Գլխավոր տեղեկություն
Համար
N 1604-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.11.13/48(223) Հոդ.140
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.12.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.02.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.02.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 դեկտեմբերի 2007 թվականի N 1604-Ն

 

ԱՎՏՈԿԱՅԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 18.05.23 N 751-Ն)

1. Հաստատել ավտոկայարանային գործունեության կազմակերպման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան

 

2008 թ. փետրվարի 2

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2007 թվականի

դեկտեմբերի 27-ի N 1604-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՎՏՈԿԱՅԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոկայարանային գործունեության կազմակերպման պայմանները և կարգավորվում են դրա հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոկայարանային գործունեությունը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ իրավական ակտերի և սույն կարգի պահանջներին համապատասխան:

 

II. ԱՎՏՈԿԱՅԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

3. Ավտոկայարանները, ավտոկայանները և երթակարգավարական կետերը, փոխադրումների սպասարկման ծավալին համապատասխան, իրականացնում են ավտոտրանսպորտային միջոցների աշխատանքային ռեժիմի կարգավորման և չվացուցակներով սահմանված սպասարկման ռեժիմի սահմաններում ուղևորության կազմակերպում:

4. Ավտոկայարանները, ավտոկայանները տեղաբաշխվում են բնակավայրերում և հանդիսանում են ուղևորների սպասարկումն ապահովող շինությունների համալիր, իսկ երթակարգավարական կետերը` ըստ չվացուցակների, կանոնավոր փոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցների աշխատանքի կարգավորման համար նախատեսված, տեխնիկական միջոցով շինություն, որտեղ սպասարկման ծառայություններ չեն մատուցվում:

5. Ավտոկայարանների և ավտոկայանների սպասարկող անձնակազմը պետք է ունենա իր համազգեստը:

 

III. ԱՎՏՈԿԱՅԱՐԱՆԻ, ԱՎՏՈԿԱՅԱՆԻ ԵՎ ԵՐԹԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ԿԱՀԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

6. Ավտոկայարանները և ավտոկայանները պետք է ունենան ուղևորների նստեցման և իջեցման հարթակներ, երթուղիներն սպասարկող ավտոբուսների կայանման հրապարակ և փոխադրումներն սպասարկող ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի նախաուղերթային զննման կետ, իսկ ավտոկայարանները նաև ավտոբուսների մաքրման կետեր:

7. Ուղևորների նստեցման և իջեցման հարթակները նախատեսված են ըստ չվացուցակի ապահովելու ուղևորների (հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի) ավտոբուս մատչելի նստեցումն ու իջեցումը:

8. Ուղևորների նստեցման և իջեցման հարթակները պետք է կահավորված լինեն ավտոբուսների մեկնման ցուցանակներով, նստարաններով, ժամացույցներով և մթնոլորտային տեղումներից պաշտպանվելու ծածկերով:

9. Ավտոբուսների կայանման հրապարակը պետք է ապահովի տվյալ ավտոկայարանի կամ ավտոկայանի կողմից սպասարկվող երթուղիներում աշխատող ավտոբուսների միջերթային կայանումը և պետք է համապատասխանի քաղաքաշինական նորմերին:

10. Ավտոկայարանները, ավտոկայանները և երթակարգավարական կետերը պետք է ունենան հայերենով և որևէ օտար լեզվով գրված համապատասխանաբար «ԱՎՏՈԿԱՅԱՐԱՆ», «ԱՎՏՈԿԱՅԱՆ», «ԵՐԹԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԿԵՏ» անվանումներով վահանակ:

10․1․ Ավտոկայարանների և ավտոկայանների շենքերն ու շինությունները, դրանց հարող տարածքները պետք է կազմակերպվեն հաստատված նախագծային լուծումներին համապատասխան՝ հաշվի առնելով քաղաքաշինության բնագավառում գործող նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի հիմնական իրավակարգավորումները երկրաշարժադիմացկունության, քաղաքացիական պաշտպանության, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության, կլիմայի փոփոխության հետ հարմարվողականության (էներգաարդյունավետության և էներգախնայողության, տարածքների համալիր բարեկարգման-կանաչապատման) միջոցառումների կատարման պարտադիր պահանջները։

(10.1-ին կետը լրաց. 18.05.23 N 751-Ն)

11. Երթակարգավարական կետերը պետք է ունենան ավտոբուսների կայանման համար նախատեսված համապատասխան տարածք:

12. Երթակարգավարական կետերը պետք է ունենան երթակարգավարական կետից որպես սկիզբ համարվող երթուղիների` հայերենով և որևէ օտար լեզվով գրված չվացուցակների և փոխադրավարձերի վերաբերյալ վահանակներ:

 

IV. ԱՎՏՈԿԱՅԱՐԱՆԻ, ԱՎՏՈԿԱՅԱՆԻ ԵՎ ԵՐԹԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԿԱՀԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

13. Ավտոկայարանները և ավտոկայանները պետք է ունենան համապատասխան տեղատարողությամբ մարդկանց սպասարկումն ապահովող սպասասրահ, տոմսարկղեր, ուղևորների և ավտովարորդների կենցաղային, սանիտարահիգիենիկ (սանիտարական հանգույց, լվացարան), բժշկական սպասարկման, հանրային սննդի կետեր, ավտովարորդների առողջական վիճակի նախաուղերթային զննման կետ, ուղեբեռի ժամանակավոր պահման սենյակներ և տեղեկատու:

14. Ուղևորների սպասասրահը պետք է ունենա հայերենով և որևէ օտար լեզվով գրված ավտոբուսների մեկնման (համապատասխան հարթակի նշմամբ) ու ժամանման չվացուցակների և ուղետոմսերի արժեքի վահանակ, դեպի ուղևորների նստեցման և իջեցման հարթակներ ելքերի ցուցանակներ, հաշմանդամների սայլակների տեղաշարժման ուղիների նշմամբ ցուցանակներ, ավտոկայարանի, ավտոկայանի ծառայությունների տեղաբաշխման ցուցանակ, ավտոկայարանային ծառայությունների աշխատանքի ռեժիմի ցուցանակ, հեռուստացույց, ժամացույցներ և հայտարարություններ տալու համար նախատեսված բարձրախոսներ, ինչպես նաև պետք է ապահովված լինեն ջեռուցման, օդի լավորակման ու օդափոխության համակարգերով:

15. Տոմսարկղերը պետք է ունենան տվյալ տոմսարկղի համարի, ուղետոմսերի արժեքի, տարբեր մակնիշների ավտոբուսներում տեղերի տեղաբաշխման և համարակալման սխեմաների` հայերենով և որևէ օտար լեզվով գրված վահանակներ:

16. Ավտոկայարանի, ավտոկայանի տեղեկատուն պետք է ունենա հայերենով և որևէ օտար լեզվով ձևակերպված «ՏԵՂԵԿԱՏՈՒ» անվանմամբ վահանակ, ներարտադրական և քաղաքային կապով հեռախոսներ:

16․1․ Ավտոկայարանների և ավտոկայանների շենքերի և շինությունների ներքին մակերեսների (այդ թվում` սպասասրահների, դրամարկղերի, սանհանգույցների, բուժկետերի, ուղևորային հարթակների և սպասարկման այլ ծառայությունների համար նախատեսված սենքերի) հարդարումն ու կահավորանքը, տեխնիկական միջոցներն ու սարքերը, դրանց տեղաբաշխումը պետք է իրականացվի հաստատված նախագծային լուծումներին համապատասխան՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության և խելամիտ հարմարեցումների ապահովման պայմանով՝ հիմք ընդունելով քաղաքաշինության և առողջապահության ոլորտներում գործող շինարարական և սանիտարական նորմերն ու կանոնները։

(16.1-ին կետը լրաց. 18.05.23 N 751-Ն)

17. Երթակարգավարական կետը պետք է ունենա հեռախոս, ժամացույց, դրոշմ-ժամացույց, սեղան, աթոռներ:

 

V. ՈՒՂԵԲԵՌԻ ՊԱՀՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՆՁՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

18. Ավտոկայարանները, ավտոկայանները պետք է ապահովեն ուղեբեռի ընդունումը, ձևակերպումը, հաշվառումը, ինչպես նաև կորցված կամ մոռացված իրերի հաշվառումը, պահպանումը և հանձնումը:

19. Ավտոկայարաններում, ավտոկայաններում ուղեբեռի ժամանակավոր պահման համար ընդունումը և պահումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի պահանջներին համապատասխան:

 

VI. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

20. Ավտոկայարանը, ավտոկայանը տեղեկատու ծառայության և շենքում տեղադրված սխեմաների, աղյուսակների և ցուցանակների միջոցով ապահովում են ուղևորության հետ կապված բոլոր հարցերի մասին սպառիչ և ժամանակին տեղեկատվության տրամադրումը:

21. Տեղեկատվական սխեմաներում, աղյուսակներում և ցուցանակներում ուղևորության վերաբերյալ նշված տեղեկատվությունը պետք է լինի հստակ ու ընթեռնելի:

22. Բարձրախոս կայաններով` ըստ ավտոկայարանի, ավտոկայանի աշխատանքային ռեժիմի և չվացուցակի ժամերի, տեղեկացվում են`

1) ավտոբուսների մեկնման և ժամանման ժամանակը.

2) ավտոբուսների լրացուցիչ երթերի նախատեսումը և դրանց համար ուղետոմսերի վաճառքը.

3) ավտոբուսների մեկնման կամ ժամանման ուշացումը.

4) տարանցիկ ավտոբուսների կայանման ժամանման փոփոխությունը.

5) ավտոբուսներում (այդ թվում` տարանցող) ազատ նստատեղերի առկայությունը:

23․ Ավտոկայարանները և ավտոկայանները պետք է ապահովեն համապատասխան միջոցներով տարբեր խմբերի հաշմանդամություն ունեցող անձանց անհրաժեշտ տեղեկատվության հասանելիությունը և արդյունավետ կողմնորոշման հնարավորությունը։

(23-րդ կետը լրաց. 18.05.23 N 751-Ն)

(հավելվածը լրաց. 18.05.23 N 751-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան