Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.12.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 28.11.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
12.12.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
12.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Սնանկության գործ թիվ ՍնԴ/1615/04/20

2022 թ.

Սնանկության գործ թիվ ՍնԴ/1615/04/20

Նախագահող դատավոր`

 Ս. Թորոսյան

Դատավորներ`

 Ա. Մխիթարյան

 Գ. Խանդանյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

նախագահող

Մ. ԴՐՄԵՅԱՆ

զեկուցող

Ս ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. Հակոբյան

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

2022 թվականի դեկտեմբերի 12-ին

գրավոր ընթացակարգով քննելով Մարգարիտ Սմբատյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.05.2021 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի` «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ)` Մարգարիտ Սմբատյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Մարգարիտ Սմբատյանին ճանաչել սնանկ:

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Լ. Կատվալյան) (այսուհետ` Դատարան) 03.09.2020 թվականի վճռով Բանկի դիմումը բավարարվել է` Մարգարիտ Սմբատյանը ճանաչվել է սնանկ:

Բանկը 26.10.2020 թվականին ներկայացրել է 81.467,33 ԱՄՆ դոլար և 442.273,30 ՀՀ դրամի գումար չափով պահանջը սնանկության գործով պարտատերերի պահանջների ցուցակում գրանցելու վերաբերյալ դիմում:

Դատարանի 01.02.2021 թվականի որոշմամբ պարտապան Մարգարիտ Սմբատյանի կողմից ներկայացված առարկությունները բավարարվել են մասնակի` մերժվել է Բանկի` 384.273,3 ՀՀ դրամի (որպես հայցադիմումի համար նախատեսված պետական տուրքի գումար) չափով պահանջի գրանցումը: Հաստատվել է Մարգարիտ Սմբատյանի նկատմամբ դատարան ներկայացված պահանջների վերջնական ցուցակը` ըստ ցուցակում նշված առաջնահերթության և ապահովվածության:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.05.2021 թվականի որոշմամբ Մարգարիտ Սմբատյանի վերաքննիչ բողոքը մերժվել է` Դատարանի 01.02.2021 թվականի «Պարտատիրոջ պահանջի օրինականության, չափի, առաջնահերթության և ապահովվածության վերաբերյալ առարկությունը քննության առնելու և պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մարգարիտ Սմբատյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 10-րդ, 60-րդ, 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 11-րդ, 66-րդ, 177-րդ հոդվածները, 381-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետը, սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 8-րդ, 10-րդ մասերը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ սնանկության վարույթում ենթակա են գրանցման այն պահանջները, որոնց առկայության, օրինականության, չափի և հիմնավորվածության վերաբերյալ պահանջ ներկայացնող սուբյեկտի կողմից ներկայացված են համապատասխան ապացույցներ:

Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական, հիմնավորված և պատճառաբանված չէ:

Վերաքննիչ դատարանի կողմից սույն գործով չի իրականացվել բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, գործով եզրահանգումներ են կատարվել առանց համապատասխան ապացույցների վրա հղում կատարելու և պատշաճ պատճառաբանության:

Վերաքննիչ դատարանի դիրքորոշումը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի՝ թիվ ԿԴ1/1302/02/13 քաղաքացիական գործով 17.05.2015 թվականի և թիվ ԿԴ/0033/04/13 քաղաքացիական գործով 02.12.2016 թվականի որոշումներով հայտնած դիրքորոշումներին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.05.2021 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Բանկի և Մարգարիտ Սմբատյանի ու Աշոտ Սմբատյանի միջև 17.04.2014 թվականին կնքված «Վարկային քարտով չվերականգնվող սահմանաչափի տրամադրման երրորդ անձի գույքի գրավի» թիվ Վ-449275-NIC354932 պայմանագրի համաձայն` վարկառուին տրամադրվել է վարկային սահմանաչափ՝ 20.000 ԱՄՆ դոլարի չափով, տարեկան 17 տոկոս տոկոսադրույքով, սահմանաչափի ժամկետ է նախատեսվել մինչև 17.04.2019 թվականը: Գրավի առարկա է հանդիսացել Հավելված 1-ում նշված` ք. Սևան, Ձկնորսների փողոց թիվ 14 առանձնատուն հասցեում գտնվող անշարժ գույքը (հավելված, գ.թ. 55-63):

