ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ, ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՏԵՔՍՏԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, հայ ժողովրդին ուղղված Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի դիմումի տեքստը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ` |
Լ. Տեր-Պետրոսյան |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության գերագույն խորհրդի քարտուղար` | ա. սահակյան |
24 սեպտեմբերի 1991 թվականի, քաղ. Երևան Հ.Ն.-0402-1 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Դ Ի Մ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ, ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Հայրենակիցներ, հավատարիմ ժողովրդի միասնական կամքին, որի արտահայտությունը եղավ սեպտեմբերի 21-ի հանրապետական հանրաքվեն, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը հռչակեց Հայաստանի անկախությունը: Մեր ժողովուրդը վճռական քայլ կատարեց միջազգային հանրության մեջ իր ուրույն տեղը վերագտնելու հարցում:
Վերադարձը դեպի ինքնություն հեշտ չի լինելու, Մենք դեռ նոր ենք սկսում քայլել ազատության ճանապարհով: Քաղաքակիրթ մարդկության անցած ուղին ցույց է տալիս, որ դա մեկ օրվա հարց չէ և, հատկապես, դյուրին ճանապարհ չէ: Ուստի խոհեմաբար յուրացնելով առաջադեմ պետությունների փորձը, մենք պետք է կարողանանք պահպանել և հարստացնել մերը: Այո, մենք գնում ենք դեպի համայն մարդկության ընտանիք, բայց արդեն մեր դրոշի ներքո, մեր անկախ պետականությամբ և մեր ազգային սեփական դիմագծով: Ազատության ճանապարհին մեզ սպասում են նոր փորձություններ: Դա ամենօրյա քննություն է լինելու մեզ համար: Պահպանենք մեր ոգևորությունը, բայց համակվենք իրապաշտությամբ, շարունակենք մնալ երազող, բայց սթափ դատողությամբ:
Վերջապես եկավ ժամը, երբ մեր ձեռքերով պետք է արարենք մեր ներկան ու ապագան: Ընտրությունը կատարել ենք ազգովի և ազգովի էլ պետք է լծվենք վաղվա օրվա կերտմանը:
Հանրապետության` միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտիվ կարգավիճակը, քաղաքական և տնտեսական իրական անկախությունը պետք է զուգակցվի տարբեր երկրների ու պետությունների հետ փոխշահավետ համագործակցությամբ: Մեր նպատակը հիրավի ազատ, ժողովրդավարական պետության ստեղծումն է` մի երկրի, որ քաղաքական, տնտեսական և մշակութային զարգացման հավասար հնարավորություններ է ընձեռում իր բոլոր քաղաքացիներին, անկախ գաղափարներից, դավանանքից և ազգությունից, իր սրբազան պարտքը համարելով յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը:
Հայոց անկախ պետականության գոյությունը, նշանավորելով ազգային նպատակների իրականացումը, որակապես նոր հնարավորություն է ստեղծում ազգի միասնության ամրապնդման, աշխարհով մեկ սփռված հայության համախմբման համար: Չկա մի հայ, որի աչքերն այսօր Հայաստանին ուղղված չլինեն: Մեզ միշտ միավորել է միտքն ու հույզը, այսօր թող միավորի գործն ու գերագույն նպատակը: Եվ քանի որ մեզ է վիճակված գրելու հայոց նորագույն պատմության այս փառահեղ էջը, ուրեմն միասնաբար ձեռնամուխ լինենք անկախ Հայաստանի արարման գործին` հանուն գալիք սերունդների բարօրության և երջանկության:
24 սեպտեմբերի 1991 թվականի, քաղ. ԵՐևան |