի՝ էլեկտրական էներգիայի սպառում չունենալու դեպքում՝ 2500 դրամի չափով։

(104-րդ կետը լրաց. 30.06.23 N 215-Ն)

104.1. Սպառողի սպառած էլեկտրական էներգիայի միջին ամսական արժեքն ընդունվում է հավասար՝ սույն գլխում նշված խախտման հայտնաբերմանը նախորդող 12 օրացուցային ամիսներին Սպառողի սպառած էլեկտրական էներգիայի արժեքի և նույն ժամանակահատվածում ծախս ունեցած ամիսների քանակի քանորդին, իսկ եթե այդ ժամանակահատվածում ծախս չի ունեցել, ապա խախտման հայտնաբերմանը նախորդող ծախս ունեցած Հաշվարկային ամսում սպառած էլեկտրական էներգիայի արժեքին:

(104.1-ին կետը լրաց. 20.04.22 N 149-Ն)

105. Հաշվարկված տույժը Բաշխողը (Երաշխավորված մատակարարը) հաշվի է առնում Սպառողին ընթացիկ ամսում ծախսած էլեկտրական էներգիայի համար ներկայացվելիք հաշվարկային փաստաթղթում: Հաշվարկված տույժը հաշվարկային փաստաթղթում նշվում է առանձին տողով և նվազեցվում է մատակարարված էլեկտրական էներգիայի արժեքից, իսկ Մատակարարի սպառողի դեպքում՝ բաշխման ծառայության արժեքից:

(105-րդ կետը լրաց. 30.06.23 N 215-Ն) 

106.Բաշխողն (Երաշխավորված մատակարարն) ԷՄԱ կանոնների 103-րդ կետում նշված խախտումների համար տույժ չի վճարում, եթե դրանք հետևանք են ֆորս մաժորի:

(106-րդ կետը լրաց. 30.06.23 N 215-Ն) 

            

ԲԱԺԻՆ 6

        

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

                

107. Երաշխավորված մատակարարի հետ էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր ունեցող սպառողները (բացառությամբ՝ բնակչության և Արտադրողի) ԷՄՇ կանոնների համաձայն պարտավոր են իրենց տվյալ լարման հաշվառման կետերի մասով ստանալ որակավորված սպառողի կարգավիճակ կամ ԷՄԱ կանոնների համաձայն ընտրել Մատակարար (առկայության դեպքում) հետևյալ ժամկետներում.

1) Հաղորդման ցանցին կամ Արտադրողին միացած, կամ 110 կՎ և բարձր լարման բոլոր այն սպառողները, որոնք նախորդ օրացուցային տարում իրենց Հաղորդման ցանցի կամ Արտադրողի կամ 110 կՎ լարման բոլոր Առևտրային հաշվառքի սարքերով ունեցել են 1 մլն կՎտժ և ավելի սպառում՝ մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը,

2) 35 կՎ լարման այն Սպառողները, որոնք նախորդ օրացուցային տարում իրենց 35 կՎ լարման բոլոր Առևտրային հաշվառքի սարքերով ունեցել են 1 մլն կՎտժ և ավելի սպառում՝ մինչև 2024 թվականի փետրվարի 1-ը,

3) 6 (10) լարման այն Սպառողները, որոնք նախորդ օրացուցային տարում իրենց 6(10) կՎ լարման բոլոր Առևտրային հաշվառքի սարքերով ունեցել են 1 մլն կՎտժ և ավելի սպառում՝ մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը,

4) այն սպառողները, որոնք նախորդ օրացուցային տարում իրենց բոլոր Առևտրային հաշվառքի սարքերով՝ անկախ լարման մակարդակից, տարեկան ունեցել են 1 մլն կՎտժ և ավելի սպառում՝ մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը։

(107-րդ կետը լրաց., փոփ. 28.12.22 N 562-Ն)