2) Բանկի և Գայանե Սմբատյանի (երաշխավոր) և Մարգարիտ Սմբատյանի միջև 17.04.2014 թվականին կնքված Սեփականության իրավունքով պատկանող գույքով և դրամական միջոցներով երաշխավորության թիվ 348531 պայմանագրի համաձայն` երաշխավորը պարտավորվել է իր բանկային հաշիվներին առկա դրամական միջոցներով, ինչպես նաև սեփականության իրավունքով իրեն պատկանող ամբողջ գույքով (շարժական և անշարժ) համապարտ պատասխանատվություն կրել պարտատիրոջ առջև վերջինիս և պարտապանի միջև 17.04.2014 թվականին կնքված թիվ Վ-449275-NIC354932 պայմանագրով պարտապանի կողմից պարտատիրոջ հանդեպ ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար: Երաշխավորը պարտատիրոջ առջև պատասխանատվություն է կրում նույն ծավալով, ինչ պարտապանը (...) (հավելված, գ.թ. 70-71):

3) Բանկը 26.10.2020 թվականին Դատարան մուտքագրված դիմումով խնդրել է իրեն ընդգրկել Մարգարիտա Սմբատյանի գործով պարտատերերի ցուցակում` որպես ապահովված պահանջատեր 81.467,33 ԱՄՆ դոլարի և 442.273,30 ՀՀ դրամի չափով (հավելված, գ.թ. 50-52):

4) Բանկի կողմից ներկայացված Մարգարիտա Սմբատյանի թիվ 449275 Գրաֆիկով վարկային պայմանագրի 17.04.2014-03.09.2020 թվականների հաշվից քաղվածքի hամաձայն` 03.09.2020 թվականի դրությամբ վարկի մնացորդը կազմում է 15.880,88 ԱՄՆ դոլար, որից ժամկետանց` 15.880,88 ԱՄՆ դոլար, հաշվարկված տոկոսը` 4.954,09 ԱՄՆ դոլար, որից ժամկետանց` 4.954,09 ԱՄՆ դոլար, հաշվարկված ժամկետանց գումարի տոկոսը` 7.896,86 ԱՄՆ դոլար, ժամկետանց գումարի տույժը` 26.946,60 ԱՄՆ դոլար, ժամկետանց տոկոսի տույժը` 25.788,90 ԱՄՆ դոլար, սպասարկման վարձը` 58.000,00 ՀՀ դրամ (հավելված, գ.թ. 53-54):

5) Մարգարիտ Սմբատյանը 14.12.2020 թվականին Դատարան է մուտքագրել Բանկի ներկայացրած պահանջի դեմ առարկություն այն հիմնավորմամբ, որ Բանկը դատարանին ներկայացրել է 81.467,33 ԱՄՆ դոլարի չափով պահանջը գրանցելու վերաբերյալ դիմում, սակայն չի ներկայացրել իր պահանջը հիմնավորող որևէ ապացույց, իսկ ըստ իր հաշվարկների՝ Բանկի նկատմամբ իր պարտավորությունների չափը չի գերազանցում 14.000 ԱՄՆ դոլարը (հավելված, գ.թ. 76-78):

6) Դատարանի 01.02.2021 թվականի որոշմամբ պարտապան Մարգարիտ Սմբատյանի կողմից ներկայացված առարկությունները բավարարվել են մասնակի` մերժվել է Բանկի` 384.273,3 ՀՀ դրամի չափով պահանջի գրանցումը: Հաստատվել է Մարգարիտ Սմբատյանի նկատմամբ դատարան ներկայացված պահանջների վերջնական ցուցակը` ըստ ցուցակում նշված առաջնահերթության և ապահովվածության, այն է` 1) պարտատիրոջ անվանումը` Բանկ (դատական ծախս), պահանջի չափը` 100.000 ՀՀ դրամ, պահանջի խումբը` ըստ առաջնահերթության` 82-րդ հոդված, «դ» հերթ, չապահովված պահանջ, 2) պարտատիրոջ անվանումը` Բանկ, պահանջի չափը` 81.467,33 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և 58.000 ՀՀ դրամ, պահանջի խումբը` ըստ առաջնահերթության` ապահովված պահանջ (հավելված, գ.թ. 85-91):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է` բողոքարկվող դատական ակտում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի՝ թիվ ԿԴ1/1302/02/13 քաղաքացիական գործով 17.05.2015 թվականին և թիվ ԿԴ/0033/04/13 քաղաքացիական գործով 02.12.2016 թվականին կայացրած որոշումներում տվյալ նորմին տրված մեկնաբանությանը: Միաժամանակ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հիմքով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից առերևույթ թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի այնպիսի խախտում, որով խաթարվել է արդարադատության բուն էությունը:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ սնանկության վարույթի ընթացքում ներկայացված պահանջների հիմնավորվածության և օրինականության սկզբունքի պահպանման հարցին` վերահաստատելով նախկինում հայտնած դիրքորոշումները:

 

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտատերերն իրենց պահանջները ներկայացնում են դատարան սնանկության մասին հայտարարությունից հետո` մեկամսյա ժամկետում, բացառությամբ նույն օրենքով նախատեսված դեպքերի:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտատիրոջ պահանջում պետք է նշվեն`

ա) պահանջը ներկայացնող պարտատիրոջ`

- իրավաբանական անձի համար` անվանումը և գտնվելու վայրը (…).

բ) պարտավորությունը, որից բխում է պահանջը, ինչպես նաև կատարման ժամկետը.

գ) պահանջի չափը` առանձին նշելով հիմնական պարտքի, վնասների, տուժանքի (տուգանքի, տույժի) չափերը` համապատասխան հաշվարկներով.

դ) պահանջը հիմնավորող հանգամանքները:

Պահանջին կից ներկայացվում են այն հիմնավորող փաստաթղթերը: Պահանջը ներկայացնելու ժամկետից հետո պահանջը հիմնավորող փաստաթղթեր կարող են ներկայացվել, եթե դրանք ներկայացնողը հիմնավորում է սահմանված ժամկետում նման փաստաթուղթ ներկայացնելու անհնարինությունը` իրենից անկախ պատճառներով: (...):

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2.1-րդ կետի համաձայն՝ նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները չպահպանելու դեպքում ներկայացված պահանջը չի դիտարկվում, որի մասին պարտատերը տեղեկացվում է ոչ ուշ, քան հաջորդ օրը:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` պահանջների ներկայացման համար սահմանված ժամկետից հետո` եռօրյա ժամկետում, պահանջների նախնական ցուցակը կառավարիչը ներկայացնում է դատարան, պարտապանին, առավել մեծ պահանջներ ունեցող 5 պարտատերերին և հրապարակում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում: Եթե հրապարակումից հետո` յոթ օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը և պարտատերերը նախնական ցուցակի դեմ գրավոր առարկություններ չեն ներկայացնում դատարան, ապա դատավորը եռօրյա ժամկետում առանց նիստ հրավիրելու որոշում է կայացնում պահանջների ցուցակը հաստատելու մասին (վերջնական ցուցակ):

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` եթե իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հրապարակումից հետո` յոթ օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը և պարտատերերը գրավոր առարկություն են ներկայացնում պահանջների նախնական ցուցակի առաջնահերթության կամ որևէ պարտատիրոջ պահանջի վերաբերյալ, ապա դատարանը առարկությունն ստանալուց հետո` 15 օրվա ընթացքում, որոշում է պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը, ապահովվածությունը և որոշում է կայացնում պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին:

Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու որոշումը կարող է բողոքարկվել:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` եթե պահանջը կամ պահանջի փոփոխությունն առարկվում է, ապա դատավորը նույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված կարգով որոշում է պահանջի չափը, օրինականությունը, առաջնահերթությունը և ապահովվածությունը: Առարկությունների քննարկման արդյունքում դատարանը կայացնում է որոշում, որը կարող է բողոքարկվել:

ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ «պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշումը, հետևաբար նաև պահանջների վերջնական ցուցակն ինքնին, հաշվի առնելով սնանկության վարույթի առանձնահատկությունները, պարտադիր է սնանկության վարույթի մասնակիցների իրավունքների ծավալը որոշելու համար: Հետևաբար, «Սնանկության մասին» ՀՀ օրենքով նախատեսված իրավունքների և պարտականությունների առումով այն պարտադիր է նաև սնանկության վարույթում պարտատեր գրանցված անձանց համար (տե՛ս, «Դ.Ֆ. ԴԻՍՏՐԻԲՅՈՒՏՈՐ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանն ընդդեմ ««ԿՈՏԱՅՔ» գարեջրի գործարան» ՍՊԸ-ի թիվ ԿԴ1/1302/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

Նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ սնանկության վարույթում օրենսդիրը, նպատակ ունենալով ապահովելու ինչպես պարտատերերի շահերի պաշտպանությունը, այնպես էլ, ելնելով սնանկ ճանաչված պարտապանի շահերից, հնարավորություն տալու բարեխիղճ և պարտաճանաչ պարտապանին վերականգնելու իր բնականոն գործունեությունը, հաղթահարելու ֆինանսական դժվարությունները, վերականգնելու նրա կենսունակությունը, սահմանել է պարտատերերի կողմից պահանջների ներկայացման և դրանց հիմնավորվածության ստուգման որոշակի կառուցակարգ: Մասնավորապես` օրենսդրորեն ամրագրվել է, որ սնանկության մասին հայտարարությունից հետո մեկամսյա ժամկետում պարտատերերն իրենց պահանջները դատարան ներկայացնելիս պարտավոր են նշել այն պարտավորության մասին, որից բխում է պահանջը, դրա կատարման ժամկետը, ինչպես նաև պահանջը հիմնավորող հանգամանքները: Միաժամանակ, օրենսդիրը պարտավորեցրել է դատարանին, անկախ պահանջի (պահանջների) նկատմամբ առարկություն ներկայացված լինելուց, քննության առնել դատարան ներկայացված յուրաքանչյուր պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը, ապահովվածությունը, որից հետո միայն որոշում կայացնել պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին: Նման օրենսդրական կարգավորումն ինքնանպատակ չէ և նպատակ ունի բացառելու սնանկության վարույթում չհիմնավորված պահանջների ընդգրկումը, քանի որ այդպիսի պահանջների ընդգրկումը կհանգեցնի ինչպես այն պարտատերերի իրավունքների և օրինական շահերի խախտմանը, որոնց պահանջները հիմնավորված են, այնպես էլ` պարտապանի և նրա հիմնադիրների (մասնակիցների) իրավունքների և օրինական շահերի խախտմանը:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ներկայացված պահանջների վերջնական ցուցակը հաստատելիս դատարանները պետք է առաջին հերթին հաշվի առնեն այն հանգամանքը, որ հաստատման են ենթակա միայն այն պահանջները, որոնց առկայության և չափի վերաբերյալ ներկայացված են բավարար ապացույցներ, ընդ որում, ապացույցների բավարար լինելը գնահատողական կատեգորիա է, և յուրաքանչյուր գործով այն ենթակա է գնահատման` ելնելով կոնկրետ գործի հանգամանքներից: Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սնանկության վարույթում պահանջների վերջնական ցուցակի հաստատումը սնանկության վարույթի առանցքային փուլերից է, որի հիման վրա կատարվում է պարտատերերի գրանցված պահանջների բավարարումը։ Հատկանշական է, որ սնանկության վարույթը ևս պարտավորությունների կատարման և քաղաքացիական շրջանառությունում գույքային պատասխանատվության ապահովման հարկադրական եղանակներից է, որի շրջանակներում կատարվում է պարտատերերի պահանջների բավարարումը, իսկ սնանկության ավարտի վերաբերյալ դատական ակտով առաջանում են կոնկրետ քաղաքացիաիրավական հետևանքներ ինչպես վարույթի մասնակիցների, այնպես էլ` սնանկության վարույթում պահանջ չներկայացրած, հետևաբար մասնակից չդարձած անձանց համար: Հետևաբար, առարկությունների քննարկման արդյունքում պահանջի օրինականությունը որոշելիս դատարանները պետք է ուշադրություն դարձնեն պարտատիրոջ կողմից պահանջը հիմնավորող հանգամանքների հիմնավորվածությանը` դրանով իսկ ապահովելով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշման իրավական հիմնավորվածությունը (տե՛ս, ըստ դիմումի «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ի՝ Սարգիս Գասպարյանին սնանկ ճանաչելու մասին, թիվ ԿԴ/0033/04/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ պարտապանի սնանկության մասին հայտարարությունից հետո` մեկամսյա ժամկետում պարտատերերի կողմից դատարան ներկայացված պահանջներում, ի թիվս անհատականացնող տվյալների, պետք է նշվեն պարտավորությունը, որից բխում է պահանջը, կատարման ժամկետը, պահանջի չափը` առանձին նշելով հիմնական պարտքի, վնասների, տուժանքի (տուգանքի, տույժի) չափերը` համապատասխան հաշվարկներով, պահանջը հիմնավորող հանգամանքները, ինչպես նաև պահանջները հիմնավորող փաստաթղթերը: ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ պարտատիրոջ կողմից հաստատման ենթակա պահանջի չափը համապատասխան հաշվարկի հետ ներկայացնելու օրենսդրական պահանջն ինքնանպատակ չէ, այն հնարավորություն է տալիս ստուգելու տվյալ պահանջի հիմնավորվածությունը և օրինականությունը: Այսինքն` պարտատերը յուրաքանչյուր պահանջ ներկայացնելիս պարտավոր է այն հիմնավորել հստակ կատարված հաշվարկով (ըստ համապատասխան ժամանակահատվածների)` նշելով այն հիմքը, որից բխում է պահանջը, և ներկայացնելով դրա առկայությունը հիմնավորող ապացույցներ: Միայն նշված պայմանները պահպանված լինելու դեպքում դատարանը հնարավորություն կունենա ստուգելու պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը, ապահովվածությունը, իսկ պարտապանն ու սնանկության գործով կառավարիչը` առավել արդյունավետ կերպով իրացնելու առարկություններ ներկայացնելու իրենց իրավունքը (տե՛ս, ըստ դիմումի` Գայանե Սարգսյանի՝ Զարուհի Բարդակչյանին սնանկ ճանաչելու մասին, թիվ ԵՇԴ/0068/04/16 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.05.2019 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերոգրյալ դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված` պարտատիրոջ կողմից ներկայացվող պահանջին վերագրվող դրույթները կրում են իմպերատիվ բնույթ, ուստի պարտատիրոջ կողմից դրանք պահպանված չլինելու դեպքում օրենսդիրը սահմանել է նաև որոշակի իրավական հետևանքներ: Մասնավորապես` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2.1-րդ մասով օրենսդրի կողմից հստակեցվել է, որ նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները չպահպանելու դեպքում ներկայացված պահանջը չի դիտարկվում, որի մասին պարտատերը տեղեկացվում է ոչ ուշ, քան հաջորդ օրը: Նման կարգավորումն ուղղված է պաշտպանելու պարտապանի իրավունքներն ու շահերը պարտատերերի հնարավոր չարաշահումներից, վերջիններիս կողմից չհիմնավորված, թերի, ոչ հստակ պահանջներ ներկայացնելուց: Ընդ որում, պարտատիրոջ կողմից նշված իրավանորմում ամրագրված պահանջները պահպանելն իր հերթին նպաստում է դատարանի կողմից պահանջի օրինականության, չափի, առաջնահերթության, ապահովվածության վերաբերյալ իրավաչափ եզրակացություն կատարելուն:

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանը նախ հարկ է համարում անդրադառնալ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու 1-ին հիմքի հիմնավորվածության հարցին:

Այսպես, բողոք բերած անձը փաստարկել է, որ բողոքարկվող դատական ակտում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի՝ թիվ ԿԴ1/1302/02/13 քաղաքացիական գործով 17.05.2015 թվականին և թիվ ԿԴ/0033/04/13 քաղաքացիական գործով 02.12.2016 թվականին կայացրած որոշումներում տվյալ նորմին տրված մեկնաբանությանը:

Նշվածի վերաբերյալ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԿԴ1/1302/02/13 քաղաքացիական գործով 17.07.2015 թվականի և թիվ ԿԴ/0033/04/13 քաղաքացիական գործով 02.12.2016 թվականի որոշումներով, ըստ էության, հայտնել է հետևյալը.

1. պահանջների վերջնական ցուցակը պարտադիր է սնանկության վարույթի մասնակիցների իրավունքների ծավալը որոշելու համար,

2. դատարանը, անկախ պահանջի (պահանջների) նկատմամբ առարկություն ներկայացված լինելուց, պարտավոր է քննության առնել դատարան ներկայացված յուրաքանչյուր պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը, ապահովվածությունը, որից հետո միայն որոշում կայացնել պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին,

3. պահանջների վերջնական ցուցակը հաստատելիս դատարանները պետք է առաջին հերթին հաշվի առնեն այն հանգամանքը, որ հաստատման են ենթակա միայն այն պահանջները, որոնց առկայության և չափի վերաբերյալ ներկայացված են բավարար ապացույցներ,

4. առարկությունների քննարկման արդյունքում պահանջի օրինականությունը որոշելիս դատարանները պետք է ուշադրություն դարձնեն պարտատիրոջ կողմից պահանջը հիմնավորող հանգամանքների հիմնավորվածությանը` դրանով իսկ ապահովելով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշման իրավական հիմնավորվածությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանի վերոգրյալ դիրքորոշումներն էական նշանակություն ունեն պարտապանի իրավունքների ու շահերի պաշտպանության տեսանկյունից, քանի որ պարտատիրոջ կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածում ամրագրված պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումի քննության պարագայում դատարանն իր հերթին հնարավորություն է ունենում պահանջի օրինականության, չափի, առաջնահերթության, ապահովվածության վերաբերյալ հանգելու իրավաչափ եզրակացության:

Սույն գործով, սակայն Դատարանը, հաշվի չառնելով պարտապան Մարգարիտա Սմբատյանի առարկությունները, առանց Բանկի կողմից ներկայացված պահանջի առկայության և չափի վերաբերյալ ներկայացված բավարար ապացույցների, գրանցել է Բանկի 81.467,33 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի և 58.000 ՀՀ դրամի չափով պահանջը` որպես ապահովված պահանջ, իսկ 100.000 ՀՀ դրամը` որպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի «դ» հերթի չապահովված պահանջ, ինչն անտեսվել է նաև Վերաքննիչ դատարանի կողմից: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը գտել է, որ Բանկի հանդեպ 81.467,33 ԱՄՆ դոլարի չափով վճարային պարտավորություն ունենալու փաստը հաստատվել է Բանկի կողմից ներկայացված հաշվի քաղվածքով: Նշվածն այն դեպքում, երբ հաշվի քաղվածքում առանձին չեն հստակեցվել հիմնական պարտքի, վնասների, տուժանքի (տուգանքի, տույժի) չափերը` համապատասխան հաշվարկներով: Այսինքն` Բանկի պահանջը հիմնավորող հանգամանքները, ինչպես նաև պահանջը հիմնավորող փաստաթղթերը սույն գործով առկա չլինելու պայմաններում, միայն հաշվից քաղվածքի հիման վրա Վերաքննիչ դատարանը պահանջը համարել է օրինական, ըստ էության, գտնելով որ այդ փաստաթուղթը բավարար է Բանկի պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունն ու ապահովվածությունը հաստատված համարելու տեսանկյունից:

Արդյունքում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պահանջի չափի հիմնավորվածության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշմամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածին տրված մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի՝ թիվ ԿԴ1/1302/02/13 քաղաքացիական գործով 17.05.2015 թվականին և թիվ ԿԴ/0033/04/13 քաղաքացիական գործով 02.12.2016 թվականին կայացրած որոշումներում տվյալ նորմին տրված մեկնաբանությանը:

 

Անդրադառնալով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու երկրորդ հիմքին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Բանկը 26.10.2020 թվականին Դատարան մուտքագրված դիմումով խնդրել է իրեն ընդգրկել Մարգարիտ Սմբատյանի գործով պարտատերերի ցուցակում` գրանցելով իր՝ որպես ապահովված պահանջատիրոջ 81.467,33 ԱՄՆ դոլար և 442.273,30 ՀՀ դրամի չափով պահանջները:

Դիմումին կից Բանկը ներկայացրել է իր և Մարգարիտ Սմբատյանի ու Աշոտ Սմբատյանի միջև 17.04.2014 թվականին կնքված Վարկային քարտով չվերականգնվող սահմանաչափի տրամադրման երրորդ անձի գույքի գրավի թիվ Վ-449275-NIC354932 պայմանագիրը, Բանկի և Գայանե Սմբատյանի (երաշխավոր) և Մարգարիտ Սմբատյանի միջև 17.04.2014 թվականին կնքված Սեփականության իրավունքով պատկանող գույքով և դրամական միջոցներով երաշխավորության թիվ 348531 պայմանագիրը, Մարգարիտ Սմբատյանի թիվ 449275 Գրաֆիկով վարկային պայմանագրի 17.04.2014-03.09.2020 թվականների հաշվից քաղվածքը:

Բանկի պահանջի դեմ Մարգարիտ Սմբատյանը Դատարան է մուտքագրել առարկություն այն պատճառաբանությամբ, որ ըստ իր հաշվարկների` Բանկի նկատմամբ իր պարտավորությունները չեն գերազանցում 14.000 ԱՄՆ դոլարը, և Բանկն իր պահանջը հիմնավորող որևէ ապացույց չի ներկայացրել, իսկ քաղվածքը չի կարող հանդիսանալ պահանջը հիմնավորող ապացույց:

Դատարանը, անդրադառնալով պահանջի դեմ ներկայացված առարկություններին, 01.02.2021 թվականի որոշմամբ հաստատել է Բանկի պահանջը՝ նշելով, որ Մարգարիտ Սմբատյանը չի ներկայացրել իր առարկությունները հիմնավորող ապացույց, տվյալ դեպքում` հաշվարկ, որով կհիմնավորվեր, որ պարտապանի պարտավորությունների չափը նվազ է Բանկի ներկայացրած պահանջի չափից, ավելին` չի ներկայացրել փորձաքննություն իրականացնելու մասին միջնորդություն:

Վերաքննիչ դատարանը, բողոքարկվող որոշմամբ Դատարանի 01.02.2021 թվականի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ, պատճառաբանել է, որ Բանկի ներկայացրած ապացույցներով հիմնավորվել է, որ վարկի և գրավի պայմանագրի համաձայն` պարտավորության չվճարված գումարի չափը պարտապանի կողմից 03.09.2020 թվականի` սնանկության գործով վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կազմում է 81.467,33 ԱՄՆ դոլար: Բանկի հանդեպ 81.467,33 ԱՄՆ դոլարի չափով վճարային պարտավորություն ունենալու փաստը հաստատվել է Բանկի ներկայացրած հաշվի քաղվածքով, ինչը նշանակում է, որ Բանկն օրենքով սահմանված կարգով հիմնավորել է իր պահանջի հիմքում ընկած փաստերը: Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը նշել է, որ պարտապանը չի վիճարկել Բանկի կողմից պահանջի հիմքում դրված քաղվածքի արժանահավատությունը, ուստի Դատարանն այդ ապացույցում առկա տեղեկատվությունը կասկածի տակ դնելու հիմքեր չի ունեցել:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում թե՛ Դատարանը, թե՛ Վերաքննիչ դատարանն անտեսել են այն հանգամանքը, որ Բանկի կողմից ներկայացված հաշվի քաղվածքը չի կարող հանդիսանալ պահանջը հիմնավորող ապացույց, քանի որ այն չի համապատասխանում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված դրույթներին: Մասնավորապես, ստորադաս դատարանները հաշվի չեն առել, որ նշված հաշվի քաղվածքում առկա չեն վարկի մնացորդի, տոկոսների և տույժերի վերաբերյալ համապատասխան հաշվարկներ, ուստի նշված ապացույցի հետազոտման արդյունքում Դատարանը չէր կարող պարզել, թե ինչպես են հաշվարկվել և ձևավորվել «վարկի մնացորդը», «հաշվարկված տոկոսները», «հաշվարկված ժամկետանց գումարի տոկոսները», «ժամկետանց գումարի տույժը», «ժամկետանց տոկոսի տույժը»:

Այսինքն, դատարանները, սույն գործով Բանկի կողմից պահանջը հիմնավորող համապատասխան հաշվարկներ պարունակող ապացույցների բացակայության պայմաններում հաստատելով այն, բավարար չափով գնահատման չեն արժանացրել պահանջի օրինականությունը, որի արդյունքում թույլ են տվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների խախտում:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Բանկի կողմից ներկայացված հաշվից քաղվածքը բավարար ապացույց չի կարող հանդիսանալ պահանջի չափը հիմնավորելու տեսանկյունից, այն հստակ և որոշակի չէ, դրանում բացակայում են համապատասխան հաշվարկները պահանջի չափի վերաբերյալ, որպիսի պայմաններում Բանկի պահանջը ներկայացված հաշվից քաղվածքի հիման վրա չէր կարող գրանցվել: Ավելին` հաստատելով Բանկի պահանջը՝ դատարանները հաշվին չեն առել նաև «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2.1-րդ կետով ամրագրված օրենսդրի պահանջն այն մասին, որ նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները չպահպանելու դեպքում ներկայացված պահանջը չի դիտարկվում, որի մասին պարտատերը տեղեկացվում է ոչ ուշ, քան հաջորդ օրը:

Քննարկվող պարագայում, սակայն գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ Դատարանը տեղեկացրել է Բանկին՝ իր կողմից ներկայացված պահանջով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթները պահպանած չլինելու փաստի մասին: Նման պարագայում, Դատարանը խախտել է ոչ միայն Մարգարիտ Սմբատյանի իրավունքները, այլ նաև զրկել է Բանկին իր պահանջը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու և հետևաբար՝ իր պահանջը հիմնավորելու հնարավորությունից:

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է Վերաքննիչ դատարանի դատական ակտի բեկանման հիմք, որի անհրաժեշտությունը տվյալ դեպքում պայմանավորված է նրանով, որ Դատարանի կողմից թույլ է տրվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2.1-րդ կետի խախտում, այն է՝ Բանկի կողմից նույն օրենքի 2-րդ մասով ամրագրված պահանջները պահպանված չլինելու պայմաններում ներկայացված պահանջն ընդունել և հաստատել է այն դեպքում, երբ պահանջը պետք է չդիտարկեր և դրա մասին տեղեկացներ պարտատիրոջը ոչ ուշ, քան հաջորդ օրը: Ընդ որում, սահմանված ժամկետից հետո պահանջը հիմնավորող փաստաթղթեր ներկայացնելու դեպքում Դատարանի կողմից պետք է քննարկման առարկա դարձվեր Բանկի կողմից այդ փաստաթղթերը սահմանված ժամկետում չներկայացնելու անհնարինությունը` իրենից անկախ պատճառներով, որից հետո միայն հանգեր համապատասխան եզրակացության՝ պահանջը հաստատելու կամ մերժելու տեսանկյունից:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանների կողմից թույլ են տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի դրույթի խախտումներ, քանի որ թե՛ Դատարանը, թե՛ Վերաքննիչ դատարանը բավարար չափով չեն գնահատել գործով ձեռք բերված ապացույցները, չեն պարզել, թե որքանով է օրինաչափ հաստատված համարել Բանկի կողմից ներկայացված պահանջներն այն դեպքում, երբ դրանք չեն հիմնավորվել համապատասխան հաշվարկներով կամ այլ` համապատասխան փաստաթղթերով:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ բողոքի այլ փաստարկներին չի անդրադառնում՝ նկատի ունենալով, որ վերոգրյալն արդեն իսկ բավարար է դատական ակտը բեկանելու և հարցը նոր քննության ուղարկելու համար:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և հարցը ՀՀ սնանկության դատարան նոր քննության ուղարկելու համար:

Նոր քննությամբ, վերը նշված վերլուծությանը համապատասխան, պահպանելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների պահանջները, դատարանը, Բանկի պահանջի հարցը լուծելիս, պետք է հաշվի առնի ներկայացված առարկությամբ պարտապանի հայտնած փաստարկն այն մասին, որ ըստ իր հաշվարկների՝ Բանկի նկատմամբ իր պարտավորությունները չեն գերազանցում 14.000 ԱՄՆ դոլար գումարը, այդ մասով իրականացնի գործի նյութերի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, այն է՝ նշված գումարի համատեքստում ուսումնասիրի պահանջի հիմքում դրված փաստերը և քննարկման առարկա դարձնի պահանջի հիմնավորվածությունն ու նոր միայն հանգի համապատասխան եզրակացության:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.05.2021 թվականի որոշումը և հարցն ուղարկել ՀՀ սնանկության դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Զեկուցող

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. Հակոբյան

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական: