ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 դեկտեմբերի 2023 թվականի N 2196-Ն
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆՈՐԱՀԱՅՏ ՀՈՒՇԱՐՁԱՆ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԻՑ ՀՈՒՇԱՐՁԱՆ ՀԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «Է1» կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում նորահայտ հուշարձան ընդգրկելու և պետական ցուցակից հուշարձան հանելու վերաբերյալ չափորոշիչները՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
15.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականիդեկտեմբերի 14-ի N 2196-Ն որոշման |
Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆՈՐԱՀԱՅՏ ՀՈՒՇԱՐՁԱՆ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԻՑ ՀՈՒՇԱՐՁԱՆ ՀԱՆԵԼՈՒ
1. Հուշարձանների պետական ցուցակում պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձանի ընդգրկումը կատարվում է փորձագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա անկախ դրա էթնիկական (ազգային) ու կրոնական պատկանելիությունից, եթե հայտնաբերված կամ առաջարկվող նոր օբյեկտն ունի իր ստեղծման պահից առնվազն 30 տարվա վաղեմություն և համապատասխանում է հետևյալ չափորոշիչներից առնվազն մեկին՝
1) հանդիսանում է մարդու ստեղծագործական հանճարի դրսևորում.
2) նախապատմական, պատմական փուլերի ու անհետացած քաղաքակրթությունների գոյությունը փաստող վկայություն, մշակույթների ձևավորման և զարգացման մասին տվյալներ պարունակող սկզբնաղբյուր (հնագույն կայանատեղիներ, բնակատեղիներ, ամրոցներ, դամբարանադաշտեր, ճարտարապետական, ճարտարագիտական կառույցներ և այլն).
3) մարդու կողմից օգտագործված կամ ստեղծված կենսապահովման միջավայրի, բնական միջավայրի և կենսառեսուրսների օգտագործման արժեքավոր օրինակ կամ դրսևորում.
4) պատմական վաղագույն փուլերում ստեղծված ժայռապատկերների, պատկերագրերի, գաղափարագրերի արժեքավոր օրինակ.
5) պատմական, հիշարժան, կարևորագույն իրադարձությունների և գործընթացների վիմագիր (անշարժ) վկայություն.
6) ստեղծագործական, կոնստրուկտիվ կամ գիտատեխնիկական փորձարարության ինքնատիպ կամ աննախադեպ արդյունք.
7) անմիջականորեն կապված է մարդկության, տարածաշրջանի կամ ազգային պատմության վրա նշանակալից ազդեցություն թողած իրադարձությունների, գաղափարների և համոզմունքների, գրականության և արվեստի ստեղծագործությունների, ականավոր անձանց կյանքի ու գործունեության, ժողովրդական ավանդույթների, ավանդապատումների, հավատալիքների հետ.
8) ազգային-ազատագրական պայքարի կամ պատերազմի կամ զինված ընդհարումների ժամանակ զոհվածների կամ մասսայական բռնությունների զոհերի հիշատակը հավերժացնող հավաքական կոթող.
9) նոր և նորագույն ժամանակաշրջանի (19-րդ դարից սկսած) պատմագեղարվեստական, ճարտարապետական որակները փաստող քաղաքաշինական կամ պատմական հատակագծման և կառուցապատման հատված կամ ճարտարապետական առանձնահատկությունները, ոճը, տիպը բնութագրող առանձին կառույցներ կամ անվանի ճարտարապետների ստեղծագործության արժեքավոր օրինակ.
10) մոնումենտալ արվեստի արժեքավոր ստեղծագործություն (որմնանկար, խճանկար, արձան, քանդակ և այլն)։
2. Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված հուշարձանը կարող է հանվել Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակից լիազորված մարմնին կից գործող փորձագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, եթե հուշարձանը՝
1) ոչնչացվել, ավերվել կամ անհետացել է բնական տարերային աղետների կամ չնախատեսված իրավիճակների (մարդու կենսագործունեության հետևանք) պատճառով և ենթակա չէ գիտականորեն հիմնավորված վերականգնման.
2) կորցրել է իր պատմամշակութային ու գիտական արժեքը:
Հայաստանի Հանրապետության ղեկավարի տեղակալ |
Ա. Խաչատրյան |
15.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 դեկտեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|