108. ԷՄԱ կանոնների 107-րդ կետով սահմանված ժամկետներում որակավորված սպառողի կարգավիճակ չստանալու կամ Մատակարար չընտրելու դեպքում նույն կետում նշված Սպառողները սպառած էլեկտրական էներգիայի համար Երաշխավորված մատակարարին վճարում են Հանձնաժողովի սահմանած սակագնով՝ ԷՄԱ կանոնների 82-րդ կետի համաձայն, բացառությամբ Ենթասպառողներ ունեցող այն Սպառողների, որոնց առևտրային հաշվառումն ապահովող հաշվառման համալիրները (տվյալ Հաշվառման կետի մասով) չեն համապատասխանում ԷՀՑ կանոնների 38-րդ գլխով սահմանված պահանջներին։

(108-րդ կետը խմբ. 13.09.23 N 323-Ն)

108.1. Ենթասպառողներ ունեցող Սպառողների առևտրային հաշվառումն ապահովող հաշվառման համալիրների (այդ թվում՝ ենթասպառման ուղղության) համապատասխանեցումը ԷՀՑ կանոնների պահանջներին Երաշխավորված մատակարարը (Բաշխողը) Հանձնաժողովի հետ համաձայնեցված առևտրային հաշվառման համակարգի բարելավմանն ուղղված ներդրումների շրջանակում իրականացնում է առաջնահերթ՝ համաձայն ԷՄԱ կանոնների 107-րդ կետով սահմանված ժամկետների։

(108.1-ին կետը լրաց. 13.09.23 N 323-Ն)

109.ԷՄԱ կանոնների 107-րդ կետը չի սահմանափակում սպառողների իրավունքը՝ ԷՄՇ կանոնների համաձայն ստանալ որակավորված սպառողի կարգավիճակ կամ ԷՄԱ կանոնների համաձայն ընտրել Մատակարար 2022 թվականի փետրվարի 1-ից։

 

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի

2019 թվականի դեկտեմբերի 25-ի N 517-Ն որոշմամբ հաստատված կանոնների

          

Կ Ա Ր Գ

      

ՍՊԱՌՈՂԻ ԷՆԵՐԳԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐՈՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՆ ԵՆԹԱՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԿԱՄ ԲԱՇԽՈՂԻ ԱՅԼ ՑԱՆՑԵՐԻ ՍՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ

                

1. Սույն կարգով կանոնակարգվում են էներգետիկայի բնագավառում ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար սպառողի էներգատեղակայանքներով էլեկտրական էներգիայի փոխանցման հարաբերությունները, ինչպես նաև սպառողի էներգատեղակայանքներով ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար սպառողի մատուցած ծառայության վճարի հաշվարկման հետ կապված հարաբերությունները։ Սույն կարգով նախատեսված սպառողներին և ենթասպառողներին առնչվող դրույթները վերաբերելի են նաև որակավորված սպառողներին։

(1-ին կետը լրաց. 05.04.23 N 109-Ն)

2. Սպառողը պարտավոր է իր էներգատեղակայանքներով փոխանցել էլեկտրական էներգիան, որը նախատեսված է Ենթասպառողների կամ Բաշխողի այլ ցանցերի սնման համար:

3. Սպառողների, Ենթասպառողների և Բաշխողի փոխհարաբերությունները կանոնակարգվում են «Էներգետիկայի մասին» օրենքով, սույն կարգով, ԷՄԱ կանոններով, Սպառողի և Բաշխողի միջև կնքված պայմանագրով (այսուհետ՝ Փոխհատուցման պայմանագիր) և այլ իրավական ակտերով:

(3-րդ կետը փոփ. 05.04.23 N 109-Ն)

4. Սպառողը պարտավոր է իր էներգատեղակայանքները պահպանել պատշաճ վիճակում, իր հաշվին կատարել դրանց նորոգումը և կրել դրանց պահպանման ծախսերը:

5. Սպառողն իրավունք ունի իր էլեկտրական էներգիան փոխանցել այլ անձի, եթե նման փոխանցումը Սպառողի կողմից չի իրականացվում իբրև ձեռնարկատիրական գործունեության առանձին տեսակ, և այդ փոխանցումը բխում է Սպառողի գործունեության էությունից (առևտրային, արտադրական կամ բնակելի տարածքների օգտագործման տրամադրում):

6. Փոխհատուցման պայմանագիրը կնքվում է գրավոր և անժամկետ։

7. Փոխհատուցման պայմանագրում նշվում կամ դրան կցվում են Սպառողի էներգատեղակայանքներին միացված Ենթասպառողի տվյալները (անվանումը, անունը, գտնվելու (բնակության) վայրը, սպառման համակարգի հասցեն, առևտրային և վերստուգիչ հաշվիչների գործարանային համարները և տեխնիկական հարաչափերը, Ենթասպառողի էլեկտրական թույլատրելի առավելագույն հզորությունը),

8. Բաշխողը պարտավոր է Փոխհատուցման պայմանագրի համաձայն վճարել Սպառողի՝ սույն կարգով հաշվարկվող ծառայության վճարների ամսական չափը (այսուհետև` ծառայության վճար)։

9. Ենթասպառողի կամ Բաշխողի այլ ցանցերի սնման համար Սպառողի էներգատեղակայանքների օտարման անհրաժեշտության դեպքում Սպառողն այդ մասին երեք ամիս առաջ տեղեկացնում է Բաշխողին։

10. Սպառողն իր էներգատեղակայանքների հարաչափերի կամ տեղակայման վայրի փոփոխության դեպքում պարտավոր է երեք ամիս առաջ տեղեկացնել Բաշխողին։ Իրականացվող փոփոխությունները պետք է համապատասխանեն տեխնիկական կանոնակարգերի պահանջներին։

11. Սույն կարգով սահմանված տեղեկացում և (կամ) փաստաթղթերի հանձնում նախատեսող դեպքերում այն պետք է կատարվի պատշաճ կարգով:

12. Տեղեկացումը կամ փաստաթղթերի հանձնումը համարվում է պատշաճ կարգով կատարված, եթե դրանք ուղարկվել են պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ (այդ թվում` հայտատուի կողմից նշված հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելով) կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում` հայտատուի կողմից նշված էլեկտրոնային փոստի միջոցով), ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով կամ հանձնվել են ստացականով, եթե սույն կանոններով տեղեկացման կամ փաստաթղթերի հանձնման կոնկրետ ձև նախատեսված չէ:

13. Ենթասպառողների կամ Բաշխողի այլ ցանցերի սնման համար Սպառողի մատուցած ծառայության վճարը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

      

C = A + K,

(1)

              

որտեղ`

C-ն ծառայության վճարն է (դրամ/ամիս` առանց ԱԱՀ-ի),

A-ն Ենթասպառողների կամ Բաշխողի այլ ցանցերի սնման համար Սպառողի էներգատեղակայանքների սպասարկման համար անհրաժեշտ լրացուցիչ ծախսերի մեծությունն է (դրամ/ամիս),

K-ն Ենթասպառողների կամ Բաշխողի այլ ցանցերի սնման համար Սպառողի տրանսֆորմատորում և գծերում առաջացող կորուստների դիմաց փոխհատուցվող ամսական գումարն է (դրամ/ամիս):

14. Ենթասպառողների կամ Բաշխողի այլ ցանցերի էլեկտրամատակարարման նպատակով Սպառողի էներգատեղակայանքների սպասարկման համար առաջացող լրացուցիչ ծախսերի մեծությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

        

A = a1 (n1 + n2/2) + a2(n3 + n4/2) + Wենթ(a3 + a4 + a5 +a6 +a7) ,

(2)

               

որտեղ`

a1 -ը մեկ բջջի օգտագործման համար, դրա շահագործման նպատակով, Սպառողին փոխհատուցվող ծառայության վճարն է,

n1 -ը 110, 35, 6(10) կՎ լարման ենթակայաններում միայն այլ սպառողների էլեկտրամատակարարման ապահովման նպատակով օգտագործվող բջիջների գումարային քանակն է,

n2-ը 110, 35, 6(10) կՎ լարման ենթակայաններում Սպառողի և Ենթասպառողների կամ Բաշխողի այլ ցանցերի էլեկտրամատակարարման ապահովման նպատակով համատեղ օգտագործվող բջիջների ընդհանուր քանակն է,

a2-ը մեկ միացման կետի օգտագործման համար, դրա շահագործման նպատակով, Սպառողին փոխհատուցվող ծառայության վճարն է,

n3-ը 0,4 (0,23) կՎ լարման միացման կետերում միայն Ենթասպառողների կամ Բաշխողի այլ ցանցերի էլեկտրամատակարարման ապահովման նպատակով օգտագործվող միացման կետերի քանակն է,

n4-ը 0,4 (0,23) կՎ լարման միացման կետերում Սպառողի և Ենթասպառողների կամ Բաշխողի այլ ցանցերի էլեկտրամատակարարման ապահովման նպատակով համատեղ օգտագործվող միացման կետերի քանակն է,

Wենթ -ը Սպառողի կողմից Ենթասպառողներին կամ Բաշխողի այլ ցանցերին փոխանցված էլեկտրական էներգիայի ամսական քանակն է (կՎտժ), որը հաշվառվում է Ենթասպառողների կամ Բաշխողի այլ ցանցերի առևտրային հաշվառքի սարքերով,

a3-ը 110 կՎ լարման ենթակայաններում, Սպառողի փոխակերպիչների շահագործման նպատակով, 1 կՎտժ էլեկտրական էներգիայի փոխակերպման ծառայության վճարի չափն է,

a4-ը 35 կՎ լարման ենթակայաններում, Սպառողի փոխակերպիչների շահագործման նպատակով, 1 կՎտժ էլեկտրական էներգիայի փոխակերպման ծառայության վճարն է,

a5-ը 6(10) կՎ լարման ենթակայաններում, Սպառողի փոխակերպիչների շահագործման նպատակով, 1 կՎտժ էլեկտրական էներգիայի փոխակերպման ծառայության վճարն է,

a6-ը Սպառողի 6(10) կՎ լարման էլեկտրահաղորդման գծերի շահագործման նպատակով 1 կՎտժ էլեկտրական էներգիայի տեղափոխման ծառայության վճարն է,

a7-ը Սպառողի 35 կՎ և 110 կՎ լարման էլեկտրահաղորդման գծերի շահագործման նպատակով 1 կՎտժ էլեկտրական էներգիայի տեղափոխման ծառայության վճարն է:

14.1. Սույն կարգի 14-րդ կետում նշված ծառայությունների վճարների a1-a7 մեծությունները ընդունվում են սույն կետի N 1 աղյուսակում ամրագրված վճարներին հավասար.

 

Աղյուսակ N 1
(առանց ավելացված արժեքի հարկի)

 

N

Մեծությունը

Վճարի չափը

1.

a1

 9 500 դրամ/ամիս

2.

a2

 515 դրամ/ամիս

3.

a3

 0.954 դրամ/կՎտժ

4.

a4

 1.709 դրամ/կՎտժ

5.

a5

1.920 դրամ/կՎտժ

6.

a6

0.920 դրամ/կՎտժ

7.

a7

 1.633 դրամ/կՎտժ

(14.1-ին կետը խմբ. 08.06.22 N 246-Ն, 29.11.22 N 523-Ն, 22.11.23 N 402-Ն)

15. Սպառողի էներգատեղակայանքներով Ենթասպառողների կամ Բաշխողի այլ ցանցերի էլեկտրամատակարարման նպատակով մեկից ավելի ենթակայաններ կամ էլեկտրահաղորդման գծեր օգտագործվելու դեպքում սույն կարգով նախատեսված A մեծությունը յուրաքանչյուր ենթակայանի կամ էլեկտրահաղորդման գծի համար հաշվարկվում է առանձին, որը սույն կետի N 1 աղյուսակում ամրագրված սահմանային արժեքները գերազանցելու դեպքում ընդունվում է հավասար սույն կետի N 1 աղյուսակում ամրագրված արժեքներին.

 

Աղյուսակ N 1 դրամ/ամիս

(առանց ավելացված արժեքի հարկի)

 

N

Սպառողի

սպառման

համակարգի

լարումը

Սպառողի ենթակայանի

շահագործման

փոխհատուցվող

ծախսերի սահմանային

մեծությունը

Սպառողի

էլեկտրահաղորդման

գծերի շահագործման

փոխհատուցվող ծախսերի

սահմանային մեծությունը

 1.

6 (10) կՎ

106 883

19 794

 2.

35 կՎ

427 529

33 649

 3.

110 կՎ

855 059

35 627

(15-րդ կետը խմբ. 08.06.22 N 246-Ն, 29.11.22 N 523-Ն, 22.11.23 N 402-Ն)

17. Ենթասպառողների կամ Բաշխողի այլ ցանցերի էլեկտրամատակարարման հետևանքով Սպառողի տրանսֆորմատորներում և էլեկտրահաղորդման գծերում առաջացող կորուստները փոխհատուցող գումարը՝ K-ն, հաշվի է առնվում բանաձևում, եթե դրանք ներառվում են սպառողի կողմից վճարման ենթակա էլեկտրական էներգիայի քանակության մեջ։ Այն որոշվում է հետևյալ բանաձևով.

             

K = WենթT (a8 + a9)/(100 - a8 - a9) ,

(3)

        

որտեղ՝

T-ն Երաշխավորված մատակարարի Սպառողի համար էլեկտրական էներգիայի սակագինն է (ցերեկային, դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի), իսկ այլ Սպառողների դեպքում՝ Հանձնաժողովի կողմից սահմանված հաշվեկշռման ծառայության մատուցման առավելագույն սակագնի, Հաղորդողի, Համակարգի օպերատորի, Շուկայի օպերատորի, Բաշխողի ծառայությունների սակագների գումարը,

a8-ը կորուստներն են տրանսֆորմատորներում (տոկոսային արտահայտությամբ), որոնք ընդունվում են հավասար 1,3-ի, եթե Սպառողը սնվում է 6 կՎ և բարձր լարման ցանցերից,

a9-ը կորուստներն են գծերում (տոկոսային արտահայտությամբ), որոնք ընդունվում են հավասար 1-ի, եթե Ենթասպառողները կամ Բաշխողի այլ ցանցերը սնվում են 6 կՎ և բարձր լարման ցանցերից և 3-ի, եթե Ենթասպառողները կամ Բաշխողի այլ ցանցերը սնվում են 0,4 կՎ և ցածր լարման ցանցերից։

(17-րդ կետը փոփ. 05.04.23 N 109-Ն)

18. Հանձնաժողովը յուրաքանչյուր տարի՝ մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը վերանայում է սույն կարգի դրամային մեծությունները՝ դրանց նկատմամբ կիրառելով ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսվա սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ։ Վերանայման արդյունքում սահմանված մեծություններն ուժի մեջ են մտնում տվյալ տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ից:

(հավելվածը խմբ. 08.06.22 N 246-Ն, 29.11.22 N 523-Ն, լրաց., փոփ. 05.04.23 N 109-Ն, խմբ. 22.11.23 N 402-Ն)

    

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի

 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N 517-Ն որոշմամբ հաստատված կանոնների

             

ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ ԻՆՔՆԱՎԱՐ ԷՆԵՐԳԱԱՐՏԱԴՐՈՂԻ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԲԱՇԽՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՄԱՏԱԿԱՐԱՐԱԾ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԴԻՄԱՑ ՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳ

(հավելվածն ուժը կորցրել է 20.04.22 N 149-Ն)

 

(կանոնները խմբ. 05.01.22 N 5-Ն, խմբ., լրաց., փոփ. 20.04.22 N 149-Ն, , խմբ. 08.06.22 N 246-Ն, լրաց., փոփ. 28.12.22 N 562-Ն, խմբ. 29.11.22 N 523-Ն, լրաց., փոփ. 05.04.23 N 109-Ն, փոփ., լրաց., խմբ. 30.06.23 N 215-Ն, լրաց., խմբ. 13.09.23 N 323-Ն, խմբ. 22.11.23 N 402-Ն)